Չարենցյան ողջույն…


1. Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,


Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

2.Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

3.Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

4.Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 

5. Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, —
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային, ու արև չկար …

6. Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

 

Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…

7.Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

8. Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

9.Հնչում են օրերը, կանչում են
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

10.


Оставьте комментарий