Կես դար առանց Սևակի ու … Սևակի հետ


«Արմենպրես»-ի հարցազրույցը Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի հետ, այն երջանիկներից մեկի, ով Սևակի մասին գիտի գրեթե ամեն ինչ:

Համաժողովրդական սիրո և հարգանքի արժանացած գրող

Ժամանակակիցների կողմից գնահատված ու հասկացված Սևակի արժեքն իմացել են նաև նրա կենդանության օրոք. «Այո, Սևակը գնահատված էր իր ժամանակակիցների կողմից և քիչ է միայն ասել, որ եղել է գնահատված, նա վայելել է համաժողովրդական մեծ սեր ու հարգանք»: Ավետիք Գրիգորյանի խոսքերով` հետաքրքրությունը Սևակի հանդեպ զգացվեց նրա առաջին իսկ բանաստեղծությունների տպագրումից, երբ սովետական մեծ գրաքննության պայմաններում հայտնվեց մեկը, ով հերթական գովերգիչը չէր, նա լուրջ հակազդիչ ուժ էր արդի կարգերի ժամանակաշրջանում: «Սևակը գրականություն մտավ միանգամից փակ դռներ բաբախելով, ինչպես նաև ծխնիներ արմատախիլ անելով, որոնք հին էին  ու ոչ պիտանի: Այնպիսի ժողովածուների թողարկումից հետո, ինչպիսին էին «Մարդը ափի մեջ», նրա գլուխգործոց աշխատությունը` «Անլռելի զանգակատունը», Սևակը շռնդալից հաջողություն ունեցավ, նրա ստեղծագործությունները դարձան բուռն քննարկումների առիթ: Քննարկումներ, որոնք աչքի էին ընկնում թե համաժողովրդական, թե մամուլի տեսանկյունից: «Անլռելի զանգակատուն» պոեմով Սևակը ժողովրդի կողմից ընկալվեց իր ամբողջ մեծությամբ»,- նշում է Գրիգորյանը:

Սևակը սիրված է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև այսօր, բայց այս ամենի հետ մեկտեղ կան խնդիրներ, որոնք չբարձրաձայնել անկարելի կլինի: Տուն-թանգարանի երեսնամյա գործունեության ընթացքում մեծ խոնարհումով են մարդիկ հաճախել ու հաղորդակից դարձել Սևակի առօրյային: Սակայն վերջին տարիներին, ըստ տուն-թանգարանի տնօրենի, տուրիստական գործակալությունների ծառայությունների ավելացմանը զուգընթաց` մեծ չափով նվազել է սփյուռքահայության հոսքը: Վերջինի բացատրությունը նրանում է, որ առաջարկվող վայրերի ցանկում չկան նմանատիպ հաստատություններ: Տուրիստական գործակալությունները գերադասում են զբողաշրջիկներին ցույց տալ Գառնին, Գեղարդը, Սևանա լիճն ու Նորավանքը: Այսօր թանգարանի հիմնական այցելուները դպրոցականներն են: Ավետիք Գրիգորյանը ցավով նշեց, որ վերջին տարիներին նկատվում է մշակութային արժեքների դերի անկում:

«Դե, եկ, վարդապետ, ու մի խենթացիր»…

Այն, հարցին, թե ինչ կհասցներ անել Սևակը, եթե չլիներ պատահարը, որը սերունդներին զրկեց հայ ազգի հանճարներից մեկից, տուն-թանգարանի տնօրենը նկատեց, որ դժվար է կանխատեսել նման մեծությունների կյանքը, առավել ևս Սևակինը: Բայց ցավով հավելեց, որ մեծ ողբերգություն կզգար` տեսնելով հասարակության դեգրադացիան: Պատմությունից դասեր չքաղելով` ինքն իրեն կործանման տանող ազգի ճակատագրով խիստ մտահոգ Սևակը, ցավոք, կզգար իր խոսքերի արդիականությունը` «դե, եկ, վարդապետ, ու մի խենթացի»:

Ստեղծված իրադրության փրկությունը կայանում է այնպիսի մեծությունների արժևորման մեջ, ինչպիսիք են Մաշտոցը, Նարեկացին, Թումանյանը, Իսահակյանը, Սևակն ու այլք: «Մենք` թանգարանի աշխատողներս, պետք է լինենք նշխար մատուցողը նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ սուրբ հացը: Բայց այսօր, ցավոք, շատ քչերն են, որ գիտակցաբար են ընդունում փրկությունը նշխարի տեսքով»,-նշում է Ավետիք Գրիգորյանը:

Սևակը ոչ միայն մեծ բանաստեղծ էր և է, ճշմարտության ջատագով, մտածող ու ակտիվ քաղաքացի, այո, քաղաքացի մի ժամանակաշրջանում, երբ այդպիսինը լինելու հիմքեր չկային, նա նաև անհատականություն էր, ով լուրջ գիտելիքներ ուներ ու գերազանց դրսևորում էր իրեն կյանքի ամենատարբեր բնագավառներում և դա անում պրոֆեսիոնալ ձևով: Որտեղ Սևակն էր, այնտեղ բուռն բանավեճն էր ու ճշմարտության որոնումը:

«Երևի քչերին է հայտնի, որ Սևակը վաթսունականներին մտահոգված էր արցախահայության խնդիրներով այնքան, որքան մենք ութսունականների վերջերին: Նա անգամ մտածում էր արցախահայությանը զենքով ապահովելու մասին: Սևակը հայդուկներին բնորոշ գործունեություն էր ծավալում»,-ավելացրեց թանգարանի տնօրենը:

Ով է Սևակը մեկ բառով:

Սևակին հակիրճ անհնար է ներկայացնել, բառերը քիչ են, միաժամանակ չափից ավելի, նրան նկարագրելու, նրա կողմից կատարված աշխատանքը ներկայացնելու համար: «Մի բան միանշանակ է, նա հայ ժողովրդին զգոնության մեջ պահող ուժն էր ու պետք է լինի այդպիսինը այսօր ու վաղը: Սևակը հայ մարդու կատարելատիպն է, նրա մեջ են ամփոփվում հերոսական բոլոր հատկանիշները: Նա առաջամարտիկ էր լեզվի իմացության, ազգասիրության, ակունքների գնահատման տեսանկյունից»,-ասաց Ավետիք Գրիգորյանը:

Սևակի մեծության մասին խոսել են մեծությունները: Իզուր չեն մեծ նկարչի` Մարտիրոս Սարյանի այն խոսքերը, որ Սևակը մտավորականության արմատն է: Ասել է թե` մի ամբողջ ազգի մտածողության հիմքը:

«Սիրել նշանակում է նայել նույն ուղղությամբ և այսօր առավել, քան երբևէ, անհրաժեշտ է նայել Սևակի հայացքների ուղղությամբ»,-այս խոսքերով զրույցն ավարտեց մեծ մտածողի տուն-թանգարանի տնօրենը:

Սկիզբ


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s