Նախագիծ «Կարդում ենք արևմտահայերեն»


Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»

Նպատակը՝ արևմտահայերենի նկատմամբ հետաքրքրության խթանում
Մասնակիցները՝ սովորողներ, դասավանդողներ
Ժամկետը՝ երկարաժամկետ

Ուղղությունները՝

  • պոեզիա
  • արձակ
  • ներկայացումներ
  • արևմտահայ հայտնի մարդկանց կյանքի ու գործունեության շուրջ հետազոտության արդյունք- ցուցադրություններ։  Ընթացքը՝
  • նախապատրաստական աշխատանք․ գրական նյութի ընտրություն
  •  գեղարվեստական ընթերցանության մշակում, բեմականացումների ամբողջացում, ցուցադրություններ, ռադիոնյութեր։

1.Զահրատ 

Առաջադրանքներ

Հետազոտական աշխատանք

Ընթերցանություն

Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:

Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում բլոգում:

Կարդում ենք արևմտահայերեն (Մեծարենց, Վարուժան)

2. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

3.Որևէ բանաստեղծության  (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ

4. Մեկ ժամ բանաստեղծի հետ- աշխատանքների ներկայացում:

1. Ահմետ Էֆենտի փողոցը

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ

2. Այցելություն

Դուռը բացի որ Կիկոն էր — հրամմե ըսի — նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք

Ըսի որ ավելի հաճախ կ’ուզեմ տեսնել զինք
Ըսավ որ ավելի հաճախ կ’ուզե տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց — դռան մեկ կողմն ես — դռան մյուս կողմն ինք
Արդեն իսկ իրար մոռցեր էինք

3. Ոխ
Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի
Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա

Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե

4. Տարբերություն

Կիկո աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե
Երկինքը կապույտ — ծովերը կապույտ
Սիրած աղջկան աչքերը կապույտ
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե

Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կ’ըսես ծովերը կապույտ էին միշտ
Կ’ըսես երկինք կապույտ էր արդեն
Չի հավատար որ — նոր տեսա կ’ըսե
— Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկո աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապույտը կապույտ կը տեսնե

5. Կիկո մեռավ

Բացօթյա շատ պառկեցավ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանա

Հանգիստ իր կոշիկներուն

Առաջադրանք

  • Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:
  • Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:
  •  Գրել կարծիք, վերլուծություն:

Կարդալ «Մայմուն» բանստեղծությունը:  Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսումնասիրություն:

Մայմուն

Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է

Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են

Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է

Առաջադրանք

  •  Ընթերցանություն, քննարկում:
  •  Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Զոհաբերում

Չորս ոչխար էին

Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ

Առաջադրանք

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
  • Ինչպե՞ս ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:
  • Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով էլ ի՞նչը կարող է կյանքի համ լինել:
  • Արևմտահայերենում ինչպե՞ս է կազմվում սահմանական ներկան:
  • Արևելահայերենում ժխտական դերանունները բայի հետ գործածվելիս կարող են արտահայտել կրկնակի ժխտում` ոչինչ չգիտեմ, ոչ ոք չէր եկել… Իսկ արևմտահայերենում կրկնակի ժխտում չկա:

Գտեք օրինակներ:

  • Արևմտահայերենում անձի առման քերականական կարգը բացակայում է, այսինքն` արևմտահայերենում անձնանիշ և իրանիշ գոյականները ուղիղ խնդիրը ձևավորում են միևնույն ձևով:

Գտեք օրինակներ:

ՀԱՃԸ ՊԷՔԻՐ

Ցուցափեղկին առջեւ կեցեր էին
– Կը նայէր –
Մայրը բռնեց քաշեց ձեռքէն
– Իրենց տունը չէր մտներ –

Երբ տուն գացին Միհրանիկ
Փոխեց Փիչոնին անունը – «Լոխում» դրաւ

ՅՕՐԱՆՋ

Կենսունակ –
Արեւն ի վեր – լոյսն ի վեր –
Կանանչ ծիլ մը կը մագլի
Շիլն ի վեր
Շիլին գծած ծիրն ի վեր
Անջրպետ մը կերկարի

Տօպրէ ութրա կ՚ըսէ մին
Միւսը կ՚ըսէ կուտ իվնինկ
Պարապին մէջ կ՚ագուցուին

Փորը կուշտ –
Արեւն ի վեր – լոյսն ի վեր –
Կատու մը կը յօրանջէ

ՍԻՎԱՅԻՆ ՄԱՀԸ

Ուշացայ –
Երբ գերեզման հասայ կը վերադառնային
– Լմնցա՞ւ – հարցուցի
– Լմնցաւ – ըսին
Ըսել է փոս իջեր էր դագաղը
Եւ վրան հողով լեցուցեր էին –
Գացի որ տեսնեմ
Այդտեղ – հողին տակ
Քանի որ ոչ կորով կայ կեանքը ապրելու
Ոչ գորով կայ կեանքը սիրելու
Եւ ոչ ալ հաւատք լոյսին նայելու
– այդտեղ – հողին տակ
Ան չէր
Ինծի պէս հետաքրքիր
Սեւ կատու մըն ալ
– աչքերը կլոր կլոր բացած –
թարմ հողը կը հոտուըտար
հասկնալու համար թէ ինչ
ինչ նորութիւն կայ կեանքէն դէպի մահ

ԱՆՊՏՈՒՂ ՍԱԼՈՐԵՆԻՆ

Սալորենին որ գարնան պտուղ չտուաւ
Ամչցաւ –
Տխուր նայեցաւ իր տերեւներուն
Իր լերկ ճիւղերուն
Ու լացաւ
Եւ լաճերը թաղին – պտուղի գող –
Ոչ մէկ քար նետեցին
Արհամարհանքով ծառին նայեցան
Ու գացին
Այդպէս լքուած ու այդպէս առանձին
Սալորենին
Անոնց ետեւէն նայեցաւ կարօտով
Ու լացաւ
Եւ Պարոնները Տիկինները թաղին
Չնշմարեցին
Հէք սալորենին
Որ այդպէս անպէտ – այդպէս յանցաւոր
Լացաւ
Միայն կատու մը սեւ – շուքի բարեկամ
Արեւի նման դեղին աչքերով
Երկար նայեցաւ սալորենիին
Ու տուն տեղ եղաւ
Չորս հատ ձագ բերաւ ծառին ստուերին
Հիմա սալորենին
Խանդով կ’երկարէ իր զով հովանին
Որ ձագուկներն ամրան կիզիչ արեւէն
Չըլլայ թէ այրին

ԿԱՐՄԻՐ ՁՈՒԿԸ

Կարմիր ձուկը ծովէն ելաւ ծով մտաւ ու ապուշ կատու մը սոված

որ դիրք բռներ

լարուած զսպանակ էր դարձեր

ծովափի խութին վրայ յուսահատի ձայներ հանեց

Եւ ոչ միայն կատուն

նաեւ Սմբատ էֆէնտին

որ կարթը ծովը նետած

պարապ կը սպասէր կէս ժամ է
ու Տիկին Մալվինէն

եւ իր զոյգ աղջիկները

որոնք կը հաւատան թէ եթէ ձուկ ուտեն

իրենց մորթը պիտի գեղեցկանայ

Ձայնակցեցան կատուին

Յետոյ – բացի կատուէն –

Բոլորն ալ մէկ մէկ թէյ ապսպրեցին

սպասեակին

– Կարմիր ձուկը ծովէն չելաւ հեղ մըն ալ

ՄԷԿ ՔԱՐՈՎ ԵՐԿՈՒ ԳԱՐՈՒՆ

Դեղին կատուն
քար մը նետեց
ծառն ի վեր
Երկու գարուն ինկաւ ծառէն
Մէկը քեզի – մէկը ինծի
Աւա՛ղ – նորէն բացը մնաց
խեղճ կատուն

ԿԱՏՈՒԻ ՄԸ ՅՈՒՇԱՏԵՏՐԻՆ

Եթէ թաղին մէջ տասը կատու կայ
Մէկ հատը դուն ես
Եթէ թաղին մէջ հարիւր կատու կայ
Մէկը նորէն դուն
Սակայն այս անգամ հարիւրէն մեկն ես
Իսկ շոյանքիս տակ լոկ մէկ հատ կատու
Հարիւրին հարիւր
Այդ կատուն դուն ես

ՊՈՉ

Թովմասի սիրտը կը նեղանար
Տեսաւ կատուն որ կը խաղար պոչին հետ
Վեր նայեցաւ – Տէր ըսաւ
Ինչ կ’ըլլար եթէ զիս ալ պոչով ստեղծէիր

ԿԱՏՈՒՆ՝ ՈՒՍՈՒՑԻՉ

Կատուն՝ ուսուցիչ
Որքան որ մուկ կայ գլխուն հաւաքեր
Դաս կու տայ անոնց

Ու դասն առաջին –
Ինչպէս խուսափիլ կատուին ճանկէն
եւ ինչպէս պրծիլ

Որքան որ մուկ կայ իրեն աշակերտ
Բոլորն ալ ուշիմ
եւ աշխատասէր
իրենց դասերը լաւ մը կը սերտեն
ու վկայական կ՚առնեն ոսկեզօծ
կատուին ձեռքէն

Երբ կ՚երթան կատուն լուրջ լուրջ կը խորհի
Խոշոր սխալ մը կայ այս գործին մէջ –
Սխալ մը – բայց ի՞նչ

***
Ի ծնէ բանաստեղծ է
Ինչ որ գրէ խորունկ կը թաղէ
Դեղ կը կարծէ – դրացիին կատուն

ԱՐՈՒԵՍՏ ՔԵՐԹՈՂԱԿԱՆ
I
Երբ գրել փորձեմ
Միտքս կ՚իյնայ «լոյս» բառը նախ
յետոյ «կատու»ն –
կը խորհիմ
– ինչ կապ կայ երկուքին միջել –
ու կը գրեմ
– կատուն լոյսը կերաւ –
– սենեակը մնաց մութին մէջ –

Կատուին հոգը չէ
ան կրնայ տեսնել մութին մէջ
Բայց կատուին տէրը դժգոհ է
Խարխափելէն
կ՚երթայ կ՚առնէ հացին դանակը
կատուին փորը կը ճեղքէ
ու սենեակը կը լուսաւորուի

Կատուն երդում կ՚ընէ
հեղ մըն ալ լոյսը չուտել
Բայց արդէն շատ ուշ է –
–Ահա այսպէս կը գրեմ
Վերջին անգամ մըն ալ կը կարդամ
ու գամբիւղը կը նետեմ

II
Կամ թէ կը գրեմ
– լոյսը կերաւ կատուն –
– Սենեակին մէջ կատու չմնաց –
ու կատուին տէրը տխուր է շատ
ու մազերը կը փետէ
զայրացկոտ կ՚երթայ կը մարէ
լամբարները բոլոր
ու խոր մութին մէջ
ձայն մը կ՚իմանայ
– մըռնաւ – ես հոս եմ
Մարդը կը վազէ կատուին քով
զայն կը շոյէ – կը սեղմէ կուրծքին –
Կատուն կը խորհի թէ
որքան երջանիկ են
իր տէրն ու ինք
եւ թէ ապահովուած է իր ապագան
թէ այլեւս
կրնայ պոչը տնկել ազատօրէն –

– Կը գրեմ ահա այսպէս ալ –
ու զամբիւղը կը նետեմ

ԿԱՏՈՒԻ ՄԸ ՅՈՒՇԱՏԵՏՐԻՆ

Եթէ թաղին մէջ տասը կատու կայ
Մէկ հատը դուն ես
Եթէ թաղին մէջ հարիւր կատու կայ
Մէկը նորէն դուն
Սակայն այս անգամ հարիւրէն մեկն ես
Իսկ շոյանքիս տակ լոկ մէկ հատ կատու
Հարիւրին հարիւր
Այդ կատուն դուն ես
Տեսնել թարգմանությունը

ՎԷԼԱՍՔԷԶ

Դուռս թակեց – բացի
– Ես Վէլասքէզ կատուն եմ – ըսաւ –
Այդ ինչ տեսակ անուն էր

– ըսի – գոնէ էլ Կրէքօ ըլլայիր

անիկա յոյն էր ու հետը կրնայինք

սիրթաքի պարել

– Իրաւ որ յանցանքը իմս չէ – ըսաւ –
արդէն տէրս մտադիր էր անունս փոխել
Բայց մեռաւ

այնպէս որ անունս Վէլասքէզ մնաց

Բայց եթէ քեզի հաճոյք պիտի պատճառէ

Կրնաս զիս էլ Կրէքօ կանչել – կու գամ –

Եթէ սորվեցնես սիրթաքի ալ կը պարեմ –

– Լաւ – ըսի – խորհիմ այդ ուղղութեամբ

– Հիմա ինչ կրնամ ընել քեզի համար

– Դուն ալ կրնաս քու անունդ փոխել – ըսաւ

– Ես անունէս գոհ եմ ըսի

եւ նպատակ չունիմ ուրիշ մէկը ըլլալու

– Ուրախացաւ –

Մնաս բարով Վէլասքէզ – ըսաւ
ու գնաց

ՄԱՅՄՈՒՆԻՆ ՄԱՀԸ

Աչքերը բաց – սակայն
պիտի չտեսնէր
արեւը որ զինք տաքցուց դեռ երէկ
բարձը որուն վրայ կը պառկէր խաղաղ
ու փլաստիկէ պնակը խորունկ
ուրկէ ջուր կը խմէր
Տախտակամածը պիտի մաքուր մնար
որովհետեւ այլեւս պիտի մազ չթափէր
Գորգ ու կարասի մնային նոփ նոր
քանի որ այլեւս ճանկ պիտի չանցընէր
Բայց ամէն մաքրութիւն
եւ կամ ամէն նոր բան
կը դառնար անիմաստ
Քանի որ այլեւս
Մայմունը չկար․․․

2. Դանիել Վարուժան

Լուսնին

Ճերմա՞կ լուսին, ո՞ւր կերթաս:

-«Հյուղակներուն խավարին

Կտանիմ շողը լույսին:

Գնա՛, լուսին, դյուր կերթաս:

Գոհար լուսին, ո՞ւր կերթաս

-«Դույլերուն մեջ արծաթի

Կտանիմ կաթ հիվանդի»:

Գնա լուսին, դյուր կերթաս:

Լռիկ լուսին, ո՞ւր կերթաս․․․

-«Կերթամ բերել ես քեզի

Յարիդ խոստումը կույսի»:

Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս:

Առաջադրանքներ.

  • Տրված կապակցությունները դարձրու հայերեն. – քեզի, կտանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերուն մեջ արծաթի:
  • Դուրս գրիր լուսնին բնորոշող բառերը: Այդ բառերը կարելի՞ է տեղափոխել մյուս քառատողեր, թե՞ յուրաքանչյուրն իր դերն ունի տվյալ քառատողում. հիմնավորիր պատասխանդ:
  • Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բառի մեջ է խտացած հերոսի տրամադրությունը:
  • Պատմիր բանաստեղծության հերոսի մասին:

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Առաջադրանքներ.

  • Փոխաբերությունները բացատրիր.

ա/ Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

բ/ Երկինքն է կըրակ.

գ/ Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

  • Փորձիր պատճառաբանել «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը:
  • Բանաստեղծությունից մեջբերումներով ցույց տուր, թե ո՛ր գույնն է գերիշխում այնտեղ, ինչով է դա պայմանավորված:
  • Եվս մեկ անգամ կարդա բանաստեղծությունը. շարժում նկատեցի՞ր, ո՞ր բառն է օգնել շարժում ստեղծելուն:
  • Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծությունում:

Անդաստան

Առաջադրանքներ

  • Բացատրիր հետևյալ փոխաբերությունները.

ա/ ոչ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին:

բ/ Ամեն աստղե ցող կայլակի

Ու ամեն հասկ ձուլե ոսկի

գ/ Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին

դ/ Ծաղկի մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն

  • Առանձնացրու մաղթանքները. դրանցից ո՞րն ես համարում ամենակարևորը. պատճառաբանիր ընտրությունդ:

3․Մկրտիչ Հաճյան

1․Քանի երկինքը չէ փակված

Ո՛վ մարդ ո՛վ մարդ
Ցնծա՛ երգե՛ պարե՛
Սիրե՛ սիրե՛ սիրե՛
Վազե՛ ամեն հրավերուն
Ամեն սիրո հրավեր սիրուն է
Երգե պարե ոստոստե
Ամեն հաղթանակ աղվոր է
Ու եթե կ’ուզես լալ
Շալկե՛ դիակդ ու վազե՛
Վազե՛ բուռ մի կապույտ գողնալու երկինքեն
Քանի երկինքը չէ փակված:

2․Սպասում

Մինչ արծիվներ կսավառնին պարպված օվկիաններուն վրա
ու ալքոլի մեջ կը զմռսվին մեր ուղեղները
անհունը կփշրվի նայվածքիդ մեջ

Հիմա որ գինով եմ սուտերով
Գինով եմ պատրանքներով
ու գինով եմ տառապանքով

Ինչո՞ւ
Ինչո՞ւ չես կանչեր զիս

3․Երազներ ունեինք

Էր երբեմն
երազներ ունեինք
կրնայինք երազել երբ որ ուզեինք

Հիմա
մեքենա շինած ենք
կառք շինած ենք
օդանավ շինած ենք
Բայց կտեսնենք որ
երազելու ատեն չունինք այլևս
Ու երբ կը փափագինք
վերափորձել անցյալի մեր երջանկությունը
պետք է գաղտագողի գնենք երազը
վճարելով մաս մը մեր կյանքեն

Միայն բանաստեղծները ոչինչ կը վճարեն
երազ գնելու համար։

4․Հտպիտը

Հտպիհը խոսեցավ,
շարժեցավ, հազաց, պոռաց ու երգեց,
բայց ոչ ոք խնդաց։
Բայց ի՞նչ կար իրմե ավելի ծիծաղելի,
քանի որ ծաղրանկարն էր հանդիսատեսներուն։

Ու երբ հուսահատ
և վախենալով որ պիտի վռնտվի
հտպիտը լացավ դառնորեն,
ներկաները վերջապես խնդացին
առանց բացառության։

***

Իմաստութենեն,
Գիտութենեն
և պատերազմեն առաջ
մարդիկ սերը ստեղծած էին։

5․Կայծ մը

Գիշերներով թախծապատ
ու ցերեկներով անջերմ
պատմություն մը կը կազմվի մեր ետին
եթե գոնե կարենայինք անոր էջերուն մեջ
մասնիկ մը բևեռել սա մեր կարճատև լինելութենեն
ու եթե կարենայինք
փրկվելե առաջ մեր ողբալի հպարտութենեն
կայծ մը թողուլ
վաղվան լույսի պատրույգը վառելու….

6․Արևին

Կասկածելի է արևը
որ ապահովաբար
մեզ տաքցնելու համար չէ դրված հոդ
ի՞նչ ծրագրած է արդյոք
ի՞նչ կխորհի մեր մասին…

Հարցուցի և կուրցուց զիս
Գոնե աղվոր չըլլար…

7․Մենք

Երբ սառույցները նահանջեցին
մեր անտարբեր աչքերուն
անտարբեր ծիածանները մաքրվեցան
վերջապես
ու տեսանք որ
մեր երազները միայն հիշատակներու կրցեր ենք վերածել

ժամանակը այլևս ոչինչ չունի տալիք մեզի
րովհետև մենք պատմություն չունեցանք
բայց ժայռանիստ համառությամբ
մեր ցավերը բևեռագրեցինք
վաղվան մարդոց համար
չհոգնեցանք երազելե
չհոգնեցանք ապրելե
միայն թե
ձանձրացանք պարտվելե…

Բոլոր աշխատանքները տեղադրել բլոգներում:


Оставьте комментарий