Mediaeducational blog

ՔԵԼԵ, ԼԱՈ′, ՔԵԼԵ ԷՐԹԱՆՔ ՄԸՐ ԷՐԳԻՐ…

Оставьте комментарий


Տարոնը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է, այժմյան Մշո դաշտը, որի կենտրոնն է Մուշ…

Ճերմակաթև ամպերը չվում էին սարից սար, ձորից ձոր, իսկ մենք, կարծես գոլորշի դարձած, ընկել էինք նրանց ետևից… Չէ′, հոգնություն չկար, հետ նայելու ցանկություն էլ չկար. ճամփա ունեինք գնալու, պարտք ունեինք տալու: Տեսե՞լ եք գարնանը կակաչներով լեփ-լեցուն դաշտ: Անշուշտ, տեսել եք: Մուշն էլ նման էր դաշտում բուսած կակաչի. Քաղաքի խորհրդանիշն էլ  կակաչապատ-կակաչալեցուն-կակաչազարդ դաշտն է, կակաչն է պապերիս ծննդավայր Մուշի խորհրդանիշը: Ամեն, ամեն քարից ու պատից կակաչն էր նազում հայերեն, ոչինչ, որ բույրն անծանոթ էր, խորթ էր, օտար էր: Տարինե՞րն էին օտարացրել: Ո՞վ գիտե…

Դիմացի բարձունքներին` խմբապար ժայռերի մեջ, աչքի էր ընկնում ճյուղակոտոր մի ծառ, իսկ աջ ու ձախ օրորվում էին սիրտը սևացած կակաչները…
Հին Մուշ… Պապերիս օրրան, քանդված տուն ու օջախ: Ամեն հարկիդ տակ յոթ որդով էին սեղան նստում: Այսօր հայերեն խոսք չկար, մանկան ճիչ չկար: Քանդված, ավերակված, անչափ տխուր տներն էին միայն հիշեցնում, որ այդ ավերակներից ամեն մեկի տակ նահապետական մի շեն օջախի պատմություն կա թաղված… «Սրբությամբ էին պահում ու ցուցադրում» այստեղ ամեն ինչ: Ինչո՞ւ:  Ժպիտով, հպարտությամբ էին ցուցադրում մասունքներ` մեր պապերից մնացած: Խաչքարի բեկոր, հայի տան պատից հանված հայատառ մի ցուցատախտակ,  եկեղեցու մի հիմնաքար` դրված իրենց` օտարի տան պատին.  ինչո՞ւ, հավատո՞ւմ էին հայ աստծու ներող-մաքուր-ամենակարող ուժին, թե՞ կամենում էին քրքրել ողջ մնացածների հոգիներն ու տեսնել` ինչ գույնն ունի ցավը:
Հայ մնացած հայի խեղճ ու կրակ ու բրիշակ (ըստ Արմեն պապիս` ավերակ) տան փլատակներ, քանդված եկեղեցու նրբանախշ խոյակներ, դուք ձեր հավատը չուրացաք , այսօր էլ ժպտում եք հայավարի` տխուր, վախվորած, մեղավոր ժպիտով: Երեխաները շատ էին, ու միայն նրանց խարտյաշ գանգուրներն ու կապույտ աչուկներն էին հիշեցնում ու հուշում, որ գուցե մեր կորցրած հարազատնռրի մի կաթիլ արյունն այնուամենայնիվ հոսում է նրանց երակներում. ախր այնպես հայավարի էին ժպտում…
Տարիներ շարունակ կուտակված կարոտը թանձրացել էր, ու սիրտ մաշող մի ձայն նվում-նվնվում էր մեր երականերում: Լուռ էինք, ամեն մեկը իր մտքի հետ էր, իր պատմության հետ էր: Խոսուն, աղաղակող լռություն էր, որ ելք էր փնտրում: Ժայռերն էլ էին խոսում իրենց ժայռապինդ լեզվով, պատմում էին առաքինի մի ժողովրդի վեպ դարձաձ կյանքի պատմությունը, պատմում էին` ինչպես աղոթք ու կորուստ, արդարության որոնում ու ընդվզում, ու այդ հիշեցնում էր Մշո ամեն երդիկի տակ մեր պապերի ու մամիկների պատմած պատմությունները: Համոզվենք մեկ էլ, որ, մեկ է, ամեն հայի մեջ Դավթի ոգին կա, անխոցելի է ժողովուրդն այս ու գնալու է դարերի անմահության միջով… Մշո Սուլթան Սուրբ Կարապետ, Մշո Առաքելոց ու էլի սրբատեղիներ հազարանուն. այսօր այնքան խեղճ, այնքան գլխահակ. չէ ′ , ոչինչ մի ′ ասեք, հասկանում եմ ձեզ, չկարողացաք, տեր չեղաք ձեր զավակներին: Դուք ի՞նչ մեղք ունեք, ուղղակի հավատը մեզ շատ է խանգարել, դյուրահավատ լինելը ո ′չ մաքրություն է, ո ′չ էլ առաքինություն: Բարձր ժայռերին  բազմած` սպասում եք շարունակ, թե երբ կբացվեն դռները հուսո…Իսկ մեզ համար ձեզ տեսնելուց հետո ապրելը դժվարացավ. երբեք չտեսած հարազատ էիք, որոնց մասին լսել էինք ու դեռ չգտած`բաժանվեցինք կրկին: Լինելո՞ւ բան է.. Առաքելոց վանքի բարձունքին կարկամել էինք, բառերն ավելորդ էին, ասելու բան շատ կար, բայց համրացել ու խոսելը մոռացել էինք: Կռացանք, Խանդութակաթ ակնաղբյուրից ջուր խմեցինք: Պապիս հիշեցի, որ, ձեռքը ծնկին զարկելով, այնպես ոգևոր պատմում էր, պատմում, ու ինձ թվում էր` ինքն էլ Դավթի հետ մարտի էլ ելել, կռվել Մսրա Մելիքի դեմ, որ, գուրզը ձեռքին, որոշել էր քար չթողնել քարի վրա հայոց աշխարհում…

Մենք չգիտեինք` ինչպիսին  ես դու: «Որդի ′, մըր, էրգիր ուրիշ էր, կերթաք, կտեսնիք. յարաբ մարդ- իսան կա՞, մըր գլգլան ախպերներ կա՞ն, իմ պապերու գերեզմններ կա՞ն, մըր գեղի ժամ կանգո՞ւն ի. իմալ էնիմ, լաո′, Մուշ մշավ, Տարոն տարան, շաքար էր, մնաց շան բերան»: Պապիս ձայնը նորից ու նորից հիշեցնում էր անցած-չմոռացվածը, կարծես հնարավոր էր մոռանալը. մարդ իր սրտի տեղը ինչպե՞ս կմոռանա..

Բարձ, անտառապատ սարերի լանջերին ճերմակ  առանձնատներ են. հայի տներ են: Վերևից հետևում են քաղաքի անցուդարձին, սպասո՞ւմ են, սպասում ինչի՞ն , չէ ′, ինչո՞ւ..

Հարցեր, անպատասխան հարցեր, պատասխան չունեցող հարցեր: Ու մշուշված հայացքներով, ցավը սրտի հեռավոր անկյուներում պահած մի բուռ հայեր, շղթա կազմած, « Յարխուշտա» են պարում ` բոլորովին չզգալով  արդեն ճնշող հասակի ծանրությունը: Ոտքը թափով գետնին են զարկում, բռունցքված ձեռքերը վեր մեկնում` որպես ծառացում, բողոք ու ըմբոստացում. ո՞ւմ, ինչի՞ դեմ.  կանք . ապրում ենք . եկել ենք,գալու ենք, սիրում ենք, մենք քեզ չէինք տեսել, հիմա շատ ենք կարոտելու: Երևի ժամանակն ու տարածությունը երբեմն ոչ թե հեռացնում ու օտարացնում, այլ ավելի են մտերմացնում: Ու կրակ ու բոց են դառնում, որ այսուհետ այրեն-փոթորկեն հոգիները մեր:
Կիսաքանդ բերդեր, լքված, մահացած աղբյուրներ, կիսավեր մատուռներ, որոնց մամռակալած քարերի վրա ընթերցվում են դեռ ջարդոտված տառ ու տարեթիվ: Գյոզալդարա, Մկրագոմ ու Խմելջուր, Իշխնձոր ու Քրդագոմ, ավերակ գյուղեր, անհայ հայ գյուղեր…
Բայց հոգին, անիմանալի է մարդկային հոգին. Հիմա ի՞նչ է պատահել. գո՞հ ենք, թե՞ … Ո՞վ գիտե… գնացել էինք` մեր աչքով տեսնելու, մեր մաշկի վրա զգալու… Գնացել էինք` մեր հոգու ցավը կրկնապատկելու…
Գնացել էինք` էրգրի կորած-մոլորած արահետներով գոնե մեկ անգամ անցնելու համար…
Գնացել էինք, փնտրել-գտել էինք, ու տուն դառնալը ցանկալի էր… Գնացել էինք հրաշքների հետևից: Գտանք: Գնացել էինք մեր պապերի պատմության հետևից: Գտանք:

Գնացել էինք` նորից գնալու մտադրությամբ… Տեսնենք…

Это слайд-шоу требует JavaScript.

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s