Mediaeducational blog

Խոսքի մշակույթ

Оставьте комментарий

ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ- «Պատմություններ սիրո խենթության և մահվան մասին» / Horacio Quiroga

ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆԸ

Այս տարվա մարտի քսանին Սանտա Ֆեի շրջանի Չակոյի գյուղերից մեկի բնակիչները մի կատաղած մարդու ետևից էին ընկել, որը հրացանն իր կնոջ վրա պարպելուց հետո մի կրակոցով սպանել էր իր առջևով անցնող մի բատրակի: Հարևանները զինված հետապնդել էին նրան անտառում, ինչպես վայրի գազանի, ի վերջո գտել ծառը բարձրացած, հրացանն էլ հետը, սարսափելի ձևով ոռնալիս: Ստիպված էին եղել մի կրակոցով սպանել նրան:

*****

Մարտի 9

Այսօր արդեն երեսունիններորդ օրն է, ժամ առ ժամ հաշված, ինչ կատաղած շունը գիշերը մեր սենյակ մտավ: Եթե հիշողությանս մեջ պետք է որ մի բան մնացած լինի, դա այն երկու ժամն է, որոնք հաջորդեցին այդ պահին:
Մեր տունը դռներ չուներ, բացի այն սենյակից, որտեղ մայրս էր ապրում, և քանի որ հենց սկզբից նա պնդել էր, որ վախենում է, մեր հապճեպ տեղափոխվելու առաջին օրերին ուրիշ բան չեմ արել նրա սենյակի դուռ-լուսամուտների համար տախտակներ սղոցելուց բացի: Մեր սենյակում, սպասելով, որ գործերից ավելի թեթևացած լինեմ, կինս վուշե պարկացու կտավից հրաշալի ձևված դռներով էր բավարարվել (ճիշտ է, իմ կողմից մի փոքր ճնշման տակ): Քանի որ ամառ էր, այդ խստաշունչ հարդարանքից ո՛չ մեր առողջությունն էր տուժում, ո՛չ էլ մեր վախը: Այդ պարկացու կտավե դռներից կենտրոնական միջանցքի վրա բացվող դռան միջով էր կատաղած շունը ներս մտել ու կծել ինձ:
Ես չգիտեմ արդյոք ընկնավորի ճիչն ուրիշների մեջ է՞լ է վայրի և մարդկային բոլոր սահմաններից դուրս աղաղակի զգացողություն առաջացնում, ինչպես իմ մեջ: Բայց համոզված եմ, որ գիշերը համառորեն մեր տան շուրջը պտտվող կատաղած շան ոռնոցը բոլորի մեջ էլ նույն դժնդակ տագնապը կհարուցի: Դա կարճ, մետաղական, հոգեվարքային կաղկանձ է, ասես կենդանին շունչը փչելիս լինի արդեն, և այնքան չարագուշակ բան ունի իր մեջ, որքան կատաղած կենդանին կարող է ներշնչել:
Սև շուն էր, ականջները կտրած: Եվ հակառակի պես, ինչ եկել էինք, շարունակ անձրև էր տեղում: Ջրով շրջափակված անտառ, կարճատև և թախծոտ օրեր, գրեթե դուրս չէինք գալիս տնից, և չդադարող փոթորկի մեջ ամայացած գյուղը չափազանց մռայլել էր մորս հոգին:
Դրան էլ գումարած` կատաղած շները: Մի առավոտ բատրակը մեզ ասաց, որ անցյալ գիշեր մեկը ման էր գալիս իր տանը և կծել էր իր շանը: Երկու գիշեր առաջ էլ չալտիկ մի շուն էր շատ այլանդակ ձևով ոռնացել անտառում: Ըստ նրա` շատ էին: Ես ու կինս մեծ կարևորություն չտվեցինք հարցին, սակայն ոչ մայրս. նա սկսեց ասել, որ մեր կիսասարք տունը սարսափելի անապահով է: Ամեն վայրկյան միջանցք էր դուրս գալիս և ճանապարհին նայում:
Այնուամենայնիվ, երբ մեր տղան այդ առավոտ գյուղից ետ եկավ, հաստատեց այդ ամենը: Կատաղության արագ տարածվող համաճարակ էր պայթել: Մի ժամ առաջ էին մի շան ետևից ընկել գյուղում: Մի բատրակ հասցրել էր մաչետեով նրա ականջին հարվածել, և կենդանին փսլինքը թափելով, մռութը գետնին քսելով և պոչը առջևի թաթերի արանքը քաշած, անցել էր մեր տան ճանապարհով, կծելով իր ճամփին հայտնված մի մտրուկի և մի գոջու:
Դեռ էլի նորություններ կային: Մեր հարևան դաստակերտում այդ նույն առավոտյան մի ուրիշ շուն անօգուտ փորձել էր կովերի գոմը ցատկել: Մի հսկա նիհար շուն ձի հեծած մի տղայի ետևից էր ընկել հին նավամատույցի արահետում: Երեկոյան կողմ անտառից դեռ գալիս էր շան հոգեվարքային կաղկանձը: Եվ որպես վերջնական փաստ, ժամը իննին քառատրոփ երկու գործակալ եկան, որ արդեն հայտնի կատաղած շների առանձնահատուկ նշանները հաղորդեն մեզ և խորհուրդ տան վերին աստիճանի զգույշ լինել:
Լիուլի առիթ կար, որ մայրս եղած կենսախնդության մնացորդ էլ կորցներ: Չնայած իր` ամեն ինչի հանդեպ կայուն հանդարտությանը, նա սարսափում է կատաղած շներից` երեխա ժամանակ պատահած մի ահավոր դեպքի պատճառով: Նրա նյարդերը, որ արդեն գրգռված էին շարունակ մթամած ու անձրևոտ երկնքից, իսկական տեսախաբություններ էին ծնում, իբր դարպասից վազելով շներ էին ներս մտնում:
Իրական առիթ կար այդ սարսափի համար: Այստեղ, ինչպես ամենուրեք, որտեղ աղքատ մարդիկ ավելի շատ շուն ունեն, քան կարող են պահել, տներն ամեն գիշեր կողոպուտի են ենթարկվում քաղցած շների կողմից, դրա համար էլ գործի վտանգները` կրակոց կամ քարի վատ հարված, իսկական գազանների են ծնունդ տվել: Առաջ են գնում քայլ-քայլ, կորացած, մկանները թուլացած: Նրանց քայլքը երբեք չի զգացվում: Գողանում են (եթե այս բառը իմաստ ունի այստեղ), երբ անտանելի քաղցն է պահանջում: Չնչին շշուկի դեպքում չեն փախչում, որովհետև դա աղմուկ կհանի, այլ հեռանում են քայլ-քայլ, թաթերը ծալելով: Հանդամաս հասնելով, կծկվում են և այդպես հանգիստ սպասում կես կամ մեկ ժամ, որպեսզի նորից գան:
Ահա այստեղից էր գալիս մայրիկի տագնապը, որովհետև մեր տունը բազմիցս կողոպտվածներից մեկն էր, և անշուշտ, մեր գլխին կախված էր այն կատաղած շների այցելության վտանգը, որոնք հիշելու էին իրենց գիշերային ուղին:
Եվ իրոք, այդ նույն օրը, երբ մայրիկը, մի փոքր իր տագնապը մոռացության տված, դանդաղաքայլ դեպի դարպասն էր գնում, նրա ճիչը լսեցի.
— Ֆեդերի՛կո, կատաղած շու՜ն:
Մի չալ շուն, մեջքը կորացրած, ուղիղ գծով կույր-կույր վազքով առաջ էր գալիս: Երբ տեսավ գալիս եմ, կանգ առավ` մեջքը տնկելով: Ետ-ետ գնացի` առանց մեջքով շրջվելու, որ հրացանս վերցնեմ, բայց կենդանին հեռացավ: Ապարդյուն ոտնատակ տվեցի ճանապարհը, չգտա նրան:
Երկու օր անցավ: Գյուղը շարունակում էր ամայացած մնալ անձրևից ու թախծից, մինչդեռ կատաղած շների թիվն ավելանում էր: Քանի որ երեխաներին չէր կարելի ամայացած ճանապարհներին շներին հանդիպելու սարսափելի վտանգին ենթարկել, դպրոցը փակվեց, և արդեն առանց երթևեկի մնացած գլխավոր ճանապարհը, այսպես դպրոցական եռուզեռից զրկվելով, որը ժամը յոթին և տասներկուսին աշխուժություն էր հաղորդում նրա ամայությանը, գերեզմանային լռության մեջ թաղվեց:
Մայրս չէր համարձակվում բակից դուրս մի քայլ անել: Աննշան հաչոց լսելիս ցնցվելով նայում էր դարպասին, և մութը հազիվ ընկած` հանդամասի միջով առաջացող ֆոսֆորափայլ աչքեր էր տեսնում: Ընթրիքն ավարտելով` փակվում էր իր սենյակում, ականջը սրած ենթադրյալ կաղկանձներին:
Երրորդ գիշերն արթնացա, շատ ուշ էր արդեն. այնպիսի տպավորություն ունեի, թե ճիչ եմ լսել, բայց չէի կարողանում հստակեցնել զգացողությունս: Սպասեցի մի քիչ: Եվ հանկարծ կարճ, մետաղական, սարսափելի տանջալից մի կաղկանձ վետվետաց միջանցքի ներքևում:
— Ֆեդերի՜կո, — լսեցի մորս ծայրաստիճան հուզված ձայնը, — զգացի՞ր:
— Հա, — պատասխանեցի` անկողնուց դուրս սահելով: Բայց նա լսել էր աղմուկը:
— Ի սեր Աստծո, կատաղած շու՜ն է: Ֆեդերիկո, դուրս չգա՛ս, Աստծու սիրուն: Խուա՛նա: Ամուսնուդ ասա՛ թող դուրս չգա, — բացականչեց հուսահատ` կնոջս դիմելով:
Մեկ ուրիշ կաղկանձ փայթեց, այս անգամ մեջտեղի միջանցքում, դռան առաջ: Սարսուռի բարակ անձրև ողողեց ինձ ողնուղեղիցս մինչև գոտկատեղ: Չեմ կարծում, թե ավելի չարագույժ բան կարող է լինել, քան կատաղած շան կաղկանձն այդ ժամին: Նրա ետևից մորս հուսահատ ձայնն էր բարձրանում:
— Ֆեդերի՜կո: Քո սենյա՜կն է մտնելու: Դուրս չգաս, Աստված իմ, դուրս չգա՛ս: Խուա՛նա, ամուսնուդ ասա՛…
— Ֆեդերի՜կո, — թևիցս կախվեց կինս:
Սակայն իրադրությունը կարող էր ճակատագրական դառնալ, եթե ես սպասեի, որ կենդանին ներս մտներ, և լամպը վառելով, հրացանս ցած բերեցի: Կողքից բարձրացրի դռան կտավը և ուրիշ բան չտեսա, բացի դրսի թանձր մշուշի սև եռանկյունուց: Հազիվ հասցրի մարմինս դուրս հանել, երբ զգացի, որ պինդ ու գաղջ մի բան է հպվում ազդրիս. կատաղած շունը մեր սենյակ էր մտնում: Գլուխը թափով ետ շպրտեցի ծնկի հարվածով, բայց նա անսպասելի կծեց և վրիպեց` ատամները պարզորոշ իրար զարկելով: Բայց մի ակնթարթ հետո սուր ցավ զգացի:
Ո՛չ կինս, ո՛չ մայրս գլխի չընկան, որ կծել էր ինձ:
— Ֆեդերի՛կո: Այդ ի՞նչ էր, — գոռաց մայրս, որ լսել էր իմ կանգ առնելն ու ատամների շրխկոցն օդում:
— Ոչ մի բան. ուզում էր ներս մտնել:
— Օ՜հ…
Եվ կրկին, այս անգամ մորս սենյակի ետևում պայթեց չարագույժ կաղկանձը:
— Ֆեդերի՜կո: Կատաղա՜ծ է: Կատաղա՜ծ է: Դուրս չգա՜ս, — խելագարված բացականչում էր մայրս` իրենից մեկ մետրի վրա զգալով կենդանու ներկայությունը:
Աբսուրդ բաներ կան, որոնք արտաքուստ արդարացիորեն տրամաբանական են թվում: Ես դուրս եկա լամպը մի ձեռքիս, հրացանս` մյուս, ճիշտ այնպես, ասես վախեցած մի առնետի էի փնտրում, որն ինձ լիակատար ազատություն էր տալու, որ լույսը գետնին դնեմ և եղանի ծայրով սպանեմ իրեն:
Միջանցքներում շրջեցի: Ոչ մի շշուկ չէր լսվում, բայց սենյակներից հրացանի ճայթյունին սպասող մորս և կնոջս խելքահան անող անհագստությունն էր ինձ հետևում:
Շունը հեռացել էր:
— Ֆեդերի՛կո, — ձայն տվեց մայրս` զգալով, որ ետ եմ գալիս վերջապես, — Գնա՞ց շունը:
— Կարծում եմ` այո, չեմ տեսնում: Ինձ թվում է քայլերը լսեցի, երբ դուրս եկա:
— Հա, ես էլ զգացի… Ֆեդերիկո, կարո՞ղ է քո սենյակում լինի… Ախր դուռ չունի, Աստվա՜ծ իմ: Ներսու՛մ մնա: Կարող է ետ գալ:
Իրոք կարող էր ետ գալ: Գիշերվա երկուսն անց քսան էր: Երդվում եմ, որ շատ ծանր էին այն երկու ժամերը, որոնք ես ու կինս լույսը վառած անցկացրինք, մինչև լուսացավ, նա` պառկած, ես` անկողնում նստած` ծածանվող կտավն անդադար հսկելով:
Դրանից առաջ մշակել էի վերքս: Հստակ երևացող կծոց էր` երկու կապտած անցք, որոնք որքան ուժ ունեի սեղմեցի և պերմանգանատով լվացի:
Ես խիստ վերապահումով էի հավատում կենդանու կատաղությանը: Նախորդ օրվանից սկսել էին թունավորել շներին, և մեր շան մի տեսակ շշմած վարքը ինձ հօգուտ ստրիխնինի էր տրամադրում: Մնում էր չարագուշակ կաղկանձը և կծոցը, բայց ամեն դեպքում ես առաջինին էի հակված: Այստեղից էլ հավանաբար գալիս էր իմ համեմատաբար անփույթ վերաբերմունքը վերքիս նկատմամբ:
Վերջապես օրը եկավ: Ժամը ութին մեր տանից չորս տուն այն կողմ մի անցորդ ատրճանակի մի կրակոցով սպանեց աներկբայորեն կատաղած վիճակում վազող սև շանը: Մենք անմիջապես իմացանք այդ մասին, և ես իմ հերթին մի իսկական ճակատամարտ ունեցա մորս ու կնոջս հետ, որ Բուենոս Այրես չեմ իջնում` ներարկում ստանալու: Բաց վերքը պինդ սեղմել էի, առատորեն լվացել քայքայիչ պերմանգանատով: Եվ այդ ամենը կծելուց հինգ րոպե հետո: Էլ ի՞նչ դիվային բանից կարող էի վախենալ այս հիգիենիկ միջոցառումներից հետո: Տնեցիներն ի վերջո հանգստացան, և քանի որ համաճարակը (որ ամենայն հավանականությամբ այս կողմերում երբեք չտեսնված անդադար անձրևների ճգնաժամով էր պայմանավորված), գրեթե միանգամից դադարեց, կյանքը վերստին իր բնականոն հունի մեջ մտավ:
Սակայն դրանից մայրս ու կինս չդադարեցին և չեն դադարում ժամանակի ճշգրիտ հաշվարկը պահել: Դասական քառասուն օրը շատ ծանրակշիռ է, հատկապես մայրիկի համար, և անգամ այսօր` առանց թեթևակի խանգարման իսկ անցած երեսունինը օրերով հանդերձ, նա վաղվա օրվան է սպասում, որպեսզի խոր հոգոցով հոգուց թոթափի այն գիշերվանից մնացած մշտարթուն սարսափը:
Միակ անախորժությունն ինձ համար թերևս այն էր, որ կետ առ կետ հիշում էի կատարվածը: Հավատում եմ, որ վաղը գիշերը քառասուներորդ օրվա հետ միասին կավարտվի այս պատմությունը, որը կնոջս ու մորս աչքերը վրաս գամված է պահում, ասես հիվանդության առաջին ախտանշանները փնտրելիս լինեն իմ մեջ:

*****

Մարտի 10

Վերջապե՜ս: Հույս ունեմ, որ այսուհետ կկարողնամ նորմալ մարդու նման ապրել, ում գլխին մահվան պսակ չկա կախված: Արդեն անցավ հայտնի քառասուն օրը, և տագնապը, հետապնդումների մոլուցքը և ինձնից սպասվող սարսափելի բղավոցները նույնպես անցան առհավետ:
Կինս և մայրս երջանիկ իրադարձությունը յուրահատուկ ձևով նշեցին. կետ առ կետ պատմեցին ինձ, թե ինչ սարսափներն են տարել` ինձ ցույց չտալով: Իմ ամենաանշան անտրամադիր վիճակը նրանց մահացու տագնապների էր ենթարկել: Կատաղությու՞նն է սկսվում, — հառաչում էին: Եթե երբևէ առավոտյան ուշ էի արթնացել, ժամեր շարունակ մեռած-չթաղած վիճակում են եղել, սպասելով այլ ախտանշանների: Մատիս առաջացած զզվելի ինֆեկցիան, որ երեք օր ինձ ջերմության ու անհամբերության մեջ պահեց, նրանց համար կատաղության բացահայտ ապացույց էր եղել. այստեղից էլ ահա գալիս էր նրանց շփոթմունքը, որ քողարկված լինելուց է՛լ ավելի տառապալից էր:
Եվ այսպես, տրամադրությանս աննշան փոփոխությունը, թեթևակի ճնշվածությունս քառասուն օրվա ընթացքում բազում անհանգիստ ժամեր էր բաժին հանել նրանց:
Չնայած այս հետին թվով խոստովանություններին, որ միշտ էլ անախորժ են այն մարդու համար, ով խաբված է եղել, անգամ սրբագույն բարի կամքի դեպքում, ես բարեհոգաբար ծիծաղեցի: — Ա՜խ, որդիս: Չե՜ս պատկերացնի, թե մոր համար ինչ ահավոր է այն միտքը, որ իր որդին կարող է կատաղած լինել: Ցանկացած այլ բան… բայց կատաղա՜ծ, կատաղա՜ծ…
Թեև կինս ավելի ողջամիտ է, բայց նա էլ է իր խոստովանածից ավելի շատ շեղվել: Բայց, բարեբախտաբար, վե՛րջ: Զոհի, մահվան այդպիսի անհեթեթ սպառնալիքի տակ, վայրկյան առ վայրկյան հսկողության տակ գտնվող մանկան այդ վիճակն այնքան էլ գայթակղիչ չէ, համենայն դեպս: Վերջապե՜ս: Նորից հանգիստ կապրենք, և երանի թե վաղը, մյուս օրը գլխացավով չարթնանամ վերակենդանացած խելագարությունների համար:

*****

Մարտի 15

Կցանկանայի բացարձակ հանգիստ լինել, բայց անհնարին է: Կարծում եմ, որ այլևս ոչ մի հնար չկա, որ այս ամենը վերջ ունենա: Ամբողջ օրը խեթ հայացքներ, անվերջանալի փսփսոցներ, որ դադարում են հանկարծ, երբ իմ քայլերն են լսում, դեմքիս արտահայտության ջղաձիգ լրտեսում, երբ սեղանի շուրջ նստած ենք լինում, այս ամենը գնալով անտանելի է դառնում: — Բայց ի՜նչ կա, ասեք խնդրեմ, — նոր ասացի նրանց, — Որևէ աննորմալ բա՞ն եք գտնում իմ մեջ, ճիշտ ինձ նման չե՞մ, ինչպես միշտ եղել եմ: Արդեն սկսում է զզվեցնել այս կատաղած շան պատմությունը: — Բայց Ֆեդերի՜կո, — պատասխանեցին` զարմանքով դեմքիս նայելով: — Բայց քեզ բան չե՜նք ասել, չենք էլ հիշել դրա մասին:
Այլ բան չե՜ն անում, այնուամենայնիվ, ուրիշ ո՛չ մի բան, բացի գիշեր-ցերեկ, ցերեկ-գիշեր ինձ լրտեսելուց, որ տեսնեն, թե իրենց շան այդ տխմար կատաղությունն արդյոք թափանցե՞լ է իմ մեջ:

*****

Մարտի 18

Արդեն երեք օր է ապրում եմ այնպես, ինչպես հարկն է և ինչպես կուզենայի ապրել ողջ կյանքս:
Հանգիստ են թողել ինձ, վերջապե՜ս, վերջապե՜ս, վերջապե՜ս:

*****

Մարտի 19

Նորի՜ց: Նորի՜ց են սկսել: Արդեն աչքները չեն կտրում ինձնից, կարծես իրենց ուզածն է կատարվում. որ ես կատաղած լինեմ: Հնարավո՞ր բան է, որ երկու ողջամիտ մարդ այսքան բութ լինեն: Հիմա այլևս չեն թաքցնում և արագ-արագ, բարձրաձայն իմ մասին են խոսում. բայց, չգիտեմ ինչու, ոչ մի բառ չեմ կարողանում հասկանալ: Հենց մոտենում եմ, միանգամից լռում են, և հազիվ մի քայլ եմ անում, վերսկսվում է գլխապտույտ շաղակրատանքը: Չկարողացա ինձ զսպել և կատաղած ետ դարձա. — Դե խոսե՛ք, երեսի՛ս ասեք, դա ավելի համարձակ կլինի:
Չուզեցի լսել, թե ինչ ասացին, և հեռացա: Սա արդեն կյա՛նք չէ, որ ես եմ ապրում:

*****
Երեկոյան ժամը 8

Ուզում են գնա՜լ: Ուզում են գնա՜նք: Ա՜խ, ես գիտեմ, թե ինչու են ուզում լքել ինձ…

*****

Մարտի 20 (առավոտյան ծամը 6)

Ոռնոցնե՜ր, ոռնոցնե՜ր: Ամբողջ գիշեր միայն ոռնո՛ց եմ լսել: Ամբողջ գիշերն ամեն վայրկյան արթնանալո՛վ եմ անցկացրել: Շնե՛ր, գիշերը միայն շներ կային տան շուրջը: Իսկ կինս ու մայրս խորը քնա՜ծ էին ձևանում, որ ես աչքերով միայնա՛կ կլանեմ ինձ նայող բոլոր շների կաղկանձը…

*****

Առավոտյան ժամը 7

Օձե՛ր կան միայն: Տունս լի՛ է օձերով: Երբ լվացվում էի, լվացարանակոնքին երեք օ՛ձ կար փաթաթված: Բաճկոնիս աստառին շա՛տ կային: Ու էլի՛ կան: Ուրիշ բանե՛ր էլ կան: Կինս տունս իժերո՛վ է լցրել: Մազմզոտ հսկա սարդե՛ր է բերել, որոնք ետևիցս են ընկել: Հիմա՛ եմ հասկանում, թե ինչու է գիշեր-ցերեկ լրտեսում ինձ: Հիմա՛ եմ ամեն բան հասկանում: Դրա համա՛ր էր ուզում գնալ:

*****

Առավոտյան ժամը 7.15

Բակը լի՛ է իժերով: Մի քայլ չե՛մ կարող անել: Ո՛չ, ո՜չ…
Օգնությո՜ւն…

*****

Կինս վազելով գնո՛ւմ է: Մայրս գնո՛ւմ է: Ինձ սպանե՜լ են… Ա՜խ, հրացա՜նս… Անե՛ծք: Որսորդական կոտորակո՛վ է լիցքավորված: Բայց ոչի՜նչ…

*****

Ի՜նչ է գոռում, է՜: Վրիպեցի… Նորի՛ց օձերը: Այնտե՛ղ, այնտե՛ղ մի վիթխարի իժ կա… Ա՜խ: Օգնությո՜ւն: Օգնությո՜ւն

*****

Բոլորն ուզում են սպանե՛լ ինձ: Նրանց իմ դեմ են ուղարկել, բոլորի՛ն: Անտառը լի՛ է սարդերով: Տանից ետևիցս են ընկել…
Ահա մի ուրիշ մարդասպան է գալիս… Ձեռքի մեջ բռնած բերո՛ւմ է նրանց: Օձերին գետնին շպրտելո՛վ է գալիս: Բերանից իժերին հանելո՛վ է գալիս և դրանց գետնին է գցում իմ դիմաց: Ա՜խ, բայց նա երկար չի՛ ապրի… Խփեցի՛ նրան: Մեռա՛վ օձերի հետ միասին… Սարդեր՛ը: Վա՜յ: Օգնությու՜ն:

****

Ահա գալիս են, գալի՛ս են բոլորը… Ի՛նձ են փնտրում, ի՛նձ են փնտրում… Միլիոն օձե՛ր են բաց թողել վրաս: Բոլորը դրանց գետնին են դնում: Իսկ ես այլևս փամփուշտ չունե՛մ… Տեսան ինձ… Մեկը նշան է բռնում վրաս…

 Պատմվածքը արտատպված է Օրասիո Կիրոգայի  «Պատմություններ սիրո խենթության ու մահվան մասին» հայերեն թարգմանությամբ նոր լույս տեսած ժողովածուից:

ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ- Ադամանդը / Horacio Quiroga

Օրասիո Կիրոգան (18781937 թթ.) ուրուգվայցի գրող է, թեև կյանքի մեծ մասն անց է կացրել Արգենտինայում: Նա կարճ պատմվածքի վարպետ է, ում  ստեղծագործությունները մեծ ճանաչում են գտել Լատինական Ամերիկայում: Առաջին ստեղծագործական փորձերում մեծ է եղել XX դարի սկզբի ֆրանսիացի պոետների, ինչպես նաև Էդգար Ալան Պոյի ազդեցությունը, սակայն հետագայում, հաղթահարելով իր նախորդների ազդեցությունը, մշակել է ուրույն ոճ, որտեղ նա դաժան իրականությունը համադրում է ֆանտաստիկ, անբացատրելի իրավիճակների հետ, փիլիսոփայական ալեգորիաներիմիջոցով աշխատում հասնել մարդկային հոգեբանության և ենթագիտակցության խորխորատներին: Եվ հենց այդ ժամանակաշրջանում էլ նա գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Պատմություններ սիրո, խենթության և մահվան մասին» (1917), «Ջունգլիի հեքիաթները» (1918), «Անակոնդա»(1921) և այլն: Կիրոգան մեծ ազդեցություն է թողել Գաբրիել Գարսիա Մարկեսի և Խուլիո Կորտասարի վրա:

Ադամանդը

Քասսիմը հիվանդոտ մարդ էր, մասնագիտությամբ` ոսկերիչ, թեև կրպակ չուներ: Մասնագիտացած էր թանկարժեք քարեր տեղադրելու մեջ և անվանի տների համար էր աշխատում: Նրա ձեռքերի նման նուրբ միացումներ անող շատ քիչ ձեռքեր կան: Ավելի վճռական լինելու և առևտրական ջիղ ունենալու դեպքում նա հարուստ կլիներ: Սակայն երեսուհինգ տարեկանում դեռ շարունակում էր պատուհանի տակ արհեստանոցի կցակառույց բնակարանում ապրել:

Վտիտ մարմնով, սև մորուքով ստվերված անարյուն դեմքով Քասսիմը շատ գեղեցիկ և խիստ դյուրաբորբոք կին ուներ: Փողոցային ծագում ունեցող երիտասարդ կինն իր գեղեցկությամբ ավելի բարձր կապի նկրտումներ էր ունեցել: Սպասել էր մինչև քսան տարեկան դառնալը, իր մարմնով գաղթակղելով օտար տղամարդկանց և դրկիցներին: Ի վերջո վտանգներից զգուշանալով` նյարդայնացած համաձայնություն էր տվել Քասսիմին:
Շքեղության ոչ մի երազանք այլևս, համենայն դեպս: Նրա ամուսինը, հմուտ լինելով (նույնիսկ վիրտուոզ), ամենևին բնավորություն չուներ կարողություն ստեղծելու համար: Այդ պատճառով էլ մինչ ոսկերիչն իր ունելիների վրա կորացած աշխատում էր, կինը, ձեռքերը կոնքերին դրած, ամուսնու վրա դանդաղկոտ գամում էր ծանր հայացքը, որպեսզի տեղից պոկվեր հանկարծ և ապակու ետևից հայացքով հետևեր որևէ ունևոր անցորդի, որ կարող էր իր ամուսինը լինել:
Սակայն ինչ որ վաստակում էր Քասսիմը, նրա համար էր: Կիրակի օրերը նույնպես աշխատում էր, որպեսզի հավելյալ գումար տար նրան: Երբ Մարիան որևէ զարդ էր ցանկանում (և ի՜նչ կրքոտությամբ էր նա ցանկանում), գիշերն էլ էր աշխատում: Հետո հազում էր և ծակոցներ ունենում կողերում, բայց Մարիան ստանում էր իր շողշողուն ադամանդը:
Թանկարժեք քարերի հետ ամենօրյա շփումը հետզհետե հանգեցրեց նրան, որ նա սիրեց ոսկերչի գործը, և կրքոտությամբ էր հետևում քարերն ագուցելու մեկուսի, նուրբ աշխատանքին: Սակայն երբ զարդը պատրաստ էր լինում (պետք է հանձնվեր, իր համար չէր), ավելի շատ էր ճնշվում իր ամուսնությունից: Փորձում էր թանկարժեք իրը` հայելու դիմաց կանգնած: Վարջում այն թողնում էր այդտեղ և իր սենյակը քաշվում: Քասսիմը վեր էր կենում, նրա հեծկլտոցները լսելով, և նրան անկողնում գտնում, իսկ նա ոչինչ լսել չէր ուզում:
— Կսարքեմ, համենայն դեպս, երբ կարողանամ, քեզ համար էլ կսարքեմ, – վերջում տխուր-տրտում ասում էր նա:
Հեծկլտոցը սաստկանում էր այս խոսքերի հետ, և ոսկերիչը կրկին դանդաղ տեղավորվում էր իր աթոռին:
Այս տեսարաններն այնքան կրկնվեցին, որ Քասսիմն արդեն չէր բարձրանում նրան հանգստացնելու: Հանգստացնե՜լ նրան, ինչի՞ց: Սակայն դա չէր խանգարում, որ Քասսիմը երկարացներ իր անքուն գիշերները, որպեսզի ավելի շատ հավելյալ գումար տար նրան:
Նա վարանոտ, անվճռական, սուսիկ-փուսիկ մարդ էր: Կնոջ հայացքներն այժմ ավելի ծանր էին գամվում այդ մունջ հանգստության վրա:
— Բա դու տղամա՞րդ ես, – քթի տակ ասում էր նա:
Քասսիմը, իր համակցումների վրա հակված, չէր դադարում մատները շարժել:
— Երջանիկ չես ինձ հետ, Մարիա, – արտահայտվում էր քիչ անց:
— Երջանի՜կ: Եվ դեռ համարձակություն ունես այդ բանն ասելու՞: Ո՞վ կարող է երջանիկ լինել քեզ հետ: Ամենավերջին կի՛նն անգամ չի կարող… Ա՛յ ողորմելի սատանա, – եզրափակում էր ջղագրգիռ հռհռոցով և հեռանում:
Այդ գիշեր Քասսիմը մինչև երեքն էր աշխատում, իսկ կինը հետո նոր ցոլքեր էր ունենում, որոնք գնահատում էր մի պահ շուրթերն ամուր սեղմած:
— Հա՜… զարմանահրաշ ակնազարդ… ե՞րբ ես սարքել:
— Երեքշաբթի օրվանից, – նրան էր նայում ուրույն քնքշանքով, – դու քնած էիր լինում գիշերը…
— Օ՜, կարող էիր պառկել…Խոշո՜ր են ադամանդները:
Նրա կիրքը Քասսիմի տեղադրած խոշոր քարերն էին: Հետևում էր աշխատանքին խելահեղ անհագությամբ, որ նա անհապաղ ավարտի, և քարը հազիվ հարմարեցրած` զարդը վերցրած վազում էր հայելու մոտ: Այնուհետև լացի նոպան էր սկսվում:
— Բոլոր ամուսիններն էլ, ով ուզում է լինի, ամենվերջի՛նն էլ, զոհաբերության կգնար կնոջը սիրաշահելու համար: Իսկ դու՛… դու՛… մի քրջոտ շոր էլ չունեմ հագնելու:
Երբ կինն անցնում է այր մարդուն հարգելու որոշ սահմանը, կարող է արդեն աներևակայելի բաներ ասել ամուսնուն:
Քասսիմի կինն անցավ այդ սահմանը առնվազը նույն կրքոտությամբ, որքան որ ուներ ադամանդների հանդեպ: Մի օր զարդերը պահելիս Քասսիմը նկատեց, որ մի կրծքազարդ է պակասում. հինգ հազար պեսո արժողությամբ երկու խոշոր ադամանդ: Նորից փնտրեց դարակներում:
— Կրծքազարդը չե՞ս տեսել, Մարիա: Այստեղ էի թողել:
— Հա, տեսել եմ:
— Որտե՞ղ է, – զարմացած ետ շրջվեց Քասսիմը:
— Ահա՛:
Կինը հրավառ հայացքով և հեգնական ժպիտով կանգնած էր` կրծքազարդը լանջին:
— Շատ է սազում, – ասաց Քասսիմը քիչ անց: – Արի տեղը դնենք:
Մարիան քրքջաց:
— Օ՜, ոչ, իմն է:
— Կատա՞կ ես անում…
— Հա՛, կատակ է, կատակ է, հա՛: Ինչպե՞ս կարող է մտքովդ անցնել, որ կարող է իմը լինել… Վաղը կտամ: Այսօր սրանով թատրոն եմ գնում:
Քասսիմը կարկամեց:
— Լավ չես անում… կարող են տեսնել քեզ: Վստահությունը կկորցնեն իմ հանդեպ:
— Օ՜, – փակեց խոսակցությունը` կատաղի զզվանքով դուռն իր ետևից ուժգին շրխկացնելով:
Թատրոնից վերադառնալով` զարդը պահարանիկի վրա դրեց: Քասսիմը վեր կացավ և այն արհեստանոցում փակի տակ դրեց: Երբ ետ եկավ, կինը նստած էր անկողնում:
— Այսինքն` վախենում ես գողանամ: Ինչ է, ես գո՞ղ եմ:
— Այդպես մի նայիր … Դու անզգույշ գտնվեցիր, ուրիշ ոչինչ:
— Ահա՜ թե ինչ: Իսկ քեզ վստահում են, հա՞: Քե՛զ, քե՛զ: Իսկ երբ կինդ է խնդրում մի փոքրիկ հաճույք պատճառել իրեն և ուզում է… ինձ գող ես անվանում, հա՞: Անամո՛թ:
Ի վերջո քնեց: Սակայն Քասսիմը չքնեց:
Իսկ հետո Քասսիմին մի խոշոր ադամանդ հանձնեցին տեղադրելու, ամենահիասքանչ ադամանդը, որ երբևէ ձեռքն էր ընկել:
— Հապա տես, Մարիա, ինչ քար է: Նմանը չեմ տեսել:
Կինը ոչինչ չասաց, սակայն Քասսիմը զգաց, թե ինչ խորն էր շնչում նա` ադամանդի վրա հակված:
— Սքանչելի մաքրություն…, – շարունակեց նա, – մի ինը-տասը հազար պեսո կարժենա:
— Մատանի, – վերջապես շշնջաց Մարիան:
— Չէ, տղամարդու է … գնդասեղ է:
Ադամանդը համակցելու ողջ ընթացքում Քասսիմն իր աշխատող թիկունքի վրա զգաց, թե որքան է չարությունից այրվում կինը և հիասթափված կուլ տալիս թուքը: Օրը տասն անգամ ընդհատում էր ամուսնուն, որ ադամանդը վերցրած հայելու մոտ գնար: Ապա փորձում էր այն տարբեր զգեստների հետ:
— Կլինի՞ հետո փորձես …, – մի օր համարձակվեց ասել Քասսիմը, – Շատ շտապ գործ է:
Զուր էր պատասխանի սպասում. կինը բաց էր անում պատշգամբի դուռը:
— Մարի՛ա, կարող են տեսնել քեզ:
— Վերցրու՛, քեզ լինի քո քարը:
Հատու շարժումով պոկված ադամանդը հատակին գլորվեց:
Քասսիմը գույնը գցած զննելով վերցրեց այն, ապա հայացքը հատակից կնոջ վրա բարձրացրեց:
— Հա լա՜վ, ի՞նչ ես էդպես վրաս նայում: Բա՞ն է եղել քարիդ:
— Չէ, – ասաց Քասսիմն ու իսկույն վերսկսեց աշխատանքը, թեև ձեռքերը դողում էին խղճահարվելու աստիճանի:
Ի վերջո ստիպված էր ելնել տեղից, որ ննջարան գնար` նյարդային նոպայի մեջ ընկած կնոջը տեսնելու: Մազերը ցաքուցրիվ էին, աչքերը դուրս էին գալիս ակնակապիճներից:
— Ի՛նձ տուր ադամանդը, – բղավեց կինը, – Ի՛նձ տուր: Կփախչենք: Ի՛նձ համար: Ի՛նձ տուր:
— Մարիա…, – կակազեց Քասսիմը` փորձելով մերժել:
— Ա՜խ, – մռնչաց կինը խելքը թռցրած, – Դու գո՛ղ ես, ա՛յ ողորմելի: Իմ կյանքն ես գողացել, գո՛ղ, գո՛ղ: Կարծում էիր, թե քթերիցդ չե՞մ հանելու …այ կոտոշավոր: Հա, բա՜: Ինձ նայիր…մտքովդ երբեք չի անցել, հա՞: Ա՜խ, – և երկու ձեռքերը շնչահեղձ լինող կոկորդին տարավ: Իսկ երբ Քասսիմը հեռանում էր, ցատկեց անկողնուց և ընկավ` հասցնելով նրա մի կոշիկից կառչել:
— Հա, ոչի՛նչ: Ադամա՛նդը, ի՛նձ տուր: Ես միայն դա՛ եմ ուզում: Ի՛մն է, ողորմելի Քասսիմ:
Քասսիմը գունատված օգնեց, որ նա վեր կենա:
— Դու հիվանդ ես, Մարիա: Հետո կխոսենք … պառկիր:
— Իմ ադամա՛նդը:
— Շատ լավ, տեսնենք, եթե հնարավոր է … պառկիր:
— Ի՛նձ տուր:
Կոկորդում կրկին գունդ առաջացավ:
Քասսիմը վերստին սկսեց աշխատել ադամանդի վրա: Քանի որ ձեռքերը մաթեմատիկական ինքնվստահություն ունեին, քիչ էր մնացել, որ ավարտեր:
Մարիան վեր կացավ ընթրիքի ժամին, Քասսիմն ինչպես միշտ հոգատար էր նրա նկատմամբ: Ընթրիքի վերջում կինն ուղիղ նրա դեմքին նայեց:
— Դա սուտ է, Քասսիմ, – ասաց:
— Օ՜, – առարկեց Քասիմը ժպիտով, – բան չկա:
— Երդվում եմ, որ սուտ է, – պնդեց կինը:
Քասսիմը դարձյալ ժպտաց և անճարակ գորովանքով հպվեց նրա ձեռքին:
— Խենթուկ: Ասում եմ` ոչինչ չեմ հիշում:
Եվ ելավ տեղից` իր գործը շարունակելու: Կինը, դեմքն ափերի մեջ առած, հայացքով հետևեց նրան:
— Ու միայն դա էր ասածը …, – քրթմնջաց: Եվ խորին գարշանքով լցված այդ տաղտկալի, թորշոմած ու անտարբեր մարդու հանդեպ, որ իր ամուսինն էր, իր սենյակ գնաց:
Լավ չքնեց: Արթնացավ գիշերվա կեսին և լույս տեսավ արհեստանոցում. ամուսինն աշխատում էր դեռ: Մեկ ժամ անց վերջինս ճիչ լսեց:
— Ի՛նձ տուր:
— Հա, քեզ համար է, քիչ է մնացել, Մարիա, – շտապ-շտապ վրա տվեց նա` տեղից վեր կենալով: Սակայն կինը մղձավանջային այդ աղաղակից հետո նորից քուն էր մտել: Գիշերվա երկուսին Քասսիմն աշխատանքն ավարտված համարեց, ադամանդը շողշողում էր` ամուր ու պինդ ագուցված: Անաղմուկ քայլերով Քասսիմը ննջարան մտավ և լուսամփոփը միացրեց: Մարիան քնած էր մեջքի վրա, գիշերաշապիկի և սավանի պաղ ճերմակության մեջ:
Արհեստանոց գնաց և նորից ետ եկավ: Մի պահ նայեց գրեթե մերկացած կրծքին և դժգույն ժպիտով մի փոքր ավելի ետ քաշեց արձակված գիշերաշապիկը:
Կինը չզգաց:
Շատ լույս չկար: Քասսիմի դեմքը հանկարծ ծանր-ծանր քարացավ, և մի ակնթարթ զարդը մերկ կրծքի վրա պահելով, մեխի նման պինդ ու ուղղահայաց` գնդասեղը մինչև վերջ կնոջ սիրտը խրեց:
Կինը կտրուկ բաց արեց աչքերը, ապա կոպերը դանդաղ փակվեցին: Մատները կորացան, և ուրիշ ոչինչ:
Զարդը, խոցված նյարդային հանգույցների ջղակծկումից ցնցվելով, մի պահ անկանոն թրթռաց: Քասսիմը սպասեց մի փոքր, և երբ ադամանդը վերջապես լրիվ անշարժացավ, կարողացավ դուրս քաշել այն և իր ետևից անաղմուկ փակեց դուռը:

Պատմվածքը արտատպված է Օրասիո Կիրոգայի  «Պատմություններ սիրո խենթության ու մահվան մասին» հայերեն թարգմանությամբ նոր լույս տեսած ժողովածուից:

Խուլիո Կորտասար- ՃԱՇԻՑ ՀԵՏՈ / Julio Cortázar

Խուլիո Կորտասար (իսպաներեն` Julio Cortázar, իսկական անունը` Խուլես Ֆլորենսիո Կորտասար, 1914, օգոստոսի 26 — 1984, փետրվարի 12), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ:

Ծնվել է 1914-ին Բրյուսելում` արգենտինացու ընտանիքում: Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:

ՃԱՇԻՑ ՀԵՏՈ

Ճաշից հետո ես ուզում էի մնալ սենյակումս, որ մի քիչ կարդամ, սակայն հայրիկն ու մայրիկը գրեթե միաժամանակ եկան ինձ ասելու, որ այդ երեկո ես պետք է նրան տանեմ ման տալու: Առաջին բանը, որ ասացի, այս էր, որ թող մեկ ուրիշը նրան տանի, և որ խնդրում եմ ինձ հանգիստ թողնեն: Ուրիշ բաներ էլ էի ուզում ասել, բացատրել` ինչու ինձ դուր չէր գալիս նրա հետ դուրս գալը, սակայն հայրիկը մի քայլ առաջ եկավ և ինձ նայեց այնպիսի հայացքով, որ ես ընդհանրապես չեմ կարող հակաճառել. աչքերը հառում է ինձ, և ես զգում եմ, թե ինչպես են դրանք ավելի ու ավելի խորը մխրճվում դեմքիս մեջ, մինչև որ՝ քիչ է մնում գոռամ, բայց ես պետք է շրջվեմ, պատասխանեմ` այո՛, իհարկե՛, անմիջապե՛ս: Այսպիսի դեպքերում մայրիկը ոչինչ չի ասում ու ինձ չի նայում, այլ մի փոքր ետ է կանգնում` ձեռքերը իրար միացրած, և ես տեսնում եմ ճակատին թափվող նրա մոխրագույն մազերն ու պետք է շրջվեմ, պատասխանեմ` այո,՛ իհարկե՛, անմիջապե՛ս: Այսպիսով, առանց որևէ բան ավելացնելու, գնացին, ու ես սկսեցի հագնվել՝ այն միակ մխիթարանքով, որ առաջին անգամ եմ հագնելու դեղին կոշիկներս, որոնք այնքան սիրուն էին փայլում:
Երբ դուրս եկա սենյակիցս, ժամը երկուսն էր, և հորաքույր Էնկառնասիոնն ասաց, որ իրեն կարող եմ գտնել սենյակի խորքում, ուր նա միշտ լինում է երեկոյան: Հորաքույր Էնկառնասիոնը պետք է որ գլխի ընկած լիներ, որ ես հուսահատված էի նրա հետ դուրս գալուս պատճառով, որովհետև շոյեց գլուխս, հետո կռացավ, համբուրեց ճակատս: Զգացի, որ ինչ-որ բան է դնում գրպանս:
-Մի բան կգնես քեզ համար,-ասաց ականջիս,- ու չմոռանաս նրան էլ մի քիչ տալ՝ այդպես լավ կլինի:
Ես ավելի ուրախ համբուրեցի նրա այտը և անցա ճաշասենյակի դռան առջևով, որտեղ հայրիկն ու մայրիկը շաշկի էին խաղում: Կարծեմ նրանց ասացի ցտեսություն կամ դրա պես մի բան, իսկ հետո հանեցի հինգ պեսսոյանոց թղթադրամը` այն ավելի լավ ուղղելու և պայուսակումս պահելու համար, որտեղ ևս մեկ պեսսոյանոց թղթադրամ և մետաղադրամներ կային:
Նրան գտա սենյակի անկյունում, որքան կարող էի, ամուր գրկեցի, և բակի կողմով դուրս եկանք դռան մոտ, որը բացվում էր դիմացի այգու վրա: Մեկ թե երկու անգամ գայթակղություն ունեցա բաց թողնել նրան, ներս վերադառնալ և հայրիկին ու մայրիկին ասել, թե նա ինձ հետ չի ուզում գալ, սակայն համոզված էի, որ ի վերջո նրան տանելու էին դուրս և ինձ ստիպելու էին, որ նրա հետ գնամ մինչև փողոցի ծայրը: Երբեք ինձ չէին խնդրում նրան տանել կենտրոնական փողոց. նրանց կողմից անարդար կլիներ ինձ հետ այդպես վարվել, քանի որ շատ լավ գիտեին, որ ընդամենը մի անգամ, երբ ինձ պարտադրել էին ման տալ նրան կենտրոնական փողոցով, սարսափելի դեպք էր պատահել Ալվարեսների կատվի հետ: Դեռևս ինձ թվում էր, որ տեսնում եմ ոստիկանի դեմքը` դռան մոտ հորս հետ խոսելիս, իսկ հետո հայրիկին` երկու բաժակ գինի մատուցելիս ու մորս` իր սենյակում լաց լինելիս: Անարդար կլիներ նրանց կողմից ինձ հետ այդպես վարվել:
Առավոտյան անձրև էր եկել, և Բուենոս Այրեսի փողոցներն ավելի էին քարուքանդ եղել, դժվար էր քայլել առանց ջրափոսերն ընկնելու: Ես անում էի հնարավորը, որ առավել չոր մասերով անցնեմ և նոր կոշիկներս չթրջեմ, բայց տեսա, որ նրան դուր էր գալիս ջրերի մեջ մտնել, և ես ստիպված ամբողջ ուժով շղթայից քաշեցի, որպեսզի ստիպեմ կողքովս քայլել: Բայց նրան հաջողվեց մոտենալ մյուսներից խորն ընկած սալիկի, և մինչ գլխի կընկնեի, արդեն թրջվել էր ամբողջովին ու մարմնով մեկ չորացած տերևներ էին: Ստիպված էի կանգնել, մաքրել նրան ու անընդհատ զգում էի, թե ինչպես են հարևանները լուռ նայում պարտեզներից: Չեմ ուզում ստել. իրականում ինձ այնքան էլ չէր հետաքրքրում, որ մեզ նայում են. ամենավատն այն էր, որ կանգնել էի այդտեղ` թաշկինակը ձեռքիս, որը թացանում էր, ծածկվում կեղտաբծերով, չորացած տերևների կտորներով: Միաժամանակ պետք է պահեի նրան, որ նորից չմտներ ջրափոսը: Բացի այդ, ես սովոր եմ փողոցում քայլել` ձեռքերս տաբատիս գրպանները դրած, սուլելով կամ ծամոն ծամելով կամ էլ անեկդոտներ կարդալով, մինչդեռ աչքիս տակով նայում ու մտովի հաշվում եմ փողոցների ծանոթ սալիկները. այնպես որ՝ գիտեմ, թե երբ եմ անցնում Տիտայի տան մոտով կամ երբ եմ հասնելու Կարաբոբոյի անկյունը: Իսկ հիմա ոչինչ չէի կարող անել, ու թաշկինակը սկսում էր թրջել գրպանիս աստառն, ու ազդրիս զգում էի խոնավությունը. անհավատալի էր, որ այդքան դժբախտություն կարող էր այդպես թափվել գլխիս:
Այդ ժամին տրամվայը գրեթե դատարկ է գալիս, և ես խնդրում էի Աստծուն, որ կարողանանք միևնույն նստարանին նստել, ու ես նրան պատուհանի մոտ նստեցնեմ, որպեսզի չանհանգստացնի: Չէի ասի, թե շատ էր շարժվում, բայց մարդկանց, միևնույն է, անհանգստություն էր պատճառում, ու ես դա լավ էի հասկանում: Սակայն, բարձրանալով տրամվայ, տխրեցի, քանի որ այն գրեթե լիքն էր, և ոչ մի ազատ երկտեղանոց նստարան չկար: Ճանապարհը շատ երկար էր` ոտքի վրա գնալու համար, տրամվայի տեսուչն էլ ինձ կարգադրեց նստել և նրան էլ տեղավորել. այնպես որ, նրան անմիջապես մտցրի ներս և տարա մեջտեղի մասում գտնվող նստարանի մոտ, որտեղ մի տիկին զբաղեցրել էր երկտեղանոց նստարանի պատուհանի կողմը: Լավ կլիներ նստեինք վերջնամասում` նրան հետևելու համար, սակայն տրամվայը լիքն էր, և ես ստիպված եղա առաջանալ և բավական հեռու նստել: Ուղևորները մեզ ուշադրություն չէին դարձնում. այդ ժամին մարդիկ իրենց կերածն են մարսում ու տրամվայի ճոճքից թմրած են: Վատն այն էր, որ տեսուչը կանգ առավ հենց այն նստարանի մոտ, որտեղ նրան նստեցրել էի` մետաղադրամով հարվածում էր տոմսարկղի երկաթին, և ես ստիպված էի շրջվել ու ցույց տալով փողը` հասկացնել, որ ես եմ վճարելու: Սակայն տեսուչն այն չինացիներից էր, որ տեսնում ու չեն ուզում հասկանալ, ուզում ես՝ մետաղադրամով հարվածիր տոմսարկղին: Հարկ եղավ վեր կենալ (այդժամ երկու թե երեք ուղևորներ ինձ էին նայում) և մոտենալ մյուս նստարանին: «Երկու տոմս», ասացի նրան: Մեկը կտրեց, ինձ նայեց մի րոպե, հետո մեկնեց տոմսը և նայեց գետնին` հենց այնպես, աչքի տակով: «Երկու հատ, խնդրում եմ»,- կրկնեցի, համոզված լինելով, որ ամբողջ տրամվայն արդեն ամեն ինչ գիտի: Չինացին ուրիշ տոմս կտրեց, տվեց ինձ և պատրաստվում էր ինչ-որ բան ասել, բայց ես մեկնեցի փողը և երկու ցատկով վերադարձա տեղս` առանց ետ նայելու: Ամենավատն այն էր, որ ամեն րոպե պետք է շրջվեի` տեսնելու, թե նա խելոք նստա՞ծ է ետևի նստարանին, և դրանով ակամա որոշ ուղևորների ուշադրությունն էի գրավում: Սկզբում որոշել էի փողոցի յուրաքանչյուր շրջադարձում միայն շրջվել, սակայն դրանց միջև տարածությունը ինձ սարսափելի երկար էր թվում, և ես ամեն րոպե վախենում էի լսել որևէ բացականչություն կամ ճիչ, ինչպես եղավ Ալվարեսների կատվի հետ պատահած դեպքի ժամանակ: Այսպիսով, սկսեցի ետ նայել նախքան փողոցի յուրաքանչյուր շրջադարձին հասնելը և մի պահ ինձ թվաց, որ նրա կողքին նստած տիկինը արդեն պատրաստվում է վեր կենալ, ու երդվում եմ` նրան ինչ-որ բան էր ասում, քանի որ նրա կողմն էր նայում, ու թվաց` բերանը շարժում էր: Հենց այդ պահին մի գեր ծեր կին վեր կացավ կողքիս նստարանից ու սկսեց քայլել տրամվայի միջանցքով: Ես նրա ետևից էի գնում` ցանկանալով հրել նրան, ոտքով հարվածել ոտքերին, որպեսզի արագացներ քայլերը և ինձ թույլ տար հասնել այն նստարանին, որտեղ տիկինը հատակից վերցրել էր զամբյուղը կամ դրա նման մի բան ու արդեն վեր էր կենում, որ իջներ: Վերջում կարծես թե նրան հրեցի. լսեցի, որ բողոքում էր. չգիտեմ` ինչպես հասա նստարանին և ի վերջո կարողացա տեղ գրավել երեսուներկու րոպե սպասելուց հետո` իհարկե, ժամանակ առ ժամանակ վազելով, հատկապես վերջում: Բայց այժմ դրա փոխարեն պետք է զբաղվեի պատուհանով, որ ինչ-որ մեկը որոշել էր, որ կարող է բացել մեկ հարվածով և դուրս ցատկել` ոչ թե դա անելու ցանկությունից դրդված, այլ ինչպես այն մյուս բոլոր ցանկությունները, որոնք անկարող ես բացատրել: Մեկ թե երկու անգամ ինձ թվաց, որ քիչ է մնում բարձրացնեմ պատուհանը, և հարկ եղավ դրսի կողմից անցկացնել ձեռքս ու այն ամրացնել շրջանակից: Գուցե իր կողքին էի և, այդ պատճառով էր, որ նա դուրս չցատկեց, թեև ուզում եմ հավաստիացնել, որ նա միտք չուներ ցատկելու: Մի պահ ես բոլորովին մոռացա նրան, քանի որ զբաղված էի վերահսկիչով, բայց, միևնույն է, նա այդպես էլ դուրս չցատկեց: Վերահսկիչը բարձրահասակ, լողլողի մեկն էր, որ հայտնվեց դիմացի հարթակից և սկսեց դակել տոմսերն այն սիրալիր տեսքով, որ ունենում են որոշ վերահսկիչներ: Երբ հասավ իմ նստարանին, նրան մեկնեցի երկու տոմսերը, և նա դակեց մեկը, նայեց ներքև, հետո նայեց մյուս տոմսը և պատրաստվեց այն դակել` մտցնելով դակիչի անցքի մեջ: Այդ ժամանակ ես Աստծուն աղաչում էի, որ նա միանգամից դակեր-վերջացներ ու ինձ վերադարձներ տոմսերը. ինձ թվում էր, որ տրամվայի ժողովուրդը մեզ է նայում սևեռուն: Վերջապես դակեց` ուսերը թոթվելով, ու ինձ վերադարձրեց երկու տոմսն էլ: Ետևի հարթակից լսեցի ինչ-որ մեկի քրքջոցը, սակայն, բնականաբար, չուզեցի շրջվել, նորից դուրս հանեցի ձեռքս ու ամրացրի պատուհանը` ցույց տալով` իբր այլևս չեմ տեսնում վերահսկիչին և մնացածներին: Սարմիենտո և Ազատություն փողոցներում մարդիկ սկսեցին իջնել, և երբ հասանք Ֆլորիդա փողոցը, արդեն համարյա մարդ չէր մնացել: Սպասեցի մինչև Սան Մարտին փողոցին հասնելը ու նրան դուրս հանեցի առջևի հարթակից, որովհետև չէի ուզում անցնել չինացու կողքով, որը հավանաբար ինձ ինչ-որ բան էր ուզում ասել: Ինձ շատ է դուր գալիս Մայիսյան հրապարակը, երբ ասում են կենտրոն, ես անմիջապես հասկանում եմ Մայիսյան հրապարակը: Այն ինձ դուր է գալիս աղավնիներով, կառավարական շենքով, և որովհետև նրա հետ բազմաթիվ պատմական հիշողություններ են կապված: Տեղական գետնընկույզ և այլ բաներ վաճառողների անմիջապես կողքին ազատ նստարան կարելի է գտնել, իսկ թե ուզում ես մի քիչ էլ շարունակել, շատ չանցած կհասնես նավահանգստին, կտեսնես նավերն ու կառանատեղերը: Այդ պատճառով մտածեցի, որ ամենալավը նրան Մայիսյան հրապարակ տանել` ավտոմեքենաներից և երթուղային տաքսիներից հեռու, և այնտեղ մի քիչ նստել, մինչև տուն վերադառնալու ժամը գար: Երբ տրամվայից իջանք և սկսեցինք քայլել Սան Մարտին փողոցով, գլխապտույտի պես մի բան զգացի. իսկույն գլխի ընկա, որ սարսափելի հոգնել եմ համարյա մեկժամյա ճանապարհից ու այդ ամբողջ ընթացքում ստիպված եմ եղել ետ նայել, ձևացնել` իբր չեմ տեսնում, որ մեզ նայում են, հետո էլ այդ տոմսերով տեսուչը, տիկինը, որ պատրաստվում էր իջնել, վերահսկիչը: Այնպեˉս կուզենայի մտնել կաթնամթերքի խանութ և գնել պաղպաղակ կամ մի բաժակ կաթ, բայց համոզված էի, որ չեմ կարողանալու, որ զղջալու եմ նրան մի որևէ փակ տեղ հետս տանելու համար, որտեղ մարդիկ էին նստած, որոնք ավելի շատ ժամանակ ունեին մեզ նայելու:
Փողոցում մարդիկ իրար դեմ են դուրս գալիս, և ամեն մեկը շարունակում է իր ճանապարհը` հատկապես Սան Մարտին փողոցում, որ լիքն է բանկերով ու օֆիսներով, և բոլորը շտապում են` պորտֆելները թևատակերին: Այնպես որ, շարունակեցի գնալ մինչև Կանգալյոյի անկյունը, և երբ անցնում էինք Պեուսեր փողոցի խանութների ցուցափեղկերի առջևով, որոնք լի էին թանաքամաններով և թանկարժեք իրերով, զգացի, որ նա չէր ուզում այլևս շարունակել, ամեն անգամ ավելի էր ծանրացնում քայլերը, և որքան էլ քաշում էի շղթայից (աշխատելով ուշադրություն չգրավել), քայլել գրեթե չէի կարողանում և, ի վերջո, ստիպված եղա կանգ առնել վերջին ցուցափեղկի դիմաց` ձևացնելով` իբր նայում եմ կաշվով զարդանախշված տուփերի հավաքածուները: Ըստ երևույթին, մի քիչ հոգնած էր, ըստ երևույթին քմահաճույք չէր: Ընդհանուր առմամբ ոչ մի վատ բան չկար, որ կանգնել էինք այդտեղ, բայց միևնույն է, ինձ դուր չէր գալիս, քանի որ մարդիկ, որ անցնում-դառնում էին, ավելի շատ ժամանակ ունեին մեզ վրա ուշադրություն դարձնելու. երկու թե երեք անգամ նկատեցի, թե ինչպես է մեկը մյուսին ինչ-որ բան ասում, կամ էլ արմունկով բոթում` մեզ վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի վերջո այլևս չկարողացա դիմանալ և նրան նորից գրկեցի` ձևացնելով` իբր հանգիստ զբոսնում եմ, սակայն յուրաքանչյուր քայլս ծանր էր, ինչպես այն երազներում, որտեղ հագիդ կոշիկները կարծես տոննաներ են կշռում ու հազիվ ես դրանք գետնից պոկում: Վերջիվերջո կարողացա այնպես անել, որ նրա` այդտեղ կանգնած մնալու քմայքն անցներ, և մենք շարունակեցինք քայլել Սան Մարտին փողոցով մինչև Մայիսյան հրապարակի անկյունը: Այժմ խնդիրը փողոցն անցնելն էր, որովհետև դա նրան դուր չի գալիս: Պատրաստ է տրամվայի լուսամուտից դուրս ցատկել, միայն փողոցը չանցնի: Վատն այն է, որ Մայիսյան հրապարակ հասնելու համար միշտ հարկ է լինում աշխույժ երթևեկ ունեցող մի որևէ փողոց հատել: Կանգալյոյում և Բարտոլոմե Միտրեում այդքան դժվար չեղավ դա անել, բայց այժմ քիչ էր մնում հրաժարվեի այդ մտքից. ձեռքս ուժեղ ետ էր քաշում, և երկու անգամ, երբ երթևեկությունը կանգ առավ և մայթեզրին մեր կողքին կանգնածներն սկսեցին անցնել փողոցը, հասկացա, որ չենք կարողանալու մյուս կողմն անցնել, որովհետև հենց փողոցի մեջտեղում կանգնելու-մնալու էր: Այնժամ գերադասեցի սպասել մինչև կհամարձակվեր անցնել: Էլ ո՞նց կլիներ, անկյունի թերթի կրպակի մարդը մեր կողմ սկսել էր շուտ-շուտ նայել, և իմ տարիքի մի տղայի ինչ-որ բան էր ասում, որը դեմքը ծամածռում էր ու պատասխանում, թե՝ գիտեմ, իսկ ավտոմեքենաները գնում գալիս էին, կանգնում էին ու նորից գնում, իսկ մենք այդտեղ տնկված էինք: Այդ ժամանակ է սովորաբար մոտենում ոստիկանը. դա ամենավատ բանը կլիներ, որ կարող էր մեզ պատահել, որովհետև ոստիկանները շատ լավն են ու այդ պատճառով քիթը խոթում, սկսում են հարցեր տալ, ճշտում են, թե արդյոք չե՞ս մոլորվել: Ու այդ պահին հանկարծակի կարող է նրա քեֆը տալ իր քմահաճույքներից մեկը բանեցնել, ու ես չգիտեմ` ինչով դա կվերջանա: Որքան շատ էի մտածում, այնքան ավելի էի տագնապում և, ի վերջո, իսկապես սկսեցի վախենալ, գրեթե այնպես, ինչպես երբ սիրտդ խառնում է: Երդվում եմ, և այն պահին, երբ երթևեկությունը կանգ առավ, նրան գիրկս առա, փակեցի աչքերս, նետվեցի առաջ` գրեթե երկու տակ ծալվելով, ու երբ հրապարակում էինք, նրան բաց թողեցի` շարունակելով մի քանի քայլ առաջ գնալ մենակ, հետո նորից ետ եկա: Ուզում էի, որ սատկեր, որ արդեն սատկած լիներ կամ հայրիկն ու մայրիկը մեռած լինեին, ու, վերջիվերջո, ես` նույնպես, ուզում էի, որ բոլորը մեռած ու թաղված լինեին, բացի հորաքույր Էնկառնասիոնից:
Բայց իսկույն այդ ամենն անցավ, տեսանք մի շատ սիրուն, լրիվ ազատ նստարան ու գնացինք այդ նստարանին նստելու և աղավնիներին նայելու, որոնք, բարեբախտաբար, իրենց թույլ չեն տա ավարտել իրենց կյանքն այնպես, ինչպես կատուները: Գնեցի գետնընկույզ ու կոնֆետներ, նրան սկսեցի երկուսից էլ տալ, ու մենք բավական լավ էինք մեզ զգում արևի տակ, ինչպես մարդիկ Մայիսյան հրապարակում երեկոյան զբոսնելիս: Չգիտեմ` որ պահին գլխումս ծագեց նրան այդտեղ թողնելու միտքը. միակ բանը, որ հիշում եմ, այն էր, որ գետնընկույզ էի մաքրում նրա համար ու միաժամանակ մտածում, որ եթե ցույց տամ` իբր գնում եմ աղավնիներին մի բան տալու, որ զբոսնում էին մեզնից ավելի հեռու, շատ հեշտ կլիներ պտույտ տալ բուրգի շուրջը և նրան տեսադաշտից կորցնել: Կարծում եմ, այդ պահին չէի մտածում ո՛չ տուն վերադառնալու, ո՛չ էլ հայրիկի ու մայրիկի դեմքի արտահայտության մասին, այլապես եթե մտածեի, այդպիսի հիմարություն չէի անի: Գիտնականների և պատմաբանների նման ամեն ինչ միանգամից հիշելը, պետք է որ շատ դժվար լինի. ես միայն մտածեցի, որ կարող եմ նրան այդտեղ թողնել ու մենակ քայլել կենտրոնով` ձեռքերս գրպաններս դրած, ամսագիր գնել կամ մտնել մի տեղ` պաղպաղակ ուտելու, նախքան տուն վերադառնալս: Մի քիչ էլ շարունակեցի նրան գետնընկույզ տալ, բայց արդեն վճռել էի, և մի պահ ձևացրի` իբր վեր եմ կենում ոտքերս ուղղեմ ու տեսա, որ նրան ոչ էլ հետաքրքրում է` իր կողքի՞ն եմ, թե՞ գնում եմ աղավնիներին գետնընկույզ տալու: Սկսեցի նետել այն, ինչ մնացել էր մոտս, և շուրջբոլորս սկսեցին աղավնիներ հավաքվել, մինչև որ գետնընկույզը վերջացավ, ու նրանք էլ հոգնեցին: Հրապարակի մյուս ծայրից հազիվ էր երևում նստարանը. մի րոպեի գործ էր` անցնել Վարդագույն տունը, որտեղ միշտ պահակախմբի երկու գրենադերներ կան, ու կողքով ծլկեցի մինչև Պասեո Կոլոն փողոցը (մայրիկն ասում է, որ երեխաներն այնտեղ մենակ չպետք է գնան): Սովորության համաձայն ամեն րոպե շրջվում էի, բայց հնարավոր չէր, որ նա ինձ հետևեր. ամենաշատը ուզում էի, որ նա պտտվեր նստարանի շուրջ մինչև Բարեգործական միությունից մի տիկին մոտենար կամ էլ մի ոստիկան:
Լավ չեմ հիշում` ինչ պատահեց այդ ժամանակ, երբ ես քայլում էի Պասեո Կոլոնում, որը նման է բոլոր մյուս փողոցներին: Մի պահ ես նստած էի Ներմուծումների և արտահանումների տան ցածր լուսամուտներից մեկի գոգին, ու հանկարծ սկսեց ստամոքսս ցավել, ոչ այնպես, երբ ուզում ես իսկույն գնալ զուգարան, այլ ավելի վերև` հենց ստամոքսումս: Ես ուզում էի շնչել, որ դժվարությամբ էր ստացվում, ուստի ստիպված էի կանգնել և սպասել, մինչև ջղաձգությունը կանցներ: Աչքիս առջև տեսնում էի թրթռացող կանաչ բիծ, կետիկներ ու հորս դեմքը. վերջում միայն հորս դեմքն էր, որովհետև փակել էի աչքերս, կարծում եմ` կանաչ բծի մեջ էլ հորս դեմքն էր: Քիչ անց ավելի լավ կարողացա շնչել և, մի քանի տղաներ ինձ նայեցին. նրանցից մեկը մյուսին ասաց, որ ես ինձ լավ չեմ զգում, բայց ես գլուխս բացասաբար շարժեցի ու ասացի, որ ոչ մի բան չկա, որ միշտ ջղաձգումներ եմ ունենում, որոնք անմիջապես անցնում են: Մեկն ասաց, թե արդյոք չե՞մ ուզում, որ նա գնա, մի բաժակ ջուր բերի, իսկ մյուսն ինձ խորհուրդ տվեց ճակատս սրբել, որովհետև քրտնած էի: Ես ժպտացի ու ասացի, որ արդեն լավ եմ, ու սկսեցի քայլել, որպեսզի նրանք հեռանային ու ինձ մենակ թողնեին: Ճշմարիտ, որ ճակատս քրտնած էր, որովհետև ջուրը հոսում էր հոնքերիս վրայով, ու մի աղի կաթիլ ընկավ աչքս: Հանեցի թաշկինակս, մաքրեցի դեմքս ու զգացի, որ շրթունքս քերծվեց և երբ նայեցի, տեսա, որ չորացած տերև էր թաշկինակիս կպել ու քերծել բերանս:
Չգիտեմ` որքան ժամանակ տևեց մինչև Մայիսյան հրապարակ հասնելս: Բարձունքի կեսին ընկա, բայց վեր կացա մինչ մեկնումեկը կնկատեր, խճուղին անցա Վարդագույն տան առջևով սլացող բոլոր ավտոմեքենաների միջով:
Հեռվից տեսա, որ նստարանի վրայից չէր շարժվել, բայց և այնպես շարունակեցի վազել ու վազել, մինչև հասա այնտեղ, ու մեռածի պես փլվեցի` մինչ աղավնիները վախեցած այս ու այն կողմ էին թռչում, և մարդիկ շրջվում էին դեմքի այն արտահայտությամբ, երբ նայում են վազող երեխաներին, կարծես թե դա մեղք է: Մի փոքր անց նրան մի քիչ մաքրեցի ու ասացի, որ պետք է տուն վերադառնանք: Ասացի, որ ես ինքս լսեմ և ինձ առավել գոհ զգամ, քանի որ միակ բանը, որ կարող էի անել` նրան ամուր գրկելն ու տանելն էր. խոսքերս չէր լսում կամ էլ ձևացնում էր` իբր չի լսում: Բարեբախտաբար, այս անգամ չհամառեց փողոցն անցնելիս, իսկ տրամվայը հենց սկզբից դատարկ էր, այնպես որ, նրան տեղավորեցի առաջին նստարանին, ու ես էլ կողքին նստեցի և ամբողջ ճանապարհի ընթացքում ոչ մի անգամ չշրջվեցի, ոչ էլ անգամ իջնելիս: Վերջին հատվածը շատ դանդաղ էինք քայլում. նա ցանկանում էր մտնել ջրափոսերի մեջ, իսկ ես կռվում էի, որպեսզի չոր սալիկների վրայով անցներ: Սակայն ինձ համար դա կարևոր չէր, ինձ համար այլևս ոչինչ կարևոր չէր: Ամբողջ ընթացքում մտածում էի. «Նրան թողեցի»: Նայում էի նրան ու մտածում. «Նրան թողեցի»: Ու թեև չէի մոռացել Պասե Կոլոն փողոցը, ինձ այնպես լավ էի զգում` գրեթե հպարտ: Գուցե մյուս անգամ… Հեշտ չէր, բայց միգուցե… Ո՞վ գիտի` իˉնչ աչքերով են ինձ նայելու հայրիկն ու մայրիկը, երբ նրան տեսնեն իմ ձեռքին: Իհարկե, գոհ են մնալու, որ ես տարել եմ նրան կենտրոն` ման ածելու. ծնողները միշտ այդպիսի բաներից գոհ են լինում: Սակայն չգիտեմ ինչու՞ էր այդ պահին մտքովս անցնում, որ երբեմն հայրիկն ու մայրիկն էլ են հանում թաշկինակը, որպեսզի սրբվեն, և իրենց թաշկինակի մեջ էլ նույնպիսի մի չորացած տերև կա, որը ցավեցնում է նրանց դեմքը:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ- «Ո՞ւր են գնում ոս­կոր­նե­րը» / William Saroyan

1980 թվականին  Սարոյանը գրեց իր «Ո՞ւր են գնում ոս­կոր­նե­րը» գիրքը, որը  կար­ծես գրո­ղի կտակհաշ­վետ­վու­թյունն է կամ սե­փա­-կան կյան­քի իմաստն ու նշա­նա­կու­թյունն ամ­փո­փող  վեր­ջին խոս­քը:

1. ՈՒ­ԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԱՊ­ՐԻ

Տա­նը ինձ մի կա­տու է ըն­կե­րակ­ցում` թա­փա­ռող ծղ­րիդ­նե­րի և սար­դե­րի հետ մի­ա­սին: Զվար­ճա­նում եմ, երբ տես­նում եմ կատ­վին, իր հեր­թին` նաև ծղ­րի­դին, իսկ երբ սար­դը բան­տարկ­վում է լո­գա­րա­նի խո­ղո­վա­կի մեջ և ահա­գին չար­չար­վե­լուց հե­տո` մոտ տա­սը ժամ, հա­մոզ­վում է, որ ան­կա­րող է մագլ­ցել խո­ղո­վա­կի պա­տի ճեր­մակ Ան­նա­պուր­նան ի վեր, եկեք այդ անու­նը տանք դրան, ես թղ­թով վերց­նում եմ սար­դին և ազա­տագ­րում եմ նրան: Ու­զում եմ, որ նա ապ­րի: Ին­չո՞ւ: Որով­հետև ինքս եմ ու­զում ապ­րել: Արդ­յո՞ք սա կյան­քի ծա­րա­վի բա­վա­կան կեղծ ծի­սա­կարգ է բո­լոր արա­րած­նե­րի հա­մար` ի լրումն այդ մա­սին վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րին, ասե­լի­քը ո՞րն է: Կյան­քը փր­կե­լու այս առաս­պե­լա­բա­նու­թյու­նը նո­րու­թյո՞ւն է ինձ հա­մար: Ոչ, սա վե­րա­դարձ է դե­պի սկիզ­բը, այդ­քան բան, և ես կա­րող եմ կաս­կա­ծել, որ այդ զգա­ցումն այս կամ այն չա­փով գո­յու­թյուն ու­նի յու­րա­քանչ­յու­րիս մեջ, բո­լո­րիս մեջ, ամեն տեղ:Մար­դը, որ տա­ռա­պում է քաղց­կե­ղով, ին­չը հաս­տատ­վել է լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի արդ­յուն­քում, ծա­նոթ է ան­հանգս­տու­թյան նոր տե­սա­կին: Նրան չի հու­զում, այս­պես ասած, ինք­նա­թի­ռը կկոր­ծան­վի՞, թե՞ ոչ: Ավե­լի շուտ նրան հե­տաքրք­րում է, թե ե՞րբ կկոր­ծան­վի: Եվ այդ դեպ­քում այս մարդն ի վի­ճա­կի կլի­նի չան­տե­սել ավե­լի հեշտ մի­ջո­ցի գո­յու­թյան  հնա­րա­վո­րու­թյու­նը. նախ­քան ինք­նա­թի­ռի կոր­ծա­նու­մը, նա` ին­քը, այս­պես ասած, կնա­խա­ձեռ­նի կոր­ծա­նու­մը` նա­խա­կան­խե­լով այդ ախտն ու անէ­ա­ցում-­մա­հը (և ա-­ով սկս­վող ու դրա հետ կապ­ված մյուս բո­լոր-­բո­լոր բա­ռե­րը` անիծ­յալ, ար­գա­հա­տե­լի, ահա­վոր, ախ­տա­վոր, աղ­տոտ, անար­ժա­նա­պա­տիվ): Միևնույն ժա­մա­նակ, և կր­կին միևնույն ժա­մա­նակ, և մշ­տա­պես դարձ­յալ միևնույն ժա­մա­նակ չմա­րե­լով հա­վա­տի, նվա­զող սպա­սու­մի, վե­րա­դար­ձի հնա­րա­վո­րու­թյու­նը, կամ քաղց­կե­ղի ան­բա­ցատ­րե­լի դա­դա­րե­ցու­մը կամ դրա զար­գաց­ման ար­գե­լա­կումն ու ընդ­հա­տու­մը, քաղց­կե­ղի տա­րած­ման մի­տու­մի ան­կու­մը, ինչ­պես նաև ինչ­-որ բա­նի հա­վա­նա­կա­նու­թյու­նը սե­փա­կան բնույ­թի, բնա­վո­րու­թյան, անց­յա­լի, ճշմար­տու­թյան և ճա­կա­տագ­րի մեջ, թե կհա­մոզ­վի, որ ինքն ապ­րում է այն­քան, որ­քան իրոք ցան­կա­նում է, նույն բա­նը` ինչ­պես միշտ, և որ իր բո­լոր կա­պե­րից, ըն­տա­նի­քից, աշ­խար­հից և ինքն իրե­նից հրա­ժար­վե­լու իրա­կան մի­ջո­ցը կլի­նի ան­հաս­կա­նա­լի, ինչ­պես եղել է միշտ, որ­պես էա­կան հա­վաս­տու­մը լոկ վե­րապ­րած­նե­րի, եթե այդ­պի­սիք կան: Հի­մա մեզ­նից մի փոք­րիկ խումբ է մնա­ցել: Զա­բե­լը մա­հա­ցավ ոսկ­րի կամ ոսկ­րա­ծու­ծի քաղց­կե­ղից, անց­յալ սեպ­տեմ­բե­րին, մեր չոր­սը նվա­զեց­նե­լով-­հասց­նե­լով երե­քի: Նույ­նիսկ այս պա­րա­գա­յում` էլի վատ չէ: Մնա­ցած երե­քը երե­խա չեն, չնա­յած նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը ժա­մա­նա­կին եղել է: Կո­զետն ութ­սուն­մեկ տա­րե­կան է և հա­մար­յա կու­րա­ցել է, չնա­յած դեռևս ինք­նու­րույն է գո­յատևում, ան­զա­վակ, քա­նի որ եր­բեք չի ամուս­նա­ցել: Հեն­րին յո­թա­նա­սուն­հինգ է և նույն­պես կու­րա­նում է, բայց այլ առում­նե­րով առույգ է, քա­նի որ ամեն առա­վոտ կես ժամ առող­ջա­րա­րա­կան մարմ­նա­մար­զու­թյուն է անում, ամուս­նա­ցած է, ապ­րում է երկ­րորդ կնոջ հետ, եր­բեմն նրանց է այ­ցե­լում որ­դին և որ­դու որ­դին և Հեն­րի­ի առա­ջին ամուս­նու­թյու­նից ծն­ված ամուս­նա­ցած դուստ­րը, որն իր հեր­թին երեք կամ չորս զա­վակ­ներ ու­նի, որոնց սա­կայն հե­տը չի բե­րում, որ­պես­զի իրենց պա­պի­կին տես­նեն` հենց պա­պի­կի խնդ­րան­քով` հար­գե­լով նրա երկ­րորդ կնո­ջը: Եվ վեր­ջի­նը այս գրողն է, հա­մար­յա յո­թա­նա­սու­ներ­կու տա­րե­կան, որ երե­սուն­յոթ տա­րե­կան որ­դի ու­նի` եր­կու դուստ­րե­րի և մեկ որ­դու հայր, և մեկ դուստր` երե­սուն­չորս տա­րե­կան, չա­մուս­նա­ցած, ան­զա­վակ, և ան­հա­վա­նա­կան է, թե երբևէ կա­մուս­նա­նա, և քիչ հա­վա­նա­կան է, որ երե­խա կու­նե­նա: Զա­բե­լը հինգ զա­վակ է թո­ղել, բո­լորն էլ ամուս­նա­ցած են և սե­փա­կան զա­վակ­ներն ու­նեն: Սա է 1874-ին ծն­ված Ար­մե­նակ Սա­րո­յա­նի և Բիթ­լի­սում նրա հարս­նա­ցու­ի` Թա­գու­հու, նույն­պես Սա­րո­յան, ծն­ված 1882-ին, կամ մենք ենք այդ­պես կար­ծում, և նրանց եր­կու դուստ­րե­րի և եր­կու որ­դի­նե­րի արդ­յուն­քը: Են­թադ­րում եմ, ճիշտ եմ հաշ­վել, ոչինչ բաց չեմ թո­ղել: Ար­մե­նակն ու Թա­գու­հին ներ­գաղ­թել են Նյու Յորք, Էլ­լիս կղ­զին, ստո­րին Ման­հե­թեն, Պա­տեր­սոն, Նյու Ջըր­սի և, ի վեր­ջո, Կա­լի­ֆոռ­նի­ա: Թա­գու­հին իր եր­կու դուստ­րե­րին Բիթ­լի­սից քարշ է տվել մինչև Էրզ­րում, որ­տեղ 1905-ին, հենց ճա­նա­պար­հին, ինքն իրեն և իր դուստ­րե­րին ըն­ծա­յել է Հեն­րի­ին, ում էլ իր հեր­թին հետ­նե­րը Էրզ­րու­մից տա­րել են Տրա­պի­զոն, Կոս­տանդ­նու­պո­լիս, Աթենք, Մար­սել, ապա գնաց­քով հա­սել են Հավր և ի վեր­ջո նա­վով` քսան­մեկ կամ քսա­ներ­կու օրում, Էլ­լիս կղ­զին, և բա­ցար­ձա­կա­պես ոչինչ չեն հիշ­ում այդ ուղևորու­թյան մա­սին: Ամեն բան գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ջնջ­ված է նրանց հիշ­ո­ղու­թյու­նից, հա­վա­նա­բար այդ­պես էլ պետք է լի­ներ, իսկ Հա­յաս­տա՞­նը, ցե՞­ղը, մշա­կո՞ւյ­թը, լե­զո՞ւն, մտ­քի և հո­գու գե­րա­զան­ցու­թյան բուռն ցան­կու­թյո՞ւ­նը, նաև` գո­յատևելո՞ւ ցան­կու­թյու­նը:

2. ԻՆՔ­ՆԱ­ՏԻ­ՐԱ­ՊԵՏ­ՄԱՆ ՀԱՆ­ՃԱ­ՐԸ

Փառք Աստ­ծո, Լաս Վե­գա­սի ամե­նա­խոշ­որ գոր­ծա­րա­րը հայ է, նույն ին­քը` ինք­նա­տի­րա­պետ­ման, առք ու վա­ճառ­քի, հար­կե­րից խու­սա­փե­լու, սի­ցի­լի­ա­կան կամ հրե­ա­կան, իռ­լան­դա­կան, հու­նա­կան կամ նեգ­րա­կան, և կամ ցան­կա­ցած այլ մա­ֆի­ա­նե­րի հետ չթշ­նա­մա­նա­լու հար­ցում հեշ­տու­թյամբ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հան­ճա­րը: Ծանր գործ է: Այն­պի­սի դժ­վար աշ­խա­տանք, որ նույ­նիսկ Քի­սին­ջե­րը նրա հետ չի հա­մե­մատ­վի: Եվ մեր տղան` հա­յը, որ իս­կա­կան հա­յի ար­տա­քին ու­նի, գլուխ է հա­նում այդ ամե­նից` հան­ցա­վոր, թե անա­խորժ, բա­րե­գոր­ծա­կան, թե հրաշ­ա­լի: Կեց­ցես, հայ տղա: Եվ երբ ու­նե­ցածդ մի­լի­ար­դը Աստ­ծո օրհ­նու­թյամբ կկրկ­նա­պատկ­վի, ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րը հա­վա­տով կլց­վեն, որ չես զլա­նա դրա շատ փոքր մասն իրենց փո­խան­ցել, հա­յե­րե­նին` սուրբ լեզ­վին, եկե­ղե­ցուն, որ ինք­նին սուրբ ըն­տա­նիք է, դպրոց­նե­րին, հի­վան­դա­նոց­նե­րին` իրենց բժիշկ­նե­րով ու բուժ­քույ­րե­րով և նո­րա­գույն, խե­լա­ցի ու հրաշ­ա­գործ սար­քա­վո­րում­նե­րով, սքան­չե­լի հո­վիտ­նե­րում ծվա­րած ծե­րա­նոց­նե­րին, ամեն տե­սա­կի մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին` նե­րառ­յալ անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն և հա­յե­րեն ամ­սագ­րե­րի ու գր­քե­րի և պար­սա­վագ­րե­րի հրա­տա­րա­կու­մը: Մենք փոքր ածու ենք, հայ տղա, և չնա­յած մեր քա­նա­կը գնա­լով ավե­լա­նում է, բայց մի­այն Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նում: Մնա­ցած բո­լոր վայ­րե­րում ան­հե­տա­նում ենք` ամուս­նա­նա­լով, ինչ­պես ասում են, «օտար­նե­րի»` ոչ հա­յե­րի հետ, ինչ­պես ինքդ ես վար­վել, և մեր գրե­թե մե­ծա­գույն մա­սը` աշ­խար­հով մեկ: Ինք­ներս ան­կա­րող ենք կար­դալ մեր մայ­րե­նի լեզ­վով և հա­զիվ ենք խո­սում, և մեր զա­վակ­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ան­տար­բեր են այդ ամե­նի հան­դեպ և ան­տեղ­յակ են այն ամե­նից, որ կա­րե­լի է ասել, թե իս­կա­պես մերն է, իրոք հայ­կա­կան, այն, ին­չը մեզ­նից յու­րա­քանչ­յու­րը այս­պես թե այն­պես ի զո­րու է հա­վա­տալ, թե հրաշ­ա­լի է, սա­կայն միևնույն ժա­մա­նակ այդ իրո­ղու­թյա­նը չի հա­վա­տում: Եվ եթե այդ եր­կու մի­լի­ար­դից մի քիչ նվի­րես մյուս հա­յե­րին, ինչ­պես երե­սուն տա­րուց ավե­լի արել է Ալեք Մա­նուկ­յա­նը` մա­քուր հի­սուն մի­լի­ո­նից ավե­լի գու­մար տա­լով, բո­լոր հա­յե­րը ամ­բողջ աշ­խար­հում կտես­նեն լու­սան­կար­ներդ բո­լոր հայ­կա­կան օրա­թեր­թե­րում, շա­բա­թա­թեր­թե­րում, ամ­սագ­րե­րում, որ տպագր­վում են երկ­րագն­դի բո­լոր ծա­գե­րում հա­յե­րե­նով, անգ­լե­րե­նով, ֆրան­սե­րե­նով և հա­րա­վա­մե­րիկ­յան իս­պա­նե­րե­նով, որով­հետև մեզ­նից շա­տե­րը Ար­գեն­տի­նա են տե­ղա­փոխ­վել և այն­տեղ եկե­ղե­ցի­ներ ու դպ­րոց­ներ են հիմ­նել:

3. ԽԱ­ՂՈ­ՂԻ ՏԵ­ՐԵ­ՎՈՎ ՏՈԼ­ՄԱ

«Ռու­բեն,- ասում եմ,- ու­զում եմ, որ ինձ մի լա­վու­թյուն անես: Պի­տի խնդ­րեմ, որ­պես­զի ինձ ան­կո­րիզ խա­ղո­ղի այ­գին տա­նես, որ ան­մի­ջա­պես «Արա­րատ» գե­րեզ­մա­նա­տան ետևում է, որով­հետև խա­ղո­ղի նո­րե­լուկ տերևներն ար­դեն բա­վա­կան մե­ծա­ցել են, և դրանք քա­ղե­լու ժա­մա­նակն է, ու­զում եմ չորս-­հինգ դյու­ժին հա­վա­քել և տոլ­մա պատ­րաս­տել: Ահա­վոր քաղց եմ զգում Բիթ­լի­սի մեր ամե­նա­սի­րած կե­րա­կու­րի հան­դեպ»: Ինչ խոսք, ար­դեն պար­զել էի, որ հա­մե­նայն դեպս մի­այն Բիթ­լի­սը չէր, որ ծա­նոթ էր և սի­րում էր խա­ղո­ղի տերևով տոլ­մա ու­տել: Հար­յուր հա­զա­րա­վոր քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րեր ան­ցիր` սկ­սած Եվ­րո­պա­յի ծայր արևել­քից դե­պի արևմուտք, մինչև Ասի­ա­յի խոր­քե­րը և դե­պի Սև ծո­վի հյու­սի­սա­յին մա­սե­րը` մինչև Դո­նի Ռոս­տով և այն­տե­ղից էլ վեր` Ուկ­րա­ի­նա, Կիև ու Խար­կով, ապա նաև հա­րավ` Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա և դրա­նից էլ այն կողմ, և ամ­բողջ Արա­բա­կան թե­րակղ­զին, Պարս­կաս­տան ու Աֆ­ղանս­տան, այս ամ­բողջ ըն­դար­ձակ տա­րած­քում գեթ մեկ ժո­ղո­վուրդ չկա, որ չսի­րի խա­ղո­ղի տերև հա­վա­քել և լցո­նել գա­ռան աղա­ցած մսով, մանր կտ­ր­տած սո­խով, խոշ­որ աղա­ցած բլ­ղու­րով, լո­լի­կով, հե­տո փափ­կաց­նել ար­գա­նա­կով և հա­մե­մել աղով ու պղ­պե­ղով: Ո՜ւխ: Այ թե հա­մեղ ու­տե­լիք է, ավան­դա­կան մա­ծունն էլ լց­նում ես կես դյու­ժին տոլ­մա­նե­րի վրա, հե­տո մի կես դյու­ժին էլ ես ավե­լաց­նում: «Որ­քան հաս­կա­նում եմ, — ասում է Ռու­բե­նը, — խա­ղո­ղի տերև հա­վա­քե­լիս, սո­վո­րա­բար, ճյու­ղի կամ որ­թի վրա­յի յու­րա­քանչ­յուր եր­րորդ տերևն են պո­կում, այդ մա­սին լսե՞լ ես»: «Գի­տե՞ս ինչ, — պա­տաս­խա­նում եմ, — երևի չեմ լսել, բայց ոնց որ թե հա­յա­վա­րի չի լի­նի, եթե հար­գես ամառ­վա տո­թին ստ­վեր ու­նե­նա­լու խա­ղո­ղի ող­կույզ­նե­րի իրա­վուն­քը»: Տա­րի­ներ առաջ ան­թիվ­-ան­հա­մար խա­ղո­ղի այ­գի­նե­րում եմ եղել և տե­սել եմ, թե ինչ­պես են բո­լոր հայ­րերն ու մայ­րե­րը և նրանց որ­դի­ներն ու դուստ­րե­րը խա­ղո­ղի թարմ տերևներ հա­վա­քում: Իրա­կա­նում այդ մա­սին գրել եմ պատմ­վածք­նե­րիցս մե­կում, առա­ջին գր­քիս մեջ է: Վեր­նա­գի­րը` «Մեծ դաշ­տա­վայ­րի խա­ղո­ղի այ­գին»: Նման բա­ներն ինձ հա­մար նույն նշա­նա­կու­թյունն ու­նեն, ինչ այ­լոց հա­մար եկե­ղե­ցա­կան արա­րո­ղու­թյուն­նե­րը: Նախ պետք է ասեմ, որ չէի պատ­կե­րաց­նում, թե ան­կո­րիզ խա­ղո­ղի տերևնե­րը կամ ցան­կա­ցած տե­սա­կի խա­ղո­ղի տերևնե­րը ինչ­պե՞ս կա­րե­լի էր ճաշ­ի վե­րա­ծել: Ռու­բե­նը հարց­րեց. «Ու­րեմն խա­ղո­ղի տերևով տոլ­ման մե՞նք ենք հո­րի­նել»: «Եթե, — ասա­ցի, — հա­յե­րին նկա­տի ու­նես` ոչ: Իսկ եթե բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րին նկա­տի ու­նես` այո, և կա­սեմ, թե ին­չու: Մենք աշ­խար­հի մե­ծա­գույն խո­հա­րար­ներն ենք, ինչ­պես մեր եր­կու­սի մայ­րերն ու հայ­րե­րը, քա­նի որ հա­մոզ­ված եմ, վա­ղուց նկա­տած կլի­նես, որ հորդ պատ­րաս­տած ճաշ­ե­րը նույն­քան հա­մեղ են, որ­քան մորդ եփա­ծը: Բա­ղադ­րա­տոմ­սե­րի ետևից էլ չենք ընկ­նում: Սո­վո­րում ենք այն, ինչ ու­նենք, և ամե­նա­լա­վը մենք ենք պատ­րաս­տում: Աշ­խար­հի այս հս­կա տա­րած­քում տոլ­ման կա­տա­րե­լա­պես մեր սե­փա­կա­նու­թյու­նը չէ»: Տեղ­յակ չեմ, թե հույ­նե­րը երբ են այն իրենց խո­հա­նո­ցի մեջ նե­րա­ռել, բայց ու­զում եմ հա­վա­տալ, որ Պլա­տոնն ու Սոկ­րա­տե­սը և մտ­քի ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան մյուս ռահ­վի­րա­ներն իրենց տնե­րում, իրենց ըն­կեր­նե­րի տնե­րում կամ ռես­տո­րան­նե­րում հա­ճախ են խա­ղո­ղի տերևով տոլ­մա ըմ­բոշխ­նել: Խաղո­ղի տերևն առանձ­նա­հա­տուկ համ ու­նի, էլ չեմ խո­սում դրա լցոն­ման եղա­նա­կի մա­սին, հե­տո թա­թա­խում ես ար­գա­նա­կի մեջ, և ավե­լի հա­մեղ է դառ­նում, երբ վրան մա­ծուն ես ավե­լաց­նում, որին օտար­նե­րը յո­գուրտ են ասում: Լսե­ցի՞ր, սա է ամ­բող­ջը այդ կե­րա­կու­րի մա­սին, որ փա­փա­գում եմ կր­կին վա­յե­լել և շատ շու­տով:

Դե­պի «Արա­րատ» ուղևոր­վե­ցինք, վեց դյու­ժին խա­ղո­ղի հրաշ­ա­լի տերևներ քա­ղե­ցինք և երբ տուն հա­սանք, մեծ կաթ­սա­յով լի­քը բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րի ավան­դա­կան հա­յ­կա­կան ճաշ­ա­տե­սա­կը պատ­րաս­տե­ցի:

4. Ա՜Խ, ՎԱ­ԹԱՆ

Ամե­րի­կա­յի մե­ծա­գույն ոսկ­րա­վի­րա­բույժ, այդ գի­տու­թյան տար­բեր բնա­գա­վառ­նե­րում նո­րա­րա­րու­թյուն­ներ արած, ար­դեն ութ­սունն անց դոկ­տոր Համ­բար Քե­լիկ­յա­նը, ում պար­զա­պես Քել­լի են կո­չում, Չի­կա­գո­յում ուղ­ղա­կի հրաշք­ներ է գոր­ծում` փր­կե­լով մարդ­կա­յին մարմ­նի ամ­բող­ջա­կան վեր­ջա­վո­րու­թյուն­նե­րը, ինչ­պես օրի­նակ` ամ­բողջ ձախ թևը կամ ձեռ­քը, եթե չեմ սխալ­վում, կան­զաս­ցի խե­լա­ցի, երի­տա­սարդ սե­նա­տոր Բոբ Դո­լի, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ավե­լի բարձր պաշ­տոն­նե­րի թեկ­նա­ծու է դառ­նում: Նա ծանր վի­րա­վոր­վել էր բա­նա­կում, տխուր պա­տե­րազմ­նե­րից մե­կի ժա­մա­նակ, որին մաս­նակ­ցում էին նաև ամե­րի­կա­ցի­նե­րը: Եվ Քե­լիկ­յա­նը` Քել­լին էր, որ եր­կա­րատև, համ­բե­րա­տար աշ­խա­տան­քի շնոր­հիվ վե­րա­կանգ­նեց խե­լա­ցի երի­տա­սար­դի վի­րա­վոր թևի գոր­ծու­նա­կու­թյու­նը: Ոսկ­րա­վի­րա­բու­ժու­թյան մեր այս վար­պե­տը ժա­մա­նակ էր գտել և գրել էր ան­չափ գործ­նա­կան մի գիրք` «Ձեռք» վեր­նագ­րով: Եվ հինգ կամ տա­սը տա­րի անց հրա­տա­րա­կեց մեկ այլ գիրք` «Ոտք»: Հի­սուն տա­րի շա­րու­նակ նաև գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ էր զբաղ­վում և պո­ե­տա­կան նշա­նա­կա­լի գոր­ծեր էր ան­գիր անում, մեծ մա­սամբ` հա­յե­րեն, որոշ բա­ներ նաև ար­տա­սա­նում էր հա­յե­րեն և այն, ինչ այժմ ես անգ­լե­րեն եմ թարգ­մա­նում` Մա­րո Մար­գար­յա­նի «Այս­քան շատ քա­րեր» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, Քել­լին հա­յե­րեն էր ար­տա­սա­նում` «Այս­քա՜ն շատ քա­րեր»: Բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ խոս­վում է այն մա­սին, որ այդ քա­րե­րից յու­րա­քանչ­յու­րը մե­կա­կան գե­րեզ­մա­նա­քար է դա­րե­րի ըն­թաց­քում մա­հա­ցած հա­յե­րի հա­մար, և ես այս­տեղ և այս պա­հին շա­րու­նա­կում եմ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը և ասում եմ, որ քար­քա­րոտ Հա­յաս­տա­նի մի­լի­ար­դա­վոր քա­րե­րը նաև նշա­նա­քա­րեր են, որ ազ­դա­րա­րում են ծնունդ­նե­րի շնոր­հիվ ավե­լի ու ավե­լի շատ մեզ նման­նե­րի` հա­յե­րի, մարդ արա­րած­նե­րի, եղ­բայր­նե­րի ու քույ­րե­րի, հայ­րե­րի ու մայ­րե­րի, աշ­խար­հով մեկ սփռ­ված տար­բեր տոհ­մե­րի շա­րու­նա­կա­կան ժա­մա­նու­մը: «Ա՜խ, վա­թան, վա­թան» (թուր­քե­րեն «հայ­րե­նիք» բառն է, որ օգ­տա­գոր­ծում են նաև հա­յե­րը): «Ա՜խ, վա­թան, վա­թան», — ասում էր վան­դակ­ված թռ­չու­նը, և կրկ­նում էր ան­վերջ, ամ­բողջ մեկ տա­րի մեր­ժում ստա­նա­լուց, աշ­խար­հի ամե­նա­գե­ղե­ցիկ, ամե­նա­կա­տար­յալ, ամե­նաշ­քեղ վան­դա­կին չհար­մար­վե­լուց հե­տո, և ի վեր­ջո հա­րուս­տը մո­տե­ցավ նրան և ասաց. «Թռչ­նակ, որ­տե՞ղ է քո վա­թա­նը, որին այդ­պես ան­հու­սո­րեն կա­րո­տում ես: Վան­դա­կի դռ­նա­կը բաց է, դուրս արի և դե­պի վա­թանդ առաջ­նոր­դիր ինձ»: Հա­մա­ձայ­նու­թյու­նը կա­յա­ցել էր, և հա­ջորդ յոթ օրե­րի ըն­թաց­քում գե­ղե­ցիկ թռ­չու­նը իրար ետևից թռավ­-ան­ցավ մե­կը մյու­սից չք­նաղ երկր­նե­րով և վեր­ջա­պես մի վայր հա­սավ, որ­տեղ մի­այն քա­րեր և ցա­մա­քած, սմ­քած բույ­սեր էին, որ առանց ջրի էին աճում: Թռ­չու­նը քա­րե­րից մե­կի վրա իջավ, որ գու­ցե եր­բեմ­նի սրա­գա­գաթ հուշ­ար­ձան էր, դե­պի հա­րուս­տը շրջ­վեց և ասաց. «Սա է իմ հայ­րե­նի­քը, սա է իմ վա­թա­նը, այս­տեղ պետք է ապ­րեմ, սա է աշ­խար­հում մի­ակ վայ­րը, որ­տեղ ես ինձ տանն եմ զգում»: Եվ հա­րուս­տը, ինչ­պես եր­բեմն պա­տա­հում է պատ­մու­թյուն­նե­րի մեջ, հի­ա­ցած նա­յեց թռչ­նի գե­ղեց­կու­թյանն ու շրջա­պա­տի ամա­յու­թյա­նը, որ­քան աչքն էր կտ­րում, ապա ասաց քնք­շո­րեն. «Նման չք­նաղ եր­կիր դեռ չէի տե­սել»:

5.

ԼԻ­ՆԵԼ ԾՆ­ՎԱԾ…

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հա­վա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծն­վել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լու­ծե­լով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրա­կա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:

Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչ­պե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտ­նա­գոր­ծել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոն­ֆու­ցի­ո­սա­կան­նե­րի, բուդ­դա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

Թարգմանությունը՝  Արամ Արսենյանի

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s