Ես ու Անիի տեսլականը


Մի քիչ պատմություն

Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առևտրային, մշակութային կենտրոն:
Անին համարվում էր հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք: Սա մի թիվ էր, որ նշվում է արևելքում առավել մեծ հռչակ ձեռք բերելու համար: Թեպետ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդեն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցվում, եկեղեցիներում խունկ չի ծխվում,  աղոթք չի կարդացվում:

 

Չնայած դարավոր ավերումներին՝ վեհաշուք մայրաքաղաքը պահպանել է ճարտարապետական կոթողների ավերակներն ու մնացորդները: Կիսավեր կառույցները, փլատակները, կառույցների առանձին հատվածներն ու քանդակներն են հուշում ավերակների թագուհու երբեմնի գեղեցկության ու փառքի մասին:
Բերդապարսպից ներս՝  լռության մեջ,  զբոսաշրջիկին դիմավորում են հազարամյա մշակույթ ունեցող եկեղեցիներն ու հուշարձանները:
Մինչ Անի քաղաք մտնելը  բերդապարսպի վրա զբոսաշրջիկին է դիմավորում Բագրատունյաց տոհմի զինանշանը` սլացող առյուծը: Խորհրդանիշը զգաստացնում է.  բերդի պարիսպներից ներս մտնողը պետք է իմանա, թե ովքեր են քաղաքի տիրակալները: Քաղաքի բերդապարիսպը կառուցել է Սմբատ Երկրորդ Տիեզերակալը: Շինարարությունը տևել է 8 տարի:
Առաջին անգամ Անի այցելողին թվում է, թե բերդի պարիսպներն ուր որ է  կբացվեն, ու ինքը  կտեսնի այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է  թե՛ արևելքի, թե՛  արևմուտքի ժողովուրդներին:
Երբեմնի հզոր և գեղեցիկ Անին այսօր վերածվել է ավերակների: Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքն անխնա ոչնչացրել են անզուգական հնություններն ու հուշարձանները…

Հազար ու մի եկեղեցիների քաղաք… Այսօր մնացել է ընդամենը 9 կիսավեր  եկեղեցի: Ճարտարապետներն ու պատմաբանները  Մայր տաճարը՝ Սուրբ Կաթողիկեն, համարում են Կովկասի ճարտարապետության  գլուխգործոցը: Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն է` Սուրբ Կաթողիկեն: ճարտարապետներն ու պատմաբաններն այն համարում են Կովկասի ճարտարապետության զարդը: Տաճարի շինարարությունն  սկսվել է Սմբատ 2-րդի օրոք` 989 թվականին, և ավարտվել Գագիկ  Առաջինի օրոք  նրա կնոջ` Կատրանիդե թագուհու հովանավորությամբ:
Տաճարի կառուցումը տևել է  շուրջ  քսան  տարի: Նրա   հմայքը պարզության մեջ է:  Տրդատ ճարտարապետը  ցանկացել է,  որ տաճարը լինի պարզ, սակայն  ոչ հասարակ  և  առանձնանա կամարակալների, վերասլաց սյուների, նախշազարդ խոյակների ու քանդակների ներդաշնակությամբ:
Ավանդությունը  պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը: Հրեշտակը թագուհուն խոստացել է, որ կառույցի շինարարության ընթացքում չի լքի և  այնքան ժամանակ կպահպանի եկեղեցին, մինչ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը: Սա, իհարկե, առասպել է, սակայն ո՞վ իմանա,  գուցե հենց Կատրանիդե  թագուհու հրեշտակն է պահպանում եկեղեցին չարիքից, երկրաշարժերից….

Տիգրան Հոնենցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Տիգրան Հոնենցը (Անիի մեծահարուստ) 1215թվականին: Չափազանց հարուստ է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարդարանքով: Նրբահյուս զարդանախշերով սյունակամարները զարդարում են  եկեղեցու ճակատները ևգմբեթը: Իսկ ներսից գավիթն ու աղոթասրահը ամբողջովին պատված են բարձրարվեստ որմնանկարներով, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում  Սբ. Գրիգոր Լուսավորչի կյանքի կարևորագույն դրվագները պատկերող պատկերաշարը:

 

Ու էլի …

Աշխարհը լավ է հասկանում

«Այսօր արտասահմանի լրագրերում Կարսից հեռագիր կար, որ թուրքական գիտական մի հանձնաժողով գիտական արշավանք է կատարում Անին ուսումնասիրելու: Ականջը կանչե պրոֆ. Մառի։ Աշխարհը լավ է հասկանում թուրք ուսումնասիրությունները, պեղումները այնպես խորունկ պիտի կատարեն, որ քար քարի վրա չմնա։ Այսպիսի ուսումնասիրություններ արդեն նրանք կատարել են Մրեն, Տեկոր, Աղթամար, Ս. Կարապետ, որ ապագա ուսումնասիրողների համար այլևս նյութ չի մնացել։ Լավ կլինի, որ պրոֆ. Մառին իմացնես այս հետաքրքիր երևույթը…»:
31 օգոստոսի, 1934 թ, Փարիզ
Ավետիք Իսահակյան

ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՔՑՎԱԾ ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ԱՐՁԱՆԸ

1906 թ.Անի մայրաքաղաքում Նիկողայոս Մառը պեղումների ժամանակ հայտնաբերեց հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշ՝ Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանը: Արձանը 2.26 մ. բարձրություն ուներ, կերտված էր վարդագույն տուֆից, տեղադրված էր եղել եկեղեցու հյուսիսային պատին:
Մի քանի տարի անց իրավիճակը կտրուկ փոխվում է: Սկսվում է պատերազմը, պեղումները դադարեցվում են, իսկ երբ 1918 թվականին թուրքական զորքերը մոտենում են Անիին, անհրաժեշտություն է ծագում հրատապ կերպով փրկել հնագիտական ու մշակութային արժեքները: Հենց այդ օրերին էլ Մառի, Հովսեփ Օրբելու և Աշխարհաբեկ Քալանթարի ահազանգին արձագանքում են մի խումբ երիտասարդ հայրենասերներ: Այդ նվիրյալները՝ նրա ընկերները հնագետների խնդրանքով մի օր անցնում են Ախուրյան գետը և իրենց կյանքը վտանգելով ձեռնամուխ են լինում պեղումների արդյունքում հայտնաբերված ցուցանմուշների փրկությանը: Լաստանավի օգնությամբ նրանք սկսում են տեղափոխել այն ամենը, ինչ կարելի էր դուրս բերել Անիից: Սակայն երբ հերթը հասնում է Գագիկ արքայի արձանին, պարզվում է, որ այն բավականին ծանր է և հնարավոր չէ լաստանավով անցկացնել գետի մյուս ափը:
Թուրքական բանակն արդեն գտնվում էր չափազանց մոտ: Նրանց տեղաշարժը հազիվ թե աննկատ մնար: Եվ այդ ժամանակ երիտասարդները կայացնում են միակ խելամիտ որոշումը. Գագիկ արքայի արձանը թաքցնել որևէ ապահով վայրում՝ հողի տակ, և սպասել՝ մինչև վրա կհասնեն ավելի անվտանգ ժամանակներ:
Մինչ օրս էլ արձանը շարունակում է մնալ իր թաքստոցում: Բարեբախտաբար, այսօր հայ հնագետներին հայտնի է արձանի գտնվելու ճշգրիտ վայրը: Սակայն դա հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով: Գաղտնիքը կբացահայտվի միայն այն դեպքում, երբ հնարավոր կդառնա Անիում պեղումներ կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Հայաստանի մասնակցությամբ ու կարտոնվի արձանը տեղափոխել մեր երկիր:
Իսկ այժմ պահպանվել է միայն արձանի լուսանկարը՝ կատարված Արամ Վրույրի կողմից:
Հովիկ Չարխչյան

 

Ես և …Անին
Ոլորապտույտ  ճանապարհը ձգվում էր դաշտերի միջով: Մեքենան աստիճանաբար դանդաղեցնում է ընթացքն ու կանգ առնում: Մի երկու պատուհան,  ու… Հայաստա′ն, երկի′ր դրախտավայր: «Աստծու  ստեղծած  դրախտն էր էրգրի վրա, լա´ո. մըր էրգիր կանաչ էր, խորոտ-նխշուն էր»,-մշեցի Արմեն պապիս ձայնն է, որ քանի տարի է՝ հանգիստ չի տալիս, ձեռքս բռնած` տանում –տանում է … Տանում է՝ տարիներ շարունակ կուտակված պարտքը հետ տալու, տարիներ առաջ տված խոստումը կատարելու: Ու ամեն անգամ թվում է՝ ինչ-որ բան ճիշտ չեմ արել, ու …
Միշտ էլ էդ ճամփեքին առաջինը Անի եմ մտնում, բարև տալիս, բարև առնում, մի նոր զարդանախշ, մի նոր խոյակ ու սյուն «հայտնաբերում» ինձ համար:
Ներքևում` խոր ձորերում , Ախուրյանն էր, որը բաժանում է անբաժանելին: Գետի այս ափին` սահմանից այս կողմ, Անի քաղաքն է, ավելի ճիշտ` քաղաքի ավերակները:
Մենավոր ու ավերակ Անի, այսօր աշխարհի և ոչ մի քարտեզի վրա չկա անունը քո, սակայն կա  քո քարե մարմինը, կան քո ավերակները: Տարիներն այստեղ փորձել են լռեցնել ամեն ինչ: Թագավորանիստ Անիում այսօր մենակությունն է թագավոր, ու քո քարերն էլ հոգնել են մենակությունից: Դարեր շարունակ դու կապել ես Արևելքն ու Արևմուտքը, եղել արհեստների ու արվեստների կենտրոն, ունեցել հարյուր հազարից ավելի բնակիչ:Դու  չգիտես, թե քանի~-քանի~սն են մտքով անցել քեզ իրենցից բաժանող սահմանը, շրջել քո ավերակներում, շոշափել ու գուրգուրել քեզ: Դու չգիտես` քանի~-քանի~ հայի երազանք է եղել. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» :
Տիեզերական Անի, այլադավան ու այլալեզու ելուզակները քանդել են ու ավերել, ջնջել են ու հողին հավասարեցրել ամեն ինչ, բայց վերածնվել ես վերստին, ծխացրել ծխանի ծուխը, բազմաշնորհ արհեստավորներդ  բացել են արհեստանոցներն իրենց, ու շուտով հեռավոր ճամփաներն են սկսել իրենց ոտքերի տակ մաշել քո քարավանները… Արվեստներդ վերածվել են նորից, դպրոցներում զնգացել է հայ մանչուկների «այբ-բեն»-ը հազար եկեղեցիներում հայերեն են ղողանջել զանգերդ…
Աստվածային Անի …Քայլում  եմ ամեն անգամ  ու մտածում`քանի տարի հայի ոտք չէր տեսել հողն այս հայկական: Մի՞թե էլ երբեք տանտիրոջ նման վստահ չի քայլելու հայն այս մաշված-տրորված արահետներով: Մի՞թե էլ պատարագ չի հնչելու Անիի Մայր տաճարի կամարների տակ, մի՞թե հարսնացող աղջկա ճերմակազգեստից ու ամաչկոտ տաք ժպիտից մի ակնթարթ չեն լուսավորվելու վառվող մոմերի թրթռոցն իրենց վրա պահող, իրենց սրտում հազար գաղտնիք թաքցնող պատերն այս: Մի՞թե միջնադարի հրաշակերտ քաղաքն այս դատապարտված է մեռնելու: Դեռ որքա~ն ժամանակ այս ավերակներին պետք է մենությունը, լռությունն ու տխրությունը թագավորեն: Թող որ ավերակ, թող որ կիսաքանդ, բայց անտեր ու անշոշափելի, անբռնելի տաճարներն ու եկեղեցիները դեռ ինչքա՞ն պիտի մնան հեռվում ու հեռու: Ինչքա՞ն նայենք անհաս մոտիկին, ու ցավից, վիրավորանքից ու անզորությունից ուղղակի լռենք: Խենթացնող ցավ է…

 

Քաղաքամայր Անի… Քանդված, բայց հպարտ …Կիսավեր, բայց հպարտ…Անտեր, բայց հպարտ…Շքեղ ու հպարտ… Այդպիսին էիր, երբ տեսա քեզ առաջին անգամ, այդպիսին ես նաև այսօր: Տարիներ առաջ պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր կշրջեմ այս փլատակներում, դողացող մատներով կշոյեմ Մայր տաճարի սյունազարդ պատերը, քանդակազարդ սյուները, կխոնարհվեմ նրա կամարների տակ, ավերակներիդ ստվերները  կփայփայեմ:
Երեկո էր, ու մայրամուտը իր ոսկեվառ ծիրանին էր փռել լքված ու միայնակ քաղաքի ավերակներին: Երեկոյան ժամերգության ժամն էր, ու թվում էր`ուր որ է` կհնչի «Սուրբ-սուրբը», աստվածային հնչյունները կջերմացնեն ծնկաչոք աղոթող ունկնդիրների հոգիները, դուրս կհորդեն, կղողանջեն օդում, կմիախառնվեն Ախուրյանի խենթացած ջրերին, ափից ափ կհոսեն, քարերին կզարկվեն, կամուրջ կդառնան կարոտի ոտնահետքերով իրենց մոտ շտապող հայորդիների համար…

Կարդացեք նաև՝ Անի քաղաքի մասին Ավ.Իսահակյանի նամակը Թ. Թորամանյանին
Էջմիածին, 1944թվական


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s