Mediaeducational blog

Գրիգոր Զոհրապ «Ճիտին պարտքը»

Оставьте комментарий


Սև կաշիե մեծկակ պայուսակ մըն էր, զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կերթար փողոցներեն: Իր կյանքի անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կը տաներ, կամ պտուղը իր փոքրիկ զավակներուն, դրան առջևեն կը բոլորվեին խոստումնալից ու խոստմնապահ այս պայուսակին շուրջը:
Այս մարդուն բոլոր հոգեջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ(հունական դիցաբանության մեջ` հատակ չունեցող, չլցվող տակառ), զոր կը լեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, օրական հացի խնդիր, որուն արհավիրքը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը իր մշտնջենական պարապությամբ. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը, տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, և անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես:

Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակներով զինքը կը պաշարեր, այս մարդը կը հասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:

Բ

Հիմա միջակ հասակով, մորվոք, ալևորած մեկն էր Հուսեփ աղան, որ վաճառականութենե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կապրեր ալ խանութե խանութ, դռնե դուռ տանելով պասմայի (թուրք. — չիթ) ու ճերմակեղենի մատուցումներու և պահանջումներու անհա-մաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:
Ո՞վ ըսեր էր, որ աս երկուքին մեջ ներդաշնակություն մը կա, Հուսեփ աղան իզուր օրն ի բուն իր հաշտարարի դերը կը կատարեր, ողոքիչ (աղերսելի), համոզիչ փաստերով, առնողին ըսելով, թե ապրանքը աժան էր այդ գինով ու ծախողին` թե իր վաճառքը պահանջած գինե շատ պակաս կըներ, ոչ, երկուքն ալ կը համառեին և

Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կըլլար ալ, առևտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կը ճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կիշխեր ու փճացնել կը սպառնար զինքը:
Ոհ, թե որ մենակ ըլլար, ինչ փույթ, բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապուրներովը, ամեն պատրանքներովը իրեն կը նայեին առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ, կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:
Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կը ճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանութնունով լեցուն կերևար իր հայրական աչքին: Հանցավորի պես կը մտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջև, մեղավորի նման գլխիկոր կը դառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երևույթը ու այս դիմայլակին (այլակերպող դիմակ) տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը:

 

Գ

Սկյուտարի բարձունքի վրա` Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կը բնակին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդությունե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կը գուշակվի:
Բայց իր հիշատակը կապրի և օր չըլլար, որ իր խոսքը չընեն, գիշերները, երբ աղջիկները կը քաշվին, ամուսինը կը մնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն` աղքատացած վաճառականը քաջալերություն մը կակնկալե, գերեզմանի մյուս կողմեն ըսպասված զորավիգ մը:
Վասնզի բարոյական կորովը կը պակսի օր օրի, իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կը զգա, որ սրտին քաջությունը կը սպառի ու կը հատնի քիչ-քիչ:

Դեռ առտուները իր դողդոջուն ձեռքին մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կը դառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով` որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կը սլքտա (թափառի, թրև կգա), երբեմն կը համարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, այլ քիչ մը ետևեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատահի, որ առևտուրի մեջ մեկու մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կը զայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կը կոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շորթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել: Ուրիշ ատեն` անոնց զվարթ վայրկյաններուն` կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կը զվարճացներ, կը խնդացներ զանոնք, հետևյալ օրվան համար պզտիկ գործ մը շնորհելու սպասումով:
Ու վաճառականները կը սիրեին այս պապա մարդը , որ ուրիշներու պես աներես չէր ու իր միջնորդիքը իրավունք մը պահանջելու եղանակով չէր ուզեր և առաջարկված ամեն զեղջի գլուխ կը ծռեր:

 

Դ

Պասմայի ջոջերը կը քալեին տոտիկ-տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիք ապրանքներուն հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կը սկսեին բանալ. թահացած (հնացած) ու գունաթափ կերպասներու, կշռեն ու չափեն պակաս ամերիքաներու վրա առջի շահերը չէին մնացած ալ, և վաճառականները խնայողության նոր միջոցներ կը խորհեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կը թվեին իրենց: Ինչ հարկ միջնորդի, անձամբ չէ՞ին կրնար առնել կամ ծախել ապրանքները, այնուհետև, ուրիշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մը նե վերջապես և ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ և ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան, որ ետևնուն կուգար, իր սևցած պայուսակը ձեռքը, կը դողար հիմա:
— Հուսեփ աղա, քեզի համար չենք, — կավելցնեին վաճառականները, — դուն մեր մարդն ես:

Շունչ կառներ խեղճ մարդը, բայց գործերը կը պակսեին, ավուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կըլլար, ու պարտքերը կը դիզվեին շուրջը, գյուղը, չարշին (թուրք — շուկա), ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը:
Ու պայուսակը կը շարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջև, վասն զի ի՞նչ պիտի ըսել աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքը այսուհետև:
Հետո ճարահատած այն վաճառականին, որուն արբանյակն (այստեղ` ուղեկից) էր, երկու ոսկի փոխ ուզեց ու մերժողական պատասխան ստացավ. հինգ ոսկի պարտք ուներ. պետք էր նախ այդ պարտքը վճարել: Այն իրիկունը իր պղնձե փոքրիկ ժամացույցը ծախեց երեսուն ղրուշի, ու պայուսակը մասամբ գոնե կրցավ լցվիլ նորեն:
Ե
Տունը` ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կուզեին երբեմն. գուշակություններ,

նախազգացումներ ունեին իրենց ներսիդին:
Գործերը ինչպե՞ս են, հայրիկ, — կըսեր անդրանիկը:
Ու կրտսերը` կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը, որ ճիշտ մորը պատկերն էր.
Այսչափ ուշ մի մնար:
Հայրը կխնդար, ոչ գործերը գեշ չէին երթար Աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին:
— Վաղը կանուխ եկու և մեզ պտտեցնելու տար: — Ու ողորմելի հայրը կը խոստանար, ամեն բան կը խոստանար, կանուխ պիտի գար ու պտտեցնելու պիտի տաներ այս հեգ (խեղճ, թշվառ) զրկյալ որբերը, որոնց էն աղվոր (ամենալավ) տարիները քչքվորության մեջ կանցնեին. երևակայեցեք ուղևորություն մը, որուն էն գեղեցիկ տեսարանը թյունելի (գետնուղի) մը անցք ըլլա, մութ ու քարքկոփ պատեր, և որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք:
Եվ առտուն, կանուխ — կանուխ, առջի շոգենավով կերթար Պոլիս, իր ուժաթափ թևին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն,

թևին տակը, խեղդելու պես կը սեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կուզեր:
Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթևեկության ծախքին մեջ սպառվեցավ ու վայրկյանը կը մոտենար ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետևեն վազելու ծախքը – վասն զի հիմա հույսի ետևեն երթալն ալ ծախքով է — պիտի հատներ:
Այն ատեն. այս հարցումը, զոր միտքը կըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնար խուսափիլ, իր դեմը կելլեր, խոշոր, հսկա տառերով կը գրվեր օդին մեջ, ու իր առջևեն կը քալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ:

Զ

Ինչպե՞ս կըլլա, որ մարդ հացի մի ստակին կարոտ կը քաշե կամ շոգենավի մը ստակը չվճարելուն համար կեցած տեղը կը մնա գամված, անշարժ:
Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կը հարուցաներ մտքին մեջ, լուծելու կը ջանար,

և փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կը զգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, և պահ մը վերացած` կը մոռնար ինքզինքը. իր ավուր հացի կարոտ մուրացկանի դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կը ձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն, նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելին, շատ ավելին կուտար ու հրճվանքնին տեսնելով կը բերկրեր: Ի՞նչ դյուրին ու ինչ դժվար երջանկություն:
Եվ ձեռքին տակ` պայուսակը իր կաշիի կոպիտ ու ծակոտկեն երեսովը կը դողդղար, կարթնացներ զինքը, իրականության քով կը քաշեր կը բերեր, անոթի առնելիքավորի (առնելիք, ստանալիք ունեցողի) մը պես:
Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի, մանր ու արհավրալից բաներ, նորոգվելու պատրվակով տունն տարված ու չնչին գինով վաճառված կարասիներ տնական պետքերը հոգալու համար

նորե նոր` ամեն օր տարբեր խանութներու, ծախողների դիմումներ, ապառիկ գնելու համար հաստատված մտերմություններ, բարեկամություններ, հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար, ուրիշի քով սպասելներ, զուր ջանքեր բոլորն ալ` լեցնելու, ոհ, մասամբ գոնե լեցնելու համար իր պահանջող պայուսակը, զոր բռնած կտանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի անգիտակից շարժումով:

Է

Այն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը. — “Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես, պանիր ալ”:
Ու փախստական հորը ետևեն, որ կաճապարեր հեռանալու, կը շարունակեր իր չնչին խնդրանքներուն անհատնում շարքը:
Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քայլվածքին հետ պայուսակը կերերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կը հաներ: Երեք մեթալիք տասնոցները, զորս իր գրպանին մեջ հուսահատորեն կը սեղմեր,

չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինքը. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը. ու կը զղջար, որքան կը զղջար բնակելուն Սկյուտար, ուր ոտքով չերթցվեր, ու չի բավեր բարի կամեցողության կամ աշխարհիս մեծագույն քաջությունը ունենալ` նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար:
Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն, ուր մեվգի (հասարակական դիրք, պաշտոն ունեցող մարդ), չկա ոջլոտ մարդերու մոտիկ: Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը. խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Հետո անիվներուն փոֆ-փոֆը ուշադրությունը գրավեց, այս եղանակը իր ուշադրությունը շարժեց, անիվները իրենց շրջանին մեջ, տեղ մը հասնելուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ. ասով մասնավոր եղանակ մը կը ձևանար, փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ…փոֆ, մտքեն այս տարօրինակ նվագին կը հետևեր, հաճույք մը կը զգար:
Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խորհրդավոր ձայնեն զատ բան մը չկար.

ո՞վ էր ինքը, ի՞նչ կը փնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր, իրավ, որ չէր գիտեր:
Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջություն, ըսե սա երկաթե քացան (կասսա, դրամարկղ) խրոխտորեն բացող ու գոցող մարդուն, որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ոչ, չկարցավ ըսել:
Շուկան թափառեցավ առանց բան մը ըսելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը, հետո, ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր երկու աղջիկները կը սպասեին իրեն: Ժամը հարցուց: Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծության ժամանակ չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առաջի դեմը ելնող ծանոթից: Զարմանք. ինքը, որ այդքան շատ մարդ կը ճանչնար անշուշտ. ատենով իրեն մրցակից վաճառական մըն էր, բայց շատոնց բարևը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը,որ արագ քայլերով իր քովեն անցավ հիմա,

ան ալ կը ճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր և հիմա ալ փախչելու պես, երեսը պահելով իր քովեն կանցներ: Ծերուկ մը, մենակ, բարևեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը:
Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ. այդ պահուն զգաց, որ բան մը կը պակսեր: Ինքզինքը հարձուփորձեց ու պատճառը գտավ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար:
Ը

Ծովուն վրա կը ծփար, կօրորվեր, կը տատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք` ուր լուսինը, իր տասնըհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կը փայլեր:
Ու մարդուն վզին սերտիվ կապված սև կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնաց,

կը ծփար անոր հետ` ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար, հետո այդ գլուխը վեր կելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակի ծանրութենեն:
Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա` այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կը նմաներ, հեռուն խիստ հեռուն, ջուրին մեջ երկուքն ալ կապված էին, ինչպես կյանքին մեջ ալ զատված էին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետև, հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ և ուռեցվորած, իր տեղը մարդոց թևին տակը չէր, ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, և այդ պայուսակը` իր անողորմ համառությամբ, իր հուսահատեցուցիչ դատարկու – թյամբ, մարդոց ճիտին պարտքը կը մարմնացներ անշուշտ. իր ճշմարիտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հոն, ուր հաստատված էր հիմա:
Ես երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման` որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կուրախանա,

քեֆ կընե, ծովուն ամեն ծփանքին հետ` պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կը գգվեր ու կը շոյեր:

Կարդացեք նաև ԱՅՍՏԵՂ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s