Mediaeducational blog

Թումանյան. հոդվածներ

Оставьте комментарий


Ղազարոս Աղայան

(Քառասունամյակի օրը)

Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանին։

Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտալ՝ ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ։

Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի

է ինձ հրճվանքով շեշտել նրա երկու բարձր հատկությունները։

Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրելը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական։

Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ հայտնվել է, իր հետ տարել է երիտասարդական թարմություն և բանաստեղծական ոգևորություն։ Նա ոգևորվել է ամեն բանով, ինչ որ լավն է, գեղեցիկ է։

Եվ նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ, սրտալի։ Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք երբևիցե սխալ են համարել նրան։

Սակայն, այսօր երբ պետք է փառաբանել նրա 40 տարվա գործքերն ու գրվածքները և նրանց վրա ուրախանալ, ես մի տարօրինակ վշտով ափսոսում եմ նրա այն գործքերն ու գրվածքները, որ մնացին անկատար։ Քանի–քանի անգամ նա ոգևորված պատմել է այդ գրելիքների մասին։ Երկար տարիներով սիրած–փայփայած հերոսներ ու գաղափարներ, միշտ պայծառ, միշտ բարի ու սիրուն…

Եվ մի՞թե բոլորը կմնան ծրագիրներ։

Հայոց նոր գրականության հիսնամյակը

1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերատառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր աշխարհիկ գրականության առաջին հիմնաքարն է ընդունված։ Եվ ահա այս տարի լրանում է այդ գրքի տպագրության — հայոց նոր գրականության սկզբնավորության հիսնամյակը։ Մի հոյակապ առիթ՝ մի մեծ համազգային տոն կազմելու, վերարծարծելու, կենդանացնելու շատ նվիրական զգացմունքներ ու գաղափարներ, որոնցով ոգևորվել է, այո՛, ժողովուրդը, և մի ընդհանուր հաշիվ տեսնելու այն գեղեցիկ երկերի ու գործերի, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում։ Գուցե կարելի կլիներ և արժանավայել ձեռնարկություններով հավերժացնել հայ մտքի այդ տոնը — նորանոր ուսումնարաններ ու գրադարան-ընթերցարաններ բանալ, կենտրոնական համազգային գրադարան կամ թանգարան հաստատել, կամ հիմնել հայոց գրական ֆոնդը, նրանով միանգամ ընդմիշտ վերացնել ամեն մի գրողի հոբելյանին փող հանգանակելու սովորությունը և հոբելյանները վերածել զուտ գրական տոների։

Անշուշտ կլինեն և շատ ուրիշ ձեռնարկությունների առաջարկներ, գուցե և հարկավոր չի դատվիլ կամ գլուխ չի գալ այս ձեռնարկություններից ոչ մինը — այսուամենայնիվ պետք է կատարել այդ մեծ տոնը, որ ինքնըստինքյան կունենա բարոյական ահագին նշանակություն և համատարած հայ ժողովրդի ընդհանուր ոգևորության, լավագույն հիշողությունների ու պայծառ հույսերի օրը կլինի։ Այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովուրդների կյանքում։ Պետք է տոնել։

Հոբելյանների դեմ

Մեր մեջ հոբելյանները համաճարակի կերպարանք են առնում։ Հոբելյան են տոնում ու հոբելյանի են պատրաստվում ամենքը թե՛ արժանավոր, թե՛ անարժան ու միշտ էլ հրավիրում են ազգի ընդհանրությունը—մասնակցելու։ Տարեցտարի բազմանում են էդ «համազգային» տոները և

փառաբանությանների ցանկն ու ցուցակն էլ զարգանում ու մեծանում է հետը մի շատ ինքնուրույն տգեղությամբ։

Հարգելու մարդիկ կա՞ն, շատ գեղեցիկ։ Տոնելու գործեր կա՞ն, գանք հրճվանքով ու երգերով։ Բայց օրինակ պետք է առնել հասկացող ժողովուրդներից, հենց թեկուզ մեզ մոտիկ ռուսները, տեսնենք նրանք ինչպես են անում։ Եթե նրանք էլ մեզ նման հոբելյաններ կատարեին, տարեկան մի քանի տասնյակ հազար հոբելյան պիտի տոնեին. և ամեն մեկի հոբելյանն էլ եթե դնեին ամբողջ ռուս ժողովրդի առջև ու հորդորեին, հրավիրեին, թե եկեք պսակելու, փառաբանելու էս ինչ գրողին, դերասանին, խմբագրին, գյուղատնտեսին, ուսուցչին, քահանային և այլն, և այլն, երևակայո՞ւմ եք, թե ի՛նչ ազգային աղետի բնավորություն կարող էր առնել։ Եվ եթե ամեն անգամ ամեն մեկի հոբելյանին հավաքվեին ու ճառեին, թե դու ես որ կաս և քեզանով է որ մենք կանք, քեզանից է սկսվում ամեն բան և զանազան համեստ հաց ուտողների մեծ ու հանճար հռչակեին աշխարհքովը մին, երևակսւյո՞ւմ եք, թե ի՛նչ հոյակապ մասխարության էր լինելու։

Նրանք էլ են հոբելյաններ տոնում, բայց ամեն մեկին իրեն շրջանում։ Մին էլ կարդում եք լրագիրներում, թե էս ինչ գրական., հասարակական կամ քաղաքական գործչի հոբելյանը տոնել են էս ինչ շրջանում։ Ուրիշ բան է, եթե նա կունենա էն տեսակ մի մեծության, օրինակ մի Տոլստոյ, որի գլուխս երևում է ամեն աշխարհից, որի հոբելյանն էլ, տոնելու եթե խնդիր լինի, ուզենան էլ, չեն կարող պարտակել մի որևէ շրջանում, և վերջապես նրան կարող էր, այո՛, համայն ռուս ազգը գալ պսակելա աշխարհքի առջև ու աշխարհքի հետ և ասել՝ քեզ պսակելով պսակում եմ ինձ՝ ռուս ազգի ամբողջությունը, քեզ տոնելով՝ ռուսական հոգու, ռուսական հանճարի հաղթանակն եմ տոնում։

Ժողովուրդը եթե չի հասկանամ, հասկացողները էնքան խղճմտանք պետք է ունենան, որ նրա անհասկացողությունը ի չարը չգործ ածեն ու նրա տգետ գլուխը դարձնեն պատվանդան իրենց համար արհեստական բարձրություններ

ստեղծելու և տխուր շփոթություն՝ արժանավորի ու անարժանի, գեղեցկի ու տգեղի, լավի ու վատի։

Շատ է տգեղ։ Օրինակ առնենք ուրիշներից։

Ուղղած «Վերք Հայաստանին»

Մի գրական-պատմական ուսումնասիրության համար վերցրել էի «Վերք Հայաստանին», և հատկապես Բաքվի կուլտուրական միության հրատարակությունը՝ երկու պատճառով, նախ, որ շատ է տարածված, երկրորդ՝ արտատպած է Մոսկվայի Ժամհարյան հրատարակությունից, իսկ Ժամհարյանի հրատարակությունը ուղղած ու լրացրած է հեղինակի ձեռագրով, «որպեսզի գրքի տպագրությունը հեղինակի բարձր անվան վայել արժանավորություններն ունենա…», ինչպես ասված է հառաջաբանում։ Բայց մեծ եղավ ցավս, երբ գտա, որ էնքան խնամքով ու զգուշավորությամբ արած Մոսկվայի հրատարակությունը ոչ միայն չի ուղղել հնի— Թիֆլիսի հրատարակության, ափաշկարա սխալները, այլև նրա վրա ավելացրել է նոր, ավելի խոշոր սխալներ։ Բաքվի կուլտուրական միությունն էլ նրանից արտատպելիս իր սխալներն է ավելացրել, և, ահա, էսօր հայ ժողովրդի պաշտելի «Վերք Հայաստանին» դրված է մեր սեղանի վրա իբրև հայ գրքերի մեջ ամ ենա անփույթ տպված գրքերից մինը, գուցե հենց ամենաանփույթ տպվածը։ Հին, 1858 թ. Թիֆլիսի տպագրության մեջ սխալներ կան. օրինակ՝ էջ 100 տպված է «խոռը վեր ածելով», փոխանակ խոտը վեր ածելով, դիբա, փոխ. դիբ ա, էջ 258 քյանդաղ, փոխ. փիանդազ, էջ 128 վտանկավոր ճամփերով, փոխ. վտանգավոր ճամփեքով, կամ թե չէ հնում՝ Էջմիածնի միաբանքն էնպես ցրվեցան որ «երկու

ջանիցը հինգն էլա չմնացին…», նորերում, ուղղածներումն էլ նույն (էջ 109, 120, 138, 269) և սրանց նման ավել կամ պակաս կարևորություն ունեցող սխալներ անարատ մնացել են իրենց տեղը։ Էդ հերիք չի, որ եղած սխալները թողել են, շատ ուղիղ տեղեր էլ փչացրել են ու սխալ են տպել։ Օրինակ՝ հնի մեջ (էջ 101) ասում է՝ «Աչքդ սառչի ոչ, սրտիդ ու բերնիդ հուփ տուր»։ Նորերը (109) շինել են՝ «Աչքն սառչի ոչ…», հնում (111)՝ «կես սհաթ չքաշեց…»։ Նորերը (121) շինել են՝ «կես սհաթ անց չքաշեց…»։ Հնում (129) Մոկլլուն, նորերը (138) շինել են՝ Մօկլուն։ Հնում (129)՝ «Օդը ապականվել էր ջամդաքի հոտով ու հարամի ղշերը, որ աշխարհքի տակիցն ասես, թռել, հավաքվել էին…»։ Նորերը (138)՝ հարամի ղշերը դարձրել են համամի ղշերը։ Հինը (130)՝ պատմություններ է անում, ու ասում է՝ «էսքան բանն անց էր կացել… մեր կողմը ոչինչ խաբար չկար», նորերը (139) շինել են՝ «էս բանն անց էր կացել…», հինը (132) ասում է «…անունը քարերը սասանեցնում էր», նորերը շինել են (141) «…անունը քարերը սասանեցնում էին»։

Հինը (135) ասում է՝ վարժատան չէին… որ… «քունները վարպետի անսիրտպատմության վրա տաներ» (թե՝ հայք էլ վաղ թագավորություն ունեին). նորերը շինել են (144). «… քունները վարպետի անսիրտտրամադրության վրա տաներ». հինը (142) ասում է. «Մկամ տունն կարա իմ ոտը փակել, մկամ շե՞մ կարա իմ աչքն կապել», նորերը տպել են (151). «… մկամ չե՞մ կարա իմ աչքն կապել»։ Հինը (171) ասում է. «Ձեզ մոտ ենք գալիս, ծնողք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտպաշտելիք». նորերը (180) ուղղել են. «… ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտպաշտել եք»։ Հինը (201) պատմում է, թե «գլուխ տալը հո ըսկի ադաթ չի. որն եկավ մեկ բարի լիս կամ ողորմի աստված ասեց ու նստեց», նորերն ուղղել են (210). «գլուխ գալը հո ըսկի ադաթ չի…»։ Հինը (221) գրում է. «… քար ըլեր կկակղեր, կրակ ըլեր կհանգչեր, ուր մնաց նրա սիրտը». նորերը (231) տպել են. «… կրակ ըլեր չհանգչեր»։ Չափազանցություն չեմ անիլ, եթե էստեղ երկու տող և այլն դնեմ։ Կետադրությունը հո՝ էլ մի հարցնեք, կետերը տեղ-տեղ հողի նման ցրված են, որը որտեղ

ընկել է, ընկել։ Մի՞թե «Վերք Հայաստանին» էսպես պետք է տպվեր։ Ամենալավ «Վերք Հայաստանին» դարձյալ մնում է հինը, մինչև մի նոր լավը կտպվի։

Ուղղագրության մասին

Մշակի № 140-ում տպված է Էջմիածնից տված մի կարևոր տեղեկություն, թե՝ «այժմ դիտավորություն կա պարտադիր

կանոն հրատարակել, որ հայոց եկեղեցական-ծխական և հոգևոր դպրոցներում ուղղագրությունը լինի հինը, ավանդականը, և գործադրվեն միայն այն դասագրքերը, որոնք գրված կլինեն հին ուղղագրությամբ»։ Եվ էս տնօրինությունը պետք է լինի մինչև ուսումնական տարին։

Ահա մի դիտավորություն, որ և՛ ուրախալի է, և՛ տարօրինակ միաժամանակ։

Ուրախալի է և ցանկալի, որ հայոց ուսումնարաններում ընդունված գրքերում և առհասարակ հայոց գրականության մեջ լինի մի ուղղագրություն, բայց տարօրինակ է ու ցավալի, որ դիտավորություն կա էդքան լուրջ մի գործ կարգադրել մի հապճեպ տնօրինությունով։ Ուղղագրությունը գիտություն է և նրա դեմ կարելի է դուրս գալ կամ նրան փոխել միայն գիտությունով։ Եվ ուրիշ բան էր, եթե Էջմիածինը գիտնական ու գրական մարդկանցից կազմված մի կաճառի ձեռքով երկար քննելուց հետո աներ էդ տեսակ կագադրություն։ Սակայն այժմ նախ չկա ձեռնհաս ու հեղինակավոր մի մարմին, երկրորդ շատ է կարճ ժամանակը մինչև ուսումնական տարին…

Էն էլ պետք է լավ իմանալ և ունենալ ի նկատի, որ, եթե գրողները գրում են էս կամ էն ձևով, ամենքն էլ հենց ջգրու կամ որոշ միտումով չեն անում, ինչպես, իրենց ասելով, անում են Վ—ականները, այլ մարդիկ տարիներով մտածել են ու եկել մի եզրակացության։ Նրանց դեմ ելնողն էլ պետք է երկար մտածի։

Կրկնում ենք. մենք շատ ու շատ ցանկալի ենք համարում ուղղագրության միօրինակությունը մեր ուսումնարաններում, բայց չենք ուզում հավատալ, որ Էջմիածինը, ուր գիտության տեր մարդիկ կան հավաքված, աներ էդ տեսակ մի քայլ և, առանց խնդիրը լուրջ քննելու, հրամանով դուրս գար գիտության ու գրականության դեմ, թեկուզ հանուն դպրոցների շահերի։ Հենց դպրոցների շահն ամենից առաջ պահանջում է, որ գիտության ու գրականության դեմ հրամաններ

չարձակվեն միայն, այլ լինեն ակադեմիական լրջությամբ գիտության վրա հիմնված ուղիղ կարգադրություններ։

Մեր մամուլն ու իր ընթերցողը

Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից։

Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։

Տարիներով կարդացել է՛ ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:

Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա… Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը։

Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա

են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից։ Երբե՛ք։ Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով։

Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ։ Երբե՛ք։ Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել։ Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ։

Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ ճաշակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականության մասին։ Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ։ Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ։ Գալով գրականությանը, գրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ոչ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից։ Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ։ Շատ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է։ Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել։ Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները։ Դարձյալ նույնը, միշտ նույնը. կամ օվսաննա կամ հայհոյանք։ Գնա ինչ կուզես դրանից հասկացիր։

Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել,

դեմն ով ուզում է լինի։ Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ։

Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը — հայ թերթն է։

Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել։

Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը — նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով։ Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ և ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես։

«Մշակի» խմբագրությանը

Դուք խուսափում եք մեր հարցին ուղղակի պատասխանելուց։ Մենք «Հորիզոնի» անցյալ տարվա № 292-ում ձեզանից պահանջել էինք, որ պարզ, մեկին բացատրություններ տաք. ի՞նչ ներկայացուցիչ է, որ իբր թե «Հորիզոնի» խմբագրությունը ուղարկել է Էջմիածին։ Բացատրեք, թե ինչ հանդիմանություն է արել այդ «ներկայացուցիչը» Իզմիրլյան կաթողիկոսին։ Ի՞նչ ընթացք է, որի համար «ներկայացուցիչը» իբրև թե «հանդիմանել է», ինչպես ասում է ձեր Հ. Առաքելյանը։ Վերջապես ո՞վ է այդ «ներկայացուցիչը», տվեք նրա անունը։

Այժմ դուք գործը դարձյալ ձգում եք Հ. Առաքելյանի վրա և ասում եք՝ միջնորդ դատարան եք ընդունել։ Շատ լավ։ Թեև միջնորդ դատարանը դրա համար չի, բայց թող այդպես լինի։

Ուրեմն միջնորդ դատարանի առարկա է լինելու և այս խնդիրը։ Սպասում ենք միջնորդ դատարանին։

Խմբ.

Ընդհատելով իմ հոդվածները Հ. Առաքելյանի դեմ, առաջարկում եմ անցնել միջնորդ դատարանին։ Շարունակությունը միջնորդ դատարանի առջև։ Թիֆլիսում են Էջմիածնի պատգ<ամավորական> ժողովի նախագահ պ. Հ. Խունունցը, Թիֆլիսի քաղաքագլուխ պ. Ա. Խատիսյանը, հենց «Մշակի» աշխատակից բժ. Վ. Արծրունին, որ ժողովում հարուցե է խնդիրը, նրանք, որոնց անունը տալիս է ինքը, Հ. Առաքելյանը և նրանք, որոնց հետ Հ. Առաքելյանը դուրս է եկել Էջմիածնից ու ներկա չի եղել դեկտ<եմբերի> 20-ի ժողովին, որի մասին սուտ հեռագիր է տվել։ Թող Թիֆլիսում գտնվող պատգամավորները հավաքվեն ու տեսնեն այս ամոթալի դատը։ Բավական է մամուլը դարձնել ստախոսության ասպարեզ։ Վերջ պետք է լինի դրան։

«Հայոց պատմություն»

Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը։ Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում, թե հայ ժողովուրդը չունի և չգիտե իր պատմությունը, նույնիսկ երեկ մեկել օրվա պատմությունը– չգիտի թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս և ո՞ւր գնում։ Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը անուղեցույց խարխափում է։ Նա, ինչպես անգիտակից մի խալխ, միշտ ենթակա <է> այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին։ Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար, մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը։ Եվ եթե սխալի ու փորձանքի մեջ ընկնի և պատասխանի կանչվի այս տեսակ ժողովրդի մարդը, վերջիվերջո նա մի արդարացում կունենա միայն, որ ինքը չի հասկանում իր արածն ու իրեն։ Չի հասկանում ինքը, չի հասկանում և նա, ով պետք է պաշտպանի, չի հասկանում և նա, ով պետք է դատի։ Մի՞թե սրանից ավելի ողբալի դրության մեջ կարող է հայտնվել մարդ արարածն աշխարհում։ Եվ զարմանալու ի՞նչ կա, որ նա հաճախ կարող է դատապարտվել ու կորչել և անմեղ։

Այժմ հրապարակի վրա դրված է Հայկական տպագրության չորսհարյուրամյակը տոնելու և այդ տոնը զանազան ձեռնարկություններով հավերժացնելու խնդիրը։ Բավական ժամանակից ի վեր կտրված լինելով արտաքին աշխարհից, չգիտեմ դրա համար ինչ առաջարկներ են եղել, բայց որոշ տպավորությունների տակ կուզենայի, որ ամենալուրջ առաջարկների

հետ դրված լիներ և «Հալոց պատմության» խնդիրը։ Մի «Հայոց պատմություն»։ Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությունը և այնպես պաշտպանի, որ նա ինքը, պատասխանի կանչվելիս, բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն։

Մի «Հայոց պատմություն»։

«Դառնացած ժողովուրդ»

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

 

Սկիզբ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s