Վանո Սիրադեղյան «Թերեզի երջանկությունը»


Թերեզը աշխույժ նամակներ է գրում: Ամեն նամակի մեջ մի հետաքրքիր լուր է լինում քաղաքի կյանքից: Քաղաքն էլ չլինի, շենքը, որ իրենց գյուղի չափ մի գյուղ կտեղավորի, ապրում է բուռն, արկածալի կյանքով:

Համենայնդեպս, Թերեզին այդպես է թվում: Համենայնդեպս, տարիուկես քաղաքում է ապրում ու գրելիքը չի պակասել: Քաղաքը` մեծ, ժողովուրդը` ծով, կյանքը` հետաքրքիր…

Թեկուզև ինքը օրերով տնից դուրս չի գալիս, դուրս գալը խանութ գնալն է, տեսնելիքը` բակ ու փողոցի անցուդարձը… Հենց այդ մասին էլ Թերեզը գրում է: Գրում է աշակերտական տետրի զույգ թերթի չորս երեսին, և եթե վերջին էջից մի քանի տող անգամ գրելիքը պակասում է, նամակը չի ծրարում: Քաղաքից կես բերան նամակ գրելը ամոթ բան է համարում ու գրչակոթը կրծոտելով պատուհանից դուրս է նայում` արդյո՞ք կարևոր բան բաց չի թողել… Եվ ավելացնում է. «Ուրիշ ո՞նց եք, քույրիկ ջան. մենք շատ-շատ լավ ենք, նույնն էլ ձեզ ենք կամենում»:
Վերջին էջի վերջին տողատակը գրոտելուց հետո, Թերեզը հաճույքով լիզում է ծրարե սոսնձի շերտը, ծրարը բռունցքով տափանում, նամականիշի կողքին ևս մի նամականիշ փակցնում, և եթե ծրարը օդային փոստի չէ, աչքի ընկնող մի տեղ գրում է ՈՉՌՈ, թեև փոստը նրանց գյուղ երբեք ինքնաթիռով չեն տանում: Թերեզը երբեմն ավիացիոն փոստի ծրար էլ է ունենում, բայց սեփական ձեռքով ՈՉՌՈ գրելը մի ուրիշ հաճույք է: Բոլորովին այլ բան է, որ Թերեզը ռուսերենից բոբիկ է և տառասխալով գրում է ՈՉՌÿ: Եվ կարևոր չէ նույնիսկ, որ նամակը շաբաթից շուտ տեղ չի հասնում: Թերեզի մտքով էլ չի անցնում, որ կարող է շուտ հասնել: Ժամանակ շահելու համար չէ, որ կրկնակի նամականիշով ծրարի վրա ՈՉՌՈ է գրում, այլ կարևորության համար: Եվ շքեղության համար է գրում: Թերեզի երջանկությունը պիտի հենց ծրարից երևա: Կարմիր շերտերիզով, ինքնաթիռի պատկերը վրան ու փայլուն ծրարից: Կամ թեկուզ սովորական, բայց ճեփ-ճերմակ թղթից, մի լավ շենքի նկարով, կրկնակի նամականիշով, վրան էլ իր ձեռքով գրած ՈՉՌՈ ծրարից:
Թերեզի լիակատար երջանկությանը միայն տուն չունենալն է խանգարում: Մնացած ամեն ինչով «իսկական քաղաքացի ենք, քույրիկ ջան»,- գրել է Թերեզը նամակում: Լավ ուտում, լավ հագնում են, կինո, թատրոն են գնում, համերգ ու կրկես են գնում… Ո՞ւմից են պակաս, Թերեզի քույրիկ: Ճիշտ է, երբ քաղաքային տրանսպորտը «տալոնային սիստեմի» անցավ, օրվա փողը Սահակի գրպանից պակասեց ու մի քիչ կոտրն ընկան, բայց դրա փոխարեն աշխատավարձը բարձրացավ, ու եթե վեց հատ կարմիր տասնոցը ամեն ամիս տան վարձ չտան, առոք-փառոք կապրեն և ուրիշներից ետ չեն մնա:
Շաբաթվա մեկ օրը Թերեզը նամակ է գրում, մնացած վեց օրը սպասում է նամակի պատասխանին: Եվ առհասարակ, Թերեզը օրնիբուն սպասում է: Սպասում է Սահակի տուն գալուն, նոր ավտոբուս ստանալուն, ծորակի տակ դրված գարեջրի շշերի սառելուն, բնակարան ստանալուն, որ կարող է ութ տարի տևել, ամուսնու աշխատավարձի բարձրանալուն, որ կարող է տասը տարի տևել, սպասում է իր նամակի պատասխանին, նամակ գրելու օրվան, Նոր տարվա գալուն ու գարնան գալուն, ամռանն ու աշնանը, երեխա ունենալուն ու սառնարան առնելուն… Սպասում է. հանդարտ, անխռով սպասումով: Ահա այսպես, ձեռքերը իր երեք ամսական փորին դարսած, պատուհանին մոտ քաշած աթոռին, երազկոտ-խաղաղ հայացքը դուրս և ականջը դռան զանգին, ականջը` ծորակից հոսող ջրի ձայնին, ականջը` իր ներսում ապրող, քնածի մարմանդ շնչառությամբ շնչող երջանկությանը:
Ի՞նչ է շշնջում այդ ձայնը Թերեզի ականջին: Որ կգան ու կանցնեն օրերը, կանցնեն տարիները, ու իրենք երկու աղջիկ, երկու տղա կունենան, որ Սահակը տաքսու վարորդ կդառնա ու փողկապով կգնա աշխատանքի, որ բնակարան կստանան և ամսական վաթսուն ռուբլին ետ կգցեն` «Ժիգուլու» տեր կդառնան, որ կարգին օջախ կդառնան և իր քրոջ երեխաներին, Սահակի քրոջ ու եղբոր երեխաներին, եթե քաղաք սովորելու գան, տիրություն կանեն, որ իրենց նման ջահել ընտանիքները, իրենց նման վարձով ապրողները կգան Թերեզից պարտքով փող կուզեն, այս ու այն կուզեն, և Թերեզը ոչ մեկին ոչինչ չի մերժի, որ ավելի շատ իրենք հյուր կընդունեն, քան հյուր կգնան, որովհետև ամեն բան կունենան, մի բան էլ ավելին կունենան` եկող-գնացողի առաջ ամոթով չմնալու համար… Եվ որ` երբ գա այդ ժամանակը, հիմիկվա խալաթը Թերեզի վրա նեղ կգա ու նրա լցված, թմբլիկ մարմնին, չորս երեխաների տեր երջանիկ տանտիկնոջ մարմնին ավելի սազ կգա մետաքսե ծաղկավոր մի խալաթ: Եվ այդ մետաքսե ծաղկավոր խալաթով Թերեզը կպտտվի՜, անդադար կպտտվի հարևան-բարեկամներով բոլորած սեղանի շուրջը, ուտելիքով ու խմիչքով ծանրաբեռնված սեղանի շուրջը ու, ժպիտը երեսին, ծեքծեքալով կասի. «Կներեք, որ ուտելու լավ բան չունենք, կներեք, որ խմելու լավ բան չունենք: Եղածից անուշ արեք, կներեք…»:
Թերեզը յոթերորդ երկնքում էր այն օրերին, երբ խաշի պատրաստություն էր տեսնում: Այդ խաշի մասին նա մտածում էր քաղաք գալու առաջին օրվանից: Եվ երբ հինգ ամիս առաջ հեռավոր արվարձանի կիսանկուղից այս բնակարանը տեղափոխվեցին, երբ Թերեզը տեսավ պատշգամբի լայնքով մեկ ապակե պատ ունեցող լուսավոր սենյակը, երբ տեսավ բնական գազով օջախը, լվացարանի կաթնագույն կոնքը,- երբ այս ամենը Թերեզը տեսավ, առաջին միտքը այն էր, որ Սահակը շրջապատ մտներ, հարևանների հետ գնալ-գալ ունենային… այսինքն, որ իրենց կարգին ընտանիքի տեղ դնեին, ոչ թե վրաները նայեին, ինչպես վարձով ապրող, քոչվոր անտերների վրա են նայում: Եվ երբ Սահակին սկսեցին խաշի ու խորովածի կանչել, Թերեզի նամակներն ավելի կենսուրախ դարձան: Ճիշտ է, ամեն անգամ հյուր գնալիս Սահակը խմիչք է տանում (ահագին ծախս է), բայց քույրը թող հասկանա, որ շրջապատ ունենալու համար պիտի ծախս անես: Սահակի հայրն էլ, պապն էլ շրջապատի մարդ են եղել:
Փետրվար ամիսն էր, ամեն ինչի սակավ ժամանակը, երբ Թերեզը Սահակին ուղարկեց շուկա` լավաշի և բողկի, հարևաններից բերեց լրացրեց պակասող սպասքը, երեք օր շարունակ մաքրած խաշը շաբաթ երեկոյան դրեց կրակին, և ամբողջ գիշեր ամուսինները չքնեցին: Մեղրամսից հետո դա ամենաերկար գիշերն էր: Թերեզը շապկանց դուրս էր գալիս անկողնուց, անցնում էր խոհանոց և կրկին անկողին մտնելով` ամուսնու ականջին շշնջում էր խաշի, սիրո ու վաղվա տոնական օրվա մասին: Խաշի ու սիրո այդ գիշեր Թերեզը հերարձակ էր, և առավոտյան խաշ ուտող տղամարդիկ ափսեների մեջ երկար, կանացի մազեր գտան: Բայց տղամարդիկ էին, դեմները խաշ էր, կերան, խմեցին, մոռացան: Չնչին անախորժություններ էլ եղան. մեկ աղամանը տեղը չէր, մեկ` սխտորն էր ջրիկ, մեկ` ափսե էր պակասում, մեկ` բաժակ… Միայն թե այս մանրուքները Թերեզին չվշտացրին, Թերեզը իր հյուրասիրությունից ցնորվել էր: Միակ բանը, որ կարճ մի պահ սթափեցրեց Թերեզին, Սահակի ապտակն էր, որ խոհանոցում կերավ: Ապտակ էր` թեթև, սովորական, հենց այնպես ապտակ էր, որ տղամարդը, եթե լավ կերած-խմած է, պիտի հասցնի կնոջը, հյուրերի գնալուց հետո, խոհանոցում` ամեն կիսատ-պռատի համար, տանտիրուհու ավելորդ ոգևորության, ավելորդ ժպիտների համար… Եվ Թերեզը այդպես էլ ընդունեց: Ամուսնու ապտակը տոնական օրվա մանրամասների շարքը դասեց ու ժպտաց: Մի ուրիշ տեսակ ժպտաց: Գիշերվա համար պահած ժպիտը առաջին անգամ օրը ցերեկով ու անամոթ ժպտաց: Այդ անամոթության համար Սահակը մի անցավ ապտակ էլ հասցրեց: Թերեզը պաշտպանվեց ամուսնուն փարվելով և աման լվանալը թողեց ավելի հարմար ժամանակի:
Երբ խաշի թմրությունից ուշքի եկած` անկողնուց ելան, երեկոյան ժամը ինն էր: Թերեզը այնպիսի նվաղուն տրամադրության մեջ էր, որ կարելի էր միայն նամակ գրել: Մի ուրիշ անգամ, նամակ գրելուց առաջ, կնստեր ու մի անգամ էլ ծայրեծայր կկարդար քրոջից ստացած նամակը, որ նամակի հարցումներին պատասխան տա: Բայց անցած շաբաթվա տպավորությունները այնքան շատ ու նշանակալի էին, որ Թերեզը նամակի պատասխան չէր գրելու, այլ նամակ էր գրելու: Եվ Թերեզը գրեց այդ նամակը: Եվ դա նամակ չէր, այլ լեզուն նոր բացված երեխայի կակազ-շնչասպառ-ոգեշունչ պատմություն ինչ-որ շատ արտառոց, իրեն շատ հուզած մի բանի մասին, որի իմաստը այն էր, որ Թերեզը… որ Սահակը… որ իրենք… Գլուխդ ինչ ցավեցնենք, Թերեզի քույրիկ, իրենք երջանիկ են, նույնն էլ ձեզ են կամենում:
Առավոտյան Թերեզը զարթնեց դռան թակոցիվ: Կիրակի օրվա ուրախությունը շարունակվում էր երազում, և այս վաղ արթնացումը Թերեզի կիսարթուն ուղեղին ինչ-որ լավ բանի, ինչ-որ շատ լավ մի բանի ավետում թվաց, որ կապված էր իր հազար ու մի սպասումների, երեկվա կերուխումի, հարևանների կուշտ ու մտերիմ դեմքերի հետ:
Խալաթը վերուվար կոճկելով դեպի դուռը գնալիս Թերեզը երանավետ ժպտում է, «բարի լույս-համեցեք»-ը տանում է շուրթերին և չի մտածում, թե ինչու չեն զանգում, այլ դուռն են թակում, թե ինչու` ոչ թե թակում, այլ ջարդում են դուռը: Եվ Թերեզը ոչ մի կերպ չի հասկանում, ինչի՞ց է, որ իրենցից մի հարկ ներքև ապրող մոր ու աղջկա դեմքերը զայրույթից այլայլված են, թե ինչո՞ւ մայր ու աղջիկ, Թերեզին, խալաթը չկոճկած, սանդուղքներով քարշ են տալիս ներքև, խցկում են իրենց դռնից ներս ու հրում են դեպի պատերը, դեպի պատերը, պատերը… Իսկ Թերեզը աչքերը տրորում, արթնացող երեխայի զարմանքով նայում է նրանց կահույքին, նայում է բաց անկողիններին ու ակամա տղամարդու հետքեր է որոնում, այն տղամարդկանց հետքերը, որ ստվերների նման այս դռնով ներս ու դուրս են անում: Եվ մինչ Թերեզին այս պահին, հենց այս հիմար վիճակում մի հարց է տանջում, թե այդ տղամարդկանցից որը որի մոտ է գալիս, նրանք, մայր ու աղջիկ, Թերեզին դեպի պատերն են հրում: Ինչո՞ւ են հրում: Ինչո՞ւ են Թերեզի վրա գոռգոռում: Ինչո՞ւ են սրանց պատերը թաց և հատակը` թաց, ինչի՞ց է, որ գորգը ծանրացել ու մեխերից պոկվում է: Ի՞նչ կապ ունի այս ամենը Թերեզի հետ, երեկվա տոնական օրվա ու հարբած-մտերիմ դեմքերի հետ, երեկվա պեծպեծող հայացքների հետ, որ խաշ ուտող տղամարդիկ նետում են տանտիրուհու վրա` իբր շնորհակալ են. շնորհակալ են խաշի թանձրության համար, լավաշի բարակության համար, իբր շնորհակալ են ընդհանրապես… Թերեզը ի՞նչ մեղք ունի, որ սրանք տանը տղամարդ չունեն` գար խաշի: Թերեզը չէ՞ր ուզի, որ մի լավ հարևան էլ ավելի ունենային… Ու մինչդեռ Մայր ու Աղջիկ Թերեզին գոմում ապրած, տուն չտեսած վայրենի ու էլի ինչ-որ վիրավորական բաներ են ասում, ինչ-որ վնասից ու փողից խոսում, մինչդեռ Մայր ու Աղջիկ իրար հերթ չեն տալիս, Թերեզի արթնացող գիտակցության մեջ մի տարտամ միտք է ծիլ տալիս, թե այս ամենը երեկվա խաշի հետ է կապված… Եվ հանկարծ վայրենի ճիչով Թերեզը դուրս է թռչում հարևանի տնից, սանդուղքներով վեր վազում, բաց դռնից ներս է ընկնում իր տուն, կանգնում իր խոհանոցի ծովացած հատակին և արցունքն աչքերին նայում անլվա ամաններով լռված լվացարանից հատակին չռռացող ջրին…
Այդ սև երկուշաբթի, քիթը թաշկինակի մեջ տրորելով և չհամարձակվելով ամուսնու աչքերին նայել, Թերեզը հաշվեց հինգ հարյուր ռուբլին, իրենց մի տարվա խնայողությունը և սրտի կսկիծով տվեց վնասատիրոջը: Քիչ է, ասացին Մայր ու Աղջիկ, բայց, դե, իրենք էլ հայ քրիստոնյա են: Այդ քիչը, որ հայ քրիստոնյաները տարան, այդ քիչը, որ Թերեզի երազածով պիտի կամաց-կամաց շատանար ու կլորիկ գումար դարձած` բնակարանի հերթը առաջ գցեր, տան տեր դառնալու նրա հույսը ետ գցեց ուղիղ մեկ տարով: Եվ Թերեզը զգաց, որ ամբողջ շաբաթվա ուրախությունը քթից գալիս է:
Ամսից ավելի է Թերեզը նամակ չի գրում: Արդեն քանի շաբաթ Սահակը նորակառույց թաղամասերում սենյակ է փնտրում: Փնտրում է Սահակը, հուսահատվում, հուսահատվելով է փնտրում, բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է, կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Այդ կես ճշմարտությունը նրանց վրա թանկ է նստել: Թերեզի հղիությունը տեսել և երեք անգամ նրանց կահ-կարասին բեռնատարին նորից բարձել են տվել: Առաջին անգամը նախկին թաղամասում էր, այն նույն թաղամասում, ուր Թերեզը փառավոր շրջապատ էր ստեղծել: Այդ շրջապատը Թերեզը սրտի ցավով թողեց: Թողեց, որովհետև Մայր ու Աղջիկ չգոհացան վնասի հատուցումով, սպառնացին Թերեզի` ուրիշ մի տեղ ապրող տանտիրոջը, թե բնակարանը ձեռից առնել կտան, քանի որ, պարզվում է, բնակարանի կարիք չունի, թե իրենք, Մայր ու Աղջիկ, տասը տարի սպասել են, մինչև բնակարան են ստացել, ուրեմն և թույլ չեն տա, որ գոմերում ապրած մեկը իրենց գլխին ամեն օր ջուր թափի, վաղն էլ ով գիտի ինչ թափի… Եվ Թերեզը ընկավ դռնեդուռ:
Արարատին նայող պատուհանով, Արագածին նայող պատշգամբով այդ մեկ սենյականոց բնակարանը կորցնելուց հետո թաղամասի շենքերից մեկում մի սենյակ գտան իններորդ հարկում, երեք սենյականոցի ամենափոքր սենյակը, և Թերեզը մտածեց, որ կմնան ժամանակավոր: Բայց դուրս եկավ չափազանց ժամանակավոր: Երկրորդ օրը առավոտյան տանտիրուհին` շապկանց ու շապկի փեշերից երկու փսլնքոտներին քարշ տալով կանգնեց Թերեզի շեմին, «իրար ճանաչենք» – ասաց և իբր սեղանի ոտքերին է նայում` նայեց Թերեզի փորին, իբր առաստաղին է նայում` նայեց Թերեզի փորին և խելագարի կտրուկությամբ շրջվելով` երեխաներին թափ տվեց փեշերից ու հատ-հատ արտասանեց. «Ես իմոնցից եմ զզվել, երեխայով տնվոր պահողը չե՛մ»:
Երեք անգամ կրկնվեց նույնը: Եվ Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Ասում է` երեքն են: Եվ դուռը խփում են Սահակի քթին: Եվ Սահակը հուսահատվում է: Նայում Թերեզի օր-օրի մեծացող փորին և հուսահատվում է: Բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է` կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Իսկ Թերեզի համբերությունը թխսի համբերություն է, Թերեզի քույրիկ: Թերեզը սպասում է: Սպասում ու ջեռուցումով տուն է ուզում: Կոկիկ խոհանոցով, տաք զուգարանով, ցնցուղով, սառ ու տաք ջրով տուն է ուզում: Թերեզը նրա համար չի քաղաք եկել, որ ինչ-որ արվարձանում ապրի: Նավթի վառարան վառի, զուգարանի ճամփին ցեխ տրորի… Թերեզը քաղաքի բնակարան է ուզում, քաղաքի հարևան է ուզում, մի խոսքով` քաղաքում քաղաքաբնակի նման ապրել է ուզում: Ինչ ասես, որ չի ուզում Թերեզը: Եվ այդ ամենի մասին քրոջը նամակ գրել է ուզում:
Եվ Թերեզը հիմա գրելու բան չունի: Հասցե անգամ չունի: Հորեղբոր տանն է ապրում, ժամանակավոր է ապրում, և հորեղբոր հասցեն իր հասցեն չի: Հորեղբոր հարևանները իր հարևանները չեն: Ամուսնու առաջ դրած ճաշը` իր եփած ճաշը, իր եփածը չի: Մինչև անգամ ամուսինը` կաշկանդված-քաղաքավարի ճաշ ուտող ամուսինը, իր ամուսինը չի: Որովհետև Թերեզը տուն չունի: Այս օտար տանը ամուսնու գարեջուրը սառեցնելու համարձակություն չունի: Հարևանի տուն գնալու, հյուր կանչելու, հյուրասիրելու իրավունք չունի:
Ինչի՞ մասին գրի Թերեզը, եթե այսքան բան չունի:
Ուրեմն թող ներող լինի քույրը, որ Թերեզը իր նամակները մտքում է գրում: Ամեն օր բանավոր նոր նամակ է սկսում ու գրելը վաղվան է թողնում: Օրը շաբաթ է դառնում, շաբաթը` ամիս, բայց Թերեզը չի գրում, որովհետև նամակները մի տեսակ տխուր են ստացվում: Մի տեսակ շա՜տ են տխուր ստացվում:
…Թող որ համբերի քույրը, թող ամեն գնացող-եկողի հարցուփորձ չանի` ինչ է պատահել: Չի պատահել, Թերեզի քույրիկ: Ոչ մի վատ բան չի պատահել: Իրենք ողջ ու առողջ են, նույնն էլ ձեզ են կամենում: Մի քիչ ձախ գնաց գործը, ո՞ւմ հետ չի պատահում, ինչ մի գրելու բան է: Աստծով, մի օր էլ իրենք տուն կունենան…

  1. Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։
  2. Բնութագրե՛ք Թերեզին։
  3. Ի՞նչ խնդիր է առաջ քաշում հեղինակը։ Ո՞րն է պատմվածքի մեջ արտահայտված գաղափարը։
  4. Խոսե՛ք հեղինակի ոճի մասին

    Ոճ — հեղինակի պատմելաձևի, բառերի, պատկերավորության միջոցների գործածության յուրահատկությունների ամբողջությունը։

Оставьте комментарий