Mediaeducational blog

Ե՞րբ են աշխարհում նշում Նոր տարին

Оставьте комментарий


NOR_TARI Այսօրվա Ամանորին շատ նման էին հին հույների Դիոնիսոսին նվիրված տոնակատարությունները: Իսկ Հին աշխարհի ժողովուրդների մեջ «ամանորյա աստվածություններից» ամենակատարյալը, թերևս, հռոմեական Յանուսի պաշտամունքն էր: Նա տարվա խորհրդանիշն էր: Յանուսն ուներ 365 մատ և բոլոր գործերի սկիզբն էր խորհրդանշում: Մինչ Յանուսի պաշտամունքը Հռոմում նոր տարին տոնում էին մարտի 1-ին: Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46 թ. իր բարեփոխումներով նոր տարին սահմանեց հունվարի մեկին, երբ կոնսուլները ստանձնում էին իրենց պաշտոնները: Հունվար ամիսն էլ անվանակոչվեց Յանուսի անունով: Ամանորյա տոնակատարությունները Հռոմում շատ բուռն էին և կոչվում էին Կալենդար:

Միայն IV դարում քրիստոնյաները երկար հաշվարկներից հետո Քրիստոսի ծնունդը «հարմարեցրին» նոր տարուն և նշում են կամ դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 6-ին:

Եգիպտացիները նոր տարին նշում էին Նեղոսի վարարման շրջանում, երբ երկնակամարում հայտնվում էր սրբազան աստղ Սիրիուսը: Քրմերի հրավերով մարդիկ հավաքվում էին գետի ափին և վարարումն սկսելուն պես մեկնարկում ժողովրդական տոնախմբությունը, որն ուղեկցվում էր աստվածներին նվիրված երգ ու պարով, զոհաբերություններով:

Բաբելոնում Ամանորը` Մարդուկի տոնը, նշվում էր գարնանային գիշերահավասարին հաջորդած առաջին լիալուսնի օրը, և տոնակատարություններն այստեղ տևում էին խորհրդանշական 12 օր: Այս օրերի ընթացքում խելահեղ ծիսակատարություններ էին արվում, և մարդկանց կամքն ու ցանկությունները սահմանափակող որևէ օրենք, նորմ չէր գործում:

Իսկ հրեաների համար հունվարի 1-ը սովորական աշխատանքային օր է: Հրեաների նոր տարին` Ռոշ-ա- Շանան, նշվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով: Երբ 1918 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի  1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ` նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը:

Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ): Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին` Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով` սառեցնում են անցորդներին: Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է:

Շատ երկրներում, բացի  տոնածառից, բնակարանը զարդարվում է օմելայի փնջերով: Այս սովորությունը գալիս է Անգլիայից: Տոնական  օրը անգլիացիների տունը զարդարվում է այդ  բույսով: Օմելայի փնջեր կան անգամ լամպերի ու ջահերի վրա, և ըստ սովորույթի`  կարող ես համբուրել այն մարդուն, ով կանգնած է սենյակի մեջտեղում` օմելայի փնջի տակ:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ հավատալիքների` այդ գիշերը կախարդական ցախավելի վրա սավառնելով` գալիս է բարի փերի Բեֆանան, փոքրիկ ոսկե բանալիով բացում է դռները և մտնելով երեխաների սենյակները` նվերներ է լցնում հատուկ կախված գուլպաների մեջ: Եթե տվյալ երեխաները վատ են սովորել կամ չարություն են արել, Բեֆանան նրանց գուլպաները լցնում է ածուխով: Իտալացիների Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում համարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով: Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտել հին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ կրքոտությամբ. պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլ հնոտիք: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն անպայման կզբաղեցնեն նորերը: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայման պետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող` երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ: Իտալիայի գավառներում սովորույթ կա հունվարի 1-ին առավոտ կանուխ աղբյուրից ջուր բերել: «Եթե ոչինչ չունես նվիրելու,- ասում են նրանք,- ջուր և ձիթենու ճյուղ նվիրիր»: Համարվում է, որ ջուրը երջանկություն է բերում: Իտալացիների համար շատ կարևոր է նաև, թե ում առաջինը կհանդիպեն նոր տարում: Եթե հոգևորական լինի, վատ է, ցանկալի չէ նաև փոքր երեխան, իսկ ահա կուզիկ պապիկը շատ լավ նշան է:

Չեխիայում ևՍլովակիայում մեծ անհամբերությամբ են այդ տոնին սպասում երիտասարդ աղջիկները, չէ՞ որ հենց Ծննդյան օրվա գիշերն են իմանում`  կամուսնանա՞ն, թե՞ ոչ: Ապացույցը տնային հողաթափն է, որը նրանք գլխի վրայով պետք է նետեն դեպի դուռը: Եթե հողաթափն ընկնի քիթը դեպի դուռը, ապա շուտով փեսացու կհայտնվի, իսկ եթե դեպի սենյակը, ապա աղջիկը ստիպված է սպասել ևս մեկ տարի:

Իռլանդիայում Նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող խաղաղություն լինի այս տանը և ամբողջ աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը դիմավորում է իր տանը: 12-ն անց կեսին իռլանդացիները դուրս են գալիս  քաղաքի կենտրոնական լուսավորված ու տոնական զարդարված հրապարակը:

Նոր տարին ուրախ են դիմավորում Բուլղարիայում: Երբ մարդիկ հավաքվում են տոնական սեղանի ՞շուրջը, բոլոր տներում երեք րոպեով լույսերը հանգչում են: Այդ րոպեներն անվանում են «ամանորյա համբույրների րոպեներ», որոնց գաղտնիքը պահպանում է մթությունը:

Իսպանացիների համար, որոնք ամեն առիթ օգտագործում են ուրախ ֆիեստա կազմակերպելու համար, հիմնական տոնը  մնում է Սուրբ ծնունդը: Այդ երեկոն անցկացնում են բացառապես ընտանիքի հետ, ճոխ սեղանի շուրջը,  և, ի դեպ, որքան աղքատ է ընտանիքը, այնքան ճոխ ու հարուստ է սեղանը, քանի որ տանտիրուհին հենց այդ օրվա ընթրիքի համար է  ջանում պահեստավորել ամենահամեղ մթերքները: Ընդ որում, չնայած տարիքին, համադամասերները` մեծից փոքր, նախապատվությունը տալիս են քաղցրեղենին, որը կարող է մատուցվել տասնյակ տարբերակներով. գինու խմորով պատրաստված կարկանդակներ, նշով թծվածքներ, քիմիոնով թխվածքաբլիթներ:  Ինչ վերաբերում է նվերներին, ապա դրանք հիմնականում ստանում են երեխաները:  Նախօրեին երեխաները պատուհանից կախում են գուլպան, որն առավոտյան լի է լինում զանազան նվերներով: Իսկ դեկտեմբերի 31-ին` Սուրբ Նիկոլասի օրը, իսկական տոն է ընկերների շրջապատում: Այս դեպքում արդեն ոչ ոք կաշկանդված չէ կրոնական ծեսերով, և ամեն ոք զվարճանում է, ինչպես սիրտը կուզի: Լինում է, որ միասին են օրը նշում ամբողջ հարկաբաժնով կամ շենքով, մտնելով հարևանի տուն սիրած սանգրիի կամ ռեխի բաժակով  և   հյուրասիրության ափսեով:

Ֆրանսիական Ձմեռ պապը` Պեր Նոելը, գալիս է ամանորյա գիշերը և նվերներ թողնում երեխաների կոշիկներում: Նրան, ում բաժին է հասնում բակլան` եփած ամանորյա կարկանդակում, ստանում է «բակլայի թագավոր» տիտղոսը, և տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին: Տոնածառի մոտ դրվում են սանտոններ` փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդության` լավ գինեգործ-տանտերն անպայման պետք է բաժակով չրխկացնի գինու տակառին, շնորհավորի դրա տոնը և խմի ապագա բերքի համար:

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի բնակիչների համար հիմնական ամանորյա իրադարձությունը տեղի Ձմեռ պապիի` Սուրբ Նիկոլասի ժամանումն է  քաղաքի նավահանգիստ:  Դա սովորաբար տեղի է ունենում դեկտեմբերի առաջին օրերին: Մնացած բոլոր նախաամանորյա ժամանակը հոլանդացի երեխաները ջանում են չարություն չանել, որպեսզի արժանանան Նիկոլասի  և նրա ծառա «Սև Պիտի» երկար սպասված նվերներին: Այս երկրում տոնակատարությունները տեղի են ունենում բավական ավանդական ձևով, եթե հաշվի չառնենք պարտադիր չմշկասահքը քաղաքի սահադաշտում:

Մնացած սկանդինավյան երկրների համար Սուրբ ծնունդից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ամանորյա շաբաթն ուղղակի հեքիաթային է անցնում: Լապլանդիայի փոքր Ռոմանիեմի քաղաքում` բևեռին մոտ, ըստ ավանդության, ապրում է ամենաիսկական Ձմեռ պապը: Հենց այստեղից է նա մեկնում Ծննդյան գիշերվա ճամփորդության, որպեսզի հասցնի բաժանել մոլորակի երեխաների նվերները:

Խստաբարո ավստրիացիների համար ամանորյա գիշերը  տարվա մեջ անլուրջ լինելու գրեթե միակ հնարավորությունն է. այդ երեկո մեծ թե փոքր անագե արձանիկներ են գնում, որոնք հալեցնում են գդալի վրա, մոմի կրակով, այնուհետև հալոցքը լցնում են հատուկ նախապատրաստված փոքրիկ ափսեի մեջ: Նայած, թե ինչ գծագրություն կընդունի սառչող հեղուկը,  կարելի է ենթադրել, թե ինչ է սպասում արձանիկի տիրոջը գալիք տարում: Աստված մի արասցե, որ ստացվի 13 թիվը: Իսկ ահա արևը կամ սրածայր գլխարկը՝ հիանալի են:

Ընկերական շրջապատում ուրախանալու համար ավստրիացիները տաք գինի են խմում` գլինտվեյն, և քանի որ գինու քանակը սահմանափակ չէ, իսկ Սիսիի տնտեսող սերունդների խորտիկներն այնքան էլ առատ չեն, առավոտյան արական սեռի գրեթե յուրաքանչյուր երկրորդ ներկայացուցիչը, փաստորեն, ոտքի վրա չի կանգնում:  Հունվարի 1-ին բոլոր քաղաքներն ու գյուղերն ասես քարանում են. ժողովուրդն արթնանում է միայն երեկոյան և գնում մոտակա խորտկարանը, որպեսզի ալկոհոլից հյուծված օրգանիզմն ամրացնի նրբերշիկով ու տաք… թթու կաղամբով:

Շատ  արտասովոր են ամանորյա տոնակատարությունները Ավստրալիայում: Ձմեռ պապն ազդարարում է  նոր տարվա գալուստը` հայտնվելով Սիդնեյի լողափերում: Նոր տարվա երեկոյան ընդունված է մեծ խմբերով այցելել տարբեր հասարակական վայրեր` բաց երկնքի տակ, որտեղ հրավառություն է: Ավստրալիական ամանորյա հանդիսության առանձնահատկությունը դրա բացակայությունն է կեսգիշերից հետո: Ավստրալիացիներն արթնանում են առավոտյան 5-6-ին` հաշվի չառնելով հանգստյան կամ տոնական օր լինելը, և պառկում են քնելու երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ: Այնպես որ, ամանորյա կեսգիշերը բացառություն է: Բայց  ժամը 00.10-ին, այնուամենայնիվ, արդեն անկողնում են:

Ծագող արևի երկրում` Ճապոնիայում, քաղաքների և գյուղերի բոլոր բնակիչները փետրվարի 1-ին դուրս են գալիս փողոց` դիմավորելու արևածագը: Երբ արևի առաջին ճառագայթները լուսավորում են երկիրը, ճապոնացիները շնորհավորում են միմյանց նոր տարվա առթիվ և նվերներ փոխանակում: Իսկ երեկոն հաճելի է անցկացնել ընտանիքում: Եվ որպեսզի չար ոգիներին տուն չթողնեն, նրանք տան շեմին կախում են ծղոտի պսակներ: Նրանք կարծում են, որ դա իրենց երջանկություն է բերում: Նրանք նաև սովորություն ունեն ծիծաղել նոր տարվա գալստյան պահին:

Նոր տարվա տոնակատարությունը շատ գեղեցիկ է Չինաստանում: Ամբողջ երկիրը նման է մի մեծ փայլուն գնդի, քանի որ տոնական ծիսակատարության ժամանակ, որը ընթանում է նոր տարվա գիշերը Չինաստանի փողոցներում, մարդիկ մեծ թվով լապտերներ են վառում, որպեսզի լուսավորեն իրենց ճանապարհը դեպի նոր տարի: Քանի որ նրանք կարծում են, թե նոր տարին շրջապատված է չար ոգիներով և անմաքուր ուժերով,  որոնց վախեցնում են  հրավառության միջոցով:

Իսկ Իրանում նոր տարին դիմավորում են մարտի 21-ին: Այնտեղ մարդիկ նոր տարուց մի քանի շաբաթ առաջ փոքրիկ ծաղկամաններում ցորեն են ցանում:  Նոր տարվա ժամանակ արդեն սերմերը ծլած են լինում, ինչը խորհրդանշում է գարնան և նոր տարվա գալուստը:

Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ծեսեր կան Հնդկաստանում: Այնտեղ մարդիկ զարդարում են իրենց վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով: Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն ունեն: Օրինակ` երեխաների համար նվերները դրվում են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և մոտեցնում նրան այդ սկուտեղին:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s