Mediaeducational blog

Ակսել Բակունց

Оставьте комментарий


Բեռնել նյութը

Բեռնել նյութը

Աշոտը

Աշոտը մեր վաշտի զինվորներից էր:
Բարձրահասակ, գունատ մի պատանի էր նա, Շիրակի դաշտից: Նոր էր եկել զինվորական ծառայության և անվարժ էր դեռ զորանոցի անհետաքրքիր, միապաղաղ ու դաժան կյանքին: Երբեմն, ծանր աշխատանքից հոգնած, Աշոտը նստում էր քարի վրա, և ունկնդիր խաղաղ գիշերվա հեքիաթին, երգում էր հայրենի մելամաղձոտ երգերից: Անուշ են Շիրակի երգերը, երկար ու ծործորուն, — Շիրակի արգավանդ դաշտերի նման, և խորհրդավոր, ինչպես գիշերն այդ երկրի…Լավ էր երգում Աշոտը. Նրա հոգու մեջ թախիծ կար, վշտի շեշտ կար երգերի մեջ: Իսկ ո՞վ չէր թախծոտ այն ժամանակ, երբ հայրենի երկրի վրա չարագուշակ ամպեր էին կուտակված:
Օրեցօր հալվում էր Աշոտը, դեմքը գունատվել էր, համարյա դեղնել. այտերը փոս էին ընկել, քունքերի երակները կապտին էին տալիս և թույլ-թույլ բաբախում: Աչքերը երազկոտ, մարվող ճրագի պես մեկ բոցավառում էին, մեկ նսեմանում: Բոլորն էլ ափսոսում էին նրան, ցավն էին ուզում իմանալ, բայց ոչ ոք չէր կարողանում, շատ քչերն էին իմանում, թե ինչո՞ւ երբեմն աչքերը կարոտով հառում էր դեպի հայրենի դաշտերը:
— Էն սարերից դենը մեր դաշտերն են, ծաղկունքով, կանաչով հարուստ մեր դաշտերը: Էնքան նախշուն է մեր երկիրը:
Աշոտը Հայրենի գյուղն էր ուզում գնալ: Մի քանի անգամ խնդրեց վաշտապետին, բայց նա մերժեց: Հայրենի երկրի կարոտը մաշում էր նրան, և օրեցօր նիհարում էր:
— Մեկ տեսնեմ մեր դուրանը, էլ մեռնեմ, հեչ դարդս չի…
Հայրենի երկրում Լուսնթագը կար, Աշոտի սիրած աղջիկը: Շատ էր սիրում Աշոտը իր Լուսնթագին, ու ամեն անգամ, երբ իր հայրենիքի մելամաղձոտ երգերն էր երգում, Աշոտը իր երգերով սիրածի հետ էր խոսում, սիրածի գովքն էր անում և կարոտում, կարոտում:
— Ղուշ էղնեի թռչեի, կարոտս առնեի, էլ հետ գայի, — այսպես էր երգում Աշոտը:
Երբեմն էլ ակնապիշ նայում էր բարձր սարերին, որոնց ետևը հայրենի դուրանն էր, ուր ապրում էր Շիրակի աղջիկը՝ Լուսնթագը, խաժ աչքերով, հյուսերը՝ երկար, չինարու պես բոյով ու բարակ, և սիրող, գուրգուրող:
Աշոտը ինձ շատ էր սիրում, շատ բան էր պատմում, և ոչինչ չէր ծածկում…«Լուսնթագը հեռանալիս, ճամփի եզրին կանգնեց և թաշկինակը ճոճելով օդում մնաս բարև էր ասում ինձ…», — այսպես էր վերջացնում Աշոտը իր պատմությունը նրա մասին: Հիշում էր, թե ինչպես միասին արտը քաղհանի էին գնում, ինչպես աղբյուրի մոտ նստած իրար ջրով էին տալիս և խնդում, ծիծաղում: Հիշում էր, էն որ գարնանը, ծառի տակ առաջին անգամ համբուրեց Լուսնթագի նռան պես կարմիր շուրթերը:
Եվ ժամերով փորփորում էր Աշոտը իր հիշողությունները, հաճույք զգում, երբ անցյալն էր հիշում: Աշոտը միայն մտածում էր, թե ինչպես անի, որ սիրածին մեկ էլ տեսնի: Սպասում էր, որ մի քանի շաբթից հետո, վաշտապետից իրավունք խնդրի՝ տուն դառնալու:
Ու մի գիշեր մեր վաշտը հրաման ստացավ դուրս ելնել կռվի դաշտ: Կես գիշերին, կազմ ու պատրաստ վաշտը ճամփա ընկավ քաղաքի լո՛ւռ, կիսամութ փողոցներով:
Լուսաբացին՝ առաջին համազարկի ձայներն եկան: Ու կռիվը սկսվեց:
Մեզ հրամայված էր գրավել դիմացի լեռները, որոնք իշխում էին ամբողջ դաշտի վրա:
Թշնամին գիտեր մեր նպատակը, համառում էր և չէր ուզում թողնել այդ լեռները:
Գայլերի պես թնդանոթներն էին ոռնում և քերում հսկա լեռների կուրծքը: Գնդացիրների միալար կտկտոցը կարծես լրացնում էր այդ դժոխքի պատկերը, որին կռիվ են ասում: Կեսօրից անց, մեր ձախ թևը անցավ թշնամու թիկունքը, և թշնամին գերի չընկնելու համար սկսեց նահանջել: Արևը մայր մտնելիս մենք լեռների գագաթին էինք և հաղթողի հայացքով դիտում էինք, թե ինչպես հեռվում ցան ու ցրիվ նահանջում էր հակառակորդը:
Սկսեցինք դիակները ժողովել, թաղելու համար: Մի քանիսն էլ գերեզման էին փորում: Ու հանկարծ…
Առվի եզրին, որտեղ մեր շղթան քիչ հետ նահանջեց, Աշոտի դեռ տաք դիակն էր ընկած, արյունաթաթախ, հայացքը դեպի հայրենի դուրանը, ուր Շիրակի աղջիկը, Լուսնթագն է սպասում Աշոտին…
Աշոտին թաղեցինք մյուսների հետ ու փայտե մի պարզ խաչ ցցինք հողաթմբի մեջ, գլխիկոր ու տրտում հեռացանք դեպի նոր դիրքերը:
Բոլորն էլ ափսոսում էին Աշոտին:
— Ափսոս Աշոտ, բեմուրազ մեռավ, — ասաց մեկը:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s