Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»


Թող որ այս պատմությունը դաս լինի ինչ-որ մեկի համար, գուցեև քեզ համար

Մի ժամանակ, ասենք թե` երեկ չէ առաջին օրը, կար-չկար մի մուկ կար: Դե, իրականում մկները շատ էին: Մկները միշտ էլ շատ են լինում.Եթե ուզես` կարող ես հաշվել:
Միայն Նյու Յորք քաղաքում ավելի շատ մուկ կա, քան մարդ, իսկ Նյու Յորքում, երևի լսած կլինես, ինը միլիոն մարդ է ապրում: Թե՞ Նյու Յորքում յոթ միլիոն էր, Տոկիոյում` ինը:

Ինչևէ, Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ, բայց անշուշտ նրանց վրա առանձնապես ուշադրություն դարձնող չկա` հեռու են աչքից:
Նյու Յորքում ամեն փողոց իր մկներն ունի: Ամեն շենք: Ամեն տուն: Ոչ ոք երբևէ չի կարողացել հասկանալ, թե որտեղից են նրանք գալիս, իհարկե, բացի գիտնականներից, դե գիտնականներն ամեն ինչ հասկանում են:
Բայց ի՞նչ կարևոր է, թե որտեղից են գալիս մկները: Կարևորն այն է, թե ինչպես են նրանք կոչում իրենց երեխաներին:
Ոչ մենք գիտենք և ոչ էլ` գիտությունը, բայց մի բան հաստատ է` մկները ընտանիք սիրող ժողովուրդ են, մկները բազմաթիվ երեխաներ են ունենում: Մկների երեխաները բավական արագ են մեծանում ու իրենք էլ են երեխաներ ունենում: Հենց այսպես էլ շատանում են մկները: Նրանք սփռված են աշխարհով մեկ ու դեռ մի բան էլ` այն կողմ: Մկները տղա ու աղջիկ են ծնվում. և սա ամենահրաշալի ձևն է:
Որոշ, շատ փոքրիկ բույսեր ու կենդանիներ կան, որ տղա ու աղջիկ չեն լինում: Նրանցից յուրաքանչյուրը կիսվում է. և այդպես էլ բազմանում են: Հենց նոր կիսվածն արդեն երկուս է: Այս երկու կեսերից ամեն մեկը նորից է կիսվում. այնպես որ արդեն դառնում են չորսը, և արդեն նա էլ այն տղան չէ, ու եթե ուզենաս էլ անուն տալ նրան, գործդ հեշտ չի լինի:
Եկեք ամենաառաջինին Ադամ կոչենք, քանի որ Աստվածաշնչում առաջին մարդ արարածն Ադամն էր, իսկ մյուս կեսին կոչենք Եվա, որովհետև Աստվածաշնչում Եվան երկրորդ մարդ արարածն էր ու նաև կին էր:
Նա շատ էր բարդ: Մտքեր ուներ գլխում, որոնց մասին երբեք չէր խոսում: Իսկ Ադամի խելքին ինչ փչեր, դուրս կտար: Նա ասում էր. «Արի քուն մտնենք, աշխարհի սկիզբն է»:
Եվ երբ Ադամը քնեց ծիրանու տակ, Եվան ուղեղի հետևի մասով մտածեց. «Ադամի զարթնելուն պես նրան հասուն ծիրան կտա, իսկ հետո ամեն ինչ կգնա իր հունով, նրանք կլինեն առաջին տղամարդն ու կինը, առաջին ամուսինն ու կինը, առաջին հայրն ու մայրը»:
Եթե Ադամը իմանար, թե ինչ է լինելու հասուն ծիրանն ուտելուց հետո, այդ մասին երկու անգամ կմտածեր: Իսկ ԼԱ՞ՎՆ էր այն:
Երբևէ քեզ համար մի լավ ծիրան քաղիր ու կեր, այն ժամանակ կիմանաս, թե որքան լավն էր Ադամի ծիրանը. միգուցե նրա վիշտն էլ հասկանաս:
Գարնան հասուն ծիրանը աշխարհի ամենագեղեցիկ ու նաև ամենահամեղ բաներից մեկն է:
Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Ծիրանի համը զգալու համար պետք է ծիրան ուտես: Ծիրանն ուրիշ է:
Նման չէ ոչ խնձորի, ոչ տանձի, ոչ դեղձի, ոչ խաղողի, ոչ թզի «, ոչ թթի, ոչ ելակի, ոչ բալի, ոչ սեխի, ոչ էլ ուտելու որևէ լավ բանի:
Սրանք բոլորն էլ հրաշալի համ ունեն, բայց ծիրանի համը ոչ մեկը չունի:
Մի ուրիշ բան էլ: Ծիրանի կենտրոնում, երբ ուտես, հրաշալի ողորկ կորիզ կգտնես: Այս կորիզի կեղևը շատ է կարծր, բայց կեղևի տակ սիրտ կա` նշի նման: Լավ, ուրեմն մուրճ կվերցնես, կկոտրես կորիզն ու ներսում կգտնես սիրտը, և անշուշտ, քանի որ այն նման է նուշի, կդնես բերանդ ու կսկսես ծամել, իսկ հետո, — օ, տղա, մի բան կկատարվի:
Ծիրանի կորիզը դառն է:
Այն դառն է, որովհետև Ադամի ցավերի մեծ մասն իր մեջ է առել և նույնիսկ այսքան տարի անց` դեռ դառն է:

Հիմա այն կեսը, որ Ադամն էր, նորից կիսվեց, մյուս կեսը, որ Եվան էր` նա էլ կիսվեց. բա հիմա ի՞նչ անուն տանք այս երկու նոր կեսերին:
Լավ, կարող ենք նրանց կոչել Կայեն և Աբել, այդպես էլ կանենք, այսպիսով` չորսը:
Իսկ հետո, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Կայենն ու Աբելը կիսվեն, այդ դեպքում իսկական գլխացավանք կդառնա ամեն մի նոր կեսին անուն մտածելը:
Ամբողջ ժամանակ այնքան երեխաներ են ծնվում. խեղճ մկներն այդքան անուն որտեղից գտնեն:
Բայց մի բան հաստատ է: Ծնված յուրաքանչյուր մուկ ծնված մուկ է և, անշուշտ, յուրաքանչյուր մուկ անձնավորություն է:
Մկան համար վատ բանը դեմ առ դեմ կատվին հանդիպելն է, նրան տեսնելն ու հոտ քաշելն է և այն վախի զգացումը, որ չի կարող փախչել նրանից:
Վախենալը շատ վատ բան է: Իսկ մկները միշտ էլ վախեցել են կատուներից: Իսկ այդ վախի հիմնական պատճառն այն է, որ չգիտես, թե ինչու, մեկ էլ կատվի խելքին մի բան կփչի, կառնի ու կուլ կտա: Սա աշխարհի ամենավայրենի բաներից է, որ կարող ես մեկին անել, բայց կատուներին միշտ էլ դուր է եկել մուկ բռնելն ու կուլ տալը:
Բայց կատվից վախենալուց ավելի վատ բան էլ կա: Օձի վախն է: Մկան համար աշխարհում ամենավատ տղան օձն է:
Իրականում օձը լավ տղա է: Այնքանով է լավ, որքան մյուս տղաները, բայց մկան համար էնքան էլ հաճելի չէ:
Այսպիսով «մի ժամանակ կար չկար մի մուկ կար:
Ապրում էր իր սեփական աշխարհում, իր բազմաթիվ եղբայրների ու քույրերի, կես եղբայրների ու կես քույրերի, քառորդ եղբայրների ու քառորդ քույրերի, բազմաթիվ ընկերների ու նաև մի քանի թշնամիների հետ, բայց մի օր մուկ բռնողը բռնեց նրան:
Այս տղան, որ բռնվել էր, անուն չուներ, բայց անձնավորություն էր: Հպարտ մուկ էր նա: Երբեմն` կոպիտ, իսկ մեկ-մեկ էլ կարող էր նույնիսկ կատաղել: Թեև անուն չուներ, բայց ՄՅՈՒՍ ՄԿՆԵՐԸ նրա մասին մտածում էին որպես Արտաշի: Թե ինչու` ոչ ոք չգիտեր: Բայց անունը ճիշտ նրա համար էր: Լավ, եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ, այդ դեպքում իմացիր, Արտաշը նման չէր մյուս մկներին: Նա հայ մուկ էր:
Բոլոր մկներին մի նպատակով էին բռնել: Նրանք գազանանոցի օձերի համար էին պետք£:
Մկներն այնքան ժամանակ չէին իմանում, թե ինչու են գազանանոցում, մինչև որ շատ էր ուշ լինում: Ոչ ոք չէր կարող հետ դառնալ ու պատմել մյուսներին:
Եվ, ի վերջո, մի երեկո մեր Արտաշ մկանը գցեցին գազանանոցի ամենագեղեցիկ օձի` Ռալֆի վանդակը: Անշուշտ, սա նրա գիտական անունը չէ, եթե գիտական անունն ես ուզում, ստիպված ես գիտնականներին դիմել:
Ռալֆը չորս ֆիթ երկարություն ուներ, դեղին, կարմիր ու սև նախշեր և, իրոք, իր տեսակի մեջ գազանանոցի ամենաօձ օձերից մեկն էր:
Այդ երեկո էլ, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, ժպտաց` սպասելով, թե մեր մուկը պիտի դողա, ծվծվա ու գութ հայցի, այնպես, ինչպես, միշտ արել են բոլոր մկները:
Հենց այդ ժամանակ, բոլորովին անսպասելի, Արտաշն ըմբռնեց ամեն ինչ, նա հասկացավ, թե ինչ է կատարվում, թե ինչ է կատարվել այն օրից, երբ բռնվել ու գազանանոց է բերվել, ու նրա ցասումը ելավ ափերից: Նա վիրավորված էր, այնքան վիրավորված, որ մոռացավ, որ ինքն էլ է մուկ մյուս մկների նման:
Նայեց օձին բացարձակ-մաքուր-հարյուր տոկոսանոց ատելությամբ, ատելությունից էլ ԱՌԱՎԵԼ` ցասումով:
Տեսնես օձն ու՞մ տեղն է դրել Արտաշին:
Արտաշն ուրիշ ծրագրեր ուներ: Օրինակ, նրան շատ էր հետաքրքրում բարձրությունը: Տեսնես բարձրությունն ինչքա՞ն է բարձր: Մարդու՞ց էլ է բարձր: Շատ էր ուզում այս ամենը հասկանալ ու էլի` վեց թե յոթ բաներ: Եվ ուրեմն նրան դուր չեկավ օձի ծրագիրը:
Արտաշն այնպիսի ուժով նետվեց Ռալֆի վրա, որ օձն ապշահար եղավ ու անակնկալից շունչը կտրվեց:
Իսկ հետո Արտաշը մի այնպիսի ուժով ցատկեց. ցատկեց բարձր, շատ բարձր, ինչպես չէր կարող ոչ մի մուկ:
Օձի վրա նետվելուն պես Արտաշը շրջվեց Ռալֆի գլխի կողմը, պրկեց չորս ոտքերն ու թրխկոցով ոստնեց ուղիղ Ռալֆի գլխին:
Այո, դա նվաստացուցիչ էր. Շըրը՜խկ:
Ո՞վ էր այդ խենթ մուկը: Թըրը՜խկ:
Իսկ միգուցե նա ամենևին էլ մուկ չէ՞ր: Շըրը՜խկ:
Միգուցե նա ուղղակի նման է մկա՞ն: Թըրը՜խկ:
Միգուցե նա օձերի ԻՍԿԱԿԱՆ թշնամին էր և շուտով պիտի ցույց տար, թե ինչպես կարող է աշխարհում ոչնչացնել ցանկացած օձի: Շըրը՜խկ:
Արտաշը ցատկեց ու նորից իջավ ուղիղ Ռալֆի գլխին, մի անգամ էլ: Թըրը՜խկ:
Եվ այսպիսի տասնինը ուժգին հարվածներ ուտելուց հետո Ռալֆը որոշեց, որ բավական է, և որ լավ կլինի հնարավորին չափ շուտ մի ապահով տեղ գցի իրեն:
Այդպես էլ արեց:
Պատահմամբ այս ամենը` սկզբից մինչև վերջ, տեսել էր գազանապահներից մեկը:
Նա պապանձվել էր, կարկամել, ապշել ու հիացել:
Մուկն իսկական կռիվ էր տվել օձի հետ` ազնիվ ու արդար կռիվ, ու հաղթել էր նրան:
ՈՒ գազանապահը հանեց Արտաշին օձի վանդակից ու դրեց մի հրաշալի վանդակում, որն իրենն էր լինելու:
Դրանից հետո Արտաշը ցուցադրվում էր գազանանոցի այցելուներին, բայց ոչ որպես մուկ:
Գազանանոցում մկներ չեն ցուցադրվում, ցուցադրվելու համար չափից ավելի են սովորական:
Ցուցադրվում էր ինքը` Արտաշը, մկների մեջ ամենատաղանդավորը:
Եվ, խնդրում եմ, թող որ այս պատմությունը դաս լինի ինչ-որ մեկի համար, գուցեև քեզ համար, ինչ իմանաս:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s