Թումանյանի և իշխանուհի Մարիամի պլատոնական սիրո պատմությունը


«Մարիամ Մարկովնան…նոր ծրագիրներ է կազմել, տե՛ր Աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու: Նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս, որ նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Էհ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը»:

Ամենայն հայոց բանաստեղծի այս տողերը իր լավագույն բարեկամուհու՝ իշխանուհի Մարիամ Թումանյանի մասին է: Իսկ ո՞վ էր Մարիամ Թումանյանը: Գեղեցիկ, խելացի, անսահման բարի եւ շատ ինտելեկտուալ մի կին, ով շատ մեծ դեր է ունեցել հայ մշակութային կյանքի զարգացման մեջ: Լինելով հասարակական-մշակութային գործիչ եւ մեկենաս, նա նպաստել է բազմաթիվ գրքերի հրատարակությանը, կազմակերպել է բազմաթիվ բարեգործական միջոցառումներ, անգամ ներկայացումներ եւ դրանցից ստացված գումարը փոխանցել կարիքավորներին, գորգագործարան է բացել գաղթականների համար, իսկ նրա որբանոցի սաները իրեն մայրիկ են անվանել: Իսկապես հնարավոր չէ մեկ հոդվածում ներկայացնել բոլոր այն անձնվեր աշխատանքները, որ իշխանուհին կատարել է իր ազգի համար: Բոլոր այդ աշխատանքների կողքին կա եւս մեկ բան, որի մասին լռել չի կարելի: Դա Մարիամ Թումանյանի սերը, բարեկամությունն ու հոգատարությունն է Հովհաննես Թումանյանի նկատմամբ:

Ամբողջ այն հոգեւոր ներդաշնակությունը, որ չի ստացել մեծ բանաստեղծն ընտանիքում, գտել է Մարիամ Թումանյանի բարեկամության մեջ: Վերջինս ոչ միայն հոգեւոր ընկեր էր, այլեւ անում էր ամեն ինչ, որպեսզի բանաստեղի նյութական վիճակը եւս թեթեւանա: Շարունակ տարբեր աշխատանքներ է գտնում նրա համար, եւ հենց նա է կազմում եւ հրատարակում Թումանյանի մի քանի ժողովածուները՝ չմոռանալով շարունակ նախատել բանաստեղծին անիմաստ քեֆեր կազմակերպելու, անճշտապահության, ծուլության եւ ամենից շատ փողերն անմիտ կերպով վատնելու համար: Ամեն ինչ կանոնավոր եւ միշտ ճշտապահ իշխանուհու համար դժվար էր ընկալել ազատություն սիրող բանաստեղի խենթ հոգին: Չնայած որ նրանք այնպես էին մտերմացել, որ հաճախ իրար հասկանում էին կես բառից:

Իշխանուհին իր տանը հինգշաբթի օրերին կազմակերպում էր գրական երեկոներ, որոնց հինգ մշտական անդամների թվում էր նաեւ Հովհաննես Թումանյանը: Մարիամ Թումանյանը, կամ ինչպես քնքշորեն նրան անվանում էր Թումանյանը՝ Մարմարն, ամուսնացած էր ամբողջովին վրացականացված մի հայ իշխանի հետ: Սակայն երիտասարդ իշխանուհուն ոչ միայն հաջողվում է հայկականությանը վերադարձնել իր ամուսնուն, այլ նաեւ փոխում է ընտանիքում տիրող վիճակը, եւ կնոջն անչափ գնահատող ամուսինը երբեք չի խանգարում, որ կայանան այդ երեկոները: Երեկոներ, որոնք շատ կարեւոր են դառնում հայ գրականության զարգացման համար: Առհասարակ այդ ուժեղ, բայց միեւնույն ժամանակ հուզական կինը, մեծ ներդրում է ունեցել հայ գրականության զարգացման գործում: Եվ պատահական չէ, որ այդքան հայերնասեր, գեղեցիկ ու խելացի կնոջը սիրահարվում է հայոց մեծ բանաստեղծ Թումանյանը:

Եվ մի գարնանային երեկո, երկար տարիներ լռելուց հետո վերջապես խոստովանում է այդ մասին իր Մարմարին: Իշխանուհին ոչինչ չի պատասխանում, քանի որ երկուսն էլ հասկանում էին, որ իրենք ամուսնացած են, եւ իրենց սերն անհնար է: Եվ չնայած, որ Մարիամ Թումանյանն իր հուշերում գրում է, որ ինքը սիրահարված չի եղել Թումանյանին, ճիշտ հակառակն է ապացուցվում, երբ կարդում ես նրա՝ Թումանյանին գրած նամակները: Ահա թե ինչ է գրում իշխանուհին բանաստեղծին, ով ի դեպ մեկնել էր Աբասթուման բուժվելու հենց իշխանուհու շնորհիվ. «Իմ փափագս է, որ ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի ձեր զգայուն սրտին, որ ձեր հոգին հանգիստ լինի, որ ձեր առողջությունը վերականգնվի: Հավատացե՛ք, որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերն իզուր են եւ ես չեմ կարող տալ ձեզ հանգստություն, չեմ կարող պաշտպանել ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»:

Կարծում ենք, պարզապես Մարիամ Թումանյանն այնքան վեհ ու բարոյական կին էր եւ այնպես էր նվիրված իր ամուսնուն եւ ընտանիքին, որ ամաչել է իր սերը խոստովանել անգամ ինքն իրեն: Չնայած, ինչպես գրում է իր հուշերում, երբեք չի վայելել ամուսնական քաղցրություն: Ի դեպ, իշխանուհին այդպես էլ չի ներում Թումանյանին Աբասթումանում գրված եւ իրենց նվիրված բոլոր բանաստեղծությունները ոչնչացնելու համար: Կարելի է միայն երեւակայել, թե այդ ամենից ինչպես էր տանջվում ինքը՝ բանաստեղծը: Նրա խոսքերով՝ Մարմարի համեմատությամբ բոլոր կանայք ոչինչ էին: Խոստովանությունից հետո Թումանյանը երկար տառապում է, եւ նրանք մի քանի ամիս չեն հանդիպում: Եվ երբ վերջապես իր մեջ մի կերպ հաղթահարում է այդ ամենը, նրանք նորից հանդիպում են, նայում են իրար, եւ պարզ է դառնում, որ իրենց մեծ սիրուն վիճակված է միայն «քնքուշ բարեկամություն»: Եվ այդպես էլ լինում է. նրանց բարեկամությունը վեհ արարքների, ազնիվ զգացմունքների մի ամբողջ պատմություն է:

Սակայն չգիտես ինչ է պատահում, եւ տարիներ հետո նրանց հարաբերությունների մեջ ինչ-որ սառնություն է առաջանում: Ըստ իշխանուհու, Թումանյանն արդեն հայտնի գրող էր եւ այլեւս իր կարիքը չուներ: Սակայն կարծում ենք՝ Թումանյանի համար գուցե դժվար է եղել հանդիպել մի կնոջ, ում ինքը սիրում է եւ գիտեր, որ իր սերն անհնարին է:
Նրանց մտերմությունն ավելի է սառչում Դիլիջանում կատարված մի միջադեպից հետո: Ինչպես գրում է Մարիամ Թումանյանն իր հուշերում, 1921-ին նա Դիլիջանում էր: Եվ փակ ճանապարհների պատճառով չի կարողանում վերադառնալ Թիֆլիս, իր ընտանիքի մոտ: Հանկարծ լսում է, որ Թումանյանը մեկ օրով Դիլիջանում է եւ շուտով մեկնելու է Թիֆլիս հատուկ իրեն սպասող գնացքով: Իշխանուհին ուրախանում է, սակայն շատ է զարմանում, որ Թումանյանն իրեն չի այցելում: Նրանք հանդիպում են փողոցում, եւ երբ իշխանուհին խնդրում է իրեն էլ վերցնել` ասելով որ դա կտեւի ընդամենը 20 րոպե, Թումանյանը մերժում է նրան, թե՝ շտապում է: Հավանաբար Թումանյանը մերժելու լուրջ պատճառ է ունենում: Սակայն անասելի դժվարություններով վերջապես Թիֆլիս հասած իշխանուհին այդպես էլ չի կարողանում ներել նրան:
Երբ Հովհաննես Թումանյանը լուրջ հիվանդանում է, Մարիամն այցելում է նրան, նրանք երկար զրուցում են, բայց արդեն շատ օտարացած: Իշխանուհին դառնությամբ գրում է. «Փոխեցին իմ Թումանյանին»:

Երբ նա իմանում է Թումանյանի մահվան բոթը, շատ է տանջվում, իր խոսքերով «երկար արտասուք է թափում»: Նա մասնակցում է միայն Թումանյանի հոգեհանգստին, սպասում է, որ բոլորը դուրս գան սրահից, հետո երկար նայում է դագաղում լուռ պառկած բանաստեղծին եւ արտասվում: Թաղմանը չի գնում: Սակայն չգիտես ինչու, թաղման թափորը փոխում է ճանապարահը եւ անցնում իր տան փողոցով: Եվ պատուհանի մոտ կանգնած Մարիամը տեսնում է այդ ծանր տեսարանը եւ նրան թվում է, որ Թումանյանը հանդիմանում է իրեն:
Իշխանուհի Թումանյանը Հովհաննես Թումանյանի ամենամեծ, բարի եւ մաքուր սերն էր, որին երբեք վիճակված չէր դառնալ իրական. նրանք դա գիտեին: Եվ այդ գիտակցության դառնությամբ, ապրեցին իրենց ողջ կյանքը: Տարիներ հետո էլ, երբ կարդում ես նրանց հուշերն ու նամակները, զգում ես այն մեծ ողբերգությունն ու լուսավոր սերը, որ ապրել են Մարմարն ու Հովհաննեսը:

Թափառելով Բորժոմ-պարկում,
Հիշում է ձեզ եւ ուղարկում
Շատ բարեւներ ու սեր անկեղծ
Ձեր բարեկամ մի բանաստեղծ:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ


Оставьте комментарий