Mediaeducational blog

Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին/ Martiros Saryan- Charenc

Оставьте комментарий


download (3)Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշում…

Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:

Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:

Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով` մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել, վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:

— Ա՛յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի:

— Այդքան էլ արագ չէր:

— Չէ՛, չէ՛, ի՞նչ ես ասում: Այսինքն՝ ես էլ ոչինչ: — Ու քմծիծաղելով, ապա կոմիկ լրջությամբ ցուցամատը քունքին դնելով` ավելացրեց, — ասենք մեղքը ժամանակինն է, տեխնիկայի դար է:

Բարեբախտաբար հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե` «լա՛վն  է, չէ՞, մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, — իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:

— Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:

Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամդրությունը ցրել. չի ստացվում: Նայում եմ դեմքին. ի՛նքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:

— Ինչո՞ւ, — հարցնում է զարմացած:

— Չգիտեմ, վաղը գամ:

Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:

— Ոչինչ, — ասում եմ, — գործդ վերցրու´ ու արի´ տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ,  գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր … Լուսիկն արագ – արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում է ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»: Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:

Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս`մտածելով` տեսնես փորձն արդյունք տվել է:

… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չարենցն էլ Չարենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է. մազերը` սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը` հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը:

Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …

Դիմանակարը դուր եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:

— Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, — ասաց, — հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ: «…»:

Հաճախ,  Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ են նշանակում  դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով` կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին` Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Վ.Մաթևոսյան «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները»

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s