ԿԱՄԻԼԻՈ ԽՈՍԵ ՍԵԼԱ. «Փողկապները»/ Camilo José Cela


sela22222222Ինչպես հավաստիացնում են սոցիոլոգները (իսկ մենք մեզ թույլ ենք տալիս կարծել, որ նրանք իրենց փաստարկներն ունեն դրանում մեզ հավաստիացնելու), պատերազմները, համաճարակները, սովը, աղետներն ու նմանօրինակ երևույթները, սովորաբար, ենթադրում են բարոյականության անկում, հոգու հաղորդակից անոթների հավասարակշռության խախտում: Սոցիոլոգներն այս դեպքում հիմնվում են այն թեզի վրա, որ բարոյականությունը մտացածին ավելորդություն է, ի հակառակ քրիստոնեության թեզի, որն արդեն քսան դար անձնվեր պայքար է մղում:
Ակնհայտ է (առանց բարդ և անծանոթ խնդիրների մեջ խորանալու և մեր գլխից մեծ գործ բռնելու ու առանց գլխացավանքի մեջ ընկնելու), որ պարտության մատնված պատերազմները հոգիներն ավելի խորն են ընկղմում եսամոլության անդունդը, ինչը մարդկային էակների փոխհարաբերությունների որոշիչներից մեկն է (ըստ վիեննացի բժիշկների` ստամոքսի և սեռական բնազդների հետ մեկտեղ). խոսքը ոչ թե այն սրբազան էակի մասին է, որը, քիչ թե շատ անտարբեր, աջակցում է աշխարհի զվարճալի ներկայացմանը, այլ այն դերասան էակի, որը լավից-վատից պարկեշտությամբ իր դերն է կատարում կյանքի մեծ բեմի վրա, զորեղ լուսամփոփների սառը լույսի ներքո:
Վերջին համաշխարհային պատերազմը (պատերազմ, որտեղ բոլոր սպիտակամորթներս պարտություն կրեցինք հենց այն օրը, երբ կրակեց առաջին հրացանը), քայքայման մյուս նշանների հետ մեկտեղ, առաջ բերեց փողկապի պարտությունը:
Այն ժամանակից ի վեր, ինչ այն կապվել է մարդու վզին, որպեսզի մյուս մարդիկ իմանան, որ նա, ով անցնում է, ազնվական է, փողկապը, որպես այդպիսին, երբեք չի կրել ավելի լուրջ մի գրոհ, քան վերջին ժամանակներս: Որպես վայելուչ ազնվականության նշան փողկապն անհետացել է, եւ պարանոցներն այսօր տկլոր են կամ, ինչն ավելի վատ է, ցնցող, մետաքսե կտորով վիրավորական կապված, ինչը կարող է ամեն ինչ նշանակել, բացի ազնվականությունից:
Անգլիացի պճնամոլը կասեր, որ փողկապը պետք է այնքան ներդաշնակ, այնքան տեղին, զուսպ, ազնվական մի բան լինի, որ ոչ ոք, մեջքով շրջվելով դեպի կրողը, չկարողանա նկարագրել այն, ոչ էլ ճշգրտորեն հիշել:
Անգլիացի պճնամոլի ժամանակներն այն ժամանակներն էին, երբ փողը քիչ թե շատ համընկնում էր ազնվականության և տոհմի բարձր ճաշակի հետ: Այդ ժամանակ առևտուրը, ստոր զբաղմունք լինելուց բացի, դեռ պատճենահանող մեքենայով թղթադրամներ արտադրելու գործարան չէր, և փողկապավորված պարանոցները, նրանք, ովքեր զգացին փողկապի բացակայությունը հենց առաջին հաղորդության օրերից ի վեր, անցորդի ուշադրությունը դեպի իրենց քայլը գրավելու կարիքը շատ չէին զգում:
Մադրիդը, որը, ընդհանրապես, լավ հագնված տղամարկանց և լավ կոշկավորված կանանց հավաստի արդարացված համբավ ուներ, այս ամառ մեզ է առաջարկում անփողկապավորների խղճուկ ներկայացում և ամերիկյան ոճով փողկապիչների ստորացուցիչ տեսարան՝ խելքը թռցրած մավրիտանական հրուշակագործի երևակայության նման մի բան: Դեռ չենք եկել որևէ եզրակացության, թե այդ երկու երևույթներից ո՞ր մեկն է ավելի վատ, այն, որը շարքից հանում է մեր լյա՞րդը, թե՞ այն, որը մեզ զրկում է նյարդային համակարգի փոխհատուցումից:
Անկեղծ ասած, մենք դեռ չենք հարմարվել կուրծքը բաց, երես առած երիտասարդին տանելուն, որը խորամանկորեն օգտվելով շոգից, ջանք չի խնայում իրեն ուժեղի տեղ դնելու և լանջի գանգուրները մեզ ցուցադրելու համար, կամ Ֆրենկ Սինատրայի ուրվագծով, վրան իսկական թիթեղից մետաղյա զարդերով դեղին փողկապով մեկ ուրիշին: Բարեբախտաբար, մեզանից չի պահանջվում նաև ընտրություն կատարել;
Տե՛ր Աստված, ինչո՞ւ կորան այն ազնվական փողկապները, այն բոլոր զորացնող, մուգ կարմիր կամ կապույտ փողկապները, որոնք այդքան անդորր էին բերում մեր մտքին: Որտե՞ղ են: Ի՞նչ է եղել դրանց հետ: Ո՞ր անհայտ անդունդներում են խորտակվել: Մոռացության ո՞ր գարշելի հանքախորշերն են դրանք կուլ տվել:
Մեկը (նա դա խոստովանում է առանց կարմրելու) ընդամենը մի փողկապ ուներ, մի փողկապ բոլոր առիթների համար, ինչպես հասարակ սպասավորները, մի փողկապ, որը ենթարկում էր Սուրբ Ծննդի ամենախիստ սառնամանիքների, բարեկենդանի ամենախենթ տեղատարափ անձրևների և ամառվա ամենաանտանելի շոգերին: Այդ մեկը, որի փողկապը, երբ մի օր սկսեց հնությունից ձևափոխվել ու հանգույցի հատվածից քայքայվել, (ինչը ճիշտ է, ճիշտ է) մի քիչ վշտացած՝ այն փոխարինելու համար դուրս նետվեց փողոց` մի ուրիշ փողկապի ետևից: Նա իր հին փողկապի հանդեպ ավելի մեծ հարգանք էր տածում, քան Լա Կորունյա գավառի բնակիչը իր ,հինե կնոջ հանդեպ, որն իր հիսուն տարեկան հասակում քաղաքի տոնավաճառում ամուսնու կողմից երկու քսանհինգ տարեկան աղջիկներով փոխարինվելու վտանգին ենթարկվեց: Բայց նրա սերն ու հարգանքը այն աստիճա՛ն չխանգարեցին գիտակցությանը, որ ժխտի փողկապի ծերության ակնհայտությունը: Ընկերներին այցելեց, որ իրեն խորհուրդ տան, հավաքույթների վայելուչ կենտրոններ հաճախեց, որ տրամադրվի, շրջեց այն բոլոր վերնաշապիկների խանութներով, որոնց մասին տեղեկացավ: Ամեն ինչ անօգուտ էր: Մադրիդն առանց փողկապների էր: Հազարավոր փողկապներից և ոչ մեկը չէր կարող փոխարինել հին փողկապը: Այդ մեկը` կծկված, տխուր ու ափսոսանք արտահայտող դեմքի արտահայտությամբ, տուն վերադարձավ և երկու օր անկողին ընկավ. ճիշտ այնքան ժամանակ, ինչքան ծախսվեց քիմմաքրման կետում` գեղեցկության ինստիտուտում, իր փողկապը թարմացնելու, հարթեցնելու, մի քիչ իր ներկայացուցչականությունը, իր ծաղկուն տեսքը և համարյա, համարյա իր նույն երիտասարդ արտաքինը վերադարձնելու համար:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s