Սոմերսեթ Մոեմ «Ճպուռն ու մրջյունը»


Երբ ես փոքրիկ տղա էի, ինձ ստիպում էին անգիր անել Լաֆոնտենի հայտնի առակները և

ամեն մի առակի բարոյախոսությունը ինձ ջանասիրաբար բացատրում էին: Իմ սովորածների մեջ էր «Ճպուռն ու մրջյունը», որի նպատակն է ապացուցելու երիտասարդությանը, որ այս կատարելությունից հեռու աշխարհում աշխատասիրությունը վարձատրվում է, իսկ թեթևամտությունը` պատժվում: Այս սքանչելի առակում (ներողություն եմ խնդրում այնպիսի մի բան պատմելու համար, որ ամեն մի կիրթ մարդ քիչ թե շատ գիտի) մրջյունը լարված ամառ է անցկացնում, հավաքելով իր ձմեռվա պաշարը, մինչդեռ ճպուռը նստած խոտի ցողունի վրա իր համար երգում է: Գալիս է ձմեռը, և մրջյունը բավականաչափ ապահովված է պաշարով, իսկ ճպուռի մառանը դատարկ է: Վերջինս գնում է մրջյունի մոտ և խնդրում է մի քիչ ուտելիք: Այնժամ մրջյունը տալիս է իր դասական հարցը.
— Իսկ ինչո՞վ էիր զբաղված ամռանը:
— Ես օր ու գիշեր երգում էի ու երգում:
— Երգու՞մ էիր. դե հիմա էլ գնա ու պարի:
Ես ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել առակի այդ դասի հետ, ինչը ես վերագրում եմ ոչ թե իմ ինքնահաճությանը, այլ ավելի շուտ մանկության տարիքի հակասություններին, քանի որ մանկությունը բարոյական առումով կատարյալ չէ: Ես խղճում էի ճպուռին և ինչ որ ժամանակ մրջյուն տեսնելիս չէի կարող ոտքս վրան չդնել: Այդ ոչնչացման ձևով (և ինչպես ես եզրակացրել եմ այն ժամանակվանից, այդ ձևը հատուկ է մարդուն), ես փորձում էի հայտնել իմ դժգոհությունը խելամտության և առողջ բանականության հանդեպ:
Ես չէի կարող չհիշել այս առակը, երբ օրերս հանդիպեցի Ջորջ Ռեմզիին, որը մենակ նախաճա-շում էր ռեստորանում: Ես դեռ չէի տեսել մի մարդու, որի դեմքն այդպիսի վհատություն արտահայտեր: Նա լայն բացված աչքերով նայում էր տարածության մեջ: Ջորջն այնպիսի տեսք ուներ, ասես ամբողջ աշխարհի ծանրությունը դրված էր իր ուսերին: Ես խղճացի նրան: Իսկույն կասկածեցի, որ նրա չարաբաստիկ եղբայրը նորից անհանգստություն էր պատճաոել: Մոտեցա Ջորջին և մեկնեցի ձեռքս:
— Ինչպե՞ս ես,— հարցրի ես:
— Տրամադրություն չունեմ,— պատասխանեց նա:
— Էլի Թո մի պատճառո՞վ:
— Այո՛, էլի Թոմի պատճառով:
— Ինչու՞ չես կապերդ նրա հետ կտրում: Դու նրա համար արել ես այն ամենը, ինչ հնարավոր է: Քեզ համար արդեն պետք է պարզ լինի, որ նա անհույս է:
Ինձ թվում է, որ ընտանիքն առանց մի այլանդակի չի լինում: Թոմը ծանր փորձություն էր եղել Ջորջի համար՝ քսան տարվա ընթացքում: Թոմն իր կյանքն սկսել էր բավական պարկեշտ ձևով, նա դարձել էր առևտրական, ամուսնացել էր և ուներ երկու երեխա: Ռեմզիների ընտանիքի անդամները լիովին հարգարժան մարդիկ էին, և բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ Թոմ Ռեմզին փայլուն կարիերա կունենա: Սակայն մի օր նա անսպասելիորեն հայտարարեց, որ ստեղծված չի աշխատելու և ընտանիք ունենալու համար: Թոմն ուզում էր վայելել կյանքը: Նա ոչ մի հորդորի չէր ենթարկվում: Թոմը թողեց կնոջն ու աշխատանքը: Նա մի քիչ փող ուներ և երկու երջանիկ տարի անցկացրեց Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում: Բամբասանքները Թոմի արարքների մասին ժամանակ առ ժամանակ հասնում էին իր բարեկամներին, և նրանք խորապես ցնցվում էին: Նա իսկապես հաճելի ժամանակ էր անցկացնում: Բարեկամներն օրորում էին գլուխները և հարցնում, թե ինչ կպատահի, երբ Թոմի փողը ծախսվի: Շուտով նրանք իմացան, որ նա պարտք էր անում: Թոմը հմայիչ էր և միջոցների մեջ խտրություն չդնող: Ես չէի հանդիպել որևէ մեկին, որին այդքան դժվարությամբ հնարավոր լիներ մերժել պարտքով փող տրամադրելը: Թոմը կայուն եկամուտ ուներ իր ընկերներից և հեշտ էլ ընկերանում էր: Բայց նա միշտ ասում էր, որ անհրաժեշտությունների վրա ծախսվող փողը ձանձրացնող է, իսկ զվաըճացնողը այն փողն է, որը ծախսվում է շքեղությունների վրա: Փողի պատճառով նա կախված էր իր եղբայր Ջորջից: Թոմը չէր գործադրում իր հմայքը Ջորջից որևէ բան ստանալու նպատակով: Զորջը լուրջ մարդ էր և անտարբեր էր Թոմի գայթակղություններին: Ջորջը հարգարժան մարդ էր: Մեկ, թե երկու անգամ նա հավատաց Թոմի խոստումներին ուղղվելու մասին և մեծ գումարներ տվեց, որպեսզի նա ամեն ինչ նորից սկսի: Այս փողերով վերջինս գնեց ավտոմեքենա և մի քանի շքեղ զարդեր: Երբ հանգամանքներն ստիպեցին Ջորջին գիտակցել, որ իր եղբայրը երբեք չի խաղաղվի, նա լվաց իր ձեռքերը: Թոմն առանց վարանելու սկսեց շանտաժի ենթարկել Զորջին: Այնքան էլ հաճելի չէր հարգարժան իրավաբանին տեսնել եղբորը վաճառասեղանի ետևում կոկտեյլներ թափահարելիս` իր սիրելի ռեստորանում, կամ էլ տեսնել նրան տաքսու ղեկին սպասելիս` իր ակումբի առաջ: Թոմն ասել էր, որ բարում աշխատելը, կամ տաքսի վարելը լիովին արժանավոր զբաղմունք է, բայց եթե Ջորջը կարողանար տալ նրան մի քանի հարյուր ֆունտ, ապա նա դեմ չէր լինի թողնել այդ աշխատանքը ընտանիքի պատվի համար: Ջորջը վճարեց:
Մի անգամ Թոմը համարյա բանտ պետք է ընկներ: Ջորջը սաստիկ վշտացել էր: Նա զբաղվեց այդ ամբողջ վարկաբեկիչ գործով: Իսկապես, Թոմն անցել էր բոլոր սահմանները: Նա անզուսպ էր, թեթևամիտ, եսասեր, բայց երբեք չէր արել որևէ խարդախություն. խարդախություն ասելով Ջորջը նկատի ուներ որևէ հակաօրինական արարք Թոմի կողմից: Եվ եթե վերջինս հետապնդվեր դատարանից, ապա անկասկած մեղավոր կճանաչվեր: Բայց չէր կարելի թույլ տալ, որ միակ եղբայրը բանտ ընկներ: Այն մարդը, որին Թոմը խաբել էր, ոմն Քռոնշո, ոխակալ էր: Նա լի էր վճռականությամբ գործը դատարան տալու: Քռոնշոն ասում էր, որ Թոմը սրիկա է և պետք է պատժվի: Ջորջը գործը հարթեց անսահման ջանքերի և հինգ հարյուր ֆունտի մի-ջոցով: Ես երբեք Ջորջին այդպես կատաղած չէի տեսել, ինչպես այն ժամանակ, երբ իմացավ, որ Թոմն ու Քռոնշոն միասին մեկնել էին Մոնտե Կարլո` դրամաչեկը փողի վերածելուն պես: Նրանք մի երջանիկ ամիս անցկացրին այնտեղ:
Քսան տարվա ընթացքում Թոմը մասնակցում էր ձիարշավների, զբաղվում մոլեխաղով, սիրահետում ամենագեղեցիկ աղջիկներին, պարում, ուտում ամենաթանկ ռեստորաններում և գեղեցիկ հագնվում: Նրան երեսունհինգից ավելի երբեք չէիր տա, չնայած նա քառասունվեց տարեկան էր: Թոմն ամենահետաքրքիր ընկեր էր, և չէիր կարող հաճույք չստանալ նրա հետ լինելուց, չնայած գիտեիր, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում: Նա բարձր տրամադրության, անսպառ ուրախության և անհավատալի հմայքի տեր մարդ էր: Ես երբեք ափսոսանքով չէի տալիս այն փողը, որ նա կանոնավոր կերպով ինձանից վերցնում էր իր գոյությունը պահպանելու համար: Ես նրան միշտ այնպիսի զգացումով էի հիսուն ֆունտ տալիս, կարծես թե ինքս էի իրեն պարտք: Թոմ Ռեմզին ճանաչում էր ամենքին, և ամենքն էլ ճանաչում էին նրան: Թոմի արարքներին չէր կարելի հավանություն տալ, բայց և չէր կարելի նրան չսիրել:
Խեղճ Ջորջը, որն ընդամենը մեկ տարով էր մեծ իր անբան եղբորից, վաթսուն տարեկանի տեսք ուներ: Քառորդ դարի ընթացքում, նա տարեկան երկու շաբաթից ավելի երբեք չէր հանգստացել: Ամեն առավոտ ինն անց կես հիմնարկում էր և երբեք վեցից շուտ այնտեղից չէր գնում: Նա ազնիվ էր, աշխատասեր և արժանի հարգանքի: Ջորջն ուներ լավ կին, որին նույնիսկ իր մտքում երբեք չէր դավաճանել և չորս դուստր, որոնց համար նա հայրերից ամենալավն էր: Նա սովորություն էր դարձրել խնայել իր եկամուտի մեկ երրորդ մասը և երազում էր հիսունհինգ տարեկանում անցնել թոշակի և բնակություն հաստատել գյուղում, մի փոքրիկ տնակում, ուր մտադիր էր մշակել իր այգին և գոլֆ խաղալ: Նա իր կյանքում մեղք չէր գործել: Ջորջն ուրախ էր, որ ինքը ծերանում էր, քանի որ Թոմը նույնպես ծերանում էր: Նա շփում էր իր ձեռքերը և ասում. «Ամեն ինչ շատ լավ էր, երբ Թոմը երիտասարդ էր և գեղեցիկ, բայց նա միայն մեկ տարով է ինձնից փոքր: Չորս տարի հետո նա կլինի հիսուն տարեկան և այն ժամանակ կզգա կյանքի ծանրությունը: Քսան տարվա ընթացքում ես ասել եմ, որ Թոմի վերջը կլինի կեղտոտ ջրափոսի մեջ: Եվ մենք կտեսնենք, թե արդյոք դա նրան դուր է գալիս: Եվ կտեսնենք, թե ինչն է ավելի լավ հատուցվում` աշխատանքը, թե պարապությունը»:
Խեղճ Ջորջ: Ես խղճացի նրան: Այժմ, երբ ես նստած էի նրա կողքին, ինձ հետաքրքրում էր, թե ինչ խայտառակ բան էր արել Թոմը: Ջորջն ակնհայտորեն անչափ վշտացած էր:
— Գիտե՞ս, թե ինչ է պատահել հիմա,— հարցրեց նա ինձ:
Ես պատրաստ էի ամենավատ բանը լսելու: Հետաքրքրվեցի, թե արդյոք Թոմն ընկել էր ոստիկանության ձեռքը: Ջորջը հազիվ կարողացավ ստիպել իրեն խոսել.
— Դու չես ժխտի, որ ես իմ ամբողջ կյանքում եղել եմ եռանդուն, կարգին, հարգարժան ազնիվ մի մարդ: Հաշվի առնելով իմ աշխատասիրությամբ ու խնայողությամբ անցկացրած կյանքը, ես իրավունք ունեմ ակնկալելու թոշակի անցնելու ժամանակը, երբ կունենամ փոքրիկ եկամուտ և ոսկեզօծ եզրերով արժեթղթեր: Ես միշտ կատարել եմ իմ պարտքը կյանքի այն բոլոր պարագաներում, ուր ճակատագիրը բարեհաճել է ինձ գցել:
— Ճիշտ է:
— Եվ դու չես կարող ժխտել, որ Թոմը եղել է դատարկապորտ, անարժան, անառակ և ստոր խաբեբա: Եվ եթե թեկուզ մի քիչ արդարություն գոյություն ունենար, ապա նա պետք է գտնվեր ուղղիչ տանը:
— Ճիշտ է:
Ջորջի դեմքը շիկնեց:
— Մի քանի շաբաթ առաջ Թոմը նշանվեց մի կնոջ հետ, որն այնքան մեծ էր, որ կարող էր իր մայրը լինել: Ու հիմա նա մեռել է ու թողել Թոմին ողջ ունեցվածքը, կես միլիոն ֆունտ, մի զբոսանավ, մի տուն Լոնդոնում և մեկն էլ գյուղում:
Ջորջ Ռեմզին բռունցքով հարվածեց սեղանին:
— Դա անարդարացի չէ՞, չէ՞ որ դա արդարացի չէ: Գրողը տանի, դա արդարացի չէ:
Ես չէի կարող ինձ զսպել: Ջորջի զայրացած դեմքին նայելուն պես, ես սկսեցի քահ-քահ ծիծաղել: Աթոռս ծիծաղից այնպես էր շարժվում, որ քիչ էր մնում վայր ընկնեի:
Ջորջն ինձ երբեք չներեց: Սակայն Թոմն ինձ հաճախ հրավիրում է շքեղ ճաշկերույթների իր Մեյֆեերում գտնվող սքանչելի տանը, և եթե նա ժամանակ առ ժամանակ ինձնից չնչին պարտք է վերցնում, ապա դա անում է լոկ սովորության համաձայն. այդ պարտքը երբեք մեկ ֆունտից ավելի չի լինում:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Խուրշուդյանը


Оставьте комментарий