Mediaeducational blog

Կիլիկիա

2 комментария


Տեսածը, իրական ձև ու կերպարանք առած, փոթորկեց ողջ տարին: Կասկածն ու չհասկացվածը, իրար խառնված զգացմունքները դադար չտվեցին մի ամբողջ տարի: Մեկ-մեկ թվում էր`տեսածն ուղղակի երազ է եղել, արթմնի երազ: Բայց այդքան իրական երա՞զ: Հասկանում էի, որ պապերիս գյուղի մոտ լուռ մտորումներս երդումի ուժ ու արժեք ունեին, որ ինքս ինձ խաբելու, երդմնազանց լինելու ո′չ ուժ ունեմ, ո′չ էլ իրավունք: Հետո պապիս ձայնը ականջներումս զնգաց. «Վե′ր կաց, պարտք ունես…»: Ու գաղթական պապերիս նման նորից ձեռքս առաճամփորդի ցուպն ու մի վաղ առավոտ ճամփա ընկա: Մեքենան նոր էր շարժվել, բայց անհանգստությունն արդեն ինձ իր գերին էր դարձրել. ե՞րբ ենք տեղ հասնելու: Ճամփան արդեն մոտիկ ծանոթ էր, որ հետո պիտի մտերիմ դառնար այնքան, որ տարին մեկ այցելելը հոգու կանչ, սրտի ցավ պիտի դառնար` Էրգրացավ…
…Հեռվում երկար տարիներ հետո հրաշքով գտած հարազատներ էին, որոնց գտել ու թողել էի նորից: Հազար ձեռքով, հազար ձայնով կանչում էին, իրենք էլ էին կարոտել, ու երևի դրանից էր ճամփան այդքան երկար թվում: Գիտեի` ուր եմ գնում, ում մոտ եմ գնում, ինչու: Գնում էի կիսատ թողած պարտքս հետ տալու, պապերիս անավարտ երազի հետևից էի գնում: Վիշապօձի նման ուղիղ գծված սահմանային գիծն էլ անցանք: Էլի կանաչ էր, էլի ծաղկի զգլխիչ բույր կար, պաղ աղբյուրն էլ իր տեղում էր. խմի′ր մի կում ու կսթափվես երազից: Ախր Արարչի ստեղծած աշխարհն այսքան տարբեր ինչպե՞ս կարող է լինել: Երևի երկրագնդի վրա այսքան կանաչ կանաչ ու խոտ, ծառ ու ծաղիկ չկա: Այսքան վեհ ու հպարտ, իրենց տխրությունը ամեն տարի մի փոքր էլ արմատների խորքը մղող ծառ ու ծառաստան երևի չկա: Օրն անձրևոտ էր, մռայլ: Ծանր թուխպերով պատած երկինքը սպառնում էր դեռ երկար անձրևել: Բնությունը զայրացել էր. էս ինչո՞ւ էսքան ուշացաք, մարդ իր հարազատին էսքան ուշ-ուշ կայցելի՞: Կարսը խռովկան ու նեղացած հարազատի նման դիմավորեց: Մռայլված, նեղացած, խռովկան, բայց գեղեցիկ, բայց հպարտ, հպարտության մեջ` վեհ ու առինքնող: Չարենցի տունն ավելի էր փոքրացել ու կուչ եկել: Նա էլ էր տխուր: Փուշ ու տատասկն ավելի համարձակ ու աներես էին դարձել: Մի կերպ ներս մտանք, կանգնեցինք «տան» կենտրոնում: Տանիքը մռայլ երկինքն էր, իսկ փշերը կոծոծներով փաթաթվում էին մեր շոր ու փեշին, քաշում-քաշքշում `մի′, մի′ …Ախր նույնիսկ այդ փուշն էր հարազատ:
Վաղ առավոտյան, երբ դեռ քնած էին քաղաքն ու մարդիկ, երկար թափառեցինք Կարսի փողոցներում: Վստահ, համարձակ, առանց երկյուղի. Բա մարդ իր տանը ուրիշ ինչպե՞ս պիտի պահեր: Ո՞ր վարպետի ձեռքով են շարվել այսքան տարիներ կանգուն մնացած տներն այս. Կեսը`ավերակ, կեսը` կցած-կցմցած, օտարի տուն դարձած, բայց հիմքում էլի հայ ու հայավարի: Ո՞ր վարպետի ձեռքով է նախշազարդվել խաչն այս ժանեկահյուս, քանդակվել տան ճակատին, որ հեռու պահի շառ ու փորձանքից, չար աչքից ու չարակամից: Չ′է, չպահեց, չպաշտպանեց, օգնական չեղավ իր զավակներին:
…Մասիսի փեշերով երկար գնացինք` առանց ձյունափառ գագաթը տեսնելու: Խռովկան հարսի նման թաքցրել էր դեմքը, պարուրվել ամպ ու զամպով: Անբացատրելի մի թախիծ կար, որ անբացատրելի էր, բայց հասկանալի: Նույն շնկշնկան քամին, ծաղիկների բույրն ու ջրերի շառաչը: Այս անգամ ուրիշ ուխտավոր էինք, ուխտատեղին հեռու-հեռվում էր, ճամփան երկար էր, դժվար-դժվար էր, բայց ցանկությունն ու երազանքները զորեղ ուժ էին, ու գնում էինք: Վա ′ն, չքնա ′ղ Վան, մեր հարազատ ու սիրելի, հյուրընկալ ու սրտաբաց, ալեծածան ու ժպտերես: Կա՞ ուրիշ մի չքնաղ գեղեցկություն: Չգիտեմ: Երևի կա: Բայց դու, դու ուրիշ ես: Վանա լճի ափին փոքրիկ-փոքրիկ, աշխարհից հեռու, աշխարհից մոռացված մի գյուղ` Խորգոմ` նախա-նախադարյան կենցաղով, մարդկանց վարքուբարքով. Արշիլ Գորկու ծննդավայրը: Երկու քայլի, ընդամենը երկու քայլի վրա էր Վանա լիճը, ծփում, խայտում էր երևի այնպես, ինչպես տարիներ առաջ` տաղանդավոր հայորդու մանկության տարիներին…
Հետո երկար, ոլորապտույտներով մի ճանապարհ գնաց ու գնաց, հասավ լեռան կատարին ու կանգ առավ: Ճանապարհն էլ էր ապշել-կարկամել-հիացել իր առջև փռված կուսական ու վայրի, աննկարագրելի գեղեցկությամբ: Փոքր Նեմրութի գագաթին վետվետացող հրաշք մի լիճ, որն իր պարզ ու արցունքի պես վճիտ ջրերի խորքում պահում էր շրջակա լեռների արտացոլանքը: Տեսնես հայ երիտասարդներն այստե ՞ղ են խոսք տվել ու խոսք առել իրենց սիրելիներից: Այսքա~ն բարձր, Աստծուն մոտիկ ու աստվածահաճո: Ու … վարից վեր ձգվող ճոպանուղու շինարարությունը… Հա′, էսպես հեշտ տեղ կհասնեն: Էդպես ավելի դյուրին է, ավելի արագ ու հանգիստ այնքան, ինչքան տիրանալը, սեփականացնելը, անուն փոխելն ու … տերերին «մոռանալը»: Օրն ու պահը լիքն էին զարմանքով, հասկանալի, ըմբռնելի զարմանքով: Ավերակ ու կիսաքանդ, բայց տերերի մտքի թռիչքն իրենց քարերին պահած, համառ ու կամակոր երեխայի նման երբեք պարտություն չընդունող բերդեր ու ամրոցներ: Օրերը, չէ′, տարիները չէին ընկճել ձեզ: Ձեր տերերի անսանձ ոգին կար ավերակված քարերի մեջ, ճախրանքի սովոր բնավորությունը, կառուցող վարպետների մատնահետքերը կային ձեր ճակատին:
Տիգրանակերտ, Տիգրան արքայի բերդ: Գեղեցիկ, բայց ճյուղակոտոր ծառի նման: Ու խաղողի որթատունկեր`ցավից թե′ գույնը փոխած, թե′ համը. մի տեսակ դառնահամ ու տտիպ. երևի ցավն ու վիշտն էլ այդ համն ունեն…
Դիարբեքիր, հայոց չքնա′ղ Ամիդ քաղաք: Օտար ու բազմալեզու, բարձրահարկերի ծանրությունից տնքացող հո′ղ իմ հայոց: Մեր ոչ մի հարցի պատասխանը չունեիր: Քո որդիները չկարողացան քեզ պահել, դու` Մեսրոպի ոտնահետքերը, ու դա էր պատճառը, որ մեզ ոչինչ չունեիր ցույց տալու: Մի տեսակ օտար էին դիմագծերդ, օտարներին` ոչինչ չասող, մեզ հետ` խռով ու նեղացած: Ճիշտ է ասված` միայն ԺԱՄԱՆԱԿԸ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ, ու ժամանակի դաժան շունչը սրբել-տարել էր ամեն ինչ, իմ պապերի ձեռքերի շոյանքն ու քնքշությունը չկային քո քարերին, փողոցներում, օդում օտար բույր կար, օտար շունչ կար, օտար մարդիկ: Կուզես`ճչա, կուզես` կանգնիր ամենա-ամենաբարձր սարի գագաթին ու և ի լուր այդ օտարալեզու ամբոխի` աղաղակիր սեփական պարտությունը գիտակցող, այն չընդունող, այն ոչ մի կերպ չհասկացող մարդու` հոգին բզկտող անմարդկային ցավից: Միևնույն է, քեզ լսող չկա,: Պատասխան չկա: Մեր հոգին ալեկոծող թախիծը հասկացող չկա:
Հետո տեսածից ու զգացածից կարկամած մի խումբ հայեր` կանգնած մայր Եփրատի ափին: Մարդ ուրիշների մտքերը կարդալու զորություն ունենար` կարողանար հասկանալ քո ափին տիրոջ իրավունքով կանգնած այս օտարներին: Իսկ դո՞ւ, հոսում ես հանդարտիկ ու մեղմ, ու ջրերը քո այսօր վճիտ են ու զուլալ: Ո՞ւր են որդիներդ, որոնց տարար ալիքներիդ հետ, տարար` խառնելու հավերժությա՞նը, թե՞ անհայտությանը` չգիտեմ: Լուսնյակ գիշեր էր, ու լուսինը պահ էր մտել քո գրկում: Լուսինը` միակ ականատես-վկան անցած օրերի, լուռ էր ու համր: Այսօր հոսում ես` հանդարտ, խենթացնելու չափ գեղեցիկ ալիքներ տալով: Հոսում ես, բայց, վստահ եմ, քո ափերին հին հիշատակներից ոչինչ չես գտնում ու չես էլ գտնելու: Ուրիշ խոտ ու ծաղիկ է քո ափերին, ուրիշ են ծառերը, ուրիշ ձևով են խայտում ձկները, ուրիշ ձայնով են երգում թռչունները, ու ուրիշ լուսաբացների ու մայրամուտների մասին է երգը նրանց:
Լուսնյակ գիշեր էր, ու լուսնի շողերի տակ Մեծ Նեմրութը ննջող աժդահայի էր նման, որ քուն էր մտել` հոգնած օրվա բան ու գործից: Իսկական զարմանքն ու հիացումը պիտի գային արևի շողերի հետ, ու պիտի հիանայինք երկրային այդ հրաշքով, որ մերն է և մերը չէ նաև:
Այդքան բարձր, այդքան գեղեցիկ, այդքան հայ հայոց Երվանդունի արքաների կառուցած դամբարանը` հայ աստվածների` աշխարհում ամենաբարձրը համարվող ժայռարձաններով: Տեսնես իրո՞ք այդքան հաղթամարմին են եղել աստվածներն հայոց, թե՞ նրանց քանդակել են իրենց մտքի թռիչքին ու հոգու վեհությանը համապատասխան ու պահ տվել ժամանակին: Արամազդ ու Անահիտ, Վահագն ու Աստղիկ, բարի լո′ւյս, մենք անմիջապես ճանաչեցինք ձեզ, թեպետ օտարալեզու զբոսաշրջիկների խոսքից հասկացանք, որ ձեր ազգությունն էլ են «փոխել»: Համոզվեցինք մեկ անգամ ևս, որ ուժեղի, հզորի կողքին հայը միշտ էլ քայլել է` իր պարտության, իր ցավի, իր կորուստների հետ գրկախառնված: Ու եթե երբևէ բախտ չվիճակվի տեսնել եգիպտական փարավոնների դամբարանները, տեսածը լիուլի բավական է նրանց մասին պատկերացում ունենալու համար:
Թվում էր` քայլում ենք մեծն Մաշտոցի անցած ճամփաներով: Ուրֆա-Եդեսիա: Ժամանակակից քաղաք` ժամանակի պահանջով կառուցված շինություններով: Ամեն ինչ նոր ու խիստ ժամանակակից: Ինչքան էլ փոխված է ամեն ինչ, ինչքան էլ կեղծված, մեր թափառող հայացքները արևելաշունչ բարձրահարկերի արանքում գտան խեղճ ու կրակ հայկական շինությունների ավերակներ: Նրանց շփոթել ոչ թե չի կարելի, այլ ուղղակի հնարավոր չէ. քարը լեզու կառնի, կբողոքի: Ու մենք արդեն որերորդ անգամ փորձում էինք կռահել, թե այս տներից որո՞ւմ է Մաշտոցը երկնել գրերն հայոց; Փորձում էինք` քաջ գիտենալով հարցի պատասխան չունենալը: Իսկ այս փլատակները խարան են այդ շենքերի, այդ քաղաքների, այդ մարդկանց ճակատներին, բողոք են ու ըմբոստացում, որ ի սկզբանե դատապարտված է եղել պարտության:
Ադանայում եմ. ո՞ւմ մտքով կանցներ, որ տարիներ շարունակ մխացող կարոտը, ցանկությունը իրականություն կդառնան… Ադանա, որի միայն անունն է հայ մնացել, այն էլ` օտարատառ: Անունը նույնն էր, հագուկապը, նիստուկացը ` օտար:
Եղևնիների` կիլոմետրերով ձգվող անտառներ ու Այնթափ քաղաքը, քաղաքի կենտրոնում` բերդը: Հայն ամբողջ կյանքում կառուցել է: Ու շատ է կառուցել բերդեր, ամրոցներ: Կառուցել է դարերի համար: Ու չի սխալվել: Եկել են դարերը, գնացել: Մնացել է դարերին պահ տվածը` բերդեր, ամրոցներ` իրարից տարբեր, յուրատիպ ու ամուր: Ու մի նմանություն` բոլորն էլ շատ բարձր: Երևի վերևից պիտի հսկեին քաղաքի անդորրը, հսկեին քաղաք բերող բոլոր ճանապարհները: Իրենց տերերի նման հպարտ, անառիկ, դարերի փորձություններին դիմակայելու պատրաստ բերդեր ու ամրոցներ:
Կանաչ ու անսահման անտառներ, հեռվում երևացող քերծեր, որոնք ընդմիջվում են մերթ-մերթ կարծես թշնամու սրից ընկած ծործորներով, ծառ ու ծաղկի բուրմունքից շնչահեղձ եղող ձորեր ու անտակ անդունդներ: Անդունդներ, որոնց խորքից դժվար թե երկինքը երևար: Այն շատ վերևում էր: Ու բոլորի շուրթերին անբարբառ մի հարց` եկա՞ք, հիշեցի՞ք…Ու բոլորի դեմքերին մարդու սիրտը փառավորող մի ժպիտ, անմեղ, հենց նոր քնից արթնացած մանկան մի զվարթություն: Ու դառնալեղի մի բան` կանգնած մեր կոկորդում` ծանր, տտպահամ…Մեղմ ու անուշ մի խաղաղություն ամենուրեք, անընդհատ հնչող մի մեղեդի, որ թափանցում է հոգուդ խորքը, հանգստացնում, մոռացնել տալիս ամեն ինչ ու ամենքին, ու ակամա ձուլվում ես այս բնությանը, այս ծառ ու ծաղկին, ժեռ ու քարափին, ու հասկանում ես` հասել ես մի աշխարհ, որ չի կարող ներվերդ լարել, չի կարող քեզ նեղացնել: Մի ուրիշ աշխարհ` յուրօրինակ ու ուրույն գեղեցկությամբ, հմայիչ ու գերող, անհասկանալի ու անիմանալի, հոգիդ գերող ու նվաճող, սիրելի երաժշտության չափ ցանկալի…
Չգիտեմ էլ` ինչ էինք զգում, ինչ էր դրա անունը`կարո՞տ, մխիթարությո՞ւն, թե՞ ափսոսանք: Չգիտեմ: Բա ո՞վ պիտի իմանա: Իմ ու ձեր պապերը գնացին այս աշխարհից` այդ հարցերի պատասխանը չստացած ու չիմանալով:
Պա′պ, իմ մշեցի′ պապ, բարձրացրո′ւ գլուխդ մի պահ: Իմ բա′րի, մանկան նման միամի′տ պապ, որ հանկարծ զայրույթի մի պահի ըմբոստանում էիր հանկարծ` բա չերթա՞մ, բա չտեսնի՞մ: Ա~ խ, պա′պ, պա′պ, էս ի՞նչ թողեցիր ինձ` որպես պարտք ու խոստում…

Это слайд-шоу требует JavaScript.


………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2 thoughts on “Կիլիկիա

  1. Հոգիս փոթորկեցիր, կարոտը դարձյալ գլուխ բարձրացրեց, Ել ջան, երբ ենք գնալու, տպավորություններդ էնքան թարմ են, կարծես երեկ ես վերադարձել ու սպիտակ թղթին հանձնել:

  2. Շատ հետաքրքիր նյութ էր, հաճույքով կարդացի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s