Mediaeducational blog

ՍԵՎԴԱ ՍԵՎԱՆ «ՎԵՐՋԻՆԸ»/ Sevda Sevan

Оставьте комментарий


սեվանՄեր ամուսնության տարեթիվը կորչում է ինչ-որ տեղ իրադարձությունների քաոսում։ Այդպես էլ երբեք չհիշեցի։ Կիրքը, որ հափրել էր մեր մարմինն ու հոգին, խանգարում էր դասդասել կյանքիս էջերն ու նախադասությունները։ Չկար դադար, չկար հանգիստ։ Կառչում էինք մեկ-մեկուց տիվ ու գիշեր, ամեն ժամի։ Ցանկությունը խուժում էր մեզ վրա, տապալում գետնին և քարշ տալիս մինչև անհիշելիության ափերը, ինչպես օվկիանոսի ալիքները, որ ոչ թիվ ունեն, ոչ սկիզբ, ոչ վախճան։ Մենք մի ամբողջություն էինք տարածության ու ժամանակի հետ։ Մենք լցված էինք մեկս մյուսով։ Եվ այն, ինչ կոչվում էր սեր, երբեք չէր բավելու։ Այդպես էլ բաժանվեցինք, վերջում, ավելի շուտ մեզ բաժանեց մահը, նրա՛ մահը… ամուսնո՛ւս։ Բաժանվեցինք չհագեցած…
Եվ այնուամենայնիվ հիշում եմ։ Շատ բաներ եմ հիշում։ Ամենից կարևորները։ Օրինակ օրգանտինե զգեստս` դժգույն, թեթևակի կապտին տվող, ամբողջովին շաղ տրված փոքրիկ վարդագույն ծաղիկներով։ Եվ հարսանեկան փունջս` կարմիր վարդեր, կարճլիկ կոթուններով, որ կապտելու աստիճան սեղմում էի վատ նախազգացումներից քրտնած ափիս մեջ։ Աստվա՜ծ իմ, որպիսի հիմարիկ մարգարե. վախենաս այն լավագույն տարիներից, որ առջևում էին…

* * *
Ազա Դերյանը գեղեցիկ էր։ Գեղեցիկ հանց սրբապատկեր։ Նրա գեղեցկությունն այնքան ապշեցուցիչ էր, որ ստիպում էր մարդկանց ետ-ետ քաշվել, ասես պիտի խանձեր նրանց, վնաս հասցներ, պիտի խաթարեր նրանց սեփական, անդեմ կյանքի փխրուն ներդաշնակությունը։ Բնավորությունը թունդ էր, անհաշտ աշխարհիս անարդարությունների հետ, այնպես ինչպես ինքն էր հասկանում։ Ազան կատարելության աստիճան տիրապետում էր վիճելու արվեստին. վիճում էր կրքոտ, հակառակորդին ոչնչացնելով կայծակնաբար, անգթորեն առանց աչքն իսկ թարթելու, թո՛ղ որ հետո, գիշերներ շարունակ, պիտի կրծոտեր խղճի ոսկորը` մերկացնելու չափ։ Իրականում նրա զգացումների բարդ լաբիրինթոսը դասավորված էր ինչպես մենդելեևյան աղյուսակը, իսկ արձագանքները հատու էին ու ճշգրիտ, ենթակա նրա անսխալական բնազդին։ Երբեք հաշիվ չէր տալիս իր մտքի սրության համար, չէր գիտակցում, որ գեղեցիկ է։ Ճիշտ հակառակը։ Կարծում էր, որ մարդիկ իրենից որոշակի հեռավորության վրա էին պահում նրա՛ համար, որ զուրկ էր մի ամբողջ շարք բաներից, որոնցով Աստված և բնությունը շնորհազարդում են ամենասովորական իսկ կանանց։ Ընդհանրապես մտքով չէր անցնում, որ շնորհազարդվածը ի՛նքն է, և իր վրա՛ է թափված առատության այն եղջյուրը, որի պատճառով մնում էր ընդմիշտ «հոտից առանձնացած»։ Իր մասին ունեցած կարծիքը սկսեց փոխվել ավելի ուշ, երեսուներեքի ժամանակները, երբ հանդիպեց Բանկոյին։ Բանկոն կարող էր ականջի տակ ժամերով շշնջալ իր բացառիկության զտարյուն, «ոսկու բարձր պրոբի» մասին, որպես մի բան, որն իրեն վիճակվել էր հանդիպել, ավա՜ղ, շատ ուշ, և այդ պատճառով էլ ավելի թանկ էր, հավանաբար` նաև ոչ արժանի։ Ազան չէր մտածում գոռոզանալ նրա գովեստներից։ Ընդհակառակը, նա ներքին ձայնի թելադրանքով գիտեր, որ Բանկոն գագաթնակետն է։ Որ նա այն ամենն է, ինչ չէր տրված իրեն ի սկզբանե, ծննդո՛վ, և մի ամբողջ կյանք չէր բավելու հասնելու համար։ Բանկոն ամենագետն էր, ամենազորեղը, ամենասրամիտը, միաձույլը, հաղթահասակը, բարեսիրտն ու իմաստունը, քնքուշն ու սիրահարվածը օվկիանոսին և իրեն։ Նա ներշնչում էր ուժ և համարձակություն։ Եվ Ազան կյանքում առաջին անգամ բացահայտեց, որ ամեն ինչից էլ կարող է գլուխ հանել։ Եվ հիմա այլևս իրեն պիտի շատ անհրաժեշտ լիներ հենց այդ համարձակությունը, մեծագույն համարձակություն, որովհետև առջևում մեծ ճանապարհ ուներ անցնելու, սկզբից մինչև վերջ, նախ` իրեն Բանկոյի հետ, ավելի ուշ` առանց նրա։
Առաջին հայացքից նրանք բոլորովին տարբեր էին և հազիվ թե սազում էին իրար։ Բանկոն` մենակյաց, առանց կնոջ, առանց մշտական աշխատանքի, բաժան-բաժան եղած մերթ երեք, մերթ վեցամսյա նավարկումներով, քամիներից ու տարածություններից «շշմած», բայց և` կապված ափից։ Հրատարակչությունների հետ, որ փոխում էր ամեն վերադարձից հետո, քանի որ ինչ-որ մեկը շտապել էր «դիրքի տիրանալ»… Այն նշանավոր կուսժողովների հետ, որոնցից չէր կարելի բացակայել, քանի որ արդեն քաղաքում էր… Կապված ծովափի այն տնակի հետ, որը սպասում էր իրեն իջեցրած շերտափակոցներով, ինչպես վշտից լռած սիրուհին… Մինչև որ չգնար և ինքն իր ձեռքով չվառեր վառարանները և չընկողմաներ` մեջքը բուխարու կրակին տված, կում-կում ըմպելով իր բուրբոնը:
Ազայի կյանքն այլ կերպ էր ընթացել. ինչքան իրեն հիշում է, միշտ շղթայված է եղել իր կանոնավոր ընտանիքի նույնքան կանոնավոր կապանքներով։ Հյուծված անվերջանալի հիվանդություններից, որ հաջորդում էին իրար բոհեմական բռնկումների կարճատև դադարներով… Վաղուց էր հաշտվել սեփական անզորության մտքի հետ` ձերբազատվելու այն խաբեությունից, որի մեջ ստիպված էր ապրել այն սառը, չսիրած տղամարդու հետ։ Նրա հետ ամուսնացավ բոլորովին ջահել, շտապ-շտապ, այդպես` ինչպես որ էր, կարճլիկ տաբատով։ Ամուսնացավ հենց այնպես, ի հեճուկս կեղծավոր ու անգութ այն ազգականների, որոնք ամաչում էին և վախենում իրենց այս Ազայի գեղեցկությունից։ Բանկոյին և իրեն բաժանում էր նաև ամբողջ մի քառորդ դար, որի ընթացքում նա` Բանկոն, հասցրել էր վերապրել համաշխարհային մի պատերազմ, մի հեղափոխություն, երկու ձախողակ ամուսնություն և չորս դուստր, որոնցից երկուսի համար ինքն էր հոգ տարել մինչև կմեծանային։ Ազան երեխաներ չուներ։ Ոչ թե նրա համար, որ չէր կարող կամ չէր ուզում, այլ պարզապես չէր կամենում արյունը խառնել մի մարդու հետ, որին չէր սիրում։ Իրենց կապի առաջին ամիսներին նա կարծես Բանկոյին նույնպես չէր կարողանում սիրել։ Տրվում էր, թողնում էր, որ տիրի իրեն… Բոլորանվեր, որպես զոհաբերում։ Եվ` այսքանը։ Բայց ո՜չ, միայն այդ չէր, Բանկոն իր կյանքն էր մտել անզգայաբար, մեկ ուրիշ դռնից։ Նրանց ի մի բերեց այն, ինչը կոչվում է ազատություն, սկզբից և ամեն ինչից առաջ` նրանց սեփական ազատությունը։ Ազատություն ամենամոտիկ հարազատներից, որոնք դատապարտում էին նրանց, չհասկանալով այս ուշացած կիրքը, որը սպառնում էր հօդս ցնդեցնել ընտանիքում սահմանված «ստատուսքվոն»։ Ընկերների՛ց, որոնց մեծ մասը մի րոպեում, դուրս եկավ, որ ամենասովորական մատնագրեր գրողներ են, չնայած անդուլ կերպով ծածանում էին դրոշները մի հեղափոխության, որն ակներևաբար չէր նշմարվում առաջիկայում։ Գոնե առնվազն այդպես թվում էր կոմունիզմի այն խուլ, անհուշ ու չվերջացող ժամանակներում։ Ազատություն` հասարակությունից, հարևաններից, ամեն քայլափոխի, ամեն առիթով հայտնվող ստուգողներից, այն մարդկանցից, որոնց հետ աշխատում էր Բանկոն, ավելի շուտ միասին անցկացնում օրվա ութ ժամը, նույն սենյակում, կողք-կողքի դրված նույն գրասեղանների հարևանությամբ։ Ազատություն այն բարի՜ն կամեցողներից, որոնք չէին երկնչում անստորագիր նամակներ հղել, զգուշացնելով Ազայի թաքնված արատների մասին։ Միևնույն էր, նրանք արբած էին իրենց ազատության համից, նոր թոթափած շղթաների թեթևությունից, այն գիտակցությունից, որ իրենք են տնօրինում իրենց կյանքը։ Ընդհանրապես հաշիվ չէին տալիս իրենց այն ամենի համար, ինչը սպառնում էր ամեն օր… Թակարդների համար, որոնց միջով քայլում էին հպարտ, հայացքները մեկը մյուսի աչքերի մեջ խրած, ամեն Աստծո օր տնից մինչև սրճարան ընկած ճանապարհին։ Թակարդները` ամենից հաճախ հենց այդ սրճարանում, որտեղ հավաքվում էին գրողներ, նկարիչներ, թարգմանիչներ ու լրագրողներ, գրամոլներ, նվագածուներ, երաժիշտներ, թատրոնի մարդիկ, բացահայտ գրաքննիչներ և Պետական Անվտանգության թաքուն ծառայողներ, կենտկոմի և քաղբյուրոյի անհասանելի անդամներ, որոնք ժամանակ առ ժամանակ պատրաստ էին, չնայած երկյուղած, բայց անկեղծ լկտիությամբ, կճմթելու այն շենքի վերին հարկից իջնող քարտուղարուհիներին, որը երկրում և օտար «հակա» ռադիոկայաններին հայտնի էր որպես Գորշ հոսանք։
Ազան և Բանկոն սրճարան եկան պայմանավորված ժամից շուտ, իսկ «նրանց մարդն» արդեն սպասում էր այնտեղ։ Նստած էր վերջին սեղանի մոտ, հաստատության խորքում, ինչպես նրան բացատրել էր Բանկոն, որպեսզի ավելի հեշտ գտնեին իրար և որտեղ ինքն էլ միշտ նստում էր` մեջքը հենած քարե նկարեն պատին, Վարպետի( սքանչելի մի մադոննայի հայացքի ներքո։ Տղամարդը հրաժարվել էր հեռախոսով հայտնել իր անունը, և նրանք համաձայնել էին միայն վստահությամբ հանդիպել։ Ճաղատ էր, ականջից կախված հսկայական մի ադամանդով, իդեալականորեն սափրված, բարակ նուրբ շրթունքներով և երաժշտի բեղիկներով։ Աչքերը խաժ էին, իսկ քիթը բավականաչափ մեծ էր ու կոր, որպեսզի Ազան զգար նույն այն թրթիռները, որ ակամա սահում էին մարմնով ամեն անգամ, երբ աշխարհի այս կամ այն անկյունում հանդիպում էր որևէ անծանոթի` իր արյունից։ Նա իր հայերին ճանաչում էր անսխալորեն…
Ազան կանգնեց սեղանի մոտ և, համենայնդեպս, մրմնջաց իրենց լեզվով. «Բարև»։ Տղամարդն աշխույժ վեր ցատկեց. ակնհայտորեն ավելի երիտասարդ էր, քան հուշում էր ճաղատ գլուխը։ Միջահասակ էր, նիհար, բայց ջղուտ։ Փողկապ չէր կապում, փոքր-ինչ ճմրթած վերնաշապկի վերին կոճակը պիջակի տակից կոճկված չէր։ Գոնե առաջին հայացքից ոչ մի բանից չէր երևում, որ «տեռորիստ» է` Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի զինվոր, ինչպես ասել էր ընդամենը մի ժամ առաջ, հեռախոսով։ Ազան վախից խելքը գցել էր։ Ամենայն հավանականությամբ իրենց նույնպես ականջ էին դնում, ինչպես բոլոր նրանց, ովքեր մի երկու տող ունեին թերթերում տպած։ Իսկ եթե, Աստված մի արասցե, մի քանի վեպերի հեղինակ լինեին, ինչպես Բանկոն… Նա լավ գիտեր, որ ինքը նույնպես հետաքրքրություն էր ներկայացնում այդ ծառայությունների համար. մի քանի անգամ փորձել էին «իրենցով անել»։ Լավ փաստարկներ ունեին դրա համար։ Թուրքերը` նրանց անվանումների բռնի փոփոխության պատճառով, սկսել էին գլուխ բարձրացնել։ Ինչ-որ բան էր կատարվում գյուղերում, ներքևը` հարավում, ինչու՞ ոչ` նաև հյուսիսում։ Խոսվում էր ահաբեկչության և բռնության մասին` ամենուրեք, որտեղ մուսուլման բնակչություն էր ապրում։ Բայց թե ո՞վ` ում, ե՞րբ, որտե՞ղ` թերթերը չէին գրում։ Միանգամայն ըստ կանոնակարգի. ամեն ինչ վարդագույն է, հանդարտ, հսկողության տակ։ Իրենից ակնկալվում էր ատել նրանց, իր պապերի հետ կատարվածի պատճառով, ջարդերի, բռնի տեղահանությունների, տասնյակներով մորթված կամ կախաղան հանված տղամարդկանց պատճառով` իր երբեմնի մեծ գերդաստանից։ Չնայած այսօրվա այս տեղացիները ի՞նչ ընդհանուր բան կարող էին ունենալ մի բանի հետ, որ տեղի էր ունեցել այնտեղ` Անատոլիայում, սրանից ավելի քան յոթանասուն տարի առաջ։ Ազան, իրոք, ատում էր նրանց, ավելին` իր բջիջներն էին ատում։ Դրանց։ Այնտեղ… Ժամանակը ոչինչ չէր փոփոխել։ Թուրքը մնում էր թուրք։ Իբր խոնա՜րհ էին, աշխատասեր, բարի բնավորությամբ, իբր նրանց կրոնը սովորեցնում էր ազնիվ լինել։ Այո, այդպիսին եղել էին այն մի քանի հարյուր տարիների ընթացքում, որ ապրել էին միասին։
Բարեհաճ, ծառայակամ հարևաններ, որ հարգում էին ռայայի տոներն ու սովորությունները, այնքան ժամանակ, մինչև ղեկավարները կհրամայեին` «սպանեցեք գյավուրներին, նրանք մեղավոր են ալլահի առաջ»։ Եվ ամեն ինչ սկսվում էր նորից, արդեն որերո՜րդ անգամ։ Ո՛չ, չէր կարելի ներել այն, ինչը ինքը, ճիշտ է, աչքովը չէր տեսել, բայց զգում էր հոգու և մարմնի վրա այրող դաջվածքների պես։ Նույն բանը նա հանդիպում էր իր բոլոր արյունակիցների աչքերում` ահել թե ջահել, բոլորը մի մարդու նման մինչև ուղն ու ծուծը լցված այդ անհաղթահարելի, անամոք վշտով… Ազան… միայն թե պարզորեն գլուխ չէր հանում այստեղի թուրքերի հանդեպ ունեցած իր զգացումներից։ Պտտվող լուրերն այն մասին, որ սահմանը լցված է Թուրքիա մեկնող փախստականների շարաններով, նրա մեջ տարօրինակ, անբացատրելի և մի տեսակ անհարմարության զգացումներ էին առաջացնում։ Բայց զգացողությունն ավելի ուժեղ էր, քան բանականությունը։ Պատկերացնում էր, թե ինչպես մի ժամանակ իր պապերն ու տատերը փոքրիկ երեխաներին խտտած, պարկերով, կապոցներով, կարպետներով ու ծածկոցներով, ո՛րը սայլով, ո՛րը հազիվ քարշ տալով գոյությունը, և ինքը նրա սայլին լծված, այդպես ճամփա էին ընկել դեպի Տեր Զոր, Անատոլիայից արևելք գտնվող այդ քաղաքը, անապատի եզրին, Եփրատի ափին։ Թե ինչպես էին երեք տարի շարունակ քայլել թեժ ավազների միջով, նոր հողե՜ր բնակեցնելու համար, ինչպես խաբել էին նրանց. թե ինչպես քաղցից ու ծարավից հյուծված, հիվանդություններից քայքայված մարմիններով ընկել էին ճանապարհներին` անգերեզման, անթաղ, անաղոթք… Նրա գերդաստանից շատ քչերն էին կենդանի մնացել և որպես բարերարություն էին ընդունել փախստականի ճակատագիրը, հենց որ ոտք էին դրել բաղձալի ափ։ Այդ ափը նրա պապերի ու տատերի համար եղել էր Բուլղարիան։ Փրկությունը։ Եվ կյանքը սկսվել էր նորից։ Ամեն ինչը` սկզբից մինչև այստեղ, մինչև նա` Ազա Դերյանը։
Ձեռքով ողջունեցին միմյանց։ Ազան և Բանկոն ներկայացան։ Իսկ տղամարդը թեև ինչ-որ բան մրթմրթաց, բայց անունը դարձյալ չիմացվեց։ Տեղավորվեցին սեղանի երկու կողմերում։ Ազան հարցրեց հյուրին, թե ինչ լեզվով կարող էին խոսել, որպեսզի ամուսինը նույնպես մասնակցեր զրույցին. ռուսերե՞ն, անգլերե՞ն, գերմաներե՞ն։
– Ես բուլղարերեն խոսում եմ։ Այստեղից եմ` Սոֆիայից։ Ծնողներս մինչև հիմա էլ ապրում են «Օբորիշտե»-ում։ Ժամանակին ամբողջ հինգհարկանի շենքը մերն էր, բայց երբ կոմունիստները եկան, ստիպված եղանք քաշվել ձեղնահարկ, ծառաների բնակատեղին։
– Լավ, եթե խնդիր չունենք իրար հասկանալու հարցում, սու՞րճ, թե՞ թեյ… Կամ, գուցե որևէ խմիչ՞ք, – առաջարկեց Բանկոն։
– Մենք չենք խմում, – ընդոստ պատասխանեց անծանոթը։ – Ինչքան ինձ հայտնի է, դուք պատերազմի մասնակից եք և գիտեք, թե ինչ է նշանակում ճակատ։ Իսկ մեր ճակատը շատ ավելի վտանգավոր է…
Ազան փորձեց աշխուժություն մտցնել, քանի որ անծանոթը բավականին սուր տոն էր ընտրել.
– Կարող եմ ուրիշ, յուրահատուկ մի բան առաջարկել։ Այս սրճարանում կա «Արարատ» հայկական կոնյակ, երևի սիրում եք։ Բանկոն, երբ մրսած է լինում, մի բաժակ թեյ է խմում դրանով, և երկու ժամ հետո ոչինչ չկա…
– Տիկին Դերյան, մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Մենք գտնվում ենք պատերազմի մեջ և կարգապահությունը պահպանելը շատ կարևոր է մեզ համար։ Դա նույնիսկ կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Բայց… եկեք ժամանակ չկորցնենք։ Ես այստեղ եկել եմ անձամբ ձեզ համար։ Միայն մի քանի ժամ պիտի մնամ Սոֆիայում։ Անգամ ծնողներիս չեմ տեսնելու։
– Ինձ համա՞ր, – Ազայի սիրտը ուժեղ թպրտաց կողերի մեջ։
– Սպասեք, սպասեք, ինչպե՞ս թե եկել եք միայն կնոջս համար։ Նա դերասանուհի է։ Նույնիսկ հայերեն չգիտի։ Ի՞նչ ընդհանուր բան կարող եք ունենալ նրա հետ։
– Այո, գիտենք, որ բանաստեղծություններ էլ է գրում։ Հետո՞ ինչ։ Ես էլ ջութակահար եմ։ Մենք նրա մասին ամեն ինչ գիտենք։ Ձեր մասին` նույնպես։ Դուք մեր` հայկական ճակատագրի իսկական ասպետ եք և ինչքան ձեզ ճանաչում ենք, վստահ ենք, որ ամեն ինչ ճիշտ կգնահատեք…
– Ստույգ, ի՞նչը։ Իրականում խոսքն ինչի՞ մասին է։ Չեմ պահանջում իմանալ ձեր անունը, բայց քանի որ ներկայանում եք որպես զենք կրող մարդ, կարծում եմ, որ մի փոքր ավելի ճիշտ բացատրություններ պետք է տաք գոնե ձեր անձի մասին։ Կարիք չկա, որ թաքնվեք «մենք, մեզ համար» և նման հանելուկային բառերի տակ։ – Բանկոն սկսում էր նյարդայնանալ։ – Ինչ վերաբերում է կնոջս, ես պարտավոր եմ պահպանել նրան։ Նա լուրջ հիվանդ է։ Ես… չգիտեմ ձեր մշտական բնակության ճիշտ հասցեն, բայց կարծես թե մոռանում եք, որ մենք ապրում ենք կոմունիստական պետության մեջ… Եվ այժմ այս հանդիպումն անգամ ռիսկի հարց է։
– Տեսնում եմ, այնքան էլ սարսափելի չէ այս կոմունիստական պետությունը։ Ահա ես` փախստական մարդ, օտար անձնագրով մտել եմ երկիր և դեռ երբեմն-երբեմն կարողանում եմ ծնողներիս էլ տեսնել։ Իսկ դուք կուսակցական եք, ճանապարհորդում եք ամբողջ աշխարհով, կնշանակի վստահություն եք վայելում, այնպես որ, ի՜նչ կա այստեղ… Այո, գիտենք նաև, որ Ազան խնդիրներ ունի… առողջականի հետ կապված։ Եվ դա` փոքր հասակից։ Բայց նա սովոր է ապրել ներդաշնակության մեջ իր սրտի թերությունների հետ։ Նրա դեպքում, ավելի ճիշտ` մեր դեպքում, ինչպես ասում են, «ամեն չարիք` բարության համար»։ Հիվանդությունը նրան թելադրել է «մարտնչող բնազդ» մշակել իր համար, մի բան, որից զուրկ են առողջ մարդիկ։ Հասկանալի է, որ դա ամենևին չի նվազեցնում ձեզ վերապահված դերը նրա կյանքում։
Ազան և Բանկոն իրար երես նայեցին։ Երկուսն էլ ուզում էին ինչ-որ բան ասել, բայց դա… հյուրի առաջ ասվելու չէր։ Սա իրեն պահում էր աններողամիտ կերպով, համարձակ, նման այն չար աստծուն, որը եկել էր հատուկ իրենը ստանալու։ Ակներևաբար, հայկական գաղտնի բանակը օժտված էր գերազանց տեղեկատվությամբ, որի համար գոյություն չուներ երկաթե վարագույր…
– Ասեմ նաև, որ մենք մտադիր չենք նրան գցելու վտանգավոր գործերի մեջ, – շարունակեց նա։ – Աստված մի արասցե։ Մեզ համար կարևոր են նրա այլ հատկությունները, որոնցից զուրկ են մեր տղաներն ու աղջիկները։ Թեև այլ կերպ չէր էլ կարող լինել։ Նրանց ուրիշ կերպ են սովորեցրել։ Նրանք երբեք Հայաստանում չեն եղել, ուզում եմ ասել` Խորհրդային Հայաստանում։ Նկատի ունեմ մեր կռվին մասնակցող երիտասարդներին։ Եվ մի բան էլ կա, որ կհանգստացնի ձեզ. փաստերը ցույց են տալիս, որ բուլղարական ծառայությունները բավականին բարեհաճ են մեր հանդեպ։ Կարծում եմ, ձեզ հայտնի է Բուրգասում տեղի ունեցած դեպքը թուրքական հյուպատոսի հետ… Մեր տղային հաջողվեց առանց մեծ դժվարությունների փախչել… Ազան հիանալի «հասցե» է գաղտնի հանդիպումների, ինչպես և հայրենիքի հետ կապի մեջ լինելու համար։ Դուք` երկուսդ, հաճախ եք ճամփորդում այնտեղ, հնարավորություն ունեք շփվելու մտավորականության, կուսակցական բարձր գործիչների հետ։ Համոզված ենք, որ Ազան գլուխ կհանի Հայաստանի և մեր Բանակի միջև կապող օղակ դառնալու իր խնդրից։ Առայժմ մենք գործակցում ենք միմիայն մեր պետության ներսում և ոչ մի լումա չենք ընդունում օտարներից։
– Ուրեմն բանակում աղջիկնե՞ր էլ կան, – ավելի շուտ ինքն իրեն մրմնջաց Ազան, ասես ամենևին չէր լսել պատվիրակի քիչ առաջվա պերճախոսությունը։
– Իհարկե կան։ Եվ նրանցից ոմանք, բացառված չէ, որ մեռնելու են։ Կամ տասնյակ տարիներով փտելու են բանտում։ Չնայած մեր կազմակերպության հիմնական խնդիրներից մեկը նվազագույն զոհեր տալն է, կամ` բոլորովին չտալը։ Գիտեք, որ հայի արյունը դարերի ընթացքում այնքան շատ է թափվել, որ պետք է խնայենք։
Վերջապես մատուցողուհին մոտեցավ և ընդհատեց նրանց։
–Ինձ համար` նարնջի հյութ, – շտապեց զգուշացնել հյուրը։
– Ուրիշ ոչի՞նչ… Դե լավ, ինձ համար էլ մի «Արարատ» կոնյակ, իսկ Ազայի համար, – Բանկոն հարցական դարձավ կնոջը։
– Ինձ համար նույնպես կոնյակ` փոքր։ Եվ մի բաժակ հյութ։
Տղան դիմեց դեպի բարը։ Ազան, առանց սպասելու, որ տղամարդիկ շարունակեն խոսակցությունը, վրա բերեց, կարծես խոսքը դեռ էլի այն «խնդրի» մասին էր։
– Հասկանալի է։ Եվ ի՞նչ խնդիր է դա… Բանկոն ահաբեկ նայում էր Ազային, աչքերի մեջ` և՛ վախ, և՛ հիացում, և՛ վիրավորված տղամարդկային հպարտություն, և՛ ցնծություն, և հաշտեցում… Այո, նա վաղուց արդեն շղթայազերծել էր իր ոգին։ Եվ` ոչ նրա համար, որ իշխի իր վրա, նա պարզապես ազատել էր իր թևերը կապանքներից, ջարդել վախի շերտափակոցները և ցույց էր տվել երկինքը։ Եվ այդ երկինքն այժմ կանչում էր իրեն։
Եվ Ազա Դերյանը թռավ։ Թռավ առաջին անգամ կյանքում։
Հետագա տարիների ընթացքում դա պատահեց ևս երեք անգամ։ Բանկոն ուղեկցում էր նրան իր թռիչքներում հանց պահապան հրեշտակ։ Նրանք` երկուսով, բավական էին, որպեսզի իրենց զգային որպես ամբողջ մի երամ, որի թռչուններից մեկը մշտապես հոգածությամբ պտտվում էր մյուսի շուրջը։ Պտտվում էր նրա կողքից, հետևից, նրա շուրջբոլորը, առանց ոչ մի անգամ առաջ անցնելու, չնայած հեշտությամբ կարող էր դա անել, մանավանդ առաջին քսան տարիների ընթացքում։ Խանդը սկսեց Բանկոյին կրծել միայն վերջում, վերջնագծին մոտենալիս, երբ զգաց, որ կյանքը գնում է իրենից և սեփականների փոխարեն դնովի ատամներով է կառչում նրանից, որ երբեմնի սպիտակաբաշ արծվի տեղակ վեր է ածվել ծերուկի…
Բայց այդ մասին` հետո։
***
Հայկական թաղամասն ընկղմել էր խավարի մեջ կարծես գոյություն չուներ: Հաստատ դեռ ինն էլ չկար, բայց Ռոդոստոյի թաղերում նույնպես հազվադեպ էին պեծպեծում նավթի լամպերը: Սաղրիկ ծովածոցի եզրին աչքը թարթում էր նոյեմբերյան խոնավությունից քրտնած, դեղնավուն փարոսը: Եվ միայն զորանոցի մուտքի երկու լապտերներն է, որ տարտամ լույս էին սփռում առջևում ձգվող փողոցի և աշնանային վհատ ծովակտորի վրա: Դիմացը, բոլորովին մոտիկ, թաք էր կացել ասիական ափը: Ֆիլորին թվաց, թե լսում է նրա շնչառությունը: Ասիայի խորը, ընդհատ շնչառությունը: Եվ նա դիմեց դեպի ցանկապատը, ուր մենատներն էին: Քայլում էր դանդաղ, կատվի նման, խավարի մեջ ասես նշմարելով ոտքի տակ ընկած ամենափոքր քարի կտորն իսկ: Հատեց առաջին փողոցը, որ ուղղահայաց էր ափին և սկսեց ելնել դեպի վեր: Նրանից աջ, ուղիղ դիմացը, իր ողջ փառահեղ արժանապատվությամբ վեր էր խոյանում Հայկաբաշյանների ապարանքը: Մի պահ պատկերացրեց նրա երբեմնի կենվորներին, իրենց հարստությամբ ու պատվով հպարտ Հայկաբաշյաններին, որոնց մնացորդները նրա աչքին վերջին անգամ երևացել էին ավելի քան մեկ տարի առաջ` այնտեղ, անապատի եզրին, Տեր-Զորից ոչ հեռու, ինչ-որ մի Ծննդյան տոների օրերին: Իրականում նրանցից միայն Օվսաննան էր` իր երեք թոռների հետ: Բոլորով կանգնել էին մի տեսակ մեկուսի, մնացած աքսորականներից մի հարյուր մետրի վրա: Ծեր կինը այնքան էլ մոտ չէր, բայց Ֆիլորը կարողացավ ճանաչել նրան, ավելի շուտ` հալածված կենդանու իր ներքին բնազդով, որը սովոր էր միշտ շուրջը նայել ու նկատել ամեն ինչ: Օվսաննան գրեթե կիսամերկ էր, ցնցոտիների մեջ, նկատելի ծերացած: Մինջև ծնկները ջրի մեջ` նա ամբողջ մարմնով դողում էր: Ձեռքերի մաշկը` արմունկներից վեր, կախվել էր դատարկ գուլպայի պես, մազերը, որ ժամանակին զարդարում էին նրա դեմքը, հավանաբար, բոլորովին սպիտակել էին, բայց հիմա գորշավուն էին թվում, կեղտոտութունից շերտակալած: Այստեղ-այնտեղ սպիտակին էին տալիս գանգի վրա լերկացած բծեր և արյան չորացած հետքեր:
Երևում է խորապես տարված էր իր յուրօրինակ զբաղմունքով: Նա տիղմ էր քամում: Նկատելի էր, որ կռանում է դժվարությամբ. ձեռքերը մտցնում էր ջրի մեջ, ափը լցնում ջրախառն ցեխով, դարձյալ դժվարությամբ ձգվում, երկար, ուշադիր զննում էր ափի պարունակությունը, աչքերով խրվում էր մեջը, ապա դանդաղորեն, մատների արանքով այն ետ բաց թողնում, դարձյալ կռանում, դարձյալ ափլփում տիղմը, դարձյալ մաղում… Երևի որդ էր ման գալիս, որպեսզի կերակրի փոքրիկներին: Երեխաները` նույնպես ցնցոտիների մեջ, շարվել էին նրանից ոչ հեռու, ցեխի մեջ կկզած, հայացքները` ուղիղ նրա ձեռքերին: Նրանք կարծես քարացած լինեին: Ֆիլորը, նա էլ նման սևակնած ստվերի, խենթանալու չափ քաղցած, ցրտից սևացած ոտքերով, գերադասեց չնայել նրանց կողմը, այլ անցնել գնալ: Սակայն հանկարծ, ինչ-որ բան գլխի ընկնելով, բռնեց բրդյա շրջազգեստի քղանցքը և մի մեծ կտոր պատռեց նրա լայնոտ ներքնամասից: Ոտքերը գրեթե մինջև ծնկները մերկացան, բաց անելով հին, չորացած վերքերի վրա փառակալած նոր` վերջին շերտերը: Օվսաննան ետ չնայեց, մինչ Ֆիլորը մոտեցավ երեխաներին և գրկելով երեքին մեկտեղ, ծածկեց նրանց իր թանկարժեք, վերմականման ձեռքգցածով: Եվ այլևս առանց հապաղելու և, առանց շուրջը նայելու թողեց ու հեռացավ, ուսերը ցավագին կուչ բերած, ասես անապատի ողջ ցավը նրանց շալակին բարձած:
Եփրատն ամբողջովին թաղվել էր մշուշի մեջ: Ափին փայտացած կանգնել էին խումբ-խումբ մարդիկ, չէր լսվում ոչ ձայն, ոչ խոսակցություն, մառախուղն ասես կուլ էր տվել մարդկային ամենափոքր իսկ շշնջոցը: Հանկարծ լռությունը թրատվեց մյուզեինի խռպոտ կանչով. «Ալլահ, Ալլահ», հետո ձայնը կտրվեց, և հոգնած ու անտրամադիր սկսեց ինչ-որ սուրահ հնչել, երևի այն պատճառով, որ ունկնդիրները մի քանի զափթիեներ էին, մնացած մարդկային մրջնանոցը, որ շարված էր գետափին, բաղկացած էր անհավատ գյավուրներից:
Ֆիլորը ցնցեց գլուխն ու կտրուկ ետ քաշվեց Հայկաբաշյանների դարբասից: Նրան պետք չէին չարագույժ հիշողություններ: Մանավանդ որ, Ռոդոսթո էր ժամանել բոլորովին ուրիշ առաքելությամբ, որն ինքն էր իր վրա դրել:
Եկել էր վրեժն առնելու:
Արդեն գիտեմ: Ամեն ինչ անցավ-գնաց: Առջևում ոչինչ չկա: Իսկ ետևում իմ այն վիթխարի կյանքն է, որի հետ կարծես ոչ մի ընդհանուր բան չունեմ: Այդ կյանքի միջով ես անցել էի առանց գիտակցելու, առանց հաշվի առնելու ժամանակն ու իմ կատարած քայլերը` երբեմն սպիտակ նժույգ հեծած, երբեմն էշին նստած. մերթ մագլցել էի վեր, դեպի գագաթները, որ չէի էլ նկատել, մերթ գահավեժ ընկել էի անդունդների մեջ, աչքերս պինդ փակած, առանց ամենևին պատկերացնելու, թե ինչ է ինձ սպասում ներքևում: Թրատվել էի փառքի կայծակներով, առանց խանձելու կասկածանքի թևերը: Փողոցների քամոտ կանգառներում սրթսրթալով անհամբեր սպասել էի երջանկությանս տրամվային և ճամփա էի ելել` չսպասելով նրա գալուն: Լողացել էի ու խեղդվել սիրո մեջ: Մահացել էի ու հարություն առել: Էի…, Էի…, Էի…. Տվել էի այն ամենն ինչ ունեի և չէի կորցրել ոչինչ: Բայց այլևս ոչինչ էլ չունեի` ինձ պատկանող:
Քանզի ժամանակը կյանք է, իսկ իմը ավարտվում էր:
Հիմա, երբ արդեն գիտեմ այդ բոլորը, միակ բանը, որ խնդրում եմ, այն է, թե կարողանամ սեփական ոտքերով անցնել այն մի քանի ամիսը, որ մնացել է ինձ: Այդքան են տալիս: Որ կարողանամ մեռնել ուղիղ կանգնած: Կամ գոնե նստած: Կյանքիս լավագույն տարիները, անթիվ-անհամար ժամեր, անցկացրի անկողնին գամված, երակներիս մեջ ասեղներ խրած, փաթաթված վարդագույն, դեղին, կապույտ, մեծ ու փոքր լարաններով, գլխավերևիս` թասիկներ, որոնցից կաթիլ-կաթիլ իբր կյա՜նք պիտի լցվեր մեջս, ամենուրեք մարմնիս վրա թանզիֆե քառակուսիներ կպցրած, ինքս էլ մետաղյա կապիչներով հիվանդանոցային էրգոնոմիկ մահճակալին անշարժացած… Այս րոպեին նույնպես պառկած եմ, միայն ոչ թե հիվանդանոցում, ոչ նույնիսկ հյուրանոցում, կամ քաղաքի իմ պանելային բնակարանի ննջասենյակում…
Պառկած եմ մենատանս: Ծովափին, ծովածոցի ապառաժյա կեռ քթին թառած միայնակ տանս: Ծովի աղի քամին հալեցնում է նրա փայտաշեն պատյանը և տախտակները տարեց տարի ավելի ցավագին են ճթճթում: Երբեմն այն զգացողությունն եմ ունենում, որ դրսում երեխա է լացում: Խաղողի վազի հեծանները` ծերունու ձեռքերի նման ծռված ու գոսացած, նույնպես ճռնչում են: Մանավանդ ձմռանը, երբ ողկույզների ծանր բեռը չի ճնշում նրանց դեպի ներքև, դեպի մոլախոտով աճած սալարկը: Ա՜խ, այդ մոլախոտերը. անընդհատ պոկում եմ համառ փնջիկները, որ դուրս են գալիս քարերի արանքներից, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հախներից գալ.մոլախոտը մնում է մոլախոտ: Աճում է իր համար, ազատ, անարգել, ամրանում է և ոչինչ չի կարող ազդել նրա վրա. ո՛չ երաշտը, ո՛չ աղի անձրևաջրերը: Այստեղ` այս վայրում, քամին ուտում – ոչնչացնում է ամեն ինչ: Հենց որ փչեց, նշանակություն չունի` հյուսիսից, թե հարավից, սկսում է պտտվել տան շուրջբոլորը կատաղած սամումի նման: Թփերը, որ խիտ-խիտ տնկել եմ ցանկապատի շրջագծով, չորս թզենիները, որ ամենից դիմացկունն են, նռնենին ու սամշիդը, ամեն-ամեն ինչը կռացել, տնքում է: Ճյուղերի կատարները, դափնու ծառի մշտականաչ ջլուտ տերևները, դափնեվարդն ու վայրի կիտրոնը փոթորկից հետո սրճագույն են դառնում, ասես ինչ-որ մեկը սափրում է նրանց ժանգատամ խոզանակով: Ամենից շատ մեղքս գալիս են ծաղիկները: Գարնանը, երբ տեղափոխում եմ, առաջինը խխունջն է կրծոտում նրանց դեռ չամրացած արմատիկները: Հետո գալիս է ցմփոր կանաչ որդի հերթը, որը ծակծկում է տերևները: Մինչև ծաղկաբաժակների կազմավորումը մեկամյա ցախակեռասների, ջրկոտեմների ու մյուս ծաղիկների հազիվ կեսն է մնում: Վարդերի տերևները սպիտակում են ոջիլներից: Խխունջները շարունակում են իրենց փսլինքներով ժապավենել պարտեզը` ծայրից ծայր: Գիշերվա ցողն էլ աղի՜-աղի է: Ինչքան էլ որ ջրում եմ, պարարտացնում, մարգերի տակը փորում, փխրեցնում և այլն, ամռան կեսին արդեն ամեն ինչը սկսում է թառամել: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասնել նրան, որ հավասարապես բարձր ու կանգուն ցողուններով կողք-կողքի շարված լինեն, և գոնե մինչև աշնան վերջը զարդարեն բակն ու թեքեն անցորդների ուշադրությունը տգեղորեն քանդրտված ցանկապատից: Այս տանն այնքան բան կա անելու, իսկ ժամանակն անընդհատ չի բավում: Ավելի շուտ` չէր բավում մինչև մեկ ամիս առաջ, երբ օրնիբուն աշխատում էի և գլուխս կորցրած ճամփորդում Երևանի և Սոֆիայի միջև: Իսկ երբ չէի ճամփորդում, վազում էի կոկտեյլից-կոկտեյլ, ցուցահանդեսից-ցուցահանդես: Մշակույթի օրեր` ամենաէկզոտիկ ժողովուրդների, կոմերցիոն համաժողովներ, տոնավաճառներ, այլևայլ պատմական տարեթվերի նշում, որոնց առիթով ծաղկեպսակ է դրվում որևէ անհայտ, կամ ոչ-անհայտ զինվորի հիշատակին, դիվանագիտական վերջնագրերի կամ չոր զեկուցագրերի շարադրում, հանդիպումներ ուրիշ դիվանագետների հետ, օտարազգի այցելուների կամ սեփական նորօրյա տարագիրների հետ, որ հարյուրներով գալիս, ապաստան էին փնտրում Բուլղարիայում Սպիտակի երկրաշարժից կամ Ղարաբաղյան պատերազմից հետո: Երկու տարի էր, ինչ նրանց մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվում էր: Մարդիկ ապրում էին նկուղներում: Մարդիկ այլևս չէին դիմանում և փախչում էին: Կային նաև երևանցիներ, որոնք գուցեև վախեցել էին անկախությունից և չէին պատկերացնում, որ իրենց փոքրիկ Հայաստանը կարող է գոյություն ունենալ առանց Մոսկվայի հովանավոր թաթի, ի՞նչ անեին, մնային ապրելու մթան մե՞ջ, մի երկրում, ուր ոչ հոսանք կար, ոչ վառելափայտ, ոչ բենզին, ջուրը` միայն հատուկ ժամերի, հացի ալյուրը` հազիվ մի քանի օրվա… Այդպիսին էին առնվազն առաջին երեք-չորս տարիները տասնյակ տարիներով երազված անկախության այն երկրում:
Գինը` նշանակություն չուներ:

***
Ազան Աթենքի օդանավակայան հասավ կեսօրվա մոտ: Մեքենան, որ նրան սպասում էր դրսում` հին Մերսեդես էր, ղեկին` նիհարավուն, ոսկրոտ դեմքով, նոր ծիլ տված մորուքով մի երիտասարդ, լրիվ հակապատկերն այն տղամարդու, որը քիչ առաջ դիմավորեց իրեն սահմանային ելքի մոտ: Սա ավելի շուտ շիկահեր էր, գեր, փափուկ դեմքով և փափուկ ափերով: Ազան երկուսի հետ էլ բարևեց ձեռքով` կրկնելով մտքում, որ ահա սրանք էին այն մի բանակի մարտիկները: Նրան ավելի շատ զարմացրին տղամարդկանց միանման հայացքները` հաստատակամ, ինչ-որ չափով թերահավատ, սուր, նիզակող սև աչքերով, որոնք ոչինչ չէին արտահայտում: Գոնե Ազայի հանդեպ դա այդպես էր: Ավելի շուտ թվում էին շրջապատի նկատմամբ թշնաբար տրամադրված: Ակամա մտաբերեց այն կոշտ վերաբերմունքով ջութակահարին:
Մեքենան ճամփա ընկավ, և Ազան ապակու միջով սկսեց զննել երկու կողմից իրար հետևից հայտնվող շենքերը: Մեծ մասն ինչ-որ ջահերի խանութներ էին, որ նմանվում էին վառ առկայծող բյուրեղապակյա պալատների: Չսպասելով, որ հարցով դիմեն իրեն, նա շտապեց տեղեկացնել.
— Առաջին անգամ եմ Հունաստան գալիս: Իսկ դուք այստե՞ղ եք ապրում:
Ակներևաբար հարցը սխալ էր տրված, որովհետև ոչ ոք չմտածեց պատասխանել, կարծես չէին էլ լսել:
— Ես ծնվել եմ Բուլղարիայում: Շատ երկրներում եմ եղել: Բայց արդեն տասը տարի է, այսինքն հենց որ ոտքս դրեցի Հայաստան, սիրտս ուրիշ ոչ մի տեղ գնալ չի ուզում:
— Քանի՞ անգամ եք եղել Հայաստանում,- հարցրեց ղեկին նստած երիտասարդը, դեռ էլի նույնքան անտարբեր:
— Դեե… երևի տասնվեց անգամ: Պատահում է` տարվա մեջ երկու անգամ եմ գնում, երբեմե` մենակ, երբեմե` ամուսնուս հետ:
— Եթե խորհրդային իշխանությունները Ձեզ թողնում են…
— Մի կարծեք, թե հեշտ է: Հեշտ է, երբ ճամփորդում եմ որպես ամուսնուս ճամպրուկը: Նա փոխանակման կարգով է գնում. այդպիսի բան կա. «եղբայրական պետությունների գրողների փոխանակում»: Ըստ էության գնում են զբոսնելու… Բայց Հայաստանը տեղ չէր գրավում Բուլղարիայի համապատասխան քարտեզում, դրա համար ամեն անգամ ստիպված էինք երկար-բարակ բացատրել, թե ինչու ենք ուզում անպայման Հայաստան այցելել:
Աթենքի կենտրոնում երթևեկությունը սաստկացավ: Հաճախ ընկնում էինք խցանումների մեջ: Խոսակցությունը լռեց: Դուրսը շենքերը բավականին անդեմ տեսք ունեին: Անընդհատ սպասում էի, որ կտեսնեմ անտիկ սյուներ, հնօրյա պարիսպների մնացորդներ, բայց` ոչ մի նման բան: Սովորական քաղաք էր, միայն թե ի տարբերություն Բուլղարիայի` առատ լույսերով և գովազդներով: Վերջապես հասանք մեր հյուրանոցին, որի շուրջը վխտում էին զինված մոտոցիկլիստ ոստիկաններ` սաղավարտներով ու սրերով: Վարորդն ասաց.
— Այս պահակազորը մեր համաժողովի առիթով է: Աթենքում ամեն օր ռումբեր են պայթում, փոխհրաձգություններ են թնդում, մեր պահակախմբի ծախսերի կեսն իր վրա վերցրեց հունական կառավարությունը, նրանք նույնպես չեն ուզում, որ զոհեր լինեն:
Ազան ոչինչ չասաց: Նման բաներն այնքան էլ պարզ չէին իր համար, չնայած հիանալի հասկանում էր, որ սրանից հետո դրանք իրեն նույնպես պիտի վերաբերեին: Կարող է այդ պատճառով էլ Սոֆիայում համապատասխան ծառայությունները դժվարությամբ թողեցին իրեն: Մինչև վիզան ստացավ, ամբողջ վեց ամիս կռիվ տվեց:
Հյուրանոցի շքասրահում ոչինչ չէր զգացվում դուրսը տիրող լարվածությունից: Ոչ պահակազոր, ոչ համազգեստավորներ: Մատենագրականի և վերելակների միջև անշտապ սող էին տալիս ճամպրուկներով և պայուսակներով բեռնավորված սայլակներ, առատորեն պիտակավորված այլազան օդակայանների կտրոններով: Սա մեծ հյուրանոց էր և` ըստ պատշաճին այցելված: Երկու ուղեկցորդները Ազայի ձեռքից վերցրին պայուսակն ու ճամպրուկը, և նրա հետ միասին կանգնեցին հերթի: Ապա, կամաց, հունարենով ինչ-որ բան խոսեցին համազգեստավոր աղջկա հետ: Հետո դարձան, հյուրից խնդրեցին նրա անձնագիրը, մեկնեցին ծառայողուհուն և դիմացը ստանալով հատկացված սենյակի բանալին, դիմեցին դեպի վերելակը: Ի զարմանս Ազայի, թիվ 316-ի դուռը բաց էր, բայց ուղեկցորդներից և ոչ մեկին դա զարմանք չպատճառեց: Չզարմացրեց նաև երեք տղամարդկանց առկայությունը` ներսում, որ բազմոցին նստած ինչ-որ բան էին ըմպում, հավանաբար` թեյ: Տեսնելով Ազային` նրանք վեր թռան տեղներից, ձեռքով ողջունեցին հյուրին, իսկ մյուս երկու տղամարդկանց հետ ողջագուրվեցին: Նրանց գրկախառնության մեջ ջերմություն կար, մի բան, որ մինչ այդ չէր զգացվում: Երևում է վաղուց չէին տեսել իրար: Այդուհանդերձ չէին շտապում խոսք փոխանակել: Ազան մտածեց, որ նման զսպվածության պատճառը գուցե իր ներկայությունն էր: Մինչև որ մեջների ամենատարիքովը` գորշավուն թանձր բեղերով, բարձրահասակ մի տղամարդ` վաթսունին մոտ, առաջինը սկսեց խոսակցությունը.
— Ուրախ ենք Զեզ այստեղ տեսնելով: Հույս ունենք, որ Դուք ձեր խոսքով կաշխուժացնեք համաժողովի մթնոլորտը:
— Ճիշտն ասած` շատ դժվար էր գալը: Զեկուցումն էլ գրել եմ մի շնչով: Չգիտեմ, սա այ՞ն է , ինչ պետք է, թե … ես որևէ ցուցում չեմ ստացել, թե ստույգ ինչի մասին պետք է խոսել… : Գիտեի միայն համաժողովի նշանաբանը: Պե՞տք էր նախապես իմ տեքստը համաձայնեցնել, թե ոչ… Թեև արդեն ոչինչ փոփոխել չեմ կարող, որովհետև ամբողջը թարգմանված է անգլերենի: Իսկ ե՞րբ պետք է կարդամ…
— Ժողովը սկսում է վաղը ժամը 9-ին: Ձեր ելույթը նախատեսված է ժամը 11-ին: 12-ին սկսում է մամուլի ասուլիսը: Ներկա են լինելու լրագրողներ շատ երկրներից: Եթե հարցեր ունենան Ձեզ ուղղելու, կնշանակի տպավորություն եք գործել: Մի՛ քաշվեք, պատասխանեք ինչ որ անհրաժեշտ եք գտնում, բաց սրտով: Դա համախոհներ շահելու լավագույն տարբերակն է: Ժամը 14-ին Ձեզ կտանենք ձեր հյուրանոցը, իսկ ժամը 19-ին էլ մեկնում եք դեպի օդակայան: Եթե չեմ սխալվում Ձեր ինքնաթիռը թռչում է ժամը 21-ին: Այստեղից դենը Ձեզ կուղեկցեն մեր մարդկանցից ուրիշ տղաներ: Աշխատեք շատ չտարվել խոսակցությամբ, խուսափեք պատասխաններ տալուց: Մեր գործում ամենալավ և ամենաապահով միջոցը լռությունն է:

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s