Mediaeducational blog

Միսաք Մեծարենց (ուսումնական փաթեթ)

Оставьте комментарий


?.?.??????????Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով 
նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է 
բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, 
կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:
Միսաք ՄԵծարենցը (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան) նախնական կրթությունն ստացել է Բինկյանի Մեսրոպյան վարժարանում, 1894–96 թթ-ին սովորել է Սեբաստիայի Արամյան դպրոցում, 1896– 1901 թթ-ին՝ Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկում: 1902 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. մինչև 1906 թ. սովորել է Կեդրոնական վարժարանում, խորացել հայագիտության մեջ: Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության՝ թոքախտի պատճառով: 
Մեծարենցը գրել է 1901 թ-ից: 1903 թ-ից աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907 թ-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:
«Ծիածանը» լուռ ցավերի ու հույզերի, աղերսանքի ու սպասման հանրագումար է: Այդ ապրումների մեջ է ծնվել «Սիրերգը» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՛ն»)՝ բազմազան ու հակասական զգացումներով.
 
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛,
Շըրթունքս են ծարավ միակ համբույրին…
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛:
 
Մոտալուտ մահվան կանխազգացումն ավելի է զորացրել բանաստեղծի սիրո և ապրելու տենչը: Արևն ու գարունը դարձել են կյանքի խորհրդանիշներ.
 
…Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ…
 
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում: Տառապող անհատի համար բնությունը և գյուղը վերածվել են հոգու ապաստանի («Աքասիաներու շուքին տակ», «Հովը», «Արևին», «Գետափի երազանքը», «Մառախուղ» և այլն): Նա խուսափել է գյուղական կյանքի դառնությունները պատկերելուց, ներբողել է միայն գեղեցիկը, մարդու և բնության կապը, աշխատանքով ստեղծվածի գրավչությունը («Այգային», «Տապի նոպաներ», «Անձրև», «Ջրտուք» և այլն):
Մեծարենցի սիրո երգերը պատանեկան անաղարտ զգացմունքի անկրկնելի նվագներ են. ճակատագրով դատապարտված պատանին սիրո մեջ տեսել է կյանքի հմայքը, աշխարհի գեղեցկությունը, գոյության իմաստը («Այգերգ», «Ջուրեն դարձին», «Անդարձը» և այլն).
 
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի,
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար…
Երազներուս պերճուհին է որ կ’անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
(«Վայրկյանը»)
Հետագայում բանաստեղծի անձնական սպասումը դարձել է անանձնական. հիվանդ պատանին ձգտել է իր ցավը զսպել և հոգու ջերմությունը, սերն ու գորովը տալ մարդկանց, համակել նրանց կենսասիրությամբ («Տո՛ւր ինձի, Տե՛ր…», «Իրիկունը», «Հովը», «Հյուղը» և այլն):
Մեծարենցի երգը նման է խավարում շողացող լույսի ճառագայթի: Բնության, գարնան և սիրո ներբողներով լեցուն նրա քնարը հուսալքված ու բեկված հոգիներում արթնացնում է կյանքի և ապրելու կարոտը:
Մեծարենցը հեղինակ է նաև շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունների ու պատմվածքների, մի քանի գրաքննադատական հոդվածների («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ» և այլն):
Միսաք Մեծարենցի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի ներսում տեղադրվել է նրա արձանը:

 «Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
 «Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:
                                                                Միսաք Մեծարենց
 
  Խոսք երախտիքի
«…Մեծարենցի պոեզիան ազնիվ կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը»:
Վահագն Դավթյան
 
«…Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:
Հակոբ Օշական
«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Եղիշե Չարենց
Բանաստեղծություններ
1. ՍԻՐԵՐԳ
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով`
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն…
Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր` լոյսէն, որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս` Կիրակի՜,
Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն:
Բայց լոյս իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…
Ցնծագին գիշերն է լոյս ու լուսին`
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…
2.ՁՄՐԱՆ ՊԱՐԶ ԳԻՇԵՐ
Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին`
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:
Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր:
Կ’ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ.
Կ’ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու ժամանակ`
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարժուձեւիս մէջ,
Ու մինչ կ’ողողեն զիս ցոլքերդ անշէջ,
Աչքերս ալ մոռնան տակաւ այս նատիր:
Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունէ՜ զիս,
Ընդունէ՜, միստիք ո՜վ անդորրութիւն,
Իմ աղերսակոծ շունչիս սօսաւիւն,
Եւ համբոյրն անանց` զոր կու տայ հոգիս:
Սենեակս է լեցուն յուշքերովն աղի
Երեկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի:
Նե՛րս խուժէ ուժգին, նե՜րս պատուհանէս
Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
Քու սրբութիւնով իր խորշերն յորդին,
Եւ ես արթննամ վաղնջուց քունէս:
Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին`
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:
3.ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ
Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ:
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան`
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ:
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՜ դիւթական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ:
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական:
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…
4. ՆԱՒԱԿՆԵՐԸ
Նաւակներ մեկնեցան ամէնն ալ, բաղձանքով ակաղձուն.
Հեռացան ամէնն ալ` ծըփանուտ Երազիս ափունքէն.
Անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման Հիւա՜նդն եմ.
Հոգեսարս դողերով եւ հուրքով միշտ ցայգերն են յըղի.
Գիշերներն ես համբուն կըսպասեմ ծիրանի այն դարձին.
Ու ցայգուն ալ կ’անցնիմ աւազուտ ափունքէն` դողահար`
Սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցէ՜ք նաւակներս հողմավար, ջրանո՜յշ պայիկներ,
Դարձուցէ՜ք նաւակներս դիւթավար, իրիկուա՜ն հովիկներ…
5.ՄԵՂՈՒՆԵՐԸ
Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ,
Ոսկի երիզ մը բանալով
Ու զանակներ անձրեւելէն
Թըռան գացին երամ երամ.
Անցան գացին դարուղիէն,
Կիսաթափանց մըշուշներու ապրշում քօղքը պատռելէն
Եւ յածելէն մէջն արեւին ոսկեծաղիկ մառախուղին:
Արեւակի, սուտակներու ու զիւմրիւթի
Փաղփուն երանգը ծըծելով իրենց չորս դին.
Ծործորներէն, բացավայրէն
Ու ցորենի գադիշներէն անցան անդին.
Ես գետափին մօտ մընացի վարատակա՜ն,
Մելամաղձիկ երազս յըղած
Դէպ հեռաւոր ծաղկաստաններ`
Ուր թառեցան մեղուներն իմ տենչանքներուս:
Մեղուներն իմ տենչանքներուս`
Միջօրետքի պահերէն վերջ,
Որոնց դարձին ես կըսպասեմª
Ուղեկորոյս զակատելով:
Ահա՜ օրն ալ մըթագնեցաւ,
Եւ ես ի զո՜ւր տարաժամ
Դեռ կըսպասեմ անոնց հեւքոտ ու մեղրազօծ վերադարձին:
Ա՜հ, այս ցայգուն
Պիտի անցնիմ դարձեալ Վախիս ճամբաներէն.
Ալ յափրացա՜ծ, ուշակորոյս,
Գիշերներու ըմպած գինին խաւարածոր,
Պիտի անցնի՜մ ես այս գիշեր`
Երկիւղիս սեպ ճամբաներէն,
Իմ գանկիս տակ
Յոյսի ոսկի բոցին անուրջն առկայծելէն:
Ալ յոգնա՜ծ եմ
Ըսպասելէն տենչանքներուս մեղրին անոյշ,
Ու տարաժամ այս յածումին մէջ երջանի՜կ պիտի ըլլամ`
Եթէ թունեղ խա՜յթ իսկ բերեն
Ուղեմոլար մեղուներն իմ տենչանքներուս:
6.ԱՐԵՒԻՆ
Հարաւի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
Որ վաղուց երազուած համբոյրի մը պէս
Իմ սիրակարօտ հոգիս հեշտանքով կը լիացնէ,
Շողա՛, ո՜վ արեւ, շառափներովդ ոսկեծայր,
Մառախլապատ Երկունքիս մէջ`
Ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
Շողա՜, շողա՜, բարի՜ արեւ, հիւա՜նդ եմ…
Պատուհանիս հեղուկ ծոցին մէջ ինկած խելայեղ,
Միջօրէի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,
Թեւատարած կըսպասե՜մ.
Պլլէ՜ զիս բոցեղէն ցանցերուդ մէջ
Ու օրօրէ՜ ջերմագին
Ու կիզանուտ համբոյրիդ տակ.
Թող հոգւոյս մէջէն անցնին կարգաւ
Մանուկներն ընդարմացած:
Մինչեւ որ
Կանգնիմ նորէն ու անցնի՜մ դարձեալ
Տարփանքիս խանդաղատ ճամբաներէն:
Հիւա՜նդ եմ, բարի՜, արեւ, շողա՜, շողա՛…
Հոգիս թռչնիկ մըն է,
Օդ ու լոյսի, երգ ու ծիծաղի կարօտ,
Բայց երգը, որ իր ալուցքէն կը թռչի,
Անտես ու ստուերոտ սանդուխներու վրայ
Կ’իյնայ շնչահեղձ:
Շողա՛, շողա՛, բարի՜ արեւ, հիւա՜նդ եմ…
Ճառագայթող գոլիդ մէջ հեշտագրգիռ,
Մինչ կը խժայ տարօրինակ, խօլ պարը զամբուռներուն`
Հուրքէ՛դ գինովցած`
Ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարաւէն կը մարմըրին,
Ես կ’ըմբոշխնեմ խտղտանքն անանուն` երջանիկ տիւանդորրիս,
Յամրօրէն ու գիտակից
Գինովութեամբ հեշտագին:
Քի՜չ մըն ալ դեռ,
Ա՜հ, շողա՛, շողա՛, բարի՜ արեւ, հիւա՜նդ եմ…
Վերջին անգա՜մ մըն ալ,
Դեռ իրիկո՜ւն չեղած
Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
Վերջին անգա՜մ մըն ալ,
Փարէ՛ հոգւոյս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
Հիւա՜նդ եմ, բարի՛ արեւ, շողա՛, շողա՜…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s