Mediaeducational blog

ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ

Оставьте комментарий


ԳՐԱԿԱՆ երկերում հեղինակի կերտած հերոսներին զգալն ու ներկայացնելը խիստ պատասխանատու է, դժվար:

Համարձակությունս չի բավարարում վերցնել գրիչը, այսուհանդերձ վերցնում եմ…

Խոսքս Մուշեղ Գալշոյանի` Մեծն Կոմիտասին նվիրված խոսուն պատմվածաշարի մասին է: Մեծանուն գրողը զարմանալի նրբանկատությամբ, հարուստ, գունագեղ բառաշխարհով, լեզվամտածողական բացառիկ ոճով ու մեծ հուզականությամբ է կերտել Կոմիտասի սքանչելի կերպարը: Պատմվածաշարը սկսվում է «Օրն ավետյաց» պատմվածքով, ուր Գալշոյանը ներկայացնում է ապագա հանճարի մուտքը երաժշտական աշխարհ` խավարից դեպի լույս, անհայտից հայտնություն: Այդ օրն ավետիք էր և´ փոքրիկ Սողոմոնի համար, ում կյանքում նոր էջ էր բացվում, և´ հայոց աշխարհի համար. նա ընտրվել էր որբերի միջից և Սուրբ Թեոդոս վանքից գալիս էր Էջմիածին ուսանելու: Նրա համար դա իրական, ապրեցնող երազ էր. «Իրականությունը երազ էր, ու երազը կրկնվում էր: Փոշոտ ճամփի վրա ձիերը վարգ էին առել, նրանց պարանոցներին ու կողերին վետվետում էին զանգակները: Օրը հենց մի դեղին ու կլոր զանգակ էր, ղողանջելով գնում էր դեպի լեռները»:

Մանկան հոգին խռոված էր. նա չգիտեր հայերեն. «Փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին… ուրեմն` Մարե… Հայրիկ… Հայ… Հայրենիք… Նա կիսաձայն ասաց իմացած բառերը, կամաց ու հանդարտ, որ ուշ վերջանան… Երակներում քնած մայրենին էր, ելք էր որոնում: Այն քնած արծիվ էր, որը մի շողքից աչք էր բացել, թպրտում էր հոգում… բառերը արյան հետ խուժում էին քունքերը, լեզու պահանջում, և բառերը պեծ-պեծ թափվում էին նրա աչքերից»:

Գալշոյանը զարմանալի նուրբ ու խոր զգացողականությամբ է հյուսել սիրելի հերոսի` Կոմիտասի կատարելության հասնող կերպարը: Եվ ինչպես հմուտ վարպետի ձեռքին գործիքներն են արագ ու վարժ ստեղծում, արարում հրաշագեղ կոթողներ, այնպես էլ հեղինակի ձեռքին բառերը նորանում են, նոր շունչ, իմաստ են առնում… ու բնության սիրահար գրողի ստեղծարար միտքը, գունեղ գրիչը կերտել է սքանչելի նկարագրություններ աշխարհի, մարդու, բնության և… և հենց նրա մասին, ով այդ բնաշխարհի ունկնդիրն էր, ընկալողն ու երգիչը…

«Գեղջկական երգերը ծնվել են այն ժամանակ,- գրում է հեղինակը,- երբ բնությունն ու շինականը եղել են արնակից, անխռով, եղել մի կտուրի տակ… Եվ շինականը իրեն կոչել է բնության տերը` իրավունքով` տեր, աշխատանքով` մշակ: Երբ գեղջկական երգերը չեն հորինվել, այլ ցորյանի պես ծլել են ժամանակին, անարատ…»: Դրանք խտացնում են հայ շինականի օրն ու կյանքը, տառապանքը, բողոքը, որոնց այնպե˜ս զգույշ է մոտեցել երգիչը, մշակել ու վերադարձրել տիրոջը… Հոգեհմա այդ երգերը բացառիկ արժեք ունեին Կոմիտասի համար:

Բնապաշտ գրողի գունեղ գրիչը զարմանալի կենդանի ու բնական է նկարագրել բնության գույները, ձայները, շշուկներն ու հնչյունները: Չէ՞ որ բնությունն ինքնին երգ է` անսկիզբ, անվերջանալի երգ, որը հենց այդպես էլ զգում, ընկալում էր Մեծն Կոմիտասը:

«Նա լուսնի շողերով երգն էր նոտագրում ու երգի հետ այդ գիշերվա արձակ շշուկները, տերևների սվսվոցը, արտերում հալված մանգաղների զրնգոցը, արևահար խոտերի, կալերի բույրը… շինականների դադրած շունչն ու երազները և բոլորը լուսնի շողերով օծված»:

Կոմիտասի բազմաբովանդակ, խոսուն երաժշտական աշխարհը, բանաստեղծական գողտրիկ խոսքը ունեն համամարդկային մեծ արժեք, կապրեն ժողովրդի մեջ` գերելով մարդկանց հոգիներ: Հայի բառ ու խոսքին անծանոթ օտարուհին, լսելով Կոմիտասի «Կռունկը», հուզվում է. «Դա ի˜նչ երաժշտություն էր… ի˜նչ ձայն… ես երբեք չպիտի մոռանամ… չպիտի մոռանամ…»:

Նրա շուրթերով խոսում էր անպաշտպան, բնաջնջվող մի ողջ ժողովուրդ: Նրա երգը տարագիր հայի հոգու երգն էր, հայրենիքի կարոտի կանչը, բողոքն ու ընդվզումն ընդդեմ անարդար աշխարհի: Նրա երգը հայի իրական կյանքն էր, սերը, ուժն ու պատմությունը: «Երգը ժողովրդի պատմությունն է, արևմտահայի այսօրվա օրն ու կյանքը: Զորավիգ ոչ ոք չունի, արդար ոչ մի դուռ, որուն գանգատվելու գնա»: Այսպես է հեղինակը բացում հայրենասեր երգչի խոհերը:

Կոմիտասին նվիրված պատմվածաշարը Գալշոյանը եզրափակում է «Ձայն ամենայն հայոց…» պատմվածքով, ուր երաժշտագետ-երգիչը ներկայանում է մեզ իր երաժշտական ողջ ընկալողականությամբ, ստեղծագործական ուրույն աշխարհով: Նա կարողանում էր արտաբերված մեկ հնչյունով ճանաչել, զատել, հավաքել հայոց աշխարհի բոլոր գավառներին յուրահատուկ բարբառը, երաժշտական ձայները, հնչյուններն ու շունչը. «Աշխարհիս չորեք կողմերեն երգչախմբումս ձայն ունեմ. հայ ձայն հնչեցնել կարելի է ու… երաժշտանոց հիմնել»:

Այո´, Կոմիտասը հիմնեց ու սերունդներին փոխանցեց երգի իր գանձարանը: Կոմիտասի վառ կերպարին շատերն են անդրադարձել: Նրա Մեծ անհատականությամբ նաև Գալշոյանն է գերվել: Ասեմ` մեծանուն գրողին հաջողվել է բազմակողմանիորեն, խորությամբ ամբողջացնել Կոմիտասի հիասքանչ կերպարը:

Գալշոյանական նկարագրությամբ Կոմիտասի կերպարը կմնա անկրկնելի:

Աղբյուրը՝ http://www.avangard.am/?page=news&cal_date=&news_id=12492#.VlsHbHYrLIU

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s