Mediaeducational blog

Տեսքդ մնաց աչքերիս մեջ…

Оставьте комментарий


       ՆԱ,ՈՎ ՉԻ ՀԻՇՈՒՄ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ,
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԱՅՆ ՆՈՐԻՑ ՎԵՐԱՊՐԵԼՈՒ
ՍԱՆՏԱՅԱՆԱ

ՏԵՍՔԴ ՄՆԱՑ ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ
Ոլորապտույտ ու քարքարոտ ճանապարհը ձգվում էր դաշտերի միջով: Մինչև    պետական սահմանը մնում էր մի քանի հարյուր մետր:
Մեքենան աստիճանաբար դանդաղեցրեց ընթացքն ու կանգ առավ: Մի կարմիրով երիզված ուղի~ղ-ուղի~ղ գիծ, ու… Հայաստա′ն,երկի′ր դրախտավայր: «Աստծու  ստեղծած  դրախտն էր էրգրի վրա, լա´ո. մըր էրգիր կանաչ էր, խորոտ-նխշուն էր»,-մշեցի Արմեն պապիս ձայնն էր, որ քանի օր էր` հանգիստ չէր տալիս, ձեռքս բռնած` տանում –տանում էր, ու տեղ չէինք հասնում: Արյան կանչը կարոտի ձայնով ու սրտի կանչով ճամփա էր ընկել, գնում էր` տարիներ շարունակ կուտակված պարտքը հետ տալու, տարիներ առաջ տված խոստումը կատարելու: Ներքևում` խոր ձորերում , Ախուրյանն էր, որը բաժանում էր անբաժանելին: Գետի այս ափին` սահմանից այս կողմ, Անի քաղաքն էր, ավելի ճիշտ` քաղաքի ավերակները:
ՄԵՆԱՎՈՐ ՈՒ ԱՎԵՐԱԿ ԱՆԻ…
Ավա~ղ, այսօր աշխարհի և ոչ մի քարտեզի վրա չկա անունը քո, սակայն կա, կա քո քարե մարմինը, կան քո ավերակները: Տարիներն այստեղ փորձել են լռեցնել ամեն ինչ: Թագավորանիստ Անիում այսօր մենակությունն է թագավոր, ու քո քարերն էլ հոգնել են մենակությունից: Դարեր շարունակ դու կապել ես Արևելքն ու Արևմուտքը, եղել արհեստների ու արվեստների կենտրոն, ունեցել հարյուր հազարից ավելի բնակիչ:Դու  չգիտես, թե քանի~-քանի~սն են մտքով անցել քեզ իրենցից բաժանող սահմանը, շրջել քո ավերակներում, շոշափել ու գուրգուրել քեզ: Դու չգիտես` քանի~-քանի~ հայի երազանք էր.« Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» :

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՆԻ
Այլադավան ու այլալեզու ելուզակների սուրն է մխրճվել սիրտդ, քանդել են ու ավերել, ջնջել են ու հողին հավասարեցրել ամեն ինչ, բայց վերածնվել ես վերստին, ծխացրել ծխանի ծուխը, բազմաշնորհ արհեստավորներդ  բացել են արհեստանոցներն իրենց, ու շուտով հեռավոր ճամփաներն են սկսել իրենց ոտքերի տակ մաշել քո քարավանները… Արվեստներդ վերածվել են նորից, դպրոցներում զնգացել է հայ մանչուկների «այբ-բեն»-ը հազար եկեղեցիներում հայերեն են ղողանջել զանգերդ…

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՆԻ

…Քայլում էի ու մտածում`քանի տարի հայի ոտք չի տեսել հողն այս հայկական: Մի՞թե էլ երբեք տանտիրոջ նման վստահ չի քայլելու հայն այս մաշված-տրորված արահետներով: Մի՞թե էլ պատարագ չի հնչելու Անիի Մայր տաճարի կամարների տակ,մի՞թե հարսնացող աղջկա ճերմակազգեստից ու ամաչկոտ տաք ժպիտից մի ակնթարթ չեն լուսավորվելու վառվող մոմերի թրթռոցն իրենց վրա պահող, իրենց սրտում հազար գաղտնիք թաքցնող պատերն այս: Մի՞թե միջնադարի հրաշակերտ քաղաքն այս դատապարտված է մեռնելու: Դեռ որքա~ն ժամանակ այս ավերակներին պետք է մենությունը, լռությունն ու տխրությունը թագավորեն: Թող որ ավերակ, թող որ կիսաքանդ, բայց անտեր ու անշոշափելի, անբռնելի տաճարներն ու եկեղեցիները դեռ ինչքա՞ն պիտի մնան հեռվում ու հեռու: Ինչքա՞ն նայենք անհաս մոտիկին ու այրվենք ցավից, վիրավորանքից ու անզորությունից: Խենթացնող ցավ է…

ՎՇՏԱՀԱՐ ՈՒ ՍԳԱՎՈՐ ԱՆԻ

Արյունոտ ու ջարդոտված քարեր, որոնցից կարծես արցունք է կաթում, որոնց մեջ կարծես հայոց մեծ ողբերգության էջերն են գրված: Իսկ դու զավակին կորցրած սգավոր մոր նման նայում ես ամենուր սփռված բեկորներիդ ու սպասում հարազատներիդ  «վերադարձին»: Նայում ես ու սպասում… Ո՞ւր են հազար ու մեկ եկեղեցիներդ, հոյակերտ շինություններդ, պալատներդ ու տաճարներդ…Դարավոր ցավդ կուտակվել է ավերակներիդ մեջ, ու ջարդոտված քարերից արյուն է գալիս անընդհատ, արցունք է գալիս…

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԱՆԻ…

Քանդված,բայց հպարտ …Կիսավեր, բայց հպարտ…Անտեր, բայց հպարտ…Շքեղ ու հպարտ… Այդպիսին էիր, երբ տեսա քեզ, այդպիսին ներկայացար դու ինձ, իմ հեռավո´ր ու մոտիկ հարազատ: Անհաս երազ էիր. չէի պատկերացնում, որ մի օր կշրջեմ այս փլատակներում, դողացող մատներով կշոյեմ Մայր տաճարի սյունազարդ պատերը, քանդակազարդ սյուները, կխոնարհվեմ նրա կամարների տակ, ավերակներիդ ստվերները  կփայփայեմ:
Երեկո էր, ու մայրամուտը իր ոսկեվառ ծիրանին էր փռել լքված ու միայնակ քաղաքի ավերակներին: Երեկոյան ժամերգության ժամն էր, ու թվում էր`ուր որ է` կհնչի «Սուրբ-սուրբը», աստվածային հնչյունները կջերմացնեն ծնկաչոք աղոթող ունկնդիրների հոգիները, դուրս կհորդեն, կղողանջեն օդում, կմիախառնվեն Ախուրյանի խենթացած ջրերին, ափից ափ կհոսեն, քարերին կզարկվեն, կամուրջ կդառնան կարոտի ոտնահետքերով իրենց մոտ շտապող հայորդիների համար…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s