Mediaeducational blog

Մուշեղ Գալշոյան «Կանչը»

Оставьте комментарий


-Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜…

Ծերունին, մահակին հենված, կանչում էր երգեցիկ: Գառները շաղ էին եկել լեռնալանջին, իսկ Զորոն… իսկ ծերունի Զորոն գառնարած չէր.գյուղը ընդհանրապես գառնարած չուներ, օրը մեկն էր քշում հոտը, և այդ օրը Զորոյի հերթն էր, իսկ Զորոն՝ խոշորկեկ ու թավամազ, հենվել էր մահակին ու երգեցիկ կանչում էր: -Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜… Արևածագից մահակին հենված կանչում էր ու կանչում: *** Է՜, ե՞րբ էր, էլի՝ գարուն, այսպիսի կապույտ ու փափուկ մի առավոտ կար, կապույտ աշխարհ, Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին, ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված, ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ էր, սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր… Մարութա սարի փեշին փռված գառներն ու ուլերը խլշկոտած ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ. Մատղաշները դունչ ու լեզվով, վախվորած հայացքներով շոշափում էին քարերը, քարերի նախշուն մամուռները, հոտոտում էին հողի բույրը, սեզերից ու չոր փշերից խրտնում, ճնճղուկների ֆռռոցի վրա ծփում քարեքար… Մատղաշները ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ, իսկ Զորոն՝ տասը-տասնմեկ տարեկան մի տղա կար՝ Զորոն կանգնած կապտաժեռ վեմին՝ պարսատիկը թափով պտտում էր, վը՜ժժ-վըժժ, և քարեր էր շպրտում դեպի ձորը: Հետաքրքիրը հենց այդ էր. Քարը սույլ ու թափով հասնում էր մինչև ձորը, իսկ ձորի վրա ուղեծիրը մեկեն կոտրվում էր, և քարը՝ քանց զարկված ագռավ, թպրտալով ընկնում էր ձորը: Բանջար հավաքող աղջիկների նախշուն բույլքը վետվետում էր լանջն ի վեր: Նրանցից մեկը՝ յոթ-ութ տարեկան պստլիկ Ալեն, սև պլստան աչքերով ու ջուխտակ բարակ ծամով Ալեն, բոբիկ ու նախշուն գոգնոցով ու կրակի կտոր Ալեն. Ամիկի պես՝ հենց իրենց թանիկ ուլի, հենց Զորոյի խլրտուն մատղաշներից էն ճերմակ ականջներով ուլի պես, քարեքար էր թռչկոտում… Ալեն… Ծաղկեպսակ էր գործել-դրել գլխին… Ալեն… հովից տարուբեր գույնզգույն ծաղիկների մի փունջ… Պստլիկ Ալեն… Եվ Զորոն անակնկալ հասկացավ, զգաց, որ նա իր Ալեն է, ուրիշ ոչ մեկինը, իր Ալեն է ու կա: Այս կապույտ աշխարհը իրենն է, այս դաշտն առավոտը, մետաքսաքող Մարութա սարը իրենն է, Տիրամոր վանքի գլխին որպես լույս իջած ճերմակ ամպի պատառն իրենն է, Տալվորիկ ծուռ գետի գոչգոչունը, գյուղի գլխին բզկտված ծուխը, այս խլրտուն ու խլուշտ- մլուշտ ուլերն ու գառները իրենն են, արևը, երկինքը, այս ծաղկած քարերը, ժայռը, որին կանգնած թափով պտտում է պարսատիկը, վը՜ժժ-վը՜ժժ-վը՜ժժ, այս խելառ պարսատիկը իրենն է, Ալեն… ծաղկեպսակը գլխին քարից քար թռչկոտող պստլիկ Ալեն իրենն է, ուրիշ ոչ մեկինը չէ, իրենն է ու իրենը:

-Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜… Ծերունին մահակին հենված՝ կանչում էր երգեցիկ: Գարնան է՜ն առավոտը նրա համար էր այնքան լուրթ ու գեղեցիկ, որովհետև արևի խավարում պետք է լիներ… Դալար վարոցով գառնարածը էն առավոտ նրա համար նկատեց, նրա համար գտավ իր պստլիկ Ալեն, որովհետև պետք է կորցներ… *** Եվ հանդիպեց մեկ էլ հիսունհինգ տարի հետո… Երբ ամուսնացնում էր իր կրտսեր որդուն, Զորոն որոշեց հարսանիքի խմիչքը անձամբ և անպայման Արարատյան դաշտից բերել… Մյուս որդիներին ամուսնացնելիս նեղն էր և փոքրիկ հավաք արեց հարսանքանման մի բան: Իսկ, ահա փառք, կարող է ողջ գյուղի, հեռու ու մոտիկ բարեկամների համար լի ու բոլ սեղան բացել, անարատ ու ընտիր գինիով և անպայման՝ Արարատյան դաշտի և կա ու չկա՝ տնական: Որքան էլ ավագ որդին, որ առանձին ծուխ էր, միջնակ որդին, որ արդեն առանձին ծուխ էր, որքան էլ համոզեցին խմիչքը բերել գինու գործարանից (գործարանի գինուն գինի չի հասնի), Զորոն չհամոզվեց, Արարատյան դաշտից, կա ու չկա՝ Արարատյան դաշտից, և ընտրողը ինքը՝ Զորոն պետք է լինի: Եվ առավոտյան նստեց մեքենա, միջնակ որդին սեփական ավտո ուներ, նստեց որդու կողքն ու իջավ դաշտ: Գյուղեր մտան՝ դուրս եկան, մտան, դուրս եկան, ամեն գյուղում Զորոն, է՜, քանի կարասի գինի փորձեց, բայց ոչ մեկը սրտովը չէր: Իրիկնապահ էր արդեն, խիտ ծառաշարերով երիզված մայրուղով որդին սրդողած թռցնում էր մեքենան, ծառերի արանքից հանկարծ մի ճանապարհ հայտնվեց, և Զորոն, չգիտես ինչու, խառնվեց իրար,-անցանք,- և ձեռքը գցեց ղեկին: Մեքենան թռավ ճանապարհից և խճճվեց թփուտների մեջ: Առանձնապես վթար չէր. Դռան մի փոքր քերծվածք, մի քանի խազ ու մազ, բայց որդին փրփրել էր: -Քու սիրտ լեն պահե, լաո,- հանգստացրեց Զորոն,- կպատահի՝ բարին էս էր: -Էս գեղ իմ սրտին դուր եկավ:- Հետո, գյուղի կենտրոնում, մեքենան կանգնեցնել տվեց,- լավ- վատ՝ էստեղից կառնինք:- Եվ մոտեցան հավաքվածներին: Բոլորն էլ գինի ունեին և պատրաստ՝ մառան առաջնորդելու: Միայն մեկը՝ լողլող մի մարդ, սուս էր, և Զորոն հենց նրան դիմեց: -Ինչո՞ւ չունեմ,- պատասխանեց մարդը,- այգի ունեցողը գինի էլ կունենա: -Աստված վկա, իմ տղի հարսանիք քու գինով կանիմ,- հայտարարեց Զորոն: -Էրթանք ձեր տուն: Որթատունկի թառման ճակատին առած գինեբույր տուն էր: Տնամերձ ծիրանենու բունն ի կախ տաքդեղի կարմիր շարուկներ կային, և պստլիկ ու ժիր մի պառավ վար էր առնում շարուկները: -Լավ տուն ու տեղ ունիս, ախպեր:- Տունն ու այգին իրոք, Զորոյին շատ դուր եկան:-Ուրախ վայելում: Խոսքի վրա պառավը կտրուկ շուռ եկավ: Մեկ ուզեց տաքդեղը գցել մաղի մեջ և մոտենալ, բայց այդպես՝ կարմիր շարուկը թևին, շարունակեց հետաքրքիր նայել անծանոթին: -Քու նշանա՞ծն է: -Հա: Քո երկրացին է: -Իմ էրգրացի՞ն… Հը՜մ, արի, հը՜մ, արի, իմ քուր,- խնդացավ Զորոն:- Հը՜մ, արի ծանոթանանք: Պառավը մանրիկ ու չափուկ մոտեցավ, ժպտերես ձեռք տվեց. Թևն ի կախ շարուկները խշխշացին, և նա մեղավոր նայեց, որ տաքդեղով է դիմավորում երկրացի հյուրին: -Էրգրի ձեր գեղ ո՞ր մեկն է, քուրիկ: Եվ պատասխանի վրա Զորոն կուչ եկավ, ինչպես կծկվում են շպրտված քարից: -Սարեկա՞ն,- դժվարությամբ մեկնվեց Զորոն,- Սարեկա՞ն,- և չնայած պառավը շատ մոտ էր, Զորոն դեմքը մոտեցրեց և կկոցած նայեց աչքերի մեջ… Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային: Զորոն կախեց գլուխը, ապա մտմտուն ու շեղակի նայեց կնոջ թևն ի կախ տաքդեղի շարուկին, հետո հեռո՜ւ- հեռվից, շատ հեռվից եկող մի ժպիտ՝ կոտոր, մեղք ու կրակ, սարդոստայնի պես խճճվեց բեղին, և նա շշնջաց՝ Ալե՜ն: Նույնիսկ պառավը չլսեց իր անունը: -Ալե՜ն,- շշնջաց Զորոն ու ծանր շտկվեց: Շտվեց, ձգվեց, ձգվեց (վերջին տարիներին որդին հորը այդպես շիտակ ու ձիգ չէր տեսել), արտասովոր ձգվեց և դիմացը կանգնած պստլիկ կնոջ գլուխն ի վեր նայեց հեռու, տների ու ծառերի արանքից գտավ լեռնապարը և որքան շունչը հերիքում էր կանչեց.- Հըըիիի՜, Ալեե՜ն, … Ալե՜ն,- հայացքը հեռու լեռներին՝ հա՜ կրկնեց,- Ալեե՜ն… Պառավը ծգլվզած տնտղում էր Զորոյին, որ կիսախուփ, մշուշոտ հայացքը հեռու, վերացած իր անունն էր կրկնում և ի պատասխան նրան, հարձագանք այդ հեռագնա ու տաք շշնջոցի՝ լացել էր ուզում: Հետո Զորոն շաղված հայացքը դարձրեց պառավին և էլի շշնջաց. -Ես Զորոն եմ… Ալե:- Եվ ձեռքերն առավ ափերի մեջ, քամեց, կպցրեց խոնարհված ճակատին, հետո մոտեցրեց շուրթերին: Պառավը շփոթվեց: Էրգրի օրենքով կինը պետք է տղամարդու ձեռքը գնար, և շտապեց համբուրել Զորոյի ձեռքը: Արցունքներն արդեն թափվում էին, է՜, երբվանի՞ց մոռացված- մոլորված արցունքները ելք էին գտել, և հանգրվանը Զորոյի ձեռքերն էին: Հետո այնպես եղավ, որ միմյանց ձեռքերն էին թռցնում համբուրելու համար, և տաքդեղի շարուկը, որ կախված էր պառավի թևից, զորացած տաքդեղի կարմիր շարուկը, խշրվեց նրանց դեմք ու աչքերի մոտ, Ալեն, փռշտաց, նա, որ հանդարտիկ թափում էր աչքերից, և լացը այնքան դուր էր գալիս, տրորեց աչքերը, և ջերմ ու մաքուր արցունքները պղտորվեցին, կծվացան կոպերի տակ… Եվ դեմ-դիմաց կանգնած երկու երեխա բռունցքներով տրորում էին կծկծացող աչքերը ու շաղված հայացքներով նայում էին իրար: -Բաբո, ուշացանք,- հարկ համարեց որդին: Զորոն սթափվեց: Աչք դիպցրեց որդուն, ապա տնտղեց տանտիրոջը, դարձավ նայեց Ալեին և գլուխը տմտմբացրեց: -Ալեն… կմկմաց. Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էլի դարձավ տանտիրոջը,- ուրեմն… քու նշանածն է… Բարի վայելում:- Եվ վռազ ավելացրեց: — Գինին ո՞ւր է: Մառանում տանտերը պղնձե չափով գինի լցրեց, գավաթի հետ մեկնեց Զորոյին, որ փորձի, իսկ Զորոն հենց չափով խմեց, մի շնչով դատարկեց ու փառավորվեց: -Օխաա՜շ,- ափով սրբեց բեղերը:-Իմ սիրտն հովցավ… էսպես անուշ գինի իմ շրթին չէր դիպե, Ալե: Անուշ գինի էր: — Եվ գլխահակ և շեղ ու մի տեսակ իրենից զատվող հայացքը մառանի անկյունում կանգնած պառավի սոլերին՝ դիմեց որդուն:-Իմացա՞ր, լաո, թե արև ծագից չուրի հիմա ինչի համար կմտնինք գեղերն ու կելնինք, կմտնինք ու ձեռնադատարկ կելնինք դուրս… Իմացա՞ր… Իմ ուզած գինին էս էր ու էս… Լցրեք: -Ինչքա՞ն, քանիսո՞վ,- հետաքրքրվեց տանտերը: -Կարասը լրիվ իմն է:-Զորոյի ձայնի մեջ կռիվ կար:-Լցրեք ու առանց հախ ու հաշվի… Գինին անգին է,-բողոքեց Զորոն,- գին ու արժեքն էլի գինին է, Ալե… Լցրեք: Տանտերը մոտեցավ չափը վերցնելու, բայց Զորոն չտվեց: -Ուրիշ բանով լցեք. Էս իմ բաժակն է: Որքան էլ որ տանտերը համոզեց, որ ոտքի վրա խմել պետք չէ. Տուն կա, սեղան կա, քիչ հետո մարդավայել սեղան կնստեն, կարգին կծանոթանան, մանավանդ որ համերկրացի- համագյուղացիներ են հանդիպել, Զորոն չլսեց: Որդին բշտեց, միջամտեց նաև Ալեն, բայց Զորոն տեղն ու տեղն էր ուզում խմել, հենց՝ պղնձե ամանով, հենց կարասից: Ստիպված պառավը հաց ու մաց բերեց՝ հարմարեցրեց, սակայն Զորոն ձեռք չտվեց հացին, կարասին մոտիկ հենվեց պատին՝ լցրեց ու խմեց, լցրեց ու տակետակ խմեց… Եվ սրբում էր բեղերը ու բռի մեջ տնքում ՝ Ալե… Պառավը նստել էր իր հարմարեցրած սեղանի մոտ և մտամոլոր նայում էր: Քիչ առաջ, երբ Զորոն նոր մտավ բակ, նա ժիր ու կայտառ էր, հիմա կուչ էր եկել, իրոք՝ մի բուտ պառավ, թմբիրի մեջ, աչքերը դեռ կծկծում էին, բայց զգում էր, որ ընդհատված անուշ լացը ալիք-ալիք բարձրանում է: -Քու էրիկին տեսանք, Ալե, ուրիշ ի՞նչ ունիս: -Փառք Աստծու, տղեք ունեմ, ախպեր Զորո,- և որոշեց զսպել լացը,- հարսներ ունեմ, ամուսնացած աղջիկներ ունեմ, թոռներ ունեմ: Դո՞ւ ինչ ունես, ախպեր Զորո: -Փառք Աստծու, տղեք ունիմ, Ալե, հարսներ ունիմ, կարգված աղջիկներ ունիմ, Ալե, բոլ թոռներ ունիմ, էս գինին էլ,- Զորոն էլի լցրեց ամանը,- էս անուշ գինին էլ իմ փոքր տղի ուրախության համար է, հարսանիքի համար է, Ալե… Հըիիի՜, Ալե, իմ հոգին: Եվ սկսեց երգել: Տանտերը, կարասի վրա խոնարհված, անթատակով բբեց Զորոյին և տակետակ ժպտաց՝- գնահատեց իր գինու ուժը: -Էս ի՜նչ անուշ գինի էր, Ալե,- երգի միջից ու երգահանգ կանչեց Զորոն: -Էսքան ժամանակ էսքան անուշ գինի էղնի հոս, ու ես անտեղյակ: Հըիի՜ի, Ալե: -Եվ կցեց կտրված երգը: Տանտերն ու որդին ավարտեցին գինու չափն ու հաշիվը: Զորոն երգում էր: Տանտերը ծխախոտ վառեց ու նստեց կնոջ կողքին, Զորոն երգում էր, որդին գինով լի տիկ ու տակառիկները տարավ՝ տեղավորեց, դարձավ կանգնեց մառանի կենտրոնում, Զորոն ինքնամոռաց երգում էր: Պղնձե ամանը դատարկ էր արդեն. Վերջին չափ գինին երգելիս շաղ էր տվել, ինքն էլ չիմանալով, թե ինչպես, ոտից-գլուխ օծել իրեն: -Հըիի՜ի, Ալեե: — Ինչպես սկսել էր, այնպես էլ ավարտեց երգը, աչքերը բացեց, սակայն ոչ մեկին չտեսավ՝ ոչ մոլորիկ Ալեին, ոչ խնդմնդացող տանտիրոջը, ոչ կողքին կանգնած որդուն, որ պղնձե ամանը առավ ձեռքից և մտավ թևը: -Գնացինք, բաբո: Զորոն թևը փոխցրեց և պինդ սեղմվեց պատին: -Մարաթուկ վկա, իմ ոտքն էստեղից դուրս չի էլնի: Ալե՜ե… Տանտերն առաջարկեց, որ գնան տուն. Զորոն պառկի, մի քիչ հանգստանա: -Հայ-հաա՜յ, էլ իմ աչաց քո՞ւն կգա: — Եվ բռունցքներով տրորեց աչքերը: — Ալե՜ե,- կանչեց Զորոն,- դու ո՞ւր կորար: Հետո որդին նորից քաշեց, և Զորոն հրեց ու հայկհոյեց, վրավորեց նաև տանտիրոջը: Երեխայի պես կառչել էր պատից և չէր ուզում պոկվել և մեջ-մեջ կանչում էր, -Ալե՜ե… Եվ տանտերը տեղին դիտողություն արեց: -Դու զիս կվռնդի՞ս, հայ:- Զորոն ձայնի վրա չքշեց միայն նրա համար, որ կառչած տեղից չպոկվի, չհեռանա: -Հացն ու գինի, Տեր կենդանին, կզարկիմ ու քու կարասներ կանիմ ջարդուխուրդ: Զի՞ս կվռնդիս… Ալեե՜ե: Ստիպված՝ որդին ու տանտերը քաշքշելով տարան, և Զորոն, կանչը շուրթերին, աջ ու ձախ որոնում էր Ալեին և չէր նկատում, և քաշքշվելով ելավ մառանից: Պառավը, որ հուզված կուչուռել էր, փլվեց ծնկներին և հոնգուր-հոնգուր լաց եղավ: Դրսից լսվում էր կանչը՝ Ալե՜ե, ոչ ոք իրեն այդպես չէր կանչել՝ այդպես ջերմ, այդքան սրտանց, այդպես կարոտիկ, աղոթքի նման, երգի պես, հեռու լեռներից եկող արձագանքի պես… Ալե՜ե,- գնալով հեռվից էր լսվում կանչը: Զորոն մութ փողոցում կանչում էր, գյուղից դուրս ելան՝ նույնը, և մինչև քնելը: Եվ քնած, շուրթերը խլվլում էին,- Ալե՜ե… 3 -Ալե՜ե… Ալե իմ հոգին, Ալեեե՜ե… Ծերունին մահակին հենված՝ երգեցիկ կանչում էր ու կանչում: Լանջն ի վեր մի մանչ ու մի աղջիկ էին բարձրանում. Զորոյի թոռնիկներն էին, կրստեր որդու երեխաները, նրա, որի հարսանիքի գինին Ալեենց տնից բերեց: Հարսանիքից հետո էլի մի երկու անգամ իջավ դաշտ. Ի տես Ալեին, հետո ձմեռը վրա տվեց, հետո գարուն՝ Զորոն բան ու գործի շ, առօրյա հոգսերի հետ, երբեմն հիշեց՝ միտք դրեց իջնել դաշտ, և ամեն անգամ մի բան խանգարում էր… Եվ այդպես տարիներ անցան: Վեց տարի: Իսկ այսօր… Իսկ այս առավոտ Զորոյի հոգին տակն ու վրա էր: Մահան էր արել գառները, իր տեղը, որ գյուղի թիկունքի սարն էր, իր գոյությունը… Դիմացը երկնագույնով լցված ձորերն ու կիրճերն էիրն, Արարատյան դաշտը՝ ծավե շղարշի տակ և այդ ծովածուփ շղարշի վրա՝ արծաթ գոտի՝ ելման Արաքսը, դենը՝ տակը փոթորիկ մտած վրանների ելևէջ շարուկը՝ Հայոց լեռնապարը, բայց նրա համար հգարնան մի ուրիշ առավոտ կար, աչքերի առջև գարնան հետ պսակադիր, է՜, մի ուրիշ առավոտ կար, աչքերի առջև գարնան հետ պսակադիր, է՜, մի ուրիշ աշխարհ՝ կապույտի հետ ծանոթացող գառ և ուլերի մի ուրիշ հոտ կար, դալար վարոցով գառնարած մի տղա և բանջարահավաք աղջնակների մի նախշուն բույլ, և ծաղկեպսակով պստլիկ մի աղջիկ՝ քարեքար թռչկոտող… -Ալե՜ե,- հայացքը հորիզոնին՝ կանչում էր ծերունին,- Ալե, իմ հոգին, Ալեեե՜ե… Եվ թոռներին նկատեց այն ժամանակ, երբ կողքին էին, և աղջնակը փիսոյի պես քսմսվում էր սրունքներին: -Բա գառներն ո՞ւր են, պապ: -Գառնե՞ր,- ծերունին ուշ հասկացավ թոռան հարցը,- գառնե՞ր,- հեռու հեռվից վերադարձած հայացքը պտտեց շուրջբոլորը:- Գառներին ի՞նչ կպատահի, գառնուկ: Ծնկները նվում էին, գետինը քաշում էր, տնքալով նստեց, բայց հորիզոնը ձգում էր հայացքը, իսկ միտքը անընդմեջ նույնն էր կնրկնում: -Ուտենք,- աղջնակը շտապ բացեց կապոցը,- բոլո՜րը կուտենք, պապ: «Գավաթ մը գինի կպիտեր: -Մտածեց Զորոն և տեղն ու տեղը որոշեց:- Էլնիմ ու էրթամ Ալեի մոտ»: -Գառներն ո՞ւր են, պապ: -Չկա՞ն,-Զորոն մահակին հենված՝ ոտքի ելավ: -«Էրթամ Ալեին ի տես»: -Գառներն է՜, էնտեղ են,- անորոշ մեկնեց փայտը: — Գնա ժողվե-բեր, քու քրոջ հետ՝ հաց կերեք, ես հասնիմ գեղն ու դառնամ: Ճանապարհին, մինչև տուն հասնելը, Զորոն հա՜ մեղադրեց իրեն, որ այսքան ժամանակ Ալեին տեսության չի գնացել: Եվ զարմացավ, ինչո՞ւ չի գնացել, ժամանա՞կ չկա, աչք ու ոտքի՞ց է տկար, կարողությո՞ւն չունի, ճամփա ու ավտո՞ չկա… Ախր ինչո՞ւ չի գնացել, միտք բերած օրը ինչո՞ւ է հետաձգել այցելությունը: Եվ, չգիտես ինչու, մեղավորը դուրս եկավ կինը: Ու երբ տուն մտավ, կնոջ վրա զայրացած էր արդեն: — Քու ձեռքի հացն հարամ է:- Ոտքը շեմից ներս դնելն ու կռիվը մեկ եղավ:- Հարամ է,- կրկնեց Զորոն:-Դու քու աջ ձեռքով հաց ես տվե, ձախով իմ հոգին առե,- ասաց Զորոն:- Դու իմ հոգին իմ բերանն ես հասցրե: Կպիտի էս փետ քու գլխին ջարդիմ: Եվ փայտը բռունցքի հետ խփեց իր գլխին: Խփեց ու նոր միտք ունեցավ. «Աստվածն իմ խելքի տունն ավրե. Ալեին էլ ի՞նչ տեսություն…էլ ի՞նչ տեսություն… էրթամ զինք առնիմ ու գամ»: Պառավը շվոթ ու շիվար կանգնել էր: — Իմ խանգարիչ դու ես,- վերաձայնեց Զորոն: «Մարդկանց խոսք ճշմարիտ է հայի վերջին խելքն էղներ իմ գլուխ… էն օր, էն գինու օր հարկ էր Ալեին առնեյ ու գայ»: — Իմ խանգարիչ քու երեխեքն են: Քու աղջիկներն ու քու տղեք: «Հենց էն օր հարկ էր Ալեին նստեցնեյ ավտոն ու բերեյ»: Եվ մտքով անցավ, որ տղան դեմ կկանգներ, թույլ չէր տա: — Իմ խանգարիչ քու միջնակ տղեն է էղե, քու փոքր տղեն է, ու ես իր ձեռքի տակ կապրիմ… էս տուն բանտ է, իմ շունչ մեջ էս տան չի էլնի… Ես կբաժանվիմ: Մեկեն ու հաստատ որոշեց Զորոն: «էսօր էն քողտիկ կարգի բերեմ, լուսուն էրթամ Ալեին առնիմ ու գամ»: — Երկինք դիպնի երկրին՝ կբաժնվիմ ու կբաժնվիմ,- պնդեց Զորոն: «Խաթրով չեղավ՝ կփախցնիմ ու կբերիմ»: — Բավ է, խաթրով էղնի՝ կբաժանվիմ, զոռով մնաց՝ կբաժանվիմ: Եվ պառավի զարմացած, շփոթված հայացքի տակ Զորոն փնչալով քշեց դուրս: Նոր տան թիկունքին քողտիկ կար. հին տունն էր, դուռը մետաղալարով կապկպված: Հին իրեր էին լցված քողտիկում: Ծերացած օրորոց, այրված վառարան, խոփ, գերանդի, եղան… Տանելի մի վառարան ընտրեց, երկու աթոռ, մնացածը կրեց-դասավորեց քողտիկի թիկունքին, մաքրեց պատ ու առիք, դուռը ամրապնդեց… կարգի գցեց հին տունը: Իսկ երեկոյան, երբ տղաները հավաքվեցին-եկան, հայրը տեղադրել էր արդեն իր մահճակալը, անկողինը աման-չաման էր բերել, մի պարկ ալյուր… Հայրը առանձին տուն էր ու դռանը նստած՝ հանգիստ ծխում էր: Տղաները իրար անցան, ո՞վ է վիրավորել բաբոյին, միմյանցից հաշիվ էին պահանջում, մորն էին հարցու- փորձում, հենց իրենից՝ բաբոյից էին ուզում պատճառը իմանալ՝ ո՞վ է վիրավորել, իսկ Զորոն կարճ էր կապում. — Աշխարհքն է վիրավորե Զորոյին… Մեջ աշխարհքին ինչքան մարդ կա՝ Զորոյին վիրավորանք է հասցրե: Ու Զորոն աշխարհքի հետ խռով է ու… «մենակ Ալեն… մեջ աշխարքին՝ մենակ Ալեն», ու կբաժանվիմ: Ինչ արին-չարին, տուն չգնաց և ոչ էլ՝ առանձին ծխատեր զույգ որդիներից մեկն ու մեկի հարկի տակ: Բաժանումը հաստատ էր ու հաստատ: 4 Հաջորդ օրը կեսօրին Զորոն արդեն դաշտի գյուղում էր: Մի քանի անգամ գնաց-եկավ Ալեի տան դիմաց՝ փողոցում էր ուզում հանդիպել, գնաց-դարձավ, կանգ տվեց ճյուղերը տան պատուհանին քսող թթենու տակ, թխկթխկացրեց պատուհանը և, թթենու բնի ետևը պահ մտած, սպասեց արձագանքի՝ Ալեն չի՞ երևա պատուհանի մոտ… Թե երևաց՝ ձեռքով նշան կանի-կկանչի: Դնաց-եկավ՝ թխկթխկացրեց, պահ մտավ, բայց Ալեն չկար ու չկար: Փողոցում երեխաներից բացի ոչ ոք չէր երևում, գարուն էր, ամեն մեկն իր բան ու գործին: Եվ Զորոն ստիպված էր մտնել բակ: Բակ մտնելն ու Ալեին տեսնելը մեկ եղավ՝ նույն ծիրանենու մոտ էր, որ գինի տանելու օրը տեսավ (տաքդեղի կարմիր շարուկն էր հավաքում): Հիմա ծիրանենու շուրջբոլորը բանջարեղեն էր ցանված, և Ալեն փխրեցում էր անում: Շատ պստիկ էր: Նստած էր թմբին, ուս ու պարանոցով թեքվել էր կողքի և իմիջիայլոց, Զորոյին այդպես թվաց, իմիջիայլոց փխրեցնում էր ու դնդնում, Զորոյին այդպես թվաց, ոչ խոսք լսեց, ոչ դնդնոց լսեց, բայց նրան թվաց, թե Ալեն, իրոք, խաղ էր ասում, է՜, էրգրի հին խաղերից, գինին տանելու օրը ասած իր խաղերից մեկը Ալեն դնդնում էր: Զորոյի ձայնի վրա պառավը տարիքին անսովոր կտրուկ նայեց: — Իմ հոգի՜ն, Ալե:- Զորոն փայտը հենեց ծիրանենու բնին և պառավի ձեռքերն առավ ափերի մեջ: — Բարով տեսանք… Փոքրացե՜-դարձե բուռ մի… է՜ ն Ալեի չափ: — Եվ գլխով արեց լեռների կողմ:- է՜ն պստիկ Ալեի չափ: Կհիշի՞ս… Քանց էսօր՝ իմ աչաց դեմն է: Դու կհիշի՞ս… Քու գլխին ծաղկեպսակ կար, ու դու քանց ուլիկ՝ էս քարեն՝ էն քար, էս քարեն՝ էն քար: Կհիշի՞ս… Օր է՜ն նշանավոր օրն իմ սիրտ ճղփաց… Եվ ստացվեց այնպես, ինչպես առաջին հանդիպման ժամանակ. Զորոն ձգված, մշուշոտ հայացքը հեռու լեռներին, իսկ դիմացը կանգնած պստլիկ պառավը՝ ծգլվզան, աչքը՝ էրգրացու կիսաքուփ աչքերին: — էրթանք տուն, ախպեր Զորո: — Չէ՜, տուն չէ, տուն չէ՜, իմ հոգին,- աշխուժով վրա բերեց Զորոն,- այ, այգու խորքում ջահել խնձորենի կար, էն ծառի տակ: Հետո պղնձե ամանով գինի խնդրեց և փայտն առավ, գնաց-նստեց խնձորենու տակ: Գլխարկը հագցրեց ծնկին և նայեց լեռների կողը: «Իմ գործն արդար է, ու Մարաթուկն ինձ օգնական»: — Իմ գործն արդար է, Ալե,- գինին առավ պառավի ձեռքից,- ու Մարաթուկն ինձ օգնական:- Խմեց գինին և գործնական շտկվեց տեղում: — Դե հիմա հարց տուր, թե ինչի համար է էկե Զորոն: — Ծանոթ բարեկամ մարդ ենք, ախպե՛ր Զորո, էրգրացի, գնալ-գալն աշխարհի օրենքն է: — Հըմը էդքա՞ն, Ալե’…,- Զորոն ձեռքը մեկնեց ծիրանենու կողմ,- նոր քեզ բան ասի… Օր էսօրվա պես անուշ օր էր, ու իմ սիրտ ճղփաց քու վրա, Ալե՛: Զորոն սպասեց պատասխանի, իսկ պառավը հարցական նայում էր: — Հաց բերե՞մ, ախպե՛ր Զորո: — Հաց չէ, գինի կպիտի: «Յա Մարաթուկ,- մտքում օգնություն խնդրեց Զորոն,- քու սուրբ ձեռքով բորբոքած կրակ, քու սուրբ ձեռքով թող հով ու զով դառնա»: — էդ օր,- հենց պառավը հայտնվեց, Զորոն շարունակեց խոսքը,- էդ գարնան օր, որ Մարութա բարձրիկ վանք քու սերն ճիրեց մեջ իմ սրտին, Ալե՛, քու բոյ, ա՜յ, էսքան էր,- մի թիզ կտրեց գետնից:- Իմացա՞ր: էն օր ես ուշքի եկա, որ Ալեն՝ բոբիկ ու շաղոտ ոտքերով Ալեն, ծաղկեպսակով Ալեն, իմ Ալեն է: Իմ Ալեն է ու իմ Ալեն է: Իմացա՞ր… էն օր Մարաթուկ սեր տվեց, հըմը մեկել օր անօրենները խլեցին… Բորենին ընկավ մեջ մատղաշներին, ավեր ու կոտորում, առ ու փախ ու ալան-թալան էղավ ու արևի խավարում էղավ… արևի խավարում էղավ, Ալե՛, ու ես ու դու կորցրինք զիրար… Իմ խոսք ճշմարի՞տ է, իմ հոգին: — Քու խոսքը կոտորումի մասին չէ՞, ախպե՛ր Զորո: — Կոտորումի մասին է ու… սիրո մասին է, Ալե՛: Ծերունին գինի խմեց, նոր ծխախոտ վառեց և սպասեց արձագանքի: Պառավը լուռ էր, ուս ու պարանոցով կողքի թեքված, և մաշված մատները խաղում էին կանաչների հետ: — Նորեն դու իմ Ալեն ես,- շշնջաց ծերունին:- էն օրը չի կորե, Ալե՛, էն օրը կա, գարնան էն օր քանց իմ աչաց դեմն է… Ուլերն ու գառներ կխաղեն Մարութա փեշին, դու… Նախորդ առավոտի հետ հայտնված, է՜, անցած-գնացած գարնան օրը, որ թավիշ ու գունեղ պարուրել էր ու պոկ չէր գալիս, Զորոն նորից պատմեց: — Ըբը՜… Մարաթուկ կնքեց իմ սերն ու էն օրից չուրի էսօր էդ սուրբ մեղք մեջ իմ հոգուն է, Ալե՛… Ելի՛ ու քու գոտին ժրե՛ ու էրթանք, իմ հոգին: — Ո՞ւր,- զարմացած նայեց պառավը: — Կհարցնե՝ ո՞ւր… Ըբը էսքան հեքիաթ ո՞ւմ համար էր, Ալե՛, ելի՛, ու հետ իրար էրթանք մեր գեղ: Իմ քոչից բաժանվեցի ու բաժանվեցի, քանի մի տարվա կյանք է մնացե՝ հետ իրար ապրինք ու թող Մարաթուկի սրտով էղնի: — Խելա՞ռ է,- ափն ի շուրթ՝ մեկուսի ասավ պառավը և ակամա փորձեց գինին վերցնել Զորոյի դիմացից: — Չէ՜, գինին չէ՜ … Գինին էստեղ ի՞նչ մեղք ունի, գինին չէ, Ալե՛, է՛ս է,- ափը դրեց սրտին,- էս է, իմ հոգին, էս է… էն խորոտ հեքիաթն ո՞ւմ համար էր, Ալե: էլ ինչի՞ էն լուս-առավոտ ծնվեց-եկավ աշխարհք, թե ես ու դու մեր գլուխ հետ իրար չդնինք մեկ բարձի… Թե՝ չպիտի լինի… թե՝ չպիտի լիներ, էն կապույտ առավոտը ինչո՞ւ ծնվեց, թե Զորոն էդ առավոտ իր պստիկ, նախշուն Ալեին պետք է գտներ ու իրիկուն չեկած՝ կորցներ, էդ լույս- առավոտը ինչո՞ւ եղավ, Ալե … Եղավ, որ գար էս մեղավոր աշխարհի մեղքը ավելացներ ու էրթա՞ր, եղավ, որ գար դաղեր Զորոյի հոգին ու էրթա՞ր, որ Զորոյին ասեր, թե աշխարհում էսպես-էսպես անուշ բա՞ն կա, ասեր ու էրթա՞ր, Ալե… Երա՞զ էր… Խորոտիկ հեքիաթ էր… Չէ. էն լույս-առավոտը եղել է ու կա: — Ելի՛ ու քո գոտին ժրե՛, ու երթանք,- պահանջեց Զորոն: — Ախպե՛ր Զորո, երկինք վկա, դու քո խելքը թռցրել ես,- նեղսրտեց պառավը: — Կփախցնիմ,- Զորոն բռունցքը խփեց գետին: Պառավը ափի մեջ խնդմնդաց: — Ինչպե՞ս կփախցնես, ախպե՛ր Զորո: — Պստլի՜կ, բուռ մի բան ես, կգցիմ մեջ պարկին ու…Դժվար չուրի գեղից դուրս գալն է: Հետո աշխարհք թափի-գա՝ Ալեն իմ Ալեն է: Կփախցնիմ:- Պինդ կրկնեց Զորոն: Բակից տղամարդու ձայն լսվեց. Ալեին էր կանչում: Եվ ձայըր Զորոյի ականջին հնչեց որպես հեռախոսականչ՝ ալո՜ո… — Իմ մարդն է.,- պառավը շտապեց ելնել: — Քու էրիկ լավ մարդ է, հըմը՝ կփախցնիմ: Գիշեր է մնացե՝ կփախցնիմ,- և քաշեց փեշից ու շշնջաց:- Քու բերան գոց կպահիս ու ձեն-ձուն չես հանի: Պառավը էլի խնդմնդաց և գոգնոցի ծայրով սրբեց բերանը: — Ե՜լ, ախպե՛ր Զորո, ել էրթանք տուն: — Տունն ես ի՞նչ գործ ունիմ… Զիս կգցիմ գեղից դուրս, մութն ընկավ՝ էլի կդառնամ հոս ու իմ աչք քու ճամփին: Խոսք մեկ ու Աստված մեկ: Տանտերը նորից ձայն տվեց: — էստեղ եմ,- պատասխանեց Ալեն,- ախպեր Զորոն է եկել: Զորոն քաշեց պառավի փեշը, տղամարդավարի կրճտացրեց ու բռունցք ցույց տվեց: — Կփախցնիմ, Ալե՛,- շշնջաց,- կամիս-չկամիս՝ կփախցնիմ: — Հաա՜,- տանտերը հայտնվեց,- դո՞ւ ես: Բարով ես եկել: Գինի՞ ես ուզում,- ծիծաղեց տանտերը: — Շատ կուզիմ, ախպեր:- Կոտրված խոստովանեց Զորոն:- Քու գինու պես գինի մեջ աշխարհքին չկա ու չի պատահի: Մեծ բրդելու ու իմ գլուխը ջարդելու իրավունք ունիս: Մինչ այս, մինչ այն, գերդաստանը հավաքվեց՝ զույգ տղա, զույգ հարս, թոռներ, հավաքվեցին և նստեցին սեղան: «Շեն տան սեղան է,- մտքում գնահատեց Զորոն:- Քանց հարսանիքի սեղան… Մարաթուկ վկա, իմ ու Ալեի հարսանիքն է»: Գերդաստանն, իրոք, ուրախ էր, իսկ Ալեի որդիները՝ ոգևորված: Գինին տանելու օրը տանը չէին: Մի մարդ է եկել, իրենց մոր համերկրացի հետաքրքիր մի ծերունի, պղնձի չափով չգիտեմ քանի գինի է խմել, երգել է ու խմել, երգել է ու խմել, և դժվարությամբ են մառանից հանել դուրս: Դրանից հետո՝ Էլի է հայտնվել, բայց, ափսոս, որ դարձյալ չեն տեսել: Եվ, տես, այդ հետաքրքիր ծերունին իրենց հյուրն է. ճերմակ, թավ բեղեր ունի, պինդ կնճիռներ, խոսում Է բարձրաձայն, հաճույքով մինչև տակ խմում է և անմիջապես լցնում բաժակը: — Դու մեր մորեղբայրն ես:- Կրտսերը ավելի խանդավառ էր:- Մոր կողմից մենք ոչ մի ազգական-բարեկամ չունենք, դու, իսկապես, մեր մորեղբայրն ես: «Օտար կհաշվիս զիս, թե քեռի, քու գործն է,- Զորոն մտքում պատասխան տվեց,- հըմը էս գիշեր քու մոր կփախցնիմ… Կփախցնիմ, լաո»: Կրտսեր որդին մորը շատ էր նման: «Ալեն է ու կա»,- մտածեց Զորոն և հարց տվեց. — Քո նշանածն ո՞րն Է, գա՛ռ: Եվ տղայի կինը, որ հենց իր ուսնկիցն էր, շատ դուր եկավ: — Ձեր կենաց:- Վրա-վրա երկու բաժակ գինի խմեց ու ավելի ուշադիր նայեց տղային: Տղայի բիբերը ուրախ առկայծում էին, և աչքերի մեջ երգ կար: Հա՛, երգ կար. Զորոն որքան նկատել է՝ այդպիսի աչքունքով երիտասարդները բոլորը ձայնեղ են լինում: — Դու խաղ ասել գիտե՞ս: — Գիտեմ,- ուրախ պատասխանեց տղան: — Թե էդպես է, քու քեռու բաժակին մի խաղ ասա: Տղայի երգի ընթացքում էլի խմեց ու զգաց, որ աչքերը մշուշվում են… Այդպես շո՞ւտ… փոքրիկ գավաթներով դեռ մի քանի գավաթ է խմել… Ուրեմն էլ խմել պետք չէ… Զորոն կերուխումի համար չի եկել… Տանտերը թող խմի… թող տանտերը խմի ու հարբի, որդիները թող խմեն… իսկ Զորոն նպատակ ունի… Ո՞ւր է Ալեն: Պառավը մանրիկ ու չափուկ դուրս ու ներս էր անում և շուրթերին գողտուկ ժպիտ կար: — Ապրիս, լաո: — Զորոն բաժակը մոտեցրեց շուրթերին և երկմտեց՝ խմի՞, չխմի՞, բայց խմեց:- Ավելի շնորհք ունենաս… Հիմա դու ականջ դիր, ես ասիմ մի խաղ: Եվ մինչև սկսելը Զորոն փակեց աչքերը և գլխահակ ուս ու իրանով տարուբերվեց, օրորվեց, օրորվեց, հետո ձայն տվեց իր երգին՝ հըիիիի՜- աա՜խ, և կանչի հետ ձեռքը բարձրացրեց գլուխն ի վեր ու սկսեց երգել… Երգում էր խռպոտ, ծերունական բեկբեկուն ձայնով, աչքերը գոց, ինքնամոռաց ու քանդվելով: Երգը բնության մասին էր. նախշուն քարերով ու գույնզգույն ծաղիկներով սարերի և սարն ի վեր ելվերող սայլուղու ու սայլի, և դեպի երկինք ճախրող բոց լծկանների, սարի կրծքին՝ դեմ արեգական փռված կորեկի կլոր արտի… Զորոն ձեռքը բարձրացրեց գլխից վեր ու վար բերեց, մի շիշ տապալվեց, ուսնկից հարսը քաշվեց մի կողմ՝ ծերունու երգող ձեռքին ասպարեզ տալու. երգը կանաչ վարոցներով հոտաղների մասին էր և բանջարի ելած նախշուն գոգնոցներով աղջիկների… Երգը բնության ու սիրո մասին էր… Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜…. Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: — Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր:- Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ:- Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s