Mediaeducational blog

Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/ «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» ( «I Ask You Ladies and Gentlemen»

Оставьте комментарий


220px-Սյուրմելյան1Վիլյամ Սարոյանը գրել է. «Գրեթե ամբողջ գիրքը քնարական բանաստեղծություն է: Սյուրմելյանի ոճը պարզ է և անսեթևեթ, ջերմ ու սրամիտ, և միևնույն ժամանակ լի քաղաքակիրթ ու խելացի մարդու թախիծով: Չեմ պատկերացնում մի մարդ, ով հիասթափվի այս գրքից: Այն պարունակում է լավագույն էջերը, որ երբևէ կարդացել եմ»:

  Լևոն- Զավեն Սյուրմելյանը մեկն էր այն բազում հայ երեխաներից, որոնք խաղի բերին  թշնամուն  և չմեռան: Նա եկավ Ամերիկա և սկսեց նորոգել իր ավերված առասպելը: Միայնակ, բոլորովին անսահման մեծ աշխարհում, բայց միշտ հավատարիմ մնալով այն խոստմանը, որ տվեց իրեն պատանի տարիքում՝ քայլ առաջ, ոչ մի դեպքում չհանձնվել ու չնահանջել, չթրքանալ ու չձուլվել մեկ այլ ազգի, գնալ հոսանքին հակառակ, բայց հայ մնալ: «Մենք, հայերս, պատերազմ ենք մղում այն բանի համար, որ մինչև վերջին շունչը հայ մնանք: Տիկնայք և պարոնայք, ես ուզում եմ ասել աշխարհին, ես լուր եմ բերել-մենք անհետացող ազգ չենք: Մենք ապրելու ենք:  Հայաստանն ապրելու է: Միշտ»,- ահա թե ինչ է ասում  Սյուրմելյանը` տրապիզոնցի դեղագործի տղան իր վեպերով ու իր ողջ կյանքով:

Աշխարհում այսօր էլ շատերը չգիտեն փոքրիկ Հայաստանի տեղը, չգիտեն, որ այդպիսի ազգ դեռ գոյություն ունի: Սյուրմելյանը հիշում է մի ֆիլմ, մի կինոկոմեդիա, որ կոչվում էր «Անհետացող հայը»: Վերնագիրը բոլորովին կապ չուներ սյուժեի հետ: Պարզապես կատակերգություն էր ավազանում լողացող մի մարդու մասին, որ անհետանում էր ջրի տակ ու միշտ խեղդվելու վտանգի մեջ էր, մինչ ավելի մեծ և ուժեղ լողորդները կռվում էին իրար հետ: Իսկ դահլիճը ծիծաղում էր «անհետացող հայի» վրա, որ համառորեն փորձում էր ջրի երեսին մնալ և չխեղդվել:

 Նա այս մտածելակերպը պետք է հաղթահարեր: Պետք է ցույց տար դարի մեծագույն հանցագործությունը և ապացուցեր հայերի ապրելու իրավունքը: «Վերապրողներս հիշում ենք դեռևս շշմած՝ պատահածից, անկարող՝ հասկանալու կամ այդ մասին խոսելու »: Սյուրմելյանը այս գիրքը գրեց շատ տարիներ անց, միայն մասնակի, կցկտուր մի պատմություն Ամերիկայում ապրող չափահաս մարդու կողմից: Եվ նրա համար չափազանց կարևոր էր , թե ինչ լեզվով պետք է գրվեր այդ պատմությունը: Հայության պատմությունն անելու համար նա կարիք ուներ տարածված մի լեզվի, որովհետև գրում էր ազգերի թանգարանի համար, վկայություն էր տալիս համաշխարհային մի ատյանում, բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար:

«Եթե ոչ մի հետք չմնար Արևմտյան Հայաստանից, իմ գիրքը հնարավորություն պիտի տար պատմաբաններին ու ազգագրագետներին՝ վերակառուցելու այդ անհետացած կյանքը»: Եվ բացի այդ, ասում են, թե գրողները իրենց հիվանդությունները թոթափում են իրենց գրքերում: Սյուրմելյանինը հայկական հիվնդությունն է. «Ես պետք է գրեի այս գիրքը, այլապես երբեք չէր խաղաղվի հոգիս»,- գրում է նա:

Նրան հաճախ էին մեղադրում այն բանում, որ նա անգլերեն է գրում: Իսկ գրողը պատասխանում էր. «Պարզապես աշխատանքի բաժանում է: Դուք հայերեն եք գրում, ես անգլերեն և երկուսս էլ նույն նպատակին ենք ծառայում»: Իսկապես նա հսկայական ծառայություն մատուցեց հայությանը և հայության անունից ողջ աշխարհին: Նա կատարեց մի տիտանական աշխատանք, անգլերեն թարգմանեց հայկական էպոսը՝ «Սասնա ծռերը», ապա հայկական ժողովրդական հեքիաթները թարգմանեց և հրապարակեց «Անմահական խնձորներ» ժողովածուով և դրանք ճանաչվեցին լավագույնը Գրիմ եղբայրների հեքիաթներից հետո:

«Եվ թեկուզ գրում էմ մի ուրիշ լեզվով, բայց սրտով մնում եմ նույն մանչուկը: Գիտեմ, որ իմ մեջ միաձուլում եմ Ամերիկան ու Հայաստանը և ինձ նման հարյուր հազարավոր հայեր կան Սփյուռքում»:

Անգնահատելի են նրա այս ինքնկենսագրական վեպի էջերը: Գիրքը մենք այսօր հայերեն թարգմանությամբ ենք կարդում, որը պետք է ասել, որ վատը չէ, բայց փոքր-ինչ խորթ է մեր լեզվին, կարծես այլազգի թարգմանած լինի: Թերևս բնագրով կամ հայերեն գրված լինելու դեպքում ավելի ջերմությամբ կարդացվեր: Սակայն բառերում պարփակված աշխարհն այնքան խոր է ու այնքան հուզիչ, որ աննկատ է դարձնում այդ փոքրիկ թերությունը: Մինչդեռ Սյուրմելյանն էլ ասում է, որ սա նաև առաջին անգլերեն գիրքն է ու մի քիչ պարզունակ է գրել, պարզապես ասել էր պետք ճշմարտությունը, ինչպես ճանաչել էր:

Եվ ստեղծագործությունը չափերով պետք է լիներ շատ ավելին և վեպի իրական չափերին համապատասխան մեծածավալ գործ պետք է լիներ սա, թեև այսքանն էլ լիովին բավարար էր մարդկային ողջ ողբերգությունն ու կյանքի հրաշքը արտահայտելու համար: Գիրքը Սյուրմելյանի պատմելով պետք է կրկնակի ծավալ ունենար: Շատ բան է դուրս թողնվել: Եվ դա պայմանավորված էր նրանով, որ գրքի գլուխներից շատերը հրատարակվել էին որպես պատմվածք կամ ակնարկ: Իսկ քանի որ ամերիկյան հանդեսներում էջերը շատ սուղ են և ամսագրերն էլ քիչ, տեղ չկա երկար պատմությունների իովին ծավալված պատմվածքներ և ուրիշ գլուխներ, որ գրքում պիտի տեղ գտնեին, չկան: Գրքի գլուխներից մեկը՝ «Ամերիկան իմ արյան մեջ» արտատպվեց անգլերեն դասընթացի համալսարանական մի դասագրքում: «Իմ ռուսական գդակը» տպագրվեց «Ամերիկյան լավագույն պատմվածքներ» հանրահայտ ժողովածուում և այլն:

Սակայն միևնույն ժամանակ նրանք ամբողջական, կարատարյալ հուզիչ 25 գլուխներ են, որոնցում կուլմինացիան ըստ Սյուրմելյանի «Իմ ռուսական գդակը» գլխում է, որը իսկապես հրաշալի մի պատմություն է, իսկ ինձ համար «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» գլխում:

Այս գլխի մասին կխոսենք մի փոքր-ինչ հետո, իսկ հիմա անդրադառնանք վիպական մյուս հատկանիշներին: Առհասարակ վեպում շատ դեպքեր են նկարագրվում, սյուժեն լինում է բազմագիծ, իրար են խաչվում մի քանի հերոսների կյանքում տեղի ունեցող դեպքերը, իսկ այս վեպում իրար են խաչվում ոչ թե մի քանի հերոսների, այլ մի քանի ժողովուրդների ճակատագրեր՝ հայերի, հույների, թուրքերի, ամերիկացիների: Եվ տեղի են ունենում անհաշվելի թվով դեպքեր, այնքան, որ անհնար է պատկերացնել, որ դա կարող էր պատահել մի ազգի, առավել ևս մի երեխայի հետ, սակայն Սյուրմելյանը դեռ գրքի նախաբանումնշում է, որ դա իր պատմությունն է, որովհետև ամբողջ պատմությունը անհնար էր պատմել: «Ես արձանագրեցի լոկ այն, ինչ որ տեսել էի աչքովս ու կրել էի ինքս: Ես ուզում էի ամեն ինչ պատմել այս իրադարձություններից մազապուրծ եղած մի տղայի տեսանկյունից, բնականաբար սահմանափակ  գիտելիքներով ու նեղ մտահորիզոնավ տղայի, առանց ավելացնելու որևէ բան , որ իմացել էի հետագայում: Դա կխեղաթյուրեր պատմությունը: Ամբողջ պատմությունը չի պատմվել և չի կարող պատմվել: «Մուսա լեռան 40 օրը» հայի կողմից չգրվեց: Վերապրողները ցրվեցին աշխարհի չորս ծագերը ու դեռ թաքցնում են վերքերը»:

Մենք կարող ենք զայրույթով խոսել օրվա այս կամ այն լուրի առիթով, բայց ոչինչ չասել մեզ ամենից ավելի մտատանջող բաների մասին: Տարագիր հայը լի է չասված խոսքերով: Եվ Սյուրմելյանը նաև խոստովանում է, որ չի սիրում մանկության կամ պատանեկության շրջանի ինքնակենսագրություններ՝ գրված հասուն մարդկանց տեսանկյունից, երբ հեղինակը շարունակ միջամտում է պատմությանը՝ լուսաբանելու կամ բացատրելու համար: ուստի ինքը պատմում է այնպես, ինչպես պաըահեց: Այստեղ ոչինչ չի փոփոխված ու չի ավելացված:

Ընդհանուր առմամբ վեպի սյուժեն առանց դադարի է ընթանում, երեխան զարմանալիորեն հիշել ու մտապահել է ամեն ինչ, միայն երբեմն հիշողությունը դավաճանում է նրան և փոքրիկ թռիչքներով է ընթանում պատումը: Իսկ երբեմն այնպիսի դրվագներ են հանդիպում վեպում, որ զարմանալիորեն տպավորվում են՝ սկսած փոքրիկ տղայի այն պատմությունից, երբ Սուրբ Զատիկի տոնին սրբազանը օծում է նրա ոտքերը սուրբ ջրով ու ասում.

-Համբուրիր և գնա…

Իսկ տղան չհասկանալով, որ պետք է խաչը համբուրել, փորձում է համբուրել ոտքի մատներն ու համընդհանուր ծիծաղի առարկա դառնում: Կամ էլ երբ նա արդեն պատանի էր ու հազարերորդ ճամփան էր կտրում որբ ու միայնակ և այս գիշեր Հայաստանի ճամփաներից մեկին էր ու դեպի ինքը գայլեր ու աղվեսներ էին շարժվում, նա նրանցից չէր վախենում, այլ հանգիստ, ջերմորեն նայում էր նրանց: Այդ գակլեր ու աղվեսներ չէին, այլ հայ գայլեր ու աղվեսներ, հետևաբար և եղբայրներ:

Իսկ վեպում հերոսները շատ են, անթիվ և դա բնական էր, եթե հաշվի առնեինք այն կյանքը, որ ապրում էր 9-10 տարեկան ոքրիկ տղան իր անվերջ թափառումների ընթացքում: Նրանք հայտնվում են, որոշակի դեր խաղում Զավենի կյանքում, և ապա ճամփաները բաժանվում են կամ էլ հերոսների կյանքն է ընդհատվում, իսկ այդպես շատ հաճախ էր պատահում: Թեև նրանցից շատերն անմոռանալի հետք էին թողնում պատանու հոգում. Թուրքերենի դասատու պարոն Օհանյանը, որ իր ողջ կյանքը նվիրել էր թուրքերենի ուսուցմանը և ստիպված էր համաքաղաքացիների համար թարգմանել նրանց մահվան դատավճիռը:

Մարիա Վալիշվիլին- հույն հարևանուհին, որ, կորցնելով ծնողներին, անազնիվ նավաստիների ձեռքն է ընկնում ու գնում սխալ ճանապարհով: Եվ Զավենն էլ առաջին անգամ իրեն տղամարդ զգալու համար գնում է փողոցային աղջկա հետևից ու երբ բացահայտում է մանկության խաղընկերուհուն, երկուսն էլ նույն երեխաներն են դառնում ու երջանիկ զգում երեխաների նման իրար հետ խաղալիս: Քույրերն ու եղբայրը, մայրիկն ու հայրիկը, գեղեցկուհի աղախինը, տատիկները, որ հիվանդանոց տարվեցին թուրքերի կողմից իբրև թե խնամվելու և թունավորվեցին սուրճով, Ազնիվ մորաքույրը և քեռի Լևոնը: Երիտասարդ հեղափոխականը, որ հերոս էր Զավենի աչքում ու հերոսի նման էլ մեռավ՝ չկարողանալով միայնակ թողնել մորը: եվ քեռու անունն էլ հավերժացնելով Զավենը տարիներ հետո վերամկրտվեց ու դարձավ Լևոն-Զավեն Սյուրմելյան:

Անմոռանալի են հայրիկի ու մայրիկի մասին երջանիկ, հեքիաթային հիշողությունները անհոգ մանկության տարիներից: Իսկ երբ վերջնականապես բաժանվեց հայրիկից ու մայրիկից, փակվեց կյանքի մի էջը և մի ուրիշ էջ բացվեց, կարծես կյանքը շուռ տվեցին. Երկինքն այլևս այն չէր, թփերն այլևս այն չէին. «Ինչքան բախտավոր էի, ծայրաստիճան երջանիկ մի շատ կարճ ժամանակ առաջ և առանց գիտակցելու այդ»: Իսկ հետո էլ ոչ մի կաթիլ արցունք չթափվեց նրանց համար: Կան ցավեր, որ խոսքի ու արցունքի համար շատ են խոր: «Մի տեսակ գաղտնի դաշինքով զգույշ էինք՝ երբեք չխոսելու մեր ծնողներից ու ուրիշ ազգականներից: Մեր ամենախոր վշտերը թաղված էինմեր սրտերում՝ վերքեր, որոնք երբեք չէին բուժվի, ու մենք փորձում էինք մոռանալ այդ բոլորը՝ մեր միավորման ուրախության մեջ»: Իսկապես այս երեխաները համեմատաբար երջանիկ կարող էին համարվել. Ընտանիքի չորս զավակները միասին էին, ողջ և դա զարմանալի էր: Հետաքրքիր են նաև նրա բոլոր պատանի ընկերների կյանքի պատմությունները:

Օրինակ՝  Արամ անունով տղան հանրահայտ էր իր շրջապատում: Սպիտակ դրոշը, որ ամերիկացի հյուպատոսը պարզել էր Տրապիզոնը ռուսական բանակին հանձնելիս, Արամի անկողնու սավանն էր եղե;, որ իր աչքում պատմական դեմք էր դարձնում իրեն:

Խոր երախտագիտությամբ է խոսում հեղինակը ռուսների ու հույների մասին, նրանց շնորհիվ էր փրկվել իր կյանքը և նա ջերմ կապերով էր կապված նրանց հետ: Հույն բժիշկ Մեթաքսասի շնորհիվ փրկվում են նրա եղբայրն ու քույրերը և առողջ ու ապահով մանկություն ունենում: Եվ արդեն ծերունի Մեթաքսասը դեռ խորհուրդ է տալիս Զավենին. «Մի մոռացեք ոչ ձեր հայրենիքը, ոչ ձեր ազգը»: Եվ Զավենը նրա համար հուշարձան էր ուզում կանգնեցնել… Կան նաև բազմաթիվ թուրքերի կերպարներ՝ լավ ու վատ, քաղաքակիրթ ու վայրենի…Թշնամին այնքան մոտ է այս գրքում:

Եվ դեմքերն ու դեպքերը նկարագրելուց զատ, որքան էլ հեղինակը փորձի հույզերին մեծ տեղ չտալ, միևնույն է, անկարելի ա առանց դրանց: Եվ դրանք էլ իրենց անփոխարինելի տեղն ունեն ցանկացած վեպում, առավել ևս այսպիսի վեպերում, որ արցունքներ է քամում ընթերցողի աչքերից առանց որևէ ճիգի:

Աննկարագրելի է Զավենի վերադարձը տուն ջարդերից հետո, միայն թե տուն, որտեղ ոչինչ չեն թողել, ոչինչ, անգամ լինոլիումը հատակի: Մտնում է տուն ու թվում է մայրիկը սպագետտի է պատրաստում խոհանոցում, թվում է հայրիկը ինչպես առաջ թուղթ է խաղում սենյակում հույն ընկերների հետ: Հետո հիշում է այն օրը, երբ հայրիկը առաջին և միակ անգամ ծեծեց իրեն, ու՜ր էր թե մեկ էլ ծեծեր…

Ոչինչ, ոչինչ չկար և միայն չգիտես ինչպես տան կատուն էր փրկվել և արդեն ոսկոր ու կաշի դարձած գտավ իր տիրոջը և աչքերում տասնյակ հարցեր. «Ուր էիք, ինչու գնացիք…Ինչու եք ինձ մենակ թողել»…Եվ այս ամենը անտանելի էր, կարծես մեկը բռնել էր տղայի կոկորդից ու խեղդում էր, անհնար էր այդ տանը մնալ…

Ոչինչ չկա, կան միայն երազանքներ, շատ, մեծ… Նախ պետք է քայլել միմիայն առաջ, նվաճել նախ ընկերներին, դասարանին, ԱՄՆ հյուպատոսին և ապա Ամերիկան՝ Նոր ախարհը:

Պետք էր նոր կյանք սկսել և պատանին ընտրեց դրա համար երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ: Պետք էր գործնական լինել, ինչպես ամերիկացիները, պետք էր կերակրել ազգը ու նա գնում էր Ամերիկա գիտական երկրագործություն սովորելու, իսկ հետո հետ կգար ու Օձունում կհիմներ երկրագործական ուսումնարանը: Եվ իր խոստովանմամբ էլ ԱՄՆ գնալու համար նա սկսեց բանաստեղծություններ գրել: Եվ երբ բոլորը նրան սկսեցին հանճար կոչել, նա սարսափելի խաբեբա էր զգում իրեն, կարծում էր իսկական բանաստեղծները երկնային ներշնչանքով են ստեղծագործում, մինչդեռ իրենը պարզ հաշիվ էր ու մի մեծ  խաբեություն, իսկ նա սքանչելի բանաստեղծություններ էր գրում…

Եվ առանձնահատուկ մի արժեք, որ ուներ ծովը նրա համար… Զարմանալի հարազատ, զարմանալի հոգատար….

Փոքրիկ, փոքրիկ հավաքվում էին պատմությունները բոլոր-բոլոր այն մարդկանց, բոլոր երեխաների, ովքեր անցել էին այդ ամենի միջով: Ողբերգական մի ժամանակաշրջան և միևնույն ժամանակ հերոսական, չափազանց խառը, երբ կարևորագույն դեպքերն իրար են հաջորդում ակնթարթային արագությամբ: Եվ այս ամենը մի փոքրիկ երեխայի հայացքով, որ ապրեց այդ ամենը, մինչև ջարդերը հայերի համեմատաբար խաղաղ կյանքը, ջարդերը, Առաջին համաշխարհային պատերազմը, ռուսական զորքերի նահանջը ու հեղափոխությունը, Հայկական առաջին հանրապետությունը, հայ-թուրքական պատերազմը, Հայստանի խորհրդայնացումը և այլն:

Զարմանալի ընդգրկուն հասարակական կյանք ամեն տեղ՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա, Հունաստան, ԱՄՆ, ոևտեղ առաջին անգամ իրեն կատարյալ միայնակ զգաց, միայնակ՝ մեծ աշխարհում: Իհարկե հետո այս ամենը հաղթահարեց և Ամերիկան էլ նվաճեց:

6-7 տարի, որ փոքրիկ, երջանիկ երեխային հասուն մարդ դարձրին և զարմանալի է այն զգոնությունը, որ ուներ նա ամենասարսափելի օրերին: «Երբեք ավելի լավ ու ավելի խելացի չեմ ապրել, երբեք իրերն այսքան հստակ չեմ տեսել, քան երբ դեմ հանդիման եմ եղել մահվանը»: Ու թեև այսօր ԱՄՆ-ից նա կարողանում է այսպիսի ընդհանրացումներ անել, միևնույն է, լուծում չի կարողանա գտնել: Ու դիմում է ողջ աշխարհին, քաղաքակիրթ ողջ մարդկությանը, Ամանորին միայնակ խմիչքը ձեռքին ու ասում. «Ես մի օր կկռվեմ Ամերիկայի համար, բայց ասացեք, տիկիններ և պարոններ, մարդ ինչ կարող է անել Ամանորի նախօրյակին, երբ ժամանակին վանք, նվիրված մի Փրկչի, որ չփրկեց իր ժողովուրդը: Ինչ կարող եք անել, երբ ձեր խաղընկերները , վշտի ու ուրախության, քաղցի ու թշվառության ձեր ընկերները, երազ հասակի ձեր երազակիցները չկան, կորել են: երբ մանկապարտեզում սիրած ձեր գեղանի աղջիկները մեռած են ու նրանց ոսկորները անթաղ են կամ էլ գերության մեջ են նրանք՝ մոռացված իրենց հարազատ ազգից:

Ամանորի այս նախօրյակին, երբ հիշում եմ հայրիկիս, որ աշխարհի լավագույն դեղագործն էր: Ապակյա գնդեր կային նրա սեղանին, յուրաքանչյուր կողմը՝ մի հատ, մեկը՝ սքանչելի կարմիր գույնի, մյուսը՝ սքանչելի կապույտ գույնի: Երբեք ինձ չէր ասում՝ ինչ կար այդ ապակյա գնդերի մեջ, միայն խորհրդավոր ժպտում էր, երբ հարցնում էի: Ով կասի ինձ, այս երկրում որտե՞ղ կարող եմ գտնել այդպիսի մոգական գնդեր:

Եվ ես տեսնում եմ Ամանորը Եյսկում, երբ ինձ հարց էի տալիս, արդյոք երբևէ գալու է մի օր, երբ իսկական ճաշ կունենանք, միայն թե կարողանանք նստել և ուտել, ուտել, ուտել: Թվում էր՝ երբեք չի գալու այդ օրը, մենք մոռացել էինք՝ ինչի նման էր քաղցած չլինելը, ինչի նման էր հացը:

Ամերիկայի քաղաքացի եմ և դիմում եմ ձեզ, մարդ ինչպես կարող է մոռանալ իր մանկությունը, ինձ նման միլիոններ կան այս գիշեր Ամերիկայում, որոնց հալածում են իրենց վաղեմի տարիները՝ միշտ և ամենուրեք ամենաերջանիկները: Աշխարհը լի է վշտով ու հուշերով, պատմություններով, որոնք պատմել չի լինի, սրտահույզ պատկերներով, որոնք պատմություն չունեն»:

Զարմանալի ծանր և զարմանալի թեթև մի գիրք, մահվան, բայց առավելապես կյանքի գիրք: Արցունքները հոսում են, ու մեկ էլ ժպտում ես, որովհետև Սյուրմելյանը թույլ չի տալիս երկար լաց լինել. Ապրել է պետք…

Աղբյուրը` Ստեղծագործ բլոգ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s