Mediaeducational blog

Ժամին բակը

Оставьте комментарий


Ա

Նոր ճեղքվածք էր լույսը, երբոր տերտերը ճամփա ինկավ ժամ երթալու. ոչ ոք կար փողոցներուն մեջ ու համատարած լռությունը, որ հազիվ փարատվող գիշերեն կու գար, քահանային ոտնաձայնը հատիկ հատիկ կը լսեցներ:

Զառիվեր մը կ՚ելլեր, վասն զի ժամը, ամուր ու ցած շենք մը որ հոսկեր կը տեսնվեր, վերը՝ գեղին բարձունքին վրա էր: Հևալով կը քալեր հովանոցի մը կթռնելով, սև թիպեթե ու քիչ մը գույնը կորսնցուցած աղքատի հովանոց՝ որ գավազանի տեղ կը ծառայեր: Երեսուն տարիե ի վեր միևնույն համաչափ քայլերով կ՚ելլեր այս փողոցեն վեր, այն ճշտությամբ, որով արևը կը ծագեր, իր սիրական ժամը՝ իր աստուծուն քովը փութալու համար:

Երբոր դուռը հասավ, վայրկյան մը կեցավ լիաթոք շունչ մը առնելու համար ու նայվածքը շուրջը պտտցուց անգամ մը: Իր աչքին առջև պարզվող այս հուլիսի առտուն շլացուց զինքը:

Վոսփորը կ՚երևար, կ՚ընդհատվեր հանկարծ, նորեն կը սկսեր, կը դառնար, կը գալարեր, տիտանյան օձի մը պես, երկու դիեն բարձրացող բլուրներուն մեջ:

Արևին ձգած լուսավոր շավիղը անհամար ադամանդներու սփռում մըն էր հոն, ավելի մութցնելով կարծես ծովին թավիշի կապույտը: Ծովեզերքին մոտ՝ այն կողմեն ուրեկ կը նայեր քահանան՝ այս ադամանդները մեկ մեկ կը զանազանվեին, այնքա՜ն մեծ էին. երթալով հետզհետե կը պզտիկնային՝ բայց ավելի մերձենալով իրարու: Եվ ավելի հեռուն՝ փոսրտուք մըն էր այլևս, լուսաճաճանչ փոշիներու տարածություն մը որ միապաղաղ մակարդակ մը կը ձևացներ, դյութական փողփողումի մեջ անշարժացած:

Ծովին մեջտեղը այս հյուլեները կ՚երերտկային շարունակ, ձևերնին, դիրքերնին, լուսերնին կը փոխեին, իրարու առջև կը վազեին, իրարմե խույս կուտային անհնարին ու խոլական ոստումներով, արշավներով, համեցումներով, այս կապույտ անջրպետին վրա ակնախտիղ[1] պար մը շինելով:

Ցամաքին վրա առավոտը ոչ նվազ հիացուցիչ էր. լեռները իրենց դալարիքը ու նոր հերկված հողերուն կարմիր ուռեցքները քովե քով կարգով կը տարածեին: Անդին՝ ածուներու անդաստաններն էին զուգահեռական գիծերու անհատնում շարքերով, ու ավելի հեռուն, հորիզոնին վրա, ծառերու հոծ խումբ մը, կանանչներու ամեն վառ երանգները մեկտեղ բերած, այն կանանչեն, որ դեղինին կը մոտենա, մինչև այն, որ սևին հետ կը շփոթվի: Այս կանանչության վրա մերթ պզտիկ սարսուռ մը կը վազեր, ու իսկույն կանանչ ու համր կոհակներու ծփացում մը կը տեսնվեր:

Գետինը, խոտերուն վրա, գիշերվընե մնացած ցողը կը շոգիանար արևին ջերմութենեն: Ձան ձուն ու շարժում չկար գեղին մեջ: Բյուրեղի հստակությունը մը և չեմ գիտեր ի՞նչ տեսակ սպասումի մեջ էր կարծես իր բոլորտիքը:

Հետո ճերմակ ամպերու ծվեններ երկինքին լուրթ բեհեզին վրա երևցան. թեթև հով մը ելավ: Քանի մը եզներ քնաշրջիկի քալվածքով մը անցան. կաթնավաճառ մը իր պղինձե ամաններուն աղմուկովը լռությունը վրդովեց: Եկեղեցին կես խավարի մեջ էր՝ պատուհանին երկաթ փեղկերը բացված չըլլալուն. երբող ավագերեցը ներս մտավ, պահարանաին մեջ շուրջառ մը ձգեց ուսին վրա, խալփախը սև գդակի մը հետ փոխեց ու խորանին առջև կանգ առավ: Իսկույն արծաթ թագը գլուխը դրած աստվածածին մը իր հինցած ոսկեզօծ շրջանակեն նայվածքը իրեն ուղղեց. ապաքեն այս եկեղեցվույն մեջ դրվելեն ի վեր ամեն եկողին կը նայեր ան միևնույն անստույգ ու անվրդով նայվածքովը: Քահանան երեսը խաչակնքեց. — Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո… Թավ ձայնը թնդաց այս պարապության մեջ ու արձագանքը կրկնեց. — Եվ հոգվույն սրբո… Լուսարարը փեղկերը բանալու եկավ ու հարուցած աղմուկը եկեղեցվույն անդորրությունը խանգարեց:

Բ

Տեր Աբրահամ այն հազվագյուտ ծերունիներեն էր որոնք իրենց կենդանութենեն՝ մարդկային կապերը թոթափելով՝ կանխահաս մուտքով մը բարձրագույն աշխարհի մը մեջ կը թևակոխեն, ուրկե կիրքերը ու ակնկալությունները վտարված են ի սպառ: Տեսակ մը անդրիացում է ասիկա:

Մահվան մերջովորությունը այս հրաշքը կը գործե շատերու վրա. հրաշ որ կյանքի վերադարձին իսկույն կ՚աներևութանա: Տեր Աբրահամ մեծ իմացականության մը չուներ, բայց իր հիշողությունը կարծես նոր ավյունով, և այն համեմատությամբ որով իր մյուս զգայարանքը տկարացեր էին, զորացած կը թվեր՝ մարելու մոտ կանթեղի մը վերջին ցոլքին պես: Իր երիտասարդությունը ու պատանությունը լեցնող է՛ն կարևոր եղելություններուն հստակ վերհուշումը ուներ, որ կարծես իր հիմակվան կյանքին պարապությունը մոռցնելու կը ծառայեր այս պահուն:

Նախ՝ իր համեստ դաստիարակի սկզբնավորությունը, սկզբնավորություն որ վերջ մըն է եղել միանգամայն, վասն զի երբեք այդ համեստութենեն թիզ մը վեր չեր կրցած ելլել, հազիվ ձեռքը մինչև բերանը հասցնելով. նույնիսկ հիմա, որ քսան տարվան ավագերեց մըն է ահավասիկ:

Շատ լավ կը հիշեր այն ատենի աղաները, ամիրաներ ամենքն ալ, մեծ մասը սարաֆներ, ոչ ուսյալ հարկավ, ոչ ալ կրթյալ մինչև անգամ, որոնց դիմացը փեշը փեշին բերելու ստիպված էր, ամեն վայրկյան: Բայց ատոր քով հատկությունները որոնք վճռապես պատկառանք կ՚ազդեին և նժարը դեպի համակրության կողմը կ՚իջեցնեին:

Անոնցմե մեկուն մանավանդ՝ Սեղբոսյան Մկրտիչ աղային, որ ճիշտ այդ եկեղեցին կառուցած էր իր ծախքովը՝ դեմքը աչքին առջևն էր, նիհար, բարձրահասակ, երերացող քալվածքով մարդ մը, որ սրտմտության մը վայրկյանին դպրոցեն վռնտեր էր զինքը: Պետրոս պատվելին, այս էր իր աշխարհականի անունը, տուն դարձեր էր այն իրիկուն, ամոթեն ու դողեն գունատած: Իզուր իր հեք կինը, իր զավակները միացեր էին մխիթարելու համար զինքը ու չզգացնելու աղետին մեծությունը: Հազիվ ամիս մը կար ավագ օրերուն, ու հեռվեն գալուստը զատկական տոնին՝ հիմա այրացավեր այս ընտանիքին վրա ահավոր ու սպառնացող խոցոտումը մը պես կը թվեր իր աչքի, ու չքավորության դատապարտված իր գոյության բոլոր դառնությունները երևան հանելու հատուկ դիտավորությամբ պատրաստված փորձություն մը:

Հաջորդ օրը դպրոց չկար. պզտիկ լաճերու անտանելի խաժամուժը իր գլուխը չցավցուց այլևս, բայց աղմուկին վարժությունը ուներ ու զրկանք մը ողավ ասիկա իրեն: Հետո ապրուստի ուրիշ միջոց մը գտնելեն հուսահատեցավ: Ավագ շաբթուն քանի մը բարեկամներ եկան գտան զինքը. իր վիճակը հարցուցին. մեկը՝ խորհուրդ մը հղացավ. թե որ պատվելին խոնարհ, շատ խոնարհ լեզվով մը խնդրագիր մը ուղղեր աղային, կամ ինքը անձամբ անոր տունը երթար գործած պակասությանց ներում խնդրելու: Իսկույն համոզվեցավ ասոր ու գիշերը լուսցուց գրելով. սրբագրեց ու ավրեց իր աղերսագիրը: Առտուն նորեն չհավնեցավ իր ոճին. ո՛չ, գթություն հրավիրելու համար պետք եղած բառերը գտած չեր. ու թե որ մերժումի մը ենթարկվե՜ր, երևակայեցեք անգամ մը, փճացում՝ իրեն և իրեններուն. գրավը՝ որ իր գրչին ծայրին կապված էր՝ ապշեցուցիչ համեմատություններ կ՚առներ: Նվազ տենդոտ ժամվան մը հետաձգեց այս անիծած թուղթին գրությունը: Հանկարծ իրարանցում մը ելավ տանը մեջ, կինը, տղաքը դուռը վազեր էին: Աղան ինքն էր որ սանդուխներեն վեր կ՚ելլեր իր սովրական ծանր ու երերոցող քալվածքովը. պատվելին վազեց, դիմավորեց. հավատա՞ր թե չհավատար տեսածին. ի՞նչ դիտավորությամբ եկած էր: Աղան հարցնելու ատեն չթողուց, քաշեց համբուրեց ու ճակտին տարավ հեք դաստիրակին վտիտ ու դողդոջուն ձեռքը: — Պատվելի՛, ներե գործած հանցանքիս, ըսավ մեղմ ձայնով. ասանկ բեռ մը սրտիս վրա՝ ասանկ օրերու մեջ չուզեցի պահել, շատ կ՚աղաչեմ, որ ներես ինծի. որոշեցի որ ես քու ոտքդ գամ: Պատվելին հազիվ կրցավ ըսել. — Ես խոնարհ ծառանիդ եմ միշտ. պակասությունը իմս էր: — Այս ժամեն դպրոցը քուկդ է նորեն. գրագիրս քեզի հազար ղրուշ պիտի բերե, որ զատկական ծախքերդ հոգաս. բայց կ՚աղաչեմ որ սրտիդ մեջ ինծի դեմ ոխ չպահես. հրաման տո՛ւր որ երթամ հաղորդվիմ: Ո՜խ չպահել, հրամա՜ն տալ, ինքը որ պարզապես աղային ոտքը ձեռքը համբուրելու անդիմադրելի փորձությունը ուներ միայն: Երբոր Սեղբոսյան Մկրտչի աղան մեռավ, ինքը քահանա ձեռնադրված էր արդեն: Շա՜տ ասանկ մանրավեպեր զորս կրկին և կրկին կը պատմեր հարմար առիթներու մեջ, իրեն հատուկ զվարթ ոճով մը: Գեղացիները բոլորն ալ գիտեին Մկրտիչ ամիրային պատվելիին մինչև ոտքը գալը և ձեռքը պագնելը:

Գ

Թաղական Խորհուրդին մեջ կարևոր նիստ կար այն կիրակի առտուն. թաղականները ամենքը ներկա էին: Ցած ձայնով կատարված կարծիքի փոխանակության մը մեջ ատենապետը մեկ — երկու չըսավ. առաջարկությունը ընդունելու կողմը եղավ: — Ես անկեղծ կերպով իմ կարծիքս զուրցեմ…Ես ժամը թաղելու կողմն եմ. ասանկ ատեն մը հարյուր հիսուն ոսկի կարևոր գումար մըն է. զանգակատունը փլչելու վրա է. ուրիշ շատ մըն այլ նորոգություններ կան. այ՛ո, գումար մըն է, անկեղծությամբ ըսեմ: Միշտ անկեղծությամբ կը խոսեր այս մարդը. իր թաղականի ու հաշվի մարդու կրկին խղճմտանքը հաշտ էին իրարու հետ. իրոք այս աղքատ ժամուն համար հարյուր հիսուն ոսկին շատ մը օգուտներ պիտի ընծայեր. մյուս կողմեն տարտամ ու խուլ բան մը իր ներսիդիեն կ՚ըսեր որ ինքն ալ իր կարգին օր մը պզտիկ գումարով մը ժամու մը մեջ պիտի կրնար թաղվիլ. ինչ՞ու չէ. մեծ ճարտարարվեստը ամեն բան արժանացուցած էր այս դարուն մեջ. եկեղեցին ալ պատվո և անմահության գիները իջեցնելու էր: Մեռելին տերերը Խորհրդարանին մեջ պատվո տեղը բազմեր էին: Թաղական մը ննջեցյալին ժամու մեջ թաղվելուն դեմ առարկություն ըրավ. ասիկա փորձ խանութպանի հնարք մըն էր. միտքը հիսուն ոսկի մը էվել փրցնել էր միայն: — Շիտակը ես ձեզի համակարծիք չեմ, ատենապետ էֆենտի. հանգուցյալը, աստված լուսավորե հոգին, աղեկ մարդ էր. մեռնող մարդուն վրա գեշ չզուրցվիր. բայց շատ թշնամիներ ուներ. թե որ զինքը եկեղեցվույն մեջ թաղենք, զմեզ իրավամբ պիտի քննադատեն. տված դրամն ալ շատ չնչին է. չարժեր:

Ատենադպիրը որ հեշտության կղմն էր միշտ, միջամտեց. Հարյուր ոսկի ևս տան և ամեն բան լմննա. ես պատասխանատվությունը վրաս կ՚առնեմ: Կարծես ուսերը կը ծռեին այս բեռին ծանրությանը ներքև:

Ան ատեն բուն սակարկությունը սկսավ ալ. թեր ու դեմ ամեն փաստերը, առարկությունները մեջտեղ հանվեցան. մեռելին տերերն ալ բոլորովին անմիտ չէին, բաղդատություններ, հաշիվներ կ՚ընեին, երեքի կանոնի վրա հիմնվելով: — Ի՞նչ տվավ Նիկողոս Էֆենտին մայր եկեղեցվո մեջ թաղվելու համար. եթե մայր եկեղեցվո մեջ թաղվելու համար հինգ հարյուր ոսկի տրվի, այս ձեր մոռցված մատուռի՞ն ինչ կ՚իյնա. հիսուն ոսկին ալ շատ է: Բայց թաղականները եկեղեցվո շահը դյուրավ լքող չէին. ուրիշ զենքերու դիմեցին իսկույն: Հանգուցյալին կյանքն ալ՝ խոսքը մեջերնին՝ շատ մաքուր չեր. ու պատմությունները՝ անպատված ու վռնտված կույսերու, ընդունված և չվերադարձված ավանդներու, սուտ երդումներու՝ դուրս թափվեցան: Ահագին դեզ մը կը բարձրանար հիմակ ու հազար տեսակ խարդախություններու աշտարակ մը կը սպառնար մինչև երկինքը հասնիլ:

Վեճը դառնացեր էր. հանուն կրոնքի ու բարոյականի պայքարը կը մղվեր, ու մեռելին տերերը հայտնի կերպով կ՚ընկճվեին: Ու Խորհրդարանին մեջ, այս ութը — տասը մարդիկը հավաքված՝ մարդկության էն նվիրական սկըզբունքները կ՚առնեին կը ծախեին, իրենց պահանջումներուն կը պատշաճեցնեին:

Մեռելին ազգականները, դրսեցի բոլորն ալ, ի՛նչ ըսելիքնին չէին գիտեր, բայց նորեն պարտվելնին չխոստովանեցան: — Մենք ալ ննջեցյալը Պալըքլը կը տանինք: Ատենապետը դողաց. ասանկ հաճախորդ մը տասը տարին մեյ մը չիլնար: — Կ՚ուզե՞ք որ անկեղծությամբ խոսիմ, գումարը ավելցնելու եք: Իր սրտին խորեն հարյուր հիսուն ոսկին անգամ շատ կը գտներ. մտածեցեք որ օրին մեկը կարգը իր թաղումին պիտի գար ու հիմակուց սակագինը տոկալիք սահմանի մը մեջ պահել կը բաղձար: Ատենադպիրը իր հաշտարարի դերը նոր զիջողությամբ մը վերսկսավ. — Թող հիսուն ոսկի ավելի տան և խնդիրը փակվի: — Երկ՞ու հարյուր ոսկի: -Կ՚ընդունինք, բայց ֆրանսիական ոսկի պիտի տանք. դուք ալ մի՛ պնդեք. ժամանակ չկորսնցնեն. դեռ շատ մը ուրիշ կարգադրություններ ունինք. մահազդները անգամ չենք տպեր: Թաղականները խորհեցան, որ թելը պիտի փըրթեր. ճշտեցին սակայն, թյուրիմացություն չըլլալու համար, որ հուղարկավորության ծախքը այս գումարին մեջ չէր:

Պզտիկ դժվարություն մը, որ դյուրավ հարթվեցավ՝ բակին մեջ գերեզմանին տեղը որոշելու առթիվ ծագեցավ. եկեղեցվույն դրան քով չէր ըլլար. աջ կողմի պատուհանին ու պատին մեջտեղը առաջարկվեցավ. բայց այդ տեղը աչքի առջև չէր. Խորհրդարանին ձախ կողմին վրա հարմարեցան: Չնչին կետ մը մնացեր էր, զոր ննջեցյալին տերերը հարկ սեպեցին հիշեցնել և զոր թաղականները իբրև անվիճելի իրավունք մը ճանչցան անմիջապես: Նորոգվելիք զանգակատան ճակատը հանգուցյալին անունը պիտի նշանակվեր վայելուչ հիշատակությամբ մը:

Երբոր ավագերեցը ներս մտավ, համաձայնությունը կատարյալ էր արդեն:

Դ

Տասը հարկ շենքի մը բոլոր բարձրութենեն վար իյնող մեկը այնչափ տակնուվրա չպիտի ըլլար որչափ տեր Աբրահամ եղավ այս որոշումը իմանալուն:

Հռչակավոր ավազակը եկեղեցվո գրկին մեջ տեղավորվա՜ծ, դաշույն մը մխվածի պես:

Չէր բավեր կենդանությանը մարդոց միշտ տրամադրելի հարգանքները ու պատիվները գնելը դրամով և այնքան ավելի անձգությամբ որքան անարժան էր անոնց: Մահվընեն ետքն ալ այս կողոպտված փառաբանություններուն մշտնջենավորումը ու նվիրագործումը աստուծմե ծախու կ՚առներ:

Երբոր ազգականները գացին, քահանան թաղակններուն հետ խոսելու ատեն գտավ: — Կ՚աղաչեմ, էֆենտիներ, այս բանը մի՛ ընեք, մեր ս. եկեղեցին մի՛ պղծեք: Հեզ ու աղաչավոր ձայնով կ՚ըներ իր խնդիրքը:

Իրեն համար եկեղեցին՝ որևէ շենք մը չէր քարով ու կիրով շինված. եթե լեզու բերան չուներ, հոգի ու սիրտ մը կը կրեր միշտ. իր ծոցը նվիրական էր ու մուտքը հոն՝ անոնց միայն վերապահված, որ անոր կսկիծները ու սուգերը կը զգան: Ի՞նչ կը փնտրեր այս ննջեցյալը այդտեղ և ի՞նչ կը հասկընար ատկե. ասկե ավելի մեծ լլկում մը իր վճիտ ու նրբությանց անգիտակ խղճմտանքին առջև չէր կրնար պատկերանալ: — Ի՞նչ ծառայություն ըրած է այս մարդը մեր եկեղեցվույն. քիչ մը դրամ առաջարկված է. բայց այս դրամը տվողը անգամ ինքը չէ. ժառանգորդներն են, որ ստակ մը տալով իրենց ննջեցյալը հոս թաղել կը պահանջեն: Արժանիքի խնդիր մը կա հոս. գոնե իր անհատական կյանքը անբասի՜ր ըլլար. ինծի չիյնար վճիռ արձակել. աստված է դատավորը. բայց վերջապես մաքուր անուն մը չէ ձգած այս մարդը. ի՞նչ կըսեք, էֆենտինե՛ր: Ի՞նչ ըսեին: Ավագերեցը անիրավ չէր բոլորովին. բայց եկեղեցին միայն աղոթքով չապրիր. շենքը նորոգության կարոտ էր և զանգակատունը փլչելու վրա էր:

Մեծ փաստն էր ասիկա:

Տեր Աբրահամ չհուսահատեցավ. եկեղեցին իրն էր… մինչև հետին շունչը պիտի պաշտպաներ զայն: Սև թիպեթե հովհանոցը ձեռքը նավամատույց իջավ ու շոգենավ նստավ քարոզիչ եպիսկոպոսին քով երթալու համար:

Սրբազանը Գուզկունճուք գացեր էր քանի մը օր, իր քրոջը տունը: Ուսյալ եկեղեցական մըն էր, փորձառությունով լեցուն, համոզված որ միմիայն ավետարանական ճշմարտություններով չի շարժիր աշխարհը: Իր կյանքն անգամ ասոր ապացույցն էր. տարիներ գավառները թափառելե վերջը իր հոտին ետևեն, խանգարված առողջությունը կազդուրելու համար Պոլիս եկեր անկյուն մը նետվեր էր ահավասիկ. ու պատրաստումը կը զգար՝ հիմա որ հանգստության մեջ էր այլևս: Իր երիտասարդ վարդապետի օրերեն մնացած ակնկալությունները ու թռիչները փճացեր էին, ու կյանքի շփումեն՝ իր բոլոր մտավորական զարգցումը սկեպտիկ փիլիսոփայության մը վերածված էր, խավը թափած հագուստի մը պես:

Փոքրիկ սենյակի մեջ Հավատքն ու Թերահավատությունը դեմ առ դեմ կը ճակատեին այս վայրկյանիս: — Բոլոր ըսածներդ կը հասկանամ, տե՛ր Աբրահամ, բոլոր հոգվովս կը հասկնամ ըսածներդ. բայց մտածենք միասին անգամ մը. այս մարդը կապակցություն ունի մեր շատ մը հարուստներուն հետ. զինքը վտարելը՝ ամենուն դեմ թշնամական փորձի մը պես մեկնություններու տեղի պիտի տա. այս կետն ալ աչքի առջևեն չհեռացնենք:

Ու տեսնելով որ ավագերեցը անդրդվելի կը մնա՝ — Ասով նպատակս նորեն մեր ս. եկեղեցվույն ծառայել է. արդեն ամենքը անտարբեր են եկեղեցականության հանդեպ. քիչ մը վերջը հայտնի հակառակության պիտի դառնան. ու երբ եկեղեցականությունը փճանա՝ կրնա՞ եկեղեցին կանգուն մնալ: — Եկեղեցին հավատացյալներով միայն կանգուն կրնա մնալ. թե որ հավատացյալները պակսին, արդեն իսկ եկեղեցին ինկած կ՚ըլլա: — Այս ըսածդ աստվածաբանություն է, բայց իրողությունը տարբեր է. կրոնական համոզումները տագնապալից վիճակ մը ունին այս դարուս մեջ. զանոնք շատ առաջ վարելը նոր վրդովումներու տեղի կրնա տալ. խուսափինք ասկե, տե՛ր Աբրահամ, խուսափինք: Պատմությունը կը հայտնե, որ ամեն հասարակության մեջ դասակարգի զանազանություններ միշտ գոյություն ունեցած են և ասկե վերջն ալ պիտի մնան: Մեր հասարակության մեջ ունևորը զատ դասակարգ մը կազմած է և պիտի կազմե, այն ալ մեր հոտին մեկ մասն է, և էն կարևոր մասը, զայն ալ սիրաշահինք, ի՞նչ կ՚ըսես:

Դադարե մը վերջ ուր սրբազանը իր խահվեն խմեց լմնցուց՝ — Նորեն եկեղեցվո սրբությունը պիտի առարկես, ննջեցյալին ալ ծանոթ կյանքը պիտի հիշեցնես հարկա՛վ. բայց գերեզմանատունն ալ եկեղեցվո մաս չէ՞ միթե. երբ մեկը անարժան է ժամուն բակին մեջ թաղվելու, պետք է ուրեմն գերեզմանատունն ալ մերժել զինքը. կը տեսնես թե ո՛ւր կը հանգի քու պահանջումդ՝ եթե տրամաբանենք:

Ու տրամաբանեց այսպես, իր շուրջը մեծ վեճ մը, աղմուկ մը չհարուցանելու գաղափարեն մղված քիչ մը, ու քիչ մըն ալ իր դրական մարդու հայացքովը տարբերությունը մը չգտնելով ժամին բակին և գերեզմանատան հողին մեջ: Եվ գավառական կյանքին քաղված պզտիկ պատմություններով համեմեց իր տեսությունները, միշտ անհամաձայնության դուռ չբանալու հայտնի ճիգով:

Ավագերեցը սանդուխներուն կեսը իջած էր ու սրբազանի ձայնը դեռ ետևեն կու գար. — Սիրաշահինք:

Ե

Թաղեցին մարդը շքեղ թաղումով: Հապճեպով նորոգված զանգակատունին ճակատը անոր անունը սրտառուչ տողերով արձանագրվեցավ, զոր մտնողը դուռնեն ներս իսկույն կը տեսնե. «Նորոգեցավ զանգակատունս արյամբ բարերար…»:

Մարմարե զանգված մը այս մարդը ծածկող փոսին վրա կը բարձրանա, իր պաղ ցոլացումը պտտցնելով պզտիկ շրջափակին մեջ ու բարեպաշտներուն ուշադրությունը հայցելով կարծես:

Տարին մեյ մըն ալ հոգեհանգիստի պաշտոն կը մատուցվի մեծ հանդիսավորությամբ: Այդ օրը տոնի օրվան պես բան մը կ՚ըլլա. ազգականները կու գան նորեն, ամենքն ալ տիրոջ ձևերով ու աղքատներուն հաց ու դրամ բաշխել կուտան. և հաջորդ առտուն կանուխ լրագիրները կը հաղորդեն մանրամասնությունները, փղձկելով այս մարդոց մեծ վայելուչ բարեպաշտության վրա:

Միայն տեր Աբրահամ կը պահե իր շվարումը, քիչ մը ավելի ուսերը կքած, քիչ մը ավելի համր քայլերով կը քալե փողոցը, ավելի ուժով կռթնած իր մշտենջենական հովանոցին՝ կարծես գլուխը վեր չառնելու ու մարդոց երեսը չնայելու մտադրությամբ: Ուշ կուգա առտուները եկեղեցին ու այնպես մը կ՚ընե, որ չտեսնե անբարտավան քարե շիրիմը, որ կը խրոխտա և զանգակատունին ճակատը փալփլող ոսկի տառերը:

Քիչ ետքը անանուն հիվանդություն մը, որ հյուծում մըն էր ավելի քան թե մարմնավոր ախտ մը, անկողին ձգեց զինքը: Ավագերեցը մինչև իր վերջին ժամը ալ եկեղեցին ոտք չկոխեց:

Ասիկա իր ցավը ու սփոփանքը եղավ միանգամայն:

1908

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s