Mediaeducational blog

Հրաչյա Սարիբեկյան

Оставьте комментарий


Hrachya Saribekyan Հրաչյա Սարիբեկյան (ծնվ. 1979, հունվարի 24), Վանաձոր, Լոռու մարզ, արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտիսփյուռքի բաժնի վարիչ, ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, «Գրքերի աշխարհ» թերթի խմբագիրը։ Առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում 2000 թվականին:

                                     Կույրինը կույրին

Մեռյալին ձեռք չմեկնեք:
Էննի  Փրու

Ինձ չհաջողվեց խույս տալ գերեզմանոցում ձեռնափայտով խարխափող ծերունու կուրությունից. անհասկանալի մնաց` ինչպե՞ս հաջողվեց նրան որսալ իմ խուսափող ներկայությունը, երբ մեր ստվերներն անգամ չէին հպվել իրար:

Միջօրեի արևն ուղիղ երկնքի մեջտեղում էր: Տապից քրտնած, արևահարված, հոգնած իջնում էի քաղաքային գերեզմանոցից, որ սփռված է բլուրների լանջին: Մորս շիրմի մոլախոտերը մաքրել, տուն էի վերադառնում: Մեռյալները շիրմաքարերից ինձ էին նայում կենդանի մարդկանց հայացքով, արևի կուրացնող լույսի ու տապի պատճառով, թվում էր` չէին ուզում դուրս գալ իրենց հետմահու կացարաններից: Շիրմաքարերի ստվերների հետ քաշվել էին ներս ու կարծես մոլորեցնելու համար մեզ, թե մահն ավելի լավ բան է, կենդանի մարդու ժպիտ էին նմանակում: Գլուխս ցավից պայթում էր, չէի դիմանում արևահարության ցավին. թվում էր` քիչ մնա, մեռելների քչփչոցն էլ կլսեմ:

Կույր ծերունին խնդրեց ուղեկցել իրեն: Ասաց, որ իր գերեզմանն է փնտրում: Թևանցուկ արեց: Տագնապեցի: Չորացած մատներով ամուր բռնել էր ձեռքս` իմ գոյությունից էր ուզում կառչել: Հիշեցի գերեզմանոցի ճանապարհի եզրապատի կավճե զգուշացումներից մեկը` ԵՐԲԵՔ ՉՃԱՄՓՈՐԴԵՍ ՄԵՌՅԱԼԻ ՀԵՏ:* Մեռյալների քարացած հայացքների ու մահից կորզած ժպիտների ներքո հետ դարձանք գերեզմանոց: Նրանք ժպտում էին, ասես հավանություն էին տալիս, որ ուղեկցում եմ կույրին: Հիշեցի գերեզմանոցի մուտքի կավճե գրությունը. ՑԱՆԿԱՑԱԾ ԶԲՈՍԱՆՔ, ԱՆԳԱՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ, ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼ:**

Հարցրեց անունս, չգիտեմ ինչու ստեցի, տվեցի միտքս եկած առաջին անունը.

-Գուրգեն,-ասացի,-անունս Գուրգեն է:

Հավատաց կամ անխոս ընդունեց պայմանը, որով ինձ ուրիշ անունով պետք է կոչեր. նրա հոր անունն էի տվել:

Ճանապարհը զառիվեր էր, մի պահ կանգ առավ, որ շունչ քաշի: Բարձրացրեց գլուխը: Ժպտաց. գուցե արևի լույսից մի շող թափանցել էր նրա մարմնի շիրիմի մեջ: -Երկար չնայես արևին,-զգուշացրեց,- կկուրանաս:

Հանգուցյալների բրոնզե և մարմարե կիսանդրիները հսկում էին գերեզմանոցը. արևի պայծառ լույսն ընդգծում էր նրանց կուրությունը: Թվում էր` հանգուցյալներից կույրերն են միայն համարձակվել այդ արևին գերեզմաններից հանել իրենց գլուխները: Ինձ միշտ զարմացնում էր, որ մեր քաղաքի եկեղեցու բակում` դարպասի մոտ նստած մուրացիկ Մարիամ տատը, որ նույնպես կույր էր, անգամ արևի ամենաշլացուցիչ լույսից չէր կկոցում իր աչքերը. չէր տեսնում, բայց կուրությունը միջօրեի արևին ժամերով նայելու առավելություն էր տալիս նրան: Նա ինձ ճանաչում էր ձայնից. գուցե դա էր իրական պատճառը, որ ես նրան էի տալիս իմ ունեցած մանրմունր դրամները, որ մայրս գրպանս էր դնում մոմ վառելու համար: Ես մոմ չէի վառում, բավարարվում էի Մարիամ տատի օրհնանքներով միայն, գուցե կռահում էի, որ Մարիամ տատի` արևի լույսը չտեսնելու հաշվին եմ մոմի լույսը տեսնում: Մարիամ տատն արևի լույսից երբեք չէր կկոցում իր աչքերը, անգամ, երբ եկեղեցու բակում խաղացող մանուկներն արևի ճառագայթները հայելով նրա աչքերին էին բեկում: Մանուկները, որ հայելիներով շող էին որսում, անգամ հրեշտակներին էին նկատում ու արևի ճառագայթների անդրադարձն ուղղում նրանց աչքերին, բայց գերեզմանատանը քար կտրած հրեշտակները չէին կկոցում իրենց աչքերը: Արևի լույսից իրենց աչքերը չէին կկոցում Մարիամ տատը, քաղաքային գերեզմանոցի կույր հսկիչները` մարմարե ու բրոնզե կիսանդրիներն ու արձանները, կույր ծերունին, գերեզմանոցում` դագաղի մեջ պառկած հանգուցյալը: Արևը նրա գլխավերևում էր, բայց չէր կկոցում աչքերը: Սևազգեստ կանայք ողբում էին նրա կուրությունը: Դագաղից դուրս էին ցցվել նրա նոր, փայլուն ու լաքապատ կոշիկները, որ անիմաստ կերպով երկնքին էին ուղղված: Նրան սև` արևի տաքությունը կլանող կոստյում էին հագցրել, զարմանալի էր, որ այդպիսի տապից դիակը չէր նեղվում, ասես մահը զովություն էր: Նրա դեմքի վրա քրտինքի ոչ մի կաթիլ չկար, ինձ նման չէր քրտնում. այդ ժամանակ մտքովս անցավ, որ մահը մարդու անտարբերությունն է շոգի, տապի, արևի ճառագայթների հանդեպ: Դիակի դեմքի վրա ոչ մի մկան չէր շարժվում. համակերպվել էր սեփական մահվան հետ, զարմանալի էր, որ հարազատների ողբաձայն լացն անգամ չէր հուզում նրան: Կանայք այնպես էին լացում, իբրև թե փոսը, որի մեջ իջեցնելու էին դագաղը, անդունդ էր: Ինձ համակեց տեղից շարժվելու անհանգիտ մի ցանկություն, տագնապ. հանկարծ ու սևազգեստ կանայք չնկատեն մեզ: Ծերունին դեմքն արևին դարձրած դեռ ժպտում էր: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը. կանանց լացի ձայնը կլանվեց գերեզմանոցի լռության մեջ, որ սահման ուներ մեռյալների համրության հետ: Լռությունը խախտվում էր միայն մեր վերևով անցնող բարձր լարման հոսանքի ճարճատուն ձայնով, քարի գործարանի հաստոցների միահանգ ճռճռոցով, որ ջութակի աղմուկ էր հիշեցնում, ասես մեռյալներին հաճո երաժշտությունն էր, իսկ երբ մոտեցանք շիրիմներին, նաև` գերեզմանոցում թափառող քամուց շարժվող սաղարթների շշուկով ու հուշաղբյուրների քչքչոցով: Ես քրտնած էի ու ծարավ, բայց հավատարիմ էի մնում մահացած մորս խորհրդին` քրտնած ժամանակ ջուր չխմես: Այդ ժամանակ պապս ինձ դեռ չէր զգուշացրել` գերեզմանոցից ջուր չխմես հանկարծ: Մեռելները ժպտում էին սաղարթների ստվերում` ես ծարավ էի ու քրտնած, շորերս մարմնիցս էին կպել, իսկ նրանք հագեցրել էին իրենց ծարավն ու հանգրվանել ծառերի ստվերում. գերեզմանոցի ստվերները խորություն չունեցող անդունդներն են:

Կույր ծերունին ինձ անուններ տվեց` մեռած մարդկանց անուններ. նրանց գերեզմանների մոտից աջ կամ ձախ պետք է թեքվեինք. այդպես էր կույրը հիշում իր շիրմաքարի տեղը: Այդ օրը ես որոշեցի, որ գերեզմանոցը վիթխարի լաբիրինթոս է, ուր կողմնորոշվելու համար հարկավոր է մեռյալների անուն ազգանուններ հիշել: Լաբիրինթոսի կենտրոնը կույր ծերունու շիրմաքարն էր, որին հնարավոր էր հասնել հաղթահարելով մնացած շիրմաքարերի խոչընդոտը:

Վերջապես կույր ծերունու շիրմաքարին հասանք: Մտածեցի` ինչո՞ւ են մարդիկ մահից առաջ կանգնեցնում իրենց շիրմաքարը, քարի վրա դաջում իրենց դիմապատկերը, գրում ծննդյան տարեթիվը, բաց թողնում մահվան թվականը, քաղաքի գերեզմանոցում այդպիսի բազմաթիվ շիրմաքարեր էի ճանաչում, պապս նույնիսկ իր թաղման ծեսի ու դագաղի փողն էր հետ գցում, իսկ մայրս դժգոհում էր, որ ես ծակ կոշիկներով եմ դպրոց գնում: Ինչո՞ւ էր կույր ծերունին այցի եկել իր գերեզմանին: Գերեզմանաքարի ողորկության վրա փորագրված էր անուն ազգանունը` Սահակ Աճեմյան, դաջված էր դիմանկարը, բայց քարի Սահակը կույր չէր. կույրը կանգնած էր սեփական շիրմաքարին հանդիման, կուրությունից չէր տեսնում իր շիրմաքարը, բայց շիրմաքարից Սահակը հետմահու հայացքով տեսնում էր, որ, իր կույր գոյությունը քարշ տալով, Սահակը եկել հասել է իր դուռն ու կանգնած է շեմին. շիրմաքարի նկարը, որի մեջ Սահակը կույր չէր, աղոտ ու տխուր մի հույսի տեղ էր թողնում. մահից հետո, հնարավոր է, Սահակը վերագտներ իր տեսողությունը:

Անուն-ազգանունի տակ ծննդյան տարեթիվն էր փորագրված` 1915 – մահվան թվականը բաց էր թողնված: Հանկարծ իր ձայնը էն աշխարհից հանելու ջանքի նման կույր ծերունին մաքրեց կոկորդը, խոսեց ասես հողից խռպոտած ձայնով ու ինձ իր գոյությանը նախորդող մի դեպք պատմեց: Այդ ժամանակ Սահակը դեռ չէր ծնվել` մոր որովայնում էր, ինչպես մայրը հիմա` գերեզմանում: Սահակի մոտալուտ գերեզմանի հարևանությամբ մոր շիրմաքարն էր կանգնած: Նրան ժամանակին էր հաջողվել դուրս պրծնել մոր որովայնից: Մոր որովայնում էլ էր կույր եղել, գուցե հենց այդ կուրությունն էր հետն աշխարհ բերել: Նա պատմում էր ինչ-որ անապատի մասին, խոսում էր դանդաղ, բայց ես ուշադիր չէի լսում, որովհետև աչքս նրա գրպանից ընկած փողերին էի գցել, դրանց մեջ պղնձե մանրադրամներ էին փայլում: Այդ օրը ես այնքան էի արևի տակ հողից մոլախոտ հանել, այնքան էի քայլել, այնքան էի մեռյալների անուններ կարդացել, այնքան էի վազել, այնքան էի հոգնել, որ գիշերն աչքերս ակամա փակվեցին ու երազում ինձ թվաց, որ ծերունու կուրությամբ եմ քնել և տեսա երազ, որ նրա մոր հիշողությունն ու հոր հոգեվարքը պետք է լիներ: Տեսա անապատը, կույր ծերունու մորն ու նրա ծարավ ամուսնուն, տեսա` ոնց են թուրքերը կնոջ աչքի առաջ ամուսնուն ողջ-ողջ թաղում շիկացած ավազների մեջ: Թաղեցին ուղղահայաց, երկնքի մեջտեղում հոգեվարքի անշարժացած արևի տակ թողնելով միայն նրա մարմի վերին մասը` կիսանդրին, և նրան ջուր խմեցրին, տեսա` ոնց են թաղած մարդու բերանը` անապատում լքելուց առաջ ջուր լցնում ու նա ոնց է անհագորեն կլանում ջուրը: Տեսա` ոնց են կնոջը քշում հեռացնում ամուսնուց, կնոջը թվում է, որ ամուսինը ժպտում է իրեն կամ ամուսինն իրոք ժպտում էր անընդհատ դեպի իրեն շրջվող կնոջը, գուցե ամուսնուն էր թվում, որ կինն անընդհատ շրջվում է, տեսա` ինչպես է ամուսինը արևից ու քամու բերած ավազից փակել աչքերը` գուցե աչքերը փակելով անդարձորեն կանխորոշելով որդու կուրությունը և կռահեցի, որ ջուր է խմել մահից մի քիչ երկար մտածելու ժամանակ կորզելու համար, որովհետև վստահ չի, որ մեռնելուց հետո հնարավոր կլինի կենտրոնանալ որևէ մտքի վրա: Ջուր խմեց մի քիչ երկար մտածելու համար, որ իր կինը որովայնում բոլորից թաքցնում է իր դիմագծերի նմանությունը: Հասցրի նկատել, որ անապատի ավազներում թաղված, նա ուզում է բացել աչքերը, բայց արևի կուրացնող լույսն ու ավազե տաք քամին թույլ չեն տալիս: Այդ առավոտ իմ աչքերն էլ չէին բացվում:

Գետնին ընկած փողերն արևից փայլում էին` արևն ինձ փող էր ցույց տալիս: Տատանվում էի` հավաքեմ վերադարձնե՞մ, թե՞ ձայն չհանեմ: Ինձ թվաց` վերցնել վերադարձնելու համար երկար էի տատանվել, մտածեցի թռցնե՞մ, թե արևի անօգուտ փայլին մատնված էլ թողնեմ: Չբացառեցի, որ ծերունին կուրությամբ փորձում է ինձ, կամ կույր չի իսկի, մտքովս անցավ անգամ, որ կույր է, բայց տեսնում է: Աստված գուցե վարձատրում է ինձ, որ չեմ թողնում մոլախոտերը ծածկեն մորս շիրիմը: Զգուշորեն կռացա, ծերունու փողերը վերցրի գետնից ու փախա: Փախա` կույր ծերունուն մենակ թողնելով գերեզմանոցի լուսավոր լաբիրինթոսում: Նա զգաց իմ փախուստը, շրջվեց ու դեմքին անակնկալ մենության խուճապ հայտնվեց: Ինձ թվաց` դեմքի վրա ստվեր տեսա, ասես գիշերը վաղահաս վրա էր հասել նրա ծեր, մահամերձ դեմքին: Տագնապած, ցածրաձայն, կարծես գիտեր, բայց չէր հավատում, որ իր կողքին չեմ, հարցրեց.

_Գուրգե՞ն:

Բայց դա իմ անունը չէր: Նա իր հոր անունն էր տվել, իսկ հոր անունով չէր կարող որսալ ինձ: Ո՞վ ինձ ներշնչեց այդ անունը: Կռահե՞ց արդյոք, որ դա իմ իսկական անունը չէր: Կգտնե՞ր արդյոք գերեզմանոցից դուրս բերող ճանապարհը, երկա՞ր կխարխափեր արդեն մահին պատկանող կուրության ու մահվան ստորգետնյա աշխարհի հակառակ կողմում` գերեզմանոցում, ուր մեռելների համար մարդիկ երևի ոտքերով ոչ թե կանգնած, այլ գետնից կախված են երկնքի վրա: Ես գլխիվայր փախչում էի, կարծես ուզում էի իմ առջևից վազող ստվերս հետևում թողնել, կույր կիսանդրիները ժպտում էին ինձ, թվում էր` կիսանդրիների ժպիտը մեռելների ծիծաղն է համրացնում, չի թողնում, որ լսվի էս աշխարհում: Ծարավ էի, բայց ոչ մի աղբյուրի մոտ կանգ չառա, որ ջուր խմեմ, ջուրը ծարավ հագեցնելու համար չէր: Գերեզմանոցից մինչև եկեղեցի ընկած ճանապարհը առանց դադարի վազքով հատեցի, շնչասպառ հասա եկեղեցի, փողերի մեջ ջոկջկեցի մետաղադրամները, Մարիամ տատի փեշի մեջ դրի ու ինձ եկեղեցի գցեցի: Ինձ թվաց արևից ու տապից հովանալու համար: Հաստ պատերի ներսում աստվածային սառնություն համակեց ինձ, որ ջուր խմելու պես էր: Անհանգստանում էի, որ եկեղեցին մարդաշատ կարող է լինել, բայց անմարդ էր: Սրբապատկերները չհանդիմանեցին ինձ: Մոմ առա: Մտածեցի` իմ վառած մոմի լույսն Աստծուն երևի օգնի գերեզմանոցից դուրս բերել կույր ծերունուն: Մի մոմ էլ մորս հոգու հանգստության համար վառեցի, որ չհանդիմանի ինձ ու գրպանիս մեջ շոշափեցի իմ նոր կոշիկների փողը:

 

 

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s