Mediaeducational blog

Զոհրապի սիրո պատմությունը

Оставьте комментарий


 

Գրիգոր Զոհրապ, Կլարա Եազըճեան. «Կը Մտածեմ, Որ Փոքեր Մըն Է Ամբողջ Կեանքը»

krikorzohrab                                                                                                                                                                  ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

Նրանց սիրոյ պատմութիւնը ամենագեղեցիկը և ամենադրամատիկն Էր իր իսկ ստեղծած նորավէպերի բոլոր պատմութիւններից…

1915թ. Յուլիսի 6, եւրոպական ժամանակով առաւօտեան 5: Հալէպից Ուրֆա տանող ճանապարհ: Կառքը ուղեկցող ժանդարմները դիրք են գրաւում Գասապթաշի երկու կողմերում եւ նշան բռնելով կառքում նստածների վրայ՝ կրակում են: Գնդակներից մէկը դիպչում է Վարդգէս Սերինկիւլեանին: Նա սպանւում է անմիջապէս: Միւս աքսորեալը չի վիրաւորւում: Դահիճները մօտենում են կառքին:
– Իջի՛ր, – կը պոռային ամէն կողմէ:
Բայց կարծես իրեն չէին, ձայն չի հաներ: Այն ատեն Չերքես Ահմետ պէյը կը բռնէ ետեւեն եւ ուժով մը ցնցելով.
– Իջի՛ր, – կը կրկնէ, – այլեւս ապրելիք չունիս, որովհետեւ բարձրագոյն հրաման կայ:
Զոհրապ, աչուըները արցունքով լեցուն, կը մերժէ իջնել:
– Հոս սպաննեցէք, – կ՛ըսէ, – կարողութիւն չունիմ շտկուելու:
Կը փորձեն քաշքշել զինքը եւ այդպէս վար առնել կառքէն, բայց երկու ձեռքերով կը կառչի կողմնակի ամբարտակներուն: Այն ատեն Ահմետ պէյ իր չերքեզի դաշոյնը կը խրէ անոր կուշտը: Միւսները նոյնպէս դաշոյնով բազմաթիւ հարուածներ կ՛ուտան, թերեւս բոլորովին աւելորդ տեղը: Յետոյ մարմինը քաշքշելով՝ կը ձգեն գետին, Գասապթաշիի առջեւ եւ բոլորովին ապահով ըլլալու համար իրենց ռեւոլվերներով (ատրճանակներով-Խմբ.) կը կրակեն վրան՝ միշտ աւելորդ տեղը»: Սա գրառում է պատմաբան, գրող Արամ Անտոնեանից: Իսկ ըստ Զարեհ Որբերեանի տեղեկութիւնների՝ Ահմեդը չհանգստանալով՝ սպանելուց յետոյ քարով ջախջախում է Զոհրապի գլուխը: Յետոյ սպանուածների դիակներից հանում են հագուստները եւ ոտքերից քարշ տալով տանում են կամուրջը եւ նետում ճանապարհի միւս կողմը՝ մացառուտների մէջ:
Ոճրագործութեան յաջորդ օրը՝ Յուլիսի 7ին, Ուրֆայի շուկայում վաճառքի են հանւում Գր. Զոհրապի ոսկեայ ժամացոյցն ու մատանին եւ Վ. Սերինկիւլեանի ճերմակեղէնը: Անգլիացի ճանապարհորդ ոմն Էքպր Ռիցցան նոյն այդ շուկայից գնում եւ Հալէպ է տանում անուան սկզբնատառերով եւ արեան բծերով աղտոտուած Զոհրապի պայուսակը: Նոյն օրը Թալէաթի խորհրդական Ալի Միւնիֆ բէյը Կլարա Զոհրապին յայտնում է ամուսնու մահուան մասին:
… Քսանեօթուկէս տարիների ընթացքում նրանք շատ անգամ էին բաժանուել: Մերթ պաշտօնական գործերով եւ քաղաքական պատճառներով, մերթ առողջական, երբեմն էլ անձնական հարցերով ամուսինը մեկնել էր արտասահման կամ կայսրութեան տարբեր անկիւններ: Բայց այդ բաժանումները եղել էին ժամանակաւոր: Ամէն օր անհամբերութեամբ պոկուող օրացոյցի թերթերը մօտեցրել էին հանդիպման պահը, իսկ նամակագրութիւնը նուազեցրել էր հեռաւորութիւնը:
Նրանք ծանօթացել էին 1885ին: Բայց միայն երեք տարի անց Գր. Զոհրապը Պօղոս Եազըճեանից խնդրեց դստեր՝ Կլարայի ձեռքը: 1888թ. Յունուարի 31ին Գատըգիւղի բնակարանում կատարուեց հարսանեաց շքեղ հանդէսը: Տարիներ անց՝ 1912ի Օգոստոսի 23ին, կնոջը նամակով խոստովանել է. «…Ստորագրեալս, Գրիգոր Զոհրապ, փաստաբան արուեստով եւ օսմանեան Երեսփոխան դիպուածով, գրագէտ, proffesseur, օրագրող եւ ամէն բանէ առաջ եւ վերջը քիչիկ մը «չափխըն»ը, ասկէ 28 տարի առաջ աղուորիկ, պզտիկ աղջիկ մը հանդիպած, զայն շատ հաւնած իր «խահուէ»ի գոյն (սրճագոյն-Խմբ.) շրջազգեստովը, պոյովը շատ սիրած եւ մասնաւորապէս քիթիկին շատ զմայլած ըլլալովս, զինքը սիրելով կնութեան առի եւ սիրելով 28 տարի շարունակ երջանիկ ապրեցայ եւ սիրելով որոշուած օրը այս երկրէս պիտի երթամ»:
Ինքզինքը «չափխըն»ը (կնամոլ) կոչած Զոհրապը 22-23 տարեկան հասակում շատ խիստ հայեացքներ ունէր կանանց ազատութիւնների, կանանց դերի մասին: Նա սիրում էր կանանց իրենց կին լինելու, նուրբ, հեզ, թոյլ, անօգնական լինելու համար: Նրա համար հակաբնական էին երկու սեռերի իրաւահաւասարութեան մասին նոր-նոր ծլող հայեացքները, առաւել եւս դրանց հայկական դրսեւորումները: Երբ 5 տարի յետոյ Զոհրապ ամուսնանայ, կը փոխէ իր ձեւակերպումները: Կարծիքը երկու սեռերի վերաբերեալ կը մնայ նոյնը, բայց կը դառնայ առաւել հանդուրժող եւ փափուկ: Զոհրապ գրում է, որ կնոջ սիրտը նաւահանգիստ է, ուր «պիտի ապաստանինք աշխարհի փոթորիկներէն», որ կնոջը պէտք է սիրել սրտի եւ ոչ մտքի համար. «Ուսեալ կին մը՝ կին ըլլալէ կը դադրի իմ աչքիս»: Բայց կանանց հասարակական, մասնագիտական ակտիւութեան նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը բումերանգի պէս վերադարձուեց իր ընտանիքին: Իր աւագ դուստրը՝ Դոլորես Նուարդ Զոհրապ, յետագայում դարձաւ բորսայի աշխատող եւ ճկուն մտքի եւ խելացի հաշուարկներ անելու կարողութեան շնորհիւ իր գործում հասաւ մեծ յաջողութեան: Ունեցաւ շատ փող, բայց երբեք չեղաւ այն կինը, ում կերպարը պրապագանդում էր իր հայրը. ամբողջութեամբ նիւ-եորքեան բիզնեսի մէջ՝ Դոլորես Զոհրապ-Լիպմանը (ամուսնացել էր մեծահամբաւ Լիպմանի հետ) վերջնականապէս կորցրեց առողջութիւնը եւ մնաց անժառանգ: Տէր եւ տիկին Զոհրապների զաւակներից եւ ոչ մէկը չունեցաւ ամուսնական, ընտանեկան այն ջերմութիւնը, որ առկայ էր Գրիգորի եւ Կլարայի միջեւ: Զոհրապ ընտանիքը երրորդ սերունդ չտուեց. չորս զաւակներից ոչ ոք երեխայ չունեցաւ: Զոհրապի եւ Կլարայի սէրը մնաց չգերազանցուած:
Նրանց սիրոյ պատմութիւնը ամենագեղեցիկը եւ ամենադրամատիկն էր իր իսկ ստեղծած նորավէպերի բոլոր պատմութիւններից… Կնոջ արդուզարդի համար նա կարող էր մի ամբողջ օր վատնել եւ այդ օրը համարել «աղուոր օր մը»: Մարդկային փոքրիկ ուրախութիւններից նա ստեղծում էր երջանկութիւն: Իսկ փոքրիկ ուրախութիւնները իր համար թէ՛ գնումներն էին, թէ՛ թղթախաղը: Նա կարող էր ընթրիքից հրաժարուել խնայողութեան համար, բայց գնալ խաղատուն եւ տասնապատիկը տանուլ տալ: Դա կեանքն էր: Ընդհանրապէս, կեանքը խաղ էր իր դիտարկմամբ. «Կը մտածեմ, որ փոքեր մըն է ամբողջ կեանքը», – գրում է որդուն՝ Արամին, 1912ին հասցէագրուած նամակում:
Վիսբադենում եղած ժամանակ՝ 1911թ., Զոհրապը յանկարծ վերյիշում է իր պատանեկութեան սէրը: 1881ն էր, երբ նա տեսաւ ու սիրեց Մաթիլդը՝ այն համակրելի կաթոլիկ հայուհին: Հիմա՝ շատ տարիներ անց, նորից այդ անունը տակնուվրայ է անում Զոհրապի հոգին: Իր այս առաջին եւ մերժուած սիրոյ գրական վերարտադրութիւնը եղան երկու բանաստեղծութիւնները՝ «Նախանձը» եւ «Հրաժեշտը», եւ սիրոյ պատմութեան արտացոլանքը յայտնուեց «Անհետացած սերունդ մը» վէպում: Բայց առաջին սիրոյ այդ վերյուշը չէր կարող հեռացնել Կլարային. այս կինն այնքան մօտ եւ սիրելի, այնքան թանկ եւ անփոխարինելի էր Զոհրապի համար: Բայց կար մի բան, որ երբեմն փչացնում էր իրենց ամուսնական կեանքի հովուերգութիւնը. խանդն էր: Կլարայի խանդը Գրիգորի հանդէպ: Զոհրապը կարողանում էր թեթեւութիւն մտցնել լրջացող խնդրի մէջ, որն էր խանդը, այն վերածել հումորի եւ անմեղ երեւալ, կամ գուցէ եւ իսկապէ՞ս անմեղ էր:
Ինչպէս կ՛ուզենար թօթափել ամէն խնդիր, անջատուել կեանքի աղմուկից եւ մարդկային սխալ յարաբերութիւններից եւ զբաղուել այգեգործութեամբ: 1913ին կարծես թէ իր այս երազանքը պիտի իրագործուէր: Բայց պատերազմը խափանեց իր այս ծրագիրը:
1915ի Մայիսին նոր-նոր էր վերադարձել տուն Թալէաթի հետ Արեւելեան ակումբում թուղթ խաղալուց, երբ ձերբակալեցին եւ տարան Ղալաթասերայի ոստիկանատուն, այնտեղից՝ Գոնիա, յետոյ՝ Ադանա, որտեղ երազում էր նարնջենիներ տնկել, ապա՝ Հալէպ: Նա շարունակում էր կնոջը նամակներ գրել, ինչպէս միշտ սովորութիւն ունէր գրելու, երբ բաժանւում էին: «Սիրական, աղուորիկ, քիթիկլի կնիկս», «մէկ հատիկ, անուշիկ, չի գտնուած գանձս, կնիկս, հոգիս». այս արտայայտութիւնները, որ արուել էին համատեղ կեանքի 27 տարիների ընթացքին, մի քանի օրում խմբագրուեցին «սիրական եւ խեղճ կնիկս», «սիրելի եւ դժբախտ կողակիցս»: Հումորը, որ միշտ օգնել էր նրան յաղթահարել դժուարութիւնները, բթացել էր:
… 1915թ. Յուլիսի 6, եւրոպական ժամանակով առաւօտեան 5…

Ն. Թուխիկեան «Խոստովանութիւն» գրքից
Նկարում՝ Գրիգոր Զոհրապ, Կլարա Եազըճեան

Magaghat.am

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

Աբրահամ եւ Անթառամ Աճէմեան եւ զաւակունք

ԺԱՆ ԵՒ ԷԼՕ ԹԻԹԻԶԵԱՆ

ՄԻՔԱՅԷԼ ԵՒ ՍԱԼԲԻ ՀԱՑՊԱՆԵԱՆ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s