Mediaeducational blog

Գաբրիել Գարսիա Մարկես. հրաշք վաճառող բարի աճպարարը

Оставьте комментарий


Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած — առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող: Սեղանը բարձած էր տարբեր հիվանդությունների դեմ դեղերի սրվակներով, հանգստացնող խոտերով: Նա կարիբյան ափի փոքրիկ քաղաքներում բարձր դողդոջուն ձայնով գովաբանում ու վաճառում էր իր ապրանքը: Այս անգամ ոչ մի հնդկական չուլ ու փալաս դեռ չէր առաջարկել, այլ ասում էր — բերեք իսկական թունավոր օձ, և ես ցույց կտամ ինձ վրա, ինչպես է գործում իմ գտած հակաթույնը, միակը՝ բացարձակապես ապահով — տիկնայք և պարոնայք — օձերի, մորմերի, ցողկի և ամեն տեսակի կաթնասունների խայթոցի դեմ։ Մեկը՝ որի վրա հակաթույնի նկատմամբ նրա հավատքը ուժեղ տպավորություն էր թողել, ինչ-որ տեղից շշով մի մապանա բերեց՝ ամենաթունավորներից, նրանցից, որի խայթյունից զոհը միանգամից սկսում է շնչահեղձ լինել: Նա այնպիսի ագահությամբ վերցրեց շիշը, որ բոլորս կարծեցինք, թե օձին հիմա ուտելու է։ Շշի բերանը բացվելուն պես օձը դուրս պրծավ ու խայթեց նրա վիզը։ Աճպարարը շնչահեղձ լինելով հազիվ հասցրեց խմել հակաթույնը։ Երբ չուլ ու փալասով բեռնված սեղանը բազմության ճնշման տակ շուռ եկավ, և հսկայական մարմինը մնաց գետնին անշարժ փռված, կարծեցինք թե մեռավ, սակայն նա շարունակում էր ծիծաղել՝ լայն բացված բերանից ոսկե ատամների փայլը ճառագելով։ Սեղանի շուռ գալուց աղմուկն այնպիսին էր, որ քսան տարի առաջ ընկերական այցով հյուսիսից ժամանած և այն ժամանակվանից նավահանգիստում կանգնած զրահակիրը կարանտին հայտարարեց, վախենալով, որ օձի թույնը կարող է տարածվել տախտակամածով, իսկ ծաղկազարդի կիրակին տոնող մարդիկ, չհամբերելով պատարագի վերջին դուրս եկան եկեղեցուց՝ լուսավորված արմավենիների ճյուղերով, որովհետև ցանկանում էին տեսնել, թե ինչ է կատարվում խայթվածի հետ, որի մարմինն այդ ընթացքում ուռել ու երկու անգամ մեծացել էր, բերանից դեղին փրփուր էր գալիս, և լսվում էր, թե ինչպես են շնչում նրա ծակոտիները, բայց նա շարունակում էր բարձրաձայն քրքջալ այնպես, որ վրայի բոլոր զանգուլակները միաժամանակ զնգզնգում էին։ Ուռելով՝ նրա մարմինը պոկում էր զանգապանների կոճակներն ու պատռում հագուստի կարերը, և թվում էր, թե թանկագին քարերով մատանիները հիմա կկտրեն նրա մատները, իսկ երեսը աղ դրած մսի գույնի էր, և բոլորը, ով տեսել էր, ինչպես խայթեց նրան օձը, հասկացան, որ չնայած դեռ ողջ է, արդեն նեխում է և շուտով կքանդվի այնպիսի մանր մասերի, որ ստիպված կլինեն բահով հավաքել նրան ու լցնել տոպրակը, բայց միևնույն ժամանակ թվում էր, թե նույնիսկ թեփի վերածվելուց հետո չի դադարելու ծիծաղել։ Տեսարանն այնքան անհավատալի էր, որ հյուսիսային երկրից եկած ծովային հետևակայինները, բարձրացան իրենց նավակամրջին, որպեսզի հզոր տեսապակիներով գունավոր ապարատներով լուսանկարեն նրան, բայց եկեղեցուց դուրս եկած կանայք խանգարեցին՝ խեղճի վրա ծածկոց գցելով, իսկ ծածկոցի վրա դրեցին լուսավորված արմավենու ճյուղեր՝ երևի ծովային հետևակայիններին իրենց օտարերկրյա բաներով մարմինը պղծելուն խանգարելու համար։ Բոլորը արդեն որոշել էին, որ մեռած է, երբ մի շարժումով գցեց վրայից արմավենու ճյուղերը, և դեռ լիովին չարթնացած ու կատարվածից ուշքի չեկած, առանց կողմնակի օգնության ուղղեց սեղանը, մի կերպ բարձրացավ վրան, և ահա նորից ճչում է, — հակաթույնը ուղղակի տիրոջ օրհնանքն է սրվակում, դուք բոլորդ համոզվեցիք դրանում, արժե ընդամենը երկու կվարտիլյո։ Ոռնում էր, որ հակաթույնը հայնաբերել է ոչ թե շահից ելնելով, այլ մարդկանց բարօրության համար — միայն խնդրում եմ ձեզ, տիկնայք և պարոնայք, մի հրմշտեք իրար, բոլորիդ կհասնի։ Մարդիկ իհարկե հրմշտում էին, և ճիշտ էին անում, որովհետև բոլորին չէր հերիքելու հաստատ։ Մի սրվակ ձեռք բերեց անգամ զրահակիր նավից մի ծովակալ, հավատալով, որ այդ դարմանը կպաշտպանի անգամ անարխիստների թունավորված փամփուշտներից, իսկ անձնակազմի անդամները, որոնց այդպես էլ չհաջողվեց լուսանկարել օձի կծելուց մեռած մարդ, սկսեցին լուսանկարել նրան ոչ միայն հասակով մեկ սեղանին կանգնած, այլ նաև պահանջեցին ինքնագիր տալ, և նա սիրով բաժանում էր ստորագրությունը, մինչև ջղաձգությունից ձեռքի կծկվելը։

Արդեն բոլորովին մթնել էր ու բոլորը ցրվել էին իրենց տները, երբ նա սկսեց հայացքով փնտրել այն հիմարին, որը պիտի օգներ հավաքել սեղանը և փաթեթավորել սրվակները: Իհարկե հայացքը կանգ առավ իմ վրա։ Կարծես ճակատագիրն ինքը նայեց վրաս, ոչ միայն իմ, նրա վրա նույնպես, ու չնայած անցել է արդեն հարյուր տարուց ավելի, մենք ամեն ինչ հիշում ենք, կարծես դա եղել է անցած կիրակի։ Դարսում էինք արդեն ծիրանագույն ոլորագծերով ճամպրուկը, ավելի նման իմաստունի դամբարանի, երբ նա տեսնելով հավանաբար իմ մեջ ինչ-որ լույս, որը միանգամից չէր նկատել, հարցրեց անտարբերությամբ, — ո՞վ ես դու, — և ես պատասխանեցի, որ որբ եմ հորս կենդանության օրոք, և նա ծիծաղեց, ավելի բարձր, քան թույնի ազդեցության ժամանակ, իսկ հետո հարցրեց, ինչով եմ զբաղվում, ու ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ անում, պարզապես ապրում եմ, որովհետև բոլոր մյուս զբաղմունքները քոռ կոպեկ չարժեն, և նա դեռ արտասվելով ծիծաղից, հարցրեց, կա՞ արդյոք աշխարհում մի բան, որ ես այնուամենայնիվ կուզեի իմանալ, և դա միակ անգամն էր, որ ես նրան լուրջ պատասխանեցի ու չստեցի, որ կուզեի գուշակել սովորել, և այդ ժամանակ նա դադարեց ծիծաղը և ասաց, իբր բարձր մտորելով, որ դրա համար ընդամենը ինձ չի հերիքում շատ չնչին բան, որովհետև հիմար դեմքը՝ որը անհրաժեշտ է դրա համար, ես արդեն ունեմ։ Նույն երեկո նա խոսեց հորս հետ և մեկ ռեալ ու երկու կվարտիլյոյով ու սիրային հաղթանակները գուշակող խաղաթղթերի մեկ կապուկով ինձ ընդմիշտ գնեց։

Այդպիսին էր չար աճպարարը, քանի որ բարի աճպարարը ես եմ։ Նա ի վիճակի էր աստղագետին ապացուցել, որ փետրվար ամիսը ոչ այլ ինչ է, քան անտեսանելի փղերի նախիր, բայց երբ հաջողակությունը երես թեքեց նրանից՝ դարձավ անգութ։ Իր լավագույն ժամանակներում նա փոխարքաների զմռսիչ էր աշխատում, և պատմում են, որ կարող էր այնպիսի իշխող արտահայտություն տալ դեմքերին, որ նրանք հետո երկար տարիներ կառավարում էին անգամ ավելի լավ, քան կենդանի ժամանակ, և մինչև նրանց չէր բերում հասարակ մահկանացուի տեսքի, ոչ ոք չէր համարձակվում նրանց հողին հանձնել, բայց նրա դրությունը վատացավ այն բանից հետո, երբ հնարեց շախմատը, որտեղ հնարավոր չէ ոչ պարտություն, ոչ հաղթանակ, իսկ պարտիան անվերջ է։ Այս խաղը խենթության հասցրեց մի կապելանի և դարձավ երկու տիտղոսավոր անձանց ինքնասպանության պատճառ: Դրանից հետո սկսեց անկումը, դարձավ երազների մեկնաբան, հետո հիպնոտիստ, որին հրավիրում էին ծննդյան տոներին հյուրերին զվարճացնելու, հետո ներշնչումով ատամ հեռացնող և վերջապես տոնավաճառի հեքիմ, իսկ այն ժամանակ, երբ մենք ծանոթացանք, անգամ անկիրթ ծովահենները լուրջ չէին ընդունում նրան։ Մենք թրև էինք գալիս աշխարհով մեկ սուտ դեղորայքով և ապրում անդադար վախի մեջ մաքսանենգներին անտեսանելի դարձնող մեր հնարած մոմերի և այն կաթիլների պատճառով, որոնք քրիստոնյա կանայք, աննկատ կաթեցնելով ապուրի մեջ, կարող են աստվածավախ դարձնել հոլանդացի ամուսիններին, և այն ամենի պատճառով ինչ դուք կընտրեք ինքներդ, տիկնայք և պարոնայք, և ես բոլորովին չեմ պարտադրում, որ դուք գնեք, այլ պարզապես խորհուրդ եմ տալիս չհրաժարվել ձեր երջանկությունից։ Մեր հետ կատարվող ամեն ինչի համար ծիծաղից թուլանում էինք, բայց հազիվ էր հաջողվում օրվա հաց վաստակել, ու հիմա նա հույսը դրել էր միայն իմ գուշակելու կարողության վրա։ Ճապոնացու պես մի օր ինձ հագցրեց, փակեց դագաղ հիշեցնող ճամպրուկում ու շղթայեց ներսի աջ պատին, որ այնտեղից գուշակություններ անեմ, իսկ ինքն այդ ժամանակ տենդագին թերթում էր քերականությունը, փնտրում ամենահարմար ձևը, որ մարդկանց ստիպի հավատալ իր նոր գիտությանը, — տիկնայք և պարոնայք, ձեր առաջ Եզեկիելի լուսատիտիկներից տանջված արարածն է, այ դու՛ք, որ նայում եք թերահավատորեն, եկեք տեսնենք կհամարձակվե՞ք արդյոք հարցնել, թե երբ եք մեռնելու… Ինձ երբեք չէր հաջողվում ճիշտ գուշակել նույնիսկ օրվա ամիս ամսաթիվը, և վերջիվերջո նա գտավ, որ ես անպետք գուշակ եմ, որ ուտելուց հետո քնելը ոչնչացնում է գուշակելու գեղձերը, դրանից հետո մահակով գլխիս խփեց, որ հաջողությունը ետ բերի ու ասաց, որ ինձ կվերադարձնի հորս ու իր փողը ետ կպահանջի։ Հենց այդ ժամանկ էլ հայտնաբերեց տառապանքի առաջացրած էլեկտրականության կիրառման հնարավորությունը ու սկսեց կառուցել կարի մեքենա, որը կաշխատեր մարմնի ցավող մասին ծծիչներով միացած։ Քանի որ գիշերներն ամբողջ տառապում էի նրա մահակի հարվածների հասցրած ցավից, որոնք տեղում էին գլխիս նրա անհաջողություններին վերջ դնելու նպատակով, անհրաժեշտ եղավ ինձ պահել, որ կարողանար իր փորձարկումներն ավարտել: Վերադարձս հետաձգվեց, իսկ նրա տրամադրությունը սկսեց բարձրանալ, որովհետև մեքենան վերջիվերջո այնքան լավ սկսեց աշխատել, որ ոչ միայն կարում էր միանձնուհուց էլ լավ, այլ նաև ձեռագործում թռչուններ ու ծաղիկներ՝ ցավի սաստկացմանը համընթաց։ Այսպիսի իրավիճակում էինք, համոզված, որ վերջապես հաղթահարված են բոլոր դժվարությունները, երբ մեզ հասավ գուժն այն մասին, որ զրահանավի ադմիրալը, Ֆիլադելֆիայում ցանկանալով ցուցադրել իր գնած հակաթույնի ազդեցությունը, վերածվել է ադմիրալի մուրաբայի, իր շտաբի աչքի առաջ։

Հիմա նա չէր ծիծաղում։ Մենք փախչում էինք արահետներով, որ միայն հնդկացիներին են հայտնի, ու ինչքան խորանում էինք, այնքան ավելի որոշակի էին դառնում լուրերը, որ դեղին տենդի դեմ պայքարի պատրվակով ցամաք էին ներխուժել ծովային հետևակայինները ու գլխատում էին ամեն մի գաղտնի ու բացահայտ հողի վաճառքով զբաղվողի, որ հանդիպում էր նրանց ճանապարհին ու գլխատում էին ոչ միայն տեղաբնակներին նրանց անվտանգությունն ապահովելու համար, այլ նաև ցրվածության պատճառով չինացիներին, նեգրերին անշուշտ՝ ըստ հին սովորության, հնդիկներին, քանի որ օձ վարժեցնող են, դրանից հետո ոչնչացրին ֆաունան ու ֆլորան ու ձեռքերն ընկած միներալները, որովհետև մեր գործերով նրանց մասնագետները բացատրել էին, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հնարքներ ունի նույնիսկ բնությունը կերպափոխելու, միայն թե խաբեն գրինգոներին։ Ես չէի հասկանում ոչ ծովային հետևակայինների զայրույթը, ոչ մեր վախը նրանց հանդեպ, մինչև չհայտնվեցինք ապահովության մեջ՝ հավերժ քամոտ ուաջիրայում, ու միայն այստեղ նա քաջություն ունեցավ խոստովանել, որ իր հակաթույնը ոչ այլ ինչ է, քան խաշնդեղ, խառնած բևեկնախեժի հետ, և որ ինքը նախօրոք երկու կվարտիլյո էր վճարել մեկին, որ վերջինս բերեր այն թույնը հանած մապանան։ Մենք տեղավորվեցինք գաղութային ժամանակներից մնացած միսիոներության ավերակներում, հույսի պատրանքով, որ այդ կողմերով կանցնեն ինչ-որ մաքսանենգներ, որոնց կարելի է վստահել։ Նրաք միայն կհամարձակվեն դուրս գալ տափաստանի այրող արևի սնդիկե լամպի տակ։

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s