Ջեյմս Ռ. Ռասել- Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից/ James russell


JeymsՋեյմս ՌասելՀարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռ. Ռասելը Ծնվել է Նյու Յորքում 1953 թ., սովորել է ռուսերեն, դեռ երեխա ժամանակ այցելել է ԽՍՀՄ , մեծապես հետաքրքրվել Հայաստանով: Հայերեն սկսել է ուսումնասիրել նախ ծխական դպրոցի ուսուցիչների օգնությամբ, ապա` Կոլումբիայի, Օքսֆորդի, Լոնդոնի համալսարաններում:  Գիտական թեզեր է պաշտպանել Թլկուրանցու,  Հայաստանում զրադաշտականության թեմաներով: Շարունակում է գործունեությունը էպիկական ժանրի ստեղծագործությունների, մոգական տեքստերի, արդի և միջնադարյան պոեզիայի, «Նարեկ»-ի ուսումնասիրության ոլորտում: Ժամանցային հետաքրքրություններ` ռուս գրականություն, մոտոցիկլետներ:

Ռասելը ուրախությամբ համաձայնություն տվեց «Ինքնագրին» հրապարակել իր այս երկու գործերը: Չարենցի անտիպների հրապարակումը վերցված է Ռասելի «Հայագիտություն և իրանագիտություն» գիտահետազոտական հոդվածների ժողովածուից(Armenian and Iranian Studies), Քեմբրիջ, Մասաչուսեթ, ԱՄՆ, 2004, իսկ «Չարենց` Մարգարե» (Charents the Prophet) էսսեն «Եղիշե Չարենցը. հեղափոխության բանաստեղծ» (Yeghishe Charents poet of the Revolution”) (Կոստա Մեսա, ԱՄՆ 2003թ.) Մարկ Նշանյանի կազմած Չարենցին նվիրված ուսումնասիրությունների ժողովածուից:

Այս ուսումնասիրությունը նվիրվում է երևելի գիտնական, պրոֆեսոր Ջոս Ուայթենբերգին. իրավամբ կարելի է համարել, որ մասնագիտական գործունեության ընթացքում նա մասնակից է դարձել և իր նպաստը բերել ամենաբազմազան հայագիտական ուսումնասիրություններին` չսահմանափակվելով իր լեզվաբանական մասնագիտացման շրջանակով: Քանի որ պատիվ եմ ունեցել նրան ճանաչելու նաև որպես ընկերոջ, կուզենայի երախտագիտությունս հայտնել այդ մեծահոգի, օգնության կարիք ունեցողներին պատրաստակամորեն ձեռք մեկնող, իր սկզբունքներին հավատարիմ, համեստ ու զուսպ, Էռազմի ու Սպինոզայի հանդարտ փառքի ավանդույթով ղեկավարվող ճշմարիտ ազատական հումանիստին, Նիդեռլանդների զավակին ու տիեզերքի քաղաքացուն:

1998 թ. սեպտեմբերին,  Խորհրդային Հայաստանի հանրահայտ բանաստեղծ Գևորգ Էմինի մահվանից որոշ ժամանակ անց, նրա որդին` Արտաշեսը, հյուրընկալեց ինձ իրենց վերնատանը  (այս բառը հիշեցնում է Թիֆլիսի հայ մտավորականների հանդիպման հայտնի վայրը), որը բանաստեղծի աշխատասենյակն էր և գտնվում է Երևանի Դեմիրճյան փողոցում նրանց բնակարանի վերնամասում: Այստեղ, ի թիվս հոր երկարատև ու հարուստ ստեղծագործական կյանքից հետո մնացած մասունքների, նա ինձ ցույց տվեց Եղիշե Զարենցի ձեռագրերի լուսապատճենների մի թղթապանակ, որը պահպանվում էր Չարենցի մեքենագիր բանաստեղծությունների (որոնցից մի քանիսի լուսանցքներում կային բանաստեղծի ձեռագրով կատարված նշումներ) և Չարենցի ստեղծագործությանն առնչվող տարատեսակ տպագիր նյութերի հետ: Գևորգ Էմինն իր կենդանության օրոք հասցրել էր հրատարակել այդ բանաստեղծություններից մի քանիսը1:

Այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտաշեսին իր հյուրընկալության, բարյացակամության, ինչպես նաև ցուցաբերած վստահության ու այդ նյութերի լուսապատճենման թույլտվության համար: Բանաստեղծի առավել հակասական տեքստերի այս հրապարակման մասին որոշումը, չնայած նրան, որ կանխատեսելի է դրանց բովանդակության կապակցությամբ հնարավոր բացասական արձագանքը, բացառապես իմն է և չպետք է որևէ կերպ կապակցվի Արտաշեսի կամ նրա ընտանիքի հետ: Նման հանգամանքներում նախընտրելի կլիներ պահպանել աղբյուրի անանունությունը, թեև այդ դեպքում հնարավոր է, որ կասկածի տակ դրվի փաստաթղթերի վավերականությունը: Թղթապանակի օժանդակ տպագիր նյութերը`  ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ՀայԳԱՖ) «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակին նվիրված հոբելյանական նիստի ծրագիրն ու անցատոմսը 1937 թ.-ի սեպտեմբերի 11-13-ի համար, Հայկական  ԽՍՀ-ի պուշկինյան հանձնաժողովի` 1937 թ. ռուս մեծանուն բանաստեղծի մահվան հարյուրամյա տարելիցին նվիրված հոբելյանական նիստի ծրագիրը, Չարենցի անձնական գրադարանից ex libris նմուշները` թվագրված ՌՋԼԶ (=1936 թ.) և մի բրոշյուր, Նաիրի Զարյանի` դերասանուհի Արուս Ոսկանյանի (որով Չարենցը տարված էր) բեմական գործունեության երեսնամյակին նվիրված հոդվածով: Վերջինս հետագայում, 1941 թ., հրատարակել է Հայպետհրատը Երևանում և կրում է դերասանուհու ինքնագիրը*:

Արխիվի թվագրված ձեռագրերը վերաբերում են 1936 և 1937 թվականներին, ընդ որում, դրանց մեծ մասը կապված է 1936 թ. ամռան հետ, երբ Չարենցն իր արձակուրդն էր անցկացնում  Խորհրդային Հայաստանի Ծաղկաձորի (նախկինում ուներ թուրքական «Դարաչիչակ» անվանում` Ծաղիկների դաշտավայր) Գրողների Միության հանգստյան տանը2: Մի քանի բանաստեղծությունների սկզբում նշված է աշխատանքն սկսելու, իսկ վերջում` ավարտի ամսաթիվը: «Մա՛հ լեգենդին» բանաստեղծությունը երկու տարբերակ ունի այստեղ և, ընդհանրապես, ձեռագրերի մեծ մասն աշխատանքային օրինակներ են` նրանց վրա առկա են հեղինակի ջնջումներն ու ավելացումները: Բացառությամբ մի քանի մաքուր օրինակների, Չարենցի ձեռագիրը հաճախ դժվարընթեռնելի է, տեքստերի որոշ հատվածներ ուղղակի հնարավոր չէ վերծանել:

«Էրոտիկ պոեմ» երկը գրված է ԶԱԿԳԻԶ-ի (Закавказское Государственное Издательство) թղթերից մեկի վրա. Թիֆլիսի Ռուսթավելու պողոտայի 36 շենքում գտնվող այս հրատարակչությունում Չարենցն աշխատել է որպես գլխավոր խմբագիր մինչև երեսնականների կեսերը: Քանի որ բանաստեղծը 1937 թ. հուլիսին ձերբակալվել, իսկ չորս ամիս անց սպանվել է ՀԽՍՀ  ՆԳԺԿ-ի կողմից (հայաստանյան ՊԱԿ), պահպանված լրացուցիչ, առօրեական նյութերից միայն ex libris նշումն ունեցողները պետք է հաստատապես համարվեն հենց բանաստեղծինը: Մյուս փաստաթղթերը կարող էր հավաքած ու պահպանած լինել Գ. Էմինը` համարելով, որ դրանք որոշակիորեն կապված են Չարենցի առօրյա կյանքի և ստեղծագործության հետ: Արխիվային բանաստեղծություններից մի քանիսը նվիրված են Արուսին: Չարենցը, որպես Պուշկինի երկերի թարգմանիչ, մասնակցում էր ինչպես հանրապետության, այնպես էլ միութենական հոբելյանական հանձնաժողովների աշխատանքներին, նա նաև «Սասունցի Դավիթ» էպոսի հրատարակման խմբագրական կազմի անդամ էր (իր վերջին հրատարակված հատորը` «Գիրք ճանապարհի»-ն [1933 թ.] պարունակում է էպոսին վերաբերող երգիծական ու էքսցենտրիկ դատողություններ): Չարենցի գրական ու ակադեմիական գործընկերների համար անպատիվ պետք է համարել այն փաստը, որ հենց նրա ջանքերով կազմակերպված այս միջոցառումների ծրագրերում բանաստեղծի անվան որևէ հիշատակում չկա, կարծես նա ընդհանրապես գոյություն չուներ. նա ուղղակի հեռացված էր այդ աշխատանքներից, մինչդեռ հանրահայտ մյուս գրողներն ու գիտնականները դրանց մասնակիցը դարձան` առանց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու3:

Արխիվային նյութերից մի քանիսը այն բանաստեղծությունների մեքենագիր պատճեններն են, որոնք հետագայում հրատարակվել են4: Պահպանվել է նաև Պուշկինի «Մարգարե» («Пророк») բանաստեղծության թարգմանության մի հետաքրքիր ձեռագիր, որի տեքստը տեղ-տեղ տարբերվում է բանաստեղծի մահվանից հետո հայտնաբերված և 1983 թ. հրատարակված մեկ այլ տարբերակից: Սևագրությունների համեմատությունը թույլ է տալիս բանաստեղծի մտածողության ներքին գործընթացի վկա դառնալ և որոշարկել դասական հայ գրականության այն ռեսուրսները, որոնք օգտագործել է Չարենցն իր սիրելի Պուշկինի` արդեն իսկ Աստվածաշնչի հրեական լեզվամտածողության վրա կառուցված տեսլական հայտնությունը հայերեն փոխադրելու համար: Սակայն մյուս բանաստեղծությունները անտիպ են մնում, իսկ մի շարք տեքստեր, որոնք կարողացել եմ ցայսօր վերծանել, որքան ինձ հայտնի է` առաջին անգամ5 են հայտնվում այստեղ արևելահայերենով և 1930-ականների խորհրդային ուղղագրությամբ*, որին հավատարմորեն հետևում էր Չարենցը:

Այս բանաստեղծությունների մեծ մասն իր բնույթով շատ էրոտիկ է: Դրանցից մեկը, որը ներկայացվում է ընթերցողին, ըստ էության` միասեռականի զգացողությունների վառ նկարագիր է: Չարենցը խորապես էմոցիոնալ, կրքոտ անձնավորություն էր. այն դեպքերում, երբ նրա տպագրված երկերում հայտնվում են սեքսի և սիրո թեմաներ, դրանք գրեթե միշտ հետերոսեքսուալ բնույթի են: Բանաստեղծը երկու անգամ է ամուսնացած եղել, խենթի պես սիրել է առաջին կնոջը` Արփենիկին, որի վաղաժամ մահը գրեթե հոգեխանգարման է նրան հասցրել: Նրա հիշատակին բանաստեղծի նվիրվածությունը հիշեցնում է Բեատրիչեի հանդեպ Դանթեի զգացմունքները: Իր երկրորդ կնոջից Չարենցը երկու դուստր է ունեցել: Նրանցից մեկը` Անահիտ Չարենցը, ում հետ պատիվ եմ ունեցել հանդիպելու, հոր ստեղծագործությունների նուրբ գիտակ է6: Ինձ հայտնի չեն փաստեր այն մասին, թե երբ է Չարենցը հայտնաբերել իր բիսեքսուալությունը, կամ դա ինչ հետևանքներ է ունեցել: Սակայն առկա տեղեկությունները վկայում են այն մասին, որ հոմոէրոտիզմը նրա երկերում հայտնվում է բանաստեղծի կյանքի միայն վերջին երկու տարիներին: Այս հարցերը հետաքրքրություն են ներկայացնում միայն այն նկատառումից ելնելով, որ իսկապես կարևոր են բանաստեղծի իրական կյանքի ու ստեղծագործության առնչությունները: Անկասկած, ինչքան շատ բան գիտենք ցանկացած մեծ գրողի կամ բանաստեղծի ստեղծագործությունների մասին, այնքան լավ` անկախ նրանից, թե դրանք էրոտիկ են, տարաբնույթ որակի, թե ոչ: Կարելի է մտաբերել, որ ժամանակին Հայտնության մասին Պուշկինի գրած ակնհայտորեն անպարկեշտ պոեմի` «Գաբրիելականի» հրատարակումը շատերի կողմից կարող էր որակվել վիրավորական, Ռուսաստանի ազգային պարծանք համարվող բանաստեղծի հեղինակության դեմ ուղղված ու եկեղեցու դեմ մեղանչող ձեռնարկում: Սակայն նման բանաստեղծությունների հրապարակումն ու քննարկումն ազատ հասարակության ու հասուն մշակույթի գրական շրջանակներում միանգամայն օրինաչափ ու բնական է: Նշված թեման լռության մատնելով` վատ ծառայություն կարող ենք մատուցել թե՛ բանաստեղծին, և թե՛ պատմական իրողության ճշմարտացիությանը, ինչպես նաև գիտնականի առաջնահերթ խնդրին, որն է` er will bios zeigen, wie es eigentlich gewesen, այսինքն` պատմության խնդիրն իրողության վերհանումն է, ըստ Լեոպոլդ ֆոն Ռանկեի զուսպ սահմանման:

Հոմոսեքսուալությունը  Խորհրդային Միությունում ապաքրեականացվել է 1917 թ. Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո` 1922 թ. հունիսին ընդունված խորհրդային առաջին օրենսգրքով: Այդուհանդերձ, միասեռականներն արժանանում էին ռուս հասարակության քամահրանքին, իսկ Ստալինի ղեկավարության ներքո, 1933 թ. դեկտեմբերին, կրկին քրեականացվեց (հոդված 121) տղամարդկանց կամավոր «սոդոմությունը»: Ռուսաստանի Դաշնությունն այս օրենքը վերջնականապես անվավեր ճանաչեց 1993 թ., և չորս տարի անց Հայաստանի Հանրապետությունը հետևեց նրա օրինակին: 1993 թ. պրոֆ. Ուայթենբերգի տանը Լեյդենում ես մի երիտասարդ հայաստանցի գիտնականի հանդիպեցի, ում քաղաքական ապաստան էին տրամադրել Նիդեռլանդներում, քանի որ հայրենիքում միասեռականության համար հետապնդումների էր ենթարկվել: Չնայած Նյու Յորքում գործում է Միասեռականների հայկական ասոցիացիա (AGLA), որի անդամներն ակտիվորեն մասնակցում են տարածաշրջանի հանրային և գրական միջոցառումներին, ինչպես նաև, իմ գնահատմամբ, ցայսօր ինձ հանդիպած հայագետների շուրջ մեկ երրորդը գեյ կամ լեսբուհի են, այսուհանդերձ, շարունակում են կիրառվել մշակութային զորեղ տաբուները. դրանք իրենց ազդեցությունն են թողել նաև այս երկրում Չարենցի հետ կապված իմ աշխատանքի վրա8:

Գևորգ Էմինը, երբ դեռ շատ երիտասարդ էր, ճանաչել է Չարենցին: Սաստիկ վրդովվել էր, իմանալով բանաստեղծի ձերբակալության և ապա` սպանության մասին, զազրելի էր համարում հայ իշխանավորների հանցավոր գործակցությունը մշակույթի ստալինյան կործանմանը, նաև` նրանց թուլամորթ լռությունը հետագայում: Վերջերս լույս տեսած իր մի բանաստեղծության մեջ (որի անգլերեն թարգմանությունն, ի դեպ, տպագրել եմ «Արարատ»-ում), Էմինն ինքն իրեն համեմատել է «Սասնա ծռեր» էպոսում քարաժայռի զնդանում փակված, ապոկալիպտիկ հերոսի` Փոքր Մհերի հետ: Մհերը լուռ տառապում է, թեև խեղդվում է իր ժողովրդի խարդախությունն ու փոքրոգությունը տեսնելով, և սպասում է նախանշված այն պահին, երբ կկարողանա դուրս պրծնել զնդանից ու արդարություն հաստատել: Սակայն Էմինը չձեռնարկեց չարենցյան ձեռագրերի հրապարակումը դրանց բովանդակության պատճառով, անգամ երկրի ազատականացումից, խորհրդային իշխանության փլուզումից և գրաքննության վերացումից հետո: Նրա որդին` Արտաշես Էմինն էր, որ թույլ տվեց ինձ պատճենահանել արխիվի բոլոր նյութերը, թեև դրան կտրականապես դեմ էր Էմինի այրին, ով համարում էր, որ ձեռագրերը պետք է Հայաստանում լույս տեսնեն, այն էլ` առանց սեռական բնույթ ունեցող բանաստեղծությունների, ինչն իրականում նշանակում է, որ նա ընդհանրապես չի ցանկանում, որ այդ նյութերը տպագրվեն Հայաստանում կամ այլուր, այլ նախընտրում է, որ դրանք երբևէ երևան չգան: Իր կյանքի օրոք Չարենցը մեղադրվում էր «թրքատյացության» և դաշնակցականներին համակրելու համար, քանի որ նա հրաժարվում էր «զսպել» իր հայկական ինքնությունը:

Քաղաքական ճիշտ գծի նոր չափանիշների ջատագովները փորձում էին նրան արհեստականորեն վերագրել աստվածապաշտ քրիստոնյայի և հակակոմունիստ հայրենասերի ինքնությունը: Ո՛չ ստալինիստները, ո՛չ էլ հայ շովինիստներն առանձնակի ուշադրության չէին արժանացնում սեռական կյանքի հետ կապված խնդիրները: Այս ամենը նկատի ունենալով, թերևս անխուսափելիորեն կծագեն հրապարակվող նյութի վավերականության հարցեր և դրանք իմ ուժերի ներածի չափով կանխելու նպատակով կից առաջարկվում է նաև բանաստեղծի հոմոէրոտիկ մի պոեմի ձեռագրի լուսապատճենը* :

Չարենցի ձեռագրերի հետ գործ ունենալու բազում առիթներ եմ ունեցել: Այս փաստաթուղթն, ըստ իս, գրված է հենց նրա ձեռքով: Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա եթե ընդունենք, որ մեկ այլ անձ է այն գրել, ուրեմն նախանձելի տաղանդի տեր բանաստեղծ է: Իսկ Չարենցի սեռականության խնդրի առնչությամբ պատեհ կլինի մեջբերել ամերիկառուս հանրահայտ անարխիստ Էմմա Գոլդմանի բառերը` «Եթե չեմ կարող պարել դրա ժամանակ, ուրեմն այդ հեղափոխությունն իմը չէ»:

Տպավորությունն այնպիսին է, որ Չարենցն ինքն էր անհանգստացած հնարավոր այն հետևանքներով, որ կարող էին երևան գալ իր բանաստեղծությունների հրապարակման դեպքում. իր ձերբակալությունից մի քանի ամիս առաջ իր պատանի բարեկամ Էմինին փոխանցված արխիվային նյութերում պահպանվել է նաև բանաստեղծի հետևյալ գրությունը` թղթի մի կտորի վրա:

Ազդ!

Եթե որեւէ բերումով սույն

գրություններն ընկնեն հասկա-

ցող մեկի ձեռն՝ պահել խնամքով

և միայն իմ մահից հետո՛

հանձնել մեր թանգարանին:

Ոչ մի դեպքում չոչնչա-

ցնել: Լավ է հանձնել ուր

լինի անգամ իմ կյանքի օրով,

իմանալով որ սրանք ինձ

կկորցնեն11 – քան ոչնչացնել:

Չարենց

1936.19.X

Երևան

1936 թ. ամռանը, մի քանի ամիս այս գրությունը կազմելուց առաջ, ի պատասխան իր ընտանիքի անդամներին հասցված վիրավորանքի, Չարենցը բացեիբաց իր անզուսպ զայրույթն արտահայտեց. նրա կնոջն ու դուստրերին տառացիորեն դուրս էին արել Հայաստանի Գրողների Միության` Ծաղկաձորում գտնվող հանգստյան տան սենյակից` Ադրբեջանից ժամանած գրողին տեղավորելու պատրվակով, ինչն ինքնին գուցեև լավ բեմականացված սադրանք էր: Նրան ենթարկում են տնային կալանքի. գրում է մի քանի հիասքանչ ալիտերատիվ բանաստեղծություններ` աշնան մերթ վառվռուն, ապա դժգույն, նեխող տերևների մասին: Այդ բանաստեղծությունները, ինչպես նաև մի քանի այլ, միանգամայն հստակ իմաստ ունեցող երկեր, արտացոլում են բանաստեղծի` վերահաս ու անխուսափելի մահվան գիտակցումն ու նրա բողոքը մահվան դեմ: Ինչպես արդեն նշել եմ, Էմինի արխիվում պահպանվող թվագրված բանաստեղծությունների մեծ մասը ծաղկաձորյան շրջանին են վերաբերում: Բանաստեղծի այս կոչն ուղղակիորեն փոխանցում է ստալինյան ժամանակների դժնդակ վախի մթնոլորտը, բայց այն նաև թախանձագին խնդրանք է չմոռացվելու մասին: Ինչպես նշվել է` Չարենցի մի քանի ընկերներ թաքցրել կամ հողի տակ պահել են բանաստեղծի կողմից իրենց վստահված ձեռագրերը: Ավետիք Իսահակյանը դրանք այրել10 է: Այժմ բանաստեղծի ձեռագրերը չհրապարակելը հավասարազոր կլինի նրա կամքի արտահայտությանը դավաճանելուն, Իսահակյանի օրինակին հետևելուն (որի երկչոտությունը, եթե չասենք` փոքրոգությունը, տվյալ դեպքում է՛լ ավելի ողբերգական է, եթե հաշվի առնենք նրա հանդեպ Չարենցի տածած ակնածանքը) և իրողությունը խեղաթյուրելուն:

Արխիվային տեքստեր

1.

V.

Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ

Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ:

Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,

Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ:

Սիրում եմ այլ արհեստական և անհայտ… [մեկ բառ ջնջված է]

Հրապույրներն, ալկոհոլից մինչև հաշիշ…[վերջին բառը ջնջված է և

փոխարինված մեկ այլ, անընթեռնելի բառով]

Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս

Վեշտասնամյա11 պատանու սերն արևոտ

[ջնջված է, փոխարինված «արեւի»-ո՞վ]

Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե

Մի տրփուհի աստվածածին12 կրքերն

Չարժե սիրած մի պատանու մանկատես

Բարով մարմինն, աստվածային ու գերիչ:

Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան

Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,

Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,

Արեւագույն, որպես սրինգ, հմայիչ:

Դրանից չէ, որ հնագույն Հոմերից

Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ13 ու Չարենց

[այստեղ նախորդ և հաջորդ հատվածները բաժանված են գծով,

հավանաբար` էջի ծալքի հետքն է]

Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝

Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն:

Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝

Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,

Վինկելմանն14 է, էստետն այդ նոր, մեծագույն՝

Մահվել է դրան, խոցված բազում վերքերով:

Եվ վերջապես գեղեցկության ու փառքի

Վերջին արքան և ինքնակալն իսկական

Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝

Ուայլդն էր այն ՝ վերջին էստետն՝

Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի

Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.

Իբրեւ վերջին ասպետ՝ սերվածս մարդկային

Հանճարակիր ընտանիքից ահարկու (՞),

Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում:

Վերջին էստետ՝ աղբանոցյալ պառնասում՝

[մի բառ ջնջված է, վերևում ավելացված է «պառնասում»]

Վայելեցի սերն այդ՝ [միակ] լույս մի, —

[հաջորդ էջ]

Եվ այրական կիրք՝

Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝

Անասնական թաբուների կողմից խեղճ,

Արևատենչ ու շնչազ[ուրկ (՞)] այրերի

Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի… տեղ

[ջնջված բառ, վերևում անընթեռնելի բառ է ավելացված,

որն ավարտվում է -տեղ արմատով ]

Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց

Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական

…իներով ամեն գիշեր միասին

Իրար քթի բույրեր են թողնելու

Եվ մերձենում, իբրև երկու ամուսին:

Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,

Օրինական, թույլատրված «մաքուր» սեր,

Ես բրոնզյա մարմնի մեկ…

[ամբողջ տողը ջնջված է]

Թող վայելի քեզ տեսնելով

Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել…

2.

Դանթեական Սեր

Յոթը պոեմ

(ինտիմ)

Արուսին

1936-VI-13-14

Երևան

Գրեց՝ սիրով մեղսակարոտ

դպիրն երգահան Ե… Չ…ց:

Մոտտո 1:

Ուլյալում, ուլյալյո՛ւմ

Էդգար Պո15

Քեզ համար է գրել Ուայլդն իր «Սալոմեն»,

Եվ Էդգար Պոն քեզ իր պոեմում անհուն

Կոչել միստիկ անվամբ- Ուլյալում:-

Քեզ են երգել մի օր Մալարմե եւ Վերլեն,-

Եվ- Տերյանից հետո- ահա սիրով անտիկ-

Քեզ Չարենցն է երգում իր պոեմներն ինտիմ…՝

16.VI.1936

Երևան.

Պոեմ առաջին

Տխրություն եւ ձոն

Դու- բոդլերյան պոեմ,-

Արո՛ւս սոնետ ես դու

Մարդու համար արդի:-

Թույլ տուր քնքուշ շոյեմ

Շրթունքներով իմ թույլ

Թավշե թերթերը քո

Կոնքերի վարդի…

12.VI.1936

Երևան

Գիշեր.

Պոեմ երկրորդ

Սեր-մազոխական

Մեխվել է մարմինդ լուսե

Իմ սիրտը, որպես դաշույն:-

Թույլ տուր, Արո՛ւս քեզ լիզեմ

Որպես մի շուն:-

Տուր շրթունքներդ վարի

Լիզեմ, իբրև վարդ…

Արո՛ւս, եղիր բարի,-

Ամոքիր ինձ արդ:-

3.

Ախ, դեռ հպարտ էիր դու,

Չէ՛իր դեռ թեք,-

Եվ տալիս էր խնդում

Քեզ- արևը շեկ:-

Քեզ ո՞վ- խոնավ շրթերով-

Մաշեց այնքան,-

Որ թեքվեցիր դու անզոր

Եվ ընկար- անկամ…

Էլ ո՛չ մի շոգ չըշիջեց

Տեգըդ, որ բարձրանա:-

Միայն մշուշն հիշեց

Քո բարձր ու անահ-

Ոսկե հասակը կանգուն՝

Գգված հովերից,

Երբ՝ ծարավով անգոհ՝

Դու խինդ էիր վերին:-

Ախ, եթե քեզ գգվեր

Մի շող արևող-

Եվ քո հասակը ձգվեր՝

Կրկին արևոտ…

Բայց… մշուշն է միայն

Քեզ արդ համբուրում…

Միայն նա՛ է, միայն նա՛

Քեզ օրորում օրերում…

4.

Ախ, իմ եղեգ ոսկեձայն,

Իմ հուր՝ հանգած արդեն:-

Դու էլ չես բարձրանա,-

Քեզ չեն գգվի էլ վարդեր…

Ինչքան էլ շոգ լինի արդ

Արևի լեզուն,-

Էլ չես կանգնի հպարտ՝

Հրերով կիզուն…

Էլ ոչ մի, ոչ մի նոր շոգ

Քո շնչով չի ցնծա,-

Օ, իմ մանկիկ անօգ,

Եղեգ իմ ոսկեձա՛յն…

1936.13.-14-

Գիշեր-գիշեր.

5.

Պոեմ յոթերորդ- վերջին:

Անկարելի Սեր

(Սոնետ):

Օ, խեղճ հոգի՛ սա այսպե՛ս է…

Պոլ Վերլեն

Դուք երազվել ես ինձ իմ օրերում այն դեռ,

Երբ ընդջրյա մեղսոտ շուշանների նման՝

Իմ իրանյան հոգու պարտեզներում ամա

Դեռ նոր էին բացվում մութ կրքերի վարդեր:

Ինձ հարազատ էին և սիրելի արդեն

Ձեր երգերի հետ՝ ձեր մեղսահմա

Անտի(կ)ական սիրո գեղեցկությունն անմահ,

Որ գաղտնաբույր հրով ինձ կախարդեց:

Ով ֆավնակիրք Վերլեն եւ մանկամարդ Ռեմբո,

Ձեր երգերի նման՝ ձեր կրքերի տարբեր՝

Երկու անհաշտ բուրմունքն էլ իմ մեջ վառվեց:

Եվ- անհնար սիրո այդ կրկնաթույն տենդում-

Իբրև Ռեմբո- որքան եմ ես ինձ տրվել-

Եվ ընդունել ես ինձ՝ իբրև Վերլեն…

17-18-

առավոտ

Ես Չ. պ. մ.16

6.

Էրոտիկ երգ

Դու կովբոյի շորերով

Կանգնած ես ուղիղ,

Եվ իրանից ներքև քո

Տանում է ուղին

Դեպի դրախտ մի մաքուր,

Քնքուշ ու ձիր,

Ախ, ետևից դու ինձ տուր,

Կովբոյ- գեղեցիկ:

Ես կուզեի քեզ տեսնել

Մաքուր ու մերկ,-

Ցոլքերի տակ լուսնի,

Եվ որպես երգ

Փարվել կլոր կոնքերիդ

Ծծել անհագուրդ

Գգվանքները քո հրե,

Մաքուր ու լուրթ:

Ախ, կուզեի՝ կանգնեիր

Ձգված, որպես լար,17

Եվ գգվանքով կոնքերիդ

Դպվեիր հար՝

Քեզ նայելով դեպի հետ՝

Հայացքդ՝ կիրք,-

Եվ քեզ կիզեր, ինչպես նետ,

Նիզակըս պիրկ…

Խելագարված եմ արդեն, 18

Ուզում եմ քեզ,

Շրթունքները քո վարդե,

Կոնքերդ թե՛ք:

Ա՛խ, տղայի նման մի

Տրվիր ինձ դու,

Գգվանքներով մարմնիդ

[Կարմիր խնդում-ը եւ եւս մեկ տող ջնջված  է]

Փարվիր խնդուն…

Դու կովբոյի շորերով

Աղջիկ ես չար՝

Ես ցանկանում եմ գերող

Կոնքերդ հար…

Նստիր անհագ ծնկներիս

Կոնքերդ դիր

Ու մերձեցիր իմ հրին

Ընտի՛ր:

Օ, թագուհի՛ կովբոյի

Շորերով:

Տուր շրթունքները քո ինձ,

Տուր քո սափորը սիրո…

Ծծիր անհագ իմ մաքուր

Նիզակը կե՛զ…

Եվ երաստանը ինձ տուր,

Որ թռցնեմ քեզ…

Որպես արքա Իրանի

Ավազանում իմ մաքուր

Քանի անգամ քեզ, քանի՛

Կառնեի, քո՛ւյր:

Կլիզեի կոնքերիդ

Սափորը թեք-

Կվառվեի քո հրով,

Անվերջ, անվե՛րջ…

Տուր ինձ ծծերը քո,

Տուր կոնքը քո վառ,

Թող արբենամ քո կրքով

Անմար:

Ա՛խ, Հաֆըզի նման քեզ

Կուզեի շինել

Քո կոնքերի հրակեզ

Արահետից նե՛ղ…

Ես քեզ սիրում եմ, կովբոյ:

Քանի որ դու

Ինձ խոստում ես գգվանք պատանու.19

Դու ինձ կարող ես տրվել պատանու նման,-

Իմ նիզակի մեջ խրվել

Մինչև ի մահ…

Սիրել է մեծ Հաֆըզին

Մի ջինջ պատանի,-

Եվ դարձել է նրան կին

Չքնաղ պատանին:

Դու կովբոյի շորերով

Տրվիր ինձ այդպես,-

Եվ կդառնաս իմ սիրով

Պատանի հրկեզ:

Տուր ինձ ուղին երաստանիդ,

Օ, աղջակերպ դու պատանի՛:

Թեքվիր նկուն, նայիր ետև,

Թող մերկանա կոնքդ թեթև:

Խրվի թող իմ նետը քո մեջ,

Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ:

Թող թըրթռա, անհագուրդ,

Երաստանիդ թամբը (՞)20 մաքո՛ւր:

Նիզակս թող խրվի քո մեջ,

Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ:

7.

Վերջին երգ

Նստիր նիզակիս վրա,

Նիզակս թող քեզ խոցի,

Նիզակս թող հուրհուրա,

Բայց չդիպչի պցիդ:

Թող նիզակս քեզ խոցե

Քո մանկական մուտքից,

Թող անհագուրդ սղոցե,

Վար էլ չընկնի մտքից:

Նստիր նիզակիս վրա,

Նիզակս թող քեզ խոցի,

Եվ թամբդ (՞) թող հուրհրա,

Բայց չվառվի պցից:

8.

Սոնետ Հինգերորդ

«Լեգենդը»

11.VII. 1936

«Բ-եր» (՞)

Ի՞ն(չ)պես կարող էիր հրապուրել նրան,

Երբ մանկության օրից գիտեր՝ անգիր արած՝

Իր հայրենի բերդի պարիսպներին

Քո մշտունայն լեգենդը, Շամիրամ…

Մանկությունից արդեն այդ գանգրահեր Արան

Անագորույն իր սերը՝ որպես նիզակ սրած՝

Ընդմիշտ ուխտել էր իր անդավաճան սիրած

Նաիրուհուն՝ սրտով իր հուրհուրան…

Անգամ ձեռքով մենք մեր եթե թաղենք այսօր՝

Խեղճ, գողունի երթով [(արքայական ջնջված] եղերական իր դին-

Նա կհասնե կրկին՝ իր պարտությամբ հզոր:-

Հազարամյա, անհայտ ուղիներով խրթին,

Իբրեւ զրահ՝ մահվան զգեստ հագած-

Կբարձրանա զրույցն այդ ավանդական…

1936.29.VII.

Գիշեր

9.

Սոնետ վեցերորդ

«Մա՛հ լեգենդին…»21

11.VII.1936. «Բ-եր»

Եվ- նայելով անկիրք22 շրթունքներին նրա՝

Իմ նայիրյան ոգին աղերսակոծ ոռնաց,-

«Քանիերո՞րդ անգամն է, որ՝ պարտությամբ հառնած՝

«Գերեզման ես իջնում, մանո՛ւկ Արա…»

Տրված սիրով անմեռ իր Նվարդին՝ առ Նա

«Խնկարկելով արյո՛ւնն իր հուրհուրան-

«Քանիերո՞րդ անգամ, օ, Շամիրամ,

«Զոհվի արքան մանուկ, որ դու զրույց դառնաս…»

Արդեն հոգնե՛լ ենք մենք այս անիմաստ բախտից.

Դու մինչև երբ, Արա՛, մանուկ մնաս,-

Եվ մինչև ե՞րբ- այսպես- մահո՛վ հաղթես…

Լավ է՝ նաշից էլ քո չբարձրանաս,

Որ պայքարի ելնեն առաջնորդներ պարթև23

Որ մեռնելով՝ պարտվեն, կամ ապրելով՝ հաղթեն…

29.VII.193624

Ծանոթագրություններ

1 . Տե՛ս Գ. Էմին, «Երբ կոչեցի ես քեզ Նաիրական Դոֆին», «Գարուն», Երևան, 1995 թ. մայիս, էջեր 15-21: Ժողովածուն ներառում է «Մա՛հ լեգենդին» բանաստեղծությունը, որը ես թարգմանել եմ, սակայն Էմինը չի մեջբերել նույն արխիվում գտնվող մեկ այլ տարբերակում տեղ գտած փոփոխությունները:

2 .Մի թերթի վրա առկա է հետևյալ գրառումը` I. Այս սոնետները, բացի վերջինից (Անդարդների [՞] ուղին) գրված են Ծաղկաձորում, Հայաստանի Գրողների Միության հանգստի տանը, 29-ին հուլիսի, վաղ առավոտից մինչև գիշերվա ժ. 4-ը, 1936 թ. II. Այդ հիմնական տեքստը հետագայում ենթարկվել է բազմաթիվ ոճային և մի քանի իմաստային փոփոխությունների: Սակայն – III. Սևագիր տարբերակներից ոչ մեկը վերջնական չէ, վերջնական տեքստը միայն սա է: Եղիշե Չարենց,1937.8.II:

3 . Այդուհանդերձ, բողոքի ձայն երբեմն հնչեցվում էր` չնայած մեծ վտանգներին: Ինքը` Չարենցը, դրանից երեք տարի առաջ  Խորհրդային Գրողների առաջին համագումարում (Մոսկվա) խիզախորեն պաշտպանել է ռուս բանաստեղծ և վիպասան Բորիս Պաստեռնակին: Մի քանի տարի անց Ստալինն անձամբ զանգահարում է Պաստեռնակին, և վերջինիս հաջողվում է ողջ մնալ «զտումների» ընթացքում: Սակայն սխալ կլինի պնդել, որ   post hoc, ergo propter hoc (լատ.` «մեկ իրողությանը հաջորդած մյուսն առաջինի հետևանքն է»- թարգմ.): Հայ գիտնական, Էրմիտաժի տնօրեն Իոսիֆ Օրբելին ժամանակին մեկնել էր Մոսկվա` գործընկերների արդարացման համար միջնորդելու, և… ողջ էր մնացել: Ստալինյան դարաշրջանի  Խորհրդային Միությունում, ինչպես նացիստական Գերմանիայում, վախի մթնոլորտն ու հարմարվողականությունն էին հնարավոր դարձնում նման ահաբեկչությունը, և երկու երկրներում էլ, ցավոք, գիտնականների և գրական գործիչների դիրքորոշումները հեռու էին արժանապատիվ լինելուց:

4 .Չարենցի ընտիր երկերի առաջին հատորը հետմահու լույս է տեսել Երևանում 1954 թ.` Ստալինի մահվանից մեկ տարի անց և Անաստաս Միկոյանի (այն ժամանակվա  ԽՍՀՄ ԿԿ կենտկոմի ազգությամբ հայ անդամ) անձնական միջամտությամբ: Հետաքրքիր է, որ Չարենցի բանաստեղծություններից 15-ը դեռևս 1946 թ.  տպագրվել են «Ընտիր էջեր հայ գրականության» ճոխ ժողովածուում (Երևան, Հայպետհրատ, խմբ. Հրաչյա Գրիգորյան և ուրիշներ, էջեր 979-1005): Այս տեղեկատվությունը տրամադրելու համար շնորհակալություն եմ հայտնում Սանկտ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր Կարեն Յուզբաշյանին: Անհավատալիորեն, ընտրված այս տասնհինգ երկերից վերջինը «Թուղթ Իոսիֆ Ստալինին»-ն է` գրված 1936 թ., որն անհնար է ընկալել այլ կերպ, քան իր վերահաս դաժան ճակատագիրը կանխատեսող մարդու տենդագին, սարսափազդու, կեղծ ուղերձ: Շատ զարմանալի է, որ խմբագիրներն ինչ-ինչ հանգամանքներում հավանություն են տվել այս երկի ընդգրկմանը, կամ` գուցե չե՞ն նկատել: Գիրքն ակներևաբար հրատարակվել էր` համոզելու սփյուռքահայությանը վերադառնալ Հայաստան` խորհրդային բոլորովին նոր մի երկիր, որը նրանց մեծ մասը չէր էլ տեսել: Էմինի արխիվային նյութերում կա Ստալինին ուղղված մի բանաստեղծություն` «Ներբող Առաջնորդին», որն սկսվում է հետևյալ տողերով. Լեռնանման, անդրդվելի, բարձրաբերձ/Գրանիտյա կամքն ես դու մեր մեծ …: Չարենցի` այն ժամանակ հայտնի և  Խորհրդային Միությունում հրատարակման համար ընդունելի բոլոր ստեղծագործություններն ու նամակները տպագրվել են Երևանում, 1962-1967 թթ., Երկերի ժողովածու վեցհատորյակում: 1937 թ., բանաստեղծի ձերբակալությունից առաջ, նա ապահովության համար իր ձեռագրերը փոխանցում է մտերիմներին (տես`  Անահիտ Չարենց, «Չարենցի ձեռագրերի աշխարհում», Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1978 թ.): Այստեղ տպագրվել են հիմնական հրատարակության մեջ տեղ չգտած բանաստեղծություններն ու նյութերը: Բանաստեղծի հիմնական ժողովածուներն են` Անահիտ Չարենց, խմբ., Եղիշե Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր,  Երևան, Հ ՍՀ ԳԱ, 1983 թ., և Դավիթ Գասպարյան, Ողբերգական Չարենցը, Երևան, «Նաիրի», 1990 թ., Դ. Գասպարյան, խմբ., Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1996 թ.: Պուշկինի «Մարգարե» բանաստեղծության և Միխայիլ Կուզմինի «Ալեքսանդրիական երգեր» շարքի մի հատվածի չարենցյան թարգմանության մասին տե՛ս J.R.  Russel, “Charents the Prophet”, Journal of the Society for Armenian Studies, 11 (2000թ.), pp 11-38, ստալինյան հետապնդումների և խոշտանգումների կիզակետում հայտնված բանաստեղծի կյանքի, նրա տեսլական և կրոնա-հոմոէրոտիկ ստեղծագործությունների մասին տե՛ս J.R.  Russell, “The  Armenian Counterculture That Never Was: Reflections  on Eghishe Charents,”JSAS 9 (1996, 1997 [1999]), pp.17-35:

5. 2003 թ. գարնանը տեղեկացա, որ Չարենցի անտիպ էրոտիկ բանաստեղծություններից մի քանիսը վերջերս հրատարակվել են Հայաստանում, սակայն այս պահի դրությամբ ինձ չի հաջողվել ավելին իմանալ այդ մասին*:

6.Եթե նրանք տեղյակ են իրենց հոր կյանքի այս ասպեկտի մասին, ապա պետք է որ նախընտրած լինեն այդ մասին չհիշատակել հրատարակված հուշերում: Դա ինչ-որ իմաստով բնական է, քանի որ, ըստ սահմանման, ընտանիքը խարսխված է ինստիտուցիոնալացված հետերոսեքսուալության սկզբունքի վրա: Արթուր Ռեմբոյի  մայրն ու քույրերը նույնպես չեն ցանկացել, որ նրա կյանքի` իրենց պատկերացմամբ սկանդալային ասպեկտները, հրապարակվեն: Վերլենն էր, որ հակառակ նրանց կամքին, հրատարակեց իր ընկերոջ և սիրեցյալի երկերը: Ֆեդերիկո Գարսիա Լորկայի դարաշրջանում, New York Blade  News-ի 1998 թ. հոկտեմբերի  30-ի համարի 17-րդ էջում լրատվություն է հրապարակվել այն մասին, որ այդ մեծագույն իսպանացի բանաստեղծի ընտանիքը, որին սպանել էր ֆաշիստական Ֆալանջե կազմավորման անդամներից մեկը (ով հետագայում պարծենում էր, թե ևս մի փամփուշտ է արձակել նրա հետույքին, քանի որ նա գեյ էր) Եվրոպայի արևմտյան մասում, մինչ ստալինիստները սպանում էին Չարենցին, Մանդելշտամին և շատ ու շատ ուրիշներին Արևելյան հատվածում, փորձել է խափանել մի գրքի հրատարակումը, որում քննարկման նյութ էր դարձել բանաստեղծի նամակագրությունն իր ամերիկացի սիրեցյալ Ֆիլիպ Քանինգզի հետ: (Հոդվածագիրը բողոքում էր, որ նրանք Լորկային փորձում են «ասեքսուալ հրեշտակ» ներկայացնել: Որպես համեմատություն` վերջերս լույս է տեսել «Եղիշե Չարենցի աղոթքները», դստեր` Արփենիկ Չարենցի խմբագրմամբ, որում զետեղված բանաստեղծությունները ներկայացվում են որպես աղոթքներ, թեև նման իմաստ դրանցում երբեք չի եղել):

Համաշխարհային համարում ունեցող  բիսեքսուալ կամ հոմոսեքսուալ գրական գործչի հանդեպ դիրքորոշումների հարցում Հայաստանը նման է ցանկացած այլ գրագետ ու գրականասեր ազգի: Բավական է հիշել Հաֆեզին և Սահադուն Իրանում, արաբ Աբու Նուվասին, Ուիլյամ Շեքսպիրին Անգլիայում, Արթուր Ռեմբոյին, Ժան Ժենեին և Անդրե Ժիդին Ֆրանսիայում, Կոնստանտին Կավաֆիին և Ջաննիս Ռիցոսին Հունաստանում, Ռիլկեին Գերմանիայում, Միխայիլ Կուզմինին Ռուսաստանում, և Ուիթմենին Ամերիկայում (Չարենցը կարդում և թարգմանություններ էր անում վերջինից, սակայն ռուսերենի օգնությամբ): Կավաֆին ներկայումս լայն ընդունելության է արժանացել Ռուսաստանում. «Греческая библиотека» շարքի «Русская Кавафиана» հատորում (I, Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվա, 2000թ.), կան բանաստեղծի ընտրանու թարգմանություններ, ինչպես նաև մի շարք ուսումնասիրություններ, այդ թվում` հոդվածներ, որոնք գրել են Նոբելյան մրցանակակիր և ռուս մեծ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին և բանասեր-գրականագետ Վ.Ն. Տոպորովը:

7. Հավանական է, որ Չարենցը միասեռական ընկերներ ուներ Ռուսաստանում: Վաղ 1920-ականներին նա ապրում էր Մոսկվայում, և ռուսերենն իր երկրորդ մայրենին էր դարձել: Նրա վրա մեծ ազդեցություն էր թողել իմաջինիստ բանաստեղծ Կուսիկովը, որն ազգությամբ հայ էր, թեև գրում էր ռուսերեն: Կուսիկովն անդամակցում էր այն խմբավորմանը, որի ակտիվ անդամներից էր նաև հանրահայտ միասեռական բանաստեղծ և գրող Միխայիլ Կուզմինը: Ժամանակին Չարենցը վերջինիս «Ալեքսանդրիական երգեր»-ից մի հատված է թարգմանել հայերեն: Նրանցից մի քանիսի մասին տե՛ս` Kevin Moss, ed., Out of the Blue: Russia՛s Hidden Gay Literature, An Anthology; San Francisco: Gay Sunshine Press,1997, միասեռականության և ռուսական օրենսդրության մասին տե՛ս Rawley Grau, “Past Out: How did the Russian Revolution affect gays and lesbians?” in  Newsweekly, Boston, 31 Jan. 2001, p. 35, with refs: Ներկայումս իմ մտերիմ ընկեր և հարգարժան կոլեգան` դոկտոր Նիկոլայ Գորելովը, Ռուսաստանում միասեռականության բնագավառում թերևս ամենակարկառուն գիտնականն է, տե՛ս նաև`  К.Ротиков, Другой Петербург, Лига Плюс, 2001, որը Հյուսիսային Պալմիրայի միասեռականների պատմությունն է` գրված Արծաթե Դարի կլանող ոճով:

8.Մերօրյա հայագիտության մեջ անձնականը քաղաքականի է վերաճում այնպես, ինչպես նույնիսկ Նոր ձախաթևյան գուրուների մտքով չէր անցնի: 1998 թ., վերը նշված անտիպ երկերի լուսապատճեններով Երևանից վերադառնալուցս կարճ ժամանակ անց, թարգմանեցի Չարենցի բանաստեղծություններից շատերը` կենսագրական մի հոդվածի կից` որպես սփյուռքահայ երգիչ Պերճ Թուրապյանի համար նախատեսվող խտասկավառակի ձևավորման տեքստային հավելում: Սակայն նա չցանկացավ, որ տեքստում տեղ գտնի Չարենցի բիսեքսուալությանը վերաբերող հատվածը: Իրողությունը, ասաց, կարևոր չէ. նա մտավախություն ուներ, որ նշված հրապարակման արդյունքում ինքը Հայաստանում պարսավանքի կարժանանա:

Ճշմարտությունը, սակայն, հասու դառնալով գիտնականին, չի կարող բանակցության առարկա դառնալ: Այդպիսով, հետ վերցրեցի բոլոր նյութերը, իսկ թարգմանությունները տպագրվեցին «Արարատ Քուորթըրլի»-ում: (Հետագայում նրա ընկերներից մեկը, ում հետ ծանոթացել ու ընկերացել էի Նյու Յորքում, ad hominem քննադատական հոդված տպագրեց իմ հայագիտական ողջ աշխատանքի առնչությամբ մի ժամանակ գիտական համարում ունեցող «Պատմաբանասիրական հանդես»-ում: Իմ ենթադրյալ մեղքն այն էր, որ այս հարցը պետք է համաձայնեցվեր այժմ արդեն մահացած ակադեմիկոս Իգոր Դյակոնովի այն դիրքորոշման հետ, ըստ որի` հայոց լեզուն տեղածին չէ, այլ օտարամուտ): Այնուհետև, Պուշկինի «Մարգարե» բանաստեղծության չարենցյան թարգմանության մասին իմ հոդվածով սկսեցին հետաքրքրվել Raft գրական պարբերականի խմբագիրներ պրոֆ. Վահե  Օշականը (այժմ մահացած) և Ջոն Գրեպինը: Իսկ երբ կարդացին այն, հրաժարվեցին տպագրել, քանի որ քննվում էր նաև բիսեքսուալության հարցը: Երկուսի անունից գրված և Գրեպինի կողմից ստորագրված նամակում հայտնեցին ինձ, որ անկախ հոդվածի գիտական արժեքից, սեքսուալության հարցը հայերի համար հետաքրքրություն չի ներկայացնում, բացի այդ, նման հոդվածի հրատարակման դեպքում կարող են զրկվել համայնքի ֆինանսավորումից: Չգիտեմ` հարցում անցկացվե՞լ է արդյոք այդ կապակցությամբ, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, ընտրության չափանիշները որևէ նշանակություն գիտնականի համար չէին կարող ունենալ: Պրոֆ. Դենիս Փափազյանն ունեցավ թե՛ մասնագիտական ազնվություն, և թե՛ անձնական խիզախություն այս աշխատությունը Journal of the Society for Armenian Studies-ում տպագրելու համար: Օշականը մահացել էր, բայց ես Գրեպինին տպագրված բանաստեղծության մի նմուշ ուղարկեցի, որը նա հավանեց: 1998 թ. Նյու Յորքում բնակվող ինձ ծանոթ մի հայ լեսբուհի, որն ուսանել էր Երևանի պետհամալսարանում, ասաց ինձ, որ Չարենցի միասեռական լինելն այնտեղ բոլորին է հայտնի, և որ նրա սիրեցյալներից մեկն այժմ էլ ողջ է: Այլ մանրամասներ նա չհաղորդեց, թույլ չտվեց նաև իր անունը հիշատակել` ինչ-ինչ մտավախություններից ելնելով… Քանի որ պսևդո-գիտական և անթաքույց հակասեմիտական հարձակումները սովորական երևույթ են մերօրյա հայկական մամուլի մեծ մասում, կարելի է ենթադրել, որ բանաստեղծական երկերի այս հրապարակման կապակցությամբ կհնչեն մեղադրանքներ դրա անբարո և թաքնված նպատակների մասին: Ինչպես սիրում էր կրկնել Կուրտ Վոնեգուտը`  Այդպիսի բաներ…

9 .Ձեռագրում այս բառը գրեթե անընթեռնելի է, այնպես որ, ներկայացվածը լոկ ենթադրություն է:

10.Տե՛ս իմ հոդվածը Ռեգինա Ղազարյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց վերաբերյալ (“The  Armenian  Counterculture That  Never  Was.”):

11.Բանաստեղծը գործածում է դասական հայերենի բառը` վեշտասնամյա: Տե՛ս այս բառի շուրջ իմ մեկնաբանությունները «The Armenian  Counterculture…» հոդվածում:

12.Հայ. «տրփուհի» բառի գործածումը գալիս է հնագույն պատմաբան Մովսես  Խորենացու` Արա Գեղեցիկի հանդեպ Շամիրամի տածած սիրո նկարագրությունից: Չարենցն իր ոչ երկար կյանքի ընթացքում` պատանեկությունից մինչև հասուն տարիք, իր մի շարք բանաստեղծություններում բազմիցս անդրադարձել է Շամիրամի անպատասխան կրքին:

13. Չարենցը չէր տիրապետում անգլերենին: Ըստ Չարենցի գրադարանի գրքերի ցանկի (տե՛ս Ուինկելմանի մասին ծանոթությունը ստորև), նա ուներ Օ. Ուայլդի «Սալոմեի» ռուսերեն թարգմանությունը, հրատարակված  1908 թ. Մոսկվայում, ինչպես նաև Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները» ստեղծագործության Կ. Բալմոնտի   թարգմանությունը (Մոսկվա, Սկորպիոն, 1911թ.): Ուիթմենից մի հատվածի թարգմանությունը նա արել է ռուսերենից: Օսկար Ուայլդը (1854-1900)` իռլանդացի գրող, համարվում է Իռլանդիայի ազատագրման առաջին ջատագովներից և միասեռականության ազատականացման շարժման այդ ժամանակահատվածի զոհերից մեկը: Նա լորդ Ալֆրեդ Դուգլասի սիրեցյալն էր և իր հոմոսեքսուալության անթաքույց դրսևորումների համար ի վերջո հասցվեց մահվան Վիկտորյան Անգլիայի միջամտությամբ (տե՛ս Richard Ellmann, Oscar Wilde, New York: Knopf, 1988): Այսօր նա հերոսի կարգավիճակ ունի. Velvet Goldmine կինոնկարում (1998թ.) նա ներկայացվում է բառացիորեն որպես այլ աշխարհից հայտնված ավատար` մարմին առած աստվածություն, Իգի Փոպի, Լու Ռիդի, Քըրտ Քոբեյնի խարիզմատիկ նախակարապետ: Թոմ Ստոպըրդի The Invention of Love պիեսում (New Yor, Grove,1997), Ուայլդի կողմից իր ճշմարիտ բնույթը բաց ճակատով ընդունելը բնութագրվում է որպես ճշմարտացի, հեղափոխական` հակադրվելով  Ա.Ե. Հաուսմանի ծպտված, չարչրկված  հոմոսեքսուալության` գիտական աշխատանքի միջոցով սուբլիմացիային (միասեռական գրաքննադատ և կլասիցիստ Դենիել Մենդելսոնն իր մի վերլուծական հոդվածում հանդես եկավ ի պաշտպանություն Հաուսմանի և նրա գիտական գործունեության, սակայն դրանով իսկ լոկ հաստատեց առաջադրված խնդիրը չըմբռնելը): Չարենցի դարաշրջանում արդեն Ուայլդի Ballad of Reading Goal-ը և De   Profundis-ը նրան փառքի բարձունքի էին հասցրել: Չարենցն այս մարտիրոսական շարքի մասն է դառնում:

14. Յոհան Յոախիմ Ուինկելմանը, ծնվ. 1717 թ., դասական հնագիտության ամբիոնի դեկանն էր, ղեկավարել է Պոմպեյի և Հերկուլանումի (այժմ` Էրկոլանո քաղաք Իտալիայում) առաջին արշավախմբերը: Նա համոզված էր, որ դասական արվեստը, հատկապես` հունական քանդակագործությունը, գեղեցիկի այնպիսի զորություն ունի, որի գեղագիտական ազդեցությունը կարող է ըստ արժանվույն գնահատել միայն այն անհատը, որը հասել է աստվածային հաղորդության մակարդակի: Այս գաղափարը հիշեցնում է Գեղեցիկի մասին պլատոնյան փիլիսոփայությունը, սակայն թերևս` առանց մաքրաբարոյության: Ռիլկեն կարծես ձայնակցելիս լինի նրան իր “Archaischer Torso  Apollos”-ի վերջին տողում, անհրաժեշտ համարելով կերպարանափոխությունը, ինչն, ըստ իս, միշտ պարունակել է ինչ-որ հանդիմանանք, մահվան նման դառն անձնական զոհողության սառը պահանջ:

Իր ընկեր Բերենդիսին ուղղված նամակում Ուինկելմանը գրում է մի պատանու մասին. «Մեկը, որի հետ ես կարող եմ խոսել սիրուց` բարետես, խարտյաշ մազերով, տասնվեցամյա հռոմեացի, ինձանից կես գլուխ ավելի բարձրահասակ»: Ուինկելմանի սպանությունը Տրիեստե նավահանգստային քաղաքում 1768-ի հունիսին, որին անդրադարձել է Չարենցը, այժմ էլ պատված է անհայտության մշուշով, սակայն պարզ է, որ այն կապ է ունեցել նրա հոմոսեքսուալության հետ (տե՛ս Wolfgang Leppmann, Winckelmann, New York: Knopf, 1970): Չարենցը ծանոթ էր Ուինկելմանի աշխատանքներին` իր անձնական գրադարանում ուներ Ռուսաստանում 1935-ին հրատարակված նրա երկերի ժողովածուն` Ви(н)кельман, Избранные произведения, ինչպես վկայում է բանաստեղծի երևանյան տուն-թանգարանում գտնվող` Եղիշե Չարենցի անձնական գրադարանի գրքերի ցանկը:  Վերջինիս պատճենի համար պարտական եմ իմ ուսանողուհի Սյուզըն Բարբրային, որը Հարվարդի համալսարանում մագիստրոսական թեզի առնչությամբ Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուին նվիրված իր ուսումնասիրությունն անցկացնելու ընթացքում այդ արժեքավոր ցանկի օրինակն ինձ տրամադրեց:

15.Այս դեպքում էլ հարկ է նշել, որ Չարենցն Էդգար Ալան Պոյի երկերը ռուսերեն էր կարդում, իսկ ռուսներն իրենց հերթին այս ամերիկացու մասին տեղեկացել էին Բոդլերի հանրահայտ էսսեից (Բոդլերի մասին տե՛ս Չարենցի ստորև ներկայացված տողերը): Ռուս սիմվոլիստ բանաստեղծ Վալերի Բրյուսովի վրա, որը հայ պոեզիայի բազմաթիվ նմուշներ է թարգմանել, Պոն նկատելի ազդեցություն է թողել (տե՛ս Joan Delaney Grossman,  Edgar Allan Poe in Russia,  Wtirzburg: Jal-Verlag, 1973, ռուս. թարգմ.` М.Д. Шерешевская, Эдгар Алан По в России, Санкт Петербург: Гуманитарное Общество “Академический Проект”, 1998, ինչպես նաև նույն հեղինակի`Valery Bryusov and the Riddle of Russian  Decadence, Berkeley and Los Angeles: Univ. of California Press,1985): Չարենցի «Քամի» բանաստեղծությունը ևս կրում է Պոյի բաղաձայնույթային (ալիտերատիվ) կանխագուշակող, դյութող արտահայտչամիջոցների ազդեցությունը: Հայ արվեստի սիրահար Բրյուսովին ընթերցելն արդեն իսկ կարևոր ուղեցույց կարող էր դառնալ Պոյի մասին տեղեկանալու և օկուլտիզմի, մոգականության և դեկադենտության նրա լուսապսակով հրապուրվելու համար:

16.Հավանաբար` պոետ մեղապարտ. տարբեր այլ տեղերում Չարենցն օգտագործում է ինքնանվաստացման այս մակդիրը, որը բնորոշ էր միջնադարյան գրողներին և լայնորեն տարածվեց առաջին հայ տպագրիչի` Հակոբ Մեղապարտի շնորհիվ:

17.Որպես լքված թավջութակի ձգված մի լար/Դողում է սիրտս կարոտով մի ահարկու, այսպես է սկսվում Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը (1920 թ.), որի հեռավոր արձագանքն է այս տողը: Նշված բանաստեղծության շարունակության մեջ կախաղանի պարանը պիրկ բառով է բնորոշվում և նույն բառն է գործածում նաև այստեղ` նիզակի նման կիզող առնանդամի դեպքում: «Մահվան տեսիլում» նա խնդրում է, որ ոչ մի զոհ չպահանջվի իր ժողովրդից` իրենից բացի: Սեքսը հաճախ է նմանեցվել մահվան. բանաստեղծի ավելի վաղ գրված «Կատուներն ու ես» բանաստեղծության մեջ Չարենցը խանդով է նայում վաղ գարնանը դիմացի շենքի կտուրի վրա հարաբերվող երկու կատուներին և ձնագնդիկով խփում նրանց: Ավելի ուշ հասկանում է, որ եթե նրանց սիրային էքստազը չընդհատեր` ընկնելու էին կտուրից ու սատկեին: Սեռական հարաբերությունում դերերի փոփոխությունը մեկ այլ թեմա է` նախորդ բանաստեղծության մեջ, ինչպես տեսանք, բանաստեղծն իրեն տեսնում է մերթ կիզողի, մերթ կիզվողի, այսինքն` մերթ Ռեմբոյի, մերթ Վերլենի դերում:

18.«Ամբոխները խելագարված» պոեմը Չարենցի վաղ շրջանի հանրահայտ ստեղծագործություններից է, որի կրակոտ հեղափոխական ոգեշնչումը հետագա ժամանակների ընթերցողը բավական զավեշտական ու անպատեհ էր ընկալում: Երեսուն տարի առաջ, երբ նոր էի հայտնագործում Չարենցին Կոլումբիայի համալսարանում, կուրսեցիս` Հարութ Սասունյանը, սովորաբար ողջունում էր ինձ արևմտահայերեն (քանզի Բեյրութից է) հետևյալ բառերով` «Ամպողները խելակարվաձ են», այնքան անմիջականորեն` կարծես  օրվա եղանակն էր մեկնաբանում: Շատ զվարճալի էր, բայց և վկայությունն էր այն փաստի, որ «խելագարված» բառը հիրավի Չարենցի լեքսիկոնի նշանաբառն էր:

19. Չարենցի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1912 թ.` Թիֆլիսի «Պատանի» գրական ամսագրում, որի կազմի վրա Բըրդսլիի` դարավերջի գծանկարչության ոճով, պատկերված էր երազկոտ անչափահաս պատանյակի գիսախռիվ գլուխը:

20. Այս վերծանումը պայմանական է` հմմտ. նույն բառի գործածումը պոեմի նախորդ մասում:

21. Արխիվը պարունակում է այս բանաստեղծության երկրորդ տարբերակը, որ վերնագրված է Մա՛հ լեգենդին անմահ/(Արդ և հավիտյան):

22. Երկրորդ տարբերակում տեղ է գտել կապույտ բառը` անկիրք-ի փոխարեն: Չարենցի բանաստեղծություններում նրա երազած Հայաստանը միշտ կապուտաչյա է:

23. Սա ներելի անախրոնիզմ է: Պարթևները Հայաստանի տեսադաշտում հայտնվում են մոտավորապես մ.թ.ա. առաջին դարից ոչ շուտ, մինչդեռ պատմական Շամիրամի կերպարը վերաբերում է առաջին հազարամյակի սկզբնական շրջանին, իսկ Պլատոնն անդրադառնում է Արայի առասպելին չորրորդ դարի սկզբին (տե՛ս J.R. Russell, “Er, Ara, and Arda Viraz,” Revue des Etudes Armeniennes 18, 1984, pp. 477-485: Տե՛ս նաև հաջորդ ծանոթագրությունը:

24.Նախորդ երկու պոեմները կապված են Մովսես  Խորենացու գրառած առասպելի հետ, ըստ որի` Ասորեստանի թագուհի Շամիրամը (Shamuramat,  Semiramis),  որը խենթի պես սիրահարված էր Հայոց թագավոր Արա Գեղեցիկին, մերժվելով վերջինիս կողմից, ով հավատարիմ մնաց իր կնոջը` Նվարդին, մի ամբողջ բանակ է ուղարկում նրան գերեվարելու համար: Շամիրամի զինվորները սխալմամբ սպանում են Արային, և Շամիրամը նրա մարմինը տեղափոխում ու դնում է աշտարակի վրա, որպեսզի երկնային շները` «արալեզք», նրան ապաքինեն ու վերակենդանացնեն: Քսանականներին Չարենցը մի քանի բանաստեղծություն է նվիրել այս առասպելին, որոնցում կարեկցում է թագուհու մերժված սիրուն և խորհում այն մասին, որ մեր օրերում բյուրավոր երիտասարդներ` փողոցային ցինիկ Արաներ, ուրախությամբ հաճույք կպատճառեին նրան, սակայն կորսված կլիներ հին կիրքը:

* (աստղանիշով ծնթ. խմբագրի) Չարենցի ձեռագրերը, ինչպես նրա ստեղծագործության մեծ մասը գրված են 1922-1940թթ. ուղղագրությամբ: Ռասելը բնագրին հավատարիմ մնալով հրատարակել է նույն ուղղագրությամբ: Ընթերցումը ավելի մատչելի դարձնելու համար անտիպների ուղղագրությունը դարձված է այժմ Հայաստանում գործող ուղղագրությամբ (ծնթ. խմբ.):

**  Նույն տեղում  (ծնթ. խմբ.):

***  Հավանաբար խոսքը Բնագիր հանդեսի 8-րդ համարում (2004թ.) հրապարակված Չարենցի անտիպների մասին է: Այստեղ 14-րդ էջի բանստեղծությունները, բացի 2-րդից, հրապարակվել են Բնագրում(ծնթ. խմբ.):

Աղբյուր՝ http://www.inknagir.org/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s