Ուսուցման հիմնախնդիրները ավագ դպրոցում և դրանց լուծման ուղիները


սովորող,զարգացում, Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակության կատարելագործմանը։ Իրականացվող բարեփոխումների նպատակաուղղված են.

ա) ապահովելու որակյալ կրթություն

բ) բարձրացնելու հանրակրթության արդյունավետությունը

գ) կրթությունը դարձնելու արդիական և համապատասխանացնելու զարգացման պետական և միջազգային միտումներին

Ավագ դպրոցը կոչված է ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը, միաժամանակ հանդիսանում է միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության միջև: Հիմնական կրթությունից հետո կրթության համակարգը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից:

Ուսուցումն ավագ դպրոցում, ունենալով մասնագիտական կողմնորոշվածություն, միաժամանակ պետք է հնարավոր ճկունություն ապահովի, որպեսզի սովորողներն իրենց հավակնությունների և նախասիրությունների փոփոխության, ինչպես նաև ուսուցման ընթացքի արդյունքներից ելնելով` հնարավորություն ունենան վերակողմնորոշվելու: Նման ճկունություն ապահովելու նպատակով ավագ դպրոցում կրթության մասնագիտական շեշտվածությունը պետք է աճի աստիճանաբար` դասարանից դասարան:

Թե ինչպիսին պետք է լինի ավագ դպրոցի կրթությունը, ինչ մարտահրավերներ պետք է այն հաղթահարի, հայտնի է բոլորիս, կամ համարյա հայտնի է: Սակայն դպրոցի բարեփոխումն այս դեպքում ոչ մի արդյունք չի ունենա, քանի  դեռ չեն լուծվել մի քանի առավել կարևոր խնդիրներ:

Այսպիսով, ավագ դպրոցի առաքելությունն է ապահովել.

1.   սովորողների պատրաստվածությունը ինքնուրույն կյանք վարելու

2.   իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան  միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը

3. ապահովելու կյանքում սեփական ես-ը գտնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ

4. պետք է խթանի սովորողի, անհատի ազատ և համակողմանի զարգացումը

5. պետք է բավարարի սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները

Երեխայի իրավունքների Ժնևյան հռչակագրում գրված է. «Երեխան պետք է դաստիարակվի այն գիտակցությամբ, որ իր լավագույն որակները պետք է ծառայեն հօգուտ այլ մարդկանց: … Մասնագիտական կրթությունը պետք է մատչելի լինի ընդհանուրի  համար, իսկ բարձրագույն կրթությունը` բոլորի համար հավասարապես մատչելի, հիմնված ընդունակությունների վրա… Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիարժեք զարգացմանը և ազատության էլ ավելի հարգմանը…»:

Հանրակրթության մակարդակը այսօր զգալիորեն իջել է. դրան նպաստող հանգամանքներն են`

  • սոցիալական
  • տնտեսական
  • Սովորողի հետաքրքրությունների փոփոխությունը
  • պետական պատվերի անհետևողականությունը
  • բուհական միջավայրի ոչ համարժեք կադրային քաղաքականությունը և որակյալ մասնագետներ պատրաստելը

Մեր լավագույն ուսուցիչների մի խոշոր զանգված ցածր աշխատավարձերի պատճառով հարկադրված վաստակելու այլ ճանապարհներ է փնտրել ու գտել է: Խնդիրը, այսպես կոչված, մասնավոր պարապելն է, կրկնուսուցումը, որ հիմա շատ տարածված է։  Կրկնուսուցումն այսօր  ամուր արմատներ է ձգել մեր հասարակության մեջ, քանի որ  կրթական իրականությունը (ընդունելության քննությունների բովանդակությունը)  իրականում չի համապատասխանում պետական չափորոշիչներին ու ծրագրերին, ինչու չէ, նաև դասագրքերին: Ավելացրած նաև հասարակական մտածողությունը, անվստահությունը դպրոցի  և նրա տված գիտելիքի նկատմամբ:Ըստ իս, սխալ է անընդհատ խոսել այն մասին, որ կրկնուսուցումը աշակերտին ոչ թե համակարգված գիտելիքներ է տալիս, այլ ընդամենը վարժեցնում է ընդունելության քննություններ հանձնելուն։  Կրկնուսույցը նույն դասավանդողն է, և նա ոչինչ չի կարող անել, ոչ մի արդյունքի էլ չի կարող հասնել, եթե նրան չօգնի սովորողը, ապագա ուսանողը: Իհարկե, լիովին համաձայն եմ , որ կրկնուսուցումն ընդգծում և խորացնում է սոցիալական անհավասարությունը:

Ժամանակակից խնդիրներից մեկն էլ դասավանդման մեթոդների անհամապատասխանությունն է ժամանակակից կրթության նպատակներին և խնդիրներին: Անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն այն, թե մենք ինչ ենք դասավանդում և ինչպե՛ս, այլև այն, թե ում ենք դասավանդում, որոնք են մեր սովորողի կարիքները, ե՛րբ և որտե՛ղ է նրան պետք գալու այն գիտելիքը, որը մենք նրան հաղորդում ենք: Ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը պահելը ճիշտ է։ Բայց առայժմ, մինչև լուծվեն ավագ դպրոցի հետ կապված խնդիրները: Հանրակրթական դպրոցը պիտի հասնի այն մակարդակին, որ ավարտական քննություններով հարցը վերջանա, դիմորդը բուհ գնա դպրոցի ավարտական քննությունների իր գնահատականով։ Ամբողջ աշխարհում այդպես է։

Այսօր բուհական կրթական համակարգի հիմքում դրված է  Բոլոնիայի գործընթացը, որը ենթադրում է եվրոպական կրթական արժեքների և պատվերի ինտեգրում հայկական միջավայր:

Գաղտնիք չէ, որ դպրոցում ապագա ուսանողները չեն ստանում այն գիտելիքները, որոնք նրանց անհրաժեշտ են լինելու բուհում սովորելու համար:

Մյուս խնդիրն այն է, որ այսօր հայկական կրթական դաշտում չկա միասնականություն. ձգտելով համապատասխանեցնել մեր կրթությունը միջազգային չափանիշներին՝  փորձում ենք շատ բաներ վերցնել`հաշվի չառնելով այդ համակարգի նրբությունները և կիրառելիության ձևերը: Շատ դեպքերում, մեզ պարտադրված համակարգերը չեն անցնում փորձաքննության փուլ, մեր մասնագետները չեն վերապատրաստվում տվյալ կրթական համակարգին կամ ծրագրին համահունչ: Հիմա էլ ուզում ենք ընդունել «կրեդիտային համակարգ», գնահատման սկզբունքներ:  Արդյունքում մենք ոչ թե նմանվում ենք աշխարհին, այլ այս փոքրիկ հանրապետությունում բոլորս տարբերվում են իրարից: Ճիշտ հասկացեք, կրեդիտային համակարգն ինքնին թերություն չէ, սակայն պետք է հասկանալ, որ այն ինքնանպատակ չէ, ներդրումը պետք է լինի իմաստալից և բավարարի ժամանակի պահանջներին: Ցավոք, այսօր մեր կրթական համակարգը կարելի է նկարագրել բոլորովին այլ բառով՝ «անկում»: Սա հրատապ խնդիր է. եթե մենք կարողանանք կարճ ժամանակում ճիշտ զարգացման ուղի բռնել, մենք կհասնենք բարեկեցության և արժանի տեղ կգրավենք աշխարհի կրթական համակարգում:

Եվս մեկ շատ կարևոր խնդիր. հայալեզու ուսումնական գրականության սակավությունը: Ժամանակին մենք ունեինք կրթության բարձր որակ, որովհետև ունեինք գիտնականներ, ովքեր ստեղծում էին ձեռնարկներ: Ոչ մի գիտական աշխատություն չէր գրվում որպես վերացական «աշխատանք», հայ գիտնականները ստեղծում էին ուսումնական ձեռնարկներ իրենց սաների համար: Նրանց նպատակը ուսանողներին որակյալ ուսումնական նյութերով ապահովելն էր. այդպես էին աշխատում և՛ Գրիգոր Տաթևացին, և՛ Անանիա Շիրակացին, և՛ մյուսները: Հավատացե՛ք, այն ժամանակ շատ ավելի բարդ էր դասագիրք հայթայթելը, քան հիմա, քանի որ նույնիսկ տպագրություն դեռ չկար, էլ չեմ խոսում պատճենահանման եւ էլեկտրոնային ռեսուրսների մասին, բայց Գրիգոր Մագիստրոսն անձամբ թարգմանեց Էվկլիդեսի «Երկրաչափությունը», որպեսզի  ուսանողներն ունենան որակյալ ուսումնական ձեռնարկ: Մեր լավագույն գիտնականներին պետք է հորդորել կատարելու այդ գործը՝ ստեղծելու ժամանակակից, եզակի, որակյալ ձեռնարկներ:

Այլ խնդիրներ էլ կան , որոնց հետևանքով հանրակրթական դպրոցի մակարդակն իջել է։ Թեև  չի կարելի չնկատել, որ դպրոցը դասագրքերով, նոր առարկաներով հագեցնելու ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել։ Բայց այստեղ էլ, իմ կարծիքով, անհարկի մեծացվել է աշակերտի ծանրաբեռնվածությունը, նա չի հասցնում այս ամենը «մարսել». ինչո՞ւ. որովհետև չի կարդում:

Ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը պահելը ճիշտ է։ Բայց առայժմ, մինչև լուծվեն ավագ դպրոցի հետ կապված խնդիրները: Հանրակրթական դպրոցը պիտի հասնի այն մակարդակին, որ ավարտական քննություններով հարցը վերջանա, դիմորդը բուհ գնա դպրոցի ավարտական քննությունների իր գնահատականով։ Ամբողջ աշխարհում այդպես է։ Այդ դեպքում միայն վստահորեն կարելի է ասել, որ ավագ դպրոցը կայացել է, այդ դեպքում միայն կմեծանա ծնող-պատվիրատուի վստահությունը, անմիջական և սերտ կլինի դպրոց-բուհ կապը` առանց այդ միջնորդ-միասնական քննությունների:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s