Mediaeducational blog

Մուշեղ Գալշոյան «Դավոն»

Оставьте комментарий


00000Հողե հատակին բացված անկողնում պառկած է Դավոն։ խնամքով սափրված է, հագել է բոլորովին նոր սպիտակեղեն– դեռ անցյալ տարվանից էր գնել՝ հատուկ այսօրվա համար— և, օրն է՝ հագել է ու մաքուր անկողնում մեկնվել թիկունքն ի վար։ Աչքերը կիսախուփ են, թևերը՝ ծաղկավոր վերմակին ձգած, շապիկի փողպատը բաց է, և կրծքի ճերմակ մազերը խճճված եղյամի պես գլխահակ խորհում են։ Պատուհանից ներս փրթած լուսե մի թել եկել է Դավոյին երկինք տանելու։ Արևի փունջը շուլալվել է նրան, խաղում է կրծքի ճերմակ մազերի, կոտրված ճերմակ բեղի հետ, կարմիր ու կապույտ կայծկլտում կիսախուփ աչքերի դիմաց, խուտուտ տալիս կոպերը։

Դավոն լուռ է։ Միայն կոպերն են շողիկի հետ հարց ու փորձի մեջ։ Ճակատն ու աչքերը խուտուտ տվող լույսի շողը, կոպերի վրա պարս բռնած կարմիր ու կանաչ պեծերը ինչ–որ բան են հուշում՝ անցած մի օր, մի դեպք, ցանկալի մի բան… Եվ Դավոյի խլվլացող կոպերը, ճակատի առնական կնճիռները լարված որոնում են…

Համերկրացի ծերունիները շրջապատել են նրան։

Առավոտյան, երբ Ղավոն պատվիրեց, որ նոր սպիտակեղենը հագցնեն, ապա և՝ անկողինը թախտից վար առնեն-բացեն գետնին և որդուն ուղարկեց Պչուկին կանչելու՝ իր համերկրացուն, անցած կռիվների զենքի իր ընկերոջը, բոլորը հասկացան, որ Դավոն ճամփորդ է… Եվ համերկրացի ծերունիները եկան — հավաքվեցին։ Առաջինը եկավ երկաթագործ Համզե Պչուկը, եկավ Գ՛ևորգ Չաուշի արնակից մքթենցի Գրիգորը, եկավ Բջե Ավեն, եկավ խըբլջոզա Մանուկը, եկավ խութա Միրոն, եկավ Տիգրանը, հիթենքցի Մոսեն… Բոլորը եկան. Դավոն էր գնում։ Մարութա վանքում խաչի փոխարեն սուրը համբուրած տալվորցի Դավոն գնում էր։ Արևմարքի հետ Դավոյի շունչը խառնվելու էր Մարութա սարի ամպերին, և Կաբլորաքարի կատարին ճախրող ծեր արծիվը կրծքից մի փետուր էր պոկելու, ու իրիկնապահի բոցերով այրվող փետուրը թփրտալու էր Տալվոոիկի երկնքում։

Համզե Պչուկը ոտքը շեմից ներս դնելու հետ կանչեց.

— Դավո՜ո, ավեր տուն, կերթա՞ս… Կերթա՞ս։ — Կրկնեց Համզե Պչուկը և ծունկ ծալեց ընկերոջ մահ– ճի մոտ։ — Զիս մենա՞կ է կթողիս, Դավո։

Դավոն գտավ, սեղմեց ընկերոջ ձեռքը, և Պչուկը զարմացավ.

— Մեջ քու երակներուն էդքան ուժ կա, Դավո, դու ու՞ր է կերթաս։

“Կռիվ է կերթամ, Պչուկ”,— Դավոն մտքում պատասխան տվեց և հանկարծ… հիշեց… Այն, ինչ այդպես լարված որոնում էր՝ գտավ, անցած–գնացած

այն պատմությունը, որը աչքերին ընկած շողքն էր հուշում, կոպերի դիմաց թռվռացող կարմիր ու կանաչ պեծերի պարսը, Դավոն հիշեց… Ցից– քարի կռիվն էր… Հիշեց ու ավելի ամուր սեղմեց ընկերոջ ձեռքը։

“Կհիշի՞ս, Պչուկ, Ցիցքարի կռիվ քու մի՞տքն է”,– կնճիռները ողողվեցին ժպիտով։

— Քու ճակտին ուրախություն կա, Դավո,— նկատեց Համզե Պչուկը,— դու էրգի՞ր է կերթաս։ “Կռիվ է կերթամ, Պչուկ, կգա՞ս”։– Նրան թվում էր, թե կարող է բարձրաձայնել, բայց չէր հասկանում, թե ինչու բերան չէր բացում։

— Քու սիրտն ի՛նչ կուզե, Դավո,— հիթենքցի Մոսեն անժամանակ հարց տվեց։

Դավոն դժգոհ տնքաց։

“Իմ սիրտ կուզե…,- հետո ուզեց շուրթ շարժել, որ Մոսեն լսի և նրան թվաց, թե, իրոք, ձայնարկու ասաց,— զիս չխանգարիս, Մոսե, թող որ…,— և սեղմեց ընկերոջ ձեռքը,– կռիվ է կերթամ, Պչուկ, կգա՛ս… Ով զարկվեց՝ դավաճան է… Ցիցքարի կռիվ քու մի՛տքն է… կհիշի՞ս…”

2

Թշնամին բազմաթիվ էր։ Նեղում էր։ Նեղում էր հատկապես ձախ թևից։ Այդ կողմ, թշնամու ձախակողմյան ճակատի թիկունքին, գյուղ կար։ Բնակիչները հավաքվել էին գյուղեզրին, պարզ երևում էր, մեծ ու փոքրով, կին, տղամարդ հավաքվել՝ աղմուկ–կանչվռտուքով խրախուսում էին ցեղակից զինվորներին։ Մետաղե իրերի շխկշխկոց, հրավառություն, ոռնոց, գյուղեզրի տան կտուրին կանգնած մեկը երգում էր՝ զիլ ու անընդմեջ… Թալանչի ամբոխի ոռնոցը հեչ, բայց ռազմադաշտի գլխին ծորացող այդ գանգուր ու արնաթաթախ Երգը խենթացնում էր։ Եվ իրեն այնպես էր թվում, թե հենց այդ երգն է պատճառը, որ իրենց ձախ թևը թուլացել է, ձախակողմյան տղերքը այդ Երգից փախչել են ուզում… Եվ ու՞ր է զորավար Անդրանիկը. աջի կամ կենտրոնի հաշվին, թեկուզ մի դասակով, ինչու՛ չի ամրապնդում ձախ թևը…

Ձախակողմից ճապաղ մի բլրակ էր զատում ճակատները, և ով առաջինը գրավեց բլրակին ցցված ժայռաբեկորը, հաղթանակը նրանն էր։ Կռվի Ելքը որոշելու էր հարմար դիրքով այդ Ցիցքարը. զորավար լինել պետք չէր այդքանը հասկանալու համար… Պչուկին ուսնկից կռվում էր, բայց ուշքն ու միտքը Ցիցքարն էր… ՈՒր է, թե ինքն ու Պչուկը հաջողացնեին դիրք բռնել այդ քարե թիկունքին։ Լիներ ու դառնային ճնճղուկ, լիներ ու դառնային օձ, լիներ ու դառնային… Եվ քաշեց Պչուկի թևից… •

“Ուրիշ ելք չկա”,— համաձայնեց Պչուկը։

“Ու զարկվել չկա։ — Գոռաց ինքը ու նայեց Պչուկի աչքերի մեջ։ — Ով զարկվեց՝ դավաճան է”։

Հետո… Քարի թիկունքից իր ու Պչուկի հրացանները որոտում էիր անընդմեջ. “ով զարկվեց՝ դավաճան է”,— փոխնիփոխ գոռում էին ինքն ու Պչուկը, և նշան բռնելու ժաման ակ չկար։ Եվ հարկ չկար, սրտներում գալարվող վրեժը հրացանների փողերից պոռթկում—պարպվում էր թշնամու նամարդ ճակատին, շանթում ռազմադաշտին ծորացող երգը։

Իրիկնապահին թշնամին նահանջեց, և մտան գյուղ։ Բնակիչները գյուղը չէին լքել, նույնիսկ չէին թաքնվել, գիտեին, որ գյուղ մտնողը Անդրանիկ փաշի բանակն է՝ ոչ ոքի մատով չի դիպչի։ Նրանք աղ ու հացով դիմավորեցին գյուղեզրին, հենց այնտեղ, ուր առավոտից հավաքված ոռնոցով ոգե– վորում էին ցեղակից զինվորներին։ Դիմավորողները ծերունիներ էին, կանայք, երեխաներ և մի երիտասարդ՝ բարձրահասակ, գեղեցիկ աչքունքով ու ինքնահավան կեցվածքով։ Նա, ամբոխով շրջապատված, բոլորից մի գլուխ բարձր, քաղցր-մեղցր ժպտում էր զորավար Անդրանիկին։

“Դու ինչու» զենք չես վերցրել,– փորձեց զորավարը,— և ինչու* չես կռվում”։

“Ես զենքի մարդ չեմ փաշա,– երիտասարդի շուրթերից ծորում էր ժպիտը,— ես միայն երգել գիտեմ”։

Սա՞… ուրեմն սա՞ էր… սա՞… կատաղությունից լալկվեց ինքը, աչքերի դիմաց թռվռացին կարմիր ու կանաչ պեծերը, խենթացած քաշեց սուրը և լսեց Անդրանիկի սաստող ձայնը՝

“Դավո”։

“Փաշա, զիմ թև մի բռնե,— գժված դարձավ զորավարին և դեմքը հազիվ նկատեց. Անդրանիկի դեմքը նշմարվեց՝ պարուրված թռվռացող կարմիր ու կանաչ պեծերով։— Իրավունք տուր, փաշա”։

“Դավո, փեզեվանկը գեղեցիկ է և երգել գիտե. պետք է ապրի”։

“Իմ տոհմի էգն ու որձը գեղեցիկ չէ՞ր, փաշա։ ՈՒ՞ր Են։ Իմ տոհմ երգ չունե՞ր, փաշա, ու՛ր է իմ տոհմի երգ… Իրավունք տաս—չտաս՝ կսպանիմ…”։

— Կսպանիմ, փաշա,— լսվեց Դավոյի կռվարար ձայնը։

Ներկաները անհանգիստ նայեցին Դավոյին, և Բջե Ավեն կանչեց.

— Ելի՛, ելի, Դավո, Տալվորիկ կռի՜վ է, տնավեր, ինչի՛ ես պառկե։

Դավոյի հոնքերը դժգոհ զարկվել էին իրար, և նա ծանր շնչում էր…

«Կսպանիմ»,— գժվել էր ինքը և նույնիսկ չզգաց, թե ինչպես թռցրեց երիտասարդի գլուխը և… տեղն ու տեղը ականջն ընկավ զորավարի հրամանը՝ մահ Դավոյին։

— Փաշա, — Պչուկը կանգնեց Անդրանիկիկ դիմաց, — Դավոն է։ Մահ Դավոյին։

Սասունցի զինվորներից էլի միջամտողներ եղան. Մանուկը, Իսրոն, Չոլոն, Ախոն… Բայց զորավարը իր որոշման տերն էր։

“Դու քաջ զինվոր ես, Դավո,— ասաց զորավարը,— Ես քեզ չեմ մոռանա։ Բայց դու ստիպեցիր…,— և աչքերը լցվեցին։ — Ընդունիր վճիռը, Դավո”։

“Չեմ ընդունի, Փաշա, քու վճիռը սխալ է”։

“Զինաթափ անել,— կատաղեց զորավարը,— կապկպել՝գցել գետը”։— Եվ ընտրեց չորս զինվոր։

Իրիկնապահ էր։ Պատժիչ զինվորների առաջն ընկած քայլում էր դեպի գետը, Արածանին։ Դնում էր լուռ, գլխահակ։ Եվ այնքան փափուկ ու դուրալի էր գարնան իրիկնապահը, փորփոշտ գետինը… Արեգակի իրիկնապահի շողերը կոպերին ու ճակատի վրա գնում էր. իրիկնապահի շողերը ձգում տանում էին դեպի արևմուտք… Լիներ ու այդպես գլուխկախ քայլեր, այդպես լուռ ու անշեղ գնար հասներ Մուշ ու բարձրանար Կեպին, ելներ Ծիրնկատարի գագաթը ու բերան բացեր,— էհեհեե՜եեե, Տալվորիկ, ես եկա…

5

— էհեհեե՜եե, Տալվորիկ, ես եկա,– Դավոն նորից շուրթերը շարժեց. հուշերը ձայն առան։ Դավոյի ձայնը լսվեց հեռվից, բեկբեկուն, երգի արձագանքի պես։ ճամերկրացինները նայեցին միմյանց. Դավոն արդեն գնում է… Գնում է և իր վերջին խոսքն ասաց։

— Էհեհեե՜եե, Տալվորիկ, Դավոն եկավ,— լցված ու երգեցիկ կանչեց մքթենցի Գրիգորը և սկսեց երգել։

Գլգլալեն ջուրն էր իջնում

Մշո վերին սարերեն…

Երգը Դավոյի սրտին դուր եկավ. կնճիռները ժպտացին… Ուրեմն Դավոն չի գնացել, կա…

— Դավո՜ո,— կանչեց Համզե Պչուկը,— թե էր– գիր է կերթաս, հետ իրար էրթանք, մինակ ու՞ր է կերթաս, տնավեր։

“Մեջ ելման գետի քցվելու կերթամ, Պչուկ, փա– շի հրամանն է։ Կհիշի՞ս…”։ — Դավոյի կնճիռներն ու կիսախուփ կոպերը խլվլոցով շոշափեցին արևի շողքը…

6

Այդպես իրիկնապահի արևը ճակատին ու աչքերի մեջ՝ քայլում էր դեպի արևմուտք։ Լիներ ու այդպես լուռ ու անշեղ քայլեր ու հասներ Մուշ ու ելներ Կեպին ու…

Բայց Արածանիի ափին կանգ առան։ Պատժիչ զինվորները խուսափուկ նայեցին իրեն։ Նրանք խուսափում էին նաև միմյանց աչքերին նայել, և զինվորներից մեկը վռազ ծխատուփը հանեց, ու նստեցին գետափին։

Գետը ելման գնում էր։ Առանց կապկպելու էլ այդ կատաղի ալիքներից չէր պրծնի. կքշվեր-կմիանար նրանց, որ, ասում են, հավաքվել— խցանել են գետի հունը, և գետը ափերից դուրս է եկել, հեղեղել Արաբստանի անապատը…

Եվ մահապատժի հրամանի տակ նստած, ահ ու դողով նայում էր գետի պղտոր ու հուզված ալիքներին։ Չէ, ահուդողը մահապատժի հետ կապ չուներ։ Դավոն մեռնելուց չէր վախենում. Դավոյի ահն ու մահը վաղուց էր անցել. այն օրը, երբ Անդոկի գլխին, զինվորական խորհրդի ժամանակ, Փեթարա Ախոն առաջարկեց. եթե կա ու չկա՝ պարտություն է, նահանջ է, լավ է Անդոկի գլխին խարույկ սարքել, մեծ ու փոքրով լցվել խարույկի մեջ, մեծ ու փոքրով այրվել, Անդոկի գլխին ծուխ դառնալ… Եվ ինքը Ախոյի հետ համաձայն էր… Այ, էդ օրից տալվորիկցի Դավոյի ահն ու մահը անցել էր … Բայց Արածանիի ափին վախից փշմտել էր, գետի ալիքներին սարսուռով էր նայում— ուր որ է հայոց Ար ածանին չանչ արած մի ձեռք ցույց կտար իրեն, տալվորիկցի Դա– վոյին, սահմռկած մի աչք ցույց կտար իրեն, շեկլիկ մազերով մի աղջնակ կշպրտեր տալվորիկցի Դավոյի գիրկը…

Եվ խայթված վեր թռավ։

“Ինչի՞եք նստե,— գոռաց, և պատժիչ զինվորները խառնված ոտքի ելան։— Բանակն հիմի կերթա, ինչի* կուշանաք”։

Զինվորները շփոթված նայեցին միմյանց, և մեկը արձակեց գոտին։

“Դավո, ներող կլնես, բայց… փաշի հրամանն է”։

“Փաշի հրամանը սխալ է։ — Պատասխանեց զինվորին։ — ՈՒ թե էդ հրամանը կատարել կուզեք, չուրի ձեզնից մեկ — երկուս չտանիմ իմ հետ, չեմ էրթա”։ — Եվ քշեց զինվորների վրա, գիրկն առավ երկուսին ու քաշեց դեպի գետը։

Հետո այնպես եղավ, որ խճճված մեկնվել էին գետափին շատ մոտիկ, ելման ալիքների զարհուրելի շնչի տակ։

“Դավո,— հանքակտուր խոսեց զինվորներից մեկը,— էսպես պայման կապենք. զորավարին կզեկուցենք, թե՝ հրամանը կատարված է, իսկ դու զորավարի աչքին չերևաս”։

Եվ ոտքի ելան։ Զինվորները գնացին, իսկ ինքը մնաց գետափին, երեսն ի վար մեկնված՝ դեմքը հպած գարնանաբույր հողին, աչքերը փակ։ Արևը արդեն քաշվել էր, մթնշաղը դաշտ ու սարերին փափուկ թախիծ էր հյուսում, Արածանին գնալով մթնդում էր — ինքը պառկած էր աչքերը փակ, ոտքերը դեպի գետը, բայց զգում էր, որ գետը մթնդում է — և ալիքները ավելի հուզված էին, ավելի սարսռազդու, գետի ահալի շունչը սողում էր ողնաշարն ի վեր, դեպի ծոծրակը, գետի շունչը թունջուրկվել էր ոտքերին ու ձգում էր… Ծառս ելավ և նայեց զին-

վորների Ետևից։ Նրանք արագ քայլերով հեռանում էին, քիչ հետո կհասնեն բանակին… կմիանան բանակին և կշարժվեն դեպի արևմուտք… դեպի արևմուտք… “Ով զարկվի՝ դավաճան է”,— գոռաց զինվորներին։ էլի գոռաց…

7

— Ով զարկվի՝ դավաճան է։ — Դավոն բերան բացեց. ձայնը լսվեց քարանձավից։ Համզե Պչուկը, որ ծնկած էր ընկերոջ մահճի մոտ, մի պահ շփոթվեց. նայեց շուրջբոլորը, հետո՝ Դավոյին։ Դավոյի ճակատին կնճիռները խառնվել էին իրար։

8

“Ով զարկվի՝ դավաճան է”,— գետափին կանգնած գոռում էր, խոսքը որպես հայհոյանք շպրտում զինվորների ետևից և ուրիշ ասելիք չէր գտնում։

Հետո երկու օր ու գիշեր թափառեց բանակի հետքով։ Հովվից մերժված — վտարված շուն էր՝ քարշ էր գալիս հոտի ետևից և շան պես հսկում բանակի թիկունքը։ Բանակը դանդաղ, բայց առաջ էր խաղում, շարժվում էր դեպի արևմուտք, դեպի հարավ — արևմուտք։ Եվ ինքը, արևածագից արևմարք, լարված հետևում էր զորքի դասավորությանը, փորձում հասկանալ զորավարի հրահանգներն ու հրամանները, գուշակել կռվի Ելքը։ Իրեն թվում էր, եթե ուշքն ու միտքը շեղի ուրիշ բաների վրա, բանակը, որի պահապան շունն ինքն էր, կարող էր հանկարծ նահանջել։

Իսկ Երրորդ օրվա առավոտյան ճակատների դասավորությունը իրեն դուր չեկավ. թշնամին գիշերը ետ էր քաշվել — ամրացել աղեղնաձև մի բլրակի վրա։ Բավականին հարմար դիրք։ Այդպիսի դեպքում Անդրանիկը փորձում էր պարզել՝ թշնամու թիկունքը լի՞քն է, թե* դատարկ…

Եվ գնաց կատարելու զորավար Անդրանիկի հրամանը։ Սողաց թշնամու թիկուքը և վերադարձավ իրիկնապահին։ Վերադարձավ թանկ ավարով՝ թուր ու թվանքով և սանձակտոր մի ձիով։ Հիմա արդեն լքված շուն չէր, այլ ծանր հետախուզությունից հաջողակ վերադարձած զինվոր։

Իրիկնապահին ճակատների դիրքն ու դասավորությունը կարծես թե նույնն էր, ինչ առավոտյան, սակայն ինքը կրակոցներից հասկացավ յուրայինների թուլությունը. կրակում էին ընդհատ։ Դա նշան էր, որ զորավարը փամփուշտները խնայելու հրաման է տվել։

“Թե էդպես է՝ սրամարտ է պետք, փաշա”։ — Եվ թռավ դեպի բանակը։

Թուրը մերկացրած՝ սուրաց։ Քշեց զորքի մեջ, անցավ զորավար Անդրանիկի կշտով և ընթացքում գոռաց.

“Թշնամու թիկունքը դատարկ է, փաշա… Դատարկ է”։

“Դավոն է։ — Ականջն ընկավ զորավարի խնդուն ձայնը։ — Դավո՜ո”։ — Կանչեց զորավարը, և դա հընչեց հրահանգի պես. զորավարը, կարծես սրամարտի հրաման տվեց։ Ընթացքում աչք դիպցրեց ուսն ի ետ… Օ՜, Մարաթուկի Տիրամայր… արևի տակ վառվռում էին սրերը… Գալիս էին…

“Ով զարկվի՝ դավաճան է”, — գոռաց ուսն ի ետ և նորից մտավ ձիու ականջը։ Գնդակները վժժում էին գլխավերևում, ականջի տակ, բայց ինքը համոզված էր, որ չի զարկվելու. Դավոն այդպիսի դավաճանություն չի անի, տալվորիկցի Դավոն դեռ վրեժ ունի լուծելու։ Եվ թուրը ճակատին պահած՝ սուրում էր դեպի թշնամին, դեպի արևմուտք, դեպի հեռու լեռներին փշրված արևը։

Դավոն քամեց ընկերոջ ձեռքը, և Պչուկը նորից զարմացավ.

— Դավո, մեջ քու երակներուն էդքան ուժ կա, տղա, ու՞ր է կերթաս։

“Կռիվ է կերթամ, Պչուկ, կհիշի՞ս…”։

— Ըբը քու սիրտն ի՞նչ կուզե, Դավո,— հիթենքցի Մոսեն էլի իրենն ասաց։

— Ըբը քու սիրտն ի՞նչ կուզե, Դավո,— նեղսրտած հեգնեց խըբլջոզա Մանուկը։ — Դավոյի սիրտ տանձ ու խնձոր կուզե, Դավոյի սիրտ, մեղր ու կարագ կուզե, Դավոյի սիրտ շարբաթ է կուզե, Բաղդադու խուրմա է կուզե, Դավոյի սիրտ հնդու նարինջ է կուզե, Մոսե, Դավոյի սիրտ քանց քու գլուխ ջոջ ձմերուկ է կուզե…

— Հըիիի՜ի, ձմերուկ,— երգեցիկ կանչեց հիթենքցի Մոսեն։ — Անտեր էր եվան, անտեր շուկա, ձմերու՛կ…

Դավոն տնքաց։ Թեքեց գլուխը, ուզեց թողնել Պչուկի ձեռքը, բայց ավելի ամուր կառչեց, ապա դեմքը նորից շտկեց և արևի շողքն առավ աչքերի վրա։

— Անտեր ձմերուկ,— հոգոց հանեց հիթենքցի Մոսեն և հուզվեց։ — Իմ աչքերն ելնեն, Դավո, ու էն օր քեզ էդպես չտեսնեն։

10

Ամռան միջօրեի արևի տակ փոշու մեջ թավալվում էր շուկան՝ գզգզված մի աղբարկղ, շուրջբոլորը վխտացող որբերով։ Որբերը՝ թափառիկ շների նման լմկված, գողունի ու վախվորուկ հայացքներով, բայց միմյանց դեմ ատամ կրճտացնող ու անողոք։ Ձմերուկի կլեպ էին խլխլում իրարից, խաղողի չանչ, դեպի իրենց շպրտվող մի հատիկ կորիզի համար թափվում գլուխ–գլխի, գզվռտվում, թավալվում փոշու մեջ և փոշու մեջ կորած կորիզի համար սուր եղունգներով բզկտում իրար ու, փոշեթաթախ, արնլվիկ դեմք ու կրծքով, դառնում–նայում էին շուկայի կողմ։

Եվ այս բզկտված, անգույն ու անդեմք որբերի մեջ Դավոն որոնում էր տոհմակից, բարեկամ, ծանոթ… Անհույս էր, բայց փնտրում էր։ Եվ որբերը, այդ թափառիկ, վախվորուկ լակոտները, չգիտես ինչպես հասկացան, թե մազ ու մուզի մեջ կորած այդ մարդուց պետք չէ վախենալ — չնայած սա իրենց տեսած մարդկանցից ամենավայրենի, ամենաահարկու դեմքն ուներ — և հավաքվեցին նրա շուրջբոլորը։ Ի՞նչ էին ուզում նրանից, չէին իմանում, բայց ճանճերի պես պարս կապեցին և սկսեցին դզդզալ շուրջբոլորը։

Եվ Դավոն քշեց շուկայի վրա… Դավոն քշեց շուկայի վրա, ետևից որբերի գզգզված թափորը։ Շուկան ահից դողաց ու քար կտրեց։ Շուկայում ով կար ահով ու շնչահատ Դավոյին էր նայում — ո՞վ է, ո՛ր աշխարհից հայտնվեց՝ այծի մազից գործած շալվարով, գոտին մազե երկար փաթթոցով պընդած, մերկ թիկունքին քաշած այծենիով, բաց կրծքից ժայթքած մազերով, այտ ու երես մազի մեջ կորած, ո՞վ է, ո՞ր աշխարհից հայտնվեց, արնմխած աչքերով, կատաղի հայացքով այդ վայրենին։

Իսկ Դավոն ոչ մեկի չէր նայում, ոչինչ չէր տեսնում, շուկան տրորելով գնում էր՝ շուլալված սովալլուկ որբերով։ “Գերեք… գերեք… գերեք”,— վայրենին տնքում էր, թե խոսում, ոչ մեկը չէր հասկանում և ոչ էլ՝ որբերը, նրանք գիտեին միայն, որ դա շուկայի վրա հարձակվելու խրախույս է։ Եվ աջ ու ձախ ալիք էին տալիս, չանթում ինչ պատահի՝ կըլլամ, լցնում ծոցները, գրկում և շտապ խույս տալիս, շուլալվում շուկայի տերերի հերն անիծած մարդուն։ “Գերե՛ք… գերե՛ք… գերե՛ք”, տնքում էր Դավոն և տրորում շուկան։ Եվ մեկ էլ թիկունքից վնգստոց լսեց ու շուռ եկավ։ Ինն — տասը տարեկան մի աղջիկ, ձմերուկը ամուր սեղմած կրծքին, շան լակոտի պես վնգստում ու թավալվում էր, բայց ձմերուկը բաց չէր թողնում։ Երբ Դավոն շուռ եկավ, ձմերուկի տերը ծլկեց, նա փախչում էր ձայնը գլուխը գցած՝ օգնություն աղաղակելով։ Դավոն չգնաց նրա ետևից. մոտեցավ, ծունկ ծալեց ձմերուկով լցված ջվալի տակ, և շուկայի չռված աչքի դիմաց ջվալը խլվլաց ու շարժվեց տեղից։ Քիչ առաջ, յոթը — ութը տղամարդով, ջվալը սայլից հազիվ — հազ վար բերեցին — դեռ բերանն էլ չեն բացել — հիմա՝ այդ վայրենին շալակըն առած տանում էր։ Բեռի տակից Դավոն չէր երևում. ո՛չ նախամարդու այծենին կար, ո՛չ խռնված բաշն էր երևում, ո՛չ մազակալած դեմքը, ո՛չ զարզանդուն աչք ու հայացք… Մնում էր միայն մի ուժեղ բեռնակիր։ Ձմերուկի շարժվող ջվալը, որ, տես, շուկայից դուրս եկավ ու գնում է, և մի ուժեղ բեռնակիր։

Եվ ամբոխը վրա տվեց ու տեղն ու տեղը տապալեց բեռնակրին, իր բեռի հետ։

Եվ սարսափի կախարդանքից ազատված ամբոխը տրորում էր Դավոյին։ Դավոն ոչ դիմադրում էր, ոչ շարժվում, երեսի վրա փռված էր փոշոտ փողոցում, իսկ խենթացած ամբոխը տրորում էր նրան։ Շուկայի գժված տերերը ոտքի տակ էին առել սեփական վախը, որ սպանեն, ետ դառնան՝ շուկայից քշեն թափառող շներին։

Որբերը այս ու այն կողմերից ծիկրակում էին, ծղրտում, որբերը,— լի բերաններով, շուկայի բարիքներից խեղդվող կոկորդներով — վնգստում էին, ու Դավոն միայն նրանց ձայնն էր լսում և, հարձագանք քունքերը զարկում էին. “Գերե՛ք… գերե՛ք… գերե՛ք…”։

Շուկայի տերերը, իրար հրմշտելով, Դավոյին ոտքի տակ էին առել՝ տրորում էին, տրորում էին… Իսկ Դավոն անշարժ ու լուռ էր։

Հետո մեկը ուշքի եկավ, “հերիք է,— ասավ”,— և քիչ առաջվա իրենց ահն ու սարսափը փողոց շպրտած, թեթևացած վերադարձան շուկա, իրենց բանին։

Փողոցում մնաց միայն Դավոն, երեսի վրա փըռված։ Անցորդները ուշք չէին դարձնում նրան, ավելի ճիշտ՝ չէին նկատում — այդ օր ու ժամանակի, փոշու մեջ թպրտացող գավառական այդ քաղաքի սովորական պատկերը — և Դավոյին չէին նկատում։ Իսկ որբերը խառնվել էին իրար, միայն նրանք գիտեին, թե ով է փողոցում ընկած՝ քիչ առաջվա իրենց ազատությունը, իրենց համարձակությունը, ծոցերն ու կոկորդները հաճելիորեն խուտուտ տվող ամենաանուշ բանը… այնտեղ՝ փոշու մեջ ընկած։ Եվ այս ու այն կողմից ձեն—ձենոց ողբում էին։ Հետո, չգիտես ինչպես, հասկացան, որ իրենց՝ որբերի լացն ու կոծը վտանգավոր է, իրենց աղմկել չի կարելի ու սսկվեցին, մեկեն ու միանգամից հասկացան, որ շուկային այդ օրը մոտենալը վտանգավոր է, և շաղ եկան քաղաքում։

Իսկ Դավոն շարժվելու, ելնելու փորձ չէր անում. չէր ուզում։ Հողը ծծում էր ոսկորների տնքոցը, բարկ արևը սպեղանի էր մաղում ջնջխված թիկունքին, և այդպես հաճելի էր։ Ինչու՞ աչք բացել, ու՛մ տեսնել, ի՛նչ տեսնել, ելնել ու՛ր գնալ… ավելի լավ է մեռնել այդ տաք, սիրտ ու ոսկորների ցավը ներշնչող փոշու մեջ… Եթե վերջը այսպես պետք է լիներ. արած բոլոր կռիվների վերջը՝ պարտություն, ճիշտն այն կլիներ, որ Դավոն վերջին գնդակը մեխեր իր կրծքում և ընկներ այնտեղ՝ Անդոկի վրա, Սև սարում, Ծովասարի փեշին, Կաբլորաքարում, Տալվորիկ գետի անուշ ջրերի մեջ… Հենց՝ այդպես։ Եվ այդպես էր պետք՝ վերջին գնդակը մեխեր կրծքում կամ ճակատը դեմ աներ թշնամու գնդակին և ընկներ այնտեղ։ Անցավ… Ու մեղավորը ինքն է, տալվորիկցի Դավոն է, որ սեփական կամք ու ձեռքով կորցրեց մեռնելու ամենաճիշտ պահն ու տեղը։ Եվ արժե, որ հիմա շանսատակ լինի, այս փոշոտ փողոցում։ Եվ նա շարժվելու, ելնելու փորձ չէր անում։ Չէր ուզում։

Հետո հեռվից, կարծես երազում, լսեց իր անունը՝ Դավո…

11

— Իմ աչքերն ելնեն, Դավո, որ էն օր քեզ էդպես չտեսնեին,— հուզվեց հիթենքցի Մոսեն։

Դավոյի շուրջբոլորը հավաքված համերկրացի ծերունիները գիտեին այս պատմությունը, բայց Մոսեն փորձեց պատմել, սակայն Համզե Պչուկը հերսոտեց։

— Բավ է էվել–պակաս խոսիս, Դավոն էդ մա՞րդն է ու դու է՞դ հիշեցիր։ Դավոյի վերջին շունչը մի հարամե,— նեղացավ Համզե Պչուկը և դարձավ մքթենքցի Գրիգորին։ — Դավոյի համար երգ մի երգե։

Դավոյի կնճիռների մեջ նորից թրթռաց ժպիտը։ Հետո Պչուկը զգաց, որ Դավոն ձգում է իր ձեռքը և հակվեց նրա կրծքին։

— Պչուկ…

Ձայնը քարանձավից էր գալիս։ Պչուկին թվաց, թե Կաբլորաքարի քարանձավից լսեց Դավոյի ձայնը։

— Զիմ ձեռքեր… չխաչիք,— ասաց Դավոն։ — Զիմ ձեռքեր թողեք… թող բաց մնան…

Դավոն գնում էր արդեն…

Պչուկը հազիվ–հազ զգաց, որ Դավոն իր ձեռքը սեղմում է։ Բայց կոպերը դեռ շոշափում էին արևը։ Պատուհանից ներս ընկած լուսե թելը դեպի երկինք էր ձգում Դավոյին։

Եվ Դավոն գնում էր։ Ձիու ականջը մտած, մերկացած սուրը ճակատին, Դավոն սուրում էր դեպի բլրակը՝ թշնամու դիրքերը… Իրիկնապահի արևը բոցկլտում էր մերկ սրին, համբուրում ճակատը, և աչքերի դիմաց կ

այծկլտացող կարմիր ու կանաչ պեծեր, Դավոն սուրում էր դեպի արևմուտք, դեպի հեռու լեռների վրա փշրված արևը։

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s