Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը


122041065046Հայ ժողովուրդը հնուց ունեցել է իր բանահյուսությունը, որի նմուշները տարբեր ժամանակներում  տարբեր ճանապարհներով մուտք են գործել գրականություն: Ժողովրդական բանահյուսության օգտագործման ամենամեծ ապացույցը Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկն է, որտեղ պատմագիրը, երբեմն բառացի, երբեմն էլ ուղղակի բովանդակությունը շարադրելով, մեջ է բերում հայոց հեթանոսական շրջանի բանահյուսության նմուշները: Թե՛ նրանից առաջ, թե՛ նրանից հետո շատերն են օգտագործել ժողովրդական բանահյուսությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայ հեղինակներից ոչ մեկի մոտ բանահյուսական նմուշների օգտագործումը  չի ունեցել և չէր էլ կարող ունենալ հետևողական, ծրագրված բնույթ. բոլորի մոտ էլ  բանահյուսությունը հանդիսացել է պատմություն գրելու օժանդակ, լրացուցիչ աղբյուր:

Ժողովրդական բանահյուսությունը առաջին անգամ գնահատել, հավաքել և օգտագործել  է Խաչատուր Աբովյանը1:
Աբովյանը մանկության տարիները անցկացրել էր գեղջկական միջավայրում, ուշադրությամբ լսել ու հիշել էր հարազատների, ծանոթների, հատկապես հոր պատմած զրույցները, ժողովրդական բանասացների երգերն ու ավանդությունները: Դորպատում անցկացրած տարիներից հետո միայն սկսել է լրջորեն հետաքրքրվել և գիտակցորեն գնահատել ժողովրդական բանահյուսությունը: Ժողովրդի անցյալը, կենցաղը, հավատալիքները ուսումնասիրելու, նրան ավելի լավ ճանաչելու համար Աբովյանը սկսել է հավաքել բանահյուսության նմուշները. «Մուրազս հենց էնա էլել, որ գնամ, ընկնիմ մեկ իշխանի ոտք, ասեմ, ինձ մի կտոր հաց տա, ու ես՝ գիշեր-ցերեկ ընկնիմ գեղեգեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ, գրեմ»,- այդ առիթով 1840 թվականին գրել է Աբովյանը իր վեպի «Հառաջաբանում2»: Սրա ապացույցն են «Վերք Հայաստանի»-ում, «Պարապ վախտի խաղալիք»-ում, «Նախաշավիղ»-ում, տպագրված և անտիպ այլ գործերում եղած բազմաթիվ նյութերը, որոնք գրի են առնվել կամ վերարտադրվել են Աբովյանի ձեռքով:

Ինչո՞ւ է Աբովյանը այսքան հետաքրքրվել բանահյուսությամբ: Կարծում ենք, ինչպես աշխարհաբարով գրելու հարցում, այստեղ էլ նրան առաջնորդել է ժողովրդի շահը: «…շատ անգամ որ ղոնաղ էի գնում, յա քաղաքովն էի անց կենում, ուշք ու միտքս հավաքում էի՝ թե տեսնիմ խալխը խոսալիս ի՞նչ բանիցա ավելի հազ անում: …Միտք արի, միտք արի, մեկ օր էլ ասեցի ինձ ու ինձ.  արի քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալի՛ր, ղրաղ դի՛ր, ու մեկ աշըղ էլ դու դառ, ինչ կըլի, կըլի, խանչալիդ քարը հո վեր չի ընկնի3…»

Ի՞նչ կարծիք է ունեցել Աբովյանը ժողովրդական բանահյուսության մասին, ինչպե՞ս է գրի առել, տեղագրական ի՞նչ ընդգրկում է ունեցել նրա աշխատանքը:

  • փորձել է իր գրի առած նյութերը դարձնել գիտության սեփականություն
  • այդ նյութերը օգտագործել է իր մանկավարժական պրակտիկայում
  • հետաքրքրվել է իր շրջագայած վայրերում բնակվող այլ ժողովուրդների բանավոր ստեղծագործությամբ
  • գրի է առել, ուսումնասիրել, մշակել է ձեռքբերված նյութերը

Բոլոր հարցերի պատասխանները կարելի գտնել նրա ստեղծագործություններում, որտեղ մեջբերումների ձևով կան բանահյուսական նմուշներ: Փորձենք  անդրադառնալ «Վերք Հայաստանի» վեպին. ինչպե՞ս է օգտագործել զրույցներն այստեղ, ի՞նչ դեր են խաղում դրանք, ի՞նչ արժեք ունեն:

Նախ պարզ է դառնում, որ`

  • ժողովրդական բառ ու բանի օգտագործման շնորհիվ ավելի պարզ ու պատկերավոր են դառնում վեպում արված դատողությունները

Խոսելով մայրենի լեզվով գրականության հարցերի մասին՝ Աբովյանը գրում է. «Լավ գիտում էի, որ մեր ազգն էնպես չէր, ամա ի՞նչ անես, անաղուն ջաղացի քարն էլ չի պտիտ գալիս…»:

  • գրաբարը ժողովրդի համար անհասկանալի լեզու է, ինչքան էլ դրանք լավը լինեն, անարժեք են ժողովրդի համար

«Թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆրանցուզերեն գրած, յա գրաբար, տասը կհասկանան, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց»:

  • եթե ազգը էն լեզվով չի խոսում, էն լեզուն չի հասկանում՝ քու ղաբլու4 փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չեմ սիրում…
  • իրականության մեջ գրականությունը հատուկենտ ընտրյալների սեփականությունն էր՝ այբբենը մեր միջումը գաբով 5 էին բռնում, գյուլլով վեր քցում…
  • ժողովրդի անմիաբանության պատճառը մտավորականությունն է, որը ժողովրդին լուսավորելու փոխարեն միայն իր շահերի մասին է մտածում՝ անվարիլ հողը թե ցանեցիր, ղուրդ ու ղուշը6  կուտի սերմը,  անբանացնիլ թուրը կժանգոտի, ջուրը դարիդուս չի գնալ
  • ժողովրդի լուսավորության, անմիաբանության հարցը

Գիլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, սուրուն գնաց,
դրուստ խոսողի փափախը ծակ կլինի, գեղցու խոսքը չվանի չեն դնում, շունը տերը չի ճանաչում, կուտ ունես, քո հավի առաջն ածիր, դանունես, քո ջաղացը տար, աշխարքս թալան թալանա, նամարդը իշի փալանա
Ժողովրդական բանահյուսությունը, հատկապես առած-ասացվածքները օգտագործվել են նահապետական հայ գյուղացու տունը «…տունն ու շիրխանեն հազար բարությունով լիքը՝ տրաքում էին, մեկ օձի ձուն էր պակաս նրանց տանիցը, աղ ու հաց՝ սիրտը բաց, փողը որ կա, ժանգա…փող- հող- մինա» նկարագրելիս:
Աբովյանը դրանք օգտագործել է նաև օտարների կատարած անիրավությունները նկարագրելիս՝  ասեղ քցեիր, գետինը չէր հասնիլ, տանող տանողի էր, քաշող քաշողի, շունը տերը չէր ճանաչում, հերը որդուն ուրացել էր, ղուշը երկնքից վեր էին բերում, երկինքը մեր գլխին փուլա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում, էլ շունը տերը չի ճանաչում…Ակնհայտ է, որ ժողովրդական բանահյուսության նմուշների օգտագործումը վեպում նպաստել է լեզվի, գրականության, տնտեսության, սոցիալ-քաղաքական կյանքին վերաբերող հարցերը ներկայացնելիս: Բայց շատ են նաև մեջբերումներ, որոնք օգտագործվել են հերոսների արտաքին ու ներքին բնութագիրը ներկայացնելիս: Աղասուն ներկայացնելիս «…ծիծաղելիս` որ աչքը ու ունքը չէր բաց անում, հենց իմանաս`վարդ է բաց ըլում, երեսիցը լիս վեր թափում, նհաղ տեղը ղուշ էլ չէր սպանիլ, ղուշը երկնքից վեր էր բերում…»:
Ժողովրդական բանահյուսությունը իր կնիքն է դրել վեպի լեզվի, ոճի վրա: Պարզ է և հասկանալի, որ վեպը, գրված լինելով խոսակցական լեզվով (Քանաքեռի բարբառով), անպայման պետք է պարունակեր բանահյուսական այնպիսի տարրեր, ինչպիսիք են` առածներն ու ասացվածքները, անեծքներն ու օրհնանքները, մակդիրներն ու համեմատությունները: Սակայն պարզ է նաև, որ իր լեզուն ու  ոճը առավել պատկերավոր դարձնելու համար Աբովյանը կրկնապատկել, բազմապատկել է ժողովրդական բառ ու բանը: Այսպես` ազիզ ազգ, նաչար ազգ, սիրուն վաթան, ջրատար խալխ, անկուշտ հող, շարմաղ երես, նռնահատ թշեր, սուրահի բոյ, գյոզ բալասի=աչքի որդի, բարի սիրտ, արդար սիրտ, լուռ սիրտ, էրված սիրտ, հարամ սիրտ…, համեմատությունները` «Սիրտս եկել էր, բերնիս հասել», «Քո անունը երբ լսում են, թոզ են դառնում քո թշնամիք», «Աչքերն էին իրանց աղի ծովը բաց թողնում», «Սիրտը բարակել, փոշի էր դառել», «Երևանու բերդը ձեթը հատած պադրուքի պես` թե մեկ-մեկ ճրթճրթում էլ էր մեկ սահաթ քիմի, էլ եդ հանգչում, խավարում էր», «… էն սևացած, արևի, անձրևի տակի մուր դառած` ունքերի տակիցը` որ աչքը չէր ընկնում մարդի երեսի` էնպես էր իմանում, թե կայծակնա խփում…»:
Իր վեպում Աբովյանը օգտագործել նաև անձնավորումը. նա բազմիցս դիմում է երկնքին, արևին, լուսնին, աստղերին, ինքը կամ իր հերոսները խոսում են կամ խոսեցնում դրանց: Հենց այստեղ է, որ շունչ ու լեզու են առնում, ապրում  ու զգում են ոչ միայն մարդիկ, այլև սարերն ու ձորերը, բերդն ու պարիսպները: «Արազը ինչպես մեկ նետ օձ, կամ էրծաթի գոտի, ձորերի միջիցը ` իր լուսափայլ ճակատն ու գլուխը բաց էր արել, ու մրմունջ, հանդարտ, լուռ գալիս, Մասսա փեշին մի քիչ թևով խփում էր, շփում ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթա տալով, ձենը ձոր անելով` գնում Զանգվին ու Գառնու գետն իր ծոցն առնում, իրար փաղաքշելով` քվերտանց հետ աչքըները խփում, նղղում ու քուն մտնում…»:

Գուցե ներքին ինչ-որ տրամաբանական կա՞պ կա, հայտնի չէ, բայց ժողովուրդը Աբովյանի մասին զրույցների ու ավանդությունների մի ամբողջ շարք հորինեց, որտեղ երբեմն այլաբանորեն, երբեմն հրաշապատում պատկերներով փորձեց ներկայացնել իր սիրելի գրողի կյանքի կարևոր  ու բնորոշ դրվագները, պատմեց սիրով, հավատաց իր հորինած զրույցներին, ուժեղ ու անձնվեր մարդուն, ստեղծագործողին, հանճարին…Նրան` Աբովյանին, ում սիրտը, իր իսկ բառերով ասած, «բաղկացած էր միայն անբուժելի վերքերից8»:

1-Ա.Ղանալանյան «Աբովյանը բանահավաք», Երևան-1941թ.
2-Խ.Աբովյան «Ընտիր երկեր», Ա հատոր, Երևան-1939թ.,
3- Խ.Աբովյան «Ընտիր երկեր», էջ 9
4- ղաբլու փլավ- յուղ ու մեղրով, սիսեռով ու մրգեղենով համեմված փլավ
5- գաբ- փայտե կարթ
6- ղուրդ ու ղուշը -որդ ու թռչուն
7- դան –հատիկ, սերմ
8-Խ.Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 10, էջ 241
Օգտագործված գրականություն
1-Ա.Ղանալանյան «Աբովյանը բանահավաք», Երևան-1941թ.
2-Պ. Հակոբյան «Խաչատուր Աբովյան», Երևան-1939թ.,

 


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s