Ուխտի իմ խորհրդանիշը-1


Վաղուցվա երազանք էր Ատրպատականը. շատ-շատ էի ուզում տեսնել Սուրբ Ստեփանոս Նախավկայի ու Սուրբ Թադեի վանքերը:
Ուխտագնացության իմ խորհրդանիշը Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն է: Համոզված եմ՝ էլի շատ խորհրդանիշեր կլինեն: Բայց այս պահին անհանգիստ եմ ու անհամբեր. ե՞րբ ենք տեսնելու:

st1Սուրբ Ստեփանոս Նախավկա (Ստեփանոս անունը հունարեն  է, նշանակում է պսակ), I դարի քրիստոնյա, հելլենական հրեա. անդրանիկ վկան, որն իր արյունը թափեց՝  Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի վկայելով: Մեկը Հիսուսի յոթանասուն (կամ յոթանասուներկու) աշակերտներից, որին ուրիշ վեց հոգիների հետ նախնական եկեղեցին Պետրոս առաքյալի առաջնորդությամբ կարգեց եկեղեցու սեղանի սպասավոր (սարկավագ):

Սուրբ Գիրքը Ստեփանոս Նախավկայի մասին վկայում է, որ նա լցված էր աստվածային «շնորհներով և զորությամբ»,  «… ժողովրդի մեջ զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում» (Գործք 6.8): Սուրբ Հոգու զորությամբ քարոզել է Հիսուս Քրիստոսին, ինչի պատճառով արտասահմանից եկած հրեաները Ստեփանոս Նախավկայի դեմ են գրգռել Երուսաղեմի հրեա ժողովրդին, քահանաներին ու օրենսգետներին և նրան հանձնել բարձրագույն ատյանին: «Եվ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ…» … Եվ բոլոր նրանք, որ նստած էին ատյանում, նրան նայելով՝  տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր» (Գործք 6.13–15):

12Ի պատասխան այդ բանսարկության՝  Ստեփանոս Նախավկան ատյանում սկսել է Սուրբ Հոգով մեկնել Հին կտակարանը, թե՝  բոլոր մարգարեները նախապես վկայել են Արդարի՝  Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի գալուստը: Եվ եզրափակելով՝  ասել է. «Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին: Եվ սպանեցին նրանց, որոնք նախօրոք պատմեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրենքն ստացաք, բայց այն չպահեցիք»  (Գործք 7.52–53):

%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd-%d5%bd-%d5%a9%d5%b8%d5%be%d5%b4%d5%a1Ստեփանոս Նախավկակին քարկոծելով սպանել են Երուսաղեմի շրջակայքում, երբ նա բացականչել է. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը» (Գործք 7.55): Ստեփանոս Նախավկան., Աստծուց թողություն խնդրելով իրեն քարկոծողների համար, մեռել է (Գործք 7.59): Նրա սպանությանն ականատես և կամակից Սողոսը (ապագա Պողոս առաքյալը) հետագայում` դարձի գալուց հետո, գրել է. «Եվ երբ թափվում էր քո վկայի` Ստեփանոսի արյունը, ես ինքս էի, որ նրա մոտ էի կանգնել և համաձայն էի լինում նրա սպանմանը. և նրան սպանողների զգեստներն էի պահում» (Գործք 22.20):
Ըստ վկայագիրների` Ստեփանոս Նախավկային թաղել են Գամաղիելը (Պողոս առաքյալի ուսուցիչը) և Նիկոդեմոսը (Հիսուսի ծածուկ աշակերտներից)՝  իրենց ագարակում, որտեղ հետագայում թաղել են նաև նրանց: Այնուհետև Ստեփանոս Նախավկայի տապանակը Հուլիանե իշխանուհին (նահ. IV դ. սկզբին) ամփոփել է Կ. Պոլսում: Հետագայում նրա մասունքները տեղափոխվել են Վենետիկ և դրվել Ս. Գևորգ կղզու Մայր եկեղեցու մեջ, որտեղ ամեն տարի տոնվում է սուրբի հիշատակը: Հայ եկեղեցին ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակը նշում է Ավագ տոների հետ՝  դեկտեմբերի 25-ին կամ հաջորդ օրը (եթե դեկտ. 25-ը կիրակի կամ պահոց է լինում), հունադավան եկեղեցիները՝ դեկտեմբերի  27-ին և օգոստոսի 2-ին, Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի  26-ին, մայիսի 7-ին և օգոստոսի 3-ին:

Ստեփանոս Նախավկան անդրանիկ վկան է, որն իր նահատակությամբ նմանվում է Հիսուսին՝ ճանապարհ բացելով հետագա վկաների ու մարտիրոսների համար: Եկեղեցու հայրերն ու վարդապետները ներբողյաններ են հյուսել ս. Ստեփանոս Նախավկայի մասին, որոնցից նշանավոր են Եփրեմ Ասորու, Պրոկղի, Գրիգոր Նյուսացու, Օգոստինոսի ներբողյան-ճառերը:

Սուրբ Ստեփանոս Նախավկայի  վանքը գտնվում է Իրանի արևելյան Ատրպատական նահանգում, Ջուլֆա քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա՝ Արաքս գետի հարավային ափին  գտնվող, այժմ լքված Դարաշամբ գյուղից մոտ մեկ կիլոմետր դեպի արևելք: Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու` վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը:

Վանքի գրեթե ուղղանկյուն հատակագծով տարածքը պարսպափակ է, ամրացված անկյունային և միջանկյալ բոլորաձև աշտարակներով: Վանքի տարածքը բաժանված է երեք հատվածի:

Դեղնա-կարմրավուն տուֆի մաքուր տաշված քարերով կառուցված Ս. Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև է, եռախորան, արևմտյան ուղղանկյուն թևով, արտաքուստ՝ ուղղանկյուն: Պատերը ներսից աղյուսապատ են և սվաղված: Խորանները յոթանիստ են, անկյունային սենյակները՝ երկհարկ: Վերնահարկ ունի նաև արևմտյան խաչաթևը:Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում՝ Ս. Ստեփանոս եկեղեցին՝ երկհարկ եռաստիճան զանգակատնով, և Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին: Ուշ միջնադարի հայ ճարտարապետության մեջ Ս. Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ հարդարանքով: Այստեղ ճակատների հետ ներդաշնակ ամբողջություն են կազմում ավետարանական թեմաներով բազմաթիվ պատկերաքանդակները և զարդաքանդակները , որոնք զարդարում են բոլոր պատերը և գմբեթը:  Գմբեթին 12 առաքյալների լուսապսակով դիմաքանդակներն են: Իսկ զանգակատան պատին պատկերված է «Հիսուսը գահի վրա», երկու կողքերին՝ հրեշտակներ: Վանքի պատկերաքանդակները միասնական շղթա են կազմում՝ ներկայացնելով Տերունական պատկերաշարը («Ավետում», «Հիսուսի Ծնունդը», «Խաչելությունը», «Համբարձումը», «Հիսուսը գահի վրա», « Սուրբ Մարիամը գահի վրա»): Իր զարդաքանդակների շնորհիվ  Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքի շքամուտքը  համարվել է ժամանակի գլուխգործոցներից մեկը:   Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին:

Ստեփանոս Նախավկայի անունով Հայաստանում վանքեր ու մատուռներ են կառուցվել, որոնցից նշանավոր են Ջուղայի Ս. Ստեփանոս Նախավկա, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա, Աստապատի Ս. Ստեփանոս Նախավկա վանքերը:
Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության   ցուցակում Սուրբ Թադեի  և Ծոր Ծորի  վանքերի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ:

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 926-92 7:


Оставьте комментарий