Mediaeducational blog

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ»

Оставьте комментарий


vvvvvvvvՀայերեն առաջին անգամ հրատարակվող «խիստ սարոյանական›› այս պիեսը, որ «ակամա» գրվել է ռադիոթատրոնի համար, ունի իր «պատմությունը»:  Վ. Սարոյանի դուստրը` Լյուսին, պատմում է. «Նա  (Սարոյանը) գտնվելիս է եղել որբանոցում` երեք տարեկան. որբանոցի ամենափոքրիկ երեխան: Ս. Ծնունդն է մոտենում, առաջին Ս. Ծնունդը, որ մնալու էր նրա հիշողության մեջ, որովհետև իր ընտանիքում տիկին Թագուհու հետ  անցկացրած ոչ մի ծնունդ հետք չէր թողել նրա մանկական հիշողության մեջ: Ներս են բերում Կաղանդ պապիկին, որպեսզի խոսի երեխաների հետ, իմանա նրանց ցանկությունը,  թե ով ինչ նվեր է ուզում ստանալ: Հերթը հասնում է հորս:  …Պապիկը հարցնում է. «Ասա´` ինչ ես ուզում, Ուիլլի´»: Այդ օրվանից այս պիտակը կպչում է նրա անվանը: Նա  ասում է. «Հորս եմ ուզում»: Կաղանդ պապիկը պատասխանում է. «Լավ, տեսնեմ, թե ինչ կարող եմ անել»: Հայրս լրջորեն հավատում է, որ Ս. Ծննդյան օրը հայրը կհայտնվի: Անընդհատ մտածում է, թե դա ինչպես է լինելու: Երկար է մտածում: Վերջապես գալիս է Ս. Ծնունդը, բոլոր երեխաներին հավաքում են սրահում և յուրաքանչյուրին տալիս մի փոքրիկ փաթեթ: Մի տուփ էլ մեկնում են հորս  և ասում. «Սա քո նվերն է, Ուիլլի´»: Նա նայում է տուփին և հասկանում, որ հայրը չի կարող դրա մեջ լինել… Փախչում է որբանոցից: Նա  պատրանքաթափ էր եղել: Այլևս չէր հավատում Ս. Ծննդյան տոնական արարողություններին»:
«Ամենազոր» Կաղանդ պապի «անզորությունը›› սպիավոր հիշողություն թողեց  Սարոյանի մեջ, իսկ 1940թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին նման իսկական մի դեպք առիթ տվեց 32-ամյա դրամատուրգին գրելու  «Բան ունեմ ասելու» կարճ պիեսը: Ռադիոյով հեռարձակում են աղքատ երեխաների համար կազմակերպած Ս. Ծննդյան երեկոն: Սարոյանը, ով ինչ-որ բան էր գրում, ակամա  գցում է գրիչը և սկսում է ունկնդրել:  «Այն, ինչ լսեցի…, -գրում է նա, – հիվանդացրեց ինձ…  Ինձ բան չէր մնում անելու, քան գրել. այդպես էլ արեցի: Սկսեցի գրել հենց այն րոպեից, երբ ավարտվեց հաղորդումը, գրել ճիշտ  այնպես, ինչպես լսել էի: …Մնացած մասն էլ այն  է, ինչ ես   հույս  ունեի   լսել, բայց   չլսեցի»:
«Մնացած մասը» ասելով` Սարոյանը նկատի ուներ այն, ինչ ասվում է պիեսը եզրափակող Երիտասարդի մենախոսության մեջ:  1941թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին  այս թատերախաղը հեռարձակվեց  CBS-ով:

Փորձե՛ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ,  թե որքան եք ուզում կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք,  որովհետև դուք տեսաք  ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց այն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձե՛ք չափից շատ բան չուզել, փորձե՛ք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար, չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ  դու,   Ձմե՛ռ պապ, նրանց շարունակ մի´  հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծել, թե դու պատրաստվում ես տալու իրենց  ուզած   ամեն ինչը,   իսկ հետո բան էլ չես տալիս: Փորձի՛ր ցույց տալ նրանց, թե որչափ   արդեն  ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ  են,  նույնիսկ եթե   իրոք    կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների:  Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ  այն ամենից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն  աշխատեցրու´ ուղեղդ:  Եթե չես կարողանում նրանց տալ այն, ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե  որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես.  նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես  ցանկացած բան  անել,  ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, այդ  դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմե՛ռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել,  էլի: Հարցն իրերը   չեն,  որ նրանք ուզում են  կամ որոնց կարիքն ունեն…   Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ`  ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու   պետք  է   սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն   «ինչ-որ բաներ»    տալ. «ինչ-որ բաները» կարելի է գնել,  բայց այն  լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող   գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք  այնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:

Հիմա  դառնամ ձեզ, սիրելինե՛րս: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան այն,  որ  ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան,  քան այն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ:  Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա  ավելի թանկարժեք   չէ,  որքան այն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ  կստանաք: Սպասե´ք, սիրելինե´րս: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու   և գուցե նույնիսկ այն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար, ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել այդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն այն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը:

Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  այդ   մեծ  գործն  այսօրվանից:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s