Mediaeducational blog

Մտորումներ կամ ինքս ինձ հետ (դիջիպատում)/Edudigitec

Оставьте комментарий


IMG_8447Տեսնո՞ւմ  եք, չէ՞, ինչքա՜ն ջահել է կրթահամալիրը շրջապատող այգին, իսկ որքա՜ն «հին» է այնտեղ բերող ճանապարհը. քանի՜- քանի՜ սերունդ է ճանապարհել ու դեռ պիտի ճանապարհի: Եկել են ու գնացել՝ իրենց հետ տանելով ջերմություն, սեր ու նվիրում: Գնացել են՝ նորից գալու մտադրությամբ, գնացել են՝ իրենց հետ տանելով մի զրո՞ւյց, թե՞ ավանդություն, որը շուրթից շուրթ ինձ է հասել ասացող պապիս միջոցով: Պատմեմ, լսե՛ք:

Աշխարհում այգու առաջին տերը Մեսրոպ անունով մի մարդ էր,  բարի, հյուրասեր, իմաստուն մի մարդ: Էս մարդը մի լավ սովորություն  ուներ. այգեկութի ժամանակ սիրով ընդունում էր հյուրերին և ասում.

-Բաց է ձեր առաջ իմ այգու դուռը: Գնացե՛ք մինչև վերջ, քաղեք, ինչքան ուզում եք, և ինչ դուր կգա, հետո այգու մյուս ծայրի դռնով դո՛ւրս եկեք, գնացե՛ք: Մի օր  հյուրերի հետ նրա այգին են մտնում երկու տղա՝ Արմենն ու Արմանը: Արմենը կազմակերպված, լուրջ տղա էր, քաղում է իրեն դուր եկած մրգերը, ուտում, լցնում գրպանները: Իսկ Արմանը էս ծառից մյուսն է վազում, էն ծառից՝ մյուսը (շփոթվել էր մրգերի առատությունից): «Էս չէ, էն մյուսը կբարձրանամ, կքաղեմ»,- մտածում է նա:

Հասնում են վերջին ծառերին, բացվում է այգու դուռը, և նրանց դուրս են հրավիրում: Արմանն սկսում է քթի տակ փնփնթալ.

-Բայց ես դեռ ոչինչ չեմ քաղել:

-Էս հսկայական այգում քաղելու բան չգտա՞ր: Տե՛ս՝  ընկերդ ինչքան  միրգ է տանում իր հետ,- ասում է այգեպանն ու դուռը փակում:

Կյանքն էլ, աշխարհն էլ նման են այգու: Մի դռնից մտնում ես, մյուսով դուրս գալիս: Խելացիները ամեն օր, ամեն ժամ յուրացնում են կյանքի իմաստնությունները, ձգտում հասնել իրենց նպատակին: Իսկ նրանք, ովքեր ասում են՝ այսօր չէ, վաղը, վաղը չէ, մյուս օրը, կորցնում են թանկագին մի բան՝ ժամանակը, որը  ոչ ոք չի կարող հետ բերել: Գիտե՞ք՝ ինչու հիշեցի այս զրույցը. մտածեցի՝ իմ վերջին դիջիպատումն է(դե լավ, լուրջ չընդունեք): Դեռ էնքա՜ն գործ ունեմ, դեռ շատերին պիտի օգնեմ, որ ճիշտ տնօրինեն իրենց ժամանակը, դատարկաձեռն չգնան…

Գիտեմ, գիտեմ՝ անհամբեր սպասում եք, որ իմ հետագա ծրագրերից  ու կատարված  աշխատանքից խոսեմ: Շատ բան չեմ պատմի, բոլոր նախագծերին, դրանց արդյունքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում: Արդեն ծանո՞թ եք: Վա՜յ, ի՜նչ լավ է, թե չէ մի տեսակ անհանգիստ էի, էդքանը ոնց էիք նորից կարդալու: Լավ, սկսեմ:

Այլընտրանքային ու հեղափոխական ծրագրերով հայտնի մեր կրթահամալիրի սովորական մի դասավանդող եմ՝ անսովոր աշխատասիրությամբ, արթուն մտքով: Միշտ էլ մտածել եմ, որ աշխատանքս ստեղծագործական որոնումների, կարողությունների ու ձեռքբերումների բերկրանքի, ինչու չէ, հաճախ նաև հիասթափությունների ու նոր մտորումների անվերջանալի շղթա է: Միշտ համարել եմ, որ մեր մանկավարժության  խնդիրներից է նաև հայ կերտելը, հայ պահպանելը: Մանավանդ այսօր, երբ հայապահպանությունը կրթության բովանդակությունն է ոչ միայն Սփյուռքում, այն ոչ այլ ինչ է, եթե ոչ պայքար՝ հանուն մարդու, հանուն բարու և լույսի հաղթանակի: Միշտ էլ միօրինակությունը համարել եմ ստեղծագործական մտքի թշնամին, աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու և  հաջողության հասնելու համար երբեք չեմ բավարարվել ձեռք բերածով:

Այնքան ասելիք կա, բայց խոսեմ միայն ինձ համար կարևոր համարվող ձեռքբերումներից մեկ-երկուսի մասին: Երբ մանկությանս տարիներին պատմության ուսուցիչը ցույց էր տալիս ծովից ծով Հայաստանի քարտեզը, անիրականալի երազ էր թվում այդ տարածքները սեփական աչքով տեսնելու հնարավորությունը: Բայց երբ ուժգին ու շատ ես երազում, այն դառնում է իրականության այն տեսակը, որին երազը նորից չի լքում: «Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք այն» երկարատև, շարունակական նախագծին մասնակցեցին (ու մասնակցելու են) և՛ դասավանդող, և՛ սովորող, և՛ ծնող սեբաստացիներ, քայլեցին պատմական Հայաստանի ճամփաներով, որոնեցին Չարենցի ու Մահարու, Նարեկացու ու Քուչակի ոտնահետքերը,  հուզմունքից թրթռացող սրտով շոյեցին Աբգար աղայի տան անտաշ քարերը, հիացան արևի գույնով կառուցված Անիով, փնտրեցին ու չգտան այն իսկական բառը, որ համապատասխաներ քարեղեն այդ երաժշտությանը, Վանա կապույտ հրաշքը արցունքով ողողեց շատերի աչքերը, Աղթամարում կարկամեցին մի պահ, հետո ինքնաբուխ  շարական ու աղոթք մրմնջացին, հասկացա՝ նախագծի կետերը հերթով իրականանում են: Հասկացա, որ այդ դասը իմ սովորողները երբեք չեն մոռանա, չեն մոռանա, որ երկրի և Էրգրի միջև սահման չի կարող լինել: Ու թե կա, պայմանական է սահմանն այդ. Հայաստանը մեկն է: Ու իրականության մեջ սահմանները բացվե՞ն, թե՞ չբացվեն, միևնույնն է, դրանք ինձ, իմ շուրջը հավաքված սովորողների համար փակ լինել չեն կարող:

Բիայնիլի-Վան, Էրեբունի- Երևան… Քանի՜ դար կա այս անցումների միջև, ե՞րբ է Նոյն անցել այս ճանապարհով: Երևի պատմաբանները գիտեն հարցիս պատասխանը: Իսկ ես գիտեմ՝ աշխարհի քաղաքներից հնագույնը Երևանն է, որը Հռոմից մեծ է 28 տարով: Բայց Երևանի հմայքը տարիքի մեջ չէ: Այն մեր «քարե կարոտն» է, «քարե նազանքը»:  Ու կայացավ, չէ՛, ավելի ճիշտ, լրացվեց ու ամբողջացավ «Երևանն իմ տունն է» նախագիծը՝ որպես ուսումնական փաթեթ, որը կփոխանցենք գրադարանին:

«Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»,- ասում են օտարները: Ճիշտ է: Բայց նա կմնա որպես թանգարան, եթե չճանաչենք այն:  Աշխատանքները կազմակերպելիս առաջին հարցադրումն է եղել՝ իսկ դու տեսե՞լ ես այդ ցուցանմուշները, ճանաչո՞ւմ ես քո երկիրը. եթե ոչ, ինչպե՞ս կարող ես սիրել այն: Ու մեկը մյուսի հետևից՝ Գյումրի ու Վահրամաբերդ, Մարմաշեն ու Գեղամավան, Կաքավաբերդ ու Խոսրով: Ու հասկացել եմ մի բան: Դժվա՞ր է: Երբեմն: Անհնարի՞ն է: Ո՛չ: Սկսել եմ ինձանից: Կարդում եմ, որ կարողանամ կարդալու մղել, դիտում-ունկնդրում եմ, որ կարողանամ դիտել-լսելու կարողություն զարգացնել:

Այս անգամ շատ դժվար գրվեց…Սկզբում վստահ էի՝ «Դիջիպատում» վերտառությամբ՝ իմ ղեկավարած աշխատանքներն եմ ներկայացնելու: Բայց, չէ՛: Գիտե՞ք՝ քանի օր է՝ բառիս բուն իմաստով «տառապում» եմ: Համակարգիչը հաստատ հոգնել է ինձանից, բլոգս՝ չարչրկվել. բա էդքան բացել- փակել կլինի՞: Մեկ է, չէր ստացվում (վստա՞հ ես, որ ստացվեց): Որպես ավարտ՝ այն խորհուրդները (խրատ կամ ցուցում չասեմ), որոնք միշտ էլ ցանկացել եմ հասու դարձնել սովորողին.

  1. Մի՛ վախեցեք լավը լինելուց:
  2. Կա՛նգ առեք, դո՛ւրս եկեք ձեր կամքին հակառակ ընթացող մրցավազքից:
  3. Մի՛ եղեք շրջապատի, միջավայրի գերին:
  4. Ապրե՛ք ձեր հոգու թելադրանքով:
  5. Մի՛ հավատացեք անցողիկ ցանկությունների իրականացմամբ երջանիկ կյանքով ապրելու պատրանքին:
  6. Թումանյանի Անխելք մարդու նման մի՛ որոնեք բախտը հեռուներում:

Ու երբ սրանց իրականացումը տեսնում եմ սովորողների աշխատանքներում, բլոգներում, ուրեմն ինչ-որ բան ստացվում է:

…Անհամբեր սպասում եմ գարնան ավետաբեր արագիլներին. ախր ինձ համար ուրիշ է Հայաստանի գարունը: Այգի, անտառ, դաշտ ու անդաստան ողողվում են ծիածանի բոլոր գույներով…Խե՜ղճ ծիածան, քո յոթ գույնով ինչպե՞ս ես կարողանում արտահայտել հազար երանգ: Սպասում եմ: Բոլոր ճամփորդել սիրողներն են սպասում: Ախր անելիք շատ ունենք….

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s