Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»


Հիմնադրելով այն միաբանությունը‚ որը հետագայում պետք է ժառանգեր իր անունը‚ Մխիթար Սեբաստացին այդ միաբանության համար գործողության ուղեցույց հանդիսացող քսաներկու կետից բաղկացած «Կանոնադրության» մեջ մտցրել էր նաև մի կետ (6-րդը)‚ ըստ որի‚ միաբանությանը անդամագրված յուրաքանչյուր ոք իրավունք չունի տարբերվելու մյուսներից և‚ բնականաբար‚ ոչ մի արտոնություն կամ իրավունք չպետք է ունենար մյուսների նկատմամբ։

Միաբանության անդամ դառնալ ցանկացող ամեն մեկը‚ ով կատարում էր ՈՒխտադրության հանդեսը‚ այսինքն՝ պաշտոնապես ճանաչվում էր Մխիթարյան ուխտի անդամ‚ այդ րոպեից սկսած‚ որպես ինքնուրույն անհատ դադարում էր գոյություն ունենալուց և ձուլվում-լուծվում էր ամբողջի մեջ։ Ով էլ լիներ այդ անհատը‚ լիներ հռչակավոր Միքայել Չամչյանը‚ թե գրական ոչ մի վաստակ չունեցող Պետրոս Մարտիկյանը‚ հանրահայտ Արսեն Բագրատունին‚ թե ընդամենը մեկ բանաստեղծություն թարգմանած Աբրահամ Սահակյանը‚ վերջապես ինքը՝ Մխիթար Աբբահայրը‚ թե նրան ժամանակակից՝ մեկ-երկու գրքի առաջաբան գրած Պողոս Սիմոնյանը‚ անկախ կատարած գործից‚ դիրքից‚ մեր մշակույթի ասպարեզում ունեցած տեղից ու դերից‚ – իրավունք չուներ գեթ աննշան չափով արտոնյալ վիճակում գտնվել միաբանության որևէ այլ անդամի նկատմամբ։ Մխիթարյան միաբանությունն իբրև հավաքական ամբողջություն ներկայացնելու և որպես այդպիսին դիտելու ու ճանաչելու ձգտումը այնքան մեծ էր‚ որ երբ 1843 թ. սկսեց հրատարակվել միաբանության պաշտոնական պարբերականը՝ «Բազմավեպը»‚ այնտեղ զետեղված նյութերից և ոչ մեկը ստորագրված չէր‚ և այդպես շարունակվեց մի քանի տարի շարունակ։

Կարդացեք Ղևոնդ Ալիշան, «Բազմավեպ», Հայագիտություն, Մատենադարան


Оставьте комментарий