Mediaeducational blog

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ — ՀՈՐՍ ՃԱՄՊՐՈՒԿԸ

Оставьте комментарий


OrhanPamukՄահկանացուն կնքելուց երկու տարի առաջ հայրս գրվածքներով, ձեռագրերով ու նոթատետրերով լցված փոքրիկ ճամպրուկն ինձ հանձնեց: Սովորական կատակասեր-ծաղրալից կեցվածքն ընդունելով` ասաց, թե ցանկանում է, որ ընթերցեմ իր հեռանալուց, ասել է` մահանալուց հետո: ՙՊարզապես աչքի անցկացրու, – ասաց մտահոգ: – Տես, մեջը օգտագործելու արժանի բան կա՞: Գուցե, երբ արդեն հեռացած կլինեմ, հատընտիր կկազմես և կհրատարակես՚:
Իմ աշխատասենյակում էինք, գրքերով շրջապատված: Հայրս ճամպրուկի համար տեղ էր փնտրում` անընդհատ հետ ու առաջ անելով այն մարդու նման, որ ջանում է րոպե առաջ ազատվել ցավագին բեռից: Ի վերջո, սուսուփուս դրեց սենյակի ազատ անկյունում: Տհաճ պահ էր, երկուսս էլ երբեև չկարողացանք մոռանալ, բայց լինելիքն արդեն եղել էր, և վերադարձանք մեր ամենօրյա դերակատարությանը, շարունակեցինք վերևից ու խինդով նայել կյանքին, վերագտանք կատակասեր էություններս և թեթևացանք: Սովորականի պես խոսում էինք աննշան առօրյայից, Թուրքիայի անվերջանալի քաղաքական անհաջողություններից և հորս` մեծ մասամբ ձախողակ գործարարությունից, որ առանձնապես չէր վշտացնում:

Հիշում եմ, հորս հեռանալուց հետո օրեր շարունակ պտտվում էի ճամպրուկի շուրջը` առանց նույնիսկ մատով դիպչելու: Արդեն ընկերացել էի փոքրիկ, սև, կաշվե իրին, կողպեքին, մաշված-կլորացած անկյուններին: Կարճատև ուղևորության մեկնելիս հետն էր վերցնում, երբեմն փաստաթղթերն էր աշխատանքի տանում: Հիշում եմ, երեխա ժամանակ, երբ հայրս ուղևորությունից տուն էր վերադառնում, բացում էի փոքրիկ ճամպրուկն ու տակնուվրա էի անում իրերը` վայելելով օդեկոլոնի և օտար երկրների բույրը: Ճամպրուկը մտերիմ ընկերս էր, մանկությանս, անցյալիս զորեղ հուշարարը, որին այժմ անկարող էի անգամ դիպչել: Ինչո՞ւ: Պատճառն, անկասկած, պարունակության խորհրդավոր ծանրությունն էր:Երբ հորս ճամպրուկին դիպա, դեռևս անկարող էի ինձ ստիպել, որ բացեմ, չնայած գիտեի, թե նոթատետրերից մի քանիսի մեջ ինչ էր: Տեսել էի, ինչպես էր հայրս գրառումներ անում: Առաջին անգամ չէր, որ լսում էի ճամպրուկի պարունակած ծանրության մասին: Հայրս ընդարձակ գրադարան ուներ. երիտասարդ տարիներին` 1940-ականների վերջում, ցանկացել էր ստամբուլցի բանաստեղծ դառնալ, թուրքերեն էր թարգմանել Վալերիին, սակայն աղքատ երկրում սակավաթիվ ընթերցող ունեցող բանաստեղծի կյանքը նրան չէր հրապուրել: Հորս հայրը` պապս, հարուստ գործարար էր, մանկության և պատանության տարիներին հայրս ապահով կյանք էր ունեցել և մտքով չէր անցել զրկանքներ կրել հանուն գրելու կամ ի սեր գրականության: Կյանքը սիրում էր հանուն ամենայն գեղեցկության. դա հասկացել էի:
Առաջինը, որ ինձ հեռու էր պահում հորս ճամպրուկի պարունակությունից, իհարկե, վախն էր, որ կարդացածս կարող է չհավանեի: Քանի որ հայրս գլխի էր ընկել, նախազգուշական միջոցներ էր ձեռնարկել` ցույց տալով, իբր լուրջ չի ընդունում դրանց բովանդակությունը: Քսանհինգ տարի գրողական աշխատանքով զբաղվելուց հետո նման իրողության հանդիպելով` ցավ զգացի: Բայց ցանկություն չունեի անգամ զայրանալ հորս վրա, որ չէր հաջողել ըստ էության լուրջ ընդունել գրականությունը… Իրական վախս, ճակատագրական փաստը, որից խուսափում էի կամ չէի ցանկանում բացահայտել, հավանականությունն էր, որ հայրս, գուցե, լավ գրող է: Հորս ճամպրուկը չէի կարողանում բացել, որովհետև հենց դրանից էի սարսափում: Ավելին, նույնիսկ անկարող էի բացեիբաց ընդունել այդ փաստը: Եթե հորս ճամպրուկից իսկական և մեծ գրականություն դուրս գար, ստիպված էի լինելու գիտակցել, որ հորս հոգում բոլորովին այլ մարդ էր բնակվել: Սարսափեցնող հավանականություն: Քանզի նույնիսկ առաջացած տարիքում ուզում էի, որ հայրս լոկ իմ հայրը լիներ, և ոչ` գրող:
***
Գրողի գաղտնիքը ոչ թե ներշնչանքն է, քանզի երբեք պարզ չէ, թե այն որտեղից է հայտնվում, այլ համառությունն ու համբերատարությունը: Թուրքական հիանալի ասացվածքը` ասեղով հոր փորել, ինձ թվում է, ասվել է` մտքում գրողին ունենալով: Հին պատմություններից հավանում եմ Ֆարհատի համբերատարությունը, որ հանուն սիրո լեռներն էր հորատում. ինձ համար հասկանալի է: Իմ վեպում` ՙԱնունս Կարմիր է՚, գրել եմ հնօրյա պարսիկ մանրանկարիչների մասին, որ տարիներ շարունակ նույն ձին նկարել են միևնույն կրքով` մտապահելով յուրաքանչյուր գիծը, այնպես որ` կարող էին հրաշագեղ այդ ձին վերակերտել նույնիսկ փակ աչքերով, և գիտեի, որ խոսում եմ գրողի մասնագիտության ու կյանքիս մասին: Եթե գրողը սեփական պատմությունն է անում, պարտավոր է դանդաղ պատմել, իբր խոսում է ուրիշների մասին, եթե զգում է, որ հոգում ահագնանում է պատմելու ցանկությունը, և սեղանի առաջ պետք է նստի ու համբերատարությամբ նվիրվի այս արվեստին, այս արհեստին, նրան, առաջին հերթին, անհրաժեշտ է հուսադրել: Ներշնչանքի փերին (որ կանոնավոր այցելում է մի մասին և միայն հազվադեպ` մյուսներին) բարեհաճ է հուսառատների և համարձակների նկատմամբ, այդ ժամանակ է գրողը հատկապես միայնակ և առավել կասկածանքով է վերաբերվում իր ջանքերին, երազանքներին ու գրածի արժեքին, մտածելով, որ իր պատմությունը հենց միայն իր պատմությունն է, և այդ պահերին փերին որոշում է նրան շնորհել պատմություններ, կերպարներ ու երազներ, որ պատկերելու են այն աշխարհը, որը գրողը ցանկանում է կերտել: Երբ հետադարձ հայացք եմ նետում գրքերին, որոնց նվիրել եմ ամբողջ կյանքս, առավել զարմացնում են այն պահերը, երբ զգացել եմ, որ ինձ հրապուրած ու երջանկացրած նախադասությունները, երազանքներն ու էջերը, կարծես, սեփական երևակայությանս ծնունդը չեն, օտար մի ուժ է գտել և մեծահոգաբար նվիրել ինձ: Վախենում էի հորս ճամպրուկը բացել և նրա նոթատետրերը կարդալ, որովհետև համոզված էի` նա չէր հանդուրժի այն դժվարությունները, որ ես էի տարել, քանզի առանձնությունը չէր հրապուրում նրան, այլ բարեկամների, ամբոխի ընկերակցությունը, հյուրասենյակները, կատակները, զրուցակիցները: Հետագայում միտքս այլ ընթացք ստացավ: Այս խոհերը, հրաժարումի և համբերատարության երազանքները լոկ կանխակալ կարծիք էին, որ սկիզբ էին առել սեփական կյանքիցս և գրողական փորձիցս: Բազմաթիվ հրաշալի գրողներ կային, որ ստեղծագործում էին` շրջապատված ամբոխով ու ընտանեկան կյանքով, ընկերների և ուրախ զրույցների աղմուկով: Ավելին, երբ դեռ փոքր էինք, հայրս ձանձրացավ ընտանեկան միապաղաղ կյանքից և մեզ թողնելով` մեկնեց Փարիզ, որտեղ շատ ու շատ գրողների նման` հյուրանոցի սենյակում նստած, նոթատետրերն էր լրացնում: Նաև գիտեի, որ այդ նոթատետրերի մի մասը ճամպրուկի մեջ էր, որովհետև ինձ հանձնելուց տարիներ առաջ հայրս, վերջապես, սկսել էր ինձ հետ զրուցել իր կյանքի այդ շրջանի մասին: Այդ օրերի մասին խոսում էր նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ երեխա էի, սակայն բառ անգամ չէր ասում իր խոցելիության, գրող դառնալու անրջանքի կամ ինքնության որոնումներից, որ իրեն տանջել էին հյուրանոցի սենյակում: Փոխարենը պատմում էր բոլոր այն դեպքերից, երբ Փարիզի փողոցներում հանդիպել էր Սարտրին, ընթերցած գրքերի, դիտած ֆիլմերի մասին, և այդ ամենը` կարևոր նորություն հայտնողի խանդավառ անկեղծությամբ: Երբ արդեն գրող էի դարձել, երբեք չէի մոռանում, որ դա կատարվել էր մասամբ շնորհիվ այն փաստի, որ ունեի հայր, ով ավելի շատ խոսում էր աշխարհի գրողներից, քան փաշաներից ու կրոնական խոշոր առաջնորդներից: Ուստի, հորս նոթատետրերը, հավանաբար, պետք է ընթերցեի` մտքում ունենալով հենց այդ իրողությունը` հիշելով նաև, թե որչափ պարտական էի նրա ընդարձակ գրադարանին: Չպետք է մոռանայի, որ երբ մեզ հետ էր ապրում, ինձ պես` հայրս էլ հաճույքով առանձնանում էր գրքերի ու խոհերի հետ և առանձնակի ուշադրություն չէր դարձնում գրվածքների գրական որակին:
Մտահոգ նայելով հորիցս ժառանգած ճամպրուկին` զգացի, որ անկարող եմ այդ անել: Հայրս երբեմն մեկնվում էր բազմոցին, գրքերի դիմաց, մի կողմ էր դնում ձեռքին եղած գիրքը կամ ամսագիրը և երազների գիրկն էր ընկնում, երկար ժամանակ տրվում մտքերին: Դեմքին տարօրինակ արտահայտություն նկատելիս, որ այնքան տարբեր էր կատակելիս, ծաղրելիս կամ ընտանեկան կյանքից դժգոհելիս, երբ նշմարում էի ներամփոփ հայացքը, տագնապով գլխի էի ընկնում, հատկապես մանուկ և դեռահաս տարիքում, որ անբավարարության զգացում ունի: Այժմ, տարիներ անց, գիտեմ, որ այդ անբավարարվածությունը հենց այն հիմնական առանձնահատկությունն է, որ մարդուն գրող է դարձնում: Գրող դառնալու համար միայն համբերությունն ու աշխատասիրությունը բավարար չեն. պետք է զգաս, որ հարկադրված ես խուսափել ամբոխից, ընկերներից, կանոնավոր, առօրյա կյանքից և ստիպված ես փակվել սենյակում: Երազում ենք համբերության և հույսի մասին, որպեսզի ի վիճակի լինենք մեր գրվածքներում ավելի խոր աշխարհ կերտել: Սակայն սենյակում փակվելու փափագն է, որ գործի է դրդում: Անկախ գրողի այս տեսակի, ով սեփական գրքերն ընթերցում է հոգեկան բավարարության համար, ով ականջ դնելով միայն սեփական գիտակցության ձայնին` բանավիճում է այլոց բառերի հետ, ով, զրույցի բռնվելով սեփական գրքերի հետ` զարգացնում է սեփական մտքերը և սեփական աշխարհը, գրողի այս տեսակի նախակարապետը, ամենայն հավանականությամբ, Մոնտենն է` ժամանակակից գրականության ամենավաղ շրջանում: Մոնտենն այն գրողն էր, որին հաճախ էր անդրադառնում հայրս, գրող, ում խորհուրդ էր տալիս կարդալ: Շատ կցանկանայի ինձ տեսնել այն գրողների շարքում, ովքեր, աշխարհի որ մասում էլ գտնվեն` Արևելքում, թե Արևմուտքում, կողմ են քաշվում հասարակությունից և գրքերի հետ փակվում են սենյակում: Իսկական գրականության մեկնակետն այն մարդն է, ով գրքերն առած` փակվում է սենյակում:
***
Հայրս հարուստ գրադարան ուներ` 1500 հատոր, ավելին, քան կբավարարի գրողին: Մինչև քսաներկու տարեկանս` բնական է, բոլորը չէի կարդացել, սակայն ծանոթ էի յուրաքանչյուրին, գիտեի, որոնք էին կարևոր, կամ թեթև ու հեշտ ընթերցվող, որոնք էին դասական կամ ցանկացած կրթության էական բաղադրիչը, որոնք էին մոռացվող, բայց տեղական պատմության համար հետաքրքրական նշանակություն ունեցող, և ֆրանսիացի որ հեղինակներին էր հայրս ամենաբարձրը գնահատում: Երբեմն հեռվից էի դիտում հորս գրադարանը, թվում էր, իրական աշխարհի պատկերն է: Սակայն, այդ աշխարհը տեսանելի էր մեր անկյունից` Ստամբուլից: Գրադարանը դրա առհավատչյան էր: Հայրս այն հարստացրել էր արտասահմանյան ուղևորությունների ընթացքում, մեծ մասամբ` Փարիզից և Ամերիկայից բերած գրքերով, մի մասը ձեռք էր բերել 40-ականներին և 50-ականներին օտարալեզու գրքեր վաճառող խանութներից և Ստամբուլի հին ու նոր գրավաճառներից, որոնց ես նույնպես ճանաչում էի: Իմ աշխարհը տեղայինի` ազգայինի և Արևմուտքի խառնուրդն է: 70-ականներին ես նույնպես սկսեցի` որպես փառամոլության դրսևորում, սեփական գրադարան հիմնել: Դեռևս չէի որոշել գրող դառնալ, և քանի որ Ստամբուլում էի հանգրվանել, զգացել էի, որ, ի վերջո, նկարիչ չեմ լինելու, և չգիտեի, թե կյանքիս ուղին ինչպես էր ընթանալու: Ներքուստ անդադրում հետաքրքրություն, հուսավառ կիրք ունեի ընթերցելու և սովորելու հանդեպ, բայց նաև զգում էի, որ կյանքում ինչ որ բան պակասում էր ինձ, անկարող էի ապրել մյուսների նման: Այդ զգացումը, մասամբ, կապված էր այն ապրումների հետ, որ ունեցել էի, երբ զննել էի հորս գրադարանը` իրադարձությունների կենտրոնից հեռու մնալ, որովհետև բոլոր նրանց, ովքեր այդ օրերին բնակվում էին Ստամբուլում, ստիպում էին գավառաբնակի զգացում ունենալ: Մտահոգվելու և պակասություն զգալու այլ պատճառ էլ ունեի, քանզի շատ լավ գիտեի, որ բնակվում եմ այն երկրում, որին գրեթե չէր հետաքրքրում արվեստագետը` նկարիչ, թե գրող, երկիր, որ հույսի շող չէր թողնում նրանց: 70-ականներին, երբ վերցնում էի հորս նվիրած փողը և ագահաբար Ստամբուլի ծեր գրավաճառներից խունացած, փոշոտ, էջերի անկյունները ոլորված գրքեր էի գնում, նույնչափ ազդված էի հնամաշ գրքեր վաճառող խանութների ողորմելի վիճակից ու ապրանքը ճանապարհի եզրին, մզկիթների բակերում ու քանդված պատերի որմնախորշերում ցուցադրող աղքատ, կեղտակոլոլ գրավաճառների հուսաբեկ բզկտվածությունից, որչափ նրանց գրքերից:
***
Փաստորեն, բարկացել էի հորս վրա, որովհետև այն կյանքով չէր ապրել, ինչ իմն էր, որովհետև երբեք չէր հակադրվել սեփական կյանքին և ուրախ էր ապրել` անվերջ ծիծաղելով ընկերների ու սիրեցյալների հետ: Սակայն, մի մասնիկս համոզված էր, որ կարող եմ նաև ասել, թե դա այնքան էլ ՙզայրույթ՚ չէր, ավելի շատ ՙխանդ՚ էր, և այս բառն ավելի ստույգ էր, և նույնպես շփոթեցնում էր ինձ: Նույնը կլիներ, եթե ինձ հարց տայի արդեն սովորական դարձած ծաղրական, բարկացկոտ ձայներանգով. ՙԻ՞նչ է երջանկությունը՚: Երջանկությունն այն է, որ մտածեմ, թե խորիմաստ կյա՞նք եմ ապրում մեկուսի սենյակում: Թե՞ երջանկություն է, երբ ուրախ կյանք ես վայելում հասարակության մեջ` հավատալով նույն բաներին, ինչ մյուսները, և գործում ես այնպես, կարծես ցանկությունդ հենց դա է եղել: Երջանկություն, թե՞ դժբախտություն է կյանքն անցկացնել գաղտնաբար գրելով և ձևացնել, որ ներդաշնակ ես շրջապատիդ: Չափազանց ցավագին հարցեր: Որտեղի՞ց էի մոգոնել, թե կատարյալ կյանքի չափանիշը երջանկությունն է: Մարդիկ, թղթերը, ամեն ոք ներկայացնում էր, իբր կյանքի կարևորագույն չափորոշիչը երջանկությունն է: Արդյո՞ք հենց միայն սա չի ենթադրում, որ արժե փորձել և պարզել. ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Ի վերջո, հայրս բազմիցս է փախել ընտանիքից, որքանո՞վ էի նրան ճանաչում և կարո՞ղ էի պնդել, թե հասկանում եմ նրա տվայտանքները:
Ուրեմն, նման մտքեր էին առաջնորդում ինձ, երբ առաջին անգամ բացեցի հորս ճամպրուկը: Գաղտնի՞ք ուներ, կյանքի դժբախտությո՞ւն, որին անտեղյակ էի, և որն ի վիճակի էր եղել համբերությամբ տանել` շռայլորեն արտացոլելով գրվածքներում: Ճամպրուկը բացելուն պես` վերզգացի ճամփորդությունների բույրը, նոթատետրերից մի քանիսը ճանաչեցի, մտաբերեցի, տարիներ առաջ ցույց էր տվել` առանց դրանց շուրջ երկար մտմտալու: Նոթատետրերի մեծ մասը, որ այժմ ձեռքս էի առել, լրացրել էր երիտասարդ հասակում, երբ մեզ լքելով` մեկնել էր Փարիզ: Մինչդեռ ցանկանում էի իմանալ` ինչ էր գրել, ինչ էր մտածել հայրս այն տարիքում, որում այսօր ես էի, ճիշտ այնպես, ինչպես ամեն բան գիտեի ինձ հիացմունք պատճառող գրողների մասին, ում կենսագրություններին մանրամասն ծանոթ էի: Երկար ժամանակ չպահանջվեց ըմբռնելու, որ նման բան չէի գտնելու: Մտահոգիչն այն էր, որ հորս նոթատետրերում մերթ ընդ մերթ գրողական ձայնի հանդիպեցի: ՙՀորս ձայնը չէ, – մտածեցի, – իրական չէ, համենայն դեպս` նրանը չէ, ում որպես հայր եմ ճանաչում՚: Ավելի խոր էր վախը, թե հայրս իմ հայրը չէր այն ժամանակ, երբ գրում էր, ահագնացող վախ, թե էությանս խորքում ես էլ իրական չէի, որ հորս գրվածքներում ոչինչ լավ չէի գտնելու, և անասելիորեն ընդարձակվում էր վախս, որ պարզելու էի, թե հայրս չափից ավելի ազդված էր ուրիշ գրողներից, այդ վախն ինձ հասցնելու էր հուսահատության, որն այնպես վշտացրել էր, երբ դեռ պատանի էի` խաթարելով կյանքս, էությունս, հարցականի տակ դնելով գրելու ձգտումս և ամբողջ գործունեությունս: Գրողական առաջին տասը տարիներին այդ անհանգստությունն ավելի խոր էի ապրում, և նույնիսկ մի կողմ վանելով այն` երբեմն սարսափում էի, թե մի օր ընդունելու եմ պարտությունս, ինչպես արդեն արել էի նկարչության հետ, և հուզմունքին տեղի տալով` դադարելու էի նաև վեպ գրել:
Արդեն մատնանշեցի երկու հիմնական ապրում, որ ունեցա, երբ փակեցի հորս ճամպրուկն ու մի կողմ դրեցի. գավառում աքսորված լինելու զգացումը և վախը, որ իսկության պակաս եմ զգում: Ինչ խոսք, առաջին անգամ չէր, որ հիշեցնում էին իրենց գոյությունը: Քանզի կարդալու և գրելու երկար ու ձիգ տարիների ընթացքում քննել, բացահայտել, խորացրել էի այդ հույզերը` իրենց ամբողջ բազմազանությամբ, անկանխատեսելի հետևանքներով, նյարդային վերջույթներով, ձգաններով ու բազմագունությամբ: Հավանաբար, ոգիս խաթարվել էր շփոթմունքից, դյուրազգացությունից ու թափառող ցավից, որ կյանքը և գրքերն էին հաճախ վերընձյուղել հոգումս, երբ դեռ շատ ջահել էի: Սակայն միայն գրքեր գրելու միջոցով կարողացա լիովին ըմբռնել իսկության (ՙԱնունս Կարմիր է՚ և ՙՍև գիրք՚) և ծայրագավառի կյանքի խնդիրները (ՙՁյուն և Ստամբուլ՚): Գրող լինելն ինձ համար այն է, երբ գիտակցում ես ներսումդ եղած գաղտնի վերքերը, թաքուն վերքեր, որոնց գոյության մասին նույնիսկ ինքդ հազիվ տեղյակ ես, և այն, որ համբերատար կերպով հետազոտում, ճանաչում, լուսավորում ես դրանք, որպեսզի սեփականես ցավն ու վերքերը և դարձնես ոգուդ ու գրվածքներիդ գիտակցական բաղադրիչը
***
Ուրեմն, հայրս միակը չէր, բոլորս էլ չափազանց կարևորում ենք կենտրոնակիր աշխարհի գաղափարը: Մինչդեռ այն, ինչը մեզ հարկադրում է տարիներ շարունակ փակվել մեր սենյակում, որպեսզի գրենք, վերջում հակառակ հավատն է ներշնչում. վստահություն, թե մի օր մեր գրվածքներն ընթերցելու և հասկանալու են, որովհետև ամբողջ աշխարհի մարդիկ նման են իրար: Բայց սա, որ գիտեմ թե’ իմ և թե’ հորս գրվածքներից, տհաճ լավատեսություն է, սահմանից այն կողմն ուղարկվելու, դուրս թողնվելու զայրույթից առաջացած վախի հետևանք: Սեր և ատելություն, որ ամբողջ կյանքում Դոստոևսկին տածում էր Արևմուտքի հանդեպ, ես էլ բազմաթիվ առիթներով նույն զգացումն եմ ունեցել: Բայց եթե հաջողել եմ ըմբռնել հիմնական ճշմարտությունը, եթե լավատեսության պատճառ ունեմ, արդյունքն է այն բանի, որ մեծ գրողի հետ ճամփորդել եմ Արևմուտքի հանդեպ նրա սեր-ատելություն հարաբերության միջով` տեսնելու նոր աշխարհը, որ նա կերտել է մյուս կողմում:
Բոլոր գրողները, որ կյանք են նվիրաբերել այդ աշխատանքին, տեղյակ են այս իրողությունից. ինչպիսին էլ լինի նախնական նպատակը, տարիների գրողական հուսառատ աշխատանքի արդյունքում կերտած աշխարհը, ի վերջո, այլ` բոլորովին նոր վայր կտեղաշարժվի: Մեզ կհեռացնի սեղանից, որի մոտ աշխատել ենք թախծոտ կամ զայրացած, կտանի թախիծից և զայրույթից անդին, դեպի մեկ այլ աշխարհ: Հնարավո՞ր է, որ հայրս ինքը նման աշխարհ հասած չլիներ: Այս մյուս աշխարհը դյութում է մեզ ինչպես ցամաքը, որ դանդաղ ձև է ստանում` անշտապ բարձրանալով մառախուղի միջից և փայլելով պերճաշուք գույներով` երկարատև ծովային ճամփորդությունից հետո հանկարծակի հայտնված կղզու նման: Հույսով ու սպասելիքներով սկսած ճամփորդության ավարտին նրանց առաջ փռվում է քաղաքը` մզկիթներ ու մինարեներ, խառնիճաղանջ տներ, փողոցներ, բլուրներ, կամուրջներ ու զառիթափներ, ամբողջական մի աշխարհ: Այս տեսնելով` ցանկություն ենք ունենում ոտք դնել այդ աշխարհը և կորչել այնտեղ, որպես գիրք: Սեղանի մոտ նստելով, քանզի գավառցի էինք զգում, մերժված, սահմանի եզրին` զայրացած կամ խորապես տրտում, ամբողջ մի աշխարհ էինք գտել զգացումների թիկունքում:
***
ՙՀավանաբար, հայրս նույնպիսի երջանկություն է գտել այն տարիների ընթացքում, որ գրելով է անցկացրել՚, – ենթադրում էի` աչք չկտրելով հորս ճամպրուկից. իրավունք չունեմ կանխավ դատել նրան: Ի վերջո, մեծապես երախտապարտ էի. հրամայող, արգելող, ճնշող, պատժող, շարքային հայր չէր, այնպիսի հայր էր, որ երբեք չի սահմանափակել ազատությունս, միշտ վերին աստիճանի հարգալից է եղել իմ նկատմամբ: Հաճախ մտածում եմ, որ եթե մերթ ընդ մերթ ի վիճակի եմ լինում զոռ տալ երևակայությանս` լինի ազատության, թե մանկականության արտահայտություն, պատճառն այն է, որ հակառակ մանկության ու պատանության տարիների շատ ընկերներիս` հորիցս չեմ վախեցել, երբեմն էլ խորապես համոզվում եմ, որ գրող եմ դարձել, որովհետև երիտասարդ տարիքում հայրս նույնպես ցանկացել է գրող դառնալ: Հանդուրժողականությամբ պետք է ընթերցեմ նրան, փորձեմ հասկանալ, թե ինչ է գրել հյուրանոցային սենյակներում:
Խոստումնալից այս մտքերով պարուրված` մոտեցա ճամպրուկին, որ դեռևս բազմել էր այնտեղ, որտեղ հայրս էր թողել. ժողովելով ամբողջ կամքս` մի քանի ձեռագիր ու նոթատետր աչքի անցկացրեցի: Ինչի՞ մասին է գրել: Մտապահել եմ փարիզյան հյուրանոցի պատուհանից երևացող հատ ու կենտ պատկերները, մի քանի բանաստեղծություն, տարիմաստություններ, վերլուծություններ… Գրելու ընթացքում թվում է, ավտովթարի եմ ենթարկվել և ջանում եմ մտաբերել, թե ինչ է տեղի ունեցել, չնայած նաև սարսափում եմ չափից ավելին վերհիշելու հեռանկարից: Երբ փոքր էի, և հայրս ու մայրս վեճի դռանն էին, այսինքն` մեռելային լռություն էր տիրել, հայրս ակնթարթորեն միացնում էր ռադիոն, որպեսզի փոխեր մթնոլորտը, և երաժշտությունն օգնում էր ամեն ինչ արագ մոռանալ:
Թույլ տվեք մթնոլորտը փոխել մի քանի քաղցր խոսքով, որ հուսով եմ, այդ երաժշտության ազդեցությունը կունենան: Ինչպես ձեզ հայտնի է, գրողներիս առավել հաճախ տրվող հարցը, ամենանախընտրելի հարցը, հետևյալն է. ՙԻնչո՞ւ եք գրում՚: Գրում եմ, քանի որ գրելու բնածին պահանջ ունեմ: Գրում եմ, որովհետև մյուսների նման կանոնավոր աշխատանք չեմ կարող կատարել: Գրում եմ, քանի որ ուզում եմ այնպիսի գիրք կարդալ, ինչպիսին ես եմ գրում: Գրում եմ, որովհետև զայրացած եմ ձեզ վրա, բոլորի վրա: Գրում եմ, քանի որ սիրում եմ ամբողջ օրը սենյակում նստած` գրել: Գրում եմ, որովհետև կարող եմ իրական կյանքին մասնակցել` միայն փոխելով այն: Գրում եմ, քանզի ուզում եմ, որ մյուսները, բոլորս, ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ կյանք ենք ապրել և շարունակում ենք ապրել Ստամբուլում, Թուրքիայում: Գրում եմ, որովհետև սիրում եմ թղթի, գրիչի և թանաքի բույրը: Գրում եմ, քանզի ամենից առավել հավատում եմ գրականությանը, վիպարվեստին: Գրում եմ, որովհետև գրելն ինձ համար սովորություն, կիրք է դարձել: Գրում եմ, քանի որ վախենում եմ մոռացվել: Գրում եմ, որովհետև ինձ դուր է գալիս գրելու բերած փառքն ու հետաքրքրությունը: Գրում եմ, որ մենակ լինեմ: Հավանաբար, գրում եմ, որովհետև հույս ունեմ հասկանալ, թե ինչու եմ այդքան զայրացած ձեզ վրա, չափից ավելի զայրացած բոլորի վրա: Գրում եմ, քանզի ուզում եմ, որ ինձ ընթերցեն: Գրում եմ, քանի որ վեպ, ակնարկ, կամ նույնիսկ մեկ էջ սկսելով` ցանկանում եմ ավարտին հասցնել: Գրում եմ, որովհետև բոլորը սպասում են, որ պետք է գրեմ: Գրում եմ, քանի որ մանկական հավատ ունեմ գրադարանների անմահության և գրադարակներին բազմած գրքերիս հավերժության հանդեպ: Գրում եմ, որովհետև աշխարհի բոլոր գեղեցկություններն ու հարստութունները բառերի վերածելը հրապուրիչ է: Գրում եմ, որ ոչ թե պատմություն պատմեմ, այլ պատմություն հորինեմ: Գրում եմ, որովհետև ուզում եմ խուսափել վատ կանխազգացումից, թե կա մի տեղ, ուր պետք է գնամ, բայց ինչպես երազում` չեմ կարողանում հասնել: Գրում եմ, քանզի երբեք ի վիճակի չեմ եղել երջանիկ լինել: Գրում եմ, որ երջանիկ լինեմ:
***
Բայց իմ պատմությունն այնպիսի զուգորդումներ ունի, որ անմիջապես հիշեցրեց այդ օրը տեղի ունեցած մեկ այլ դեպք, որը մեղքի ավելի խոր զգացումով համակեց ինձ: Ճամպրուկն ինձ հանձնելուց քսաներեք տարի առաջ և վիպասան դառնալու որոշում կայացնելուց չորս տարի անց, երբ 22 տարեկան էի և ամեն ինչից հրաժարվել ու փակվել էի սենյակում, ավարտեցի առաջին վեպս` ՙՉևդեթ Բեյ և որդիներ՚-ը, դեռևս չհրատարակված գրքի մեքենագիր օրինակը դողացող ձեռքերով տվեցի հորս, որպեսզի կարդար և կարծիք հայտներ: Ոչ թե այն պարզ պատճառով, որ վստահում էի ճաշակին ու մտածողությանը, նրա կարծիքն անչափ կարևոր էր, քանի որ հակառակ մորս` գրող դառնալու իմ ցանկությանը չէր ընդդիմացել: Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, հեռվում էր: Անհամբերությամբ նրա վերադարձին էի սպասում: Երբ երկու շաբաթ անց ժամանեց, վազեցի դուռը բացելու: Հայրս ոչինչ չասաց, անմիջապես փաթաթվեց ինձ` այնպես, կարծես ասում էր. շատ եմ հավանել: Միառժամանակ վախվորած լռություն տիրեց, որ հաճախ է լինում խոր հուզմունքի պահին: Հետո, երբ արդեն խաղաղվել և սկսել էինք զրուցել, հայրս դիմեց վերամբարձ ու չափազանցված բառապաշարին, որպեսզի իր վստահությունն արտահայտեր իմ և առաջին վեպիս հանդեպ. ասաց, որ մի օր ստանալու եմ այն մրցանակը, որի համար այսօր այստեղ եմ մեծագույն երջանկությամբ:
Նրա համար չասաց, որ հավաստիացներ, թե ինչ բարձր կարծիքի էր իմ մասին, կամ այս մրցանակը պետք է նպատակս լիներ, ասաց` որդուն սատարել ցանկացող թուրք հոր նման, որ քաջալերելու համար ասում է. ՙՄի օր փաշա ես դառնալու՚: Տարիներ շարունակ, երբ էլ հանդիպեր, նույն բառերով էր ոգևորում ինձ:
Հայրս մահացավ 2002 թվականի դեկտեմբերին:
Այսօր` Շվեդական Ակադեմիայի, նրա ականավոր անդամների, ովքեր ինձ արժանացրել են մեծագույն պատվի` այս մեծ մրցանակին, և նրա հռչակավոր հյուրերի դիմաց կանգնած, սրտանց կցանկանայի, որ նա մեզ հետ լիներ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s