Mediaeducational blog

Լեռ Կամսար.Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը… որ այս կառավարության երեսը չտեսնեմ…

Оставьте комментарий


Կամսար(Գրական դիմանկարի փոխարէն)
Ես դեդուկտիւ ծնունդ եմ: Մինչ ուրիշներն իրենց կեանքի վերջում են ասում «ունայնութիւն ունայնութեանց»՝ մանրամասն ապրելուց յետոյ, ես ծնուելիս ասացի:
Մի ուրիշն իմ տեղ լինէր՝ այդ ասելուց յետոյ այլեւս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թէ ինչքան է այդ կեանքն ունայն:

Ծնվել է 1888-ի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում: 1909-ին, ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում:
Առաջին երգիծական պամֆլետը` «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան: 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին:
Գաղթելով Երևան` սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին: 1921-35-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը: 1935-1955-ը բռնադատվել է` բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետեւ աքսորվել Վորկուտա եւ Բասարգեչար (Վարդենիս): 1955թ.  համաներման ժամանակ վերադարձել է Երևան:
Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում:
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել: Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է:

Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը… որ այս կառավարության երեսը չտեսնեմ…

Լեռ Կամսար

1965 թ. նոյեմբերի 22-ին խղճուկ կացարանի ցուրտ ու խոնավ անկողնում պառկած էր հայ մեծատաղանդ գրողներից մեկը` Լեռ Կամսարը: Անհամբեր սպասում էր «Հայաստան» հրատարակչության խմբագիր Խաչիկ Պողոսյանին, ով պետք է բերեր երկար ու ձիգ տարիներ սպասած «Մարդը տանու շորերով» գրքի ազդօրինակը:
Հանկարծ այլայլված ներս խուժեց խմբագիրը և շնչակտուր բացականչեց. «Վարպետ, Կենտկոմը գրքի վրա կալանք է դրել»: Այդ գույժը դարձավ տառապանքի այն վերջին կաթիլը, որին և գրողը չդիմացավ: Ընտանիքը չշտապեց այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին, հայտնեցին ավելի ուշ, երբ հավաքել և հուսալի տեղերում թաքցրել էին երգիծաբանի գրական հարստությունը. հակառակ դեպքում այն կարող էր փտել ՊԱԿ-ի նկուղներում:
Երգիծաբան Լեռ Կամսարը վաղուց էր ընտրել այն փշոտ ճանապարհը, որը նրան «արժանացրեց» անտեսված ու հալածված աքսորյալի բախտին: Մանկուց սիրելով Կամսար անունը` իր առաջին շրջանի ֆելիետոնները ծննդավայր Վան քաղաքում հրատարակում է այդ ստորագրությամբ: Բայց մի օր քաղաքի երևելիներից մեկը, նրան փողոցում տեսնելով, շնորհավորում է հերթական երգիծական պատմվածքի համար և թփթփացնելով կռնակին` ասում. «Կամսար չէ, մեծ կամսար, Լեռ Կամսար»: Այդ օրվանից էլ մկրտվում է նրա գրական անունը` Լեռ Կամսար:
1915 թ. երգիծաբանը մոր հետ գաղթում է Անդրկովկաս, սկսում աշխատակցել կովկասահայ պարբերականներին: Եվ անմիջապես գրավում է ընթերցողների ուշադրությունը: Այդ տարիներին չկար մի հայ խմբագիր, ումից Լեռ Կամսարն աշխատակցելու հրավեր չստանար: Ցանկացած թեմա` սկսած մանր կենցաղայինից մինչև քաղաքականը, նեղազգայինից մինչև համամարդկայինը, չէր վրիպում նրա աչքից: Եվ այդ ամենը տիրող վարչակարգը հանդուրժում էր: Այդպես` մինչև անհատի պաշտամունքի տարիները, երբ զոհասեղանին դրվեց նրանց ճակատագիրը, ովքեր «սոցիալիզմի» ոռնացող ամբոխում «ոչ» ասացին: Դա նաև անձնական վրեժխնդրությանը հագուրդ տալու հարմար ժամանակաշրջան էր: Իսկ Կամսարը քիչ թշնամիներ չուներ: Նա շատերին էր իր ֆելիետոնների հերոսներ դարձրել, սարկազմով ոչնչացրել նրանց: Անձնական թշնամիների հոծ բանակը երկար գլուխ չկոտրեց վրեժխնդիր լինելու տարբերակ գտնելու համար: Այն ժամանակ շատ տարածված էր մեղադրյալի աթոռին գամվածին մարդկանց շարքերից «զտելը», ասել է թե` մարդուն հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունքից զրկելը: Իսկ դրա համար հատուկ մարմին էին ստեղծել` Բանգյուղ տեսչությունը, որը այսպես կոչված բարոյական պատժի էր ենթարկում կոմունիստական օրենքների դեմ մեղանչած քաղաքացիներին, այդ թվում և մտավորականներին:
1931 թ. խորհրդահայ պրոլետգրողների համերաշխ նախաձեռնությամբ և մասնակցությամբ սկսվում է 43-ամյա Լեռ Կամսարի «դաստիարակելու» գործընթացը: Հայաստանի Ազգային անվտանգության արխիվում «Պահել հավերժ» կնիքով պահպանվում է Կամսարի անձնական գործը, որտեղ մի շարք փաստաթղթերի կողքին գրողի ձեռագիր օրագրությունից որոշ էջեր կան` զտման պատմության վերաբերյալ: Այդտեղ Կամսարը համոզվածություն է հայտնում, որ իր դատավարության կազմակերպիչներից մեկն էլ Եղիշե Չարենցն է, ում հետ երգիծաբանը ժամանակին շատ մտերիմ էր, սակայն հետագայում շատ լուրջ պատճառներով հիասթափվել էր և անգամ գժտվել հետը: Մինչ այդ, երբ Չարենցը տարվել էր ֆուտուրիստական հովերով, Կամսարը մի քննադատական ֆելիետոն էր գրել, որտեղ բանաստեղծին «թուքի, խլինքի և մեզի» երգիչ էր անվանել: Դա էլ, ըստ երգիծաբանի, առիթ էր եղել, որ բանաստեղծը վրեժ լուծեր իրենից: Ու թեև Չարենցը «զտման» դատավարությանը ներկայացել էր ուշացումով, Կամսարը համոզված էր, որ նա կազմակերպիչներից մեկն է: Ողջ դատավարության ընթացքում ամենախիստ մեղադրականներ ներկայացնողը նույնպես Չարենցն էր, ով Կամսարին դաշնակցական անվանելով և իրեն հատուկ տաքարյունությամբ մի քանի հայհոյանք տալով` նախագահին հրամայել էր Կամսարին զրկել «վերջին խոսքով պաշտպանվելու իր անպարտելի իրավունքից»: «Ես հասկացա, որ դատավճիռս արված է նախապես, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքներ» գործեմ միայն»: «Դատավորները» ճիշտ ռազմավարություն էին մշակել, և Կամսարը հեշտությամբ ընկնում է նրանց թակարդը: Այն ժամանակ, երբ ողջ Խորհրդային Միությունում մարդիկ չէին համարձակվում անգամ տնքալ` վախենալով, որ կառավարությունը դա կարող է դժգոհության նշան համարել իր ռեժիմի դեմ, Կամսարը համարձակվում է հրապարակավ հայտարարել. «Թուրք կառավարությունը լավ է ձեր կառավարությունից»: Գրողն այդ փաստը հետագայում այսպես պիտի մեկնաբաներ. «Նրանք լավ գիտեին, որ ես դաշնակ չեմ, բայց ինձ դաշնակ էին անվանում: Այստեղ հուզմունքիցս և ջղայնությունից ինքզինքս կորցրի և ինձ ուղղված հարցերին տալիս էի այն պատասխանը, ինչ բերանս էր գալիս: Դրան էլ պիտի վերագրել այն անմտածված համեմատությունը, որ ես արել եմ երիտասարդ թուրքերի կառավարության ու մեր կառավարության միջև` գերադասությունը տալով առաջինին: Եվ այդ այն ժամանակ, երբ նրանց ձեռքով կոտորվեց ամբողջ թուրքահայությունը, նրանց թվում և իմ շատ սիրելի հարազատները»:
Չարաբաստիկ զտումից հետո թերթերի, հանդեսների խմբագիրները, արվեստագետները խուսափում էին Կամսարից: Գրողն ամեն օր խմբագրությունից խմբագրություն, նախարարությունից նախարարություն էր վազվզում` որևէ աշխատանք ստանալու ակնկալիքով, սոված ու հոգնած բախում էր անտարբեր դռներ և միշտ` ապարդյուն: Սակայն դա դեռ մեղմ պատիժ էր: 1935 թ. աշնանը չեկիստները կալանավորում են երգիծաբանին` տնից տանելով գրական արխիվը և հերթական անգամ կրակի մատնելով: Նրան դատում են որպես ազգի թշնամու, դաշնակցականի և երեք տարով ուղարկում հեռավոր աքսոր` Վորկուտա: Երեք տարի անլուր զրկանքներ կրելուց հետո գրողը վերադառնում է Երևան: Բայց կառավարությունը, գտնելով, որ երգիծաբանը բավականաչափ չի պատժվել կամ գուցե վախենալով նրա սուր գրչից, որոշում է նրան հասարակությունից մեկուսացնել: Դեռ տուն չմտած և կնոջն ու երեխաներին չտեսած` հայտնվում է քաղմասի միլիցիան և հայտնում, որ գրողին զրկել են քաղաքում ապրելու իրավունքից: Հարազատների հետ տեսակցությունը հետաձգվում է: Նորից աքսոր` այս անգամ Բասարգեչար (այժմյան Վարդենիս) և արդեն` 18 տարով:
Եթե որոշ գրողների բոլշևիկյան կառավարությունն ուղղակի գնդակահարեց, ապա Լեռ Կամսարին դատապարտեց կենդանի զմռսման և դանդաղ մահվան: «Իմ սենյակն այնտեղ այնքան փոքր էր, որ պառկելու ժամանակ պետք էր շորերը դուրսը հանել և լողվորի նման ինքզինքը անկողին ձգել: Ձմեռները վիճակս սոսկալի էր դառնում: Սենյակումս սառույց էր դառնում այն բոլորը, ինչի մեջ ջրային մասնիկ կար: Քարացած հացս որպեսզի կրծվեր` պառկում, դնում էի ծոցս, որ մարմնիս տաքությամբ մի փոքր կակղեցնեի»: Սակայն նույնիսկ այդ պայմաններում գրողը գրիչը վայր չի դնում, թեև ստիպված էր գրել միայն արևոտ օրերին, խոտի դեզերի տակ:
Լեռ Կամսարն աքսորավայր մեկնեց որպես ուժով ու եռանդով լի երիտասարդ, բայց վերադարձավ հոգով և մարմնով ծերացած: Դա 1954 թիվն էր` համաներման տարին: Սակայն գրողի նկատմամբ հալածանքները չդադարեցին: Կենտկոմը, մամուլը, թատերական վարչությունը, անգամ գրողների միությունը նրան արգելում են գրել և տպագրվել: Միայն «ձնհալի» տարիներին, երբ տխուր ճակատագրով մարդու կյանքն այլևս կորցրել էր իմաստը, կառավարությունը վերականգնում է նրա հեղինակությունը և գոյությունը պահպանելու համար փոքր կենսաթոշակ նշանակում: Բայց Կամսարին վիճակված չէր խաղաղ հոգով հրաժեշտ տալ այս աշխարհին: 1965 թ. տպագրության է պատրաստվում նրա` «Մարդը տանու շորերով» ժողովածուն, որն էլ դառնում է երգիծաբանի կարապի երգը: Գիրքը տպագրելուն խոչընդոտել էր «Թատրոնի դիրեկտորը» չարաբաստիկ ֆելիետոնը, որը Լեռ Կամսարը գրել էր «Ոզնու» պատվերով` առանց ճանաչելու իր հերոսի նախաօրինակին` Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ղազար Ղազարյանին: Հենց նա էլ օգտագործել էր իր ամբողջ «զորությունը» և Կենտկոմի միջոցով արգելք դրել գրքի վաճառքի վրա:
Ահա այսպես ավարտվեց ծիծաղ պարգևող մարդու տառապալի կյանքը: Մահանալուց առաջ նա հասցրեց միայն ասել. «Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը… որ այս կառավարության երեսը չտեսնեմ: Մի՜ երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա»:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s