Համշենապատում


11Հիշում եմ՝ տարիներ առաջ ինչքան էի ուզում  լինել Տայքում, տեսնել Համշենը, որի մասին լսել էի, կարդացել. չէ՛, չէր ստացվում. ինչ-որ բան խանգարում էր անընդհատ, լինում է, չէ՞ այդպես: Կարդում էի, փնտրում, հետաքրքիր էր, ու վերջապես ստացվեց: Գնացինք, տեսանք, հիացանք, իրոք հեքիաթային էր, հեքիաթահամշեն էր, թե՞ համշենահեքիաթ, չգիտեմ: Հետո՝ էլի երկու անգամ գնացինք, հիմա էլ պատրաստվում ենք:
Ուրախ եմ, որ իմ ոգևորությունը կարողացա փոխանցել ընկերներիս: Արձագանք՝ որքան ասեք, հետաքրքրվողներ՝ շատ: Հարցնում են, ուզում են իմանալ, հետաքրքրվում են՝ որ գաք, մեկ էլ երբ ենք գնալու: Ու հասկացա՝ պետք է պատմեմ: Փորձեմ տեսածս, լսածս, կարդացածս հավաքել ու ներկայացնել:
Չգիտեմ՝ որքանով է ստացվել, բայց հավաքված-կուտակված շատ բան կար, ու պիտի գրվեր…

ՀԱՄՇԵՆԸ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

 Իբրև սկիզբ 

Տայքը վարչականորեն բաժանվում էր 8 գավառի. 10,179 քառ. կմ: Պատկանել է Մամիկոնյան նախարարական տանը:

 Հյուսիսից սահմանակից էր Եգերք և Խաղտիք երկրներին, հյուսիս–արևելքից՝ Գուգարք, արևելքից և հարավից՝Այրարատ, հարավ–արևմուտքից և արևմուտքից՝ Բարձր Հայք նահանգներին։

Պատմության թաքնված էջերը

 «Համշենցիները աշխարհագրորեն մեկուսացած, բայց հզոր էթնիկ ինքնություն ունեցող հայերի խումբ են, ովքեր քսաներորդ դարի առաջին տասնամյակներում բնակություն են հաստատել Սև ծովի հարավային ափի Պոնտոսի տարածաշրջանում: Գիտնականները տարբեր տեսակետներ են արտահայտում նրանց ծագման մասին. նրանց բնօրրան են համարվում Արևելյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանը և Կենտրոնական Ասիան»:

Համշենցիների արմատները տանում են դեպի Վասպուրական նահանգի Արտազ գավառը, որը տարածվել է Վանա և Ուրմիա լճերի միջև և դարեր շարունակ համարվել է հայկական թագավորության սիրտը:

Ամատունիների տոհմը Արտազ գավառի հնագույն իշխանական տոհմերից էր: Նրանք խիզախ էին, հպարտ, մասնագիտացել էի գյուղատնտեսության և ճարտարապետության մեջ:

Ութերորդ դարում Համամ իշխանն ու նրա հայր իշխան Շապուհ Ամատունին արաբական ներխուժման ճնշման տակ ստիպված եղան լքել իրենց հողերն Արտազում: Երկու իշխանները, իրենց ժողովրդի, քահանաների ու զինվորների հետ միասին տեղափոխվեցին սևծովյան շրջան, ուր բնակություն հաստատեցին Թամբուր կոչվող ավերված մի քաղաքում և շրջակա գյուղերում (ներկայումս` Հեմշին և Չամըլի Հեմշին-Հին Համշեն):

50472041_800958030251589_9079847290818002944_nՀամամ իշխանը վերակառուցեց Թամբուր քաղաքն ու կոչեց այն Համամշեն (Համամի կողմից կառուցված ): Ժամանակի ընթացքում Համամշենը դարձավ Համշեն հայերենում և Հեմշին` թուրքերենում:  Շապուհ Ամատունու նախապապը Վահան Ամատունին է, ում գերեզմանը գտնվում է Օշականում:

Այլ հեմշինցիներ տեղափոխվեցին Հոփա-Բորչքա տարածաշրջան (Արդվինի մարզ), սկզբում կարողացան պահել իրենց լեզուն, բայց մի քանի տասնամյակ հետո ստիպված էին փոխել այն: Այսօր նրանք հայտնի են որպես հոփա-հեմշինցիներ (արևելյան):

Այն հեմշինցիները, ովքեր մնացին իրենց տարածքում (Ռիզե մարզ), կորցրին իրենց կրոնն ու աստիճանաբար՝ նաև լեզուն: Նրանք խոսում են հեմշինջի լեզվով, որը հանդիսանում է թուրքերենի բարբառ և պարունակում մի շարք հայերեն բառեր: Այսօր նրանք հայտնի են որպես բաշ-հեմշինցիներ (արևմտյան):

Ինչպե՞ս համշենահայերն ընդունեցին մահմեդականությունը և ինչպե՞ս հայտնվեցին Տրապիզոնում. որո՞նք են համշենցիների, ծպտյալ հայերի ու մուսուլման հայերի տարբերությունները. Համշեն-Համամաշեն գավառի պատմությունը ըստ հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանի:

Նրանք նման են մի ազգի կորած բեկորի, որ սփռվել է աշխարհով, մի մասն են  այսօրվա 7 միլիոնանոց հայկական  սփյուռքի:

Մի քիչ ավանդություն

Արթվին

Առաչ Արթվին շենլիկը (շենը) տասնըհինգ տուն է էղե. բոլորը (շուրջը)  մեշա (անտառ). էն մեշումը սավեթումեն կու աշին օրը (նայում-տեսնում են), որ Արթվինումեն մուխ (ծուխ) կու դուս գա. գուգան կու փռին խիտը (կամուրջը). չեն կա (չեն կարողանում) գտնի օրա (որպեսզի) Ճորոխը անցնին: Էտեվ (հետո) մեկ ավջին (որսորդ) գեյիդի (գալիս է)  հետնեմեն (ետևից) օրը զարնա. առաչեվան (առջևից)  կայր է ըլնելի  (անհետանում է). կայր էղած վախտին փնտռելիս է վօրանց (որ կողմը) գնաց: Աշից (նայեց) օրը խիտը գտավ. խիտն էլ փուրցելը (մացառ) փաթըթած է. էնղադուր (այնքան) արավ օրա խիտը անցավ էնթին (մյուս կողմը): Վեր անցավ օրմընումը  (անտառ), փնտռից ու շենլիկի տեղը գտավ: Իշտե էնդոր էտեվ (դրանից հետո) , էֆենդիմ, օրմանը կոտրեցին, էնդեղը քաղաք շինեցին, իշտե էնդեղը էղավ Արթվին: Էն գտնող մարթու անունն էլ Արութեն է էղե, էնդոր վրա (այդ պատճառով) դրել է Արթվին:

Իրականում

1489 թվականին Օսմանյան կայսրությունը նվաճել է Համշենը: Մինչև 18-րդ դարը համշենցիների մի մասը բռնի մահմեդականացվել է, իսկ մեծ մասը ստիպված հեռացել է հայրենիքից, որպեսզի պահպանի քրիստոնեական հավատը: Որոշ պատմաբաններ համշենցիներին յուրահատուկ հայկական խումբ են համարում, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ որոշ քրիստոնյա համշենցիներ հայերեն չգիտեն, իսկ որոշ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` Համշենի բարբառը:

Լեզուն

UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը» ցույց է տալիս, Թուրքիայում 18 լեզու վերացման վտանգի տակ է: Համշեներենը տեղ է գտել «բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների շարքում:

Համշենահայերի նոր սերունդը, ցավոք, արդեն գրեթե չի կարողանում հաղորդակցվել համշենահայերենով: Դրա պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևոր և  զուտ սուբյեկտիվ գործոնն այն է, որ  համշենահայ ծնողները իրենց զավակների հետ միտումնավոր չեն խոսել համշենահայերեն, որպեսզի նրանք կարողանան «ավելի լավ յուրացնել պաշտոնական լեզու թուրքերենը և լավ կրթություն ու աշխատանք ունենալու հնարավորություն ունենան»:

Համշենի բարբառում առկա են գրաբարյան շերտեր, այն «հարուստ է գրաբարի այնպիսի հազվագյուտ բառերով, որ ո՛չ մի բարբառի մեջ կարելի չէ գտնել»: Աճառյան Հ., Քննություն Համշենի բարբառի, Երևան, 1947:

Համշենի բարբառը ըստ ձևաբանական դասակարգման՝ պատկանում է «կը» ճյուղին: Համշենի կամ հյուսիս-արևմտյան միջբարբառախմբի բարբառով  խոսել են  Սև ծովի հարավ-արևելյան շրջանի ափամերձ Համշեն գավառակում, 1890-ական թվականներից խոսվում է Աբխազիայի և Հյուսիսային Կովկասի մերձսևծովյան շրջաններում։

Բաղաձայն համակարգը եռաստիճան է։

Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, է, ը։ Առկա են կյ, քյ քմայինները։

Մ, ն բաղաձայններից առաջ՝ ա>օ, շեշտված վանկում՝ ո>օ։ Խ ուլ բաղաձայնից առաջ՝ ր>շ (պուշտ< բուրդ),  (հայս<հարս), մ-ից առաջ ն-ն ընկնում է։ Մարմնի զույգ անդամների անունների հոգնակին (երկակի թիվ) կազմվում է վի(ք) մասնիկով։ Սեռական հոլովը հոդառու է․ հոլովումներն են ի, ու, օն, վօն, օ, օչ, բացառականը կազմվում է ըն, էն, է, մէն, գործիականը՝ օվ, մօվ վերջավորություններով։

Դերբայներն են անորոշը՝ ուշ (ընկնել-ընգնուշ, կարդալ-կարթուշ), ապակատարը՝ իք, հարակատարը՝ աձ, ենթակայականը՝ օղ վերջավորություններով։ Համշենի բարբառն ունի երկու խոսվածք՝ Ճանիկի և Մալայի։ Ճանիկի խոսվածքում գրաբարի ձայնեղները  դառնում են խուլ, խուլերը՝ ձայնեղ։ Բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է նի վերջավորությամբ, բայն ունի երեք լծորդություն՝ ի, օ, ու։

Սահմանական եղանակի  ներկան ու անկատարն ունեն յուրահատուկ կազմություն՝  յէ (իմըս) էշտաշ ա-ես այժմ գնում եմ։ Բան <բան, սըրփուշ < սրբել, ձէձուշ <ծեծել։ Սահմանական ներկան ու անկատարը կազմվում են ըղձականի ձևերով և ունի, գունի բառ-մասնիկներով բերիմ գունի։

Կրթությունը

Կրտսեր և  միջնակարգ դպրոցները տարանջատված չեն, այստեղ  սովորելը պարտադիր է, ընդունվում են 6 տարեկանից և սովորում 8 տարի (4+4): Այստեղ տղաներն ու աղջիկները միասին են սովորում: Դասերը մեկհերթ են, յուրաքանչյուր դասարանում՝ 20-30 սովորող:

Բարձրագույն դպրոց (քոլեջ, լիցեյlisesi )- ուսման տևողությունը՝ 4 տարի

Ավարտելուց հետո կարող են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Որքան հասկացանք, յուրաքանչյուր տարածաշրջանում բացված են այնպիսի հաստատություններ, որոնց շրջանավարտները աշխատանք կգտնեն տեղի աշխատաշուկայում: Օրինակ՝ Հոպայում  կա երկու ինստիտուտ՝ Անտառային տնտեսություն ու Շուկայագիտություն և առևտուր (մեզ այդպես պատմեց տեղացի հայերից մեկը): Ավելի «լուրջ» մասնագիտությունների՝ բժշկություն, իրավագիտություն, մանկավարժություն… Հարկավոր է ունենալ ֆինանսական միջոցներ, ցանկություն ու գնալ մեծ քաղաքներ..

.Այսօր

Մեր տեսած մոտ մահմեդական համշենցիների մեծ մասը շիկահեր ու կապուտաչյա էին: Ոմանք ասում էին, որ չգիտեն իրենց ծագումը: Նրանց անձնագրերում գրված է «հեմշիլ» կամ «թուրք»:

Իսկ բուն Համշենի գավառում (այն ընդգրկում է Թուրքիայի Ռիզե նահանգի` Չամլըհեմշին և Փազարհեմշին գավառակները) ապրող բաշ-համշենցիներն արդեն թուրքախոս են, սակայն պահպանել են հայկական որոշ ծեսեր և ավանդույթններ, կենցաղային սովորություններ, երգեր ու պարեր, շարունակում են գործածել հայերեն բազմաթիվ բառեր: Հոլանդացի լեզվաբան Ու. Բլեսինգը, բաշ-համշենցիների լեզուն ուսումնասիրելով, նրանց գործածական թուրքերենում գրի է առել բազմաթիվ հայերեն բառեր.

բառավ=պառավ,  ահբեր=աղբեր=եղբայր,  էթմեք=փոցխել,  քեյնիչ=քերիչ,  քերենդի=գերանդի, հարավ=հարավ, վառեգ, մոզի, նախըր=նախիր, գոշթ=կոշտ, քաղոն=քաղհան, խենեչի=խնոցի, գայգութ=կարկուտ, մեշուշ=մշուշ, խելեզ=խլեզ

Հայկական տեղանուններ՝ Ագինչօյ, Աղվեչուր, Անուշդեղ, Այդեր (Արտեր), Բուչեղաչօյ, Էնթիփոս, Սանթիփոս, Հեդիփոս, Քեթմեչ (Գետմեջ), Փալաքչուր (Բարակջուր), Փալովիթ, Սալ, Սալեչուր (Սալաջուր), Արդեշեն-Արդաշեն, Ավելօր, Չեյմաքչուր (Ճերմակջուր), Գաղնութ (Կաղնուտ), Գալեր (Կալեր), Քոյդութ, Մայք, Մեչովիթ, Մեղվոր, Փոքութ, Սոխովիթ:

Անձնանուններ՝ Ափել, Ավեդիք, Առաքել, Արաթին-օղլու, Մեղդեսի-օղլու

Հարևանները

Բաշ-համշենցիներին անվանում են նաև արևմտյան համշենցիներ, իսկ հարևան լազերը նրանց կոչում են «արմենի»: Ավելի տարածված ոչ պաշտոնական դիմելաձևը «հաստակող հայն» է: Հատկապես բաշ-համշենցիները հայտնի են որպես լավագույն հրուշակագործներ և հացթուխներ: Թուրքիայի մեծ քաղաքներում և անգամ Հաքքարիում հայտնի փռերն ու հրուշակեղենի սրճարանները պատկանում են բաշ-համշենցիներին:

Եթե այսօր կրոնափոխ բաշ-համշենցիները, պահպանելով բազմաթիվ հայերեն բառեր, այդուհանդերձ, մոռացել են հայերենը, և նրանց մի մասն էլ մերժում է իր հայկական ծագումը, ապա Խոփայի գավառի մահմեդական համշենցիները (կամ արևելյան համշենցիները), չնայած ճնշումներին և հալածանքներին, մեծ մասամբ խոսում են Համշենի բարբառով (որոշ խոսվածքային յուրահատկություններով), ինչը նրանց այդ  միջավայրում առանձին էթնիկ միավոր զգալու, իրենց հայկական ծագումը չմոռանալու նախապայմանն է:

Պետք է ասել, որ համշենահայերը, չնայած հավատափոխ, շարունակում են պահպանել իրենց լեզուն և գիտակցության մեջ պահպանվում է ազգային դիմագիծը: Համշենցիները ունեն շատ հարուստ բանահյուսություն, որոնցում հստակ երևում է հայկական կոլորիտը, ավանդույթներում արտացոլված է հայկական ոգին, երգերը հայկական ելևէջներով են,  ծեսերն ու ավանդույթները նույնպես հայկական տարրեր ունեն: Նրանք երգում են հայերեն . 1. «Քուզիմ – Կուզեմ» երգը

Վովա — ո՞վ է  «Նեննի Նեննի» , պարում են հայերեն «Ծափիկ»

«Թակ Թանզարա», ժպտում են հայերեն, ուրիշ ազգից հարս չեն բերում, իրենց աղջկան, առավել ևս, ուրիշին չեն տալիս…

Նրանք տոնում են Վարդավառը (հայկական քրիստոնեական տոն, որը մինչքրիստոնեական ժամանակաշրջանի շատ տարրեր է պարունակում) և մահացածներին թաղում դագաղների մեջ՝ ի տարբերություն մահմեդականների, ովքեր մահացածին միայն պատանքով են փաթաթում ու թաղում:

Բայց, այնուհանդերձ, եթե համշենցուն հարցնես, թե ինքն ով է, նա կասի՝ համշենցի եմ: Եթե հարցնես, թե ով է համշենցին, նա շփոթմունքի մեջ կընկնի:

Միասնական գերդաստաններ

Համշենցիների բարեկամական կապերի ամենաակնհայտ ցուցանիշներից մեկն էլ տոհմական անուններն են: Պարզ ուսումնասիրությունները ցույց են տվել հայկական տոհմանուններ, ինչպիսիք են` Մինասօղլու, Արթալօղլու, Գասպարօղլու, Խաչիկօղլու, Հոթիկօղլու, Դերթարօղլու:

Հայը կարո՞ղ է քրիստոնյա  չլինել

Քրիստոնեությունը թե՛ հայերի և թե՛ մյուսների համար հայկական ինքնության ամենակարևոր մասն է: Համշենցիների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներում կրոնափոխ եղած կամ այդ քայլին դիմելու ստիպված համշենցիներին բնորոշում են տաճկացած,  թեև հայերեն են խոսում, պահպանում են հայկական ավանդույթները,  բազմաթիվ մեկնաբանություններում կարդում ենք. «Հայերը երբեք չեն հրաժարվել քրիտոնեությունից, հայ` ասել է թե քրիստոնյա, համշենցիները մուսուլման են, հետևաբար թուրք են» և այլն:

Ճիշտ է, անշուշտ, գոյության պայքարի օրհասական պահերին ճակատագրի բերումով նույն հողի վրա բնակվող անհատին փաթաթած օտարի  ինքնությունը կարևոր ազդեցություն է  ունեցել համշենցու ինքնության ձևավորման վրա:

Իսկ այն հանգամանքը, որ համշենցիները, չնայած մահմեդական լինելուն, հայերեն են խոսում և կրում են հայկական մշակույթի և սովորույթների տարրեր, անտեսե՞նք, մոռանա՞նք, ինչո՞ւ, ո՞վ է մեզ այդպիսի իրավունք տվել…

Անդրադարձ անցյալին

Համշենցիները, որոնց թիվն այսօր շուրջ 150 հազար է, բնակվում են Թուրքիայում, Ռուսաստանում, Վրաստանում և էլի չգիտեմ՝ որտեղ, երևի այնտեղ, որտեղ սփյուռք կա: Այսօր Ռիզեի Չամլըհեմշին գավառում համշենցիները բնակվում են բարձրադիր լեռներում: Համշենը 1480-ականներին անցել է  Օսմանյան տիրապետության տակ: 16-րդ դարում սկսել են այս շրջանի երեխաներին դևշիրմեի (մանկահավաքի) ենթարկել, իսկ համշենցիների մահմեդականացման պատմությունն  սկսվում է 1600-ականներից: Նրանք սկսել են մուսուլման դառնալ` իրենց մահմեդական հարևան լազերի հետ հավասար դիտվելու, ջիզիե (հարկի տեսակ) չվճարելու համար: Այս շրջանում առաջին մզկիթը կառուցվել է 1640-ական թթ. միայն:

19-րդ դարի վերջերին Համշենը ծնունդ է տվել  շատ հոգևորականների, բանակի հրամանատարների: Այդ տարիներին համշենցիներից շատերը այլևս չի կարողացել տիրապետել հայերենին, սակայն հայոց լեզուն բառապաշարով և բարբառով ազդել է համշենցիների խոսած թուրքերենի վրա:

Այսօր Ռիզեում ապրող համշենցիները խոսում են թուրքերենով, որում առկա են հայերեն բառեր, իսկ Արդվինում բնակվողները` հայերենի բարբառներից մեկը եղող հոմշեցմա լեզվով: Ազատագրական պայքարի ժամանակ համշենցիները սևծովյան շրջանի մնացած բնակիչների պես աջակցել են Աթաթուրքին, սակայն Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին անցել են ընդդիմադիրների ճամբարը: 1926 թ. Աթաթուրքի դեմ կազմակերպված անհաջող մահափորձի մեջ էլ առաջատար դեր է ունեցել համշենցի Զիա Հուրշիդը:

Տարբեր մեկնաբանություններ` հայերից

Մեզ հանդիպած հայերը իրարից տարբեր էին. նրանց մի մասն ընդունում էր, թե համշենցիները հայ են` անկախ իրենց դավանանքից, մյուս մասը հակառակը պնդեց…

Մի քանիսն էլ նշեցին, որ հայերը գոյություն են ունեցել նախքան Քրիստոսի ծնունդը, քրիստոնեությունն ընդունվել է հետագայում, այդ պատճառով էլ հայերին բնորոշելիս չպետք է առաջնահերթություն տրվի կրոնին: Չէ՞ որ նախքան քրիստոնեությունը ևս հայությունը գոյություն է ունեցել։ Ինչո՞ւ հայի ինքնությունը կապել քրիստոնեության հետ։

Մենք իրավու՞նք ունենք  մարդկանց մերժելու հայկական ինքնությունը, եթե նրանց մեջ դեռ հարատևում է հայ ազգին պատկանելու ինքնագիտակցությունը։

Մենք՝ հայերս, մեզ  բնորոշելիս գլխավոր առանձնահատկություններից մեկը, որը շեշտում ենք, քրիստոնյա հավատքի դավանումն է: Այն, որ համշենցիները, չնայած մուսուլման լինելուն, հայերեն են խոսում, կրում են հայկական մշակույթի և ավանդույթների տարրեր, մոռանա՞նք. ո՞վ է հայ, որո՞նք են հայության  «չափանիշները»։

Համշենահայերի մոտ վերադարձ կա դեպի հայկական արմատները: Շատ համշենահայեր շարունակում են  դիմել համապատասխան կառույցներ՝ վերականգնելու  իրենց ինքնությունը, ուզում են սեփական լեզվով կրթություն ստանալ. մարդկանց  իրար հետ կապողը, ըստ իս, ոչ այնքան կրոնն է, որքան լեզուն: Կապեր ունեն Հայաստանի հետ,  համատեղ աշխատում են երևանաբնակ հայերի հետ, հաճախ են լինում Երևանում ու խոսում են մաքուր արևելահայերենով ( աչքիս տեսածն եմ ասում):

Մի փոքր հոմշեցմա լեզվով

«Գասթէվի թա համշէցնօուն ավալուբաբիյէ Իսացան հէդէվ 780 դաին Անադօլուց էգաց, Սէվ ձօվուն վէթու ջօթին սարօուն նէսթաձ ին: Ձիյափ շինաձ ունին, օնունը մէձվօրին օնունը թիյաձ` Համամաշէն ասթաձ ունին, ասօր Հէմշին ա: Սարօուն մեձին Խաչի Քար ասթաձ ունին, ասօր Քաչքար ա:

Գասին թա համշէցնօուն ավալուբաբիյէ` Ամաթունիքը, Անադօլուսիվա էմմէնու առաջ էգօղ խիրիսթիյան թուրք ին: Էրմէնէսթանուն հէդէ թէրգէցութին աղաձ ունին, գէսէ Էրմէնէսթանուն լիզուն սօրվաձ ա, ուինցը համշէցի աստաձ ունին, լիզվէնուն ալ համշէցնագ: Հէդէվ թուրքնու Անադօլուզ առաձ ունի մուսլիման աղաձ ին:

Գասին թա համշէցնօուն ավալուբաբիյէ` Ամատունիքը, Անադօլուից … Սէվ ձօվուն վէթու ջօթէ էգօղ, անդաղ դուն-թուր շինօղ, անդաղ աբրօղ էրմէնի ին: Հէդէվ գէսը Սէվ ձօվուն էնթու ջօթնիյուզ քէնաաձ ին, Անադօլու գինօղնիյէ թուրք ու մուսլիման աղաձ ին: Ասօր Խօփաի համշէցիքը համշէցնագ խաբրէլ գաին, մէգալօքը համշէցնագ խաբրէլ չի գաին: Համշէցնօուն Սէվ ձօվուն էնթու ջօթին աղբէրդաքը խիրիսթիյան ին, ինքնուինցը մէգ համշէցի հայ իք գասին: Գասին թա համշէցիքը թադան ին, լէրէնցի ին, սօյ ին … Գասին թա իսպան ա, գասին թա իման ա …»

Հիմա փորձենք հասկանալ

«Ասվում է (պատմվում է), թե համշենցիների նախապապերը Հիսուսից հետո 780 թվականին Անատոլիայից եկել են Սև ծովի վերի ծայրը նստել (բնակություն հաստատել): Քաղաք են կառուցել, անունը դրել են մեծավորի անունը, Համամաշեն են ասել, այսօր Համշեն է: Սարերից մեծին Խաչի Քար են ասել, այսօր Քաջքար է:

Ասում են, թե համշենցիների նախապապերը` Ամատունիները, ամենից առաջ Անատոլիա եկած քրիստոնյա թուրք են: Հայաստանի հետ դրկիցություն (հարևանություն) են արել, կեսը Հայաստանի լեզուն սովորել է, իրենց համշենցի են ասել, լեզվին էլ` համշեցնակ: Հետո թուրքը, որ Անատոլիան գրավել է, մուսուլման են դարձել:

Ասում են, թե համշենցիների նախապապերը` Ամատունիները, Անատոլիայից … Սև ծովի վերին ծայրը եկող, այնտեղ տուն-տեղ շինող, այնտեղ ապրող հայ են: Հետո կեսը Սև ծովի այն (դիմացի) կողմն է գնացել, Անատոլիա մնացողները թուրք ու մուսուլման են դարձել: Այսօր Խոփայի համշենցիները կարողանում են համշեցնակ խոսել, մեկելները համշեցնակ խոսել չեն կարողանում: Համշենցիների` Սև ծովի այն կողմի եղբայրները քրիստոնյա են, իրենք իրենց ասում են. «Մենք համշենցի հայ ենք»:

Ասում են, թե համշենցիները աշխատասեր են, լեռնեցի են, լավ են …

Ասում են, թե այսպես է, ասում են, թե այնպես է …»:

Տայքի հայոց եկեղեցիներն այսօր

Այսօր Տայքի եկեղեցիները հանձնված են վրաց եկեղեցու տնօրինությանը: Վրաց մասնագետների խորհրդատվությամբ և ղեկավարությամբ իրականացվում են շինարարական աշխատանքներ: Վերանորոգվել է Խախուի Սուրբ Աստվածածինը, ընթացքի մեջ է Իշխանի Սուրբ Աստվածածինը, կվերանորոգվի նաև Օշկավանքը: Վրացական կողմին հանձնված հայկական եկեղեցիների դիմաց Վրաստանը պարտավորություն ունի վերանորոգել իր տարածքում գտնվող մե՞կ, թե՞ երկու մզկիթ, մեկն էլ կառուցել: Ու դժվար է ասել՝մեզ համար որն է նախընտրելի՝ հայկական եկեղեցիները մզկի՞թ, թե՞ վրացականացված տեսնելը:

Անձամբ ինձ համար ընդունելի է երկրորդ տարբերակը, կարևորը՝ կանգուն մնան:

Ջրվեժները, լճերը, :

Վերջում

Խոփա-համշենցիները կորցրել են իրենց կրոնն ու շատ ավանդույթներ, նրանք որդեգրել են օտար  միջավայրի շատ տարրեր, բայց կարողացել են պահպանել իրենց լեզուն և հենց լեզվի շնորհիվ է, որ նրանք ճանաչում են իրենց հայկական արմատներն ու իրենց համարում են հայեր:

Վերջին շրջանում հատկապես ակտիվացել է համշենահայության նկատմամաբ հետաքրքրությունները, կատարվում են ուսումնասիրություններ, պատրաստվում զեկույցներ: Համշենահայերի մոտ ևս ինքնության զարթոնքը շատ բուռն է, իսկ հետաքրքրությունների շրջանակները երկկողմանի բնույթ են կրում:

«Մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից, ես մինչև վերջ համշենցի կմնամ, ու գիտեմ, որ համշենցիները հայերից են սերում,- ասաց մեզ ուղեկցող համշենցի մի այր,- ինձ անհրաժեշտ չէ իմանալ պատմությունը, ասելու համար, որ հայ եմ: Իմ պապն է իմ պատմությունը»:

Ու հարցիս՝ թե դո՞ւ էլ… Հարցի վերջը չուզեց լսել: Արագ, անմիջապես հասկացավ ու՝ հա, իսկ ի՞նչ կա, որ… «Այն ամենը, ինչ ինձ հայտնի է, իմ պապից է գալիս: Իմ պապն իջել է լեռներում գտնվող գյուղից, որ վաճառի իր ունեցածը: Նրան բռնել են, ասել, որ հայ է, ու…. Գողացել են նրա ձին, ապրանքը, ամեն ինչ: Իսկ դրանից առաջ  լեռներում նրանք մեր պապերի կյանքը դժոխքի են վերածել: Նրանք մերոնց  հատուկ առանձնացրել էին որպես հայեր»: Իսկ հիմա՞, հիմա այլ է բոլորովին:

«Եթե Հայաստանից  ավելի հաճախ այցելեն ու կապ պահպանեն մեզ հետ, շատ բան կփոխվի,- ասաց հյուրանոցում աշխատող 20-22 տարեկան  մի ուրիշ կապուտաչյա երիտասարդ: Մեր տան բոլոր անդամները մինչ դպրոց գնալը խոսել են միայն Համշենի բարբառով: Իսկ խոփա-համշենցիներին այլոց հետ ձուլելու քաղաքականությունը սկսվել է 1980-ականներին, և Համշենի բարբառն աստիճանաբար զիջել է թուրքերենին:

Ի հակադրություն խոփա-համշենցիների, ովքեր ընդունում են իրենց հայ ինքնությունը, բաշ-համշենցիները ժխտում են իրենց հայկական ծագումը, բայց, օրինակ, տոնում են Վարդավառը (հայկական քրիստոնեական տոն, որը մինչքրիստոնեական ժամանակաշրջանի շատ տարրեր է պարունակում) եւ մահացածներին թաղում դագաղների մեջ, ի տարբերություն մահմեդականների, ովքեր մահացածին միայն պատանքով են փաթաթում ու թաղում: «Եթե համշենցուն հարցնես, թե ինքն ով է, նա կասի՝ համշենցի եմ: Եթե հարցնես, թե ով է համշենցին, նա շփոթմունքի մեջ կընկնի»:

Խոսում են մաքուր համշենահայերեն, որն արևմտահայերենի բարբառն է, շատ ուժեղ պահպանում են իրենց ավանդույթները, չեն ամուսնանում դրսից, միայն իրար հետ:

Աշխատող են, աշխատասեր են, քաջ և այսքան տարի` 400 տարի կրոնափոխ լինելուց  հետո պահել են իրենց սովորույթները, խմում են ալկոհոլային խմիչքներ, կանայք դեմքները բաց զրուցում են օտարների հետ, պարում են համշենական պարեր:
Համշենահայերը շատ դեպքերում չգիտեն էլ, որ հայ են: Հարցին` հայ ես, պատասխանում են` համշենցի եմ:

Մինչդեռ համշենահայերը իսկական հայ են…

Ամենավերջում

Հարցեր, անպատասխան հարցեր, պատասխան չունեցող հարցեր…

Ու մշուշված հայացքներով, բայց ժպտերես, ուրախ  մի խումբ,  տեսածն ու զգացածը սրտի հեռավոր անկյուներում պահած,  շղթա կազմած  պարում էր բերդերի պարիսպների տակ, ոտքը թափով գետնին էր  զարկում, բռունցքված ձեռքերը վեր մեկնում` որպես ծառացում, բողոք ու ըմբոստացում. ո՞ւմ, ինչի՞ դեմ.  կանք . ապրում ենք . եկել ենք,գալու ենք, սիրում ենք, մենք քեզ չէինք տեսել, հիմա շատ ենք կարոտելու: Երգում էին, Կոմիտաս ու Սուրբ-սուրբ էին երգում. տեսածը շատ էր, մտքերը խառնաշփոթ էին, ու կուտակվածը դուրս պիտի հորդեր…

Երևի ժամանակն ու տարածությունը երբեմն ոչ թե հեռացնում ու օտարացնում, այլ ավելի են մտերմացնում: Բայց հոգին, անիմանալի է մարդկային հոգին. Հիմա ի՞նչ է պատահել. գո՞հ ենք, թե՞ … Ո՞վ գիտե… գնացել էինք` մեր աչքով տեսնելու, մեր մաշկի վրա զգալու… Գնացել էինք մեր հոգու ցավը ոչ թե կրկնապատկելու, այլ …
Գնացել էինք` էրգրի կորած-մոլորած այս արահետներով գոնե մեկ անգամ անցնելու համար…
Գնացել էինք, փնտրել-գտել էինք, ու տուն դառնալը ցանկալի էր… Գնացել էինք հրաշքների հետևից: Գտանք: Գնացել էինք մեր պապերի պատմության հետևից: Գտանք:

Գնացել էինք` նորից գնալու մտադրությամբ… Տեսնենք…


Оставьте комментарий