Mediaeducational blog

ԽՈՒԱՆ ՍՈՒՆՅԻԳԱ «Կախարդուհին»

Оставьте комментарий


night_shadows_1921_edward-hooper122222Երբ տեղեկացա, որ պետք է գնայի հորեղբորս այցելելու, ես չէի կարող պատկերացնել, թե ինչն էր պատճառը, սակայն շատ ժամանակ չպահանջվեց իմանալու համար և նրան ճանաչողների համար դժվար կլիներ հավատալ դրան. թերևս իր կյանքի ընթացքում առաջին անգամ էր վախ ապրել և պահանջեց, որ ընկերակցեմ իրեն: Իրոք նրան վախեցրել էր մի բան, որն իր հետ տեղի էր ունեցել հայելու մոտով անցնելիս. ինքն իրեն տեսել էր առանց ձեռքերի:

Շտապ գնացի նրա մոտ, զարմացա, երբ լսեցի, որ ինձ կանչել էր իրեն ընկերակցելու համար. նրան, ով ուներ ծառայողներ և ոչ ոքի կարիքը  չուներ, քանզի վճռական ու համարձակ մարդ էր, ով բազմիցս ցուցադրել էր իր խիզախությունը, հատկապես ստրկավաճառության դեմ պայքարի ժամանակ:

Ես ընդունեցի նրա խնդրանքը և օրեր անց նաև իմացա, որ մեկ այլ հայելում իրեն տեսել էր առանց բերանի. արծաթեպատ փայլեցված ապակու մեջ չէին երևում նրա շուրթերը, որոնք նա համառորեն շարժում էր և չէր տեսնում  դեմքի վրա: Հասկանալի էր, որ մի խորհրդավոր, թերևս արդեն անխուսափելի վտանգ էր նրան սպառնում, այդ իսկ պատճառով նա ցանկացավ վստահել ինձ և համառոտ կերպով պատմեց տեղի ունեցածը: Մի խնջույքի ժամանակ հյուրերին զբաղեցնելու համար եկած երաժիշտների խմբում տեսել էր մի գնչուհու և խենթի պես սիրահարվել նրան: Գնացել էր թափառախումբ և պարտավորվել տալ նրանց որոշակի գումար՝ այնտեղ երկու օր ու երկու գիշեր մնալու համար, բայց ժամանակը լրանալուն պես ստիպված հեռացել էր. գնչուհին երևի թե հոգնել էր նրանից, և տղամարդիկ, թերևս, նրան կվռնդեին և կսպառնային, որ այլևս չվերադառնար: Նրա հպարտությունն ու մեծն պարոնի սովորությունները ոտնահարվել էին. զրկվել էր կնոջը տիրանալու քմահաճույքից: Ավելի ուշ իմացա, որ գնչուհին ծաղրել և արհամարհել էր նրան: Բանն այն է, որ այլևս չէր կարող վերադառնալ այնտեղ, որտեղ գնչուներն էին իրենց կառքերով, նրանց խարույկներն ու թովիչ երգերը, որ երգում էր գնչուհին:

Այդ ստորացումն ու սիրահարվածությունը հորեղբորս տարօրինակ որոշման պատճառը դարձան: Նա ապավինեց կախարդանքի ուժի, մի դյութանքի, որը կգրավեր և իր կամքին կենթարկեր գնչուհուն: Դրան հասնելու համար դիմեց նրան, ում երբեք չպետք է դիմեր. կախարդուհուն, ով ապրում էր ճահճուտներում:

Դեպի ծովափ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող  հարուստ բուսականությամբ մի վայր էր, որտեղ ոչ ոք  չէր լինում, և որից բոլորը փորձում էին խուսափել, որովհետև գիտեին, որ նա այնտեղ էր, և սարսափում էին նրա խորհրդավոր ուժից: Կախարդուհուն մահացու հմայություններ էին վերագրում, ինչի պատճառով իշխանությունները նրան ձերբակալել էին և երկու անգամ հրապարակայնորեն մտրակել. որոշ ժամանակ անցկացրել էր բանտում, սակայն վերադարձել էր մանկության տարիների խրճիթը:  Նրան միայն այցելում էին հուսահատ չբեր կանայք, կամ նրանք, ովքեր ցանկանում էին գրավել իրենց նկատմամբ անտարբեր տղամարդկանց, նրանք, ովքեր ցանկանում էին վրեժխնդիր լինել որևէ երկրպագուից: Սակայն ոչ ոք չէր խոսում կախարդուհու մասին, չնայած բոլորն էլ գիտեին նրա անունը՝ Ալեսիա:

Մի գիշեր հորեղբայրս գնացել էր նրա մոտ և պայմանավորվել. մինչ այդ երբեք ոչ մի տղամարդ չէր դիմել նրա օգնությանը: Կախարդուհին հորեղբորիցս գնչուհու իրերից էր խնդրել, և հորեղբայրս (չգիտեմ, թե ինչպես էր կարողացել հայթայթել այն) նրան տվել էր  կարմիր թաշկինակի մի կտոր, որն օգտագործում էր գնչուհին: Կախարդուհին նրանից նաև խնդրել էր մի մազափունջ, և հորեղբայրս իր անբաժան դաշույնով կտրել էր իր մազերից  մի փունջ: Թերևս սա էր նրա մեծագույն սխալը. օրեր անց նա ինքն իրեն հայելում տեսել էր առանց ձեռքերի, իսկ հետո` առանց բերանի, ավելի ուշ` նույնիսկ առանց աչքերի: Այդժամ հրամայեց կանչել ինձ և ասաց, որ ուզում է, որ իրեն ընկերակցեմ : Այդպիսով ես դարձա նրա տխուր վախճանի վկան:

Գիշերը միասին էինք դուրս գալիս և խարխափելով գնում էինք այդ կնոջ խրճիթ: Առաջին անգամ ինձ թողեց ձիերի մոտ, սակայն մթության մեջ և ցուրտ եղանակին մի քիչ սպասելուց հետո մոտեցա դռանը և ճեղքից ներս նայեցի: Այնտեղ բոցավառվող ջահով լուսավորված՝ նստած էր Ալեսիան` շրջապատված չոր բույսերի մեծ փնջերով. դեռևս երիտասարդ էր, շեկ վարսերը խառնիխուռն թափվում էին ուսերին, և թվում էր, թե հագին վանականի հագուստ է: Ես նկատեցի, որ, չնայած փնթիությանը և դեմքին մնացած հետքերին, նա գեղեցիկ էր` իր մեծ կապույտ աչքերով: Հորեղբայրս լուռ կանգնած էր, իսկ նա սևեռուն հայացքով նայում էր նրան:

Հաջորդ գիշեր լսեցի, որ Ալեսիան նրանից խնդրում է գնչուհուն պատկանող այլ կտոր բերել, որպեսզի կարողանա իրականացնել կախարդանքը, և օրեր անց տեսա, թե ինչպես հորեղբայրս նրան ինչ-որ բան փոխանցեց: Այդ անգամ կախարդուհին ավելի երկար խոսեց, և ինձ հիացրեց նրա ժպիտը, մի արագ շարժումով ետ տարավ հագի շապիկը, և տեսա, որ կեղտոտ և խիտ մազերին կտավատի ծաղիկներից հյուսված մի պսակ կար:  Դռան ճեղքից հետևում էի նրա շարժումներին. Նա ձեռքը մեկնեց հորեղբորս, վերջինս իր ձեռքն անշտապ դրեց կախարդուհու պարզած ափի վրա, և այդպես մնացին մի քանի ակնթարթ: Այդ պահին կախարդուհին ծիծաղեց: Կարծում եմ՝ համաձայնության գալու նշան էր: Հորեղբայրս լավ գիտեր, որ մի ոտքով դժոխքի սահմանին է: Վերադարձի ճանապարհին ձիավարելիս նա կծկված էր և գրեթե չէր խոսում, դեռ ավելին` ծերացած էր թվում:

Ամեն անգամ այնտեղ գնալիս ես ավելի ուշադիր էի լինում և լսում էի, որովհետև մի կողմից վտանգ էի կանխազգում, իսկ մյուս կողմից ինձ դրդում էր զզվելի և միաժամանակ հրապուրիչ Ալեսիայի տարօրինակ կերպարանքի նկատմամբ  հետաքրքրասիրությունս: Այդ ժամանակ հորեղբայրս ինձ պատմեց, որ ինքն իրեն մի հայելու մեջ էր նայել և չէր տեսել իր գլուխը: Այնտեղ, որտեղ գլուխը պետք է լիներ, դատարկ էր: Ես մտածեցի, որ կախարդանքը շուռ  է եկել նրա դեմ:

Վերջապես մի գիշեր տեղի ունեցավ անսպասելին: Խրճիթ մտնելիս հորեղբայրս դուռը գրեթե բաց թողեց, և ես հետևեցի նրան: Խրճիթի կենտրոնում կրակ էր վառվում, իսկ դրա վրա դրված անոթից ծխի հետ միախառնված գոլորշի էր բարձրանում. կախարդուհին գրեթե չէր երևում: Ալեսիան, ինչպես միշտ, նստած էր այնտեղ և հալված ձյութի նմանվող սև փայլուն հեղուկի մեջ ուղտափշի մանուշակագույն ծաղիկներ էր գցում: Ցածր ձայնով աղոթքի պես ինչ-որ բան էր արտասանում, որից հետո բացականչեց. ‹‹Նայի՛ր այնտեղ››: Հորեղբայրս կռացավ դեպի անոթը և հառաչեց. անկասկած, պատճառը գարշելի հեղուկի արտացոլանքն էր, որն էլ նրան ստիպեց գլուխն առնել ափերի մեջ, ետ գնալ և հենվել  խրճիթի պատին: Այդ ժամանակ կախարդուհին սկսեց խելագարի պես քրքջալ և շուտով, նույն դիրքով նստած, դեն նետեց մուգ գույնի շապիկը՝ կիսով չափ մերկացնելով մարմինը, տարածեց ձեռքերը և արհամարհանքով ծիծաղելով` գլուխն ակամայից ետ տարավ: Կարծես եռման ջուր թափվեց գլխիս. ոտքերս դողացին. զննեցի այդ անսովոր սպիտակ ու գրավիչ մարմինը, որը, սակայն, վախեցնում էր ինձ: Նույնն էլ պետք է որ հորեղբայրս զգար. տեսա, թե ինչպես էր դողում, ոտքերն էլ ծալվեցին և ընկավ ծնկների վրա` սևեռուն հայացքով նայելով Ալեսիային. հավանաբար արդեն կախարդված էր: Ալեսիան ոտքի կանգնեց. բարձրահասակ էր և ամրակազմ էր թվում, ևս մեկ անգամ հորեղբորս մեկնեց  ձեռքը՝ շարունակելով ծիծաղել, և երկուսն էլ մի քանի րոպե այդպես մնացին, որի ընթացքում ես չգիտեի՝ ինչ անել: Վերջապես հորեղբայրս ոտքի կանգնեց և կարողացավ երերալով դուրս գալ խրճիթից, իսկ կախարդուհին ինչ-որ բան բղավեց, և նրա ծիծաղը կոկորդից ելնող ծղրտոցի վերածվեց:  Ես էլ դուրս եկա, նա էլ` մեր ետևից. հանկարծ ջահը ձեռքին վեր պահած՝ հայտնվեց դռան մոտ: Տեսա, որ հորեղբորս գլուխն ու ձեռքերն անհետացել են, և այդ պատրանք թվացող մարմինը, որի մասին անգամ հիշելն ինձ վախեցնում է, մի քանի քայլ արեց, անփութորեն շրջվեց, նետվեց մոլախոտերի մեջ ու անհետացավ մթության խորքում:

Ալեսիայի մի շարժումից ջահը հանկարծ դիպավ թափթփված մազերին, կապույտ կրակ բարձրացավ նրա դեմքին, և քիչ անց նրա վարսերը զարդարվեցին խարույկի վերածված տերևներով և ծաղիկներով:

Ես անշարժ մնացի, ասես սյանը գամված` նայելով ջահը վեր պարզած ու բոցավառ վարսերով, մերկության մեջ չքնաղ այդ կնոջ մարմնին: Սակայն, միանգամից կոկորդային ճիչ արձակելով, նետվեց հորեղբորս կողմը: Մի պահ անց այլևս չէի լսում նրան ու չէի տեսնում նրա բոցավառ գլխի լուսարձակումը:

Չկարողացա վազել նրանց ետևից, ոչ էլ փրկել հորեղբորս: Սպասեցի, բայց ճահիճները սովորաբար չեն վերադարձնում նրանց, ում կուլ են տալիս մութ գիշերով, առավել ևս նրանց, ում ձգում է ճակատագրական հզոր այդ դյութանքը՝ ցանկությունը…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s