Mediaeducational blog

Լեզուն նախնեաց

Оставьте комментарий


ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ
     Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. Այլ պարտասեալ զճանապարհայն` հարկեցաւ դնել յերկիր զբեռն իւր, եւ սկսաւ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա յանդիման եկն ել երեւեցաւ Մահ, եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա (ցնա) ծերն եւ ասէ.
«Զի տացես (տայցես) յուս զբեռն իմ»:
Ցուցանէ առակս զի ամենայն մարդ սիրէ զկեանս, թէպէտ հէք իցէ եւ թչուառ:
(Եղիշե արք. Դուրյան)
Բառարան
հատանեմ-կտրել. հատեալ-կտրելով  (կտրած)
բառնամ-այստեղ` բարձալ. բարձեալ
պարտասիմ-հոգնել
զճանապարհայն-ճանապարհին
հարկիմ-հարկադրվել, հարկադրված լինել
կարդամ-կանչել, (կանչելով) դիմել (ընթեռնում-կարդալ)
յանդիման-դիմացը. Առաջը
եթէ-1. եթե 2. թե. որ
առ ի՞նչ-ինչո՞ւ, ինչի՞ համար
զահի հարկանիմ-սարսափել, զարհուրել

ՇԱՀԱԲԱՍ ԵՒ ՍՐՈՒԱԿ ՄԻ ԳԻՆԻ ԵՒ ՄԻՋՆՈՐԴՆ
     Յաւանդութենէ պատմի, թէ յանցանելն Շահաբասայ` հայ ոմն արբեալ ընթանայ եւ կալնու զսանձն երիվարի նորա եւ ասէ.
     «Քանւո՞յ վաճառես զայս երիվար` զոր ես գնել կամիմ»:
Շահաբաս հրամայէ տանել զնա ի տուն իւր եւ վաղիւն դարձուցանել առ ինքն: Ծառայքն տանին զնա ի տուն, մինչեւ սթափեալ յարբեցութենէն` իրազեկ անցիցն լինի եւ յահէ սրտին` մնայ վարանեալ: Խրատ տայ կինն իւր` սրուակ մի գինի տանել ընդ ինքեան առ Շահաբասն եւ պատուիրէ զինչ խօսել անդ: Տանին զնա ծառայքն առ արքայ. եւ Շահաբաս հարցանէ նմա (ցնա).
«Քանւո՞յ կամիս գնել զերիվար իմ»:
Նա հանէ զսրուակն գինւոյ եւ դնէ առաջի թագաւորին եւ ասէ.
«Տէ´ր իմ, սա գնօղ երիվարիդ է, եւ վեհափառութիւնն ձեր` վաճառօղ այնր, իսկ ես միջնորդ մի եմ յայդմ տուր եւ առութեան. վերջաւորեսջի´ք զգին երիվարին եւ եթէ միջնորդիս շնորհեսջիք ինչ` այն ձե´ր է բարեշնորհութիւն»:
Հաճեալ Շահաբասայ ընդ բանս պատասխանւոյ նորին` խիլայէ զնա եւ արձակէ:
(Հայկական միջնադարյան զրույց)

Բառարան
կալնում-բռնել
վաղիւնվաղիվըն»]-մյուս` հաջորդ օրը. Վաղը
իրազեկ լինիմ-տեղեկանալ
անցք-իրադարձություն(ներ) դեպք(եր). անցիցն-դեպքերին…, այստեղ` պատահածին
տուր եւ առութիւն-առեւտուր
վերջաւորեմ-վերջացնել
ինչ-այստեղ` մի բան
հաճիմ-այստեղ` հավանել
խիլայեմ-խիլայել, պատվո` փառքի պատմուճան նվիրել` հագցնել

         «ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…»
…Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…:
(Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց )
Բառարան
ածու
-տնկարան. այստեղ` փոխաբերաբար` ժողովուրդ
յոլով-շատ
արութիւն-քաջություն. գործ արութեան-քաջագործություն

«ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ…»
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հա´յր եւ Որդի´ եւ Սո´ւրբ Հոգի. անեղ եւ անմա´հ բնութիւն. արարի´չ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա´ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, անբաժանելի´ լոյս, միասնական սո´ւրբ Երրորդութիւն եւ մի´ Աստուածութիւն. Արարի´չ լուսոյ եւ հալածի´չ  խաւարի. հալածեա´ ի հոգւոյ իմմէ գլխաւար մեղաց եւ անգիտութեան. եւ լուսաւորեա´ զմիտս իմ ի ժամուս յայսմիկ` աղօթել քեզ ի հաճոյս եւ ընդունիլ ի քնէ զխնդրուածս իմ. ողորմեա´…:
Հա´յր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին. մեղայ յերկինս եւ առաջի քո. ընկա´լ զիս որպէս զանառակ որդին. եւ զգեցո´ ինձ զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա´…:
(Ներսէս Շնորհալի)

Բառարան
երկիր պագանեմ-երկրպագել
անեղ-չստեղծված, ինքնագո (Աստծո մակդիրներից է)
բնութիւն-էություն
ի խնդիր-փնտրելու, ի խնդիր
առաջին-այստեղ` նախկին
զգենում-հագնել. զգեցուցանեմ-հագցնել. զգեցո´-հագցրո´ւ
մերկանամ-մերկացնել, այստեղ` հանել

ՆԱԽԱՐԱՐՔ ՀԱՅՈՑ
Քանզի ի բառնալ ազգին Արշակունեաց, տիրեցին աշխարհիս Հայոց ազգն Սասանայ պարսկի, որ վարէր զիւր իշխանութիւնն օրինօք մոգուց. եւ բազում անգամ մարտնչէր ընդ այնոսիկ` որք ոչ ընդ նովին օրինօք մտանէին, սկիզբն արարեալ յամացն Արշակայ արքայի որդւոյն Տիրանայ, եւ կռուէր մինչեւ յամն վեցերորդ Արտաշիսի արքայի Հայոց, որդւոյն Վռամշապհոյ: Եւ իբրեւ զնա եւս մերժեաց ի թագաւորութենէն, ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն. զի թէպէտ եւ գանձն յարքունիս Պարսկաց երթայր, սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմի:
(Եղիշէ, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին)
Բառարան
բառնամ-այստեղ` վերանալ
ազգ-այստեղ` տոհմ. հարստություն (թագավորություն)
օրէնք-այստեղ` կրոն, ուսմունք
մերժեմ-այստեղ` զրկել
գանձ-այստեղ` հարկ, տուրք

ԱԳԱՀՈՒԹԻՒՆ  ԳԱԶԱՆԱՑ
…Կերան գազանք զմարմինս դիականցն Վարազայ,
Եւ գիրացան:
Կուզ կերեալ` ուռեաւ որպէս զարջ.
Եւ աղուէս հպարտ եղեւ քան զառեւծ.
Գայլ, քանզի շատակեր էր, պայթեաց,
Եւ արջ, քանզի զոր ուտէն` չմնայ առ ինքն,
Ի սովոյ մեռաւ:
Անգեղք, քանզի ագահ էին,
Նստան եւ այլ ոչ կարացին վերանալ.
Մկունք, քանզի շատ կրեցին ի ծակսն,
Ոտքն մաշեցան:
(Ժողովրդական, Հովհան Մամիկոնյանից)
Բառարան
կուզ-1. կատու 2. կզաքիսին նմանվող կենդանի
այլ-այստեղ` այլեւս, էլ
վերանամ-այստեղ` վեր կենալ, բարձրանալ


ՀԱՍԿՔ
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:
(Եղիշե արք. Դուրյան)
Բառարան
յոյլ-ծույլ
վաստակասէր-աշխատասեր
զկծեցուցանեմ-ցավեցնել, կսկծացնել
արկանեմ առակ-առակ բերել` պատմել
ատոք-լեցուն. Հասած, հուռթի
խելապատակ-1. գանգ, գլխի` ուղեղի պատյան 2. խելք. ուղեղ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s