Mediaeducational blog

Լեռ Կամսար/ Ler Kamsar/ Цитаты

Оставьте комментарий


ԿամսարՄի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։

* * * *
Որևէ երկրի հզորության չափանիշը իր ֆինանսներն են, որոնք սերտ կապված են ժողովուրդի հաջող կերպով տուրքադրելու հետ: Ինչպես կովին չի կարելի մեկ պտուկեն կթել, մնացյալը թողնել, այնպես ալ չի կարելի տուրքադրման որևէ օբյեկտ անտեսել՝ այդ այտուցներ ու խանգարումներ առաջ կբերե ժողովրդական ստինքին մեջ:
Քաշել, ծծել ժողովրդական բոլոր ռեսուրսները. ահա այս է եղած մեզ ղեկավարող սկզբունքը, որն անհողդողդ կիրառել է մեր կառավարությունը:

* * * *
Դիակնե՛ր, դիակնե՛ր, ո՜վ սարսափ։
Ամենայն գիշեր պառկելես առաջ այսպես կաղոթեմ։
-Աստվա՛ծ, թեթև մը շարժե սա երկիրը, թող երկրաշարժ ըլլա։ Մոսուլը թեքե իր տակը ու նավթը երթա ամայի անապատ մը, Սահարային տակը լեցվի, ուր ոչ մեկ պզտիկ ազգ կա։ Բավական է, տե՛ր, կըսեմ, ափ մը նավթի համար ինչո՞ւ կվառես սա թշվառ ժողովուրդները… ամե՜ն։

* * * *
Մենք այս իշխանության տակ ապրելով անանկ մեծ դժբախտության մեջ ենք ինկեր, որ մնացյալ համայնական թշվառություններն` երկրաշարժ, սով, պատերազմ, հրդեհ, եթե երջանկություն չեն` չեն ալ վախեցներ մեզի։

* * * *
Կսիրեք եղեր հայերը։ Երնեկ մեզի, ալ ինչ դարդ ունի՞նք… “Սեր” մը, որ մեր դարավոր թշվառության պատճառն է դարձեր։ Հրեաներուն` “մեծ ազգ” ընելու հույսով` աստվածն օրորեց, իսկ հայերը դիվանագետներն օրորեցին ու վերջն ալ օրրոցը… շուռ տվին։ Դուք մեզի կսիրեք, բայց մենք ձեզ չենք սիրեր։ Իսկ սերը փոխադարձ ըլլալու է, ապա թե ոչ` բռնաբարության կերպարանք կառնե։ Քանի դեռ շատ չեք խորացեր “սիրո” մեջ, անմիջապես մոռացեք մեզի ու սիրեցեք ուրիշին։
Չկա՞ն մեզ նման ազգեր, մեզմե ավելի մանր, ավելի գեղեցիկ:

* * * *
Հազար ձևի աստվածներ կան, չգիտես ո՞ւմ երկրպագես։ Միակ ընդհանուրն այն է նրանցում, որ բոլորն էլ միատեսակ փառք են պահանջում։ Դու «փառքը» բերանումդ՝ պատրաստ կեցիր, աստվածները մեկ-մեկ կգան, կփառավորվեն կերթան…

* * * *
— Մեր պատվարժան գրողներեն Իսահակյանն ու Շիրվանզադեն, Փարիզեն խորհրդային իշխանության կողմեն Հայաստան են հրավիրված, ամսական 250 ռուբլով սոցիալիստ ըլլալու համար։
Պայմանն ընդունված է, և հիշյալ գրողները ըստ ռոճկացուցակի` փետրվարի 15-են արդեն սոցիալիստ են և խզեր են իրենց բոլոր կապերը ազգային շրջանակներու հետ…
Ահա այսպես կըլլա այն բոլոր գրողներու վախճանը, որոնք իրենց քարոզած “անկաշառութենեն” ու “մաքրութենեն” պատառ մը չեն կտրեր անդին դրեր, իրենց ծերության օրերը զարդարելու և պատվով մեռնելու համար։ Անոնց գրվածքներու մեջ բեռնակիրն անգամ օժտված է քանի մը հոգեկան առավելություններով, իսկ իրենք այսօր պիտի մեռնին հոգով աղքատ։

* * * *
…հեշտ են կատարվում մեզ մոտ բոլոր տեսակի ընտրությունները։
Ինչպես վարժ վիրահատը հանում է կույր աղիքն առանց նեղություն տալու հիվանդին, այնպես էլ մեր կառավարությունը կույր աղիքը պատվաստում է ժողովրդին, առանց ընտրողին ու ընտրվողին որևէ ցավ պատճառելու։

* * * *
Այսօր խոսակիցս սաստիկ կզարմանար, որ ասանկ աղքատ երկրի մը մեջ, ուր անգործություն միայն կա, ավազակություն չի պատահեր։
– Հանգի՛ստ եղիր, – ըսի, – այդ դերը պետությունն է վերցուցեր իր վրան ու կտանե ավելի ծրագրված, քան պարտիզան ավազակը։

* * * *
Կյանքիս մեջ երկու շատ ծանր օրեր եմ տեսել։ Մեկը դրանցից այն օրն էր, երբ մենք պիտի գաղթեինք մեր հայրենիքից ընդմիշտ՝ տաճիկներին թողնելով մեր տունն ու տեղը, մեր նախահայրերի գերեզմանները և այն բոլորը, ինչ քաղցր էր մեզ համար աշխարհում։ Մի անակնկալ քամի պատուհանը բաց անելով հանկարծ մարեց մեր ճրագը, և մենք այլևս ոչինչ չտեսանք…
Ու սա կես դար է համարյա, որ մենք աչքը փակ դիտում ենք մեր կորցրած դրախտը մեր հոգու աչքերով։
Իմ կյանքի երկրորդ դժբախտ օրն այն էր, երբ օրը ցերեկով երկու չեկիստ եկան տունս խուզարկեցին, բաժանեցին ինձ իմ կնոջից ու երեք սիրասուն զավակներից, տարան չեկա ու երկաթե դուռը ետևիցս փակեցին։
Ես զրկված էի ապրելու համար երկու ամենաանհրաժեշտ բանից՝ Հայրենիքից ու Ազատությունից։
Եվ որովհետև չգիտեմ, թե այդ երկու բաներից որին առաջին տեղը պետք է տալ, որին երկրորդական, այդ պատճառով էլ ատում եմ տաճիկներին ու բոլշևիկներին հավասար ատելությամբ։
Լեռ Կամսար 1960

* * * *
Ինծի մնա, չարժե մեռնիլ ոչ մեկ գաղափարի համար։ Վասնզի ամենեն մեծ գաղափարը բուն կյանքն ինքն է։ Ու կյանքեն մեծ գաղափար մը տիեզերքը չի ծնած տակավին։

* * * *
Ամեն անգամ, երբ հիշում եմ թուրքահայ աղետը, լցվում եմ վրեժխնդրությամբ և մեկն եմ փնտրում, որ թույնս վրան թափեմ:
Չեմ մեղադրում թուրքերին: Ինչպես գայլը ոչխար տեսնելիս պիտի հոշոտի, այնպես էլ թուրքը հայ տեսնելիս պիտի կոտորի:
Կարո՞ղ ենք գայլին մեղադրել գազանությամ մեջ: Ոչ: Նա բերանը կբանա ու կասի.
-Այսպիսի ատամնաշար ունեցողը չի կարող խոտ ուտել, նա մեկին պիտի հոշոտի:
Ես այսօր բարկացած եմ… Քրիստոսի վրա:
Հայկական բոլոր կոտորածների պատճառը Քրիստոսն է:
Եթե քրիստոնեությունը չլիներ՝մենք երբեք չէինք կոտորվի…

* * * *
Թուրքական կոտորածները իրենց բնույթով տարբեր են բոլշևիկյան կոտորածներից:
Առաջինները կոտորելիս ստից մեղադրանք են ներկայացնում իրենց զոհերին, իսկ բոլշևիկների կոտորածների մեջ ոչ մի տենդենց չկա, նրանք կոտորում են մարդկանց «արվեստը արվեստի համար» նշանաբանով…

* * * *
Մեր դատավորները փոքր գողեր կարող են բռնել. մեծերից վախենում են։
Հիշում եմ, երբ հեռավոր աքսորում ինձ նշանակեցին ցորենի պահեստին պահակ, աչքովս տեսնում էի, որ ամբարը դատարկում էին ոչ թե սովորական մկներ, այլ սոսկալի առնետներ, որոնց բռնելու համար ոչ մի կատու սիրտ չէր անում մոտենալ։ Լագերի վարչությունը շներ կանչեց, նրանք էլ հեռու էին փախչում այդ հուժկու կրծողներից։
Այն «առնետները», որոնց սիրտ չեն անում մոտենալ մեր դատավորները, մեր մինիստրներն են ու ցեկայի անդամները, որոնք օրը ցերեկով դատարկում են պետական ամբարներն առանց դատավորին մի գրոշ տալու։
Պետությունը «շուն» չի կանչում, իմանալով, որ դրանից էլ բան դուրս չի գա։

* * * *
Ինչպե՜ս իսկույն կփոխեն մեզ մոտ մարդիկ իրենց սկզբունքները։
Երեկո դաշնակ կպառկեն` առտու բոլշևիկ կզարթեն։
… Տխմա՜ր պետություն, եկեր Երևանի թա՜ց, ջուրի չափ խոնավ տունե՞ր կապահովագրես հրդեհին դեմ։ Տուներ, որոց վառելու համար պետք է քանի մը ամիս փուռը չորցնել։
Մարդոց սկզբունքները ապահովագրե, որ գեթ մեկը երկու օր միևնույն սկզբունքին ծառայե…

* * * *

Օրումս ես բարի ազգ կամ պետություն չեմ տեսել։ Մի պետություն, որ կահ-կարասի առած ժամանակը մի ավել աթոռ էլ գներ հյուրերի համար։ Ասեր՝ էս աթոռն էլ առնեմ, մի հարևան պետություն տունս մտնելիս ոտքի վրա չկանգնի։ Ո՛չ։ Այդպիսի բան չկա։ Հայ ազգը սա վեց հարյուր տարի ոտքի վրա է, ոչ մի մեծ պետություն աթոռ չառաջարկեց, թե ա՜յ տղա, առ նստիր։ Այն էլ իր սեփական հողի վրա։

* * * *

Մեզ մոտ մի ճաշարան կա, որ ամենայն օր ավելացած ճաշերը տաքացնում է ու հաջորդ օր դնում հաճախորդների առջև։
Մեր ընտրություններին եթե գեթ ադքանն անեին՝ էլի ես շնորհակալ պիտի լինեի։ Մեր ընտրությունները այդքան էլ չեն անում. հին կառավարությունը պաղ-պաղ մյուս օր նորից դնում են “ընտրողների” առջև…

* * * *

Հայ, Հայաստան, կըսեք ու կքալեք։ Երկրիս երեսին հավերժական ժառանգություն չկա։
Կըսեք Նոյեն եք առեր, Նոյի՞նն ով էր տվեր. Աստվա՜ծը։Թույլ տվեք նկատել քիչ մը… քիչ մը…
Աստված գոյություն չունի։ Երկիրը ով տիրեց, իրենն է,ուրիշ արդարություն չկա։ Ձեր երկիրն առաջ խալդիներուն էր, ի՞նչ իրավունքով քշեցիք ու տիրացաք երկրին։Ան ատեն քշեցիք, հալալ էր ձեզի, բարի վայելումն. պատմության մեջ երբ ուժեղ եք եղեր՝ Հայաստան եք ունեցեր, երբ թույլ՝ կորսնցուցեր։

* * * *

Իմ ողջ կյանքում փնտրել եմ մի բան արժանի դավանելու ու չեմ գտել։ Գիտեմ, սա մեծ դժբախտություն է, գիտեմ, հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` սրանք ձեռնափայտեր են, որոնց մարդիկ բռնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, սրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։

* * * *

Այն մարդիկ, որոնք իրենց կյանքում միայն չարիք են գործել, ինչ քաշով աշխարհ են մտնում, նույն քաշով էլ աշխարհից հեռանում են։ Այսինքն, մեռնում են հարյուր տոկոսով։
Կան դրան հակառակ մեռնողներ էլ, որոնք ավազի վրա հոսող առվակի նման ճանապարհին ամբողջովին ծծվում են շրջապատից, և համարյա ոչինչ չի մնում նրանից գերեզման դրվելու համար։

* * * *

Ես ո՞նց ապրեմ
Մա՜յր իմ, այս անհամ շրջապատում ինչո՞ւ ինձ քաղցր ծնար։ Դարվինը չե՞ս կարդացել, չգիտե՞ս, որ կենդանի արարածը
իր գոյությունը պաշտպանելու համար
պետք է շրջապատին հարմարվի, թիթեռը անապատում ավազի գույն հագնի, կանաչի վրա` կանաչ, երկնքում ճախրելիս`կապույտ։
Ճիշտ այնպես, ինչպես հիմա ապրելու
համար մարդիկ դաշնակների
իշխանությանը դաշնակ են դառնում,
բոլշևիկյան իշխանությանը` բոլշևիկ,
դեմոկրատականինը` դեմոկրատ։
Իսկ դու սևի վրա սպիտակ ծնար, ես ո՞նց ապրեմ…

* * * *

Նախնի բռնավորներուն և միապետներուն Աստվածը վերեն կկախեր մեր գլխուն, որ կառավարեին։
Ան ատենները այդ երևույթը կորակեինք իբրեւ անլուր բռնություն հանդեպ մարդկային սրբազան իրավունքի։
Սակայն, ո~վ կերևակայեր, որ պիտի գա ժամանակ մը , երբ մարդիկ իրենք պիտի ընտրեին իրենց բռնավորները։
Ցարը մեզի կապտակեր իր ձեռներովը ու մենք կբողոքեինք։
Ի՞նչ պիտի ընենք հիմա, երբ մեզի կստիպեն ապտակել մեզի մեր իսկ ձեռներով…
Ուրիշ կերպ անկարող եմ որակել ընտրություն մը, որ կառավարությունը կընտրե ու ժողովրդյան բռնի կքաշե մատ բարձրացնելու։
… Երանի~ անոր այս երկրին մեջ, որուն մատը կտրված է կամ բազուկը գոսացած։

* * * *

Ստալինի ողջ ժամանակը, ամբողջ քսան—երեսուն տարի, գիշեր ու ցերեկ ես մտածում էի այն մասին, թե եթե Ստալինին բռնեն ու իմ ձեռքը հանձնեն` ես նրան ի՞նչ պատժով պատժեմ։
Այդքան մեծ ոճրագործի համար աշխարհի ոչ մի օրենսգրքում պատիժ չի նախատեսված։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդի ջերմաչափ շինողները չնախատեսելով, որ հիվանդը կարող է քառասուներեք աստիճան տաքություն ունենալ` ջերմաչափը քառասուներկու աստիճանից են կառուցել մինչեւ այսօր։
Հա։ Ուրեմն ես ամբողջ երեսուն տարի Ստալինին պատիժ որոնեցի ու չգտա, իսկ այսօր, որ գտել եմ այդ պատիժը, ցավոք սրտի Ստալինն արդեն մեռել է։
Գիտե՞ք ինչ պատիժ է գտածս։ Ասեմ։
Եթե այս րոպեիս Ստալինին կենդանի իմ ձեռքը տային, ես առանց մազաչա՜փ խղճահարվելու… կամուսնացնեի նրան կնոջս հետ։

* * * *

Իդեալը գեղեցիկ է, բայց մեջը փուչ։ Մարդկության այն մասը, որին չբավարարեց այս իդեալը, սկսեց այլ իդեալներ որոնել կյանքում և իր որոնումների մեջ այնքան փոքրացավ, որ հասավ մինչև… սոցիալիզմ։
Այսինքն, եթե ես ու դու հավասարապես կուշտ ենք՝ ուրեմն երջանիկ ենք։ Այս տեսանկյունով՝ աշխարհում երջանիկ են այն ավանակները միայն, որոնք ընկած են առվույտի արտի մեջ և ուտում են ըստ իրենց ստամոքսի տարողության։ Եվ մարդկանցից էլ նրանք միայն, որոնք ընկած են անծայրածիր խոհանոցում։
Հարց. ներկա կապիտալիստը, որ հասել է արդեն այդ ստամոքսային իդեալին, երջանիկ զգո՞ւմ է իրեն արդյոք։
Բոլորովին։
Ամենադժբախտ մարդը։
Նա գիշեր ցերեկ տանջվում է այն ցավով, թե ի՞նչ անի, որ իր ստեղծած բոլոր բարիքները ինքը միայն ուտի ու բախվում է անհաղթահարելի արգելքի՝ իր ստամոքսը փոքր, իր բարիքները անծայր։
Բարդ հասկացություն է երջանկությունը, շատ բարդ։
Երջանկությունը շաքար չի, որ ճակնդեղով միայն շինվի։
Երջանկությունը մեղր է, որի համար մեղուն աշխարհի բոլոր ծաղիկների վրա է թառում, այն պատրաստելու համար։

* * * *

Իմ կինը երբ առողջ է, իր ողջ էներգիան գործածում է ինձ վրա գոռալու, վրաս բարկանալու, գլխիս փոթորիկ հանելու, ճիչ ու աղաղակ բարձրացնելու, հայհոյելու ու անիծելու վրա։
Մի չտեսնված անքամի փոթորիկ, մի ամուսնական թայֆուն իր բոլոր հետևանքներով։
Ես` որպես մարդ,  ամեն օր սխալվում եմ։ Օր է պատահում մինչև իսկ, որ երկու անգամ եմ սխալվում, իսկ կինս իր ողջ ամուսնական կյանքում մի անգամ իսկ չի սխալվել ու չգիտի ի՞նչ բան է սխալվելը։
Երբ մեկը այս ամբողջովին սխալ ստեղծված աշխարհում չի իմանում ինչ բան է սխալը` ինչ կարոսղ ես անել, պետք է նրա գործած բոլոր հանցանքները վրադ բառնաս ու քաշես։
Բայց այս զարհուրելի կինը, երբ հիվանդանում է, քառասուն աստիճան տաքության մեջ մի տեսեք ինչպես մեղմանում է, քնքշանում ու հեզանում։ Հայացքը մեղմ ու շոյիչ, խոսում է շշուկով, ինչպես մտերիմներն են խոսում, անգամ ժպտում է երեսիս…
Ա՜խ, ինչ մեծ երջանկություն է եղել հիվանդ կին ունենալը։
Այս ամուսնությունը այսպես էլ թող գնա, բայց ես հաստատ վճռել եմ, երկրորդ անգամ ամուսնանալիս անպատճառ մի մահամերձ կին առնել։
Սա երկու առավելություն կարող է ունենալ. մեկը այն, որ քնքուշ կվերաբերվի հետդ, երկրորդ էլ, երբ մեռավ` միանգամից կազատվես կնոջ խեր ու շառից…
———————————

Ես ամուսնության մասին հետևյալ կարծիքն ունեմ. եթե հատուկ քեզ համար մի ծնողի պատվեր չես տալիս կին ծնելու` նախապես ծնված պատրաստի կինը երբեք վրադ չի նստելու։

* * * *

Մեզանում սովորություն է դարձել կին առնելը ձմերուկ առնելու նմանեցնել։
Ճիշտ է որոշ նմանություններ կան, բայց տարբերությունն ավելի մեծ է։
Ձմերուկ առնելիս կարող ես կտրել տալ, նոր վերցնել. իսկ կնոջը չես կարող կտրելով առնել. պիտի ամբողջ վիճակում տուն բերես` հետո կտրես։ Քո բախտը. կարող է կարմիր դուրս գալ, կարող է` դդում։ Երբ ձմերուկը դդում է դուրս գալիս,  կարող ես ածել անասունների մսուրը ու հանգստանալ, իսկ դդում կինը մինչև  կյանքիդ վերջը պիտի ուտես` չիմանալով` ինչ բան է ձմերուկը։
Ամուսնությունը վիճակախաղ անգամ չէ. վիճակախաղի ամենամեծ դժբախտությունը այն է, որ քաշածդ տոմսը կարող է փուչ դուրս գալ, իսկ ամուսնական վիճակախաղում փուչ տոմս գոյություն չունի. նրա բոլոր տոմսերն էլ շահում են` կա՜մ երջանկություն, կամ դժբախտություն։

* * * *

Կնոջ մասին մի գրող շատ ճիշտ բան է ասել։
Ասում է՝ կինը նման է Պիզայի աշտարակին, ծռվում է դեպի քեզ, բայց հեշտությամբ չի փուլ գալիս վրադ։
Բայց ճիշտ է նաև այն, որ եթե մի անգամ փուլ եկավ վրադ, էլ հավիտյանս դուրս չես գա տակիցը, կյանքդ կխորտակվի։

* * * *

Փողոցում մի երիտասարդ հարցրեց ինձ.
— Ինչպե՞ս կարելի է մտնել Սովետական գրողների միության մեջ:
— Մի ժամանակ շատ հեշտ էր, — պատասխանեցի, — ինչպես կլիզման հիվանդի հետույքը մտցնելու համար գործիքի ծայրը օճառին են քսում, այնպես էլ այդ Միության մեջ մտնողը պետք է իր գրչի ծայրը Ստալինին քսեր: Ուզում եմ ասել՝ մի ներբող գրեր Ստալինի մասին:
Հիմա Ստալին չկա. նրա տեղը Խրուշչովն է նստած: Չգիտեմ Խրուշչովին քսելով կարելի՞ է մտնել, թե ոչ: Պետք է փորձել…
1962թ.

* * * *

Ինչպես դերասանը չի կարող բեմ բարձրանալ իր սեփական շորով ու սեփական դեմքով, այնպես էլ գրողը չի կարող Հայաստանի գրողների շարքը մտնել իր սեփական ճաշակով, սեփական համոզմունքով ու սեփական լեզվով։ Անմիջապես քեզ կուլիս քարշ կտան, նոր լեզու կդնեն բերանդ ու բեմը կհրեն ասելու այն, ինչ «հուշարարը» ականջիդ կշշնջա։
Իսկ այս՝ ռուսերեն ասվում է «խոսքի ազատություն»…

* * * *

Այն կրոնը,որ Աստված է փնտրում ու չի գտնում,բանական է,բնական է ու մարդու էությունից է բխում:
Այն կրոնը,որը գտել է իր Աստվածը ու սկսում է պաշտել նրան,դա կռապաշտություն է:

* * * *

Ես արդեն ի բնե խոնարհ` սոցիալիստական զրկանքն էլ եկավ վրան։
Այսօր գլխահակ, վշտերիցս օրորվելով, երբ անցնում էի փողոցով, մեկ էլ հանկարծ ընդվզեցի եւ գլուխս բարձրացնելով` կամեցա նզովել Աստծուն։
Այդ միջոցին նկատեցի, որ գլխիս վերեւում ակացիաները ծաղկել են արդեն, եւ ծառերը սաղարթակալել։
Գարո՞ւն է արդեն, զարմացած ասում եմ ինքս ինձ, իսկ ես կարծում էի` դեռ ձմեռ ենք ապրում։
Այստեղից եզրակացրի, որ մարդս իր կյանքում գեթ մեկ անգամ ընդվզելու է, որ առիթ ունենա գարունը վայելելու…։

* * * *

Պետություն ըսածդ կոոպերատիվ խանութ մըն է, որոց բաժանորդները նույն ազգի հարուստներն են. նախարարները գործավարներն են այդ խանութին, որք առանց պատշաճ օրդերի ոչինչ չեն տար ազգի մը…
Ազգ մը հույսը ոչ սեփական և ոչ առավել ևս օտար պետությանց վրա դնելու է, ան միայն իր ուժերուն վրա վստահելու է…

* * * *

Ինչպես կատուները փուչ ընկույզի հետ ավելի երկար են խաղում՝ քան լիքի, այնպես էլ կառավարությունն ամիսներով ռեկլամում ու թմբկահարում է այն ընտրությունները, որոնք ժողովրդի սրտին ոչինչ չեն ասում, ավելորդ են, նվաստացուցիչ և անբովանդակ։

* * * *

Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն՝ մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կը տեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը։
Տե՜ր, տե՜ր, մանրե այդ մարդիկ՝ նոր աշխարհ ղրկե, տե՜ր…
Տե՜ր, չէ՞ երեկ էր, որ խոսվեցավ «ներկա մոմենտի» մասին. չլսեցի՞ր որքան ծանր էր մեր կացությունը. չտեսա՞ր, որ մենք անդունդի ծայրին ենք, որ մեր փրկությունը ճակատը պահելու մեջ է…
Տե՜ր, դուն զինվոր ղրկե ու Հայաստանն ազատե թշնամուց՝ ալ մի խառնվիր։ Ես մարախի նման իշխաններ կը հանեմ ազատված երկիրը կառավարելու համար, տե՛ր…
Կաղաչեմ, ո՜վ տեր, բան մը ասոնց գլուխեն պակսեցուր ու բան մը սրտի վրա ավելցո՛ւր, նաև բան մը ասոնց արտաքինեն կտրե ու ներքինին կցան տուր։Ու եթե կարելի է, պզտիկ բան մըն ալ ասոնց էութենեն հանե ու մեր կարոտ…Ազգին տուր…
Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս ամեն…

* * * *

Հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն։

* * * *

Հայաստանն ալ հարուստ է հիմա ու շենության կողմե կրնա մրցիլ տանուտեր Խաչոյին տանը հետ։Այսպես Հայաստանն իր դռնեն 1400 պաշտոնյա դուռս կհանե, 400 զինվոր, 7000 կոմիսար, 8000 լիազոր, 70 մինիստր, 70 մինիստրացու, 2 աշխատավոր, 3 աշխատանքի պաշտպանության կոմիսար։Գանձարանի մեջ կեռա,եփ կուգա նոր թղթադրամը,մինիստրներու սնդուկներուն մեջ կպճպճան 7 տարվա հին… հաշիվները։ Իր հովանու տակ կգտվին հսկա “Կոոպերատիվներու միությունը”, որուն մեջ թաթերը լիզելով ել ու մուտ կնեն հազարավոր պաշտոնյաներ։ Սուճուխը կախ-կախ, տոլմաները թիթեղներու մեջ սեր կերգեն։-Սեր, գինի, երգ,- ահա այն ֆակտորները, որոնք անհրաժեշտ են արևելյան իմաստով պետություն կազմելու համար։

* * * *

Եթե մարդն աշխարհ գալիս մի բան չի վերցնում անցյալից և մի բան չի թողնում ապագային, ապա դրան դուրս պիտի գլորել մարդկային շարքից՝ որպես շինության համար անհարմար կլոր քար։

* * * *

Չորսը տարին լրացավ, ու այսօր դարձյալ պետական ընտրություններ են մեզ մոտ։
Մի ընտրություն, երբ ոչ մի իշխանավոր իր տեղից չի շարժվում։ Աթոռից մի վայրկյանով բարձրանում ու էլի նույն աթոռին նստում։
Երբ այդ այդպես է, զարմանում եմ, ի՞նչ կարիք կա անհանգստացնել մեր ղեկավարներին։ Հազիվ են տեղները տաքացրել, թող նստեն, էլի։

* * * *

Գաղափարը պիտի դավանեն միայն Հովբ Երանելիները։ Գաղափարը զոհ է պահանջում, նա բարիքների ամբար չունի իր դավանողի առաջև բաց անելու համար։
Այն դավանանքն է սուրբ, որի համար մեռնում են…

* * * *

Արդյոք մարդու էության մեջ կա՞ ազատության տենչ։ Ո՛չ։ Կա ստրկության տենչ։ Ապացույցն այն, որ ազգերը, ազատվելով միապետական բռնակալ լծից, դառնում են հանրապետական, ու իրենք կամովին իրենց գլխին մի բռնակալ են դնում՝ այն անվանելով “նախագահ”։
Ուրեմն, ավելի վատ։ Միապետության ժամանակ ազգը կարող էր արդարանալ, թե բռնապետը նստել է իր կամքին հակառակ. հիմա՞ ինչով պիտի արդարանա։

* * * *

Դեմոկրատական ներկա դարում ատոմային ռումբը ազատ ընտրությունն է և ոչ թե զենքը։

* * * *

Ինչպե՞ս կարող եմ ես ծիծեռնակներին էլ, ճնճղուկներին համահավասար սիրել, երբ առաջինն ամառվա ամիսներին է միայն գալիս մեզ մոտ ամառանոց, ուտում, բազմանում ու աշնանը վերցնելով իր ընտանիքը, փախչում է մեզանից: Մինչ ճնճղուկն իր բախտը մեր բախտին կապած, ապրում ու մեռնում է մեզ հետ և ձմեռները մեր տերևազուրկ ծառերի վրա ոստից ոստ թռչելով՝ կենդանացնում մեր մեռած բնությունը:
Տեսեք քանի՜սն են թառել պարտեզիս միակ թթենու վրա:
Ջանիկնե՜րս…

* * * *

Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը… դատավորն է։

* * * *

Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է։

* * * *

Ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։

Զարմանալի կերպով մեր կառավարության ընտրությունները համընկնում են տարվա այն մասին,երբ էգ կատուները կտուրները ելած, բեղմնավորող որձեր են փնտրում։
Կատուները անտանելի մլավում են կտուրներում. ընտրողները՝ թերթերում և ժողովներում։
Մեկը ամուսին է փնտրում, մյուսը՝ իշխանություն։
Միակ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու տեսակ ընտրողների մեջ, այդ այն է, որ կատուն բեղմնավորվելով երբեք անցյալ տարվա ձագը նորից չի ծնում, իսկ կառավարական ընտրությունը միշտ միևնույն է ծնում։
Ու չեմ հասկանում, որ եթե առաջուց նախատեսված է ծնվելիք “կատուն”՝ էլ ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։

* * * *

Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ։

* * * *

Ասում են՝ եթե գայլի աչքերին ուղիղ նայես՝ չի հարձակվի վրադ։
Փորձի համար ես մահվան աչքերին եմ նայում ուղիղ, տեսնենք կհարձավի՞։
Ես բոլշևիկների աչքերին նայեցի՝ իրոք որ չհարձակվեցին։
Ուրիշները Լենինի անունը լսելիս էգ շների նման պոչն առած երկու ոտների արանքը ներբող էին կախկանձում՝ ես նրան ցար անվանեցի ու նրանից ավելի մեծ բռնակալ։
Բայց ես կարող եմ մահվան աչքերին նաև ուղիղ չնայել։ Այնքան սիրուհիներ ունեմ մեռած, որ գերեզմանը դարձել է իմ աներանց տուն…

* * * *

Աստվա՛ծ, եթե ուզում էիր, որ քո ատեղծած աշխարհում բնակիչ լիներ՝ պետք է մարդուն երևակայությամբ չօժտեիր:
Ո՞ր երևակայող մարդը կապրի քո անդուռ, անպատուհան աշխարհում՝ մեջը ծայրեծայր հակասություն…

* * * *

Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։

* * * *

Ես, որ փիլիսոփա եմ, այդ ոչ թե շատ խելք ունենալուցս է, այլ կյանքում լիաթոք չապրելուց։
Եթե աջ կողմից ինձ մի կին քաշեր, ձախ կողմից մյուսը, եւ ես միջոց չունենայի նրանց հասնելու, ի՞նչ գործս էր աշխարհի մասին մտածել եւ մարդկանց գործին միջամտել։
Կորչի աշխարհն էլ, մարդն էլ։ Ինձ սեր է հարկավոր։

* * * *

Թուրքիան ոչ թե մի ազգի, այլ համաշխարհային դահիճ է։

* * * *

‎-Ո՞վ ես դուն պզտիկ,- հարցուցին մեծ պետությունները Հայաստանին։
Ե՞ս… Ռուսաստանին անկախն եմ ե՛ս,- կուրծքը հպարտ դուրս ձգելով խրոխտ պատասխանեց պզտիկը։

* * * *

Եթե արվեստը ի սպաս դրվի որևէ անհատի, քաղաքական կուսակցության կամ պետության, այն կդադարի արվեստ լինելուց և կդառնա ապրելու գործիք քրիստոնյա տերտերների, սոցիալիստ առաջնորդների և ոճրագործ կառավարությաւնների։

* * * *

Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։

* * * *

Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները: Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է, այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին:

Նյութերը ըստ Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանի

Աղբյուրը` www,anunner.com-ի

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s