Բազմավեպ


Image_3069«Բազմավեպը» հայագիտական, բանասիրական, գրական 
հանդես է, Մխիթարյան միաբանության հրատարակություններից: Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սբ Ղազար կղզում` առանց ընդհատումների, և ամենաերկարակյացն է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից:
«Բազմավեպի» հիմնադիր-խմբագիր Գաբրիել Այվազովսկին (ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը), հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհաբարը հանրամատչելի ու դյուրըմբռնելի էր շատերին, հանդեսը հրատարակել է աշխարհաբար՝ միաժամանակ հիշեցնելով, որ չպետք է մոռանալ գրաբարը, որը «մեր նախնյաց և թագավորաց լեզուն է»:
Սկզբնական շրջանում «Բազմավեպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական: Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում: Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր: Միաժամանակ հրատարակվել են բացառիկ համարներ՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին, Մխիթար Սեբաստացու, Ալիգիերի Դանտեի, Ջորջ Բայրոնի, Նապոլեոնի, հայ ու համաշխարհային գրական, պատմական և այլ դեմքերի ու դեպքերի հոբելյաններին: 
Մեծ ու անգնահատելի են հանդեսի ծառայությունները եվրոպական միտքն ու գաղափարները հայ մտավորական միջավայր ներմուծելու գործում: Միաժամանակ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ Ղևոնդ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, Վարդան Հացունին, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան, Բարսեղ Սարգիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Հարություն Քյուրդյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Մկրտիչ Անանյանը, Ներսես Տեր-Ներսեսյանը, Լևոն Զեքիյանը և ուրիշներ: 
1973 թ-ից «Բազմավեպին» կից հրատարակվում է նույնանուն մատենաշար: 

Оставьте комментарий