Գնահատման համակարգ


Սովորողի պարտադիր և ոչ պարտադիր ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:

Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար:

Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման: Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը` նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:

Սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք

4-6 միավոր

  • Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում. շաբաթական տասը հատ

Սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանք

7-8 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`

  • լրատվություն, կայքի, բլոգի  համար նյութի ստեղծում
  • ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ
  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն
  • ուսումնական և հայրենագիտական ճամփորդության նախագծերի մասնակցություն, պատումներ

Ինքնակրթություն

9-10 միավոր

  • ուսումնական արձակուրդ, ուսումնասիրություն
  • նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն
  • արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական աշխատանք

Գործունեության գնահատումը վերաբերում է այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մտածելու կարողությունը: Գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշոփելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում:

Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ըստ շաբաթական կատարած աշխատանքի թվային և որակական հատկանիշների (քանի աշխատանք, ինչպես է կատարված): Ուսուցչի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա այս ձևով նվազագույնի է հասնում, քանի որ գործ ունենք արդեն հրապարակված աշխատանքի հետ։

Սովորողը բաց, հրապարակային ներկայացնում է իր կատարած աշխատանքը, ըստ գնահատման սանդղակի գնահատում և հիմնավորում է՝  համապատասխան գնահատանիշը դնելով էլեկտրոնային մատյանում:

Ուշադրություն

Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը, ներառյալ`  արձակուրդների ընթացքում կատարածը:

 


Оставьте комментарий