Mediaeducational blog

ՇԵՐՎՈՒԴ ԱՆԴԵՐՍՈՆ

Оставьте комментарий


ՄԵԿՆՈՒՄ

Երիտասարդ Ջորջ Ուիլըրը անկողնուց ելավ առավոտյան ժամը չորսին: Ապրիլ ամիսն էր, և մատաղահաս ծառի տերևները նոր-նոր էին դուրս գալիս բողբոջներից: Ուայնսբըրգի շքեղ փողոցների երկայնքով թխկենիներ են ձգվում ու նրանց սերմերը օդասլաց են: Երբ փչում է քամին՝ նրանք խենթորեն պտույտ են տալիս՝ լցնելով օդը իրենցով ու ոտքերի տակ գորգ դառնալով:
Ջորջն իջավ հյուրասենյակի գրասենյակ՝ շագանակագույն կաշվե մի պայուսակ ձեռքին: Իր ճամպրուկն արդեն հավաքված էր: Գիշերվա ժամը երկուսից արթուն էր նա՝ մոտահաս ճամփորդության մասին մտորելով ու նաև՝ թե ինչ է գտնելու դրա ավարտին: Հյուրասենյակի գրասենյակում գիշերած տղան պառկած էր շարժական մահճին՝ դռան մոտ: Տղայի բերանը բաց էր ու խռմփացնում էր հաճույքով: Ջորջն անցավ մահճակալի կողքով և դուրս ելավ անխռով՝ ամայի Մեյն Սթրիթ: Շառագունած էր հարավը արշալույսից և լույսի երկարավուն շերտերը մխրճվում էին երկինք, ուր մի քանի աստղ էր դեռևս շողում:
Ուայնսբըրգի Թրանյըն Փայքի վերջին տանից վեր լայնարձակ դաշտեր են ձգվում: Դրանք ագարակատերերի են պատկանում, ովքեր քաղաքում են ապրում և երեկոները Թրանյըն Փայքով տուն են դառնում թեթև ճռճռացող իրենց սայլերով: Դաշտերում հատապտուղ և մանր մրգեր են աճեցնում: Շոգ ամռան օրվա ավարտին, երբ ճամփան ու դաշտերը պատվում են փոշով՝ ծխամած մշուշ է կախվում հսկա հարթավայրի վրա: Նայում ես այդ հողին ու թվում է, թե ծովին ես նայում: Գարնանը, երբ հողը կանաչ է հագնում, տպավորությունն ինչ-որ այլ է դառնում: Այն դառնում է մի տեսակ լայնարձակ կանաչ բիլիարդի սեղան, որի վրա պստլիկ մարդ-միջատներն աշխատում-վեր ու վար են անում:
Իր վաղ պատանության ու երիտասարդության ընթացքում Ջորջ Ուիլըրը սովորություն ուներ Թրանյըն Փայքում զբոսնելու: Պատահում էր, որ հայտնվում էր վիթխարի բաց այդ տարածքում՝ ձմռան գիշերներին, երբ այն ծածկված էր լինում ձյունով և լուսինն էր միայն նայում ցած՝ իր վրա. նա այնտեղ էր եղել աշնանը նաև, երբ պաղ քամիներն էին փչում, և ամռան երեկոներին, երբ օդը թրթռում էր միջատների բզզոցից: Ապրիլյան այդ առավոտ նա ուզում էր այնտեղ գնալ կրկին, քայլել կրկին լռության մեջ: Տղան քայլեց դեպի այն վայրը, ուր ճամփան մի գետակի մեջ էր սուզվում՝ քաղաքից երկու մղոնի վրա և այնուհետ շրջվեց ու կրկին ետ դարձավ լռիկ: Երբ նա հասավ Մեյն Սթրիթ՝ ծառայողներն արդեն խանութների առջև մայթերն էին սրբում: «Հե՜յ, Ջորջ: Էս ի՞նչ է, մեկնո՞ւմ ես, ի՞նչ կա: Հը՞, ո՞նց կաս»,- հարցրեցին նրանք:
Արևմուտք մեկնող գնացքը դուրս է գալիս Ուայնսբըրգից առավոտյան յոթն անց քառասունհինգ:
Գնացքի ուղեկցորդը Թոմ Լիթլն է: Նրա գնացքը դուրս է գալիս Քլիվլընդից դեպի երկաթուղային այն հսկա միացման ուղեգիծը, որի վերջնակետն են Չիկագոն ու Նյու Յորքը: Թոմի մոտ, ինչպես երկաթուղայիններն են ասում՝ «Թեթև ճամփա» կա: Ամեն երեկո նա իր ընտանիքի գիրկն է դառնում: Աշնանն ու գարնանը կիրակի օրերը նա անց է կացնում Էրի լճում ձուկ որսալով: Կլոր կարմիր երես ունի նա և մանրիկ կապույտ աչքեր: Փոքր քաղաքներում ապրող երկաթուղայիններին նա ավելի լավ էր ճանաչում, քան մեծ քաղաքի բնակիչը կճանաչի նույն իր շենքի մարդկանց:
Ջորջը ժամը յոթին «Նյու Ուիլըրդ Հաուսից» պստիկ մի թեքությամբ իջավ ցած: Թոմ Ուիլըրդը նրա ճամպրուկն էր տանում: Որդին այլևս բարձրահասակ էր դարձել հորից:
Կառամատույցին բոլորը երիտասարդի ձեռքը սեղմեցին: Ավելի քան տասներկու մարդ էր հավաքված ճանապարհելու նրան: Ասում-խոսում էին իրենց գործերից: Ուիլ Հենդըրսընը նույնիսկ, որ ծույլ էր ու քնում էր հաճախ մինչև ժամը ինը՝ ելել էր անկողնուց: Ջորջը շփոթահար էր: Գերթրուդ Ուիլմըթը, հիսուն տարեկան բարձրահասակ, նիհար մի կին, որ Ուայնսբըրգի փոստատանն էր աշխատում՝ եկավ կառամատույց: Առաջներում նա Ջորջին դույզն ինչ ուշադրության չէր արժանացրել: Այժմ նա կանգ առավ ու ձեռքը պարզեց տղային: Մի երկու բառով նա արտահայտեց այն ամենը, ինչ բոլորն էին զգում: «Հաջողություն եմ ցանկանում»,- զիլ ձայնով ասաց նա և այնուհետ շրջվեց-գնաց իր ճամփան:
Երբ գնացքը կայարանին մոտեցավ՝ Ջորջը թեթևություն զգաց: Շտապով քայլերն ուղղեց դեպի վագոն: Հելեն Ուայթը Մեյն Սթրիթով գլխապատառ վազքով եկավ՝ հուսալով մեն-մի հատիկ հրաժեշտի խոսք լսել տղայից, վերջինս սակայն իր համար արդեն վագոնում ազատ տեղ էր գտել ու չտեսավ աղջկան: Երբ գնացքը շարժվեց, Թոմ Լիթլը դակեց տոմսն ու քմծիծաղ տվեց և թեև Ջորջին լավ էր ճանաչում ու հասկանում նաև, թե ինչպիսի արկածի էր նա այդժամ անձնատուր լինում՝ ոչ մի դիտողություն չարեց: Թոմը հասցրել էր այդպիսի հազարավոր իրենց պստլիկ քաղաքներից մեծ տարածք մեկնող Ջորջ Ուիլըրների տեսնել: Նրա համար դա միանգամայն սովորական դեպք էր: Ծխավագոնում մի մարդ հենց նոր հրավիրել էր նրան Սենդսաքի Բեյ՝ ձկնորսության: Ու հիմա նա ուզում էր ընդունել այդ հրավերն ու պայմանավորվել մանրամասների շուրջ:
Ջորջը հայացքը պտտեցրեց վագոնով մեկ՝ համոզվելու, թե որևէ մեկը չի՞ նայում իրեն, այնուհետ հանեց դրամապանակն ու հաշվեց եղած գումարը: Մտահոգ էր՝ չլինի թե անփորձ երևա: Հազիվ թե հոր ասած վերջին խոսքերը քաղաքում ունեցած իր պահվածքին վերաբերեին: «Զգո՛ւյշ եղիր,- ասել էր Թոմ Ուիլըրը:- Աչքդ փողի՛դ վրա պահիր: Չքնես հա՜: Հրե՛ս տոմսդ: Թող չկարծեն, թե միամիտի մեկն ես»:
Փողը հաշվելուց հետո Ջորջը պատուհանից դուրս նայեց ու զարմացավ, որ գնացքը Ուայնսբըրգի տարածքում էր դեռևս:
Երիտասարդը, թողնելով հայրենի քաղաքը, որ ճանաչի արկածներով լի կյանքը՝ խորհել սկսեց, սակայն նա չէր մտածում ինչ-որ մեծ կամ դրամատիկ բանի մասին: Այնպիսի բաներ, ինչպիսիք էին մոր մահը, իր մեկնումը Ուայնսբըրգից, հետագա կյանքի անորոշությունը մեծ քաղաքի մեջ. սեփական կյանքի համար լուրջ ու կարևոր հարցերն անգամ մտքով չանցան:
Նրա մտքով անկարևոր բաներ անցան- Թըրք Սմոլիթը, որ առավոտ կանուխ տախտակներ էր տանում հայրենի քաղաքի գլխավոր փողոցով, բարձրիրան մի կին՝ գեղեցիկ հանդերձով, ով մի անգամ իր հոր հյուրանոցում էր իջևանել, Բաչ Ուիլըրը՝ Ուայնսբըրգի լամպավառը, որ ամառային մի երեկո ջահը ձեռքին պահած փութով անցնում էր փողոցներով, նաև՝ Հելեն Ուայթը՝ Ուայնսբըրգի փոստատան պատուհանի մոտ կանգնած ու ծրարին դրոշմանիշ փակցնելիս:
Երիտասարդի միտքը բռնված էր իր իսկ երազանքների աճող մի տենչով: Վրան նայելիս բնավ չէիր ասի, թե խելացի մեկն է առանձնապես: Երևակայությունը պարուրող ցանկացած մանրուք հիշելով նա գոցեց աչքերն ու ետ թեքվեց նստոցին: Այդպես էլ երկար նստեց նա, իսկ երբ արթնացավ ու վագոնի պատուհանից դուրս նայեց կրկին, Ուայնսբըրգ քաղաքն աներևույթ էր այլևս և իր կյանքն այնտեղ մի ֆոն էր դարձել, որի վրա այդուհետ վիճակված էր պատկերել հասուն իր տարիների անուրջները միայն:

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s