Mediaeducational blog

ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ`ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Оставьте комментарий


ԳԱԼԻՔԸ ՆԵՐԿԱՅՈՒՄ Է, ԲԱՅՑ ԳԱԼԻՔԸ ՆԱԵՎ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է, ԱՅԴ ՄԵՆՔ ԵՆՔ ՆՐԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ, ԵԹԵ ԱՅՆ ՎԱՏՆ Է,ՄԵՐ ՄԵՂՔՆ ԷՖՐԱՆՍ

Վասպուրական աշխարհ: Վաս` մեծ, մեծամեծ, պուր` որդի, կան` երկիր (ըստ վանեցու` քյան), այսինքն` Վասպուրական` երկիր որդվոց մեծամեծաց: Երկիր. որ իր մոտ եկողին հայ բարդիների հայերեն խշշյուն-խշշոցով է դիմավորում  ու ճանապարհում, ուս ուսի տված, շարք-շարք հպարտորեն կանգնած նաիրյան բարդիների: Իսկ ու՞ր էին հայ արագիլները… Հոգնե՞լ էին սպասումից,  թ՞ե իրենք էլ էին տարագրվել:  Ո՞վ  գիտե…Գուցե  դեռ…Հույսը (մանավանդ հայի) միշտ վերջինն է մեռնում:

Վան, Վանի Այգեստան, Խաչփողանից փողոց ու նշանավոր Միջնաբերդ: Քեզ հասնելու համար պատրաստ էինք ամեն ինչի: Քեզ մոտ գալու համար շատ ճամփաներով անցանք, մթին անդունդներ իջանք ու բարձրացանք ամենաահավոր բարձունքները, գալիս էինք ու չէինք վախենում: Հյուր էինք, հյուր,  որ շատ երկար էր սպասել հանդիպմանն այս: Ու հիմա բառերն ավելորդ էին. խոսելու բան շատ կար, բայց կանգնել ու մրցում էինք լռությամբ, իսկ հյուրընկալը` մեր հարազատ-մտերիմը, ապշած մեզ էր նայում. գժվե՞լ են, ինչ է…

Մայրամուտը, Միջնաբերդից երևացող Վանա ծովն ու մայր մտնող արևի գունդը նոր հմայք ու նոր գույներ ունեին: Տարիներ շարունակ կուտակված կարոտն էլ էր իր գույները խառնել մայրամուտի բոսորին: Ու հանկարծ արևը փոքրիկ խաղալիք-գնդակի նման շըլմփ-չըլմփոցով ընկավ ջուրն ու անհետացավ ջրերի հորձանուտում: Անոսկորը պապանձվել էր բերանում, ուրախության մի ալիք գունդ էր դարձել կոկորդում ու բացել աչքերի ակունքը:
Վանը ակնապիշ նայում էր Վարագին, ու քիք քթի տված` խոսում էին (հիմա հասկացա` ինչ է նշանակում քիք քթի տված խոսել):
Բիայնայի ծով: Հայոց ծով: Ծով Նաիրի: Վանա ծով: Հյուր էինք, հյուր, որ երկար էր սպասել այդ հանդիպմանը: Ծփում, խայտում էր, խաղաղ-հանգիստ  էր, մաքուր-մաքուր էր, անչափ կապույտ էր Վանա ծովակը: Ծփում-խայտում էր, ու լաց լինելը  ո’չ  թուլություն էր  ու ո’չ էլ   ամոթ, լաց չլինելն էր ամոթ:

Աղթամար կղզի: Սուրբ Խաչ եկեղեցի: Գագիկ Արծրունու ձեռքի հետքերը կան քո քարերի վրա, իսկ սրախողխող եղած երկսեռ սրբերդ իրենց մորթված, իրենց թախծոտ ժպիտներով հետևում են իրենց դուռը եկած բարեպաշտ ուխտավորին: Պատերիդ սրբերն էլ մեզ նման տխուր էին ու ընկճված: Ինչու՞… Ո՞վ գիտե…

Ծերացած հողը չդիմացավ ոտքերիդ տակ, և դու, Սասնա վերջի’ն քաջազուն, փակվեցիր Վանա քար կոչված այս ժայռի մեջ: Ու ժողովուրդը «Մհերի դուռ» կոչեց ժայռն այս: Ու սպասեց համբերատար, որ կգա օրը, ու կբացվեն դռներն հուսո… Կարոտի ճամփեքը բռնած մի բուռ հայեր դուռդ էին եկել, բարձր կանչեցին, քարե տանդ «մուտքին»  հասան, փորձեցին համոզել, որ դու, փրկության ու ազատության հրովարտակը ձեռքիդ, դուրս գաս. էս մեղավոր աշխարհը որ ավերվեց, էլ չի շինվի: Չէ′, դեռ ժամը չէր…

Բերկրի′, չքնա′ղ ու աննմա′ն Բերկրի: Բառեր չկային, բոլոր խոսքերն ավելորդ էին: Իրար հետ խոսելու, իրար լսելու հնար էլ չկար: Դրախտից պոկված չքնաղ մի անկյուն, ջուր ու կանաչ, կանաչ ու ջուր, ճոճվող մի կամուրջ, չորս կողմը` բարձր ժայռեր ու հայաոճ ու հայատեր մի հացատուն, քունջութով լավաշ, Վանա տառեխ ու քարերի տակից հենց ձեռքով բռնած կարմրախայտ…  Ու շառաչով թափվող ջրի աղմուկ-աղաղակ` Բերկրիի   ջրվեժ… Ի՞նչ էին պատմում հոսող ջրերդ,  քանի~ սերունդ է լսել  պատմություններդ ու պիտի էլի լսի:

Հայը ամբողջ կյանքում  կառուցել է: Կառուցել է ուրիշների համար, կառուցածը մնացել է` ի տես դարերի: Իսկ երբ իր համար է կառուցել, քանդել են ու փշրել, վերածել ավերակների:

Վարագ, Կարմրավոր, Թուխ-Մանուկ, Կարմիր վանք, Խոնարհ խաչ , Էրմերի, Սուրբ Գևորգ: Վանքեր հազարանուն ու հազարասուրբ: Հայը կախվեց ձեր փեշերից,  բայց դուք այդպես էլ չապացուցեցիք  ձեր գոյությունը, օգնության չեկաք:  Բայց հայը երբեք չփոխեց իր հավատը, աղոթեց ու վախեցավ,  վախեցավ ու աղոթեց: Մինչև ե՞րբ…
Մնացե′ք բարով, Վարագա′ սար ու Վանա′ ծով, մնա′ս բարով,Մհերի′ դուռ, Արարո′ւց  մեյդան, Վանա′ Այգեստան, զմփզմփան գետեր, կանաչ անտառներ ու ավերակված տուն ու տաճարներ, մնացե′ք բարով, իմ հա′յ բարդիներ, ոչ մի տեղ չերևացող անտե′ր շիրիմներ…
Մնացե′ք բարով  ու ներե′ք իմ սերնդին իր չգործած հանցանքի համար, հանցանք, որ կատարվեց կամա թե ականա, գիտութամբ թե անգիտությամբ… Մնացե′ք բարով…

Это слайд-шоу требует JavaScript.

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s