Mediaeducational blog

Մայրենին ավագ դպրոցում. եկեք բարձրաձայն խոսենք

Оставьте комментарий


Ժամանակն արագ առաջ է գնում` թելադրելով իր պահանջները, կյանքի բոլոր ոլորտներում   կատարվում են լուրջ փոփոխություններ, որոնց չի կարող չարձագանքել դպրոցը` որպես հանրային կառույցներից մեկը: Եվ այդ փոփոխություններին, նոր իրողություններին անմիջապես արձագանքում է նոր սերունդը` այսօրվա սովորողը` կամային, նպատակասլաց, ինքնավստահ սովորողը: Այն սովորողը, որի և′  հայացքներն են փոխվել, և′ սկզբունքները, որն արդեն նոր արժեքների կրողն է և ուսուցչից պահանջում է համոզիչ, խելացի, անկեղծ  պատասխան, սովորող, որն այսօր շատ-շատ հարցերում արդեն գերազանցել է իր ուսուցիչներին:

Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն այսօր անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև, և այսօր դժվար կլինի բավարարել նրա հետաքրքրությունները, եթե կազմակերպվող ուսումնական գործունեությունը չքայլի ժամանակին համընթաց: Այլ պարագայում այն կվերածվի ուղղակի ձանձրալի գործընթացի: Եվ այս իրականության մեջ ամենաաննպաստ վիճակում հայտնվել ենք մենք` մայրենիի  ուսուցիչներս: Չէ՞  որ գրականությունն է սովորողին հնարավորություն տալիս անմիջականորեն առնչվելու հոգևոր-մշակութային արժեքների հետ: Արժեքներ, որոնք դարեր շարունակ մեր անկախ պետականության, ազգային միասնության հենարանն են եղել: Այսօր սովորողն այլ պահանջմունքներ ունի, տարիքն այլ բան է թելադրում, շրջապատը` ուրիշ, իսկ մենք նրան տեղափոխում ենք  իր համար խորթ ու օտար այլ իրականություն` գրքերի աշխարհ, որտեղ նա չի կարողանում գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Հետո էլ զարմանում ենք և զայրանում, թե նոր սերունդը չի կարդում` մոռանալով, որ այսօր իրականության մեջ գրականության շունչ անգամ չկա, նոր, ստեղծագործական-հետազոտական աշխատանքի տրամադրող  դասագրքեր չկան: Անընդհատ նորացվում են ծրագրերն ու նրան ներկայացվող պահանջները, կազմվում են ու հրատարակվում դասագրքեր, որոնք, մեր կարծիքով, ուղղակի չեն կարող բավարարել այսօրվա սովորողի իմացական և հոգևոր պահանջմունքները: Կրթական համակարգի փոփոխությունները անբաժանելի են կյանքի բոլոր ոլորտներում կատարվող փոփոխություններից: Ուստի հանրակրթության բարեփոխումը սկսվում է իրարով պայմանավորված առարկայական ծրագրերից ու դասագրքերից: Իսկ ի՞նչ դասագրքեր ենք մատուցում այսօր մեր երեխային. հաճախ լեզվական սխալներով, սովորողի տարիքային առանձնահատկություններին չհամապատասխանող ծրագրային նյութերով, երեխայի հիասթափությունն առաջացնող ծայրահեղ պարզունակ առաջադրանքներով: Առաջադրանքներ, որոնք մի փոքր աշխատասիրություն ունեցող սովորողը կկատարի մեկ-երկու օրվա ընթացքում: Չկա հետազոտական-ստեղծարար աշխատանքի նշույլ անգամ: Բայց այսօր մեր ժողովրդի համար խիստ կարևոր է և անհրաժեշտություն  հայալեզու գրականությունը, որը բոլոր ժամանակներում էլ փայլուն է կատարել իր պատմական առաքելությունը:

Տարիներ շարունակ դպրոցի բոլոր շրջանավարտները քննություն էին հանձնում գրավոր` շարադրության տեսքով: Մեր կարծիքով դա լիովին արդարացնում էր իրեն, որովհետև դպրոցն ավարտում և բուհ էին ընդունվում երիտասարդներ, որոնք և′ գրել գիտեին, և′ իրենց մտքերը անկաշկանդ և, որ ամենակարևորն է, գրագետ շարադրել: Մեր նպատակը ամենևին էլ քննությունների, նրանց կազմակերպման և անցկացման, եթե ավելի անկեղծ` դրանց լինել-չլինելու, ընդունվել-չընդունվելու հարցին անդրադառնալը չէ: Բայց եթե այդ փաստն անխուսափելի է և հասարակության կողմից պահանջարկ գոնե առայժմ ու՞նի: Եթե, այնուամենայնիվ, ուզենք, թե չուզենք, պիտի անցնենք «քննություն» կոչված այդ թոհուբոհի միջո՞վ: Թե՞ մեր հասարակությանն այլևս պետք չեն կարդացած, կիրթ, սեփական ժողովրդի անցյալին, պատմությանը քաջատեղյակ, բանիմաց ու խելացի քաղաքացիներ: Կամ գուցե աչք-ականջներս նկատում ու այլևս չե՞ն կարևորում շատ հաճախ նույնիսկ ժողովրդի «ընտրյալների» խոսքը…Ուրեմն ի՞նչ: Լռենք, համակերպվենք, շարունակենք տրտնջա՞լ` քայլելով մաշված ու տրորված արահետով, թե՞ փորձենք գտնել այն ուղին, որը կտանի մեր ընտրած ուղղությամբ: Ոչ մի տեղ  հայոց լեզուն իր  ողջ գեղեցկությամբ, հարստությամբ, ճոխությամբ չի դրսևորվել, ինչպես հայ գրականության մեջ: Իսկ լեզուն անջատ չէ գրականությունից: Մի՞թե լեզուն միայն ուղղագրություն է և կետադրություն: Մի՞թե ինչ-որ հոմանիշներ ու հականիշներ անգիր անելով, ինչ-ինչ փոխակերպումներ սերտելով` կարելի լեզու սովորել: Մի՞թե հայոց լեզվի օրինաչափությունները չհասկանալով` կարելի որևէ օտար լեզու սովորել: Լեզուն կապակցված խոսք է, բառապաշար, ոճեր կիրառելու հմտություն: Մի՞թե առանց գրականության հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Երկրի օրենսդիր մարմինը` Ազգային ժողով, ազգային ակադեմիա, ազգային ռադիո, ազգային հեռուստատեսություն, ազգային գրադարան ու պատկերասրահ… Շարքը կարելի է  էլի լրացնել: Իսկ Մաշտոցը, Խորենացին, Տերյանը, Թումանյանը, Չարենցը, Սևակը ազգային չե՞ն: Ինչո՞ւ  մեր երեխան պիտի չկարդա, չճանաչի, չգնահատի այդ արժեքները: Ի՞նչ  ուղիներով հասնենք այն բանին, որ այսօր երեխան կարդա, հետազոտական աշխատանք կատարի, բանավիճի, հայտնի իր կարծիքը` արդարացնելով, դատապարտելով, իր համար բացահայտումներ կատարելով, բերի փաստարկումներ, խոսել-արտահայտվել-լսել-առարկել-համոզել-բանավիճել սովորի:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s