Mediaeducational blog

Հրանտ Մաթևոսյան. «Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս»

Оставьте комментарий


Հրանտ Մաթեւոսյան. «Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս»

Որ հայրենի երկրում ենք և բախտի ծանր պարտադրանքով հայրենի երկրում չենք,

Որ մայրենի բարբառով ենք ղողանջում մեր կյանքը և ղողանջում ենք ոչ մայրենիով,Որ հայրենյայց հավատո բարձր գմբեթների ներքո ենք և հալածական` ապաստանել ենք այլ դավանանքների ու աղանդների թևերի տակ,Որ ենք հայրենի եզերք հանող ճանապարհներին և ենք հայրենի եզերքից հեռացող ճանապարհներին,

Որ հայրենին կործանող ենք տեսնում  և հայրենին փրկություն ենք տեսնում:

Բոլորիս՝

թույլերիս և ուժեղներիս, վհատներիս և վստահներիս հորենավոր մեր մեկ և նույն տան առակավոր և անառակ որդիներիս, ազգային մեր գոյով հպարտներիս և մարդու ազգային մեր իսկ գոյին անգետներիս և անգիտացողներիս, մեր անձնական հաջողությունների փառքով պարուրվածներիս և կյանքի մացառուտներից մորե ի մերկ ելածներիս, իշխողներիս և խոնարհներիս, ում ներկայությունն այս արևի տակ արդեն հայրենի գոյությունն ու զորությունն է:

Ամենքիս եւ յուրաքանչյուրիս

Ազգերի և ժողովուրդների հրապարակ ենք իջել, թերահավատների ու չկամների ծանր հայացքների տակ Հայաստան անուն տուն ենք բարձրացնում և ամենքիս ու յուրաքանչյուրիս ջանքի անկեղծությունը պատկառանքի սարսուռ է ցողելու մեր չարակամների զանգվածների վրա և բարեկամների փաղանգներ է զատելու նրանցից ու կանգնեցնելու ինքնիշխան մարդկանց մեր կողքին, և հակառակը` մեր ջանքի պռատությունը, մեր գործի առջև մեր հավատի ու նվիրումի թերին լցվելու և մեր չկամների ու անգամ բարեկամների քամահրանքով, սերնդեսերունդ հավիտենական խարան է լինելու բոլորիս ու յուրաքանչյուրիս վրա` ինչ երկնքի տակ էլ լինենք եւ քաղաքացիական ու դավանանքային ինչ զգեստի մեջ էլ լինենք. և մինչև իսկ մեր պատմության փառավոր դեպքերն ու պսակյալ դեմքերն են մեզնից երես դարձնելու, որովհետև այդպես և միայն այդպես է — մարդկային կյանքի մեր ժամանակը ամեն ժամի ու պահի հաստատումը կամ ժխտումն է անցյալի. բոլորս և յուրաքանչյուրս մեր ժամին մերաբար նորոգ ու վավերակետ դարձնենք մեր պսակյալ նախնու պատկանելիությունը մեզ, այլապես` «Դավիթն այստեղ չի կռվել», այլապես «Նարեկն այստեղ չի գրվել», այլապես անհուշ-անտուն թափառական ցեղի ծվեններ ենք:

Թե՞ մենք ունակ չենք նվիրումի:

Թե՞ մեր տված արյունը բազում աշխարհամարտերի` մեր տված արյունը չէր — տուրք էր կեսարներին:

Թե՞ մեր — ցմրուրս զոհողությունները հպատակի մեր տուրքերն էին օտար տիրակալներին:

Թե՞ մարդկային մեր շքեղ շնորհների բացարձակուները այլ ժամանակների ու երկրների ապարանքներում — շնորհի բացահայտումն էին ի տես մեզ իշխողների:

հրանտ2Հիմա մենք ենք մեր և՛ իշխողը, և՛ հպատակը. ոչ ոք, խեղճ անվանյալ մեր Աստծո առաջ ուրիշ ոչ ոք չի վայելելու մեր Ազնվությունն ու Պատիվը, ոչ ոք չի տիտղոսավորելու մեր յուրաքանչյուրի բարձրությունը, չի նշանակելու մեր նվաստությունը, շքանշանով չի դրոշմելու մեր նվիրումը մեր գործին — մեծ վկան ու պարգևը ինքը հայոց մեր տունն է լինելու և մեծ մեղադրողը մեզ` այդ տան թերին:

Տուն ենք բարձրացնում, որ երևալու է աշխարհի բոլոր ծագերից և բոլորիս հպարտությունն է լինելու, և նրա վառ կերոնները լույս են խփելու աշխարհի բոլոր անկյուններում ու ստվերների մեջ հայորդի են փնտրելու, ազգային դեմք ու հպարտություն են շնորհելու նրանց: Նրա գոյությունը բարձրերիս վեհացնելու, ընկածներիս բարձրացնելու, խոնարհներիս շտկելու է, անվանիներիս նա ազգանուն է շնորհելու, անանուններիս` ինքնություն և անտերներիս տիրություն:

Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում, և նրա մեր կարեկից ողորմությունը չի խնդրում,- կարեկցել ուզում և կարողանում են նաև օտարները, քանզի կարեկցանքը պարոնտիրոջ վերաբերմունք է առ ողորմելին,- Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը: Նրա նվաստությունը վաղվա օրով — այս պահին մեր ստույգ դավաճանությունն է: Հիմնովին ցնցված մեր հին երկրում Հայրենիք ենք բարձրացնում և նրա պարիսպները քարորեն համր են մնալու այսօրվա մեր թերահավատների առջև, և նրա բարձր կամարները բարի հուշեր են ղողանջելու մեզանից նրանց մասին, ովքեր իրենց շատից շատը և քչից քիչը դրեցին նույն այդ կամարների հիմքում: Բարին ընդ բոլորիս և ամեն մեկիս:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s