ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Պարույր Սևակի զեկույցը Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական նստաշրջանում և հոբելյանական հանդիսավոր երեկոյին

1967 թվականը պատմական տարի է սովետական բոլոր ժողովուրդների կյանքում: Ավելին, 1967 թվականը նշանակալից տարի է ամբողջ երկրագնդի համար, աշխարհի մի մասը ուրախությամբ ու հպարտությամբ, աշխարհի մյուս մասը ոխով ու վախով նշում են Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հիսնամյակը:       Իսկ հայ ժղովրդի համար 1967 թվականը հոբելյանական է երիցս, նա ոչ միայն պատրաստվել ու պատրաստվում է նշելու մեծ Հոկտեմբերի 50-ամյակը, այլև նշում է, հենց այսօր, մեծ Հոկտեմբերի մեծ երգիչներից մեկի՝ Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակը: Իսկ ո՞վ էր Չարենցը:     Թվում է, թե նրա մասին փոքրիշատե բնորոշ խոսք ասելը պիտի որ շատ դյուրին լինի, մանավանդ մեկի համար, որ հպարտություն ունի իրեն համարելու Չարենցի հոգևոր որդիներից մեկը:      Բայց այդ դյուրինությունը միայն երևութական է ու խաբուսիկ:     Ու եթե դժվարությունից ելնելու ելքեր կան, ապա դրանք էլ տալիս է նույն ինքը Չարենցը՝ իր բազմաթիվ ինքնաբնորոշումներով:     Թույլ տվեք դիմելու դրանցից մեկի օգնությանը:      1922-ին գրած իր ինքնակենսագրական «Չարենց-նամե» պոեմը բանաստեղծը սկսում է այսպես.

Ես եկել եմ հեռու Իրանից
Հայրենիքս է — Խանի Մակուն
Իմ հոգում — արևն Իրանի
Իրանի արևն է իմ հոգում
Իսկ արյան մեջ երգում է իմ-
Նաիրյան տխրությունն անծիր,
Իսկ ուղեղս-կարմի՜ր-կարմի՜ր….

Բովանդակ աշխարհի վրա վառվող մի հարավային արև, բովանդակ աշխարհի վրա սփռված մի նաիրական անծայր տխրություն և բովանդակ աշխարհը իր ոգու համար հայրենիք ընտրած մի ուղեղ՝ մոսկովյան կարմիր-կարմիր հրով այրված. ահա Չարենցը:

Այսքանն իր կողմից իմանալուց հետո՝ մենք պարտավոր ենք մեր կողմից ավելացնել, որ Չարենցի բանաստեղծական աշխարհը նման էր միկրոկոսմոսի, որ եթե ուներ իր էպիկենարոնային կրակը, ապա ուներ նաև իր բևեռները: Այդ բևեռներն էին Երկիր Նաիրին, այսինքն՝ Հայաստանը, և հեղափոխությունը, որ մեծ Հոկտեմբերն է:

Սակայն, «ո՞վ էր Չարենցը» հարցին պատասխանելու համար մենք պրտի հատուկ ուշք դարձնենք ևս մի երևույթի վրա:

Գրականության պատմությունը չանցնող հարգանքով է ամեն անգամ հիշում այնպիսի անուններ, որպիսիք են Դուրյանն ու Մեծարենցը, Բարաթաշվիլին ու Խետագուրովը, Բոտևը, Պետեֆին ու Լերմոնտովը, որոնք 20-28 տարեկանում ստեղծեցին անմահ գլուխգործոցներ և արժանի են ոչ այլ կերպ կոչվելու, քան հանճարեղ պատանի կամ հանճարեղ երիտասարդ: Իսկ մեր մտքով անցե՞լ է Չարենցին էլ մտցնել այդ ցուցակի մեջ: Չի անցել երևի այն պատճառով, որ Չարենցի կյանքի թելը կտրվեց 40-ամյա հասակում:

Բայց չէ՞ որ 14-15 տարեկանում նրա գրած բանաստեղծություններն ունեն մի մակարդակ, որին «նորմալ» բանաստեդծները հասնում ես առնվազն 24-25 տարեկանում: Ընդամենը 18 տարեկանում նա գրել է քնարական այնպիսի գյուխգործոցներ, որոնց տակ իր անունը սիրով կգրեր հայ բազմադարյան քնարերգության հազվագյուտ կախարդներից մեկը, իր իսկ ուսուցիչ Վ. Տերյանը: Հիշենք թեկուզ «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Կան անտես հյուրեր», «Հայրենիքում», «Փողոցների մեջ կա մի անանուն, անմբռնելի կարոտի ճախրում» և այլն: Եվ նույն այդ՝ 18-19-ամյա ժամանակ՝ մի այնպիսի լայնակտավ պոեմ, որպիսին է «Դանթեական առասպելը», այն էլ մի այնպիսի վերջով, որ կարող է գրել միայն մեծ բանաստեղծը՝ առնվազն 30 տարեկանից հետո:

Իսկ 19 տարեկանում՝ «Աթիլլա» պոեմը, պարզապես անթերի և արու մի ծնունդ, ինչպես նաև այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Լուսամփոփի պես աղջիկը», «Ոսկին», «Հարդագոդի ճամփորդները»:

Եվ իմանալով հանդերձ, հավատալի՞ է թվում, որ «Ամբոխները խելագարված» պոեմը (ինչպես նաև «Սոման») գրված է ընդամենը 25 տարեկան պատանու գրչով: Եվ համաշխարհային գրականության բազմադարյան պատմությունը կարո՞ղ Է մի քանի տասնյակ նմանօրինակ 21 տարեկանների հիշել:
23-ամյա Չարենցը ստեղծեց իր երեք «Ոդիսականները»՝ բերելով բանաստեղծական նոր ոճ, ավելի ճիշտ՝ հիմնադրելով բանաստեղծական նոր դպրոց: Սրանց հետևեց նույն տարում գրված «Ամենապոեմը», որով պոեմի ժանրը հայ գրականության մեջ ապրեց իր զարգացման նոր փուլը: Բայց 23-ամյա նույն Չարենցի գրչով են ստեղծվել նաև այնպիսի անթերի և մնայուն բանաստեղծություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «Շամիրամը», «Անկումների սարսափից», «Ինչպես երկիրս անսփոփ»: 23-ամյա մեկի գրիչն Է գրել, վերջապես, նաև «Մահվան տեսիլը», որ հայոց լեզվով հայ ժողովրդի բախտի մասին 1500 տարվա ընթացքում գրված ամենասակավաթիվ հանճարեղություններից մեկն Է:

Ես 23–ամյա Չարենցի ստեղծագործությունների գույքագրումը չեմ կատարում: Այս դեպքում ես պիտի վերհիշեցնեի, որ նույն այդ թվականին են գրված «Երգ ժողովրդի մասին» պոեմը, «Ողջակիզվող կրակ» գիրքը, ամբողջ «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը, «Փողոցային պչրուհուն» շարքի յոթ բալլադները և բազմաթիվ բանաստեղծություններ: Ես պարզապես նշեցի այն գլուխգործոցները, որոնք ստեղծվել են 23-ամյա մեկի գրչով, խոսքս ավարտելով «Մահվան տեսիլով»: Բայց «Մահվան տեսիլ» հիշողը մի պարզ զուգորդությամբ ինչպե՞ս կարող Է չհիշել նաև «Ես իմ անուշ Հայաստանին», եթե մանավանդ դա Էլ (և առհասարակ «Տաղարանի» գերակշիռ մասը) նույնպես գրված է 23 տարեկանում:

Այստեղ անկարելի Է ապշանքով չընդգծել մի հանգամանք, որը Չարենցի համար, ճիշտն ասած, հանգամանք չէ, այլ Էություն: Խոսքը նրա դիապազոնի ահռելիության մասին Է: Ինքներդ չափեցեք. մի ծայրում՝ «Ռադիոպոեմներ» — զուտ համամոլորակային մի շնչառություն, մյուս ծայրում՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» — զուտ սենյակային մի խոստովանություն. մի կողմից՝ «Ամենապոեմ» – նորագույն ու բարդ զուգորդությունների մի կծիկ, մյուս կողմից՝ «Երգ ժողովրդի մասին » — հանրամատչելի շարադրանքի երկարաձգված մի թել, մի դեպքում՝ «Մահվան տեսիլ»-ի վսեմ, ես կասեի աստվածաշնչյան, սարսռազդու ոճ, մյուս դեպքում՝ աշուղական հանգով «Տաղարան». այսօր՝ «Ողջակիզվող կրակի» կանացիության հասնող քնքշություն, վաղը՝ «Փողոցային պչրուհուն» բալլադների պես արու հանդգնություն: Եվ այս ամենը 23-ամյա մի մարդու ձեռքով և միևնույն տարվա ընթացքում…

23-ամյա Չարենցը արդեն այնքան էր ապշեցրել իր գիտակից ընթերցողին, որ թվում էր, թե այլևս զարմացնելը բացառված է ընդմիշտ: Բայց ահա, ընդամենը մեկ տարի հետո 24-ամյա Չարենցը կատարում է իր ամենաապշեցուցիչ քայլերից մեկը՝ գրելով «Երկիր Նաիրիի» առաջին մասը:

Չարենցի օրինակի վրա էլ, կարծեմ, մենք հասկացանք, որ բանաստեղծները շատ բանով նման են ծառերին. կան վաղահասներ, կան աշնանահասներ, երբեմն ձմեռնուկներ:Մենք փոքր ինչ հետո ավելորդ անգամ կհամոզվենք, որ մայր բնությունը Չարենցի վրա զարմանալի պատվաստումներ էր կատարել: Մենք կտեսնենք, որ նա նաև աշնանահաս էր: Մենք չենք կասկածի, որ նա նաև ձմեռնուկ կլիներ, եթե վաղաժամ չհեռանար մեզանից: Իսկ առայժմ մենք ընդամենը տեսանք Չարենցի ապշեցուցիչ վաղահասությունը, որ հազվադեպ է լինում առհասարակ: Հազվադեպ Է լինում, բայց լինում Է գոնե… բանաստեղծական այգում: Իսկ արձակի անտառում՝ ոչ, որովհետև արձակի անտառը համարյա թե բացառում է վաղահասությունը:

Եվ ահա 24-ամյա Չարենցն ընթերցողի առջև է դնում իր վեպի առաջին մասը, ըստ որում, մի ոչ թե շարքային, ոչ թե սովորական, այլ բացառիկ և անսպասելի վեպի, մի վեպ, որ միշտ Էլ մեկուսի պիտի մնա՝ մենատան նման, որովհետև այնքան Է ինքնատիպ, որ չի կարող դառնալ տիպային շինվածք:

Այսպես մենք կարող ենք հետևել երիտասարդ Չարենցի հետագա տարիների արգասիքին՝ հասնելով մինչև «Չարենց-նամե» և «Առասպելական» մինչև լենինյան պոեմներ, մինչև «Ռուբայաթ» և «Խմբապետ Շավարշը», այսինքն մինչև այն ժամանակ, երբ նա նոր Էր բոլորել իր 30-ամյակը, և դրանով իսկ հասնելով մի եզրակացության, որ անխուսափելի Է:

Երբ էլ որ մենք զրկվեինք Ձարենցից, թեկուզ 18-20 տարեկան ժամանակ, նա պիտի մնար հայ գրականության պատմության մեջ, ինչպես մնում են և հավերժորեն մնալու են իր և բոլորիս պաշտելի Դուրյանն ու Մեծարենցը: Առավել ևս 20-25, 25-30 տարեկանում Չարենցի մահը մեծ կորուստ կլիներ բոլորիս համար, ինչպես որ ահավոր կորուստ էր 40-ամյա հասակում, կորուստ՝ բոլորիս համար, բայց ոչ իր համար, որովհետև նա այդ տարիքներում Էլ կմեռներ իբրև մեծ բանաստեղծ ու գրող…

Երբ էլ մեռած լիներ նա՝ մենք այսօր հավաքված կլինեինք:

Սա կասկածից վեր է: Բայց անկասկածելի է ևս մի բան. Չարենցը չէր դառնա այն, ինչ դարձավ, եթե չապրեր հեղափոխության դարաշրջանում:

Այո, նախահեղափոխական Չարենցը մի պատանի էր հազվագյուտ, մի երիտասարդ էր զարմանալի, հեղինակ կատարյալ և անմահ երկերի, բանաստեղծ էր իսկական, ճշմարիտ, իրավ, բայց ոչ մեծ: Մինչևիսկ ուսուցիչ էր, բայց… ոչ դպրոց:

Նրան պակասում էր մի բան, ինչի կարիքն զգում են բոլոր արվեստագետները, բոլոր դարաշրջաններում, եթե նրանք արվեստագետ են ոչ միայն ճշմարիտ, այլ նաև մեծ: Որովհետև ոչ միայն կա լողանալ և լողալ, որ նման լինելով շատ ավելի տարբեր են, այլ նաև լողալ Էլ կա, լողալ էլ. կա լողալ ջրավազանում և կա լողալ արձակ ծովում, ալիքի վրա:

Չարենցը, հեռու իրենից, ոչ թե պարզապես լողանում էր, այլ, ինչպես վայել է ճշմարիտ արվեստագետին, լողում էր: Բայց… ջրավազանում: Եվ նա կարիք ուներ միայն մեկ բանի՝ ահռելի ալիքի: Եվ այդ ալիքը եղավ ավելին, քան կարելի էր սպասել, որովհետև ցնցեց ոչ միայն այն երկիրը, որի քաղաքացին էր երիտասարդ լողորդը, այլև սարսեց ամբողջ երկրագունդը:

Եվ հիշենք, որ այդ ալիքին ցնծության ճիչերով ընդառաջեցին աշխարհիս մեծագույն արվեստագետները՝ Դրայզերն ու Նեկսեն, Ռոլանն ու Ֆրանսը, Պիկասոն ու Էլուարը: Հիշենք ու լրջորեն մտածենք, թե ինչո՞ւ:

Այս «ինչու»–ի պատասխանը կարող է բազմաճյուղվել, բայց մենք՝ ճյուղերը թողած՝ ձեռքներս դնենք ծառաբնին և ասենք գոնե մեր մի «որովհետև»–ը, որովհետև ամեն մի ճշմարիտ ու մեծ արվեստագետի մեջ ննջում է հեղափոխականը: Այսպես դատելով՝ հեղափոխության թեման ոչ միայն բանաստեղծական է, այլև ինքնին բանաստեղծություն է…

Չարենցի մեջ էլ էր ննջում հեղափոխականը, բայց այդպես էլ կարող էր ննջած մնալ, եթե արթնացնող չլիներ: Իսկ արթնացնողը ինչ-որ հիվանդություն չէր կամ սիրային վերք, այլ մեծ Հոկտեմբերն էր՝ իր «Ավրորա»–ի թնդանոթային համազարկերով:

Եվ այդ վայրկյանից էր, որ Չարենցը դարձավ Չարենց. եթե հանչարեղ երիտասարդ էր՝ դարձավ մեծ բանաստեղծ, եթե ուսուցիչ էր՝ դարձավ դպրոց: Չարենցի անձնավորութան մեջ կատարվեց ճիշտ այնպիսի կերպարանափոխություն, ինչպես լինում է մեկ առասպելների մեջ, մեկ էլ հեղափոխությունների ժամանակ: Եվ փոխվեց ոչ միայն նրա կերպարանքը, այլև ամեն ինչ՝ ձայնը, խոսքը, մինչև իսկ քայլվածքը՝ այս բոլոր բառերի գրականագիտական առումներով:

Եվ իսկապես էլ. ո՞վ էր Չարենցը մինչև իր արթնացումը:

Նա մի սքանչելի ոսկերիչ էր՝ արժանի աշակերտը իր մեծ ուսուցչի՝ Վ. Տերյանի: Մի բան էլ թերևս ավելի. նա նաև ասեղնագործող էր. ըստ որում ասեղնագործում էր մի… անկարելի բան: Հիշու՞մ եք կյաքի վերջում, «Գիրք ճանապարհ»-ի մեջ մեր մանրանկարիչներին տված նրա հոյակապ բնորոշումը.

Այսպես նստած դարեր՝
ոսկեղենիկ գրչով
Ճորտությունն են իրեն
ոսկեզօծել,
Ինչպես նստեր հիմա մի
հանճարեղ աղջիկ
Եվ գիշերվա խավարը
ասեղնազործեր:
Ինքն Էլ ահա ճիշտ այսպես.
Անկարելի սիրով. տքնությունով
անլուր,
Հաճախ անխոցելի
ճարտարությամբ,
Մանրակրկիտ, ինչպես
հանելուկ,
Հրաշալի, ինչպես հարության
Զարմանալի լեգենդը.

նստել ու ոսկեղենիկ գրչով ասեղնագործում Էր ոչ այլ ինչ, քան… գիշերվա խավարը, մի խավար, որ փռված Էր ոչ թե լոկ նրա, այլ իր ողջ ժողովրդի և հայրենիքի վրա, մանավանդ, եթե ստիպված լինենք վերհիշելու, որ այս ամենը կատարվում Էր 1915-ին, մի թվական, որ խարանի պես տպվեց մեր Ժողովրդի ճակատի վրա ու սրտի մեջ:

Այսպիսին Էր հայ ժողովրդի գոյավիճակը և Չարենցի հոգեվճակը, երբ ահռելի 1915-ին հետևեց 1916-ը՝ և ապա 1917-ը՝ իր Հոկտեմբերով:

Եվ Չարենցը հեղափոխական չդարձավ, ինչպես շատ-շատերը, այլ պարզապես արթնացավ իբրև հեղափոխական, ուստի և հեղափոխությունը նրա համար ոչ թե կեցվածք էր, ինչպես շատ-շատերի համար, այլ պարզապես կեցություն:

Այստեղ մենք պարտավոր ենք կատարելու երկու ընդգծում:

Եթե Հոկտեմբերյան հեղափոխությունը բախտորոշ նշանակություն ունեցավ ռուսական նախկին կայսրության բոլոր ժողովուրդների համար անխտիր՝ սկսելով հենց ռուս ժողովրդից, ապա հայ ժողովրդի համար նրա բախտորոշ դերը կրկնակի Էր: Հայ ժողովուրդը, որ ամբողջ 1500 տարի ի խորոց սրտի մրմնջացել Էր «խաղաղություն ամենեցուն», հայ ժոդովուրդը 1500 տարվա ընթացքում թերևս ավելի կարիք չէր զգացել այդ խաղաղությանը, ինչքան 1915-20 թվականներին, որ նրա բազմադարյան պատմության ամենազարհուրելի տարիներն Էին անկասկած:

Եթե ժողովուրդների բարեկամության և իրավահավասարության կոչը բաղձալի Էր բոլոր ազգերի համար, ապա հայ ազգի համար դա ուղղակի կենաց ու մահու հարց Էր. արդեն կիսով չափ բնաջնջված՝ հայ ժողովրդի մնացած կեսն Էլ գալարվում էր հոգեվարքի մեջ: Մի կողմից՝ ազգամիջյան–եղբայրասպան կռիվները, որ բորբոքվել էին Անդրկովկասի այդ ժամանակվա կառավարիչների՝ դաշնակցականների, մուսաֆաթականների և մենշևիկների հանցանքով, մյուս կողմից՝ ողջ Արևմտահայաստանը ամայցրած ու Երևանին մոտեցող թուրքական հորդաները, երրորդ կողմից՝ սովն ու համաճարակը սպառնում էին իսպառ անհետացնելու աշխարհի ամենահնագույն ժաղովուրդներից մեկին: Եթե դեռ կար հայրենիք և հայ Ժողովուրդ, ապա դա իսկն ասած, մի հայրենիք էր առանց ժողովրդի և մի ժողովուրդ էր՝ առանց հայրենիքի:

Հրաշք էր պետք, որպեսզի լքված ու զարկված հայությունը կարողանար փրկվել:

 

Ու եթե աշխարհիս այլևայլ ազգության պատկանող շատ արվեստագետներ Հոկտեմբերյան այգաբացը ողջունեցին՝ իբրև մաքրագործ ամպրոպի, ապա Չարենցը ողջագուրվեց այդ այգաբացին, փարվեց ու ձուլվեց նրան՝ ոչ միայն իբրև արվեստագետ, այլև իբրև զավակ մի ազգի, որին բնաջնջումից կարող էր փրկել միայն հրաշքը: Այս կրկնակի պատճառներով էլ Հոկտեմբերյան հեղափոխության հանդեպ Չարենցի սերը անսահման էր, նվիրվածությունը՝ անմնացորդ, ապավինությունը՝ միակ, գովքը՝ ի խորոց սրտի:

Արժե ասել, որ ինչպես Հոկտեմբերի բոլոր երգիչների, այնպես էլ Չարենցի համար «հեղափոխություն» գաղափարը և «Լենին» անունը համանիշ հսակացություններ են:

Բայց արժե կրկին ու կրկին շեշտել այն տեսակարար տարբերությունը, որով չարենցյան լենիներգությունը առանձնանում է շահեկանորեն:

Մայակովսկու հետ միաժամանակ Չարենցը առաջիններից մեկն էր, որ Լենինի մահվան բոթը վերածեց Լենինի մեծության ու նրա գադափարների փառաբանության.

Գիտե՞ք, թե աշխարքի արգանդից
Ինչքան հանճարեղ մարդիկ,
Ինչքա՜ն, ինչքա՜ն Կրոմվել
Կամ հնդիկ Գանդի–
Անթիվ
Եղել են,
Կան դեռ
Ու կգան,
Այնինչ Իլյիչը – մեկ է,
Ուրիշ Իլյիչ — դժվար թե,
Ուրիշ Իլյիչ – չկա՜:

Եվ վերջում էլ.

Լսո՞ւմ եք՝
Մենք դեռ կգանք.
Մեր բանակը կանցնի դեռ ձեր
աշխարհքով:
Դեռ կգա Իլյիչը,
Որ մտնի համաշխարհային
Սովնարկոմ:

Այս հավատն էր, որ վարեց Չարենցին և տարավ նրան դարաշրջանի ողջ թոհուբոհի միջով: Այս հավատը և Լենինի հանդեպ տածած անսահման սերն էր, որ զրահ դարձավ Չարենցի համար՝ նրա կյանքի բոլոր փուլերում:

Չլիներ թե նրա հաղթությունը–
Իմ դահիճն ինձ վաղուց էր
կերել
Եվ դարձել էր արդեն իմ անունը
Ոտնակոխ արված մի տերև…

Հեղափոխության առաջնորդի, Չարենցի բնորոշմամբ՝ «ապստամբության վարպետի» գաղափարները Չարենցի համար դարձան ոչ միայն փառաբանության նյութ, այլև բանաստեղծության հավատամք: Կարելի է ասել ավելին. Չարենցի ողջ Ars poetica-ն էլ ձևված է Լենինի և լենինյան գաղափարների վրա: «Քո ամպլուան-տարերքն էր». այսպես է ինքնաբնորոշում իրեն Չարենցը և տեղնուտեղն էլ ավելացնում.

 

…Այս լենինյան դարում
Թեկուզ, ճիշտ է, երբեմն
տարերքն էլ է ազդում,
Բայց կա այսօր մի այլ
իմաստություն՝
Համառ՝ սիստեմատիկ,
խստաբարո,
Ինչպես ինքը՝ Լենինը, ինչպես
դիսցիպլինը,
Որ սաստում է թե կամք, թե
ինտելեկտ…

Եվ ոչ միայն այսքանը: Ահա չարենցյան ըմբռնումի ևս մեկ այլ արտահայտություն, որ ունի հիմնական օրենքի ուժ և նույնպես բանաձևված է Լենինով.

Դու նկատե՞լ ես, որ շատ անգամ
Մի հնչյուն, մի հանգ, մի
մելոդի,
Անգամ մի ասոնանս, անգամ մի
հանգ-
Երգդ փոխում է հանկարծ
անկամ կարոտի:
Կան դավաճան շեշտեր, կան
ռիթմեր, կան բառեր:
Երբ քաշում է դակտիլը–
ըմբոստացիր:–
Պոե՞տ ես – դու այսօր պիտի
մաքառես–
Եվ չի օգնի այստեղ քեզ
գնդացիրը:
Չի օգնի սվինը: –Հինը հաճախ
Հանճարեղ անցքեր է ճարում,–
Եվ չկոտրես եթե այդ ռիթմը
դավաճան–
Քեզ չի օգնի Լենինը – այլ
լենինյան դարում…

Կարծես ոչ թե գրչով գրված, այլ մուրճով փորագրված այս տողերը, որ կարղ են բնաբան դառնալ ոչ միայն Չարենցի, այլև սովետական ողջ գրականության համար, ևս մեկ անգամ վկայում են, թե Չարենցը որքան էր ներծծված Լենինով և լենինյանով: Եվ այս ներծծվածությունն ու ներքին հագեցվածությունը չէին կարող Չարենցին չհասցնել մի «բայց»-ի, առանց որի չկա ու չի կարող լինել արվեստ:

Լենին, այո Լենին: -Բայց ոչ
միտինգային,
Բայց ոչ թմբուկ թեթև, բայց ոչ
պլակատ…

Առանց այս գիտակցության, Չարենցը՝ Լենինի և լենինյանի գովերգուն, չէր կարողանա և չէր դառնա Լենինի՝ իբրև կենդանի մարդու, կենդանի կերպարի կերտողը:

Այս գիտակցությամբ էր, որ Չարենցը գրեց լենինյան իր հանրահայտ բալլադները՝ «Բալլադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին», «Լենին քեռին», «Լենինն ու Ալին», բալլադներ, որոնց մեջ հեղափոխության առաջնորդի կերպարը դիտվեց մի բոլորովին այլ տեսակետից, Չարենցի բառերով ասված՝ «մարդկային տեսակետից»: Ու եթե չմոռանանք, որ այդ ժամանակ դեռ չէին գրվել այն պիեսները և չէին նկարվել այն կինոժապավենները, որոնց մեջ Լենինի երկրի քաղաքացին պիտի հնարավորություն ունենար տեսնելու այդ երկրի մեծ առաջնորդի մարդկային բնավորությունը՝ անսահման մեծության հետ, անսահման պարգությունը,- ապա կարող ենք հպարտությամբ պնդել, որ Լենին- մարդու կերպարի կերտման գործում Չարենցը առաջիններից առաջինն էր:

Եթե հեղափոխության առաջնորդի կերպարի մեջ էլ Չարենցը ընդգծելով ընդգծում էր մարդուն ու մարդկայինը, ապա, ինչ ասել կուզի, մարդու և մարդկայինի գեղարվեստական արտահայտության հարցը չէր կարող Չարենցի համար չդառնալ արվեստի հարցերի հարցը:

Չարենցը նախ և առաջ մարտիկ էր, այս բառի ոչ միայն բանաստեղծական, այլև բուն իմաստով: Չմոռանանք, որ հայկական կամավորական գնդի երեկվա 18-ամյա պատանին դարձավ կարմիր զինվոր և, իբրև կոմունիստ,զենքը ձեռքին, կռվեց Հոկտեմբերի համար՝ Տիխորեցկից մինչև Ցարիցին և Ցարիցինից մինչև Արտաշատ ու Վեդի: Առավել ահավոր ու մահացու էին այն ճակատամարտերը, որ նա՝ սովետական գրականության մեծ հիմնադիրներից մեկը, մղեց գրական դիրքերում՝ հանուն իսկական և իսկապես նոր գրականության:

Չարենցը նաև քաղաքացի-բանաստեղծ էր՝ այս երկու բառերի վսեմ նշանակությամբ: Մարտիկ-բանաստեղծի և քաղաքացի-բանաստեղծի իր դերը նա կատարեց անօրինակ թափով ու հզորությամբ՝ գրոհի ու փոթորկի ամբողջ ժամանակաշրջանում: Բայց երբ սովետական կյանքը մտավ իր խաղաղ-շինարարական հունը՝ նույն մարտիկ ու քաղաքացի բանաստեղծը առաջինը հասկացավ իր նոր անելիքը:

Առաջին անգամ իմ
հայրենիքում,
Ուր հոսում էին արնահում
գետեր-
Այս այգաբացի երգը
զրնգուն
Իմ բարձրաշառաչ երգն է ավետել,-

նշեց նա՝ առանց կեղծ համեստության:

Բայց և միաժամանակ, հեղափոխականին վայել շիտակությամբ հայտարարեց, որ

Ես չեմ երգեյու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ,
Իմ ներսում հիմա հուզվում են,
աճում
Ու շարժվում ուրիշ խոհերի
գնդեր,–
Ներկան է հիմա իմ դեմ
աղմկում…

Այսպես էր ահա, որ Չարհնցը արդեն «վաստակած» ու «խոհով ծանրացած»՝ լծվեց սովետական ներկան պատկերելու, սովետական մարդու, «անքուն կրքերի, զգացմունքների լայն, անծայրածիր օվկիանում» լողալու դժվար գործին՝ հասկանալով ու հասկացնելով, որ

Ինչ գրել ենք մինչև հիմա՝
Եղել Է լոկ առաջաբան
Մի վիթխարի երգի համար,
Որ գալու Է, բայց դեռ չկա:

Չարենցը անհրաժեշտ համարեց «պոետ-քաղաքացի» տիտղոսը հարստացնել մի նոր ու հավերժական կոչումով՝ «մարդ» հասկացությամբ.

Ես մարդ եմ, պոետ ու
քաղաքացի:

Այսպես էր ահա, որ Չարենցի պոեզիան լցվեց այս մարդերգությամբ կամ (եթե կարելի է ասել) մարդապաշտությամբ:
Եվ դու, գալիք երջանիկ ընկեր,
Համաշխարհային դու քաղաքացի
Լսո՞ւմ ես, մարտիկ լինելուց բացի
Ես էլ քեզ նման մի մարդ եմ եղել,
…Իմացիր, որ մեր օրերի խորքում
Ես էլ եմ եղել կրքերի գերի–
Հասկացիր սրտիս հույզերը հորդուն
Եվ պայծառ նայիր անցած պատկերիս:

Մենք, որ իսկապես էլ շատ ենք երջանիկ Չարենցի համեմատությամբ, այսօր կրկնակի պայծառ ենք տեսնում նրա «անցած» պատկերը՝ ամենից առաջ շնորհիվ հենց այն մարդերգության ու մարդապաշտության, որով ողջ սովետական պոեզիան բռնեց նոր ճանապարհ, ինչի առաջին ռահվիրաներից մեկն Էր Չարենցը՝ հեղափոխության անկեղծ ու հուրհրան երգիչը:

Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ: Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում:

Չմոռանանք նաև, որ ինչպես հեղափոխություններն են հազվադեպ ժողովուրդների կյանքում, այդպես էլ հեղափոխականներն են հազվագյուտ արվեստի մեջ:

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ՝ երբեք չմոռանալու պայմանով:

Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարներից մեկն է: 1500 տարվա ճանապարհ անցած մեր տաղաչափության մեջ նորություն բերելը համարյա անհնարին մի գործ էր, իսկ Չարենցի բերած նորությունները շատ էին այնքան, որ ստիպեցին Մ. Աբեղյանի նման մեկին հատուկ ուսումնասիրություն գրել այդ մասին, երբ Չարենցը տակավին երիտասարդ էր:

Բանաստեղծության մեջ ոմանք ուժն են սիրում, ոմանք՝ հանգիստը:

Չարենցը ուժի բանաստեղծ էր: Համեմատական և խիստ բնական հանգստի պահերն իսկ նրա համար նման էին մահվան: Այս պատճառով էլ նրա գրական ամբողջ կյանքը իր հերթին նման է վազքի՝ մի հանգրվանից դեպի մյուսը: Նա, ինչ խոսք, կառուցել է նաև բերդեր ու վանքեր: Բայց ընդհանրապես նա շինարարն է իջևանատների: Ըստ որում, այդ իջևանատները նա շինում էր այլոց համար, որովհետև ինքը իր իսկ իջևանատներում ընդամենը գիշերում էր և ոչ թե ապրում, և ընդամենը գիշերում էր, որովհետև շտապում էր կառուցել նոր իջևանատուն: Այս իմաստով նա «զարմանալի թեթև, զարմանալի անփույթի» մեկն էր՝ մի զուտ մոցարտյան կամ պուշկինյան բնավորություն:

Մոցարտյան և պուշկինյան բնավորության տակ ընդգծելու համար, ասենք նաև, որ Չարենցը շատ էր տարեց երիտասարդ ժամանակ և շատ էր երիտասարդ՝ տարեց օրերին: Ժամանակի նմանօրինակ անզգացողությունը հատուկ է միայն նրանց, ովքեր հենց իրենք մարմնավորված ժամանակ են: Եվ Չարենցը մի՞թե մեկ անգամ է խոսել այս մասին:

Ժամանակի շունչը դառնալու, յուրաքանչյուր նյարդով իր օրերին ու դարին կապված լինելու անհրաժեշտությունը Չարենցը հասցրել է սարսռազդիկ գիտակցության: Ես նկատի ունեմ այն ահռելի ցանկությունը, որ արտահայտել է նա «Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին» տաղի հետևյալ երկտողով.

Թող ձեր հին շենքերի նման
գործերս մնան անանուն,
Բայց լինեն դարի արևով ու
երկրի եղյամով պատած…

Ի պատասխան այս հիրավի մարտիրոսամերձ ցանկությպան՝ մենք այսօր կարող ենք բերկրալ, որ նրա գործերը անանուն չեն մնացել, այլ կրում են մի սիրելի և այլապես մարտիրոսացած անուն, և հավաստելով հավաստել, որ դրանք իսկապես էլ պատված են դարի արևով ու երկրի… առայժմ ոչ եղյամով, այլ վաղորդյան ցողով, իսկ դրանից էլ առաջ՝ արյամբ սրբազան:

Բայց «ժամանակակից» կամ «այժմեական» շատ նենգաբարո բան է արվեստի բնագավառում. մեկ էլ տեսար «ժամանակակից» գոռացողը պարզապես դարձավ «ժամանակին կից», ուստի և ժամանակի հետ էլ կորավ-գնաց, իսկ «այժմեական»գոռացողը դարձավ «առայժմեական»:

Չարենցն իր ժամանակակիցների մեջ առաջինն էր սրտով ու գլխով, երակով ու արյամբ հասկանում էր խորհուրդների այս խորհուրդը: Նա ապրում էր իր ժամանակակիցների հետ և մեջ, բոլորից ավելի շատ այրվում իր ժամանակի կրակներով ու տագնապներով, ցավերով ու հոգսերով, դողով ու էրոցքով: Բայց միաժամանակ նա նրանց մեջ կարծես միակն էր, որ ապրում էր նաև ապագայում ու անցյալում. մի դեպքում մեզ հետ, որ վկայում ենք նրա իրավացիությունը, մյուս դեպքում՝ Նարեկացու և Դանթեի, Խայամի և Քուչակի, Վիյոնի և Սայաթ-Նովայի, Գյոթեյի և Հայնեի, Պուշկինի և Թումանյանի, Մեծարենցի և Տերյանի հետ:

Նորից կրկնենք, որ Չարենց ասելիս՝ նախ և առաջ պիտի հասկանալ արվեստի մեջ հեղափոխական, այլ բառով ասած՝ նորարար: Այս առթիվ վերհիշենք այն, ինչ բոլորս գիտենք, ըստ հունական դիցաբանության, Հերակլեսը կատարել է տասներկու սխրագործություն: Բայց բոլո՞րս գիտենք, թէ հին հույները այդ տասներկու սխրագործությունից ո՞ր-ն էին համարում ամենամեծը: Բանից պարզվում Է՝ ոչ թե Նեմեական առյուծի կամ բազմագլուխ հիդրայի սպանությունը, ոչ թե դժոխքի շուն Ցերբերի կամ անմահական խնձորի հափշտակությունը, ոչ թե Հերակլեսյան սյուների տնկումը, այլ… ավգյան ախոռների մաքրումը:

Մենք Էլ կարող ենք թվարկել Չարենցի բանաստեղծական արժանիքներից կուզեք տասներկուսը, կուզեք ավելին, բայց անկասկած է, որ մեր բանաստեղծությանը մատուցած նրա բոլոր ծառայությունների մեջ Էլ մեծագույնը նույնն Է, ինչ Հերակլեսինը՝ ախոռների մաքրումը:

Եվ ինչպես իր գովերգած մեծ Հոկտեմբերը այլ բան չէր, քան պատմության ավգյան ախոռների մաքրում, ճիշտ այդպես էլ չարենցյան պոեզիան այլ բան չէ, քան բանաստեղծության ավգյան ախոռների մաքրում, այն ախոռների, որոնց մեջ գարշահոտում էին գավառականությունն ու տիրացուականությունը, սեփական յուղի մեջ տապակվեու խղճուկ փիլիսոփայությունը, սեփական թանը ուրիշի մեղրից քաղցր համարելը, ինչպես նաև դատարկ աղմկահարությունն ու փքուն պոռոտախռսությունը, կարճ ասած՝ հինն ու հնացածը:

Ոչ այլ ոքի, քան Չարենցին է պատկանում հնի մասին ասված առածական այն հոյակապ խոսքը, որ պարտավոր ենք անգիր իմանալ. «Հինը հաճախ հանճարեղ անցքեր է ճարում»:

Այդ գիտակցությունն ունեցողը, ինչ ասել կուզի, չէր կարող չլինել նորի և նորարարության մեծ ջատագով, ամեն տեսակ ավգյան ախոռների մաքրող: Եվ առերևույթ տարօրինակ է թվում, որ նորի և նորարարության այս նույն ջատագովը գնալով ավելի և ավելի Էր հիշում ու հիշեցնում հներին՝ սկսած Հոմերոսից ու Նազոնից մինչև Նարեկացի ու Դանթե և հասած Պուշկինին ու Սիամանթոյին: Որովհետև նա ոխերիմ Էր հնի, բայց ոչ նաև հավերժականի, որ գալիս է հնից: Որովհետև նա ոխերիմ Էր հնացածության, բայց ոչ նաև մնացածության, որ գալիս է հնությունից: Որովհետև արվեստի մեջ նորարար լինել չի նշանակում արվեստի պատմությունը դնել սև գրատախտակի տեղ, իսկ իրեն՝ թաց սպունգը ձեռքն առած մի դպրոցականի և… երկու վայրկյանում ջնջել եղած-չեղածը: Եվ, վերջապես, որովհետև գործում է ամեն տեսակ օրենքներից ամենաօրինականը՝ ժառանգականությունը, որը նույնքան անբեկանելի է, որքան հին հույների հասկացած ճակատագիրը, ինչից որքան խուսափես՝ այնքան մոտենում ես՝ թշվառական Էդիպ արքայի նման: Այդ ժառանգականությունը Չարենցի գրական հակառակորդներից ոմանց հետ վարվեց նույն դաժանությամբ՝ նրանց վերջ ի վերջո իրենց ծնողի հետ ամուսնացնելով: Չարենցը ոչնչով չէր բարկացրել բանաստեղծության երկնային աստվածներին, ուստի և ոչ միայն չպատժվեց արյան խառնակությամբ, այլև մնաց ու մնալու է պաշտելի որդին իր մոր՝ մի ժողովրդի, որի բազմադարյան մշակույթի ժառանգորդն էր, այնքան հարուստ ու մեծատուն ժառանգորդը, որ իրավունք ուներ ու պիտի ինքն իր մասին ասեր.

Ինչ ունեցել է ժողովուրդը քո
Հնում, անցյայում — լուսավոր ու վեհ,
Ինչ ունի այսօր, ինչ ցնորք ու խոհ,
Ողջը հավաքել ու քեզ է տվել…

Լինում են զավակներ ապօրինի և զավակներ օրինական: Իսկ անհայր զավակներ՝ բնավ: Եվ անկարելի է լինել մեծ գրող և չլինել օրինական զավակն ու ժառանգորդը տվյալ ազգի մոտավոր ու հեռավոր հայրերի: Չարենցը հենց այդպիսի զավակ էր և սրանով իսկ, նա կրողն էր մեր դարավոր ավանդների ու բեռուբարձի:

Բայց ամեն զավակ չէ, որի անձնական անունը դառնում է գերդաստանի ազգանունը: Նրանք

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՜չ ուշացած,
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց…

Այսպիսի երջանիկ զավակ Էր Չարենցը և սրանով իսկ որքան ազգային Էր և ավանդապահ, նույնքան և ավելի միջազգային էր և ավանդախախտ, այսինքն՝ սկզբնավորողը նոր ավանդների: Եվ այսպես էր ահա, որ նա՝ օրինական որդին մեր բազմադարյան քերթության, դարձավ նաև հայր գրական մի նոր սերնդի, որ փաստորեն կրում է նրա հավաքական ազգանունը:

Կարելի է ասել ևս ավելին:
Շատ քիչ գրողներ կան, որոնց անունը հնչում է իբրև գրական դպրոցի հիմնադրի անուն: Չարենցը այդ քչերից Է:

Չարենցն ինքն էլ գիտեր, թե ինչքան կապերով և որքան ամուր է կապված իր անունը դարաշրջանին: Գիտեր, որ իր «աղմկող անունը» անբաժան կմնա իր դարից «ինչպես օրը օրացույցից»: Եվ ոչ միայն գիտեր, այլև անձանձրույթ, նույնիսկ ինքնակրկնության գնով ուսուցանում Էր, որ

Ամեն պոետ գալիս՝ իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած, որս է անում երգերում,
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի մեծությամբ,
Այլ նշանի ահագնությամբ, որ հանճարներ է սերում:–

Այսօր, իր մահից 30 տարի անց, մենք կարող ենք ասել, որ Չարենցն իսկապես էլ մեծ դարձավ «նշանի ահագնությամբ», բայց նաև «նետի մեծությամբ»: Բնությունը նրան երկուսն էլ տվել էր: Եվ այսօր էլ, իր մահից 30 տարի անց, նա շարունակում է մնալ ուսուցիչ:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

IX.1967թ.


Оставьте комментарий