Mediaeducational blog

Պարույր Սևակ. հոդվածներ

Оставьте комментарий


Հովիկ Չարխչյան

Սեւակ և Ստալին

ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Ստալինյան տոտալիտար ռեժիմի պայմաններում ծնունդ առնող մշակույթը չէր կարող լինել լիարյուն, ինքնաբուխ և ճշմարտացի: 1930-50-ական թվականներին խորհրդային արվեստագետից պահանջվում էր հետամտել միայն մեկ նպատակ` շեփորել կայսրության առավելությունները, երկրի առաջնորդների ու կոմկուսի որդեգրած գծի անսխալությունը: Նրանք, ովքեր համարձակվեցին չհնազանդվել այդ թելադրանքին, հատուցեցին իրենց կյանքով: Եվ ուրեմն բռնությունների, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո կեղծ կուռքերի փառաբանումն արվեստագետների ու գրողների համար այլ բան չէր, քան գոյության իրավունքի վերջին անցաթուղթը: Այդ իսկ պատճառով էլ այսօր` տասնամյակների հեռվից, երբ փորձեր են արվում գնահատել դրանք իբրև մեղանչում սեփական խղճի և համոզմունքների առաջ, ապա նման դատավճիռները ոչ միայն արդարացի չեն, այլև պատեհապաշտական դրսևորում են` հրապարակ բերված հետին ամսաթվով: Բացառությամբ առանձին դեպքերի, երբ գործ ունենք երդվյալ ջատագովների ու հաճկատարների հետ, այդ ստեղծագործական ու գաղափարական նահանջները պետք է մակաբերվեն ոչ այլ կերպ, քան իբրև հարկադրական տուրք ժամանակի սևեռումներին ու կաղապարված պատկերացումներին: Միայն ու միայն նմանօրինակ մոտեցման համատեքստում է հնարավոր անաչառ հայացք նետել մեր մշակույթի երախտավորների ժառանգության այն հատվածի վրա, որ լույս աշխարհ եկավ հոգևոր ամլության այդ ժամանակաշրջանում:
Շատերի հետ մեկտեղ նման խոտորումներից զերծ չմնաց նաև Պարույր Սևակը: Մինչ օրս անտեսվել կամ միտումնաբար շրջանցվել են Սևակի վաղ շրջանի այն գործերը, որոնք կրում են մարտնչող սոցռեալիզմի և սխեմատիզմի կնիքը: Դրանք երբեք չեն ընդգրկվել գրողի երկերի հատորյակներում, առանձին ժողովածուներում, այդ մասին չի հիշատակվել կենսագիրների ու գրականագետների ուսումնասիրություններում: Առաջին հայացքից նույնիսկ անհավատալի պիտի թվա հենց միայն այն միտքը, որ Պարույր Սևակը կարող էր բանաստեղծություններ ձոնել Իոսիֆ Ստալինին և սիրելի կուսակցությանը: Սակայն դա անժխտելի փաստ է: Եվ այսօր դրանց մասին խոսելու անհրաժեշտությունը պայմանավորում ենք ոչ միայն անհայտ էջերը բացահայտելու ցանկությամբ, այլև այն պարզ տրամաբանությամբ, որ գրողի յուրաքանչյուր գործ նրա ստեղծագործական շղթայի մի բաղկացուցիչն է, առանց որի թերի կլինի թե տաղանդի անցած ճանապարհի և թե նրա աշխարհայացքի ձևավորման հոլովույթի ընկալումը:
Սևակի` Ստալինին ձոնված բանաստեղծություններից առաջինի գրության շարժառիթի մասին կա մի պատմություն, որը հաստատվում է ժամանակակիցների վկայություններով: 1951 թ. գրողների միության վարչության պլենումի ժամանակ այլոց շարքում քննադատական խոսքեր են հնչում նաև Պարույր Սևակի հասցեին: Բոլորն էլ հասկանում էին, թե բանաստեղծի համար ինչ հետևանք կարող էր ունենալ նման «ուշադրությունը»: Եվ ահա այդ նույն գիշեր մայրաքաղաքի Սվերդլովի փողոցում Սևակի վարձած բնակարանի դուռը թակում են: Շեմքին կանգնած էր Նաիրի Զարյանը: Նա եկել էր խորհուրդ տալու իր կրտսեր գրչընկերոջը, որպեսզի վերջինս Ստալինին նվիրված բանաստեղծություն գրի: Սևակը սկզբում կտրուկ մերժում է առաջարկը: Սակայն Զարյանը համառում է և զգուշացնում, որ հակառակ դեպքում նրան կարող են ձերբակալել: Ընտրություն չկար: Ստիպված էր գործել իր կամքին հակառակ:
Սակայն ի՞նչ գրել:
1950 թ. նոյեմբերի 29-ին` Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակի օրը Երևանում աննախադեպ հանդիսություններով տեղի էր ունեցել Ստալինի հուշարձանի բացման արարողությունը: Այն օրերի մամուլը գրել էր. «Այդ հոյակապ մոնումենտի մեջ մարմնացել է հայ ժողովրդի անհուն սերն ու անձնվիրությունը իր ազատարարին, սովետական ժողովրդի փառահեղ հաղթանակների ոգեշնչող ու կազմակերպիչ իմաստուն ընկեր Ստալինին…»: Եվ Սևակը որոշում է գրության նյութ դարձնել հենց այդ իրադարձությունը: Այդպես ծնվեց «Առաջնորդի մոնումենտը» բանաստեղծությունը:
ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄՈՆՈՒՄԵՆՏԸ

Այս հինավուրց հայտնի հողում,
Ուր Արարատն է շողշողում,
Երազանքով ու տքնությամբ բույն է հյուսել մի ժողովուրդ,
Որ սիրում է մուրճ ու մանգաղ, խոփ ու բրիչ, բահ ու գրիչ,
Որ հավատի երգ էր հյուսում իր ցավերից ու վշտերից,
Որ կերտում էր, կառուցում էր, համր քարին լեզու տալիս,
Իր հույսերին տալիս էր ձև, իր հավատին՝ ամուր խարիսխ….
Այսպես՝ դարեր նա կառուցեց, կառուցածն իր տեսավ կործան,
Նա մարտնչեց հերոսաբար, ընկավ, նորից վեր բարձրացավ,
Եվ անրջեց իր հողը սուրբ, իր ապագան փրկված տեսնել
Աղետներից, կործանումից ու ձեռքերից դաժան ու սև:
Եվ նա տեսավ: Մեծ Ռուսիայից Հոկտեմբերյան այգը ծագեց,
Ալիքվելով՝ Նոյեմբերին նա¨ այստեղ փայլատակեց:
Հզոր կամքով մեծ Լենինի, Ստալինի ձեռքով պողպատ
Իմ ժողովուրդն արյունաքամ, իմ ժողովուրդն սպիապատ
Վերածնվեց, նորից կերտեց ու կառուցեց՝ հավատացած,
Որ սյուները էլ չեն ջարդվի, կամարները չեն թափվի ցած,
Որ իր բախտի, իր գալիքի լայն կամարը հրաշալի
Խարսխված է եղբայրության սիրաշաղախ սյունաշարին,
Որ կառուցման իր սեգ ոգին ազատված է արդեն հավետ,
Որ խոյանք է նրան տալիս մի հանճարեղ ճարտարապետ,
Մի մարդ , որին պարտական է իր ներկայով և գալիքով….
Եվ ժողովուրդն իմ շինարար , բազմադարյան իր տարիքով
Երեսնամյա ջահելության իր կորովով անհատնելի,
Իր կառուցման ամբողջ ուժով, ճարտարությամբ իր մատների,
Պայծառ՝ նման իր երազին և անխորտակ՝ իր հույսի պես
Հրաշագործեց մի սեգ Քանդակ, մի Մոնումենտ չքնաղ ու վես:

Կառուցում չէ դա հասարակ՝ կերտված քարից ու շաղախից,
Մեր երազն է դարձել սեգ սյուն, մեր հավատը՝ հեղյուս ու խիճ:
Պատվանդան է դարձել նրան այն ամենը բարձր ու վսեմ,
Ինչ ժողովուրդն իմ հինավուրց պահպանել է հոգում լուսե,
Եվ արդ, ահա,երբ փրկվել է իր այսօրը և ապագան,
Մարմնավորել իր հույսերը, երազանքներն անապական,
Իբրև պալատ կամարակապ և սյունաշար գեղաքանդակ
Դարձըրել է սեգ պատվանդան, դրել նրա ոտքերի տակ:
Այդ փառահեղ պատվանդանը չորս վերելքով է բարձրացել.
Ասես նրանք չորս հարկեր չեն, այլ չորս փուլ են կացութաձև,
Որոնց վրա կանգնել է նա՝ Առաջնորդը և հայրը մեր,
Որպես կյանքի խորհրդանիշ, կոմունիզմի համբավաբեր:

Կանգնել է նա պատվանդանին ողջ հասակով, դյուցազնատիպ,
Նա, ում հայր ենք մենք անվանում, իսկ զավակները մեր՝ պապի:
Դեռ երեկ էր՝ նրա կյանքի յոթանասուն անցած տարին
Նշեց համայն հողագնդում ամեն օջախ ու ընտանիք:
Սակայն բոլոր ջահելներից դեռ ջահել է նա մնացել.
Ջահելությունը մարդկային այդ նրա մեջ է մարմնացել:
Գալիք բոլոր սերունդների կորովը կա նրա բազկում,
Ջահելության ուժն ու գինը ամենից լավ նա է զգում:
Կոմունիզմը՝ հողագնդի ջահելություն են անվանում,
Իսկ դռները կոմունիզմի նրա հուժկու ձեռքն է բանում:
Ահա ինչու՝ կանգնած է նա այնպես ջահել ու առնական,
Ազատության մարտիկի պես՝ համազգեստով զինվորական:

Գլխաբաց է: Եվ գլխարկը կարծես նոր է գլխից հանել,
Ողջունել է կարծես հենց նոր կամ ողջույններ է ընդունել:
Եվ գլխարկը ձեռքին է դեռ, դեռ չի ծածկել… ինչպես ծածկի,
Երբ ողջույն են տալիս նրան ոչ թե միայն իմ քաղաքի,
Ոչ թե միայն իմ աշխարհի բոլոր մարդիկ մոտ ու հեռու-
Ջահելները մեր խանդավառ, աղջիկները մեր թռվռուն,
Մեր հայրերը, մայրերը մեր, զավակները մեր սիրասուն:
Ջերմ ողջույն են տալիս նրան բազմագույն ու բազմալեզու
Բոլոր մարդիկ՝ հողագնդի գոտիներից անծայրածիր.
Բոլոր նրանք, որ ցանում են ու մնում են առանց հացի,
Բոլոր նրանք, որ այլևս նավերը չեն բեռնաթափում,
Իմանալով, որ հակերում արթուն մահն է սուտ մրափում.
Բոլոր նրանք՝ որդեկորույս մայրեր տանջված, քույրեր տրտում,
Կորստի ցավն իրենց հոգում, վշտի բեկորն իրենց սրտում.
Բոլոր նրանք, որ զարթնել են , թշնամու դեմ ելել ոտի-
Նեգրը, որի բախտը սև է, ավելի սև, քան իր մորթին,
Բազմաչարչար աֆրիկացին, որ Կոչի տակ խաղաղության
Թանաքոտած իր մատով է դրոշմում իր երազը թանկ.
Կորեացին, որ իր հողը իր արյունով է պաշտպանում,
Սեգ չինացին, որ կռվում է Տիբեթական լեռնաշխարհում
Եվ չինական վիթխարի տան ետնադուռն է ամուր փակում
Նրանց առաջ, որ դոլարով այդ դռներն են անվերջ թակում.
Եգիպտոսը, ուր համրացած սֆինքսներն ու բուրգերն արդեն
Քիչ է մնում առնեն լեզու և օտարին դուրս վռնդեն,
Հին Հելլադան, խեղճ Հելլադան, որտեղ հյուծված ու մերձիմահ
Զնդաններում մորթվող իրենց որդիների կյանքի համար
Հույն մայրերին լոկ մնում է մի վառ հույսով նստել գրել
Արցունքներից շաղված նամակ և ուղարկել նրան՝ Կրեմլ….
Ջերմ ողջույն են հղում նրան Չինաստանից մինչև Հռոմ.
Նորվեգական սառույցներից մինչ սառցապատ Երկիրն Հրո:
Ողջունում են նրան մարդիկ սրտով մաքուր, անապական,
Ողջունում են պատմությունը, ողջունում է ինքն ապագան…
Ահա ինչու գլխաբաց է ու գլխարկն է բռնել ձեռքին,
Կարծես ողջույն է ընդունում և ողջունում է ամենքին:

Կանգնած է նա բարձր ու վսեմ՝ համազգեստով զինվորական
Կանգնած է նա՝ գլուխը բաց, այնպես ջահել ու առնական:
Իսկ նրա շուրջ՝ ծառ ու ծաղիկ, կանաչ անտառ, զբոսարան,
Իսկ նրա շուրջ՝ աղբյուր, առու, իսկ նրա շուրջ՝ գյուղ ու ավան:
Անապատ էր երեկ այստեղ՝ ծածկված դեղին աղվամազով,
Քամու շնչից քաղաք խուժող թանձր փոշով ու ավազով:
…Ուր հասնում է միտքը նրա՝ ընդհատում է ավազն իր չուն,
Եվ սունկի պես՝ նոր ավաններ, քաղաքներ են հանկած աճում
Ահա այնպես, ինչպես հիմա, երբ Երևանը առնացի
Իր բազուկներն է փաթաթում բլուրների պարանոցին՝
Միշտ ձգտելով, տարածվելով դեպի վերև, դեպի հեռուն,
Որ այս Քանդակը բարձրանա մի օր արդեն իր կենտրոնում…
Եվ հայրական գուրգուրանքով նայում է նա Երևանին,
Պալատներին նրա շքեղ և արձանին այն անվանի:
Այնտեղ Լենինն է բարձրանում պատվանդանի վրա քարե,
Տիտանական իր կեցվածքով, լայն ճակատով իր հանճարեղ:
Նայում է նա դեպի այստեղ՝ բարձունքները Քանաքեռի,
Այստեղ է նա կարծես հառել սուր հայացքը իր աչքերի:
Նայում է նա ուղիղ այստեղ այնպես, կարծես ցույց է տալիս
Իր հանճարի ժառանգորդին, քեզ-Առաջնորդ, քեզ- Ստալին,
Մեզ- աշխարհում միակ մարդուն, ում սիրով է նա վստահել
Իր գործը մեծ, իր երկիրը և աշխարհի բախտը ջահել:

Պետք է ասել, որ «Առաջնորդի մոնումենտը» եղավ Սևակի` Ստալինին ձոնված առաջին, բայց ոչ վերջին ստեղծագործությունը: Նույն տարիներին նա մի քանի անգամներ ևս անդրադառնում է «ժողովուրդների հոր» կերպարին: Իսկ երբ 1953 թ. մարտին Ստալինը վախճանվեց, շատերի նման Սևակը ևս գրիչ վերցրեց` բանաստեղծելու խորհրդային երկրի ղեկավարի կորուստը.
ԽՈՍՔ ՎՇՏԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում,
Եվ թախիծին անսովոր մեր դեմքերից, աչքերից,
Միշտ վեր պարզված, բոցի պես ջերմացընող ու գերիչ
Դրոշներից մեր այսօր տխրություն է ցած կաթում…

Այսօր թաղում են նրան…Այսօր ամբողջ հինգ րոպե
Մեր սրտերը խոր ցավից կդադարեն տրոփել:
Կդադարեն հինգ րոպե, որ այնուհետ առանձին
Զորեղությամբ տրոփեն հանուն նրա սուրբ գործի:
Այսօր ամբողջ հինգ րոպե կդադարի և շարժում,
Եվ աշխատանք՝ իմ երկրի ամեն ծայրում ու մասում:
Կդադարի հինգ րոպե, որ այնուհետ անդադար
Մեր հաղթարշավն ընթանա մի կատարից նոր կատար:
Այսօր գուցե հինգ րոպե նենգ թշնամու կրակին
Վյետնամցին չի տալու պատասխանն իր շեշտակի:
Կորեացին հինգ րոպե զենքը կրծքին կսեղմի,
Որ դադար տա վրեժին և իր կսկիծը մեղմի:
Լոկ հինգ րոպե, որ հետո դադարի տեղ կարճատև
Թշնամական դիրքերում գնդակները ճարճատեն,
Գնդակները կռվողի վիշտը փոխեն վրեժի…
Այսօր գուցե հնդկացին անվերադարձ որոշի
Իր ճանապարհը կյանքում և իր կյանքը՝ աշխարհում-
Որ չքանա իր հողից անդրծովյան վաշխառուն:
Խեղճ, ալեզարդ հույն մայրեր…Ձեզ հասկանում եմ հիմա.
Իբրև վերջին հույս ու ճար էլ ո՞ւմ գրեք դուք նամակ,
Էլ ո՞ւմ խնդրեք մայրաբար, որ նա փրկի ձեր որդուն…

Վիշտը կծիկ է դարձել ողջ աշխարհի կոկորդում…
Բայց խոր սգի այս պահին մեր վշտի ցավը ահեղ
Իր տակ այն մեծ ու խորունկ գիտակցությունն է պահել,
Որ հանճարներ ամփոփող Դամբարանը Մոսկվայում
Սրբատեղի լինելով և այլ բան է վկայում:
Վկայում է այն մասին, որ աշխարհում բովանդակ,
Ամենուրեք, մարդկային յուրաքանչյուր կրծքի տակ
Ապրում է այն, ինչ արդեն դամբարանում չես պահի,
Ինչ անմահ է, անվախճան և ենթակա չէ մահի.
Այն, որ անունը նրա, ում թաղում ենք մենք այսօր,
Ինչպես առաջ՝ այսուհետ խոր հավատով ու հույսով
Պիտի հավետ ողողի բոլոր նրանց, ում համար
Վշտի մեջ են ու ցավի ոչ թե մեկ, այլ երկու մայր-
Մայր, որ ծնել է նրանց և հայրենիք հարազատ,
Որ գերված է, բայց մի օր պիտի լինի հար ազատ…

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում:
Նա մեր հոգում է կիտվում, ինչպես մեր սերն անհատակ,
Որ ի հեճուկս մահի միշտ կմնա թարմ ու տաք:
Նա մեր հոգում կարծրանում ու դառնում է սուրբ երդում,
— Վշտի կծիկ չթողնել ողջ աշխարհի կոկորդում…

Ստալինյան բռնատիրությունն ավարտված էր: Հաջորդեցին «ձնհալի» տարիները: Հետագայում Պարույր Սևակը պիտի գրեր, որ անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության 20-րդ համագումարը բացեց իր աչքերը: Դժվար է ասել, թե որքանով էր դա մոտ իրականությանը: Գուցե նա խտացնու՞մ էր գույները, գուցե դրանից էլ շատ առաջ էր հասկացել, թե ինչ էր կատարվում երկրում և ով էր դրա գլխավոր մեղավորը: Ամեն դեպքում 1962-ի գարնանային մի առավոտ շատերի պես Սևակն էլ տեսավ, որ այլևս չկար գոռ պատվանդանից քաղաքը հսկող հուշարձանը: Իսկ այն օրերի սփյուռքի թերթերն այսպես ավետեցին կատարվածը. «… Ստույգ աղբյուրե կիմանանք, որ Երևանի մեջ Արաբկիրի բարձունքին վրա հաստատված Ստալինին արձանը ( մեր օրերու Բահաղ չաստծո կուռքը) վերջերս վար առնված է: Ցավով կիմանանք նաև, որ տապալման գործողության ընթացքին արկածով մահացած է հայ զինվոր մը, որ Ստալինի վերջին զոհն է: Արձանը տապալելեն ետք ճմլված է հայկական հրասայլերով և կտորները նետված Զանգու գետին մեջ: Այժմ Երևան ունի «մաքուր երկինք մը»: Որու՞ն արձանը պիտի բարձրանա այդ հոյակապ բարձունքին վրա- Զորավար Անդրանիկի՞, Մեսրոպ Մաշտոցի՞, Սասունցի Դավիթի՞, Աղասի Խանջյանի՞ թե Անծանոթ Զինվորի»: («Սփյուռք», 17.5.1962 թ.):
Թափուր պատվանդանների, պսակազերծված հերոսների և հետայսու սրբագրված գալիքի սպաման արձագանքը պիտի դառնար Սևակի մեկ այլ բանաստեղծություն` գրված 1961-ի նոյեմբերին.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…

…Երեկ ես խորհրդակցեցի Իլյիչի հետ, կարծես թե կենդանի
կանգնել էր նա իմ դեմ և ասում էր. Ինձ համար տհաճ է լինել Ստալինի
կողքին, որն այնքան չարիք պատճառեց պարտիային:
(Դ. Ա. Լազուրկինայի ելույթից ՍՄԿՊ 22-րդ համագումարում):

Օրացուցային ոտանավորի ուխտյալ թշնամի՝
Ես հիմա հանկարծ իմ ձեռքը դեպի գրիչն եմ տանում:

Ըստ օրացույցի աշուն է հիմա,
Բայց գարնանային մի տաքուկ քամի
Իմ լուսամուտի օդանցքն է բանում,
Ու ես լսում եմ մի համատարած- համաերկրային
Անսահման շշուկ.
— Շնորհակալություն:

Շնորհակալություն՝ միշտ սպասելի, բայց անակնկալ
այս օրվա համար,
Այն քառակուսի պատվանդանների անխոս բերանով,
Որոնք այսուհետ չպիտի տնքան
Զույգ սապոգների ծանրության ներքո:

Շնորհակալություն՝ «հայր» բառի կողմից,
Որ յոթ հոլովով խոշտանգվում էր միշտ՝
Մակդիր դառնալով
Մեր արդար, անմեղ բազում հայրերին
Անլուր լլկողի անվանը ծանոթ.
Նաև ապշահար արևի կողմից,
Որ պարտավոր էր դառնալ ածական,
Եվ շքանշան- մի կրծքի վրա,
Ուր մարդկայինը դարձել էր կարծես սառուցյալ բևեռ-
Հալոցք չէր տալիս արևը նույնիսկ:

Շնորհակալություն՝ և մեր հավատից,
Որ վիրավորվեց, խոցվեց տարիներ,
Բայց երբեք, երբեք չմեռավ, ապրեց
Եվ պիտի հավերժ մեզ ապրեցնի:

Շնորհակալություն՝ և լեզվի լեզվից,
Այն տառապյալի,
Որ պիտի լռեր,
Ոչ, և լռելու իրավունք չուներ,
Քանզի «լռելն էլ քննադատության ձև էր» համարվում:

Շնորհակալություն՝ նաև այս բառի
«Շնորհակալության» անունից անգամ,
Որ այսքանից ետ հնչում էր անվերջ՝
Մեր խեղճ շուրթերը միշտ խարանելով…

Շնորհակալություն՝ այն վաղվա համար,
Որ խոստացված չէ, այլ ծրագրված,
Եվ որտեղ պիտի մենք հասնենք՝ արդեն
Մաքրված կեղտից,
Հնի ժանտ աղտից,
Եվ այն արյունից,
Որ սուր նշտարի կարիք չի զգում:

Դանակի նման մաշվում են նաև՝
Ու բթանում են բառերն էլ կյանքում,
Սակայն ոչ երբեք շատ գործածվելուց,
Այլ լոկ անհարկի գործի դրվելուց:

Մեր արյամբ օծված սրտերի վրա,
Որպես մի յուղված հեսանաքարի,
Սրվում է այսօր նրանցից մեկը.
— Շնորհակալություն,
Շնորհակալություն…

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ
_Սիրելի ազգակիցներ,
____Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
____Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
____Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
____Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
____Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
____Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
____Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
____Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
____Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո.

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜:

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն…

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպե՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին,
Եվ այդ աշխարհի բախտի վրայով
Խևորեն ձգված մետաղալարին
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ…

Ձյունն է վար իջնում
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ:
Իսկ ուրիշ մի տեղ
Անձրևն է կրկին
Երկինք ու երկիր մեկմեկու հինում,
Կարծես թե հսկա տավիղ է շինում,
Որի հոսանուտ լարերի վրա
Իրիկնամուտի տավղահար քամին
Մրսած մատներով
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝
Ի վերա սիրո,
Վասն խնդության,
Վասն մարդկային ոգու խենթության:

Անձրևի տեսքով,
Ձյան կերպարանքով
Այդ դու ես գալիս:
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Բայց… այնպե՛ս արի,
Որ անձրևը հորդ սրբելով տանի
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին ու մուրը հոգու,
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում,
Եվ ձյունը իջնի որոգայթների՛,
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛,
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ
Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի…

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց այսպե՛ս արի,
Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ
Դառնա վարակի սավան ու վերմակ,
Եվ որ անձրևի ջուրն աստվածային
Մարդու արյունը ջրի վերածի,
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ
Նոր հիվանդության դիվային անուն,
Որից մինչև իսկ մահն է մահանում…
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար.
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

05.I.1963թ.
Երևան

 

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Եվ ամենից դժվարը հենց հայրենի բանաստեղծական միջավայրում նկատելի դառնալն է, ազգային բանաստեղծների կողքին տեղ ունենալը, իսկ առանց դրա անկարելի է համաշխարհային ճանաչումը: Ուրեմն յուրաքանչյուր նոր բանաստեղծի հայտնություն ենթադրում է նոր խոսք ու ասելիք, նոր գեղարվեստական մտածողությամբ արտահայտված նոր բովանդակություն, որով ազգային գեղարվեստը մրցության գնա համաշխարհայինի հետ: Այլապես Նարեկացու ու Շնորհալու, Թլկուրանցու ու Քուչակի, Սայաթ-Նովայի ու Դուրյանի, Պեշիկթաշլյանի ու Սիամանթոյի, Թումանյանի ու Իսահակյանի, Մեծարենցի ու Վարուժանի, Ռ. Սևակի ու Տերյանի, Չարենցի ու Շիրազի համաստեղության մեջ տեղ ունենալը կմնար անիրականանալի երազանք:
Ո՞վ է Պարույր Սևակը որպես բանաստեղծ, ի՞նչ մնայուն արժեքներով է նա տեղ նվաճել հայ գրականության մեծերի շարքում, ինչո՞վ է նա մեր ժամանակակիցն ու հոգեհարազատը և նոր սերունդների գրական ուսուցիչը: Ահա հարցերի մի շարք, որոնց պատասխաններն է՛լ ավելի կհստակեցնեն բանաստեղծի դիմանկարը, կբացահայտեն նրա նորարարության էությունն ու ստեղծագործության գեղարվեստական արժեքը:
Նախապես ասենք, որ Պ. Սևակը գերագնահատման, առավել ևս նախորդ մեծությունների հաշվին գնահատելու կարիք չունի. ուստի չպիտի խորանանք մասնագիտական մանրամասների մեջ, այլ պիտի ջանանք հանրամատչելի ձևով բնորոշել Պարույր Սևակ երևույթը՝ ըստ նրա գեղարվեստական ու գիտական վաստակի և մեր գրականությանը մատուցած ծառայությունների:
Հայ գրողներից քչերին է վիճակվել իրենց անունով գրական դպրոց ստեղծել, ունենալ հետևորդներ ու հաջորդներ, վճռաբար ազդել սերունդների գեղարվեստական մտածողության զարգացման ընթացքի վրա և ուղղորդել այն. միջնադարում ունեցել ենք նարեկյան դպրոց, նոր ժամանակներում՝ աբովյանական, թումանյանական, տերյանական, նորագույն ժամանակներում` չարենցյան, պարույրսևակյան գրական դպրոցներ: Բոլորովին այլ խնդիր է, որ տաղանդով սրանց մոտ, նույնիսկ ոմանց գերազանցող բանաստեղծներից շատերն իրենց անունով գրական դպրոց չեն ստեղծել: Այդպիսի առանձնաշնորհ տրված է եղել միայն նրանց, ովքեր չեն գոհացել ունեցած գեղարվեստական մակարդակով և ձգտել են հայտնաբերել ու կիրառել ինքնարտահայտման նոր ձևեր ու հնարավորություններ:
Անկասկած է, որ նորագույն ժամանակներում ամենից ինքնատիպ հայ բանաստեղծներից մեկը հետևորդների մեծ բանակով իր գրական դպրոցն ստեղծած և հաջորդ սերունդների համար բնաստեղծական մտածողության նոր ուղի հարթած Պարույր Սևակն է: Եռակի մեծություն է նա. բանաստեղծ լինելով՝ միաժամանակ գիտական լուրջ արժեքներ է ստեղծել գրականության պատմության (մանավանդ՝ սայաթնովագիտության) ու տեսության և գրաքննադատության բնագավառներում, սերունդներին թողել է նաև ռուս ու եվրոպական հեղինակների երկերի բարձրորակ թարգմանություններ: Սրանք իրար բացառող բնագավառներ չեն, ընդհակառակը, սերտորեն շաղկապված են և փոխներթափանցված: Անգամ չպետք է վախենալ ասելուց, որ այն բանաստեղծություններում ու պոեմներում, ուր Սևակ տեսաբանն ու մտածողը գերազանցել են բանաստեղծին, այնտեղ տուժել է պոեզիան: Սակայն Պ. Սևակի գեղարվեստական երկերը չեն ստեղծվել առանց Սևակ տեսաբանի ու մտածողի, և վերջինս էլ՝ տեսաբանն ու մտածողը, հրաշալի գիտեր մեր գրականության արժեքը, նրա անվիճելի ուժն ու ցավալի պակասությունները, չէր հանդուրժում մանավանդ բանաստեղծական մտածողության մեջ հետամնացությունն ու արհեստավորությունը, ուստի նպատակադրված գրում էր՝ մեր գեղարվեստական խոսքի ուժն ավելի զորացնելու և պակասությունները նվազեցնելու, նորագույն ժամանակների համաշխարհային գեղարվեստական մտածողությանը համընթաց քայլելու, մեր ազգային գեղարվեստը պոեզիայում առաջավոր ժողովուրդների նվաճումների հետ մրցության տանելու ազնիվ ձգտումով: Հրաշալի գիտեր նաև բանաստեղծական խոսքի դաստիարակիչ ուժը, գիտեր, որ նոր գաղափարները, մտքերը սերունդների վրա ներգործող մեծ ազդեցություն են ունենում այն դեպքում, երբ ասվում են նախորդներից տարբեր եղանակով, գեղարվեստական պատշաճ հանդերձավորումով, պատկերավոր ու տպավորիչ:

***

Պարույր Սևակը (բուն ազգանունը՝ Ղազարյան) ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Արարատի մարզի այժմ Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի) գյուղում: Մանկությունից՝ տասնմեկ տարեկանից սկսած՝ տեղի դպրոցում սովորելիս էլ գրել է՝ իր իսկ բնութագրմամբ՝ «օրացուցային» բանաստեղծություններ (Հունվարի 1, Մարտի 8, Մայիսի 1, Նոյեմբերի 7 և այլն)՝ առանց նախապես որևէ իմաստ դնելու նրանց մեջ, անգամ դեռ 7-8-րդ դասարանների աշակերտ՝ ծրագրել էր ողջ հայոց պատմությունը «Երկիր Նաիրի» խորագրով շարադրել չափածո: Մայրը մտահոգված էր, որ իր՝ առողջության համար վտանգավորության չափ շատ կարդացող տղան դառնա գոնե «էն «Գիքորը» գրողի», այսինքն՝ Հովհ. Թումանյանի պես մարդ: Իսկ սա արդեն կողմնորոշում էր դեպի լուրջ գրականություն, և Պարույրը սկզբից էլ վստահ էր իր գրական ապագա հաջողությանը: Գյուղում չկային սովորելու նվազագույն պայմաններ. առաջին անգամ 10-րդ դասարանում էր հաջողվել հայթայթել բրեզենտե կոշիկ: «Ախար ես միջնակարգն ավարտեցի՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է աթոռ ու սեղան: — Մորս հացի տախտակն էր իմ սեղանը, պառկում էի բերանքսիվար և հացի տախտակի վրա արտագրում կամ շարադրում» (Էդ. Մեհրաբյան, Պարույր Սևակ, «Պարբերական», Երևան, 1990, էջ 75), — հետագայում խոստովանում է բանաստեղծը: Բայց սրա դիմաց կար ընթերցանության չմարող ծարավ. ոտքով գյուղից գյուղ ընկած՝ գիրք էր փնտրում, կարդում էր անկանոն, ինչ պատահի:
1930-ական թվականները խորհրդային վատագույն տարիներից էին, մանավանդ 37 թվականը, երբ պետական հատուկ ծրագրով երիտասարդ հասակում դաժանորեն ոչնչացվեցին Չարենցի ու Բակունցի նման հանճարները, գլխատվեց հայ մտավորականության ծաղիկը, և մահվան սպառնալիքով արգելվեց ազգային գաղափար ու ոգի պարունակող մեր ողջ գրականությունը: Վտանգը գիտակցող, բայց հանդուգն մարդիկ նահատակված ու արգելված գրողներին կարդում էին գաղտնի՝ խորհրդային ղեկավարների, սոցիալիզմի գաղափարախոսների գրքերի կազմերի մեջ Րաֆֆու և Պատկանյանի, Սիամանթոյի ու Վարուժանի, Չարենցի ու Բակունցի գրքերը թաքցրած: Այս պայմաններում էր բանաստեղծ դառնալու հեռանկարով խանդավառ պատանի Պարույրը կարդացել արգելված Չարենցին: Հետո նա պիտի խոստովաներ. «Գյուղում գիտեի Եղիշե Չարենցի անունը: Սուրխաթյանի դասագրքից գիտեի, որ Չարենցը հայ գրականության ողնաշարն է՝ Խանջյանի խոսքով ասած: Իսկ Սուրխաթյանի խոսքերն էլ անգիր գիտեի. «Չարենցի հորիզոնը համաշխարհն է, մոտիվները՝ միջազգային»: Ուստի շատ ցավեցի, երբ իմացա, որ Չարենցի գրքերը հանելու են գրադարանից, և «Գիրք ճանապարհի»-ի մի օրինակ գողացա գրադարանից ու տուն տարա: Մինչև լույս կարդացի գիրքը, չհավատացի ո՛չ Խանջյանին, ո՛չ Սուրխաթյանին, որովհետև Չարենցը ըստ իմ ճաշակի բանաստեղծ չէր: Հետո հասկացա, որ Չարենցն այդ ժամանակ ինձ որպես բանաստեղծ սպանել էր՝ հետո հարություն տալու թաքուն մտադրությամբ»:
1940-45 թթ. Պարույրը սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքում: Շատ բան է հասկանում այստեղ՝ հայտնվելով գրական ու գիտական միջավայրում. ուներ հմուտ ուսուցիչներ, Հրանտ Թամրազյանի, Վահագն Դավթյանի, Հրաչյա Հովհաննիսյանի նման դասընկերներ: Դասախոսություններին ու գրադարանային ընթերցումներին հաջորդում էին հաճախ մինչև լուսաբաց տևող գրական զրույցներն ու բանավեճերը:
Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1942-ին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում: Խմբագիր Ռուբեն Զարյանը, տեսնելով տաղանդավոր երիտասարդի թարմ, ինքնատիպ ու հանդուգն մտածողությունը, նրան առաջարկում է Պարույր Սևակ գրական անունն այն բարի մտադրությամբ, որ գուցե Եղեռնի ժամանակ զոհված բանաստեղծներից մեկին, ասենք Ռուբեն Սևակին, նա փոխարինի:
1945-ին գերազանցությամբ ավարտելով համալսարանը՝ Պ. Սևակն աշխատում է «Ավանգարդում», ապա և «Գրական թերթում»՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ, ընդունվում է ասպիրանտուրա՝ որոշելով լրջորեն զբաղվել հայոց հին և միջնադարյան գրականության ուսումնասիրությամբ: Սակայն շուտով ամպեր են կուտակվում նրա գլխին. կար բանտարկության լուրջ սպառնալիք, և սրտացավ մտերիմների խորհրդով նա 1951-ին տեղափոխվում է Մոսկվա, ընդունվում Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ, որն ավարտելուց հետո` մինչև 1959 թ., նույն հաստատությունում աշխատում է որպես դասախոս: Մտերմիկ զրույցների ժամանակ երբեմն իրավացիորեն պարծենում էր. «Մարդ այնքան ուժեղ պիտի լինի, որ ռուս գրողներին ու թարգմանիչներին իրենց մայրենի լեզվի՝ ռուսերենի նրբությունները սովորեցնի»:
Դժվարին էր Պ. Սևակ բանաստեղծի ինքնահաստատման ուղին: Առաջին ժողովածուն՝ «Անմահները հրամայում են» խորագրով, լույս տեսավ 1948 թ.: 1953-ին հրատարակեց կոլխոզային կյանքը պատկերող մի պոեմ՝ «Անհաշտ մտերմություն» վերնագրով, հետո՝ «Սիրո ճանապարհը» (1954) խորագրով մի գիրք: Բայց երիտասարդ բանաստեղծը մինչև 1957 թ. լույս տեսած «Նորից քեզ հետ» ժողովածուն մնում էր գրեթե աննկատ, որովհետև այդ ժամանակներում մարդկանց հետ միասին բռնադատվում էր միտքը, ազգային գաղափարախոսությունը, կաղապարվում գեղարվեստը, ավելի ճիշտ` բռնադատվում էին հենց միտք ունեցող մարդիկ, մանավանդ նրանք, ովքեր չէին տեղավորվում խորհրդային քանոնով ու կարկինով գծված սահմաններում: Իսկ Պ. Սևակը նախապատրաստվում էր ստեղծագործական մեծ թռիչքների, սակայն ապրում էր մի տեսակ ներքին հարստացման ու կուտակումների շրջան ու դեռևս բացվելու, ընթերցողի հետ անկեղծ խոսելու և իր բանաստեղծական էությունն անկաշկանդ դրսևորելու հնարավորություն չէր ստացել: «Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ՝ դիմանալու: Դիամացա, բայց ի՞նչ գնով: Իմ տասը տարվա աշխատանքը մնաց գզրոցում. իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի… Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև … հարկադիր համակերպության վրա: 50-ական թթ. սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով… աշխատում էի ձայնս փոխել…(նույն տեղում, էջ 73, ընդգծ. մերն են — Ս. Մ.):
Մեծ դահճապետի՝ Ստալինի մահից հետո մթնոլորտը փոքր-ինչ մեղմացավ. հանիրավի բռնադատվածներն ազատվեցին բանտերից ու աքսորից, անտեղի գնդակահարվածները հետմահու արդարացվեցին, մեր ժողովրդին վերադարձվեցին շուրջ 20 տարի արգելված ազգային գրական արժեքները: Եվ առաջիններից մեկը Պ. Սևակն էր, որ ազդարարեց իր գեղարվեստական մտածողության շրջադարձը և խոսեց արդեն առանց սեփական ձայնը փոխելու: Արդեն առնականացել էր բանաստեղծի ձայնը, կայացել նրա ինքնահաստատումը: Երիտասարդ, անգամ հասուն Պարույրի համար, սակայն, 1940-60-ական թթ. միակուսակցական վերին հրամայականով դեռևս կային գաղափարական պարտադրանքներ, գրեթե անհաղթահարելի դժվարություններ, որոնք բանաստեղծին հեռացնում էին այն ժողովրդից, ում համար ստեղծագործում էր ինքը: Պ. Սևակի իսկ բացատրությամբ՝ ինքն իր հետ և ժողովրդի հետ նորից անկեղծ խոսելու մղումով 1957 թ. ժողովածուն վերնագրեց «Նորից քեզ հետ»: Դրանից հետո գրեց «Մարդը ափի մեջ» շարքը, այնուհետև 1957-58 թթ. Մոսկվայում իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ գրելով «Անլռելի զանգակատուն» պոեմը: Դրանով նա հանդգնել էր իրականացնել պատմական մեծ առաքելություն:
Նախ՝ ընթերցող հանրությանը նա ինքը ներկայացավ որպես կայացած, ինքնատիպ ու հասուն բանաստեղծ՝ իր ուրույն ձայնով ու ասելիքով:
Երկրորդ՝ այդ պոեմն իր նախադեպը չուներ հենց ժանրի առումով և, որպես գեղարվեստական կառույց, շատ էր տարբեր ժանրի ավանդական ըմբռնումներից՝ գրական այդ տեսակի արտացոլման հնարավորություններն ընդլայնելու իմաստով:
Երրորդ՝ այստեղ միավորվել էին գիտնականի ու գեղագետի լայն իմացություններն ու հնարավորությունները. հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դարձան այնպիսի հենք, որի վրա հյուսվեց մեծագույն հայերից մեկի՝ «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:
Բայց դա մի թեկուզ խոշորագույն անհատի կենսագրություն չէր միայն, այլ հայության շուրջ հարյուրամյա պատմության գեղարվեստական տարեգրությունը, որը ցնցեց ժամանակի՝ Դ. Վարուժանի խոսքով ասած՝ «թմրած ողջերին» ու հարկադրեց այլ հայացքով նայել մոտիկ անցյալի ողբերգական իրադարձություններին:
Ամենուր արտասանվող այդ պոեմն իր բոցավառ էջերով դարձավ ոչ միայն Կոմիտասի կյանքի լավագույն գեղարվեստական պատումը, այլև ունեցավ վիթխարի ճանաչողական նշանակություն՝ նոր սերնդի ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունն ու հայրենասիրական ոգին արթնացնելու իմաստով: Սրան պիտի հաջորդեր եղեռնի թեման գեղարվեստորեն մարմնավորող ավելի նպատակային գործ՝ «Եռաձայն պատարագ» պոեմը, որի տպագրությունը, նաև արգելումը տեսավ եղերաբախտ բանաստեղծը:

***

Մոսկվայից Պ. Սևակը Հայաստան էր վերադարձել գիտելիքների վիթխարի պաշարով ու ստեղծագործական լուրջ ծրագրերով: Բանաստեղծի, գրականության պատմաբանի, տեսաբանի ու քննադատի կարողությունները իր մեջ համատեղող այդ հզոր անհատականությունը դարձավ նաև ժամանակի գրական կյանքի կազմակերպիչներից մեկը. Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր նա, Հայաստանի գրողների միության քարտուղարներից մեկը, ընտրվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Որպես գրաքննադատ՝ եռանդով մասնակցում էր 1960-ական թթ. գրական կյանքին՝ հանդես գալով հայ դասական ու արդի գրականության մասին բազմաթիվ ելույթներով, տեսական ու բանավիճային ծանրակշիռ հոդվածներով, որոնք այսօր էլ արդիական են: Եվ դրանց մեջ՝ մեր գրականության ապագայի մասին բացառիկ ուժով, խոր սրտացավությամբ ու ազնիվ կրքով գրված հոդվածներ՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի», «Դժվարը իրենից հասուն լինելն է», «Քննադատությունն այլևս հավելված չէ» խորագրերով: Գր. Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պետրոս Դուրյանի, Հովհ. Թումանյանի, Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Վ. Տերյանի, Եղ. Չարենցի, Ս. Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և 60-ական թթ. երիտասարդ սերնդի ստեղծագործության բնութագրման ու արժևորման մեջ անուրանալի է Պ. Սևակի կողմնորոշիչ դերը: Ավելին. հենց այդ շրջանում էլ նա հանդես եկավ բանաստեղծական մտածողության բարեփոխման իր ծրագրով ու դարձավ գրական երիտասարդության ուսուցիչն ու առաջնորդը:
Այս ամենին նա զուգակցում էր նաև գիտական-բանասիրական գործը. 1967-ին նա հրապարակային պաշտպանության ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշխատությունը՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու համար, սակայն մասնագիտական խորհուրդը, նկատի ունենալով այդ աշխատության բացառիկ արժեքը, նրան միանգամից շնորհեց բանասիրության դոկտորի գիտական աստիճան, մի բան, որ հազվադեպ երևույթ էր ողջ խորհրդային գիտական աշխարհում:
Պ. Սևակը գնալով զորեղացավ, դարձավ ժամանակի հայ իրականության կարևորագույն դեմքերից մեկը և հայ գրական մտքի գերազանցությունը, բարձրագույն մի մտավորական, որն անհանդուրժող էր հնացածության, միջակության, կիսատ-պռատության, ստի ու կեղծիքի հանդեպ: Նրա նախորդներից մեկը՝ Հովհաննես Շիրազը, գրական հզոր ընդդիմություն էր, իր սեփական օրենքներով կառավարվող մի ուրույն ազգային պետություն՝ խորհրդային պետության մեջ: Պ. Սևակը, չնայած գրական դպրոցի, ստեղծագործական սկզբունքների և գեղարվեստական մտածողության ակնհայտ տարբերություններին, կանգնեց նրա կողքին որպես ե՛ւ գրական, ե՛ւ գիտական ընդդիմություն, որն առանձին՝ հայ մարդու, հզոր քաղաքացու իր հերոսական կռիվն էր մղում պետական կեղծիքի դեմ, և պետությունը վախենում էր ե՛ւ այս բանաստեղծներից յուրաքանչյուրից առանձին-առանձին, ե՛ւ մանավանդ նրանց միավորվելուց: Ահա թե ինչու խորհրդային պետական մեքենան նրանց հակադրում ու գժտեցնում էր տարբեր պատրվակներով ու եղանակներով, որովհետև նրանց համերաշխության մեջ իր համար գաղափարական պարտության մեծ վտանգ էր տեսնում: Բայց ի պատիվ Պ. Սևակի պետք է ասել, որ նա չդարձավ պետության կամակատարը, ընդհակառակը, դարձավ հայության և հայ գրականության շահերի իրավապաշտպանը: Երբ ամենուր, անգամ պետականորեն փորձում էին վարկաբեկել Հովհաննես Շիրազին, նա ազնվորեն հրապարակավ պաշտպանում էր իր մեծ նախորդին՝ հայտարարելով, թե «նրա՛ ողնաշարի վրա է բարձրացել հետչարենցյան շրջանի մեր ամբողջ գրականությունը, բայց պետությունը նրա 50-ամյակը նշեց ամոթալի լռությամբ այն դեպքում, երբ միջակություններին փառաբանեց հատորյակների հրատարակումով ու պետական բարձրագույն պարգևներով»: Նման դառնացնող ու զայրացնող, ատելի երևույթներ շատ կային խորհրդային իրականության բոլոր ոլորտներում:
Բանաստեղծին, քաղաքացի գիտնականին զայրացնող երևույթներից մեկն էլ խորհրդային պատմագրության բացահայտ կեղծարարությունն էր և հայ ժողովրդի պատմության նենգափոխումն ու աղավաղումը հայրենի և օտար պատմաբանների կողմից: Հիմա նոր-նոր խոստովանում են, թե խորհրդային ժամանակներում գրված հայ ժողովրդի պատմությունը 70-80 %-ով պետք է վերափոխվի, որ լիարժեք ասվի ճշմարտությունը: Այս առումով ժամանակին սկզբունքային նշանակություն ունեցան Պ. Սևակի ելույթները՝ ուղղված զորավար Անդրանիկին և առհասարակ հայ ազատագրական պայքարի գնահատմանը, ինչպես նաև ոխերիմ հարևան ազերի պատմաբանների զեղծարարությունների մերկացմանը: Նաև իր մասին էր ասում բանաստեղծություններից մեկում.
Վախ են ներշնչում պետություններին
Միչև իսկ իրենց կամքին հակառակ:
Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց:
Պ. Սևակը թարգմանվել էր Խորհրդային Միության ու աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, արժանացել միջազգային ճանաչման: Վերջին շրջանում, մանավանդ «Եղիցի լույս» գրքի արգելումից հետո ապրում էր մարդկային ծանր դրամա, հոգեկան խոր ճգնաժամ, այնքան, որ 1971 թ. հունիսի 3-ին՝ մահից ընդամենը 14 օր առաջ, հրաժարվեց ԽՍՀՄ գրողների միության 5-րդ համագումարի պատգամավոր լինելուց` պատճառաբանելով, թե «մինչ այդ ես ֆիզիկապես գոյություն չեմ ունենա»: Կյանքից անժամանակ հեռանալը՝ նրա ըմբռնումով՝ դարձել էր այնքան անխուսափելի, որ բնական մահը պիտի շեղում լիներ օրինաչափությունից:
Մեծ բանաստեղծները նաև մեծ պայծառատեսներ են, ունենում են գալիքի զարմանալի, հաճախ մռայլ կանխազգացում: Այդպիսի գալիքնատես ու կանխասաց բանաստեղծներ էին Սիամանթոն ու Չարենցը, այդպիսին էր գրական ազգակցությամբ նրանց հաջորդող Պ. Սևակը: Նա թողեց շատ բան՝ բանաստեղծական ու գիտական մեծ ժառանգություն, բայց շատ բան էլ տարավ իր հետ. անավարտ թողեց «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» ուսումնասիրությունը, Նարեկացու «Մատյանի» ի՛ր թարգմանությունը գրաբարից, երազում էր ստեղծել մեր ժողովրդական «Սասնա Ծռեր» էպոսի՝ իր գեղարվեստական մշակումը…
Այսքանի մասին գոնե արտահայտվել էր:
Մնացածը՝ չգիտենք:
Դեռ 1960 թ. գրում էր.
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:
Ա՜խ, երանի՜ թե ես այնպես մեռնեմ,
Որ դու … ինձ սգաս:
Տասնյակ անգամներ նա իր ստեղծագործություններում խոսում է կանխահաս անբնական մահվան մասին, իսկ բնական մահը հնարավոր էր համարում միայն արդարությանը միամտաբար հավատալու դեպքում.
Միամիտ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարության,
Ու թվում է, թե ես պիտի
Իմ բնական մահո՜վ մեռնեմ…
Նրա կյանքն ընդհատվեց 47 տարեկան հասակում՝ ստեղծագործական ուժերի բուռն ծաղկման շրջանում՝ 1971 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած առեղծվածային ու խորհրդավոր ավտոարկածի հետևանքով: Բուն ճշմարտությունը հենց սկզբից կանխվեց ու թաքցվեց, ամեն ինչ վերագրվեց նրա վարորդական անփորձությանը: Ցավոք, այդպես գրեցին նաև նրա ընկերները (Լևոն Հախվերդյան և ուրիշներ), որոնց հավաստիացումները ներկայացվեցին որպես անհերքելի ճշմարտություններ, մինչդեռ կանխամտածված վթարային դրություն ստեղծելու և սպանություն կազմակերպելու առթիվ հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել է Մոսկվայի հրամանով: Այսօր վերացված են բոլոր փաստաթղթային հիմքերը, և մնացել են միայն ժամանակակիցների հիշողություններն ու իրար հակասող ենթադրությունները:

***

Տարածությամբ ու ժամանակով մեզ այսքան մոտ Պ. Սևակի կյանքն ուներ լեգենդային մշուշով պարուրված առեղծվածներ: Սակայն առավել ճիշտը, անգամ առեղծվածներից ավելի, անհրաժեշտ է այդ հզոր երևույթի ստեղծագործության խորունկ շերտերի մեջ ներսուզվելը, Պ. Սևակի գեղարվեստական մեծ աշխարհի հետ անմիջաբար հաղորդակցվելն ու նրան համզգալը: Իսկ այդ աշխարհում հայ կյանքի մի ողջ պատմաշրջանի խտացված պատկերն է. այնտեղ գեղագիտական նոր ծրագրերի հետ միասին առաջադրված են մեր ժողովրդի կենսակերպի, անցյալի, ներկայի ու գալիքի գրեթե բոլոր հիմնախնդիրները, և, որ նույնքան կարևոր է, դրանք ներկայացված են գերազնիվ հայի սրտացավությամբ, պարույրսևակյան ուրույն ոճով և նրան բնորոշ՝ կոփածո հստակ բանաձևումներով:
Պ. Սևակի բանաստեղծական աշխարհը քննելիս նախ անհրաժեշտ է պարզել պոեզիայի նրա ընկալումը, պատկերավորման նրա սկզբունքները և գնահատման չափանիշները. այլապես չի հասկացվի՝ ինչի՞ց էր նա դժգոհ, ո՞ւմ դեմ էր կռվում, բանաստեղծությամբ հարուստ և առատ Հայաստանում ինչո՞ւ էր ներմուծում ռուսական, եվրոպական, ամերիկյան ու մանավանդ իսպանալեզու պոեզիայի ձևերը, ինչպես Սահարայի ավազների անսահմանությունն ունեցող Աֆրիկան նույն Սահարայում շինարարության համար պիտանի ավազ է ներմուծում այլ երկրներից (այս համեմատությունը նա արել է հոդվածներից մեկում և չբավարարվելով դրանով՝ ձևակերպել է նաև չափածո), և ո՞րն է իր նորարարության էությունը: Այստեղ է, որ պիտի դիմենք իրեն՝ Պ. Սևակին՝ տեսնելու համար, թե ի՛նքն ինչպես էր գնահատում իր նախորդներին ու ժամանակակիցներին:
Պեշիկթաշլյանին նա արդարացիորեն համարում էր մեր նոր քնարերգության առաջին դասականը, Պ. Դուրյանին՝ մեր նոր քնարերգության Վահագնը, առաջին մեծը, որ միշտ լինելու է վերջինի կողքին, Սիամանթոյին անվանում էր ասպետորեն անկրկնելի բանաստեղծ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում էր, թե «բանաստեղծ ածականը քիչ է գալիս Սիամանթոյի համար, ինչպես որ Րաֆֆու համար՝ գրող մակդիրը»: Չարենցի կապակցությամբ էլ ասում էր, թե «որ տարիքում էլ մենք նրան կորցնեինք՝ մեծ բանաստեղծ կորցրած կլինեինք»: Վարուժանի առիթով նա բանաձևում էր, թե ամեն բանաստեղծ նման է մի ամրոցի, որին «հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց գրավել կարելի է միայն մեկ կողմից»:
Պ. Սևակին էլ հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց ո՞ր կողմից է հնարավոր գրավել նրա բանաստեղծական ամրոցը, պարիսպների՞ց, արդյոք, թե՞ դարպասներից. բայց չէ՞ որ դրա համար անհրաժեշտ է լավ ճանաչել այդ կառույցի ամրություններն ու թուլությունները:
Իրականության մեջ հակառակորդի ամրոցը գրավելու ելած խելամիտ զորավարն անմատչելի ամրությունների ու անխորտակելի դարպասների վրա չի հարձակվի, այլ իր ուժերը կնպատակամղի թույլ պաշտպանված կետերի վրա: Մարզաշխարհում և մանավանդ շախմատում էլ է այդպես. մրցակիցները հետախուզում են միմյանց պաշտպանական ամրությունները, հակառակորդի ճամբարում հայտնաբերում են պաշտպանական թուլություններ և գրոհում են թույլ թևի, վատ պաշտպանված զինվորների կամ ֆիգուրների վրա:
Գրականության մեջ, սակայն, գործում են ուրիշ օրինաչափություններ. գրողին հնարավոր է գրոհով նվաճել ու արժևորել նախ և առաջ նրա ուժեղ, դարակազմիկ գործերով, որոնք նրա գրական աշխարհի միջնաբերդն են և ոչ թե թույլ պարիսպները կամ օժանդակ շինությունները: Այդպես էլ Պ. Սևակը պիտի գնահատվի իր իսկական նվաճումներով, գեղարվեստական ուժ ու կշիռ ունեցող մնայուն երկերով և ոչ թե ստեղծագործական որոնումների և հասունացման ճանապարհի այն գործերով, որոնք նույնիսկ կարող են ունենալ քանակական գերազանցություն, բայց ոչ որակական: Սակայն մի ճշմարտություն էլ կա. առանց այդ երկրորդական գործերի՝ լավերը՝ արվեստի տեսակետից ուժեղ գործերը, չէին ծնվի, որովհետև նրանցով է հարթվել գրողի հասունացման ու վարպետության ճանապարհը:
Ստեղծագործական խառնվածքի և գրական հասունացման տևողության խնդիրն էլ կա: Բանաստեղծներն՝ իբրև երևույթ, ըստ Սևակի՝ պտղատու ծառերի են նման: Միանգամից, առաջին իսկ գրքով համընդհանուր ճանաչման արժանացած «վաղահաս» բանաստեղծներ կան, ինչպես Հովհ. Հովհաննիսյանն իր «Բանաստեղծություններ» գրքով, Իսահակյանն իր «Երգեր ու Վերքերով», Մեծարենցն իր «Ծիածանով» ու «Նոր տաղերով», Սիամանթոն իր «Դյուցազնորենով», Տերյանն իր «Մթնշաղի անուրջներով», Չարենցն իր 1910-ական թթ. բանաստեղծություններով ու պոեմներով, Շիրազն իր «Գարնանամուտով»: Սրանք, ինչպես Պ. Սևակն է ասում, վաղահաս բանաստեղծներ են: Կան նաև աշնանահաս ու ձմեռնուկ բանաստեղծներ, որ աստիճանաբար են հասունանում, աճում ու զորեղանում, ինչպես Թումանյանը, Վարուժանը, Պ. Սևակն ինքը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը և ուրիշներ, էլ չենք խոսում անդադար գրող և աճի միտում բնավ չդրսևորող բանաստեղծների մասին, որոնք, դժբախտաբար, բոլոր ժամանակներում և ամենուր ունեն քանակական գերազանցություն:
Պ. Սևակը հռչակվեց «Անլռելի զանգակատուն» պոեմով, որի բերած փառքն ու նրա շուրջ ծագած աղմուկը, սակայն, դյուրավ մարսելի չէր: Նա հայտնվեց գրական կյանքի և պետական աչալուրջ մարմինների ուշադրության կենտրոնում: Դրանից հետո այլևս Պ. Սևակի համար շատ էր դժվարացել Երևանում գիրք հրատարակելը, որովհետև հայրենասիրական ախտանիշներ ու ազգային մտածողություն ունեցող գրական առաջատար ուժերին՝ Հ. Շիրազին, Պ. Սևակին, հետո նաև Հր. Մաթևոսյանին (նրան էլ՝ «Ահնիձոր» հանդուգն ակնարկից հետո) առանց գլավլիտային-գրաքննչական միկրոսկոպով խուզարկելու և մկրատով խուզելու չէին հրատարակում: Այս էր պատճառը, որ ե՛ւ Պ. Սևակը, ե՛ւ Հր. Մաթևոսյանը, քանի որ Մոսկվայում ունեին լայն կապեր, իրենց գրքերը նախ այնտեղ էին հրատարակում ռուսերենով, որպեսզի երևանյան գրաքննիչներին կարողանան ասել՝ տեսե՛ք՝ ռուսները տպել են, դո՞ւք ինչու չեք տպում… Այսպես, Մոսկվայում 1959 թ. տպվելուց հետո, 1963-ին Երևանում որոշ համալրումներով լույս տեսավ «Մարդը ափի մեջ» ժողովածուն, որով հեղինակը բերում էր արվեստի նոր ըմբռնում, նոր տեսակի քնարական հերոս, բանաստեղծության մեջ դառնում էր նոր օրենսդիր՝ սահմանելով «նոր օրենք, նոր կարգ», այսինքն՝ բերում էր որակապես նոր բանաստեղծություն ու գեղագիտություն, որը այն ժամանակներից ի վեր կոչվում է պարույրսևակյան բանաստեղծական աշխարհ:
Քամին երգում է ինչ-որ եղանակ,
Որ Բեթհովենին պատիվ կբերեր:

Մութ հորիզոնին աղոտ ցայգալույս՝
Մի ռեմբրանդյան նորահայտ նկար:

Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում՝
Իր ողբերգական դրամաներով…

Իսկ մե՛նք՝ ե՛ս ու դո՛ւ… արվեստ ենք խաղում
Եվ…մի այնպիսի՜ համոզվածությամբ,
Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ…
Ահա և հեղինակի հետ նույնացած պարույրսևակյան քնարական հերոսը.
Ե՛ս, որ ինքս ինձ կարող եմ կոչել
Եկած ապագա,
Ես նաև քայլող հիշողություն եմ՝
Ապրո՜ղ պատմություն:
Թող ներվի ասել,
Որ իմ արյունը
Հենց համարյա թե նույն ծագումը ունի,
Ինչ ունի նավթը.
Հյութն ու ավիշն է բյուր սերունդների
Մարդ ու կենդանու,
Ու թե արյանս լուցկի մոտեցնես՝
Արյունս նույնպես կարող է վառվե՜լ:
Բնականաբար, ընթերցողը պիտի կենտրոնանա Պ. Սևակի ստեղծած իրական գեղարվեստական արժեքների վրա, որոնք հիմնականում «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» ժողովածուներում են ընդգրկված: Իսկ եթե նկատի ունենանք, որ վերջին գրքի բանաստեղծությունների զգալի մասը գրվել է նախորդին համարյա զուգահեռ կամ ժամանակային քիչ տարբերությամբ՝ 1960-66 թթ., ապա հասկանալի կդառնա, որ հատկապես 1957-67 թվականներն են եղել բանաստեղծի ամենից բեղմնավոր ու որակական տեսակետից ամենից արդյունավոր տարիները:
Այդ որակական կշիռն ստեղծվել էր համաշխարհային բանաստեղծության նորագույն ձևերի յուրացումով ու ազգային գեղարվեստական մտածողության հետ համադրելով: Նույնիսկ որոշ գրական մարդիկ (Նաիրի Զարյան, Աբրահամ Ալիքյան, Գուրգեն Մահարի, Հրաչյա Հովհաննիսյան և ուրիշներ) օտար, մանավանդ ռուս և իսպանալեզու պոեզիայի ձևերի չարաշահման վտանգ էին տեսնում և լրջորեն կշտամբում էին բանաստեղծին: Ավանդական բանաստեղծության սովոր ընթերցողը, սակայն, անգամ որոշ քննադատներ էլ, որոնք բանաստեղծի մահից հետո շտապեցին ներկայանալ իբրև նրա մտերիմ ընկերներ ու բարեկամներ, մի որոշ շրջան դեռևս պատրաստ չէին նրան հասկանալու և արժանավորապես գնահատելու. ոմանք «Զանգակատնից» հետո «Մարդը ափի մեջ»-ը նույնիսկ նահանջ էին համարում, մինչդեռ բոլորովին այլ կարծիքի էր հեղինակն ինքը: «Ականջդ բեր ասեմ», «Թռուցիկ երգեր», «Վերնագիրը վերջում» շարքերը, ինչպես պարզվում է հեղինակային բացատրություններից, նախապես ծրագրված են եղել որպես պոեմներ: Եվ հենց այդ շարքերն էր նա համարում բանաստեղծական հայտնություններ, մանավանդ «Վերնագիրը վերջում»-ը: Ավելին. պարզվում է նաև, որ «Ականջդ…» շարքը, իրոք, սկզբնապես նույնիսկ գրված է եղել որպես պոեմ՝ «Ինքներգություն» խորագրով, հետո դարձրել է «Մարդերգություն»՝ Ռ. Սևակից փոխառությամբ, և վերջնական տարբերակում է դարձել «Ականջդ բեր ասեմ»: Սակայն այդ պոեմները մասնատվել, առանձին բանաստեղծություններ են դարձվել՝ ընթերցողի ընդհանուր մակարդակը նկատի ունենալով և մատչելիության նկատառումներով (Պ. Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 6, Երևան, 1976, էջ 426):
«Մարդը ափի մեջ» գրքի բանաստեղծական շարքերին իր նամակներից մեկում Պ. Սևակը տալիս է հետաքրքիր մեկնաբանություն: Նա դժգոհ է ազգային-հայրենասիրական բովանդակություն ունեցող «Անլռելի զանգակատուն», «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմներով ու «Հարկ հոգեկան» շարքի բանաստեղծություններով իրեն գնահատողներից՝ դրանց համընդհանուր հաջողվածության գաղտնիքը համարելով հայկական թեման, «հայի հոգուց խոսելը», ա՛յն, որ, «միջակ ու դրանից բարձր ու ցածր ընթերցողները համագումարվում են, համաճաշակավորվում, և … Պ. Սևակը շահում է … Իսկ աշխատել միմիայն հայկական թեմայով՝ նշանակում է ոչ միայն կամովին ինքնասպան լինել, այլև ինքնասպանության տանել հենց ողջ հայկականը» (տե՛ս նույն տեղը, էջ 416-417): Իր մասին և ազգային բովանդակությամբ գեղարվեստի մասին անարդարորեն այսպես էր մտածում Պ. Սևակը, որովհետև ինքն էլ էր ձգտում Չարենցի նման ունենալ համաշխարհային հորիզոն ու լսարան: Քիչ ավելի ուշ՝ «Եղիցի լույս» գրքում, նա յուրովի է լուծում հայկական համամարդկայնության խնդիրը: Արվեստագետները, մանավանդ բանաստեղծները, նրա համոզմամբ՝ հիվանդ են մի տեսակ ճառագայթային ախտով. աշխարհում այդ ախտով հիվանդ իրական մեծությունները մերն են, մերն էլ՝ աշխարհինը.
Ճառագայթային այս ախտը բնավ նո՜ր չէ, բարեկա՛մ.
Նա նորածի՛ն չէ,
Այլ առնվազն ութ հազար և ութ հարյուր տարեկան:
Այդ ախտով էին տակավին հիվանդ
Հին հելլենացիք, հնդիկները հին:
Եվ Հոմերոսի կուրությունն իրոք այդ ախտից էր հենց:
Եվ այդ նույն ախտով գերեզման իջան
Ձե՛ր Նարեկացին, Շեքսպիրը մե՛ր,
Ու բոլո՜ր նրանք, ովքեր թոք ունեն՝
Մեր մոլորակի կիսագնդերի մեծության չափով
Կամ այնքան մեծ սիրտ,
Որ գրավում է տեղն էլ թոքերի…
… Ճառագայթային այս հիվանդությամբ տանջվում են նրա՛նք,
Լոկ նրա՛նք,
Ովքեր մենակության մեջ
Միանգամից են ողջ մարդկության հետ նստում զրույցի.
Լոկ նրա՛նք,
Ովքեր այս Երկրագնդի պտույտն զգում են կրունկո՜վ իրենց,
Եվ արմըտիքի աճումն զգում են իրենց ափերո՛վ,
Եթե մինչև իսկ իրենց ափերը պահում են օդում.
Լոկ նրա՛նք,
Որոնց չեն կարողանում ոչ մի կերպ սիրել
Բոլո՜ր դարերի արքաներն ամեն
Եվ կործանում են սրանց ո՛չ միայն աքսորով, բանտում,
Այլ նաև սրանց պալատ բերելով
Ու …սուտ սիրելով …
Պ. Սևակ բանաստեղծը պիտի լուծեր իր և ժամանակի հարաբերության խնդիրը: Չարենցյան «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր» պատգամը դեռ վաղ հասակից յուրացրած Պ. Սևակը հասունացել էր այնքան, որ առաջադրում էր իր բանաձևը «Լինել Ժամանակակից՝ չի նշանակում լինել ժամանակին կից»: Եվ իրոք, Պ. Սևակը ժամանակի գերին չէր, այլ դարին ու ժամանակին ուղի և ընթացք տվող, ժամանակից առաջ ընկած հզոր անհատականություններից մեկը, որը գեղագիտականի հետ միասին առաջադրում էր համազգային խնդիրներ:
«Անլռելի զանգակատնով» նա աշխարհին ներկայացրեց Կոմիտասին, «Եվ այր մի» պոեմով՝ Մեսրոպ Մաշտոցին, իր դոկտորական ատենախոսությամբ՝ Սայաթ-Նովային, մտադիր էր ներկայացնել նաև Նարեկացուն ու միջնադարի մյուս տաղերգուներին: Մաշտոցը և Նարեկացին հասկանալի են, բայց արտաքուստ կարող է տարօրինակ թվալ Կոմիտասի և Սայաթ-Նովայի նկատմամբ գրեթե հավասար բուռն հետաքրքրությունը: Տարօրինակ՝ զուտ այն իմաստով, որ խնդիրն առնչվում է աշուղական բանաստեղծությանն ու երաժշտությանը:
Կոմիտասյան դասականություն և սայաթնովյան աշուղականություն թվացյալ հակադրությունը ինչպե՞ս էր համատեղում ինքը՝ Պ. Սևակը: Դա իրոք թվացյալ հակադրություն էր, որովհետև բանաստեղծության մեջ հնացած աշուղականության դեմ մարտնչող Պ. Սևակը կողմնակից էր աշուղականի մեջ բանաստեղծությանը և հիացած էր Սայաթ-Նովայի՝ աշուղական ձևերի մեջ դրսևորած բանաստեղծական հանճարով: Այս պատճառով է, որ Սայաթ-Նովայի կենսագրության, մանավանդ նրա ծննդյան տարեթվի շուրջ Պ. Սևակի հետ վիճողներ եղան (թեև Լ. Դուլյան սայաթնովասերը երգչի թուրքերեն խաղերի ծածկագրերի՝ թուրքական տառերի հենց թուրքական, ո՛չ արաբական թվահամարների կիրառմամբ՝ նոր վերծանումներով հաստատում է Պ. Սևակի ճշմարտացիությունը), սակայն նրա խաղերի գեղագիտական վերլուծման ու արժևորման հետ ոչ ոք չի վիճում ու հակադրում:
«Մարդը ափի մեջ» գրքով հեղինակն ընթերցողին ներկայանում էր որպես մեծ մարդագետ՝ մարդուն առնելով ափի մեջ, այսինքն` իր համակողմանի տեսադաշտում, և իր պոետական հզոր լուսարձակով զննում ու դիտարկում էր նրան բոլոր կողմերից, բացահայտում մարդկային էության բոլոր խորշերն ու շերտերը՝ արժևորելով նրա հոգևոր էությունը, մտածողությունն ու նկարագրի հատկանիշները` սիրելն ու ատելը, կասկածելն ու մեծամտանալը, հրավիրել-ուրախանալն ու ողբալը, հիասթափվելն ու հավատալը, խոստանալն ու հպարտանալը, գժվելն ու խանդելը:
Ի՞նչ կարող էր խոստանալ խորհրդային երկրի պատացած օրենքները ճանաչող քաղաքացին.
Խոստանում եմ
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:
Ինչի՞ համար,
Էլի՝ պատը կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ:
Գեղագիտական ծրագիր ներկայացնելը և առհասարակ որպես հանդուգն, ինքնատիպ բանաստեղծ ներկայանալը համեմատաբար անվտանգ էր, թեև այստեղ էլ կային լուրջ բարդություններ՝ կապված խորհրդային կաղապարներից ու պարտադրանքներից ակնհայտ շեղումների հետ: Ավելի դժվար էր հա՛յ բանաստեղծ և մանավանդ ազգությա՛ն բանաստեղծ ներկայանալը, մեր ազգային ցավերն ու երազանքները բանաստեղծությամբ արտահայտելը: 1963 թ. լույս տեսած գրքում բանաստեղծություններ կան, որոնք կարող էին նույնիսկ այսօր գրվել ու լինել արդիական: Ահա դրանցից մեկը՝ «Մատնիչ ցանկություն» խորագրով.
Ի՞նչ դառնամ:
Դառնամ
Ոչ միայն խորունկ հանքահորերում
Օդափոխություն,
Շքանշանի գունեղ ժապավեն՝
Իմ հողը փրկող հերոսի կրծքին,
Այլ նաև դառնամ գերհզոր թևեր՝
Սիրամարգերի՜ն,
Որ երկի՜նք սուրան
Եվ ոչ թե քայլեն լոկ հողի վրա:
Ուշադրություն եմ հրավիրում բանաստեղծի բացորոշ արտահայտված երազանքի վրա. ուզում էր դառնալ շքանշանի գունեղ ժապավեն՝ իր հողը փրկող հերոսի կրծքին. այդպես մենք այսօ՛ր կարող ենք մտածել, Պ. Սևակը՝ կես դար առաջ: Իսկ «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմն ու «Հարկ հոգեկան» խորագրով շարքը, որը ներառում է նրա ազգային ոգու և մտածողության բարձրագույն և առնական դրսևորումներից մեկը` «Խոսք հավաստիքի» բանաստեղծությունը, նվիրված են Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին: Իսկ հիշյալ բանաստեղծությունը 1960-ականների սկզբին ուներ առանձնահատուկ սուր հնչողություն, ճանաչողականի հետ միասին՝ նաև քաղաքական արժեք ու կշիռ և հնչում էր որպես ազգային զարթոնքի և համայն հայության համախմբման կոչ.
Աշխարհազբոսիդ համեմատությամբ
Ես՝ մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,
Ի լրո՛ գիտեմ,
Որ քեզ ծին տված բնիկ գավառում
Կար մի մենաստան՝
«Սուրբն Կարապետ»,
Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ:
Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Սակայն անօրեն մի նոր օրենքով
Փակ է մեր առջև
Ո՛չ միայն դուռն ու գավիթը վանքի,
Այլ գավա՜ռն ամբողջ
Եվ ողջ մի երկիր,
Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա:
Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Եվ ընդդեմ այս բաց անարդարության
Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,
Բայց փակում այնպես,
Ինչպես փակում են մարդիկ մատները,
Եվ ստացվում է դրանից … բռունցք:
Իր գեղագիտական ու գաղափարական հարցադրումներով «Մարդը ափի մեջ» գիրքը գրական շրջաններում առաջ բերեց մի քանի տարի տևող բուռն բանավեճեր, ուր շոշափվում էին բանաստեղծության էության, ավանդապահության ու նորարարության, «ինչ»-ի և «ինչպես»-ի և «որպես»-ի, այսինքն՝ պոեզիայի մեջ ձևի և բովանդակության հարաբերակցության խնդիրները:
Հենց այդ բանավեճերի թոհուբոհի մեջ էլ ծնվեց Պ. Սևակի վերջին՝ «Եղիցի լույս» ժողովածուի բանաստեղծությունների զգալի մասը, ժողովածու, որը տպագրվեց 1969-ին, բայց ունեցավ ճիշտ ու ճիշտ Չարենցի վերջին մատյանի՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուի ճակատագիրը: Չարամիտ զրպարտիչների մի հնգյակի հրահրմամբ՝ այն տպարանից ուղարկվեց ոչ թե ընթերցողին, այլ արգելվեց ու վերցվեց կալանքի և մի քանի բանաստեղծությունների հանում-հոշոտում-կրճատումով լույս տեսավ 1971-ին՝ հեղինակի եղերական մահից հետո:
«Եղիցի լույսը» ստեղծագործական մեծ խիզախում էր, պոեզիայի պարույրսևակյան տեսական ըմբռնումների գործնականը, ուր դրսևորվում էին նրա պատկերավոր մտածողության բոլոր էական ու կարևոր առանձնահատկությունները՝ զգացմունքով շաղախված մտքի ուժգնությունը, դարի արատների՝ խավարի և անորոշության դեմ ազնիվ ու մոլեգին կռիվը, լույսի հաղթանակով մութը հերքելու նարեկացիական ձգտումը, մեր ժողովրդի մարդկային արժանապատվության ու ազգային պահանջատիրության բանաստեղծականացումը:

***

Հայաստանի գրականագետներից ոմանք առաջներում բանաստեղծներին բաժանում էին երկու խմբի՝ հուզական և դատողական, և Պ. Սևակին էլ դասում էին դատողական բանաստեղծների շարքը: Արհեստական ու բռնազբոսիկ այս բաժանումը Պ. Սևակի համար ոչ միայն ընդունելի չէր, այլև վրդովեցուցիչ էր, որովհետև նա իր բանաստեղծությամբ մարտահրավեր էր նետել հենց կեղծ հուզականությանն ու հեքիաթա-նաղլականությանը: Նամակի նման՝ ավելորդ մանրամասնություններ պարունակող բանաստեղծությունը նոր ժամանակներում նա համարում էր հնացած, իսկ «նոր» բանաստեղծությունը, նրա համոզմամբ, իր բնույթով պիտի լիներ հեռագրի նման, այսինքն՝ ավելորդություններից զերծ, կարճ ու դիպուկ, կես խոսքից հասկանալի: Բայց սրա հետ միասին առաջադրում էր նաև սիմֆոնիզմի կամ համանվագայնության խնդիրը, որով պիտի չեզոքանային միագիծ պարզունակությունն ու կենսական աղքատությունը, ասելիքը բխեր կյանքից ու նրա բանաստեղծական ընկալումից, իսկ բանաստեղծական պատկերը լիներ ընդգրկուն ու բազմաշերտ, խելքը չբացարձակացվեր ու չվերածվեր տրամախոսության ու ճառաբանության: Այսպես պիտի իրականացվեր առօրեականի, անբանաստեղծականի պոետականացման, մտքի և հույզի ներդաշնակ պատկերման ծրագիրը: Իրեն միայն «դատողական» բանաստեղծ համարողներին նա հակադրվում էր՝ իր մի բանաստեղծությունը վկայակոչելով.
Ես հոգնել եմ, այո՛,
Ես աչքերս եմ փակում:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել.
Այդ ապրե՞լ է կոչվում, ի՜նչ իմանամ…
Սա դատողական հո՞ւյզ է, թե՞ հուզական դատողություն. այստեղ մտքի՞ գերակշռությանն է զգալի, թե՞ զգացմունքի. որակումը չէ կարևորը, այլ այն, որ իրականում ճիշտ այդպես էր ապրում խորհրդային ժամանակների մարդը՝ ենթարկվելով մարմնի տարբեր մասերը բեմի ետևից ձգող անտեսանելի թելերի ամենազոր իշխանությանը, և արդարացի էր բանաստեղծի զայրույթը. «Սա՞ է դատողական… Բա դա քննադա՞տ է, չի էլ պատկերացնում, թե էս խեղճ Պարույր Սևակը ինչքա՜ն տառապած պիտի լինի այսպիսի տողեր գրելու համար…»:
Ավելին. հանուն ազգային օրախնդիր հարցերը բացախոսությամբ հնչեցնելու՝ երբեմն իր «կոշկի հետ խոսող», անգամ կամավոր խեղկատակի ու ծաղրածուի դեր ստանձնած դյուրավառ արյամբ բանաստեղծը, որն իրեն անվանում էր «եկած ապագա, վառվող արյուն, ապրող հիշողություն կամ քայլող պատմություն», «Եղիցի լույս» գրքում ոչ միայն մեր ազգային ցավն էր բանաստեղծում «սարքովի ճշմարտության» փոխարեն, այլև խորհրդային կայսերապետության մեջ ապրող բոլոր ժողովուրդների ու համայն աշխարհի մարդկության ցավը: Նրա կռիվը գերտերությունների դեմ էր, մանավանդ խորհրդային գերտերության: Այն պետությունը և մանավանդ այն ժամանակը, որի մեջ ապրում և ստեղծագործում էր Պ. Սևակը, ընդամենը մեկ տասնամյակ հետո նույն այդ պետության ղեկավարների կողմից պիտի կոչվեր «լճացման դարաշրջան», և նրանք էլ պիտի վճռական միջոցներ ձեռնարկեին վերակառուցման՝ պերեստրոյկայի համար, իսկ այդ միջոցների գործադրումն էլ ի վերջո հանգեցրեց կայսերապետության ջլատմանն ու վերջնական փլուզմանը:
Իսկ բանաստեղծն ավելի շուտ՝ տասնամյակներ առաջ էր զգացել ու նկատել փլուզման գործընթացը, անգամ գիտեր դրա ողջ պատճառահետևանքային համակարգը, ուստի ահազանգում — զգուշացնում էր վերևից ներքև ու ներքևից վերև: Երկնքում չկան աստվածներ, իսկ երկրի վրա բազմած հողեղեն աստվածները, որ խորհրդային ղեկավարներն էին, մարդկանց հոգիներում ոտնագնդակ էին խաղում ու նրանց կոկորդում թխմվել էին իբրև խորխ, որից շուտափույթ ազատվել էր պետք շնչել կարողանալու համար: Այս իրավիճակից փրկվելն անկարելի էր դարձել, որովհետև այդ հողեղեն աստվածները դարձել էին անտանելի մի բեռ՝ ուղտի համբերությամբ դիմացող այն ժողովրդի ուսերին, որը, համբերության բոլոր պաշարները սպառած, հասել էր բեռը թոթափելու գիտակցության: Հենց այդ բեռ-աստվածներն էլ հյուսել էին համառորեն չպատռվող այն ցանցը, որի մեջ թպրտում էր իրավազուրկ ու հպատակ մարդն ու մարդկությունը.
Եվ մեր լեզվից կախ են տվել կեռերով
Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ…
Պատկերն ավելի ըմբռնելի կդառնա, եթե հիշենք, որ «Եղիցի լույսը» լույս էր տեսնում համայնավարների կուռքի 100-ամյակի տոնակատարության օրերին, իսկ Ռուսաստանում թեև այժմ արդեն մերկացրել ու բացահայտել են երկիրը քանդող այդ օտարերկրյա գործակալի իրական դեմքն ու էությունը, բայց մինչև օրս էլ վիճում են, թե ինչ անեն Կրեմլի հարևանությամբ կառուցված դամբարանում պահվող անթաղ դիակը, որ կեռերեվ կախված էր խորհրդային մարդկանց լեզվից: Նույն Կրեմլից էին տարածվում խորհրդային երկիրը կառավարող բոլոր հրահանգները, նրա պալատներում էին հնչում մեդալներն ու շքանշանները իրենց կրծքերի վրա տողադարձած ապրող կուռքերի ու քաղաքական դիակների համագումարային ճառերը: Իսկ այս ճշմարտությունն իրոք անկարելի էր ասել բաց տեքստով, ուստի բանաստեղծը, որ իրեն նաև Աստծու քարտուղար էր համարում, դեռ հին աշխարհից հայտնի խոսքի այն եղանակն էր ընտրել, որով ծաղրածուներն ու խեղկատակներն էին ճշմարտությունն ասում արքաների երեսին.
— Որտե՞ղ են ապրում քամիները:
— Պալատների մեջ:
Եվ, անշո՛ւշտ, մեր ռունգներում:

— Որտե՞ղ է մեռնում լռությունը:
— Քարոզների մեջ:
Եվ բռնադատված մեր իսկ ունկերում:

— Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք:
— Մեր հին թշնամու եղունգների տակ,
Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում:
— Որտե՞ղ են մեռնում բոլոր կուռքերը:
— Ծափ ու ծնծղայի ծանրության ներքո,
Նաև խունկերում:

— Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:
— Ո՛չ մեր գանգում,
Այլ մեր վերքերո՜ւմ:

— Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը:
— Մե՛ր,
Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում…
«Մարդը ափի մեջ» ժողովածուի զննումներն ու բացահայտումներն ավելի էին ուժգնացել «Եղիցի լույս» գրքում: Բայց դրանցով պարզվում էր, որ «հացի փոխարեն մութ կուլ տված» մարդը նաև անցանկալի ստվերներով ու խավարով էր շրջապատված.
Եվ իսկապես էլ՝ մեր թիկունքն է մութ,
Անցյալը գիտենք գրքերով միայն:
Գուցե առավել մեր ճակատն է մութ.
Գրքերն են ճառում գալիքից նաև:
Մո՜ւթը առւջևից – մո՜ւթը ետևից,
Մենք՝ երկու մթան նեղլիկ արանում,
Էլ ի՞նչ է մնում, որ էլ ի՞նչ անենք, —
բանաձևում էր բանաստեղծը: Այդ հուսահատեցնող ու հեղձուցիչ մութը, անորոշությունը միայն լույսով էր հնարավոր հերքել ու ցրել. ահա ինչու «խավար ու ստվեր պոզահարող» մեծ լուսերգուն իր, ավա՜ղ, վերջին ժողովածուն կոչեց «Եղիցի լույս»:
Պ. Սևակը, որ բանաստեղծության համանվագայնության կամ սիմֆոնիզմի կողմնակից էր, Սիամանթոյի, Տերյանի ու Չարենցի նման կենսական երևույթներն առավել համակողմանի ներկայացնելու և բանաստեղծության արտահայտչական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կիրառում էր չափածոյի ուրույն ձևեր, բանաստեղծական տողը և խոսքի երաժշտական համաչափությունը կառուցում էր տրամաբանական շեշտով, բառիմաստի ընդգծմամբ, կենսական երևույթը, մարդկային խոհն ու ապրումը ներկայացնում բազմաչափ տարածության մեջ, մտածում էր բանաստեղծական շարքերով՝ դրանց դնելով բնորոշ վերնագրեր:
Լինելով հայ բանաստեղծական խոսքի զարգացման նախանձախնդիր՝ այդ մեծ մարդագետը ազգային և համաշխարհային գեղարվեստական ձևերի համադրումով նոր ու անսովոր գրական որակ ստեղծեց, որին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, ժամանակից մարդու խոհերի ու զգացմունքների նորովի մարմնավորումը, խիզախ հարցադրումներն ու մտքի հզոր թռիչքները, դարի ցավերի թակարդն ընկած մարդուն ազատելու և իր լուսավոր ձգտումների ու երազների սանդուղքով վեր բարձրացնելու առաքելությունը: Իր մարդկային ու բանաստեղծական էության, իր սխրանքի խոր ըմբռնումով նա սերունդներին պատգամել է.
Մտածե՛ք նաև ձեր որդո՛ւ մասին.
Խոսում եմ նաև նրա՛ անունից.
Դուք գնալո՜ւ եք,
Իսկ նա գալու է:
«Մարդը ափի մեջ» գրքում, սակայն, Պ. Սևակը համեմատաբար լավատես էր. գալիքի և սերունդների վերելքի մասին արտահայտվում էր անթաքույց հավատով: Իսկ «Եղիցի լույս»-ի շարքերում, մանավանդ առանձին մի քանի բանաստեղծություններում կարծես նրան անդադար ճնշում է ժողովրդի ընդհանուր վիճակից եկող մի անփարատելի թախիծ: Դարի մութին ու պնդերես խավարի թագավորությանը բանաստեղծը թեև հակադրվում էր լույսի, բարության ու գեղեցկության փառաբանությամբ, սակայն «պատացած մութը» դրանով չէր հերքվում, ծանր խավարը չէր թողնում հեռանում: Արշալույսն էլ պիտի գար զոհաբերությամբ, բանաստեղծի՛ ինքնազոհությամբ.
Թողություն տուր, Տե՛ր, ծանըր խավարին,
Միայն թե թող նա թողնի հեռանա,
Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու)
Հարգանքով Նրա առջև կեռանան,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մենք պահանջ չունենք,
Մենք գոհ ենք նույնիսկ,
Միայն թե թող նա թողնի հեռանա:
Մենք խոստանում ենք,
Եվ մենք իսկապե՛ս
Նրան չենք կարող ու չե՛նք մոռանա,
Միայն թե թող Նա թողնի հեռանա ….
Իսկ թե հարկ լինի, նամանավանդ պետք,
Ես Խավարի հետ կմեկնեմ ինքըս՝
Դառնալով Նրա թագավորության
Հին Հպատակն ու նոր Քաղաքացին՝
Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը՝ Արշալույսը, Գա,
Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,
Բայց մի քիչ հետո
Եվ ուրախանա՜, որ իմ կորստով
Կորել է նաև ինքը Խավարը…

Պ. Սևակը դարձել էր իր դարաշրջանի զգայնաչափը. դեպի ո՞ւր էին տանում միակուսակցական խորհրդային երկրում կատարվող գործընթացներն ու զարգացումները, բազմազգ ու բազմալեզու այդ քայքայվող կայսերապետության՝ զառամախտով տառապող ղեկավարներն իրենց դիմակներով, սուտ ու փուտ հոբելյաններով ո՞ւր էին առաջնորդում ժողովուրդներին, ի՞նչ էր սպասվում հայ ժողովրդին ապագայում, Հայաստան աշխարհում և այլուր վաղն ի՞նչ լեզվով էին խոսելու, ինչո՞վ էր ավարտվելու Խավարի դեմ նրա մղած պատերազմը, արդյոք հաղթանակելո՞ւ էին Լույսը և Բարին:
Մահն արհամարհող աներկյուղ բանաստեղծի գաղափարական այս հարցադրումները՝ իրենց գեղագիտական լուծումներով, առավել սուր հնչողությամբ արծարծվեցին «Եղիցի լույս» գրքում: «Դարակեսի պարգևները», «Ողջույնի քմայքները», «Իրերի բնույթը» շարքերը քիչ է ասել` ժամանակից ու հարաբերություններից դժգոհ բանաստեղծի բողոքն են մարմնավորում. սրանք արդեն մարդու ներաշխարհը բացահայտող գեղարվեստական այն որակն են, որ չի ունեցել նախորդ շրջանի մեր բանաստեղծությունը:
20-րդ դարի պարույրսևակյան բնութագիրը. հոբելյանական, հյուլեական, կարծես ավելի քան բանական, բայց նաև նույնքան խելագար դար: Այդ դարի Մարդը՝ անզոր ու հզոր քաղաքացին, հայտնվել է անբուժելի ցավի, խավարի ճնշող թագավորության և անլուծելի հանելուկներով հանգուցված անորոշության հորձանուտում. ինչպե՞ս ազատել նրան այդ մղձավանջային իրավիճակից.
Դու՝ 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,
Դու՝ հյուլեական,
Կարծես էական
Եվ ավելի քան կարծես բանական,
Բայց նաև նույնքան խելագար դարի
Ո՛վ քաղաքացիդ անզոր ու հզոր,
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության անդարման ցավով,
Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,
Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,
Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ
Եվ իր թունավոր սաղարթն է բերում՝
Խառնելու գլխիդ մազերին անգամ:

Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ահարկո՜ւ ցավով…
Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,
Եթե ներկադ էլ
Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,
Քան վաղվա մասին պարապ խորհելու…
Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանես:
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-
Ինչպե՞ս իմանաս:
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ…
Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:
Ազատո՜ւմ չկա: Եվ պրծո՜ւմ չկա:
Կա մի վիթխարի՜ անորոշություն,
Որ տորիչելյան դատարկության պես
Երբեք չի՛ լցվում:

Կա մի անսահմա՜ն անորոշություն,
Որ սողոսկում է օդի պես այնտեղ,
Ուր կա ծակոտիք:
Կա մի որոշյա՜լ անորոշություն՝
Կրկնակաղապար՝ ընկույզի նման:
Էլ ինչպե՞ս ապրել
Թունոտ ու ծանր կաղապարների
Անշունչ արանքում,
Էլ ինչպե՞ս ապրել…

Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն
Ու կուրանալուն՝
Խոնավությունի՛ց,
Ինչպես որ մարդը՝ անորոշության
Օվկիանին անափ:
Իսկ ո՞ւր է ցամաքն ու չորությունը…

Ցեմենտ կոչվածը
Կարգին շնչում է միայն ջրի մեջ.
Մինչդեռ այս խեղճը շնչահեղձվում է
Հենց ի՛ր իսկ փոշով,
Ինչպես որ մարդը՝ անորոշությամբ:
Իսկ ո՞ւր է ջուրը…

Արևի շողերն ուզում են մտնել
Նույնիսկ եղնջի թփուտի մեջ թավ,
Բայց դաղդղվելով՝ բեկվում են կողքի:
Թող ցույց տան նույնիսկ եղնջի թփուտ,
Որ չի ստվերվում անորոշությամբ,
Եվ բնակավայր դու կդարձնես
Այդ եղնջո՜ւտը….

Թե ծառ լինեիր՝
Դու կարտասվեիր սեփական խեժով
Եվ քո կեղևով քեզ շրջափակած՝
Քեզ կբուժեիր:
Բայց քո արցունքը
Քեզ կրծոտում է… սնդիկի՜ նման,
Եվ այս աշխարհի ցավերի դիմաց
Դու կեղևահան ծառ ես մարդաձև,
Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա
Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը՝
Լեցո՜ւն – լեփ-լեցուն անորոշությամբ…

Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ոխերի՜մ ցավով,
Որ մահդ է տենչում:
Բայց մահ էլ չունես.
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա…

Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
Այս պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
Ինձնմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորոշ ցավին…
Այո՛, կարգին մեռնելու համար էլ պիտի մարդ բախտ ունենա: Իսկ ի՞նչ է մահը, հեռացո՞ւմ աշխարհից, ե՞լք, թե՞ փրկություն անորոշությունից: Պ. Սևակ բանաստեղծը կամ նրա հետ նույնացած քնարական հերոսը ուրույն մտածելակերպ ու աշխարհայացք ունի, որ շատ էլ տարբեր չէ հայ դասական գրականության գաղափարաբանությունից, աշխարհայացքային ու գեղագիտական հարցադրումներից: Թումանյանին մտատանջում էր բնության հավերժության և մարդու անցողիկության կսկիծը. Սարոյի մահից հետո աշխարհում ամեն բան փոխվել է նրա մոր ու համագյուղացիների համար, խախտվել է մարդու և աշխարհի հավասարակշռությունը, և մայրը մնացել է ողբերգական անորոշության մեջ.
Որ հով սարերին սովորած նանը
Էլ սար չի գնա առանց Սարոյի,
Ծանր չոմբախը՝ գլուխը մեխած՝
Պիտի օճորքում մնա, մրոտի,
Երկար խանչալը՝ պատիցը կախած,
Պատենում մնա ու ժանգը պատի…
Չէր տարբերվում Իսահակյանի աշխարհայացքից, որի հերոս Լի Թայի Պոն «…հայացքը հառած մահվան տեսիլին, շրթունքները՝ կնոջ և բաժակի շրթունքներին, երգում էր արագաթռիչ գեղեցկությունը կյանքի և հավիտենական կսկիծը բոլոր գոյությունների»:
Պ. Սևակն էլ մի զարմանալի կենսասիրությամբ շաղկապված էր իր իսկ ստեղծած, իր իմաստավորած ու բովանդակավորած աշխարհին, շաղկապված էր՝ ոչ որպես իր «օր ու արև, կյանք ու ջան» որդուն կորցրած մայր, այլ ինչպես «անմայր մնացած մինուճար որդուն սիրող հայր»: Այդ սերն է իր ձգողական զորությամբ պահում բանաստեղծի ու աշխարհի համակշռված վիճակը, իսկ նրա մատները, նյարդերն ու ջղերը ամուր հանգուցված են նույն այդ աշխարհի բոլոր առարկայական ու կենդանական գոյաձևերին.
Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,
Ամեն էակիդ մագիլ ու մատին,
Շոշափուկներին, բեղին ու թաթին,
Եվ իրար ձգում փոխադարձորեն
Ու ձգձգում ենք նորից ու նորեն,
Որ… ինքըդ ապրես համակշռված:
Այդ ինքնաստեղծ աշխարհն ապրում է բանաստեղծի մեջ, ամեն մարդու ներաշխարհում, ինքը գոյատևում է միայն իր տիրոջով, որի մեջ ապրում է, բայց ոչ մի օր, ոչ մի անգամ չի էլ մտածում նրա մասին, ոչ մի բերան չի հարցնում իր տիրոջից: Իսկ համակշռված վիճակը կա, պահպանվում է, քանի դեռ մահը չկա. միայն նա կարող է խախտել համակշռությունը, եղծել ու խաթարել ամեն բան.
Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ… մեռնեմ:
Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
Բայց ո՛չ ինձ համար,
Այլ լոկ քե՜զ համար.
Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
Համակշռված այդ վիճակը քո,
Ո՞նց պիտի լինես,
Ի՞նչ պիտի անես:
Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Փո՛ւչ ու ո՜չ աշխարհ:
Ուրեմն իսկապես մահը փրկություն չէ, բայց ինչպե՞ս ապրել, մանավանդ երբ նույն այդ իրականությունը պարտադրում է մի եզրահանգում.
Այսպես ապրելը անկարելի է…
Եվ սա այն սխալաշատ ժամանակներում, երբ չէր կարելի անկեղծ խոսել ու մտածածն ասել, երբ երկրի առանցքն անգամ ուղիղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությամբ, երբ անկարելի էր մի գլխով անսխալ ապրելը, սխալ էր կոշկատակը, որ մարդուն կտրում էր հողից, սխալ էր և հողը, որ առնվում-ծախվում էր: Այդ ժամանակն էր բնութագրում ամեն ինչի փիլիսոփայական բարձունքներից նայող բանաստեղծը.
Կան խայտառակ ժամանակներ,
Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,
Ապա նրա ձեռք ու ոտին
Ուրիշներն են դնում կապանք:
Ճշմարտության, Լույսի ու Բարության բանաստեղծն էր Պ. Սևակը, որի կարգախոսներից մեկն էլ սա էր՝ Աշխարհին, այո՛, մաքրություն է պետք: Եթե մաքրություն լիներ աշխարհում, ցեղասպանություն ու պատերազմներ չէին լինի, և եթե աշխարհը չմաքրվի, դրանք չդատապարտվեն, եղեռնագործ ցեղասպանները չպատժվեն, դրանք ամեն պարագայում կրկնվելու են: Այս մտահոգությունը 1965 թ. Պ. Սևակին մղեց գրելու «Եռաձայն պատարագ» եռամասնյա պոեմը՝ «Ողբամ մեռելոց», «Բեկանեմ շանթեր» և «Կոչեմ ապրողաց» գլուխներով: Այս խորագրերը՝ վերցրած շվեյցարական Շաֆհաուզեն բնակավայրի 1486 թ. տաճարի զանգի լատինատառ փորագրությունից, որ բնաբան էր դարձրել Շիլլերը իր «Զանգակի երգը» բանաստեղծության համար, դարձել են «Եռաձայն պատարագ» պոեմի կառույցը թելադրող գործոններ ու հեղինակի ռեքվիեմ-մենախոսությունն ուղղորդող բանաձևեր:
Դարձյալ չենք խորանում մանրամասների մեջ, բայց եթե նկատում ենք՝ ի՛նչպես էր 1965 թ. Պ. Սևակը մատնացույց անում, որ ֆաշիզմի ստեղծած համակենտրոնացման մահաճամբարների՝ Օսվենցիմի, Բյուխենվալդի, Մայդանեկի հիմքերը դրվել էին Դեր Զորում ու հարակից վայրերում, ուր 2 միլիոն մարդ ի խաչ բարձրացավ, ու 2 միլիոն անուն տապանաքարին չփորագրվեց, և հասկանում ենք, թե՝
Օտար աշխարհում ազատ լինելը այլ գերություն է,
Եվ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն, —
առավել ըմբռնելի է դառնում ապրողներիս ու գալիք հայ սերունդներին ուղղված «Եկեք միանանք» պարույրսևակյան բանաձևը:
Պ. Սևակն այն բանաստեղծներից է, որին պետք է ընթերցել նորից ու նորից: Նրա ստեղծագործությունն ինքներս մեզ ճանաչելու բանալի է, հայոց ազգային անկախ պետականության շուրջ համախմբվելու պատգամախոսություն, մեր փոքրիկ հողի մեծ երազանքի իրականցման երաշխիքներից մեկը:

 

Սկիզբ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s